Արամ Ավետիս | Ահմեսի մանիֆեստը կամ Պայծառատեսի կույր աղիքը

Լուսանկարը՝ Արման Հարությունյանի

Ընկերոջս Ն.Ա. –ին

Այդ օրը Նյու Յորքում այնպիսի եղանակ էր, որ եթե ինչ-որ մեկը բանաստեղծություն գրեր, դա հավասար կլիներ ինքնասպանության:

Այդ օրվա պոեզիան այնքան մռայլ էր, որ ես գերադասեցի մնալ մենակ և լռել՝ չխախտելով օրվա տրամադրությունը:

Շենքից դուրս եկա թեթև քայլքով՝ հետևում թողնելով ծանր երկնաքերը, որը ոռնում էր ողնաշարիս հետևից: Ես աստիճաններով իջա՝ կոշիկներիս հետ հանելով գետնին թափված ներկերը, որոնք գույներ տվեցին իմ քայլքին: Ես քայլում էի և իմ գլխում այդ պահին մի միտք էր, որը ուզում էի հասկանալ:

Ես միայն ուզում էի կույր օձի ու կույր աղիքի տարբերությունը իմանալ:

Եվ այդ մտքերով սողում էի առաջ: Հանկարծ թեքելով ճամփաս՝ տեսա աղբամանի դիմաց կանգնած մի տղամարդու: Նա ձեռքով ինչ-որ շարժում էր անում և անհասկանալի էր. ինչ-որ բա՞ն է նետում, թե՞ ընդհակառակը. ինչ-որ բան գտել է: Հետաքրքրվող և փնտրող քթի հետևում երկու աչքեր էին, որոնք այնքան հպարտ էին, որ կարծես այսօր այս անհանգ օրը մի հանճարեղ պոեմ են գրել: Նրա ձեռքում թուղթ է կարծես: Չգիտեմ: Միգուցե հենց այդ պոեմն է գցում աղբամանը կամ ընդհակառակը. գտել է և ուզում է իր անվամբ տպագրել:

Գլխի երկու կողմից խիտ մազեր էին աճում, բայց ոչ մի կերպ չէին բախվում: Գլխի ուղիղ կենտրոնում անապատ էր, որով մտքերն են ճաքերի պես առաջանում:

Մի քիչ մոտենալով՝ ես տեսա նրան: Դա Ալլեն Գինզբերգն էր: Նա նայեց ինձ ես նրան: Այդ պահին նա աչքով արեց, որով կարծես հարցրեց.

-Դու կարո՞ղ ես այնպիսի հավասար կլոր նկարել, որը նման կլինի իմ աչքին, և նայելով այդ շրջանին՝ մարդիկ կտեսնեն իմ խելագար մոր արգանդը:

Արգանդը, որ գիշերները օրորցային է վիժում ինձ համար:

-Դու կարո՞ղ ես այնպիսի արյունոտ կլոր նկարել, որը նման կլինի Ֆրիդայի փորին, որի միջով անցավ որպես կեսարյան հատում մեքենայի երկաթը և մեքենայորեն նա սկսեց ինքնադիմանկարներ ծնել:

Իմ ամեն մի օրը դժոխք է:

-Դժոխքդ է, որ ապրեցնում է մեզ:

Իմ դժոխքը հրեշտակներ է կերակրում:

-Դու կարո՞ղ ես նկարել շրջան, որի մեջ կտեղավորվեն նույնիսկ քառակուսի մտքերը:

Շրջանի քառակուսացում:

Ամեն ինչ կարծես մահանում է:

-Դու կարո՞ղ ես նկարել այնպիսի շրջան, որը նման կլինի այն արծաթին, որի համար նույնիսկ Հիսուսը կմատներ ինքն իրեն:

30 արծաթ կամ 4 դրահմա:

էս մերը քու…ծ քառակուսուց պրծում չկա:

-Մեր փողով մոտավորապես 100 000, – ասում է ընկերս: Հետո ավելացնում.

