Հարցազրույց Գոլի Թարաղիի հետ | Երկու աշխարհների միջև

Հայտնի իրանագետ, ամերիկաբնակ իրանցի Նահիդ Մոզաֆֆարին 2013 թվականի հոկտեմբերին հեռախոսային հարցազրույց է ունենում իրանցի մեծանուն արձակագիր Գոլի Թարաղիի հետ։ Ձեզ ենք ներկայացնում նրանց հարցազրույցը՝ հայերեն թարգմանությամբ։ 

Տիկի՛ն Թարաղի, Դուք իրանցի այն եզակի գրողներից եք, որն ունեցել է վտարանդիության, ինչպես նաև 1979 -ի հեղափոխությունից հետո Իրանում ապրելու փորձ: Ժամանակի մեծ մասն անց եք կացնում Թեհրանում, Ձեր աշխատանքը պարսկերենով եք հրապարակում, դասավանդում եք և մեծ ընթերցողներ ունեք Իրանում: Միևնույն ժամանակ, հաճախ ճանապարհորդում եք, լինում Փարիզում, որտեղ ևս գրում եք և հրապարակվում։ Այս երկակիության շարունակական փորձը (եթե կարող ենք այդպես անվանել) եզակի և տարբերակիչ երևույթ է Ձեր աշխատանքում։ Կպատմե՞ք Տանը և վտարանդիության մեջ գրելու փորձի մասին։ Կա՞ որևէ տարբերություն Ձեր մտքի վիճակի, ժանրերի ընտրության, ստեղծագործական գաղափարների մեջ, որոնք ծագում են տարածություններից յուրաքանչյուրում:

Կյանքիս մեծ մասն ապրել եմ երկու աշխարհների միջև։ Իրանից հեռացել եմ 1979 թվականին՝ Իսլամական հեղափոխության սկզբին: Եվ այդ ժամանակից ի վեր կյանքս դարձել է հավերժական ճանապարհորդություն Փարիզի և Թեհրանի միջև՝ մի իրականությունից մյուսը: Բնականաբար, այս երկակի գոյությունը հետք է թողել իմ գրական երևակայության վրա: Տունդարձի անհրաժեշտություն ունեմ, քանի որ այնտեղ է իմ ոգեշնչման աղբյուրը։ Իրանը հակասությունների օվկիանոս է, աշխարհ՝ լի երկբևեռ, տրագիկոմիկ կերպարներով, լի անհեթեթ իրադարձություններով և սյուրռեալիստական ​​իրավիճակներով։ Փարիզում որտե՞ղ կարող էի հանդիպել Տիկին Նուռին[1], աղախին Դելբարին[2] կամ Հարգարժան գողին[3]։
Միևնույն ժամանակ, Փարիզում ապրելը հարստացնող փորձառություն է եղել: Ազատության թարմ շունչն ինձ գրելու ուժ է տալիս: Փարիզի, Հռոմի կամ Նյու Յորքի հարուստ մշակութային մթնոլորտը, ֆրանսիացի կամ ամերիկացի արվեստագետների, գաղափարների տեր տղամարդկանց ու կանանց հետ շփումը խթանում են իմ ինտելեկտը, մինչդեռ Իրանում այդ խթանը բավական ներքին բնույթ ունի․ ոգեշնչումը գալիս է իմ էության կենտրոնից, որտեղ էլ որ այն լինի: Որպես Փարիզում ապրող ներգաղթյալ՝ ես ճանաչել եմ իրանցի բազմաթիվ վտարանդիների, որոնք չեն կարող վերադառնալ տուն: Նրանց կարոտը և թաքնված տագնապները դարձել են իմ մի քանի պատմվածքների թեման: «Վտարանդիությունն» ինքնին, որպես մարդկային վիճակ, մի երևույթ է, որը կարող է կասկածի տակ դրվել տարբեր տեսանկյուններից:
Այժմ, վերադառնալով իմ շարունակական երկակի գոյության վերաբերյալ Ձեր սկզբնական հարցին, թույլ տվեք նկարագրել գրական ստեղծագործության իմ երկատված ձևը: Հենց սկսում եմ ձևակերպել գաղափարներս ու ընտրել բառերը, գրաքննության վարչության տղամարդու դեմքը հայտնվում է աչքերիս առաջ: Նա եկել է իր սրով՝ իմ գրքում որոշակի բառեր, նախադասություններ կամ պարբերություններ կտրելու: Ես սառչում եմ և դառնում հիասթափված, սահմանափակ գրող, որի երևակայությունն անընդհատ սպառնալիքի տակ է: Մի տարբերակ ինքագրաքննությամբ գրում եմ գրաքննության վարչության մարդու համար, մյուսն էլ՝ ինքս ինձ։ Վերջինիս մեջ ես դառնում եմ ազատ գրող՝ ընտրելով, թե ինչ առարկաներ, պատկերներ կամ բառեր եմ ուզում: Թույլ եմ տալիս, որ մտքերս սավառնեն, և ներքին ցանկություններս լողան մակերեսին:

Խոսելով երկու աշխարհի մասին՝ Ձեր նոր գրքի անգլերեն վերնագիրը՝ «W. W. Norton»-ի կողմից հրատարակված պատմվածքների ժողովածուն, վերցված է պատմվածքներից մեկից՝ «Տիկին  Նուռը և իր որդիները»-ից: Կարոտի, կորստի, բաժանման, վտարանդիության և դրանից բխող կյանքերի ու իրողությունների անհամապատասխանության զգացումը ցնցող կերպով առկա է այս պատմվածքում: Անհամապատասխանություն և հակադրություն կա, օրինակ, պատմողի և Անար բանուի (Նռան տիկին) միջև, նրա երկու որդիների կերպարների միջև: Սա մի թեմատիկա է, որ տարածված է Ձեր այլ պատմվածքների մեջ ևս։ «Ուրիշ տեղ» պատմվածքում Ամիր Ալիի դեպքում անհամապատասխանությունը վերաբերում է մեկ անձի ներքին հակասություններին:

Սոցիալական և մշակութային տարբերություն կա նարատորի (որը ժամանակակից կին է) և գյուղից եկած Անար բանուի միջև: Բայց նրանք կիսում են նույն ուղղությունն ու ճակատագիրը: Երկուսն էլ խորապես ազդված են Իսլամական հեղափոխությունից: Անար բանուն փնտրում է իր գաղթական, անտուն որդիներին, որոնք փախել են Իրանից, իսկ պատմողը՝ իր կորուսյալ տունը, որը չի կարող գտնել ո՛չ Իրանում, ո՛չ Փարիզում: Նրանց ճակատագրերը միահյուսված են: Նրանք զոհ են դառնում նույն պատմական ողբերգությանը: Անար բանուի որդիները պատկերում են իրանցի երիտասարդների երկու տարբեր խմբեր: Մեկը քաղաքական մտածելակերպ ունի, իսկ մյուսը՝ Մայքլ Ջեքսոնի մակերեսային կատակերգական իմիտացիա (նրանցից շատերին տեսնում եք Թեհրանում), ով ցանկանում է լինել ազատ և նորաձև: Սակայն նրանք ևս կիսում են նույն ճակատագիրը. նրանք անտուն են և օտարված: Եկել են Շվեդիա՝ լավ կյանքով ապրելու համար, բայց կորսված են ու դժբախտ։ Նրանք երազում են Ամերիկայի մասին․ մեկ այլ տուն, որը երբեք չեն կարող գտնել: Ամիր Ալիի դեպքը նույնն է, այսինքն՝ նա նույնպես փնտրում է իդեալական տուն, որտեղ կարող է հավատարիմ լինել ինքն իրեն: Նրա տունը աշխարհագրական վայր չէ, այլ՝ տուն, որը պետք է գտնի իր էության ներսում:

Ե՞րբ եք սկսել գրել։

Հավատում եմ, որ մորս արգանդից դուրս գալուց հետո այն բարձր ճիչը, որն ազդարարեց իմ լույս աշխարհ գալը, առաջին պատմությանս առաջին նախադասությունն էր, որ գրվեց ապագայում: Հայրս գրող էր և երկու շաբաթաթերթի ղեկավար։ Ես սիրում էի գնալ նրա սենյակ և դիտել, թե ինչպես է գրում: Տեսա, որ գրիչը դրեց թանաքամանի մեջ և տարօրինակ փոքրիկ մրջյուններ կամ ճանճեր նկարեց, և թղթի վրա բոլոր տեսակի մանր կենդանիներ հայտնվեցին: Նա ասաց․ «Տե՛ս, սա, սա և այս մեկը երբ կողք կողքի դնենք, կստացվի շոկոլադ, սերուցքային մեծ տորթ կամ քո անունը»։ Ես ապշած էի։ Դա կախարդանք էր։ Ամեն ինչ թաքնված էր այդ թանաքամանի մեջ։ Բոլոր պատմությունները, որ ցանկանում էի գրել։ Երբ հայրիկը գնացել էր, հետ դարձա նրա սենյակ, բարձրացա աթոռի վրա (այդ ժամանակ չորս տարեկան էի) և մատս դրեցի թանաքամանի մեջ։ Մատներովս ու նրա գրիչով սկսեցի մրջյուններ ու ճանճեր նկարել ու պատմվածք գրել: Մատներս լիզեցի, իսկ դեմքս ու սպիտակ զգեստս ամբողջությամբ թանաք էր։ Ես դրախտում էի: Ես գրող էի, մինչև հանկարծ լսեցի մայրիկիս բարկացած բղավոցը. «Կեղտո՛տ սրիկա, հանի՛ր այդ զգեստը և գնա՛ ձեռքերդ լվանալու»: Ոչ ոք չհասկացավ, որ դա իմ առաջին պատմությունն էր, գուցե լավագույնը, որ երբևէ գրել եմ: Այն լվացվեց, և կարող եմ ասել, որ դա գրաքննության իմ առաջին ցավոտ փորձն էր:

Կպատմե՞ք Ձեզ ամենաշատը ոգեշնչած գրողների մասին:

Ես ունեմ գրելու սեփական ոճն ու մտածելակերպը: Բայց, ճիշտ է, սիրում եմ Նաբոկովի և Սալման Ռուշդիի գրքերի որոշ հատվածներ։ Նաբոկովը տեսարան կամ մարդուն մանրամասն նկարագրելու վարպետ է: Նրա համար լեզուն և մանրամասները գրականության իսկական էությունն են: Ռուշդին հորինում է բառեր կամ նոր լեզու: Նա խառնում է հինդի, պարսկերեն, անգլերեն, հին լատիներեն բառեր՝ բոլորը միասին: Նա չի վախենում լեզվից և իր գրչին ու երևակայությանը տալիս է բացարձակ ազատություն: Նա միանշանակ ոգեշնչում է ինձ։ Նա դիվային կախարդ է: Նաև սիրում եմ իրանցի հայտնի պոետ Ֆորուղ Ֆարոխզադի պոեզիան: Նա սովորական բառը՝ ծանր ու բնավ ոչ պոետիկ, ինչպես՝ «կարի մեքենան», դնում է ամենաերևակայելի բանաստեղծական բառի կողքին: Այս երկու բոլորովին տարբեր բառերի համադրությունից նա ստեղծում է նոր բանաստեղծական լեզու: Իհարկե, յուրաքանչյուր գրող ունի իր նրբազգացությունն ու անձնական հարաբերությունները երաժշտության և լեզվական կենսոլորտի հանդեպ:

Երկուսս էլ գիտենք, որ հեղափոխությունից հետո Իրանում գրանցվել է կին գրողների թվի հսկայական աճ, և շատերը դարձել են նշանավոր գրողներ: Ինչպե՞ս կբացատրեք այս փաստը:

Երբ  տեղի ունեցավ Իսլամական ​​հեղափոխությունը, արվեստագետներն ու մտավորականները, գրողներն ու նկարիչները, չիմանալով դրա իրական միտումների մասին, չափազանց ոգևորվեցին: Այդ ժամանակ ես Թեհրանում էի և տեսնում էի, թե չադրա հագած քանի աղջիկ էր երաժշտական գործիքը ձեռքին շտապում երաժշտության դասի։ Շուտով ոսկե ժամանակի այդ էյֆորիան իր տեղը զիջեց խոր հիասթափության: Բայց ինչ-որ մի բան պատահել էր, որն անշրջելի էր։ Հեղափոխության ժամանակ շատ աղջիկներ կամ երիտասարդ կանայք, հատկապես ցածր խավից, միանում էին փողոցում հավաքված ամբոխին: Նրանք իրենց կարևոր ու ազատ էին զգում: Նրանք իրենց նոր ինքնությունն էին զգում։ Այդ մարդիկ չէին կարող վերադառնալ իրենց նախկին գոյությանը՝ ստանձնելով ոչ մեկ լինելու կարգավիճակը: Հայտնի մի կին գրող ինձ ասաց, որ ինքը նախկինում կանանց բանտում պահակ է եղել։ Նախքան հեղափոխությունը չի համարձակվել գրել։ Այժմ նույնիսկ ամուսինն է խրախուսում նրան: Նույնը շատ ուրիշների դեպքում է: Այսպիսով՝ հայտնվեցին կին նկարիչներ, լուսանկարիչներ, բուժքույրեր, տաքսու վարորդներ և այլն: Եվ չմոռանանք, որ բուհերի ուսանողների 65% -ն աղջիկներ են: Իսկ նրանց մեծ մասը գալիս է միջինից ցածր խավի ընտանիքներից:

Իրանի գրական ներկայիս մթնոլորտում իրանցի կին գրողներին ու նրանց երկերին ի՞նչ տեղ կհատկացնեք։ Նրանք գրո՞ւմ են տարբեր թեմաներով, տարբեր ժանրերով: Ըստ Ձեզ՝ կանանց պերսպեկտիվն ազդե՞լ է տղամարդ գրողների վրա։

Ես լուրջ եմ վերաբերվում կին գրողների գործերին: Նրանց գրվածքներում կա մի խոնարհ անկեղծություն, որը չեք գտնի տղամարդկանց գրականության մեջ: Իրանի նախահեղափոխական գրականության մեջ գերակշռում էր կոմունիստական ​​գաղափարախոսությունը, և այն կարելի է բնութագրել որպես սոցիալ-քաղաքական գրականություն: Իրանցի գրողները հիմնականում միջինից ցածր խավի ընտանիքներից էին և գրում էին աղքատ գյուղացիների կամ ճնշված բանվորների թշվառության մասին: Նույնիսկ եթե նրանց մեջ կային երկու-երեք ապահովված գրողներ, նրանք ևս, լինելով մարքսիստներ, նախընտրում էին իրենց կերպարներին ընտրել հասարակության ընչազուրկ խավերից: Կին գրողները ստեղծել են գրականության նոր ժանր՝ ինտիմ և անձնական: Նրանք հավատարիմ են մնում իրենց և բացեիբաց խոսում իրենց անձնական խնդիրների, իրենց միայնության, ամուսնական դժբախտ կյանքի մասին: Պաշտոնական, ընտանեկան գրաքննությունների կամ բոլորի առաջ երևան գալու ամոթի պատճառով նրանք չեն կարողանում անկեղծորեն բարձրաձայնել, բայց իրենց ցանկացածն ասում են կանացի նուրբ խելամտությամբ, ակնարկներով և սիմվոլներով: Նրանք խոսում են սիրո մասին: Եվ երազում են սիրո մասին, բայց շատ հանգիստ, ստվերային ձևով. կարծես ոչինչ ասված չէ: Օրինակ՝ նրանցից մեկը գրում է. «Եթե ամուսինս իմանար, թե գլխումս ինչ մտքեր են անցնում, նա կսպաներ ինձ»։ Ակնհայտ է, որ նա նկատի ունի էրոտիկ երևակայությունները: Տղամարդիկ չեն կարող այսպես գրել: Կամ նույնիսկ լուրջ վերաբերվել այս տեսակի գրականությանը:

Դուք ունեք ֆանտաստիկ երևակայություն, որն ակնհայտորեն շոշափելի է ձեր պատմվածքներում: Բայց նաև ունեք մեծ տաղանդ՝ տեսնելու կյանքի իրական անհեթեթությունները՝ լինի դա Իրանում, թե օտարության մեջ։ Եվ այդ անհեթեթությունները հիանալի կերպով հյուսում եք Ձեր պատմվածքների մեջ, այնպես, որ ընթերցողը միաժամանակ կարող է ընկալել ողբերգությունն ու կատակերգությունը:

Գրելու այս եղանակն իմ ապրելակերպն է: Ես ի ծնե պատմող եմ: Սովորական, միօրինակ իրադարձությունները ձանձրացրել են ինձ: Ես դրանք նորից եմ հորինում: Տալիս եմ մի փոքր միս ու արյուն, ինչ-որ գույն: Երեխաներս հաճախ ինձ ասում են՝ ստում ես, ամեն ինչ այդպես չէ: Հորինում ես: Այո, իհարկե. իրերն այնպիսին են, ինչպիսին կան՝ ձանձրալի և անգույն: Ցույց տալով դրանց տրագիկոմիկ էությունը՝ իրականը դուրս է մնում: Մեզ պետք են երևակայություն և երազներ։ Ինձ հանդիպած յուրաքանչյուր մարդ մտնում է իմ գիտակցություն ու նստում սպասասրահում, հասնի մինչև իր հերթը՝ պատմությանս մեջ խաղալու իր դերը: Կյանքը ողբերգական ու կատակերգական իրադարձությունների խառնուրդ է։ Կատակերգական՝ անհեթեթ, սյուրռեալիստական, հակասական, չափազանցված և միևնույն ժամանակ իրական լինելու իմաստով: Գոգոլը կատարյալ օրինակ է. կարծում եմ, որ նա ռուս մեծագույն գրողներից մեկն է: Նրա «Մեռած հոգիներ»- ի ամբողջ գաղափարը կամ թեման աբսուրդային է: Ի հայտ են գալիս մի շարք կերպարներ, որ առնում են մեռած հոգիներ։ Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է Ռուսաստանի իրական ոգին․ ամբողջ գիրքը հենց Ռուսաստանն է: Եվ դա կատակերգական է, նույնիսկ ծիծաղելի, ծիծաղելի՝ չափազանցված, բայց այնքան իրական լինելու իմաստով: Բայց նրանք բոլորն էլ ունեն ռուսական բնավորության այդ ողբերգական կողմը, որը, միևնույն ժամանակ, մարդկային է և համընդհանուր: Դա կարող եք տեսնել ամենուր, հատկապես՝ Իրանում: Ես սիրում եմ այս երկու կողմերը բերել իմ պատմությունների մեջ: Դրանք դնել կողք կողքի:

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է այժ գրաքննությունը գործում Իրանում։ Ընտրություններից հետո մթնոլորտը փոխվե՞լ է: Շա՞տ վաղ է խոսել այդ մասին[4]։

Այո, դեռ վաղ է դա խոսել այդ մասին: Նախագահ Ռոհանին պնդում է, որ եկել է փակ դռները բացելու բանալիով: Ինչ վերաբերում է նոր նախագահի բարեխղճությանը և այդ բանալու կախարդական ուժին, ապա իրանցիները կամ չափազանց հոռետես են, կամ չափազանց իդեալիստ: Իմ գրող ընկերներից ոմանք լավատեսների շարքում են, և հրատարակիչս նույնպես ոգևորված է: Թվում է, թե շատ փոքր մի դուռ մի փոքր բաց է։ Այժմ այդ բացվածքը չափազանց փոքր է․ հազիվ գիրքը բռնած մի նիհար ձեռք անցնի։ Բայց այս անկանխատեսելի դուռը կարող է ցանկացած պահի կտրուկ փակվել՝ կոտրելով դողդոջուն մատներդ: Հիշում եմ, որ պարոն Խաթամիի նախագահության օրոք պատուհան բացվեց և որոշ ժամանակ բաց մնաց: Մենք օգտվեցինք առիթից և շտապեցինք ներկայացնել մեր գրքերը: Ցավոք, այդ շրջանը երկար չտևեց: Գրաքննության հետ առնչվելը պահմտոցի է։ Պետք է նստել մի անկյունում և սպասել: Երբեմն պետք է սպասել մի ամբողջ կյանք, և, Աստված չանի, կարող ես լքել այս անարդար աշխարհը՝ գիրքդ թևերիդ տակ։ Երկու տարի առաջ իմ վերջին վեպը ներկայացրի Իսլամական առաջնորդության նախարարությանը՝ այն հրապարակելու թույլտվություն ստանալու համար: Մինչ օրս պատասխան չեմ ստացել: Սա նրանց՝ մարդկանց խոշտանգելու մարտավարություններից մեկն է։ Որոշ գրքեր հայտարարվում են «պայմանական»: Դա նշանակում է, որ պետք է գործարքի մեջ մտնես և հեռացնես գրքի կեսը կամ հանես հնարավորինս շատ «անընդունելի» բառեր կամ անուններ: Նրանք շատ զգայուն են անունների նկատմամբ: Վերջապես նրանք կարող են ձեզ թույլ տալ՝ ձեր հաշմանդամ դարձած գիրքը հրատարակելու: Գիրքը լավ վաճառվում է, լավ ընդունվում է գրականագետների կողմից, մեկ էլ ինչ-որ անհասկանալի պատճառով շտապ առգրավվում է: Սա պատահել է իմ գրքերից մեկի հետ:

Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի

[1] Խոսքը Թարաղիի ամենից հայտնի պատմվածքներից մեկի՝ «Անար բանուն և իր որդիներ»-ի  հերոսուհի Անար բանուի մասին է, որի անունը պարսկերենից թարգմանված նշանակում է Տիկին Նուռ։ Սակայն միայն անգլալեզու տիրույթում են այս հերոսուհուն անունը թարգմանում։ Հայկական թարգմանության մեջ ևս օգտագործվում է Անար բանու տարբերակը։

[2] «Երկրորդ հնարավորություն» պատմվածքի հերոսուհուն մասին է խոսքը։

[3] Համանուն վերնագրով պատմվածքի հերոսը, որի մոտիվը պահպանվել է Թարաղիի մի քանի երկերում՝ «Հարգարժան գողը», «Սպիտակ թարան» , «Մազանդարանի վագրը»)  պատմվածքներում, որոշ չափով նաև «Վերադարձ» վեպում։

[4] Հիշեցնենք, որ հարցազրույցն արվել է 2013 թվականին, երբ Հասան Ռոհանին նոր էր դարձել երկրի նախագահ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *