Տավուշի մարզում մեր հաջորդ հանդիպումը աշակերտների հետ Սևքար գյուղի միջնակարգ դպրոցում էր: Սևքար գյուղն ավելի մեծ էր, սովորող աշակերտների թիվն էլ՝ ավելի շատ: Հանդիպման են եկել բարձր դասարանի աշակերտները՝ խելացի, ուշիմ աչքերով: Չեն աղմկում, ուշադիր լսում են:
Հետաքրքրական է, մարզում մի քանի դպրոց այցելելուց հետո, մարզին բնորոշող մի աուրա է ձևավորվում, որը միայն տվյալ մարզինն է և չի տարածվում հարակից մարզերի վրա: JՕրինակ, Տավուշի մարզի դպրոցականները շատ տեղեկացված չեն, ժամանակակից հայ հեղինակներին ընդհանրապես չգիտեն, բայց դասաժամին չեն աղմկում, ուշադրությամբ լսում են, փորձում ընկալել մատուցված տեղեկությունը: Տեսնելով, որ երեխաներն ընդհանրապես ծանոթ չեն անկախության շրջանի պոեզիային, արագ որոշում եմ կայացնում մի փոքր փոխել դասաժամի կառուցվածքը. գաղափարական շերտերի մասին խոսելու փոխարեն ավելի շատ բանաստեղծություն ընթերցել և վերլուծել առանձին բանաստեղծական կտորներ: Մեկ-երկու բանաստեղծության վերլուծության միջոցով նախադեպ ստեղծել՝ կարդացած նյութը ավելի փոքր մասերի բաղդատելու, առանձին սիմվոլներն ու մետաֆորները վերլուծելու միջոցով ըմբռնելու կարդացած նյութը:
Զրույցի ժամանակ երեխաները խոստովանում են, որ սիրում են ընթերցել. ի թիվս այլ արկածային գրքերի՝ Արգիշտին ու Հասմիկը նշում են, որ նոր են վերջացրել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը, սակայն մի փոքր դժվարություն ունեն վեպը հասկանալու առումով: Երեխաներին օգնելու համար մի փոքր խոսում եմ մոգական ռեալիզմից, հնարավորինս պարզ փորձում բացատրել ռեալիստական միջավայրում մոգական տարրերի տեղակայման նրբությունները: Առաջարկում եմ ընթերցել նաև Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» ժողովածուն, որտեղ հայկական ժողովրդական ասքապատումների ու ավանդապատումների միջոցով Խեչոյանը մոգական ռեալիզմի հայկական տարբերակն է իրացնում:
Ակնհայտ է, որ մշակույթի, արվեստի մատուցման, քննարկումների ու բանավեճերի խիստ բաց կա դպրոցներում: Երևի կարիք կա կրթական ծրագրով նախատեսված դասընթացից դուրս տարբեր ֆորմատի հանդիպումներ կազմակերպել, երեխաների հետ քննարկել նրանց կարդացած գրքերը, կամ անգամ՝ դիտած ֆիլմերը:
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝ Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: