ԿԱՐԼ ԳՈՒՍՏԱՎ ՅՈՒՆԳ | Առաջաբան

Մինչեւ ուղնուծուծն աշխարհընկալմամբ եվրոպացի լինելով, ակամա խորին զարմանքի զգացում եմ ապրում՝ կարդալով այս չինական տեքստերը: Իհարկե, իմ գիտելիքներն Արեւելքի կրոններում եւ փիլիսոփայական ուսմունքներում օգնում են ինձ որոշ չափով հասկանալ դրանցում պարփակված գաղտնիքները, հար եւ նման այն բանին, թե ինչպես ես կարող եմ հասկանալ պրիմիտիվ հավատալիքների պարադոքսներն «ազգաբանության» կամ «կրոնների համեմատական պատմության» կատեգորիաներում: Հիրավի, այդպիսին է Արեւմուտքին բնորոշ հոգու կյանքը գիտական գիտելիքի պատյանի տակ պահելու միջոցը: Մենք այդպես ենք վարվում, մասամբ, գիտնականների խղճուկ փառասիրության պատճառով, որը ստիպում է մեզ երես դարձնել կենդանի համակրության ամենայն դրսեւորումից, որն ունակ է լուրջ փորձության վերածելու օտար հոգեւոր ավանդույթի հետ հանդիպումը: Այսպես կոչված՝ գիտական օբյեկտիվությունը կպահեստավորեր այս տեքստերը չինագետների չորուկ ֆիլոլոգիզմի համար եւ մոլեռանդորեն կպահպաներ դրանք այլ բանալիով մեկնելու փորձերից: Բայց Ռիխարդ Վիլհելմը չափազանց խորունկ է ներթափանցել չինական իմաստության անմահության գաղտնիքի մեջ, որպեսզի թույլ տա հոգեւոր պայծառացման այդ մարգարտին կորչել մասնագետներին անպիտան բաների մեջ: Նա ինձ մեծ պատվի արժանացրեց՝ թույլատրելով գրել այս չինական տեքստերի հոգեբանական ծանոթագրությունները:Այստեղ կա այն բանի վտանգը, որ այդ հազվագյուտ մարգարիտը կուլ կգնա մի այլ պաշտոնական գիտության: Այդուհանդերձ, նա, ով ուզում է նսեմացնել եվրոպական գիտության եւ իմացության արժանիքները, ձեռք է մեկնում եվրոպական ոգու գլխավոր հենքին: Գիտությունը, իհարկե, անպախարակելի չէ, բայց, այնուհանդերձ` իմացության լավագույն եւ անհրաժեշտ գործիքն է, որը վնաս է հասցնում, սոսկ, երբ վերածվում է ինքնանպատակի: Գիտական մեթոդը պետք է գործիք լինի: Այն սխալների է հանգեցնում միայն այնժամ, երբ հափշտակում է ոգու կենաց գերագույն իշխանությունը: Գիտությունը եվրոպական մտքի զենքն է, եւ նրա օգնությամբ մեր առջեւ ավելի շատ դռներ կբացվեն, քան` մերկ ձեռքերով: Այն աշխարհի մասին մեր գիտելիքների անբաժան մասն է եւ մեզ խանգարում է տեսնել, երբ պնդում է, որ գիտելիքի միակ հնարավոր տեսակն է: Արեւելքը մեզ այլ բան է ուսուցանում` ավելի լայն, ավելի խորունկ եւ ավելի վսեմ գիտելիք, որը հենց կյանքից է սերում: Մենք աղոտ գիտենք այդ մասին, այն տրվում է մեզ ավելի շուտ, որպես աղոտ հուշ, որը կոչում ենք կրոնական հասկացություն, եւ այդ պատճառով մենք պատրաստակամորեն չակերտների մեջ ենք առնում արեւելյան «իմաստությունը» եւ տեղադրում ենք «հավատ առ սնապաշտություններ» խավար բնագավառում: Սակայն հենց դրանով մենք անվերադարձ հրաժարվում ենք արեւելյան «ռեալիզմի» ըմբռնումից: Այս չինական տեքստերը, օրինակ, ծնված են ոչ թե գերաճած պաթոլոգիային սահմանակից զգացմունքայնությունից: Դրանք հիմնված են չինական բարձր զարգացած ոգու վրա, եւ մենք դույզն-ինչ արդարացում չունենք այն բանի համար, որ թերագնահատենք դրանք:

Համանման պնդումը, հավանաբար, կարող է չափազանց համարձակ թվալ, եթե հաշվի առնենք, թե որքան քիչ բան մենք գիտենք չինական ավանդույթի մասին: Երբ եվրոպացին Արեւելքի գաղափարները գնահատելուն է դեմ առնում, նա սովորաբար սխալ է գործում, ինչը հայտնի է մեզ «Ֆաուստից», նա քամահրանքով երես է դարձնում գիտությունից, եւ տրվելով արեւելյան օկուլտիզմին, տառացիորեն է ընդունում յոգայի պրակտիկան, վերածվելով խղճուկ ընդօրինակողի (թեոսոֆիան այդպիսի մոլորության լավագույն օրինակն է): Արդյունքում նա դեն է նետում եվրոպական ավանդույթի միակ հաստատուն հենքը եւ դեգերում է ընդմեջ բառերի ու գաղափարների, որոնք երբեք չէին ծնվի եվրոպացիների մտքում եւ որոնք ինքնին եվրոպացիներին օգուտ չեն բերի:

Հին ուսուցիչն ասել է`«Եթե վատ մարդը ճիշտ մեթոդ է գործադրում, ապա ճիշտ մեթոդը դառնում է սխալ»: Այս չինական ասույթը, դժբախտաբար շատ ճիշտ, ակնառու հակադրության մեջ է մեր հավատի հետ առ «ճիշտ» մեթոդը` անկախ այն անձից, ով դա գործադրում է։ Իրականում, ոգեղեն կյանքում ամեն բան կախված է հենց մարդուց, եւ շատ քիչ բան կամ համարյա թե ոչինչ` մեթոդից: Քանզի մեթոդը լոկ ճանապարհ է, ուղի, որով շարժվում է մարդ: Եվ այն, թե նա ինչպես է գործում, նրա բնույթի ճշմարիտ արտահայտությունն է: Եթե դա տեղի չի ունենում, ապա մեթոդը դառնում է ոչ ավելին, քան աֆեկտացիա` արհեստականորեն յուրացված ինչ-որ բան, արմատներից զուրկ եւ միայն ինքնախաբեությանը ծառայող: Դա դառնում է ինքնատխմարացման միջոց ու փախուստ այն բանից, ինչը մարդկային գոյության բարձրագույն օրենքն է: Այդ ամենն անպարագրելիորեն հեռու է չինական մտքի անդրդվելիությունից եւ անկեղծությունից: Այդպիսի մոտեցումն առ Արեւելք` դավաճանություն է ինքդ քեզ՝ հանուն օտար ու անմաքուր աստվածների, երկչոտ հնարանք, որը միայն փսիխիկան հափշտակելուն է ծառայում եւ, ըստ էության, այն ամենն է, ինչը հակադիր է չինական «մեթոդի» իմաստին: Քանզի նրա շնորհած պայծառացումները սերում են ճշմարիտ կենսակերպի ամբողջական, բառիս բուն իմաստով, բարձրագույն տեսակից, դրանք պայծառացումներ են, որոնք ծնվել են Չինաստանի վաղնջական ու նրբին կյանքից, որը հետեւողականորեն եւ օրգանապես աճում էր խորագույն բնազդներից, եւ որը հավերժորեն կմնա մեզ համար հեռավոր ու ընդօրինակման համար անհասանելի:

Արեւելքի արեւմտյան նմանակումները կրկնակի ողբերգական են այն իմաստով, որ դրանք ծագում են նույնքան անպտուղ ու ներքին պայծառությունից զուրկ մեկնություններից, ինչպես եւ ժամանակակից ճամփորդությունները Հարավային Ծովերով կամ Կենտրոնական Աֆրիկայով, որոնցում ամենայն լրջությամբ խաղարկվում է «պրիմիտիվություն» պարոդիան, այնժամ, երբ արեւմտյան քաղաքակիրթ մարդը խուսափում է իր վսեմ պարտականությունը կատարելուց: Մեր խնդիրն ընդօրինակելը չէ, կամ, ինչն առավել վատ է, այն բանի քարոզումը, ինչն ի սկզբանե մերը չի եղել, այլ, ավելի շուտ, մեր սեփական արեւմտյան քաղաքակրթության կառուցումը, որը հազար ու մի խոցերով է պատված: Դա պետք է արվի հենց Եվրոպայում ու ճշմարիտ եվրոպացու աջակցությամբ` այնպիսին, ինչպիսին նա կա, իր ընտանեկան կյանքի բարդություններով, իր նեւրոզներով, իր հասարակական ու քաղաքական մոլորություններով ու ողջ կյանքի շվարածությամբ:

Մեզ հարկ էր մեկեն խոստովանել, որ մենք չենք կարող ողջ անաչառությամբ դատել այս տեքստերն աշխարհի մասին, եւ որ մենք, ճիշտն ասած, չենք ուզում հասկանալ դրանք: Արդյո՞ք մեզ տրված է հասկանալ, որ հայացքն ի ներս ունակ է դաստիարակելու այդպիսի անաչառությունը միայն այն բանի համար, որ այդ տեքստերը ստեղծած մարդիկ անպարսավելիորեն հետեւել են իրենց բնության բնազդական պահանջներին, ու ոչինչ չի խանգարել նրանց հայել աշխարհի թաքուցյալ էությո՞ւնը: Կարո՞ղ է արդյոք այնպես պատահել, որ համանման հայեցման նախապայման է եղել կրքերից եւ գոռոզամտությունից ազատագրումը, որը կոչում է մեզ առ արտաքին աշխարհ, եւ, որ այդ ազատագրումը բխում է չէ թե ժամանակավրեպ ու վախից սերած բնազդական ցանկությունների ճնշումից, այլ դրանց գիտակցված իրագործումի՞ց: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք բաց ենք ոգու կենաց առջեւ, երբ հնազանդ ենք երկրի օրենքներին: Յուրաքանչյուրը, ով ծանոթ է չինական մշակույթի պատմությանը, թեթեւամտորեն չի վերաբերվի այդ հարցերին:

Մեր քրիստոնեական մշակույթում երկար ժամանակ բարձրագույն արժեքն է համարվում ոգին եւ նրա տառապալից կյանքը: Միայն միջին դարերի կործանումից հետո, այսինքն, 19-րդ դարի ընթացքում, երբ ոգին վերածվեց ինտելեկտի, եւ մեր մեջ տարածվեց ինտելեկտուալիզմի չափազանց գերակայության դեմ հակադարձությունը: Սկզբնական շրջանում այդ շարժումը մի ներելի սխալ գործեց՝ խառնելով ինտելեկտը ոգու հետ եւ բառնալով վերջինիս վրա առաջինի վրիպանքը: Ինտելեկտն իրոք որ ընդունակ է վնաս գործելու, երբ փորձում է տնօրինել ոգու ժառանգությանը: Սակայն այդ դերի համար նա ամենեւին պիտանի չէ, քանզի ոգին գերազանցում է ինտելեկտին այն բանով, որ ընդգրկում է ոչ միայն ինտելեկտուալ ունակությունները, այլեւ զգացմունքները: Այն կյանքի ուղին կամ սկզբունքն է, որպես տենչանք առ շողարձակող եւ վերմարդկային բարձունքները: Նրան հակադիր է մթին, կանացի, երկրային սկզբունքը («ին»-ը) իր զգացմունքայնությամբ եւ բնազդի գերակայությամբ, որոնք դարերի խորքից են գալիս, ֆիզիոլոգիական ժառանգորդության խորագույն արմատներից:

Այս հասկացություններն, անշուշտ, իրենցից զուտ ինտուիտիվ պայծառացումներ են ներկայացնում, բայց մենք չենք կարող դրանք անտեսել, եթե կամենում ենք հասկանալ մարդկային ոգու բնույթը:

Թարգմանությունը ռուսերենից` Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *