Տիգրան Գրիգորյան | Քաղաք և քաոս` Պետերբուրգ

Նվիրում եմ Լ․Ա․ – ին

«Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»:

Լևին գնդակահարեցին Սենատի հրապարակում։ Ներկաներից մեկն ասաց, որ նրա գանգը ցրիվ էր եկել սառույցների վրա, հետո մի փամփուշտ էլ կրակեցին, որ ապրելու որևէ շանս չլինի։ Աստված իմ, ոնց էր ոռնում Աննան։ Ձյունն էնպես հանդերտ էր գալիս, Իսաակիևյան տաճարի ստվերը հոսում էր հրապարակի ձնախառն թաց մակերեսին։ Աննան եզրագծին էր, տեր Աստված, բոլորս գնացինք նրա մոտ։ Աննան ոռնում էր ․․․
Գիշերվա դեմ Պուլկովոյի կայարնից զինվորները գնդակահարվածների մարմինները մի երկանիվ սայլի վրա տանում էին դեպի Ֆոնտանկա, Աննան էլ ում ասես նամակ չգրեց, ոչ մեկը չէր պատասխանում։ Գլուխը դրել էր վառարանի շրթին ու հեկեկում էր։
«Մտածում էինք՝ մուրացկաններ ենք, ոչինչ չունենք:
Բայց երբ կորուստներն իրար հաջորդեցին այնպես,
Որ ամեն նոր օր դարձավ
Հիշատակի օր,
Սկսեցինք երգեր հորինել
Աստծո անսահման շռայլության
Եվ մեր կորուսյալ հարստության մասին»
Գնացինք գերեզմանատուն, կոմս Ռանևը փաթաթվել էր շինելի մեջ, վրայից քսայուղի հոտ էր գալիս, չսափրված էր, տանիքներում էր ապրում, որ չբռնեին։ Ամեն բան փորձեց անել, որ նկարիչ Գրիգորևի ևԷլլայի հետ մեկնի Փարիզ, բայց Իրկուտսկում գնացքը կանգնեցրել էին ու դուրս հանել վագոններից։ Սրանք փորձել էին խուճապահար փախչել դեպի գետը, որ փրկվեին, բայց նրանց հետևից կրակել էին ու բոլորը շանսատակ էին եղել։ Ռանևը ճողոպրել էր, թափառականի պես կտրել էր Ռուսիան Աևելքից Արևմուտք ու մի կերպ հասել Պետրոգրադ։ Էդ գիշեր Ռանևը մի կույտ փայտ ձեռքին եկել էր Ֆոնտանկա։ Աննան նրա ու մեզ համար եղած- չեղածից կորեկի շիլա եփեց ու շալի մեջ փաթաթված մի կերպ վառարանի առաջ պահում էր իրեն, որ քարուքանդ չլնի, չփշրվի, չմոխրանա։ Նևայից փչող քամին սառցե ապառաժներ էր բերում, Ռանևը մի կերպ ցրտահարված մատներով կոտրատում էր փայտը։ Սենայկը … այդ սենյակը, այդ տունը, որտեղ ստիխներ էին գրում, գրում էին որ հավերժանան, գրում էին որվհետև ցավում էին, գրում էին որվհետև գիտեին, որ իրենց սիրելիները մյուս սենյակում սիրով էին զբաղվում իրենց հարազատ ու մոտ ընկերների հետ։ Գրում էին, որովհետև էդ տառապանքի մեջ ավերվում էր համայն Ռուսիան, որովհետև Աննան պատուհանից տեսնում էր սառցակալած դիակները, որոնք քարշ էին տալիս շները ու սովահարները կատու, մուկ էին ուտում։ Գրում էին, որվհետև միայն գրելով կարող էին փրկել նրանց, ում դեռ կարելի էր փրկել։ Էդ նույն հաջողությամբ Բրոդսկին իր տիեզերական սիրո մեջ «Խոյերի գլուխներ» էր զոհաբերում ու ապացուցում, որ պոետները մարդիկ չեն։ Աննայի նվագարկիչը չէր դադարում զրնգացել պատուհանները, քսանականնեերի արծաթե լույսը հանգչում- մարում էր։ Մորֆինիստները Բրիկի մոտ էին հավաքվում, Մայակովսկին պոեզիայի նավից դուրս էր շպրտում հանճարներին, ու նրանք նոր մի տապան էին կառուցում, որն էնքան արագ պիտի քանդվեր, պիտի հօդս ցնդեր առաջին իսկ ալեբախությունից, առաջին իսկ թնդանոթների համազարկից։

«Քաղաքն եմ լքում, ինչպես Թեսեւսն իր լաբիրինթոսը՝
Մինոտավրոսին թողնելով այնտեղ, որ գարշահոտի,
եւ Արիադնեին՝ Բաքոսի գրկում
սեր ղունղունալու։ Հաղթանակն ահա։
Հաղթահանդեսը մեծագործության։
Աստված այնժամ է հանդիպում սարքում,
երբ կենտրոնում մեր գործը ավարտած՝
դեգերում ենք դեռ ամույտներում՝ որսը ձեռներիս,
ընդմիշտ մեկնելով այս վայրերից, որ
այլեւս երբեք չվերադառնանք։
Վերջապես, միշտ էլ սպանությունը սպանություն է։
Մահկանացուի պարտքը՝ որ խմբվեն,
մարտի ելնելով հրեշների դեմ։
Բայց ով է ասել, թե հրեշները անմահ են լինում։
Ու որպեսզի մենք մեգ պարտվածներից բարձր
չդասենք,
Աստված խլում է ցանկացած պարգեւ՝
ցնծուն ամբոխի աչքերից թաքուն։
Ու հրամայում, որ լռենք։ Ու մենք մեկնում ենք
անդարձ»:

Անշուշտ, վստահաբար, անասնորեն Բասմանովան զգում էր, որ միայն Բրոդսկուն թողնելով կկարողանա ստիպել նրան կրկին գրել և գրել հանճարեղ։ Ստիխների այդ աշխարհը, բանաստեղծորեն անկող այդ տողերը հիմա սահում են Աննային Ֆոնտանկայի տան պատուհանների վրայով։ Մերխոլդը քացով դռներին է խփում, լսող չկա, սենյակը տաք է, քրտնահոտ է գալիս, ամբողջ գիշեր խմել էին։ Մերխոլդը գլխարկը հանած լաց լիներով ջարդում է դռները, մարդու շունչ չկա։ Լիլիան սիրտ է թափում, սենյակում լսվում է նրա վայրի հևքը ու ստվերների մեջ թվում է, թե շնչասպառ շներ են իրար հոշոտում։ Բրիկը կուրծքը բաց, սավանով փաթաթված մի կերպ սրթսրթալով բացում է դուռը ու տեսնում է Մերխոլդի լճացած կապույտ աչքերը․ «Եսենին ինքնասպան եղավ»։
Երկար քայլում եմ, համատարած սառնամանիք, նավերը լողում են դեպի Քրոնշտադ, իմ կաշվե ձեռնոցներն ավելի են ցրտահարում ինձ, ձյունը խստաիրտ ծեծում է դատարկ գլուխս։ Բանաստեղծներն ասում են՝ պատերազմը մոտ է ․․․

«Ձեր միտքը,
որ ձեր կակղած ուղեղում երազում է ծույլ,
Ինչպես գիրացած սպասավորը՝ թախտին ճարպոտած,
ես կուշտ կծաղրեմ, կծանակեմ ես՝ լպիրշ ու կծու,
և կգրգռեմ սրտի պատառով իմ արյունոտած:
Մի սպիտակած – ճերմակ մազ անգամ չկա իմ հոգում,
և ծերունական քնքշանքն էլ այնտես ես չպեղեցի:
Համայն աշխարհը խլացընելով ձայնովս ահարկու՝
քայլում եմ ահա-քսաներկամյա,
ինքս էլ գեղեցիկ:
Քընքուշնե՛ր,
սերը դուք սազեցնում եք ջութակի համար:
Կոպիտը սերը հարմարեցնում է միայն ծնծղային:
Իսկ դուք չե՞ք կարող ձեզ շուռ տալ այնպես, ինչպես ես հիմա.
այնպե՛ս, որ դառնա մի համատարած շրթունք մարդկային»:

«Ցարսկայա» հրապարակից քամին սրբելով հավաքում էր ձյունն ու ավազը, ինչ կար, սրբում էր ՝ կյանքն էլ, ճակատագիրն էլ։ Առավոտյան սուրբ Հարության տոնն է լինելու, չեմ էլ նախաճաշել, լեզուս այրելով մի քանի կում սուրճ խմեցի ու դուրս եկա քայլելու։ Ծովաակալության շենքը ավերակ է դարձել, ձմեռային պալատը ռմբակոծված ու թալանված է։ Այսօր երևի կգնամ տեսնելու Ֆյոդոր Միխայլովիչին, երեկոյան մեզ ճաշի է կանչել։ Բայց մինչև այդ ուզում եմ գնալ Վագանովի բալետի ակադեմիա։
Գնացի, նստած հանգիստ նայում եմ գետին, կամուրջները էնպես քնքուշ են թձևված գետի վրա, որ թվում է քարացած ճայերեն։ Նայում եմ դռներին, շուտով դասերը կավարտվեն ու փորձասենյակներից աղջիկները դուրս կթռչեն թիթեռների պես։ Սվետլանան ծխում է պատուհանի մոտ, նկատել է, որ տեսել եմ իրեն և սպասում եմ։ Նա արտակարգ նուրբ ոտքեր ունի, ասում են «Ժիզելով» փայլել է Փարիզում։ Սվետլանան՝ լուսի ու լուսնի գեղեցկուհին։ Իջավ, միասին քայլեցինք, քաղաքի ավերակների մեջ կարծես շողում էր, սարդիոնի պես սպիտակ մաշկ ուներ։ Ես երբեք Լուսնով տարված չեմ եղել, բայց այդ պոետները, այդ երջանիկ արարածները սովորեցրին երևի տեսնել Լուսինն իր բաց մերկությամբ։
Կազանյան տաճարի առաջ ամբոխը երկար թափորով կանգնած էր, Եսենինին փոխադրում էին կենտրոնական կայարան, բոլորս լաց էինք լինում, հյուրանոցը, որտեղ կախվել էր նա, մի գիշերում վերածվեց ագորայի, մարդիկ գալիս էին ու հոսում էին և վարար էին, և նրանց աչքերը կապույտ էին Նևայի ջրերի և պոետի աչքերի նման։
Սվետլանայի հետ գնացինք Մայակովսկու «Փայտոջիլը» ներկայացմանը, Ալեքսանդրեյկայում դա մի առանձնապես նայելու բան չէր։ Վոլոդյան տեղը չէր գտնում, մարդ չկար, նույնիսկ կրիտիկներն էին հրաժարվել պիեսից։ Նա տառապում էր։ Նախորդ օրը «Պալե Ռոայալում» Լիլիան լավ հարաբած մի երկու խոսք շպրտեց՝ Վոլոդիային համեմատելով կառապանի հետ։ Նա խոցված էր․ Լիլիան ապոլոնյան մուսայի փոխարեն վեր էր ածվել դասական պոռնիկի, Լիլիան մեկնեց։ Վոլոդյան ինքասպան եղավ։
Լույսը համառում էր բացվել, լուսը դադարել էր թափանցել մեր սենյակը, լույսը փախչում էր մեզանից։ Լանան մերկ պառկած էր կողքիս ու գիշերվա չորսին ինքս ինձ հարցնում էի․ «ասա՛ ինձ, ինչպես բուժեմ այս ժամանակը ․․․ »։ Մենք իրար գտած կորցրինք, ինչպես լինում է հաճախ, երբ սերը փողոցի քնձռոտ շան նման թաթերով դռանն է զարկում՝ հիշեցնելով իր գոյության մասին։ Առավոտյան, արդարոց արեգակի հետ ամեն բան հանգած էր, դանդաղ մարմրում էր սերը մեր սենյակում։ Առավոտյան, մեկնումիցս առաջ ծաղիկներով գնացի Ախմատովայի մոտ։ Մտա ներս, ժպտաց, մի քիչ մրսած էր։ Ծաղիկները վերցրեց ու ասաց «Գիտե՞ս, բոլորն ինձ շոկոլադ և ծաղիկներ են բերում, իսկ ես սոված եմ մնում միշտ, հաջորդ անգամ խնդրեմ ինձ համար նրբերշիկ և թթվասեր բեր»։

Հ․ գ․ Վերըշարադրյալ ֆանտասմագորիան կարդալիս հավանաբար կմտածես, թե ով է այս հանդուգն արարածը, որը որոշել է անցնել ժամանակի միջով ու շնչել նրանց հետ, ովքեր կերտել են 20-րդ դարը։ Ճիշտ էլ կկարծես, բայց կուզենայի ասել, որ հարափոփոխ այս աշխարհում մենք՝ մարդիկս նույնն ենք մնացել, փոխվել է պարզապես իրերի բնույթը։ Այլևս երկրի վրա չեն ապրի նրանք, ովքեր իրենց պոետական թափով, իրենց ապրումակցման և տառապանքի ուժով կկարողանան նոր ուղի բացել գրականության համար։ Այս մտավարժանքը/ անախրոնիզմը մի փոքրիկ արտապատկերում էր իմ տպավորությունների ահռելի գետի։ Ես փորձեցի պատմել քեզ այն Պետերբուրգի մասին, որը կատարելապես կրում է Ռուսիայի ոգին ու միևնույն ժամանակ կատարելապես տարբեր է իր էությամբ։ Ընթերցելիս լսի՛ր, խնդրեմ, Ռախմանինովի երրորդ դաշնամուրային կոնցերտը։ Հուսով եմ՝ կներես ինձ ․․․

 

Իմ երախտիքը Երևանի Ռուսական արվեստի թանգարանին

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *