Իսպանալեզու պոեզիա

Մանուել Մաչադո

Մի ցանկություն ունեմ և մեկ ցավ:
Ցավն ուզում է, որ ապրեմ,
Ցանկությունը` որ մեռնեմ:
Երազներում կանչում էի քեզ…
Բայց դու, որ չէիր պատասխանում`
Արտասվելով էի արթնանում:
Քո փողոցն արդեն քո փողոցը չէ,
Այլ ցանկացած փողոց
Ցանկացած վայրի ճանապարհ:

 

Գնչուական

Ես քայլում եմ կույրի պես
այդ ճամփաներով:
Միշտ մատծելով սև վշտի մասին,
որ կրում եմ ներսումս:

Ուրախության ժամերը
գալիս են ու գնում…
Այդ վշտի ժամերն են մնում
և հավերժանում:

 

Վիսենտե Ալեքսանդրե

Լռությունը

Նայեց, նայեց վերջին անգամ և ցանկացավ խոսել.
ջնջված ինչ-որ խոսքեր հայտնվեցին շուրթերին:
Սե՜ր:
«Այո՛, սիրելի՛ս: Սիրել եմ: Սիրեցի, սիրեցի շատ»:
Բարձրացրեց թուլացած, սակայն ճարպիսկ ձեռքը
և մի թռչուն անսպասելի թռավ պատշգամբին:
«Սիրեցի շատ»,- դեռևս ասում էր շշունջը:
Գիշերվա մութ պատուհանից պարզ լույս էր ընկնում
շուրթերի վրա, որ այլևս
նույնիսկ թույլ նվաղում իսկ չէին արտահայտում:
Բացեց աչքերը: Ձեռքը տարավ կրծքին և ասաց.
– Ի՛նձ լսեք:
Ոչ ոք ոչինչ չլսեց: Մի մռայլ ժպիտ թաքուն դիմակ հագցրեց դեմքին`
թաքցնելով իրական դեմքը:
Քամին փչեց: «Ի՛նձ լսեք»:
Բոլորը, բոլորը նրբորեն ականջ դրին:
«Ի՛նձ լսեք»: Եվ լսվեց մի մաքուր, բյուրեղյա լռություն:

 

Խոսե Բերգամին

Չնայած` սովորաբար ասում են,
Թե կյանքը ճանապարհ է,
Սակայն քայլելը դեռևս ապրել չէ:

 

Լուիս Սերնուդա

Ոչ թե սերն է մեռնում,
Այլ մենք ինքներս:

Առաջին անմեղություն`
Ցանկության մեջ եփված:

Մոռացումը անձիդ մեկ այլ մոռացության մեջ:

Միահյուսված ճյուղեր
Էլ ինչո՞ւ ապրել, եթե պիտի մի օր անհետանանք:

Միայն նա է ապրում, ով միշտ նայում է
աչքերի առջև բացվող լուսաբացին,
միայն նա է ապրում, ով համբուրում է
հրեշտակի մարմինը, որ սեր է նվիրում…
Ոչ, սերը չէ, որ մեռնում է:

***
Քեզ կանչեցի: Ինձ կանչեցիր
Բացվեցինք գետերի պես
Մինչև երկինք հասցնելով`
Շփոթահար անունները մեր:

Քեզ կանչեցի: Ինձ կանչեցիր,
Բացվեցինք գետերի պես:
Մեր մարմինները մնացին
Դեմ դիմաց կանգնած` մերկ:

Կանչեցի քեզ: Կանչեցիր ինձ:
Բխեցինք (բացվեցինք) գետերի պես:
Մեր երկու մարմինների միջև
Անմոռանալի անդունդ բացվեց:

 

Խոսե Մարիա Ինոխոսա

Թռչում է սիրտս`
թռչուններին միացած
և ծառերի մեջ թողնում է
ուրախության և արյան
անտեսանելի մի հետք:

շաղի կաթիլները
սառույց դարձան.
զեփյուռի մեջ կորած
սիրահարվածերի
բաց և ծաղկած ձեռքեր:

թռչում է սիրտս,
որ կապված է
աստղերի շղթաներով
ծառի շվաքին,
շղթայակապ
և թռչունների երգով:

 

Միգել Հերնանդես

Եկավ երեք վերքով`
սիրո,
մահվան,
կյանքի:

Երեք ցավով է գալիս`
կյանքի
սիրո,
մահվան:

Ես երեք վերք ունեմ`
կյանքի
մահվան
սիրո:

Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *