Աֆղան երիտասարդ գրող և հրապարակախոս Հաֆիզոլլահ Նադերին սովորում է Ժնևի համալսարանի Միջինարևելյան ուսումնասիրությունների բաժնում: Նա իր պատմվածքներում և հոդվածներում հաճախ է անդրադառնում սեփական երկրի ու ժողովրդի խնդիրներին, փորձում գտնել դրանց պատճառները՝ վեր հանելով ժամանակակից աշխարհի հակասություններից ու աններդաշնակություններից ծնվող կնճռոտ հարցեր:
-Ի՞նչ ես անում ամեն առավոտ, երբ քնից արթնանում ես:
-Լուրերն եմ կարդում:
-Ի՞նչ լուրեր:
-Աֆղանստանի լուրերը, աշխարհի լուրերը և Շվեյցարիայի լուրերը:
-Մի՞թե մուսուլմանը չպետք է ամեն առավոտ նամազ կարդա:
-Վաղուց արդեն լուրեր կարդալը դարձել է իմ նամազը:
-Ավելի լավ չի լինի՞ մի կողմ թողնես լուր կարդալը, որովհետև կարծում եմ քո անքնության պատճառներից մեկը հենց դա է:
-Հապա ի՞նչ անեմ:
-Միայն թե լուր մի՛ կարդա: Քեզ համար դեղահաբ եմ գրում, մի փոքր հանդարտվիր:
-Բայց ես հիմա կախվածություն եմ ձեռք բերել այս տեսության հանդեպ:
-Ի՞նչ տեսություն:
-Որ աշխարհը ոճրագործության վայր է:
-Ինչպիսի՜ մռայլ պատկեր: Ինչո՞ւ չես կարողանում տեսնել աշխարհի գեղեցկությունները: Օրինակ, ինչո՞ւ չես գնում քաղաքային ծովափ և դիտում այնտեղի ուրախ մարդկանց:
-Չգիտեմ: Ես նույնիսկ ուրախ դեմքերի մեջ ոճրագործություն եմ տեսնում: Ես կապ եմ տեսնում այս ուրախությունների և այն ոչ ուրախությունների միջև: Ես աշխարհը տեսնում եմ իր ամբողջության մեջ: Աշխարհը մասնիկի մեջ գոյություն չունի:
-Դու բուժման կարիք ունես:
-Ե՞ս, թե՞ աշխարհը:
-Ոչ, դու՛:
-Եվ ինչո՞ւ ոչ աշխարհը:
-Աշխարհը շատ մեծ է, մենք մոծակից էլ չնչին ենք նրա համեմատ:
-Մոծակներին ինչո՞ւ ես մի աչքով նայում: Գիտե՞ս, տարեկան քանի՜ մարդ են սպանում մոծակները:
-Ես չասացի՝ մոծակ, ասացի՝ մոծակից էլ չնչին:
-Ճիշտ է: Օրինակ, կորոնավիրուսը մոծակից էլ փոքր է, և տեսնում ենք, որ ինչ դար է բերել աշխարհի գլխին:
-Ես փիլիսոփայական քննարկմամբ չեմ հետաքրքրվում: Դու գիտես, թե ես ինչ եմ ասում: Թող ավելի պարզ ասեմ. դու ի՞նչ ունես, ի՞նչ ես կարող անել այս աշխարհի դեմ, ընդհանրապես ո՞վ ես դու. մի դժբախտ ներգաղթյալ, որ ոչ այս երկրում տեղ ունի և ոչ էլ իր երկրում: Եթե, իհարկե, կարելի է այն վայրին երկիր անվանել:
-Եթե այդպես է, և հենց այդպես էլ կա, ուրեմն ինչո՞ւ ես ինձ ասում, որ հանգիստ լինեմ և ուրախ մարդկանց մասին մտածեմ:
-Դա ասում եմ, որ մոռանաս դժբախտությունդ:
-Եթե մոռանամ դժնախտությունս, այլևս դժբախ չե՞մ լինի:
-Ես դա չասացի: Գոնե այդ զգացողությունը չես ունենա:
-Դու ի՞նչ գիտես այդ զգացողության մասին: Արդյոք դու առհասարակ դժբախտ եղե՞լ ես քո կյանքում:
-Անշուտշ՝ եղել եմ: Բոլոր մարդիկ էլ ունեցել են դժբախտություններ:
-Վերջին անգամ ե՞րբ է ձեր երկրում կռիվ եղել:
-Դե… Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիտլերը որոշել էր հարձակվել մեր երկրի վրա:
-Ե՞վ :
-Իհարկե չհարձակվեց: Բայց վերջապես…. ես այն ժամանակ դեռ չէի ծնվել: Տե՛ս, պիտի մոռանաս որոշ բաներ, պետք է այլևս նյարդերդ չծանրաբեռնես: Դուք ինչո՞ւ չեք ուզում առաջ գնալ, ինչո՞ւ եք անընդհատ կառչած մնացել անցյալին, այն մութ ու մշուշ տարիներին: Գիտե՞ս, մեր և ձեր տարբերությունն ինչի մեջ է: Մենք միջնադար ենք ունեցել և ունենք նոր դարաշրջան: Ինչ-որ խոշոր իրողություն անջատում է այդ երկուսն իրարից, և մենք դա հպարտությամբ ենք մատնանշում: Դուք այդ փորձը չեք ապրել: Դուք դեռ մինչև հիմա հպարտանում եք, որ միջնադարի արաբների պես եք ապրում: Դրա համար եմ քեզ ասում ՝ մոդեռնացի՛ր, մոռացի՛ր այն անցյալը:
-Բայց այն ոճիրները, որոնց մասին ես մտածում եմ, մոդեռն ու նոր դարաշրջանում են տեղի ունեցել, հենց երեկ: Կոմունիզմը, ազատությունը, ժողովրդավարությունը և նույնիսկ միջնադարյան կրոնի այդպիսի տարբերակը, դրանք բոլորը նոր են, նոր երևույթներ: Այդուհանդերձ, դու ճիշտ ես ասում. մենք միջնադարյան ժողովուրդ ենք, մենք չենք կարողանում արդիական զենքեր արտադրել: Մենք հետամնաց ենք, չենք կարողանում տանկ սարքել, ոչ էլ երկնքից մարդկանց վրա թափվող ռումբեր: Գիտես ո՞վ է դրանք բարձր գներով վաճառում մեզ:
-Այո, բայց վերլուծությունդ ապուշություն է: Մենք ե՞րբ ենք որևէ մեկի ձեռքը զենք տվել ու ասել՝ սպանի՛ր հայրենակցիդ: Եթե զենք էլ չլինի, ես վստահ եմ, որ դուք նույն գործը կանեք դանակով, քարով, կրակով: Այդ դուք չե՞ք, որ միայն փողոցային ինչ-որ ասեկոսի հիման վրա՝ ձեր կանանց քարկոծում եք հրապարակներում: Ի՞նչ էր այն կնոջ անունը….Ֆարխոնդե… Ֆարխոնդեյին դուք չվառեցի՞ք:
-Առաջներում մենք խաղաղ ու հանգիստ էինք, մենք ձեզ պես քաղաքակրթվում էինք, մեր տղամարդիկ սկսել էին ձեզ պես հագնվել: Ամեն ինչ ճիշտ էր առաջ գնում, մինչև որ հարձակվեցիք մեզ վրա: Քանի որ նրանք կարմիր էին, իսկ սպիտակամորթերը չէին սիրում կարմիրներին, նրանց դեմ սնուցեցին ու աճեցրին մի հրեշ: Այդ երկուսն սկսեցին իրար դեմ կռվել, մենք մեռանք՝ հարյուր հազարներով, մեր երեխաներն էլ սպանվեցին: Մեր քաղաքը շատ նման էր ատոմային հարյուր ռումբով պայթած քաղաքի, իսկ դուք եկաք ու անունը դրեցիք՝ Սառը պատերազմ: Գիտե՞ս, փոքր ժամանակ, երբ ԲիԲիՍի ռադիոյից լսում էի, որ Աֆղանստանում սառը պատերազմ է ընթանում, կարծում էի, թե մեզ վրա թափվող ռումբերը, քաղաք նետվող ռակետները, դրանք մեզ տաքացնելու համար էին: Կարծում էի, թե սառը պատերազմը մեզ սպանում է իր չափից շատ սառնությամբ, և շնորհակալ էի բոլոր նրանց, ովքեր կրակ էին թափում քաղաքի վրա և վառ պահում այդ պատերազմը:
-Բայց զգացե՞լ ես նաև, որ դուք բոլորդ մանուկներ եք, դեռ չեք մեծացել: Ինչո՞ւ դուք ո՛չ մի գործի պատասխանատվությունը չեք վերցնում ձեր վրա: Ամեն ինչի պատճառն ուրիշներն են, ցանկացած պատճառ՝ բացի ձեզանից: Ես զգում եմ՝ ժամանակն է հասել, որ դուք մեծանաք: Յուրաքանչյուր մանուկ մի օր մեծանում է, և կարծում եմ՝ վաղուց արդեն հասել է այդ օրը ձեզ համար:
-Իսկ դուք ինչո՞ւ պատասխանատվություն չեք վերցնում ձեր վրա: Ինչո՞ւ չեք ընդունում, որ օվկիանոսներից այն կողմ հրահրված կրակի համար, այստեղից էլ փոքր-ինչ վառելափայտ են հասցնում: Ինչո՞ւ հենց այդքան բանը չեք ընդունում: Ինչո՞ւ աշխարհն իր ամբողջության մեջ չեք տեսնում: Ինչո՞ւ այս աշխարհը պատասխանատվությունները չի բաշխում: Ինչո՞ւ պետք է մշտապես ամեն ինչի պատասխանատուն միայն մենք լինենք, կամ էլ՝ միայն դուք: Ինչո՞ւ երկուսս էլ պատասխանտու չենք:
-Միակ բանը, որ ես գիտեմ, այն է, որ մենք ուզում ենք ուրախ լինել: Եվ միակ բանը, որ ես քեզանից ուզում եմ, սա է, որ դու էլ նույն ցանկությունն ունենաս:
-Ես վաղուց ի վեր ունեմ այդ երազանքը: Ինձ համար դեղահաբ գրի՛ր: Ես ուզում եմ ուրախ լինել՝ ձեզ նման…
Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի