Լուիզ Գլիք | Աքիլլեսի հաղթանակը

Լուիզա Գլյուկ ծնվել է 1943-ի ապրիլի 22-ին, Նյու Յորքում, ռուսական (մոր կողմից) և հունգարական (հոր կողմից) ծագմամբ հրեական ընտանիքում։ Պատանեկան տարիներին տառապել է նյարդային անորեքսիայի հիվանդությամբ։ 1961 թվականին ավարտել է Ջորջ Վ. Հյուլետտի Հյուլետտւոմ գտնվող դպրոցը, սակայն առողջական վիճակի պատճառով չի կարողացել ընդունվել քոլեջ և մինչև 1968 թվականը հոգեվերլուծական բուժում է անցել՝ զուգահեռաբար հաճախելով Սառա Լոուրենսի քոլեջի և Կոլումբիայի համալսարանի (1963-1965 թվականներին) բանաստեղծական սեմինարների[24], որտեղ նրա դասախոսները Լեոնի Ադամսն ու Սթենլի Քյունիցն էին։
Այդպես էլ չավարտելով քոլեջը՝ Գլյուկն աշխատանքի է անցել որպես քարտուղարուհի։ 1967 թվականին նա ամուսնացել է, և հաջորդ տարի լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Firstborn» (Առաջնեկը)։ 1971 թվականին դարձել է Վերմոնտի Գոդարդ քոլեջի պոեզիայի դասախոս, 1984 թվականին դարձել Է Մասաչուսեթսի Ուիլյամս քոլեջի անգլերենի ամբիոնի ավագ դասախոս։ Հետագայում եղել է Սթենֆորդի, Բոստոնի և Այովայի համալսարանների հրավիրյալ դասախոս։
• Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է: Ի թիվիս այլ մրցանակների՝
• 1992՝ «Արարատ» բանաստեղծությունների ժողովածուի համար պոեզիայի ոլորտում Ռեբեկա Ջոնսոն Բոբիթի ազգային մրցանակ։
• 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Վիլյամ Կառլոս Վիլյամսի մրցանակ։ Պուլիտցերյան մրցանակ
• 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Քննադատների ընկերության ազգային գրքային մրցանակ։
• 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Մելվիլ Քեյնի մրցանակ։
• 2020՝ Գրականության Նոբելյան մրցանակ։

 

 

Տատանվել զանգել

Ապրեցի տեսնելու համար՝ ինչպես ես ինձ
Մի կողմ շպրում։ Այն պայքարում էր ներսումս՝
Ցանցն ընկած ձկան պես։ Տեսա՝ ինչպես ես բաբախում
Մրգահյութի մեջ։ Տեսա քեզ քնած։ Եվ ապրեցի տեսնելու համար,
Որ ամեն ինչ, ամեն բան քշել-տարել է
Մնացորդները։ Վե՞րջ։
Այն ապրում է ներսումս։
Դու ապրում ես ներսումս։ Կործանարար։
Սեր իմ, երբևէ չցանկանաս ինձ, չփորձվե՛ս։

Իմ կյանքը՝ նախքան լուսաբացը

Երբեմն գիշերները մտածում եմ՝ ինչպես էինք անում դա,
ես՝ պողպատի պես գամված ներան, նե՝
ձգվող դեպի շերտավոր շրջագծով
Սավանը (որն այրեցի հետո) և ինձ երջանացնում է, որ
Ասել եմ ներան— խոհանոցում տնական հաց կտրտելիս—
Նե միշտ չափազանց շատ բան էր անում— ես ներան ասացի ներիր, փոքրիկս
բայց դու արդեն ստացել ես քո բաժինը։ (Նրա հետքը, պարզվեց, չորացել էր մազերիս մեջ)։
Նե լաց եղավ։ Ինչը դեռ չի բացատրում մղջավանջներս․
Թե ինչպե՞ս է ներա թթխմորե գունդը սահում դռան
անցքով, բացականչելով — այդ ես եմ, սե՜րը, վերադարձած կենդանի գույնին
Այսքան տարիներ անց

 

Բոլոր սրբերը

Նույնիսկ հիմա է այս տեսարանը միաձուլված։
Բլուրները մթնած են։ Եզները
Քուն են մտած իրենց կապույտ լծում,
դաշտերը մաս-մաքուր
հավաքված են, խրձերը
հավասար կապված ու կիտված են ճամփեզրին՝
արծաթախոտերի մեջ, մինչ ատամնավոր լուսինը բարձրանում է․

Սա բերքի կամ ժանտախտի
Ամլությունն է։
Եվ պատուհանից կախված ու
Ձեռքը ասես վճարելու համար պարզած կինը,
Եվ սերմերը՝
Հեռու, ոսկեղեն, կանչող
Արի ասյտեղ,
Արի այստեղ, փոքրիկս

Եվ հոգին կամացուկ դուրս է գալիս ծառից։

 

Աքիլլեսի հաղթանակը

Պատրոկլեսի պատմությունում
ոչ ոք ողջ չի մնում, նույնիսկ Աքիլլեսը,
ով կիսաստված էր։
Պատրոկլեսը նրան էր հիշեցնում․ երկուսն էլ
նույն զենք ու զրահն էին կրում։

Նմանատիպ ընկերություններում միշտ էլ
մեկը ծառայում է մյուսին, մեկը ցածր է մյուսից․
աստիճանակարգությունը
միշտ ակնհայտ է, չնայած լեգենդներին
վստահել պետք չէ —
դրանց աղբյուրը ողջ մնացածն է,
նա է, ում լքել են։

Ի՞նչ էին կրակի մատնված հունական նավերը
այս կորստի հետ համեմատած։

Վրանում Աքիլլեսը
տառապում էր իր ողջ գոյությամբ,
իսկ աստվածների համար պարզից էլ պարզ էր—
նա արդեն մեռած մարդ էր, նա զոհն էր
իր այն մասի, որ սիրում էր,
հատվածի, որ մահկանացու էր։

 

Սիրային բանաստեղծություն

Միշտ էլ ցավից սարքելու բան կգտնվի։
Մայրդ գործում է։
Նա կարմիրի տարբեր երանգներով շարֆեր է ստանում։
Դրանք Սուրբ ծննդի համար էին, և տաք էին պահում քեզ,
Մինչ նա ամուսնանում էր նորից ու նորից՝ քեզ
Հետը տեղից տեղ տանելով։ Ինչպե՞ս կարող էր դա ստացվել,
Երբ այս բոլոր տարիների ընթացքում նա պահում էր իր ամուրի սիրտն
Ասես մեռյալները հարություն էին առնելու։
Զարմանալի չէ, որ դու հենց այդպիսին ես,
Վախենում ես արյունից, իսկ քո կանայք
Նման են աղյուսե պատերի՝ մեկը մեկի հետևից բարձրացող։

 

Պատկեր

Փորձեք ձեր մանկությունից ինչ-որ
Պատկեր վերհիշել, ասաց ուսուցիչը։
Գդալ, ասաց մի տղա։ Ա՜հ, դա պատկեր չէ,
Վրա բերեց ուսուցիչը։ Պատկե՛ր է, ասաց տղան։ Տեսեք, պահում եմ ձեռքումս
Եվ ուռուցիկ հատվածում հայտնվում է սենյակի աղավաղված պատկերը, ավելի
Շատ մեջտեղի հատվածը, քան երկու ծայրերը։ Այո՛, ասաց ուսուցիչը, ճի՛շտ ես։
Բայց, եթե ավելի լայն նայենք, ապա այդպես չէ․ եթե գոնե մի մատ շարժես ձեռքդ,
Էլ պատկեր չի մնա։ Դուք այնտեղ չէիք, ասաց տղան։
Դուք չգիտեք՝ մենք ինչպես էինք սեղան նստում։
Ճիշտ է, պատասխանեց ուսուցիչը։ Ես ոչինչ չգիտեմ
Քո մանկության մասին։ Բայց եթե մայրիկիդ ավելացնես
Աղճատված կահույքին, ապա պատկեր կստանաս։
Լավը կլինի՞, հարցրեց տղան, ուժեղ պատկեր կլինի՞։
Շա՜տ ուժեղ, պատասխանեց ուսուցիչը։
Շատ ուժեղ և չարագուշակությամբ լի։

 

Արարատ լեռ

Ավելի տխուր բան չկա, քան քրոջս գերեզմանը,
Միայն եթե զարմուհուս շիրիմն էլ կողքին չէ։
Մինչև այսօր չեմ կարողանում ուժ գտնել և նայել
Մորաքրոջս և մորս,
Չնայած որքան փորձում եմ խուսափել
Նրանց տառապանքը տեսնելուց, այնքան ավելի շատ է այն
Մեր ընտանիքի ճակատագիրը թվում․
Ամեն մի ճյուղ մի մանուկ աղջկա նվիրաբերում է հողին։
Իմ սերնդում մենք հետ էինք գցում ամուսնությունը, երեխաներ ունենալը,
Իսկ երբ ունենում էինք, ապա միայն մեկին։
Եվ մեծ մասամբ մեր ունեցածը որդիներ էին, ոչ թե դուստրեր։
Մենք սա երբեք չենք քննարկում։
Բայց միշտ էլ թեթևություն է իջնում մեծահասակին թաղելիս,
Հորս պես հեռու ինչ-որ մեկին։
Դա նշան է, որ գուցե ընտանիքս վերջապես ազատվել է պարտքից։
Ոչ ոք, իրականում, չի հավատում սրան։
Ինչպես ինքը հողը․ այստեղ ամեն քար
Նվիրված է հրեա աստծուն,
Որը չի տատանվում
Մորից որդուն տանելիս։

Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *