Ուշի, Օշական, Փարբի, Բյուրական, Թալին, Թալիշ, Մաստարա, գդալի պոչը դեսն արա….
Լոռըցին ու աշտարակցին հնձում էին միասին։ Ճաշի ժամանակ մածուն բերին հնձվորների համար, որոնք մածնաբրթուճը պատրաստելուց հետո տեսան, որ գդալը մի հատ է երկուսի տեղ։ Գդալակոզի-գդալփոխ անելու լոռըցին չհամաձայնեց, ասելով, ես գդալով կուտեմ, դու ձեռքով կեր։ Ի վերջո վճռեցին, որ յուրաքանչյուրը իրենց գյուղերից յոթի անունը տան միմյանց ետևից, ով որ շուտ ասե՝ գդալը տան նրան,— լոռըցին վերա տվեց— Դսեղ, Ուցուն, Մարց, Ագարակ, Բերդ, Ամրակից, Գյուլաքարակ, խաշըղի բելա գյարաք (գդալը դեսն արա)։ Աշտարակցին չէր հասել կեսը՝ որ լոռըցին լպստեց թասը։ Բայց այս անեկդոտը աշտարակցին պատմում է ուրիշ կերպով․ վեճը միևնույն առարկայի վերա է– միայն այս դեպքում հաղթողը աշտարակցին է։ Աշտարակցիները հայտնի են իրենց ճարպիկ լեզվով և սրամտությամբ։ Մեր իմացած դեպքում աշտարակցին վերա է տալիս՝ Ուշի, Օշական, Փարբի, Բյուրական, Թալին, Թալիշ, Մաստարա, գդալի պոչը դեսն արա։
Հովհաննես Թումանյան
Անեկդոտներ Լոռվա կյանքից
«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելել ենք Արագածոտնի մարզի Արուճ գյուղ: Արուճը Թումանյանի պատմած այս հայտնի անեկդոտի Թալիշ գյուղն է հենց, պատմական հին տարածք, ճանապարհորդական խաչուղիների հատման վայր: Այստեղ է գտնվում «Արուճ» հայտնի քարավանատունը, Սուրբ Գրիգոր կաթողիկե եկեղեցական համալիրը (5-7-րդ դդ.), որն այդ ժամանակաշրջանի ամենամեծ եկեղեցական շինություններից է: Գյուղից 1 կմ արևելք գտնվում է «Ձորի բերդ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հզմ.), 1 կմ հյուսիս՝ «Արուճի մեծ» դամբարանը (մ.թ.ա. 2-րդ հզմ.): Առհասարակ, ամենուր պատմականության հետքեր են՝ խաչքարեր, գերեզմանաքարեր, հին շինություններ:
Դպրոցը միջնակարգ կրթություն է ապահովում, ամբողջովին վերանորոգվել էր 2012 թվականին, սալարկված, գեղեցիկ միջանցքով, լուսավոր պատուհանագոգերին ամենուր ծաղիկներ են:
Արուճի երեխաների հետ մեր շփումը կարճ ստացվեց, միայն հիմնական դասաժամն էր, երկար չհասցրեցի շփվել, հաջորդ դասն էր սկսվում:
Մի քիչ զրուցեցինք տնօրենի հետ՝ դպրոցի, երեխաների մասին, տեղեկացա, որ թեպետ դպրոցը բավականին հեռու է Երևանից, սակայն դպրոցականները աբոնեմենտային ծրագրի շնորհիվ հաճախ են լինում թանգարաններում, շփվում արվեստի տարբեր ճյուղերի հետ:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: