ԱՆՏՈՒՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ՝ ԱՐՅԱՆ ԿՈԴԵՐՈՎ
Ինչ-որ մեկը քայլելով գծեց «նոր հայրենիքի»
սահմանները Գյումրիից Երևան և
հիմա կրճատվում է հայրենիքը դեպի նոր սահմաններ,
որի երկայնքով վխտում են վերելակային շշուկները,
շները կրծում են անճանաչելի դիակի ճակատագիրը,
իմ հայրենիքն այլևս սահմաններ չունի,
ես այլևս հայրենիք չունեմ:
24.11.2020թ.
Իմ տնկած ծառերն էլ իմը չեն,
իմ երդիկի ծուխն արդեն հիշողություն է,
օրերը բաժանարար համբերություն են,
որ սնել են վիժվածքների մի կրկես.
շատ բան ունեմ գրելու,
արյունը խեղդել է բառերը։
29.11.2020թ.
ՆՈՍՏԱԼԳԻԱ
Իմ լուսամուտները Հադրութից
նայում էին լեռների դեմքին,
և միտքս բախվում էր խաչին:
Իմ ժամանակակից լուսամուտներն Երևանից
նայում են փողոցի դեմքին,
որտեղ հոսում են մեքենաները,
շենքերը կախվել են քաղաքի մշուշից,
շները հոտոտում են անցորդներին,
և բոլորը խաբում են իրար,
մի քիչ ավելի լավ ապրելու համար:
Իմ լուսամուտներն Հադրութում իմն էին,
նրանք նայում էին լեռների դեմքին,
այստեղ բոլորն ուրանում են իրար,
և քաղաքն ուտում է մարդուն…
ես էլ այլևս առաջվանը չեմ:
Երբեմն ժամանակը հոսում է
քաղաքից տուն,
ես դեռ գյուղացի մի ուսուցիչ եմ
և բանաստեղծ,
բայց իմ տանն ապրում են թուրքեր,
և բազմանում են որպես առնետներ
ժամանակի քաղաքական արգանդում:
Իմ պատուհաններն հիմա ուրիշ են,
քաղաքը լափում է մարդուն,
ես դուրս եմ գալիս փողոց
ամեն ինչ նորից սկսելու համար,
մարդկանց աչքերին նայելու համար,
ինչ-որ մեկը կամաց-կամաց ջնջում է հիշողությունս,
ես խառնվել եմ բոլորի հետ
և հոսում եմ փողոցների լուսամփոփներով,
որպես կանգառ կամ ընթացք,
որից սկսվում են աշխարհի բոլոր պատուհանները:
Լուսամուտներս, լեռներին նայելիս,
հիշում են աչքերիս ժամանակագրությունը,
որտեղ ձևականություն է ամեն ինչ:
22.12.2020թ.
***
Օրերը թեթևսոլիկ ծանրություն ունեն,
նրանք դռան բռնակ են, տարի.
պարապությունն օրորվում է լվացքի
պարանի վրա, որպես գունագեղ լաթ
քաղաքի գոլորշում:
Գաղթականի աչքերով պարպում եմ
փողոցի դատարկությունը մուրացիկի
գլխարկի մեջ, որ մայթերը չզրկվեն
սահմաններից:
Մարդուն ճանաչում ես այն ժամանակ,
երբ հայտնվում ես նրա հույսին.
բարեկամական ամբոխ փակ դռան
կողպված անցյալում,
ես նայում եմ առաջ:
Առջևում փակ դռներ են,
դրսում թափառում է սառած ոտքերի հետքը
ազատության հակականոն կանգառներում:
Օրը պարապությունից տրվում է քամուն,
մայթը կտցահարվում է պատահական կրունկներից,
իրար են խառնվում ձյունը, մանդարինը,
դեռ փողոցով հոսող արյունը, և մարդիկ,
մարդիկ, մարդիկ:
Ես հաշվում եմ քաոսը
և հեռանում քեզնից դեպի ինձ:
23.12.2020թ.
ՆՈՍՏԱԼԳԻԱ
Այնտեղ՝ Հադրութում,
որտեղ անտառները համբուրվում են
լեռների ուսերը շոյող ամպերի հետ,
որտեղ ժամանակն հոսում է մարդուն համընթաց,
այնտեղ բոլոր աղբյուրները
ճանաչում են իմ ոտնահետքերը,
այնտեղ դեռ բուրում է իմ ձեռքով արված
խորովածի ծուխը, և հնչում են իմ կենացները
ծառերի ստվերներում, աղբյուրների քչքչոցում
և զոհվածների գերեզմաններում,
դեռ ծառերի ստվերներով հոսում է իմ ծխախոտի
աներևութացած ծուխը,
դեռ Դիզափայտն ու Գտչավանքը,
Սպիտակ խաչն ու Դիզակիս բոլոր
եկեղեցիները խնկում են սրտիս ծուխը.
իմ Դիզակի բոլոր լեռներն ու ես,
իմ այգու բոլոր ծառերն ու ես,
կարոտում ենք միմյանց փոխադարձ կարոտներով,
որ երկնում են ինձնից
բացակա պատուհաններս ու բահս:
Հիմա ես ապրում եմ կարոտի ծերացում:
01.01.2021թ.
ԱՐՑԱԽՅԱՆ ԴԱՆԹԵԱԿԱՆ
Տասը դար առաջ, տաս տարի առաջ,
տաս ամիս առաջ,
այդ ո՞ր հիմարը պիտի բարբաջեր,
որ Արցախը դառնալու է օտարի կածան
պատմության թրքոտ ու սև էջերում:
Տասը դար առաջ, տաս տարի առաջ,
տաս ամիս առաջ,
այդ ո՞ր հիմարը պիտի զառանցեր,
որ Հադրութը, Շուշին, որպես պարտության
հևասպառ կնիք, սկուտեղի վրա անամոթաբար
մատուցվելու են ազերի-թուրքին:
Ոչ մեկը ոչ մի ժամանակ չի պատկերացրել,
որ ստոր ստահակների մի հավաքածու,
որ բեմադրում է քաղաքականություն,
մի գեղեցիկ օր ողջ-ողջ թաղելու է
իր ժողովրդի բեղուն մասնիկին:
Ոչ մեկը ոչ մի ժամանակ չի պատկերացրել,
որ հայն իր աճյունը հանելու է հողից’
թշնամուն հիշատակներ չթողնելու համար,
սեփական ձեռքերով այրելու է իր
կյանքի ժամանակն ու քրտինքը,
որտեղ ծնվել ու մահացել են պապերը:
Հիմա բոլորը պարտվել են պատմության
կեղտոտ շուկայում, բացի վաճառողներից ու գնորդներից,
ձեռքերս մեկ-մեկ մոտենում են ծոծրակիս
և ինքնապաշտպանության համար դատարկ
կրակոցներ արձակում ժամանակի դեմքին,
աներևույթ գնդակը հատում է օդի խտությունը
և միլիմետր առ միլիմետր, դանդաղեցված
ընթացքով մոտենում հայրենիքի անգո սահմաններին,
այնինչ առևտրականները դեռ շնչում են:
Դեռ ոչ մեկը չի պատկերացնում.
ի՞նչ է կատարվել,
ի՞նչ է լինելու:
Ժամանակը սպանել է իրեն
և դագաղում շրջվել են
գերի մնացած մեր բոլոր մեռյալները:
Հադրութում հիմա շրջում է
մորթված ու անգերեզման
զինվորի ուրվականը:
Շուշիում՝ դժբախտ ու դժգույն այդ քաղաքում,
Քրիստոսն իր ուսերին կրում և Ջըդըրդուզում
տեղադրում է Հուդայի կախափայտերը,
իսկ անդրաշխարհում դավաճան
մելիք Շահնազարն ու Իբրահիմ խանը խմում են
Հուդայի կենացը և կնքում հերթական գործարք:
Ամենուր Հայոց աշխարհում ծնողներն
ուրախանում են, որ գտնում են իրենց
որդիների դիակները և լացելու փոխարեն՝
ծիծաղում:
Ահա սա է բեմադրած քաղաքականության
անիրական ու ստերջ ժամանակը,
որն իրականացնում է փսլնքոտ մի միմոս:
Ամեն ինչ կրկես է,
իրականությունը Եռաբլուրն է և
Հայոց աշխարհի բոլոր գերեզմանոցները,
իրականությունն անթաղ մեռյալներն են,
որ կախափայտերը ձեռքներին՝
կրում են դեպի Ջըդըրդուզ:
03.01.2021թ.
ԻՄ ՎԱՌԱՐԱՆԸ
Երևանյան փողոցների փակուղիներում
և դրանց շարունակող տներից մեկում
ճարճատում է Հադրութի իմ տան
հիշողությունների վառարանը և տաքացնում
տան պատերը, անգամ լռությունը
ջերմանում է ստվերներով և երկնքում
նկարում լուսին՝ սարերով երիզված։
… … … … … … … … … … … … … … … … … … …
Խելագարված ամբոխները հնարեցին 《աստված》,
որ սատանա էր.
տեսնես իմ վառարանի շուրջ թուրքին տաքացնելիս,
ի՞նչ են զգալու իմ տան պատերը։
Իմ այգու ծառերը հիմա ջերմանում են
հետադարձ լռությամբ։
06.01.2021թ.
ՆԵՌԻ ՈՒՍԱՊԱՐԿԸ՝ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Չկա Հադրութը,
ես լքել եմ Արցախը,
հիմա ինձ թշնամի են
բոլոր լեռները։
Երևանում ամեն ինչ անհամ է,
անգամ ջուրը, հեռվում Մասիսն է,
որ հայերից նեղացած,
հազվադեպ է նայում մարդկանց աչքերին։
Ես լքել եմ Արցախը,
լքելու եմ նաև Հայաստանը,
չկա Հադրութը՝ պատմական Դիզակը,
և բոլոր լեռներն իմ թշնամիներն են։
Օրը սանդղակաչափ է,
կշռում եմ սլաքների տիրույթի մերկությունը,
գերեզմանաքարերի արցունքները,
տուն տարած արցունքները,
այրիների թաքուն կարոտները,
նրանց զավակների գիշերային արցունքները
բարձերի տակ, հետո հիշում այն տղաներին,
որ այդպես էլ այս կյանքում ոչինչ չհասցրին։
Գերեզմանոցների լացախառը խնկածուխը
նաև ողբում է կորուսված ՀԱՅՐԵՆԻՔ
և խնկում հայրենական պատերիս կարոտն
իմ նկատմամբ։
(Այս գարնանն իմ այգում տնկել եմ
քսանյոթ ծառ, քսաներկուսը բռնել է,
աշնանը ցանել եմ երեք ածու գինձ,
չորս ածու սխտոր, երկու ածու բողկ)։
Իմ տունն իմ տունն է,
իմ այգին իմ այգին է,
իմ վառարանն ու նրա տաքությունն
այլևս մարմնիս ջերմությունն են,
իմ տան պատերն ու իմ սարերն
իմ հիշողությունն են, որ տանելու եմ ինձ հետ։
Նախնիներիս գերեզմանոցներում
և նրանց կառուցած տներում
շրջելու են Առաքել նախապապիս
ու Արո պապիս ուրվականները։
Երբ փորձեմ համախմբել հուշերս,
տնկելու եմ ծառ օտար ափերում,
օտարի այգում, օտար զգացողությամբ,
հարազատ հիշողությամբ։
Ես դեռ չեմ հեռացել,
բայց արդեն հեռու եմ,
որովհետև ատում եմ լեռները,
նրանք հիշեցնում են Հադրութը։
Բոլոր տրամաչափի հրետանային
համազարկերը դավաճան լռությունն էին,
որ կերակրել ու կերակրում են քաղաքական
աղանդավորներին հայրենական պնակների շուրջ։
Հիմա քաղաքականությունը լկստվում է
ամբոխավարությամբ, որտեղ անգրագիտությունը
պետական չափորոշիչ է,
և սա պատմական ժառանգությունն է անհեռատեսության։
Հիմա դիզակցիները, շուշեցիները,
քարվաճառցիները և տնավեր ու հայրենազուրկ
բոլոր արցախցիները համախմբվում են
պատմության ավերակների վրա
և հնչեցնում են ընդամենը մեկ հարց.
հանուն ինչի՞ զոհվեցին տղաները։
29.01.2021թ.
***
Անծանոթ քաղաքի գաղջ մենությունը,
որտեղ անցյալը դառնում է սովորական
ատելություն,
նստել ենք ես ու պայուսակս,
ես՝ դատարկ, պայուսակիս ներսի բաճկոնակի,
ատամի խոզանակի և
թրաշի փրփուրի պահանջկոտ հայացքների տակ,
արժևորում եմ մենության լեզուն,
հաշվում եմ մայթերի անցորդների
կարոտախառն աչքերը
ժամանակի մեքենայի մեջ
և բացում ծառերի կափարիչները,
որտեղ մի ժամանակ թողել եմ
ամեն ինչ:
04.02.2021թ.
***
Բառերը տնտղում են աչքերս,
անհայտ մի մուրացիկ, դառնության
պարկը շալակին, կրում է հոգուս տիղմը
դեպի քաղաքի մութ խորքերը:
Զբոսայգու նստարանին սեղմվել է
անցյալը, որպես հիշատակ,
որպես մասունք, ճանապարհի կապոց,
որպես բառի մերկություն՝ գրչի ստվերում:
Դիմացի նստարանին լուսանկարվում է մի աղջնակ,
որ ճիշտ աղջկաս տարիքին է,
որ աչքերիս բոլոր բառերը հատիկ առ հատիկ
փոխանցվեն հիշողությանը:
Մեկը քայլում է, մեկը մրսում է,
մեքենաները ճեղքում են աղմուկը,
քաղաքից կախվել է ճանապարհի փոշին,
և աղմուկի լռությունը`
աղմկոտ լռությունը:
06.02.2021թ.
ԵՍ ՀԱՍՆՈՒՄ ԵՄ ՀԱԴՐՈՒԹ
Պատմությունը կարող է ստրկություն լինել,
Պատմությունը կարող է լինել ազատություն:
Թ. Էլիոթ
Վայր, որտեղ անտառները
բնության այլաբանությունն են,
որտեղ ես թողեցի հիշողությանս
քաղցր դառնությունը,
բազմաթիվ տապանաքարեր,
քրտինքի և արյան խոշոր կաթիլներ՝
հունցված ժամանակի թթխմորով:
…Տունս, այգիս և հողս…
և բազմաթիվ հետքեր հողի
խոնավ հիշողության մեջ,
դեպի երկինք հոսող ծխնելույզի ծուխս,
որի գալարվող վերջնականգառում
գիշերը նկարում էր լուսին,
և վառարանի քաղցր ու ծիկրակող տաքությունը՝
մթության քղանցքների կայծկլտոցում:
Այնտեղ, որտեղ հոգնությունը մկանների խոնջանք է,
որտեղ թախիծը մշուշոտ անձրև է,
որտեղ խաչերը պատմության լռությունն են,
որտեղ կրակը նախամարդու պաշտամունքն է,
(այդպես էլ չմտա Ազոխի քարայր),
այնտեղ հոսում են իմ չգրված բառերը՝
տողատակից դեպի կածան:
Այնտեղ … այնտեղի պաշտոնյանները,
այստեղ … այստեղի պաշտոնյանները,
հնարեցին թուրքեր, ազերիներ, սիրիացիներ,
աֆղանցիներ, պակիստանցիներ
և այլ բազմաթիվ –ցիներ,
հնարեցին մի նոր ջրհեղեղ առանց տապանի,
և հուշերս մնացին ժամանակի
սապատի տակ:
Հիմա բոլորը վարգում են,
ոմանք նավարկում են,
ճանապարհները հոսում են,
բայց չեն հասնում…
այդ վայրը դեռ կա,
նա այնտեղ`մոտիկ է,
ուղղակի հուշերս հիմա չեն հասնում:
Ես հիմա վազում եմ,
այնտեղ մնացել է անթաղ մի դիակ,
որ իմ առաջին եսն է,
հիմա ես քարշ եմ գալիս
երկրորդ եսիս ստվերների տակ՝
որպես հիշատակ ժամանակից
գողացված:
Այնտեղ…
այնտեղ են մնացել լեռներս:
09.02.2021թ.
ՀԱԴՐՈՒԹԻ ԲԱՐԲԱՌ
Եվ բառերը կլորիկ շարժումներով
արձանագրում են բարբառ՝ Հադրութի բարբառ,
մտքերի տարուբերվող կաղնուն:
Սփռված դիզակցիները հատիկ առ հատիկ
տնտղում են բառերը խաշամի միջից
և հավաքում են սրտերում՝
մի օր տուն տանելու համար:
13.02.2021թ.
ԿԱՆԳԱՌ, ՈՐԻՑ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Ամեն օր, օրը մի քանի անգամ երթուղայինին սպասելիս…
մեքենաները, որպես փողոցում լողացող ձկներ,
անցորդները, որպես ժամանակի կեր,
և կանգառում երթուղայինին սպասող մարդիկ,
որ պարս-պարս չվում են ժամանակից:
Երթուղայինը նույնպես ճակատագիր է սահմանում
կանգառում կանգնած մարդկանց համար,
նրանցից ոմանք շարունակում են ճանապարհը նստած,
ոմանք հասնում են վերջնակետին կանգնած,
իսկ ոմանք մնացել են կախված ավտոբուսի
բացվող ու փակվող փեղկերից:
Կյանքի այս ակվարիումն անպայման
ինչ-որ մեկը դիտում է, և այն զարդ է
սենյակի մի անկյունում.
ձկները կերակրվում են,
անցորդները քայլում են,
կանգառում կանգնած մարդիկ սպասում են:
(Այսօր ես չեմ գրելու սիրո մասին,
այն իմ ստեղծած հեքիաթն էր
կյանքի մասին, որն ավարտվեց
կես ճանապարհին):
Ես կանգնել եմ կանգառում,
ինչ-որ մեկն ակվարիումից այն կողմ
տեսնում է իմ կանգնելը,
աղջիկների երամն ուրախ
ճռվողյունով հատում է փողոցը,
և կանգառը լցվում է ձկներով:
Մի հեռու տեղ, իմ տանը, իմ այգում,
հուշերս քայլում են տան ու այգու
բոլոր անկյուններում,
ծառերը պատրաստվում են բողբոջել,
այնտեղ կանգառներ չկային,
և մարդիկ շարժվում էին առանց հերթի:
Ես դնում եմ դիմակս
և խցկվում ավտոբուս:
14.02.2021թ.