-Ձեռ չի տալիս: Գոնե մի քանի Աստծո որդի պիտի մատնես, որ տակը բան մնա:

Դե ինչ, ՀՅՈՒՍՆԸ վերջում է մեռնում:

-Դու կարո՞ղ ես նկարել կլոր լուսին, որին նայելով արևը կաղոթի:

1925 թիվ

մայիսի 25

«Բանաստեղծություններ Ամերիկայի մասին» Մայակովսկի:

1929 թիվ

«Պոետը Նյու Յորքում» Լորկա:

Լոմկա:

Ամեն տեղ էլ արևը նույն խե…սա:

-Դու կարո՞ղ ես նկարել այնպիսի կլոր, որից դուրս է գալիս այն պորտալարը, որից կախված են գրչակների թղթե դիակները:

Մենք մեծ արագությամբ սլանում ենք դեպի ապագա և այդ ճանապարհին կամաց-կամաց հասկանում, որ այդ ապագային մենք պետք չենք մեր ծերությամբ:

-Դու կարո՞ղ ես նկարել այնպիսի շրջան, որը նման կլինի սերմի գլխին, և այդ շրջանը կբեղմնավորի մտքի երկրաչափությունը:

Երկրաչափ դղյակի ներսում չտեսա:

Հողաչափ դղյակից դուրս ինչքան կուզեք:

-Դու կարո՞ղ ես նկարել այնպիսի կլոր, որը անցքի նման մեզ կկապի դռան այն կողմին, որ ավելի մոտ է մերկ մարմնին:

Երբ դուռը բացվում է, և դու մտնում ես ներս ամեն ինչ դադարում է գեղեցիկ լինել:

-Դու կարո՞ղ ես նկարել այնպիսի կլոր, որը առաջացավ ատոմային ռումբից հետո երկնքում: Այդ կլորից հետո երեխաները դադարեցին երկինք նայել, որովհետև թափված աչքերը միայն ոտքերի մատներն են տեսնում:

Ինչ էլ շպրտես ջրի մեջ, թեկուզ Մալևիչի «Սև քառակուսի»-ն, միևնույն է. ջուրը միշտ էլ շրջաններով կարձագանքի քեզ:

-Դու կարո՞ղ ես պատկերել այն կլորը, որը չի պտտվում, բայց որին նայելով՝ դու կլսես Մայլսի պտտվող մեղեդին:

Ստանիսլավսկին կանգնած էր Գողգոթայի վրա և ամեն ինչ տեսնում էր իր աչքերով: Արյունը հոսում էր և արդեն համարյա հասնում էր նրա կոշիկներին: Նրա հայացքը սառն էր: Մի պահ նա չդիմացավ և չկարողանալով զսպել իրեն ձեռքը բարձրացրեց. բոլորը մի պահ շրջվեցին նրա կողմը:

-Համոզից չէ: Չեմ հավատում:

-Դու կարո՞ղ ես նկարել այն կլոր քարը, որը գլորվում էր Սիզիփոսի երիկամներում, և նա նորից իրեն հրում էր դեպի իր լեռան ծայրը:

Ինքնաոչնչացումը ամենալավ զգացումն է, որ ես ունեցել եմ երբևէ:

Նկարիր այն ոսկեջուր զուգարանի նստակոնքը, որ երբեմն հայտնվում է միջակ գրողների մեջքի հետևում, որպես լուսապսակ:

Բորոտները իրենց գտնում են գրականությունում:

Կատարյալները միայն զխտում են:

Նկարիր այն շրջանը, որ իր իսկ շրջանակից դուրս է:

Մեռնելու համար ինձ պետք չէ ոչինչ, բավական է միայն փակել գիրքը:

Ակնթարթը անցավ: Նա հեռացավ՝ տանելով իր հետ և՛ գտածը, և՛ կորցրածը: Այդ օրից ես շրջան եմ նկարում, որում տեսնում եմ այն բոլոր պատկերները, որոնք նա փոխանցեց ինձ:

✽✽✽

-Դուք վաղուց ոչինչ չեք գրել: Բոլորը սպասում են ձեր նոր բանաստեղծություններին, բայց ոչինչ չեն ստանում, ահա արդեն մի քանի տարի կլինի: Հապա էլ ինչի՞ մասին եք մտածում ամբողջ օրը, պարո՛ն Գինզբերգ, երբ ժամերով զբոսնում եք Նյու Յորքում:

-Մի քանի տարի առաջ ես փողոցում մի տղայի հանդիպեցի որի գանգը իդեալական կլորություն ուներ: Ես նրան նայեցի, նա ինձ ժպտաց և աչքով արեց՝ չասելով ոչինչ: Նա լուռ հեռացավ տանելով իր հետ բոլոր բանաստեղծություններս: Այդ օրից ինձ միայն մի հարց է տանջում:

-Ի՞նչ հարց, պարո՛ն Գինզբերգ:

-Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ տարբերություն կա կույր օձի և կույր աղիքի միջև:

✽✽✽

Ի սկզբանե Սկիզբն էր և Սկիզբը Վերջն էր ամեն ինչի:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Լիլիթ says:

    Արամ ջան, գրում եմ,լավ գործ է, ապրես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *