Գոլի Թարաղի | Հարգարժան գողը

Ես, մայրիկը և տատիկը մի քանի տարի հանգիստ ու անհոգ ապրում էինք այգիով, ջրավազանով, հին ուռենիներով շրջապատված երկհարկանի տան երեք իրար կից սենյակներում՝ երեք տարբեր աշխարհներում: Ես համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էի, և մտքովս ամեն ինչ կանցներ, բացի հեղափոխությունից, համալսարանի փակվելուց, պատերազմից ու թափառական դառնալուց: Տատիկն ութսունչորս տարեկան էր: Կարծում էր, թե ապրելու էր տարիներ շարունակ և կարող է մշտապես հրամաններ տալ, կառավարել և մեր հերն անիծել: Մայրս խաղաղ ու նուրբ կին էր, ասեղնագործության, ծաղկային ձևավորման սիրահար: Ծաղիկներին ու բույսերին ավելի էր սիրում, քան մարդկանց:       Խոհարար ունեինք՝ Ալի աղա անվամբ, և մի սպասուհի՝ անունը՝ Նանե Մուհանայի: Հեղափոխության առաջին իսկ ամսին երկուսն էլ, լուռ, առանց մի բառ ասելու, թողեցին-գնացին: Շնորհակալություն, որ մեզանից չգանգատվեցին: Հայրս Կանադայում էր: Պետական գործուղման էր և հաճախ էր ճամփորդում: Խնդրեցինք, որ այնտեղ մնա, մինչ իրավիճակը խաղաղվի: Դժբախտաբար մի քանի ամսից լեռնային ու սառած ճանապարհին ավտովթարի ենթարկվեց և մահացավ: Իրավիճակն էլ չխաղաղվեց:
Մայրիկս այնքան աղաղակեց, որ թե՛ ինքը գժվեց, թե՛ մեզ հասցրեց խելագարության: Հետո էլ առողջականը չբարելավվեց, և խելքը կիսով չափ գցեց: Օրական հանգստացնող տասնյակ հաբեր էր ընդունում և հիմնականում քնաթաթախ էր, մոռանում էր՝ ուր է, ինչ է եղել: Տատիկը լռեց այն աղետալի լռությամբ, որ հնարավոր է յուրաքանչյուր պահի ժայթքի, ինչպես հրաբուխը: Իրեն ներսից կրծում էր ու ինքն իրեն բղավում:
Կարծում էինք՝ հեղափոխությունը մեզնից անմասն կմնա: Որևէ ծանր հանցանք չէինք գործել: Սրտներս մխիթարում էինք այն ունայն մտքով, երբ դատարանը մեր տան բռնագրավման վճիռն արձակեց: Ծանուցագիր եկավ, որ ավարտվել են լավ ժամանակները. պետք է հեռանաք: Տատիկն ասաց.
– Ո՞ւր գնանք:
– Ի՞նչ տարբերություն: Ուր էլ գնանք, նույնն է,- ասաց մայրիկը:
Տատիկը լեզվի տակ մնացողը չէր. չէր վախենում որևէ մեկից: Գլուխը բարձրացրեց: Կռվի պատրաստ՝ ասաց.
– Ես տեղիցս չեմ շարժվելու: Էստեղ իմ տունն է: Վկայականն էլ գրպանս է: Ով եկավ, կկրակեմ:
– Կկրակե՞մ:
– Հա՛, կկրակեմ,- կրկնեց տատիկն և բարձի տակից հանեց մի կոտրված հրացան ու դրեց ձեռքի առաջ: Պապիս հրացանն էր, որով բադի կամ այծի որսի էր գնում: Ո՛չ ձգան ուներ, ո՛չ էլ՝ փամփուշտ: Տատիկը գողերին վախեցնելու համար էր հրացանը բարձի տակ դնում:
Մայրիկը, տեսնելով հրացանը, ճչաց և ուշագնաց եղավ: Սեղանի վրայի ջրի բաժակը վերցրի ու դեմքին լցրի: Չկար մեկը, որ ինձ օգնության հասներ:  Գիտակցությունը տեղը չէր. վրաս բղավեց: Ստիպված եղա մորաքույր Զիբային ու նրա ամուսնուն կանչել: Տատիկը ոգևորված նշան էր բռնել երևակայական մարդկանց վրա:
Կարծում էի մորաքույր Զիբան՝ իմ իմացած անձնուրաց և բարի մորաքույրը, անմիջապես իրեն մեր տուն կգցի: Մեկ ժամվա մեջ երեք անգամ զանահարեց, թե «ուր որ է՝ գալիս եմ», «հիմա հասա», բայց նրանից լուր չկար: Տարօրինակ էր, և դեպքերի «տարօրինակ լինելը» դարձել էր սովորական: Թվում էր՝ աքսորվել էի տարօրինակությունների երկիր ու չէի ընկալում դեպքերի տրամաբանությունը:

Մայրամուտին մոտ էր, երբ մորաքույր Զիբան եկավ: Անհանգիստ էր, բայց փորձում էր իր տխրությունն ու անհանգստությունը թաքցնել տատիկի աչքերից: Անտեղի ժպտում էր կամ ավելորդ «մատաղ լինում» մեզանից յուրաքանչյուրին: Նրա ամուսինը կանգնած էր միջանցքում, սենյակ չէր մտնում: Դեմքին գույն չկար: Սկզբում մտածեցի՝ հիվանդ է, հետո հասկացա, որ մեզնից ու մեր տուն գալուց վախենում է: Ասես որոշում կար, թե իրեն էլ պետք է տան հետ բռնագրավեն: Անընդհատ ժամացույցին էր նայում՝ ցանկանալով հնարավորինս շուտ վերադառնալ: Միշտ նրան ուրիշ ձև էի պատկերացնում՝ ինքնավստահ ու սրամիտ մի տղամարդ: Շատախոս էր և ամեն ինչի մասին կարծիք էր հայտնում: Եվրոպական կոստյում էր հագնում, կապում մետաքսյա փողկապ, պարծենում իր ժամացույցի ոսկե շղթայով: Հիմա ամեն ինչ փոխվել էր. մորուքը չէր սափրել, փողկապ չուներ, իսկ ժամացույցի կաշվե գոտին մաշված էր: Նմանվել էր ճմռթված ու անգույն լուսանկարի: Նրան հեշտությամբ ճանաչելն անհնար էր:
Լսում էի մորաքրոջս ու ամուսնու լեզվակռիվը: Մորաքույրը սկզբում հանգիստ էր խոսում, բայց ձայնն աստիճանաբար բարձրացավ, և հետո միանգամից բղավեց.
– Ասում ես՝ ի՞նչ անեմ: Թողնեմ՝ մայրս փողոցո՞ւմ մնա:
Նրա մտահոգ ամուսինը միայն մի բան էր կրկնում.
– Վախենում եմ՝ գլխացավանքի մեջ գցի մեզ:
– Ի՞նչ գլխացավանք: Ի՞նչ հանցանք եմ գործում: Ուզում եմ ծեր մորս ինձ մոտ տանել:
Նրա ամուսինը շուրջն էր նայում: Չէր ուզում՝ այս խոսակցությունը հասնի մեր ականջին: Վախենում էր տատիկից ու նրա լեզվից: Կրկնեց՝ վտանգավոր է:
– Վտանգավո՞ր: Չլինի՞ այս ծեր կինը ահաբեկիչ է,- բղավեց մորաքույրը:
Տատիկը սուր լսողություն ուներ: Վերցնելով հրացանը՝ ասաց.
– Լռե՛ք, թե չէ կկրակեմ:
Մորաքրոջս ամուսինը հետ թռավ, և տատիկը ծիծաղեց: Մայրս, տեսնելով հրացանը, նորից վատացավ: Սկսեց լաց լինել:
– Դու գնա՛ մեքենան նստիր: Գործ չունես,- մորաքույրս ասաց իր ամուսնուն:
Տատիկը մորաքույր Զիբային շատ էր սիրում: Հրացանը բարձի մոտ դրեց և ասաց.
-Մենք հենց այստեղ կմնանք. քեզ չենք խանգարի:
Մորաքույր Զիբան ծիծաղելով ասաց.
– Մամ ջա՛ն, այս անպիտան հրացանը որտեղի՞ց ես վերցրել, մի կողմ դի՛ր: Մարդիկ վրադ կծիծաղեն: Տան համար էլ մի՛ մտահոգվիր: Կբողոքենք դատարանին, հո անտերանոց չի: Բայց գործընթացը մեկ-երկու շաբաթ կձգվի: Այդ ընթացքում դուք ինձ մոտ եկեք:
«Ինձ մոտը» այն խոսքերից էր, որի համար տատիկը խենթանում էր: Ասաց՝ քեզ մատաղ լինեմ և լաց եղավ: Սակայն նորից ընդդիմացավ.
– Չէ՛: Ինձ այստեղ ավելի հանգիստ է: Քո տունը շատ մեծ է. չեմ գա:
Մայրիկը, իր վատ վիճակին, լսում էր նրանց խոսակցությունը: Լացակումած ձայնով ասաց.
– Այստեղ-այնտեղ: Ի՞նչ տարբերություն: Ուր էլ գնանք, երկինքը նույն գույնի է:
Մորաքույր Զիբան կրկին ստիպեց: Նստեց տատի անկողնու մոտ, նրան համբուրեց ու ասաց.
– Ամեն ինչ կուղղվի: Ձեզ խոսք եմ տալիս: Իմ տանը հանգիստ է, բոլորին տեղ կա: Այս ամենն էլ ժամանակավոր է:
Մայրիկը նվվաց, մրթմրթաց.
– Ամեն ինչ էլ ժամանակավոր է: Ամեն ինչ:- Եվ խոհարարին՝ Ալի աղային ձայն տվեց:
Տատիկը, գլուխը թախծոտ տարուբերելով, հառաչեց.
– Էլ Ալի աղան չկա, սիրելի՛ս: Անամոթի մեկն էր. հենց մի քիչ վիճակը խառնվեց, թողեց, գնաց:
– Ուրեմն Ալի աղան էլ էր ժամանակավոր:
Ընդդիմանալն անտեղի էր: Տատիկը գիտեր, որ գնալուց բացի, այլ ելք չունենք, սակայն ուզում էր գոնե համառել, հեշտորեն չհանձնվել: Ասաց.
– Ես մի ամբողջ կյանք աղոթել եմ, նամազ եմ արել, ծոմ եմ պահել: Ի՞նչ են ուզում ինձնից: Պետք է ինձ նույնիսկ մի տուն էլ դեռ նվիրեն:

Ո՞վ էինք մենք՝ երեք միայնակ կանայք: Ուժներս ոչ ոքի և ոչնչի վրա չէր պատում: Նույնիսկ մեր ստվերից էինք վախենում: Տատիկի հոխորտանքներն էլ սին բաներ էին:           Ո՞ւր էինք գնում: Առայժմ մորաքույր Զիբայի տուն: Ի՞նչ էինք անելու մեր իրերը: Մորաքույր Զիբան ասաց.
– Պետք չէ շատ մտահոգվել: Հնավաճառին կասեմ, ամեն ինչ էլ կգնի՝ սեղան-աթոռից, կահույքից մինչև մահճակալ, սառնարան ու գազօջախ:
Տատիկը բղավեց.
– Ուզում եք կյանքս աճուրդի դնե՞լ: Պետք է դատարկ ձեռքո՞վ գնանք մարդկանց տուն: Ոտքիս տակի գորգն էլ ե՞ք ծախում:
– Չէ՛, գորգերը բանկ կդնենք,- ասաց մորաքույր Զիբան:

Մյուս օրը հնավաճառներ եկան, սկսեցին գնահատել ու գնել սեղան-աթոռները, արծաթյա դանակ-պատառաքաղերը: Սիրտս ցավում էր տատիկի համար: Այս ողջ իրերի ու այս ամենի հետ մի ամբողջ կյանք էր ապրել: Տեսնում էի՝ վիրավոր թռչունի նման թևերն էր թափահարում, բայց վեր ելնելու ուժ չուներ: Ասաց.
– Պարո՛ն հնավաճառ, ներեցեք, որ խնդրեմ, կմոտենա՞ք:
Մորաքույրս տատիկին նայեց ու դադարեցրեց սակարկելը երկրորդ հնավաճառի հետ:
Առաջին հնավաճառը, նոր ու մեծ մի թավա թևի տակ դրած, անընդհատ այս ու այն կողմ էր վազում, ինչ-որ բան ընտրում և գինը հարցնում: Մոտեցավ տատիկին ու ողջունեց: Տատիկը, շարժասայլակին նստած, ժպտում էր (լավ վերաբերմունքը կասկած էր առաջացնում), ասաց.
– Հազար բարև, այս թավան ինչքանո՞վ առար:
Մորաքույրս, մի քանի քայլ մոտենալով, ասաց.
–  Մա՛մ ջան, իզուր քեզ մի հոգնեցրու:
– Տո՛ւր տեսնեմ թավան:
Հնավաճառը հնազանդվեց. շտապում էր: Մյուս հնավաճառն ավելի լավ իրեր էր փնտրում: Պարզ էր՝ մրցակիցներ են:
Տատիկը թավայի բռնակն ամուր բռնեց ու ասաց.
– Ա՛յ անամոթ, չես ամաչո՞ւմ: Ի՞նչ է եղել: Լեշակերների նման հարձակվել, դիակ ե՞ք ուտում: Բայց ես դեռ ողջ եմ. սևդ կտամ,- և մինչև ես ու մորաքույրը կշտապեինք, թավան բարձրացրեց և ուժեղ հարվածեց հնավաճառի գլխին:
Մորաքույրն ասաց «վա՜յ», հնավաճառը՝ «ա՜խ», հետ-հետ գնաց ու նվվաց: Երկրորդ հնավաճառը ծիծաղեց, իսկ տատիկը հպարտությամբ ու գոհունակ թավան ծնկներին դրեց:
Մորաքույրը վազեց, հնավաճառի համար մի բաժակ ջուր բերեց: Հազար տեսակ ներողություն խնդրեց և ականջին շշնջաց, որ տատիկի խելքը տեղը չէ: Հեղափոխությունը ամենքին է հոգեկան  հիվանդ դարձրել: Տատիկը լսեց ու բղավեց.
– Չէ՜: Իմ խելքը ձերինից ավելի տեղն է: Դուք եք ցնդել:
Մորաքույրը մայրիկի հանգստացնող հաբերից մեկը լցրեց տատիկի թեյի մեջ ու նրան ստիպեց՝ գլուխը քաշի: Տասը րոպե չանցած՝ տատիկը ննջեց և գլուխը ներքև իջեցրեց:   Ճոճաթոռը հրելով՝ նրան տարա իր սենյակ, իր ժամանակավոր սենյակ:           Հնավաճառները մեր անցյալը շտապ գնեցին ջրի գնով ու հեռացան:

Հաջորդ օրը մեր հագուստները խցկեցինք երկու ճամպրուկներում, որ մորաքույր Զիբայի տուն գնանք: Նախքան շարժվելը տատիկը մի պահ վարանեց: Տանը հայացք գցելով՝ շվարեց, իր անվասայլակին նստած՝ լաց ու կոծ դրեց: Մորաքույր Զիբան ու ամուսինը գրկեցին նրան, նստեցրին ավտոմեքենան: Հեշտ չէր. ուզում էր իջնել ու հետ վերադառնալ: Հրաժարվել էր մորաքույր Զիբայի տուն գնալուց:
Մորաքույր Զիբան անընդհատ նրա երեսն էր համբուրում, շոյում մազերը: Տատիկը կամակոր երեխայի նման մեքենայի դուռն էր փորձում բաց անել, երբ մորաքույրը ձեռքը բռնեց: Ամուսինը վարում էր. տատիկի հավեսը չուներ: Ավտոմեքենան արգելակելով՝ ասաց.
– Համեցեք, իջեք:
Տատիկը զարմացավ: Մինչև հիմա ոչ ոք իր հետ հրամայական ու կոպիտ չէր խոսել: Հարցրեց.
– Հրացանս ո՞ւր է:
– Մա՛մ, հրացանն ինչի՞դ է. երեխա ե՞ս,- ասաց մորաքույրս:
Նրա ամուսինը բարձրաձայն ծիծաղեց: Մի տարօրինակ ծիծաղ՝ խորթ իմ ականջներին: Այս մարդը հորիցս առավել հարազատ էր ինձ: Երբ մանուկ էի, նստում էի նրա ծնկներին, ինձ համար հեքիաթ էր պատմում: Երբ ավելի մեծացա, նրա հետ կիսվում էի, իսկ այժմ՝ նրան նայելիս, սիրտս ճմլվում էր: Մտածում էի՝ ես այդ մարդուն չեմ ճանաչում և վախենում էի գնալ մորաքույր Զիբայի
տուն:

Մորաքույր Զիբայի երբեմնի երջանիկ ու մարդաշատ տունն այն ժամանակների նման չէր: Հյուրասենյակի կահույքի վրա սավաններ էին գցված, հին լուսանկարները հանել էին պատերի վրայից, գորգերը հավաքել, դրել էին պատերի տակ: Թվում էր՝ տան տերերը ճանապարհորդության մեջ են կամ պատրաստվում են ճամփորդելու: Նույնիսկ սենյակների առաստաղներից իջեցրել էին մեծ ջահերը: Սեղաններին մեկ-երկու փոքրիկ լամպեր էին, որ լավ լույս չէին տալիս: Տունը համարյա մութ էր:
Տատիկը կողքերը մի հետաքրքրասեր հայացք նետեց,  հոնքերը կիտեց: Ասաց.
– Է՜հ տխրեցի: Ոնց որ աշխարհի վերջը լինի: Հետ գնանք մեր տուն: Վաղը մեզ էլ կփաթեթավորեն, Աստված գիտի՝ ուր կուղարկեն:
Մայրիկը հոգնած էր: Սենյակ մտնելուն պես պայուսակը գցեց գետնին: Պառկեց բազմոցին: Կոշիկի մի զույգը ոտքից դուրս եկավ: Վշտոտ ձայնով ասաց.
–  Մենք այլևս տուն չունենք: Վե՛րջ:
Մորաքույր Զիբան մեզանից յուրաքնաչյուրի համար առանձին սենյակ էր պատրաստել: Մայրիկն առաջին գիշերն իր սենյակում քնեց և կեսգիշերին իմ սենյակ եկավ: Վատ երազ էր տեսել, կարծում էր, թե իր սենյակում մարդիկ են շրջում: Հարցրեց.
– Դու է՞լ ես սրանց տեսնում:
Ասացի՝ այո, որ հանդարտվի: Տատիկը խաղաղ քնած էր ու խռմփացնում էր: Ո՛չ գողից էր վախենում, ո՛չ էլ ուրվականներից ու հոգիներից:

Կյանքը մորաքույր Զիբայի տանը հեշտ չէր: Մեր հագուստները ճամպրուկերում էին, և զգում էինք, որ կյանքը օր օրի անցնում է և ըստ մայրիկի՝ ժամանակավոր է: Մեզ ազատ չէինք զգում: Մեկ-երկու անգամ սենյակները փոխեցինք: Աղմուկ-աղաղակը շատ էր, դռներն աղմկոտ էին փակվում:
Մայրիկն ասաց.
– Այստեղ հոգիների տունն է: Ես նրանց տեսնում եմ, շրջում են սենյակներով:
Տատիկն աղոթեց և փչեց կողքերը[1]: Իր աղոթագորգին ինչ-որ մի բան էլ կար, որը հանեց ու դրեց գորգի տակ: Ենթադրեցի՝ աղոթքէր:
Ամեն երեկո անծանոթ մարդիկ էին մորաքրոջս տուն գալիս, մեծ ռադիոյի շուրջը հավաքվում՝ լսելու «BBC»-ի լուրերն ու Իսրայելի ռադիո-ն: Մենք էլ հեռվից նրանց էինք նայում: Մորաքույրս ու ամուսինը պատուհանից անընդհատ հայացք էին գցում բակի կողմը:
Մայրիկն ասաց.
– Կան սարքեր, որ պատի հետևից ամեն ինչ տեսնում են: Կարող են կարդալ մեր մտքերը, մուտք գործել մեր երևակայության, գլխի, երազանքների մեջ:
«Գուցե երազ ենք տեսնում, համընդհանուր մի երազ: Այս ամենը անիրական էր: Մի՞թե հնարավոր է: Կյանքիս կեսն այս տանը՝ մորաքրոջս հետ է անցել: Նրանից բացի, ոչ ոք ինձ այդքան հարազատ չի եղել: Շաբաթվա վերջին ազատ օրերին, ամառային արձակուրդների մեծ մասը նրա տանն էի անցկացնում: Երբ ամռանը ճանապարհորդում էր, ինձ էլ էր հետը տանում: Բոլորին ասում էր, թե ես իր աղջիկն եմ, և համբուրում էր ինձ: Այդ ամենը հեղափոխությունից առաջ էր՝ նախքան անծանոթ հանգամանքներն ու անհայտ ապագան կայլափոխեին ամենքին, նույնիսկ՝ մորաքույր Զիբային: Մտահոգ էր ինձ համար, բայց ավելի շատ՝ իր համար, իր հնությունների համար, որ չգիտեր՝ ում ձեռքն էին ընկնելու: Երբեք նրան այդ աստիճան շփոթված չէի տեսել »:
Երկու շաբաթ անց մորաքույր Զիբան մեզ տեղեկացրեց, որ ամուսինը որոշել է հնարավորինս շուտ հեռանալ Իրանից: Իրենց Կանադայի վիզան պատրաստ է: Մայրիկը հևաց.
– Երանի մենք էլ գնայինք:
Տատիկը զայրացած նրան կշտամբեց.
– Չէ՛: Մեր տեղն այստեղ է: Պետք է վերադառնանք մեր տանն ու ապրուստին:
– Ի՞նչ ապրուստ,- ասաց մայրիկը, և արցունքները հոսեցին:
Մորաքույր Զիբան  գնում-գալիս էր և իր իրերը հավաքելու կարգադրություններ էր տալիս: Հարյուրավոր անտիկ թասեր, կժեր ու պնակներ, Բուդդայի հին արձանիկներ ուներ: Դրանք չէր կարող հետը տանել: Հնություններ տանելն արգելված էր: Ամբողջը դասավորել էր ճաշասեղանի վրա և թախծոտ հայացքով դրանց էր նայում:
– Սրանք ինչի՞դ են պետք,- հարցրեց տատիկը:
Մորաքույր Զիբան  հառաչեց. կարծես  այդ հնությունները իր հոգու մասնիկն էին: Ասաց.
– Եթե դրանցից մեկը կորի կամ կոտրվի, վշտամահ կլինեմ:
– Գրողի՛ն, թե չեն կորի: Ես քո փոխարեն լինեի, բոլորը աղբը կգցեի,- ասաց  մայրիկը:
– Սրանցից յուրաքանչյուրը մի աշխարհ արժե, բարոյական արժեք: Արվեստի նմուշ: Վիշնուի[2] այս արձանը երեք հազար տարվա վաղեմություն ունի: Կյանքի աստվածն է:
Տատիկը, մի նվաստացուցիչ հայացք գցելով արձանիկին, ասաց.
– Այս չորս ձեռք ու ոտք ունեցող անճոռնին Աստվա՞ծ:
Ես մտածում էի, թե ինչո՞ւ մորաքույր Զիբայի հետ վիճելու փոխարեն իրենից չեն հարցնում, թե ինչ է պատահելու մեզ նրանց գնալուց հետո: Ո՞ւր ենք գնալու:
Մորաքույր Զիբան այդ հարցին պատրաստ էր, մի քանի օր անց, երբ տատիկը նրանից հարցրեց, պատասխանեց.
– Հոմայունի տանից լավ Ձեզ համար ոչ մի տեղ չկա:
Քեռի Հոմայունը (ինչ մի մարդ է): Իհարկե ես նրան շատ էի սիրում, բայց արտասովոր մարդ էր և իր տան դուռը ոչ ոքի առաջ բաց չէր անում: Տարիներ շարունակ ապրել էր Հնդկաստանում, սեփական փիլիսոփայությունն ու հավատալիքներն ուներ: Մտածեցի՝ երբ լսի, թե մորաքույր Զիբան իր համար ինչ պլաններ է գծել, կվերադառնա Հնդկաստան ու Գանգեսի ափին վրան կխփի:
Մորաքույր Զիբայի տնից հոգնած տատիկն ուրախացավ ու ծափահարեց: Ասաց.
– Հենց այսօր էլ գնանք: Մեռնեմ տղայիս ջանին: Տղան իր մոր գլխի թագն է:
– Այդ գլխի թագը մեզ չի ընդունի: Սովոր է մենակությանը,- ասաց մայրիկը:
Տատիկը կրկին նրան նախատեց.
– Ի՞նչ ես ասում: Կարող է՞ մենք սովոր չէինք խաղաղության: Տես՝ ինչ օրն ընկանք: Մարդն ամեն ինչի ընտելանում է: Հոմայունն էլ մեզ կընտելանա:
– Խե՛ղճ Հոմայուն: Նրա կյանքը տակնուվրա է լինելու,- ասաց մայրիկը:
– Մի՞թե մենք տակնուվրա չեղանք. աշխարհն է գլխիվայր շրջվել: Գլուխը գետին է դրել, ոտքերը՝ վերև տնկել:
Քեռի Հոմայունը մեր վիճակից անտեղյակ էր: Նա ո՛չ ռադիոլուրեր էր լսում, ո՛չ հեռախոս ուներ, ո՛չ էլ՝ հեռուստացույց: Թերթ էլ չէր կարդում: Մի երկտող տվեցինք մեկին, ուղարկեցինք նրա տուն: Վախենում էինք՝ նամակն էլ չկարդա: Բարեբախտաբար կարդացել էր: Երբ իմացավ մեր տնանկության ու կենսակերպի մասին, անմիջապես իրեն գցեց մորաքույր Զիբայի տուն: Համբուրեց տատիկի ձեռքերն ու իմ դեմքը և ամենայն սիրով ընդունեց մեզ: Սակայն, երբ մորաքույր Զիբան պնդեց, որ իր հնություններն էլ տանի, գունատվեց: Մորաքույրը լաց եղավ: Խնդրեց, աղաչեց:
Քեռին զարմացել էր ու չգիտեր ինչ անել: Ասաց.
–  Ավելի լավ է՝ սրանք վաճառեք կամ նվիրեք: Հիմա, երբ գնում եք, ինչների՞դ են:
– Սրանք հին հուշեր են: Իմ անցած կյանքն է,- ասաց մորաքույրը:
Մայրիկն ինքն իրեն խոսում էր: Պարզ էր՝ մտածում էր հորս մասին: Տատիկը մորս լաց ու կոծի նյարդերը չուներ: Ոչ ոքի նյարդերը չուներ.
– Գնա մի քիչ քնի՛ր,- ասաց տատիկը, ապա, ի պաշտպանություն մորաքույր Զիբայի, իրեն մեջ գցեց: Մայր ու դուստր այնքան ասացին, խնդրեցին-աղաչեցին, որ քեռին ճարահատյալ տեղի տվեց: Այն էլ նրա համար, որ պրծնի տատիկի համառությունից ու մորաքրոջս աղաչանքներից: Սակայն գիտեր, որ այսքան կոտրվող և թանկարժեք իրերի տեղափոխումը հեշտ գործ չէ: Եթե ոստիկանները տեսնեին, ամբողջը կբռնագրավեին, մենք էլ կրակը կընկնեինք: Հարկավոր էր բավականին զգուշավոր լինել: Հնաոճ աման-չամանը, արծաթե սկուտեղները, հնդկական արձանիկները, ռուսական մոմակալները և հարյուրավոր մանր-մունր բաներ խուրձ-խուրձ կամ հատ առ հատ դնում էինք մեքենայի բեռնախցիկն ու գիշերվա մթության մեջ տանում քեռի Հոմայունի տուն: Առավել թեթև ու փոքր արձանիկները, պնակները դնում էինք տարբեր պայուսակների մեջ, ծածկում էինք և գնումների գնալու պատրվակով տնից դուրս էինք գալիս: Մայրս լուցկու չոփի չափ նիհարել էր և քնաբեր ու հանգստացնող դեղերի ազդեցության տակ օրոր-շորորվում  էր: Երբեմն ինչ-որ իրեր էինք տեղավորում մարզական պայուսակի մեջ և թենիսի ձեռնաթիակը դնում էինք նրա թևի տակ ու ուղարկում նրան: Մեկ-մեկ ճանապարհը կորցնում էր, նստում էր մի տան դռան առաջ ու ննջում: Ոչ ոքի չէինք վստահում: Հարևանների սովորական հայացքից անգամ սիրտներս դող էր ընկնում: Ի վերջո ահ ու սարսափով բոլոր հնությունները տարանք և դասավորեցինք քեռի Հոմայունի հյուրասենյակում՝ ճաշասեղանին: Ուզում էինք դրանք նկուղում թողնել, բայց տատիկն ընդդիմացավ: Ուզում էր՝ բոլոր հնություններն իր աչքի տակ լինեն: Վախենում էր՝ դրանցից մեկն անհետանար: Ամեն օր հաշվում էր բոլորը. այսքան նախշազարդ պնակ, այսքան չինական հին թաս, այսքան հնդկական արծաթյա սկուտեղ, այսքան ռուսական աշտանակ, այսքան… Հաջիին՝ քեռիի սպասավորին, չէր վստահում և աչքերը չորս արած՝ նրան էր հետևում:            Մորաքույր Զիբան գնալու պահին լաց եղավ, ինձ գրկեց ու սեղմեց կրծքին: Նրան նայեցի: Ինքն էր, բայց հայացքի ու ձայնի մեջ ինչ-որ բան էր փոխվել: Թերևս բարկությունն էր կամ սարսափը օտարությունից:
Երբ քեռի Հոմայունը համաձայնեց՝ իր տուն գնանք, մեր առաջ երկու նախապայման դրեց: Առաջին պայմանը՝ «հետներդ ոչինչ չվերցնե՛ք: Ավելորդ իրերն ու ապրանքները դո՛ւրս թափեք»: Եվ երկրորդ՝ «այս տանն արգելվում է միս եփել: Պետք է պարզ բաներ ուտեք ՝ կանաչեղեն, միրգ, հաց, պանիր ու ընկույզ»:
Տատիկը միանգամից ընդդիմացավ.
– Եղա՛վ քեզ, կարող է՞ մենք հնդիկ յոգ ենք: Ասա՝ ցցերի վրա էլ քնենք: Ես բան չեմ հասկանում: Սովոր եմ քնել տաք ու փափուկ անկողնում. մեջքս ցավում է: Ճաշին էլ պիտի միս ու ձուկ ուտեմ. բժշկի հրահանգն է:
Քեռին հանգիստ ու մեղմ էր խոսում: Ասաց.
– Այս տուն միս չի մտնելու:
– Չլինի՞ բանակ է: Եթե բանակ էլ է, ապա ես եմ գլխավոր հրամանատարը, իսկ դու, սիրելի՛ տղաս, շարքային զինվոր ես:
Քեռի Հոմայունն իր սպասավորի՝ Հաջիի հետ երկրորդ հարկում էր ապրում: Նրա սենյակը լի էր գրքերով, և այնտեղից անուշաբույր հոտ էր գալիս: Հնդկական ճերմակ տաբատ ու վերնաշապիկ էր հագնում և երկար, ալեխառն մազերը հավաքում էր գլխի հետևում: Իր հնդկական հագուստներից մեկ-երկու զույգ էլ տվել էր Հաջիին: Նա հնդկական վերնազգեստը հագնում էր իր քրդական տաբատի հետ և օրոր-շորորալով պտտվում էր սենյակներով, կեղտոտ թաշկինակով վերցնում էր ճաշասենյակի աթոռների փոշին: Լսողությունը ծանրացել էր: Ասածներս թարս էր հասկանում և անհեթեթ պատասխաններ տալիս: Միակ արարածը, որ շփվում էր նրա հետ, Ջիմին էր՝ քեռիի բրդոտ, մեծ շունը, որը, իր հայացքով ու պոչը թափահարելով, զրուցում էր Հաջիի հետ: Նույնիկս ծիծաղել էր սովորել: Հաջին հայացքը սևեռում էր նրան, թվում էր՝ աչքերով լսում է ու հասկանում շան լեզուն:
Տատիկի անկողինը հյուրասենյակում էինք գցել: Տեղը սրտով չէր և ամեն գիշեր գոռում էր.
– Հաջի՛, ա՛յ ախմախ, գնա՛ իմ անկողինը վերցրու, բեր:
– Ինչ-որ բան ե՞ք ցանկանում,- հարցնում էր Հաջին, և տատիկը սաստիկ բարկանում էր: Չէր կարողանում ուղիղ կանգնել: Մարմնի ձախ հատվածը կիսաանդամալույծ վիճակում էր: Հենվում էր պատին ու կառչում սեղանի պռունկից: Քեռիի տանը հաստատվելու առաջին գիշերը երկու տարեկան երեխայից էլ չարաճճի էր: Ես ու քեռին բռնեցինք նրա թևերից և դժվարությամբ ստիպեցինք, որ անկողին մտնի: Չէր ենթարկվում: Բղավեց.
–  Ա՜խ, Հոմայո՜ւն: Քեզնի՞ց ում բողոքեմ: Ինչի՞ ճգնավոր դարձար: Գրողը տանի էդ Հնդկաստանը: Հերդ քո դարդից մեռավ: Ուզում էր՝ իրավաբան դառնաս, դատեր պաշտպանես: Գնացիր խոտակեր հնդիկ դարձար: Տես՝ ինչ ես դարձել: Ոնց որ նիհար էծ լինես:
Հաջին տատիկի ձեռնափայտը նրա կողքին դրեց և իր իսկ ոտքի կոճին զգաց ձեռնափայտի առաջին հարվածը: Այդպիսի հարված չէր ակնկալում: Ցավից գալարվեց և բերանը կիսաբաց՝ ապշած քեռիին նայեց:
– Գրողը տանի քեզ, – բարկացավ տատիկն ու ձեռնափայտը դրեց իր անկողնու մոտ:
Վաղ առավոտից սկսած՝ արթնանալուն պես, Հաջիին հրամաններ էր տալիս, իսկ եթե քեռի Հոմայունի շունը ոտքը հյուրասենյակ էր դնում, բղավում էր: Հաջիին ասել էր՝ իր համար մի քանի քար բերի ու դնի կողքին: Ջիմին անտեղյակ, ուրախ-զվարթ սենյակ էր մտնում ու թափահարում պոչը, երբ մի մեծ քար էր դիպչում գլխին, և կաղկանձելով փախչում էր: Տատիկը սովորականից ավելի կամակոր էր դարձել: Ցանկանում էր, ինչպես նախկինում, տան բացարձակ գերիշխողը լիներ և չէր կարողանում: Ոտքը ցավում էր, և անդամալույծ էր դարձել: Ամեն օր մի վիթխարի բուժքույր էր գալիս ու իր գործերն անում: Տատիկն ընդունակ չէր լսել որևէ մեկին: Բուժքրոջ հետ էլ էր լեզվակռիվ անում և կողքով անցնող յուրաքանչյուրին խփում էր ձեռնափայտով:

Կյանքն անցնում էր քնի ու արթնության արանքում: Պատերազմը շարունակվում էր: Ստիպված էինք ապրել մթության մեջ: Քեռի Հոմայուն մոմի լույսի տակ էր գիրք կարդում, մենք էլ նավթի լամպ ունեինք: Տատիկը գիշերները լսում էր իր բարձի մոտ դրված մարտկոցով աշխատող ռադիոն: Մայրիկն իր բոլոր ունեցվածքը պահել էր պայուսակում: Վախվորածությամբ նրա փողերն էինք ծախսում: Քեռին առատաձեռն էր, և թեպետ շատ գումար չուներ, բայց և ուշադիր էր, որ մեր ուտելիքներից մեկը չպակասի: Ես տատիկի, մայրիկի ու ինձ համար դրսից՝ տան մոտի մթերային խանութից, հավի սենդվիչ կամ կոտլետ էի գնում, քեռին մի մեծ թաս աղցան ու մրգերով բեռնված զամբյուղ էր դնում սեղանին: Հաջին միայն բրնձով փլավ էր ուտում՝ վրան մածուն կամ լոլիկ, և ափսեի պարունակությունը կիսում էր Ջիմիի հետ:
Կյանքը վերափոխվել էր մի մեծ սպասումի: Ես սպասում էի համալսարանի վերաբացմանը: Տատիկը սպասում էր մորաքույր Զիբայի վերադարձին, իսկ մայրիկը՝ պատերազմի ավարտին ու Իրանից մեկնելուն: Քեռի Հոմայունը միակ մարդն էր, որ ո՛չ անցյալից էր խոսում, ո՛չ էլ մտածում ապագայի մասին: Ասես ժամանակը նրա համար հենց այսօրն էր: Տան ժամացույցը կյանքի միակ գոյն էր և վազ էր տալիս ժամանակի հետևից: Տատիկը, մայրիկն ու ես, որպես լուռ ու անփոփոխ արարածներ, հին երազի մեջ էինք: Սպասում էինք, թե ինչ-որ մի բան կլինի, և որևէ մեկը մեր հետևից կգա: Մեր աղոթքները իրականություն դարձան:

Հյուրասենյակի ապակե դուռը բացվում էր բակի կողմը: Ուզում էի գնալ քնել երբ լսեցի՝ այդ դուռն են ծեծում: Լամպը վառված էր, բայց խավար լույս էր տալիս: Ապակու հետևում մի աղոտ ստվեր էր երևում: Երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա՝ մի բարձրահասակ տղամարդ է կանգնած դռան հետևում: Հովարով գլխարկ էր դրել: Սիրտս թպրտաց: Դուռը ենթագիտակցաբար բաց արեցի, ուղեղս չէր աշխատում, և նախքան կփորձեի հարցնել՝ ով է, տղամարդը դուռը հրեց ու ներս մավ: Բարևեց: Տատիկը նստած աղոթում էր: Հասկացավ, որ իր մեջքի հետևում ինչ-որ բան այն չէ: Շրջվեց և ուշադիր նայեց ինձ ու անծանոթ հյուրին: Հարցրեց.
– Դուք ո՞վ եք:
Պարոնը, ի նշան հարգանքի, հանեց գլխարկն ու ասաց.
– Հանգի՛ստ եղեք: Ես ձեզանից որևէ մեկին վնասելու մտադրություն չունեմ: Ձեր տնից մեկ-երկու իր կվերցնեմ ու կգնամ:
– Բա՛րձր խոսիր, ի՞նչ ասացիր,- հարցրեց տատիկը:
Տղամարդը ասածն ավելի բարձր կրկնեց, շիկնեց և գլուխը կախեց: Հանեց թաշկինակը, ճակատի քրտինքը սրբելով՝ ասաց.
– Ներեցեք, Ձեր թույլտվությամբ, այս ժամացույցն ու թասը վերցնեմ, գնամ:
Տատիկն իր տեղից կիսով չափ վեր կացավ: Վերցրեց ձեռնափայտն ու բղավեց.
– Օրհնությո՜ւն, ինչ տեսակ գող, ասես՝ տեսել էինք, հիմա էլ՝ կրթված գող, թույլտվություն խնդրող գող: Չլինի՞ խենթ ես: Ճամփովդ գնա, թե չէ կհայտնվես մութ բանտախցում,- և վերցնելով մի քար՝ նետեց հարգարժան գողի ուղղությամբ: Գողը նվվաց, ձեռքը քթին դնելով՝ ասաց.
– Չէի կարծում՝ այդքան անքաղաքավարի ու ամբարտավան կլինեք:
– Սպասի՛ր, քեզ ցույց կտամ, – ասաց տատիկն ու իր կեղծ հրացանը հանելով բարձի տակից՝ պահեց գողի վրա:
Գողը մեխվեց իր տեղում.
– Հարգելի՛ տիկին, խնդրում եմ՝ հրացանը մի կողմ դրեք: Ձեզ վայել չէ:
Տատիկը հրճվանքով վերև բարձրացրեց հրացանը.
– Ձեռքերդ վե՛ր:
Գողը հնազանդվեց: Ես մինչև հիմա գող չէի տեսել: Շարժվել չկարողանալու աստիճան սարսափած էի: Տատիկը՝ ընդհակառակը, զվարթության մեջ էր: Ասաց.
–  Հիմա ոստիկանություն կզանգահարեմ:
Գողը, ձեռքերը ներքև իջեցնելով, ասաց.
– Խնդրում եմ՝ իմ ժամանակը անիմաստ բաներով չվատնեք: Ես շտապում եմ:
Տատիկը շրջվեց իմ կողմը.
-Լսեցի՞ր՝ գողը շտապում է: Պետք է դեռ երկու տուն էլ մտնի, գողություն անի:
– Խնդրում եմ՝ մի՛ հեգնեք: Ես դրանից ինձ վատ եմ զգում,- ասաց գողը՝ ուշադիր նայելով չինական թասերից մեկին:
Տատիկը գլխի ընկավ ու ասաց.
– Այս թասին ձեռք ես տվել, կկրակեմ: Սա աղջկանս է: Տվել է՝ պահեմ, ապա շրջվեց իմ՝ տեղում քարացածիս կողմ ու բղավեց.
– Քնել ե՞ս: Կանգնել ու նայում ե՞ս: Ի՞նչ ես բերանդ ջուր առել, կանգնել: Զանգի՛ր ոստիկանություն, Հաջիին կանչիր, բղավի՛ր «գող», հարևաններին իմա՛ց արա:            Գողը, մի քանի քայլ մոտենալով, ասաց.
– Խնդրում եմ՝ աղմուկ-աղաղակ մի՛ սարքեք, թե չէ կբարկանամ:
Տատիկը, նկատելով, որ գողը երկու քայլ հեռավորության վրա է կանգնած, հրացանի կոթով ամուր հարվածեց նրա ոտնաթաթին ու ձայնը գլուխը գցեց.
– Հաջի՜, գրողը քեզ տանի, հասի՛ր: Գող է մտել:
Գողը սաստիկ ցավերի մեջ էր: Քիթն էլ ուռել էր: Տրամադրությունն ընկավ ու կաղալով հեռացավ տատիկի մոտից: Միաժամանակ նկատեց, որ հրացանի կոթն ու փողը կոտրված են: Սկսեց ծիծաղել:
– Ա՛յ թշվառական, ինչի՞դ վրա ես ծիծաղում:
– Ձե՛զ վրա: Տրամադրությունս բարձրացավ: Լավ էլ առույգ պառավ եք:
– Տատուդ գերեզմանին կխնդաս:
Գողն անմիջապես շիկնեց ու ասաց.
– Հարգելի՛ տիկին, խնդրում եմ՝ հետևեք Ձեր խոսքերին: Չեմ ցանկանում Ձեզ հետ վատ վարվել:
Տատիկը ձեռնափայտը կրկին վերև բարձրացրեց և ասաց.
– Եթե ձեռքս հասնի, գլուխդ կփրշեմ: Ճիշտ եմ ասում, մոտ արի:
Ժամանակն էր, որ ես խառնվեի, սակայն ողջ մարմինս դողում էր, և լեզուս կապ էր ընկել: Գողը գլխի ընկավ, և ինձ թվաց, թե անհանգստացավ: Ասաց.
– Օրիո՛րդ, ես Ձեզ հետ որևէ գործ չունեմ: Դուք հանգստացրեք այս կնոջը, ես այս լամպն ու թասը վերցնեմ, գնամ:
– Գլուխդ պատին կտաս, անամո՛թ պոռոտախոս,- բղավեց տատիկը:
Հարգարժան գողը մի լավ բարկացել էր.
– Խնդրում եմ՝ չվիրավորեք: Ասացի՝ հետևե՛ք Ձեր խոսքերին:
Տատիկը սկսեց ծիծաղել.
– Օհո՜ հարգելի գողը նեղացել է: Ինչպիսի՜ հանցանք, հազար ներողություն: Ամբարտավա՛ն, եթե մարդ լինեիր, գողություն չէիր անի: Գիշերվա կեսին էլ սրա-նրա տուն ես եկել ու դեռ ամբարտավանություն ես անում:
Հերթն իմն էր, որ խառնվեի: Վախը տեղի էր տվել, և ինձ թվում էր, որ պարոն գողը վատ մարդ չէ: Ասացի.
– Պարո՛ն, տեսեք՝ սրանք մորաքրոջս իրերն են: Դուք կարող եք այս գորգը վերցնել:
Տատիկը ափերից դուրս եկավ.
– Էդ ո՞ւմ հաշվին ե՞ս լավություն անում: Ոտք էլ հո ունե՞ս, քացով խփի՛ր, դրան դուրս արա:
– Նախ և առաջ ես գող չեմ. մաթեմատիկայի ուսուցիչ եմ և որևէ մեկին թույլ չեմ տա ինձ վիրավորել:
Տատիկն ուզում էր բղավել, երբ ես խոչընդոտեցի ու ասացի.
– Շա՛տ լավ, պարո՛ն ուսուցիչ, վերցրե՛ք այս գորգն ու գնացեք:
– Անիծվի էն դպրոցը, որտեղ դու ուսուցիչ ես: Գո՛ղ ուսուցիչ:
Գողը գոլուխը կախեց: Դեմքը ծամածռեց: Ակնհայտ էր՝ իր համար էլ ծանր էր: Ասաց.
– Ժամանակավո՛ր գող, անցյալ տարի հեռացվեցի դպրոցից:
Տատիկն ընդհատեց նրան.
– Հավանաբար աշակերտների գրքեր-տետրերն էիր գողացել.
Գողը ձայնը բարձրացրեց.
– Ասացի՝ ես փողոցային գող չեմ: Եթե Ձեր տանից ինչ-որ մի բան վերցնեմ էլ, հենց վիճակս կարգավորվեց, կվերադարձնեմ:
– Մինչև էդ ես մեռած կլինեմ, քո վիճակն էլ կարգավորվողը չէ:
Գողը, գլուխը բարձրացնելով, ասաց.
– Այլևս այս նվաստացմաննն ու արհամարհանքին չեմ դիմանում,- և թևի տակ դրեց ոսկեզօծ ոտքերով ռուսական ժամացույցը:
– Հաջի՜, հասի՛ր,- բղավեց տատիկը:
Մայրիկի ննջասենյակի դուռը բացվեց, և մայրիկը գզգզված մազերով ներս մտավ: Հայացքը գցեց գողի վրա, ինձ վրա և շվարած կանգնեց: Չգիտեր՝ ինչ էր փնտրում: Մի վայրկյան աչքը կպավ, քիչ էր մնում՝ ընկներ, բայց ուշքի եկավ: Շրջվեց դեպի գողն ու ասաց.
– Գնա՛ ինձ մի բաժակ ջուր բեր:
Ես բռնեցի մայրիկի թևից, օգնեցի՝ բազմոցին պառկի: Տատիկն ասաց.
– Պահ, պահ, սրան տեսեք. հա՛մ գող է, հա՛մ՝ ուսուցիչ, համ էլ՝ ծառա:
– Ես կգնամ, ջուր կբերեմ,- ասացի ես:
Գողը ոսկեզօծ ժամացույցը զգուշորեն սեղանին դրեց և եկավ իմ հետևից: Ասաց.
– Ձեր թույլտվությամբ ես էլ մի բաժակ ջուր կուզեի:
– Դու գլուխդ պատին կտաս: Այս տեսակ աներես գող չէինք տեսել, – ասաց տատիկը:
Ես ու գողն արագ վերադարձանք՝ ջրի շշով ու երկու բաժակով: Մայրիկը գլուխը քաշեց բաժակի կեսը: Արթնացավ, նայեց գողին ու հարցրեց.
– Դուք ո՞վ եք:
– Գող է,- ասաց տատիկը:
Մայրիկը չըմբռնեց: Ժպտաց, քթի տակ ասաց «գող», ապա գլխի ընկավ: Հետ-հետ գնաց: Հարցրեց՝ գո՞ղ և ուշագնաց եղավ:
Գողն ինձանից շատ շփոթված էր: Մի փոքր ջուր ցողեց մայրիկի դեմքին ու նրան թափահարեց: Այդ պահին ներքև իջավ Հաջին ու բակի դռնով սենյակ մտավ: Նայեց գողին և ողջունեց:
Ջիմին էր պակաս. նա էլ եկավ: Գողը, նրան տեսնելով, ջղաձգվեց ու թռավ, թաքնվեց ճաշասենյակի աթոռի հետևում: Տատիկը սկսեց ծիծաղել:
– Թեյ կուզե՞ք,- գողին դիմեց Հաջին:
Գողը, գույնը գցած, ասաց.
– Պարո՛ն ջան, ես շներից սարսափում եմ:  Երեխա ժամանակ շունը ոտքս էր կծել: Խնդրում եմ՝ այս շանն ինձնից հեռու տարեք:
Մայրիկն աչքերը բացեց: Չէր հիշում՝ որտեղ է, ինչ է պատահել: Կարծեց, թե արդեն լուսացել է: Ասաց.
– Հաջի՛ հաց գնել ե՞ս, թեյը թրմել ե՞ս:
Ջիմին սիրում էր անծանոթներին: Պոչը թափահարելով՝ գնաց գողի կողմը: Ուզում էր հոտոտել նրա կոստյումն ու կոշիկները: Գողն աղմուկ բարձրացրեց: Աթոռը դիմացն արած՝ հետ-հետ շարժվեց:
Ես մայրիկի համար անհանգիստ էի: Վախենում էի՝ կրկին չուշաթափվի: Տատիկը հրճվանքի գագաթնակետին էր: Բղավեց.
– Ջիմի՛, հարձակվի՛ր, հաչա՛, ա՛յ քոսոտ շուն:
Մայրիկին տարա իր սենյակ, պառկեցրի անկողնում: Ասացի, որ վատ երազ է տեսել, և ոչ մի գող չկա: Վերևից քեռիի ձայնը լսվեց. Ջիմիին էր կանչում: Գողը, տեղում սառած, ասաց.
– Ես գնամ, ձեր ունեցածը չեմ ուզում: Միայն  ձեզ նախազգուշացնում եմ, որ ձեր իրերին ուշադիր եղեք: Իրական գողերը խիղճ չունեն: Ինձ նման չեն:
Ջիմին, քեռիին տեսնելով, սկսեց թռվռալ: Տատիկը մի քար նետեց նրա կողմն  ու բղավեց՝ գող է եկել, և քեռին չհասկացավ՝ ինչն ինչոց է:
– Պարո՛ն, հյուր ունենք,- ասաց Հաջին և իր կեղտոտ թաշկինակով սկսեց սենյակի մեջտեղում դրված սեղանի փոշին սրբել: Մինչ կփորձեինք պատմել իրողությունը, գողը, օգտվելով հարմար առիթից, վազեց իմ սենյակի ուղղությամբ և դուռը փակեց:
– Հաստատ մի բան վերցրել է: Հաջի՛, վազի՛ր, բռնիր դրան,- ասաց տատիկը:
Հաջին, գլուխը տարուբերելով, հարցրեց.
– Ինձ հետ էի՞ք:
Տատիկը ձեռնափայտով հարվածեց նրա ոտքին ու ասաց.
– Ա՛յ էշ, վազի՛ր գողին բռնիր:
Հաջին սկսեց հևալ: Ջիմին, զգալով նրա անհանգստությունը, կաղկանձեց: Քեռին ասաց.
– Ի՞նչ է պատահել: Լռեք՝ տեսնեմ, թե ինչ է եղել:
Մայրկը կրկին արթնացել էր, դուրս եկավ սենյակից: Վատ երազ էր տեսել: Եկավ հյուրասենյակ և նստեց տատիկի կողքին, սկսեց լաց լինել: Ջիմին, մոտենալով մայրիկին, դունչը դրեց նրա ուսին: Տատիկը ձենափայտով խփեց Ջիմիի մեջքին ու ասաց.
– Էս գրողի տարածին դո՛ւրս արեք: Կորի՛, ինձ չմոտենա՛ս: – Ապա գոռաց.- Գողն ի՞նչ եղավ, ո՞ւր գնաց:
Քեռին ապշած հարցրեց՝ ինչ է եղել:
– Այնտեղ է, թաքնված է,- իմ սենյակը ցույց տալով՝ ասաց տատիկը:
Քեռին գնաց սենյակ, ոչ ոքի չգտավ: Սենյակի պատուհանը բաց էր: Ողջ եղելությունը նրան պատմեցինք: Քեռի Հոմայունը հանգիստ մարդ էր: Գլուխը տարուբերելով՝ ասաց.
– Խեղճ մարդ: Մաթեմատիկայի ուսուցիչը ստիպված գողություն է արել: Գոնե մի քիչ գումար տայիք, օգնեիք: Ինչո՞ւ ինձ չկանչեցիք:
– Ա՛յ խելոք, էդքան խոսելու փոխարեն գնա՛ գողին գտիր: Սենյակում թաքնված է: Հաստատ մտել է մահճակալի տակ, – ասաց տատիկը:
– Ես ձեր տեղը լինեի, այս հնոտիքը կվաճառեի և գումարը նվիրատվություն կանեի,- ասաց քեռին:
Մայրիկին մի կերպ իր սենյակ տարա, պառկեցրի անկողնուն ու դուռը փակեցի: Քեռին ասաց՝ գնացե՛ք քնեք և բարձրացավ երկրորդ հարկ՝ իր սենյակ: Ջիմին ու Հաջին ևս հետևեցին նրան: Ես էլ իմ սենյակ գնացի ու պառկեցի մահճակալիս վրա: Արտասովոր գիշեր էր, լավ է՝ բարեհաջող ավարտվեց: Ձեռքս տարա, որ մահճակալիս կողքի լամպը հանգցնեմ, երբ նկատեցի՝ մայրիկի պայուսակը տեղում չէ. միշտ իմ մահճակալի մոտ էր լինում: Սիրտս թպրտաց: «Ա՜խ անիծյա՛լ» ի  վերջո իր գործն արեց: Նայեցի մահճակալի, սեղանի տակ. չկար: Ոտաբոբիկ, խենթի նման, երկու-երկու բարձրանում էի աստիճաններով: Ճամփի կեսին էի, երբ դռան զանգի ձայնը լսվեց: Ջիմին տեղից թռավ, ներքև վազեց: Մտածեցի՝ «բռնեցին», և ուրախությամբ քեռիին կանչեցի: Տատիկն էլ իր տեղից բղավեց.
– Գողին բռնեցին: Շատ լավ է: Անիծվի դա:
Քեռին, այդ գիշերվա անցուդարձից ուժասպառ, դուրս եկավ իր սենյակից և Ջիմիին ձայն տվեց: Հարցրեց՝ ով է, ինչ է եղել: Մինչ կփորձեր Հաջիի դեմն առնել, նա արդեն դուռը բացել էր: Տեղի ոստիկանությունից էին եկել: Աշխատակիցներից մեկն ասաց.
– Հարևաններից մեկը զեկուցել է, որ ձեր տան պատուհանից մի տղամարդ է դուրս թռել: Եկել ենք՝ տեսնենք, թե ինչ է պատահել:
– Ինչպես տեսնում եք, ոչինչ էլ չկա,- ասաց քեռին,- մենք ոչ ոքի չենք տեսել:
Երեքն էլ անեծքով լի մի հայացք նետեցին Ջիմիի ուղղությամբ, նրանցից մեկն ասաց.
– Այս գրողի տարած շանը դո՛ւրս տարեք:
Քեռին Ջիմիին անմիջապես դուրս հանեց սենյակից, հրեց բակի կողմը: Քեռին ուշադիր չէր, և չգիտեմ ինչու, այս կասկածելի անծանոթներից վկայական չպահանջեց: Ի՞նչ իմանայիր, որ չէին խաբում: Նրանց հագուստները նման էին պետական աշխատողների համազգեստին: Ցանկացա միջամտել, սակայն վախը լեզուս կապ էր գցել:  Ոստիկաններն անցան սենյակներով ու խոհանոցով, բարձրացան երկրորդ հարկ: Ապա հյուրասենյակ վերադարձան: Նրանց աչքն ընկավ սեղանի վրայի հնություններին: Տատիկը գունատվեց, ծնոտը դողդղաց: Նրանցից մեկն առաջացավ: Տատիկն այլևս չդիմացավ.
– Պարո՛ն, սրանք հնություն են: Ձեռք չտա՛ք. ուրիշինն են:
Ոստիկաններն ավելի հետաքրքրվեցին ու հարցրին՝ տերն ուր է:
– Ճամփորդության մեջ են: Շուտով կվերադառնան,- պատասխանեց քեռին:
– Սրանք հին իրեր են: Հին իրերն էլ, ըստ օրենքի, պատկանում են պետությանը: Մինչև տերերի գալը պետք է բռնագրավվեն,- ասաց նրանցից մեկը:
– Տերը ես եմ, ձեռք չտա՛ս,- ճչաց տատիկը:
Քեռին միջամտեց.
– Ներեցեք, մայրս վատառողջ է: Խնդրում եմ՝ հեռացեք:
Մայրիկը սենյակից դուրս էր եկել, հարցրեց.
– Դո՞ւք ով եք, ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք մեր տուն եկել:
Ջիմին հաչում էր ու թաթով պատուհանի ապակուն էր հարվածում:
– Սրանք ովքե՞ր են,- գոռաց մայրիկը:
Ես ու քեռին բռնեցինք նրա թևերից և քաշելով իր սենյակ տարանք: Այս անգամ սենյակի դուռը դրսից կողպեցինք:
Ոստիկանները սկսեցին պնակներն ու արձանիկները հավաքել: Համբերությունս հատեց: Չկարողացա ինձ զսպել, տղամարդկանցից մեկի դեմն առա ու ասացի.
– Մենք պետք է ձեր վկայականները տեսնենք,- և քեռիին հայացքով նշան արեցի:
– Քույրի՛կ, մի կող գնա,  թող մեր գործն անենք,- ասաց տղամարդը:
– Ես հիմա կզանգահարեմ ոստիկանություն, տեսնեմ՝դուք իրո՞ք ոստիկանութ-
յունից եք եկել:
– Խոսքերիդ հետևի՛ր: Իզուր գլխացավանք մի՛ ստեղծիր քեզ համար,- բղավեց տղամարդկանցից մեկը:
Նրա սպառնալիքը քեռիին վախեցրեց: Չէր ուզում՝ խառվեմ: Հասկացրեց, որ լռեմ: Նման խաղաղասեր քեռի ունենալու դեպքում ես ոչինչ չէի կարող անել:
Տատիկը, հակառակը, հանգիստ չուներ: Չէր լռում: Ուզում էր վեր կենալ, չէր կարողանում, անկարողությունից բղավում էր, ամբողջ տնով մեկ նրա ձայնն էր: Ոստիկանները ոչնչի ուշադրություն չէին դարձնում. հնություններն էին հավաքում: Տատիկը ճչաց.
– Ձեռք չտա՛ս: Աղջկանս է:
– Մայրի՛կ, մի՛ անհանգստացիր: Ամեն ինչ հետ կբերենք, հո գողացված չեն,- տատիկին գրկելով՝ ասաց քեռին:
Տատիկը բղավում էր, իսկ ոստիկանները, ուշադրություն չդարձնելով նրա աղաղակներին, իմ աղաչանքին ու քեռիի քաղաքակիրթ խնդրանքներին, ամբողջ եղած-չեղածը հավաքեցին, մեքենան դրեցին ու գնացին:
Մնացել էինք ապշած ու քարացած: Հանկարծ մտածեցինք, թե ովքեր էին նրանք: Արդյո՞ք իրական ոստիկաններ էին: Այնքան շփոթված էինք, որ մոռացանք նրանցից անվանաքարտ կամ որևէ այլ փաստաթուղթ պահանջել:
Տատիկը պապանձվել էր, լռելյայն տառապում էր: Մորաքույր Զիբայի հնությունները սեփական անձի չափ թանկ էին նրա համար: Ամեն երեկո՝ աղոթքի ժամանակ, Աստծուց օգնություն էր խնդրում ու ողբում: Հաջին ու Ջիմին էլ էին լռել և հիմնականում վերևում էին լինում: Տան առևտուրը, եփել-թափելը քեռիի վրա էին մնացել: Ապուրը կամ բրինձն առանց մսի էր եփում, և տատիկը բերան չէր տալիս:
Ամեն անգամ դուրս գնալիս աչքս հարգարժան գողին էր փնտրում: Մեկ-երկու անգամ հովարով գլխարկով մի տղամարդու տեսա: Հետևից վազեցի, բայց սխալվել էի: Քեռին, ի տարբերություն տատիկի, բավականին երջանիկ էր, որ հնությունների վտանգից ձերբազատվել էր:
Այս պատահարից վեց ամիս անց տատիկը ջերմեց և այլևս չճանաչեց որևէ մեկին: Զառանցում էր ու խոսում մի բացակա զրուցակցի հետ: Մի քանի անգամ մորաքույր Զիբայի անունը տվեց ու տնքաց: Ձմեռային մի ցուրտ կեսգիշեր էլ աչքերը փակեց, և սիրտը կանգ առավ: Ձեռնափայտն ու հրացանը կողքին էին: Մորաքույր Զիբան զանգահարեց Կանադայից և մոտ մեկ ժամ լաց եղավ: Գողերի մասին նրան ոչինչ չասացինք: Ասաց՝ ցանկանում է վերադառնալ, անտանելի է օտարության մեջ ապրելը: Մենակ է:

Համալսարանը բացվել էր, բայց կարգ ու կանոն չկար: Քեռի Հոմայունը մտահոգվում էր իմ դասերի ու ուսման համար և խրախուսում էր իմ ու մայրիկի Իրանից գնալը: Մայրիկի անձնագիրն ու նույնականացման քարտը պայուսակի մեջ էին: Առանց այդ փաստաթղթերի, ինչպե՞ս կարող էինք Իրանից գնալ:
Այդ դեպքերից երկու-երեք ամիս էր անցել, երբ կրկին մի տարօրինակ դեպք պատահեց: Տատիկն իրավացի էր. նոր կյանքը հասկանալու համար անհրաժեշտ է այլ տրամաբանություն ունենալ: Լսվեց դռան զանգի ձայնը: Այնպես էր ստացվել, որ դռան կամ հեռախոսի զանգի ձայնից սարսափում էինք: Քեռի Հոմայունը բարձրաձայն ասաց.
– Հաջի՛, դուռը չբացես: Նախ հարցրու՝ ով է:
Դռան հետևում գտնվողը չէր պատասխանում: Խուլ Հաջին էլ քեռիի հրահանգը չլսեց: Դանդաղ բաց արեց դուռը: Ոչ ոքի չտեսավ, բայց աչքը մի փաթեթի վրա ընկավ: Այն տուն բերեց: Մայրիկն ասաց.
– Ձեռք չտա՛ք: Հնարավոր է՝ ռումբ լինի:
Հաջին կապոցը սեղանին դրեց, և քեռին պոկեց վրայի թուղթը. մայրիկի պայուսակն էր: Մեր մեկնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը պայուսակում էին, գումարած մայրիկի փողերի երկու երրորդը և մի երկտող: Քեռին նամակը բարձրաձայն կարդաց մեզ համար. «Հարգելի՛ պարոն և տիկին, չեք պատկերացնի՝ որքան եմ ամաչում: Սակայն ձեզ ասել էի, որ ես գող չեմ: Կյանքը երբեմն մարդուն, առանց իր կամքի ու ցանկության, ստիպում է հանցանք գործել: Ձեր գումարից երկու հարյուր հազար թուման եմ վերցրել, բայց ինչ գնով էլ լինի, այն վերադարձնելու եմ: Ներեցե՛ք ինձ »:
Մի քանի ամիս անց ես ու մայրիկը մեր գործերը կարգավորեցինք և Ստամբուլ մեկնեցինք: Մի ծանոթ ունեինք, որը հավակնում էր, թե մոտ է Կանադայի դեսպանի հետ և կարող է մեզ համար այնտեղի վիզա ձեռք բերել:
Քեռուցս բաժանվելն ինձ համար ծանր էր, սակայն Թեհրանում մնալն այլևս անհնար էր:
– Ինձ համար մի՛ անհանգստացեք: Ես ու Հաջին միասին են ծերացել, իրար ուշադիր կլինենք,- ասաց քեռին:
Գրկեցի նրան: Դեմքս դրեցի նրա կրծքին: Վերնաշապիկից խնկի ու հնդկական համեմունքների հոտ էր գալիս. իր կատարած ճանապարհորդությունների բույրն էր:

***
Տասնհինգ տարին անցել է ակնթարթային արագությամբ: Ես Մաքգիլլի համալսարանի[3] հնդկական կրոնների և առասպելների բաժնի դոկտորատուրայի երրորդ կուրսում եմ սովորում: Թերևս քեռիի սերն է Հնդկաստանի նկատմամբ ինձ այս ուղղությամբ տարել: Պետք է կարճ ժամանակով մի ճանապարհորդություն կատարեմ դեպի Հնդկաստան: Ծրագիրս այն է, որ մի քանի օր մնամ Թեհրանում, տեսնեմ քեռի Հոմայունին և հնարավորության դեպքում, նրան էլ հետս Հնդկաստան տանեմ: Թեպետ գիտեմ, որ ուղեղի կաթված է ստացել և անկարող է շարժվել: Իրան վերադարձն ինձ համար հեշտ չէ: Ջանում եմ չտրվել կարոտին ու տխրությանը: Քնաբեր եմ խմում և ողջ ճանապարհին քնում եմ: Արթնանալուն պես տեսնում եմ՝ ուղևորները կանգնել են, վերցրել իրենց ձեռքի պայուսակները՝ չնայած որ ինքնաթիռը դեռ շարժման մեջ է, և ուղեկցորդուհիները խնդրում են վերադառնալ ու տեղավերվել:    «Իմամ Խոմեյնի»[4] օդանավակայանը ինձ համար նորություն է: Մյուսների հետևից վազում եմ: Կանանց մեծ մասը սևազգեստ է, բացառությամբ մի քանի երիտասարդ աղջիկների, որոնք գունավոր գլխաշորերով են: Հուզված եմ,  վախենում եմ ինչ-որ անսպասելի մի պատահարից: Հանկարծ անձնագիրս չվերցնե՞ն, իսկ եթե թույլ չտա՞ն՝ դուրս գամ: Վախենում եմ ազգանունիցս. թագավորական է:
Ահ ու սարսափով անձնագրերի վերստուգման հատվածով եմ անցնում: Բարեհաջող է ավարտվում: Ճամպրուկս եմ վերցնում և արագորեն դուրս փախչում օդանավակայանից: Որոշել եմ՝ այս երկու օրը «Շերաթոն» հյուրանոցում մնալ. նոր անունը չգիտեմ: Վարորդն ասում է՝ «Հոմա հյուրանոց»:

Ծանր գիշեր եմ անցկացնում: Հարյուր անգամ արթնանում եմ ու մտածում, որ շուտով քեռի Հոմայունին կտեսնեմ: Ինձ մեղավոր եմ զգում, ափսոսում եմ, որ չեմ կարողացել ավելի շուտ վերադառնալ: Բայց մայրիկիս հետ էի զբաղված: Ի՞նչ կարող էի անել:  Առավոտյան ժամը ութն է: Տաքսի եմ նստել: Քեռիի նոր տան հասցեն գրել եմ: Մի քանի տարի առաջ՝ նախքան կաթված ստանալը, ինձ գրեց, որ տունը վաճառել է (գումարի կարիք ուներ) և երկուսենյականոց բնակարան է գնել: Հաջիի մահից հետո էլ մի մարդ է վարձել, որը բոլոր գործերն անում է:
«Վանաք» հրապարակով ենք անցնում, թեքվում մի նեղ փողոց՝ համար 16: Ցեմենտաշեն ու հին կառույց է: Յուրաքանչյուր բնակարանի դիմաց մի փոքիկ պատշգամբ կա՝ լցված մանր-մունր իրերով, շամփուրներով, աթոռիկներով, բառացությամբ մի պատշգամբի, որտեղ դրված են մի քանի «շամդանի»-ների ծաղկամաններ: Վստահ եմ՝ քեռիի բնակարանն է: Գիտեմ, որ նրա հին տունը քանդել են և դրա տեղում մի բարձրահարկ շենք են կառուցել, լսել եմ նաև, որ մորաքույր Զիբայի տունն էլ դարձել է հնաոճ իրերի թանգարան: Մտածում եմ՝ անշուշտ նրա բոլոր հնություններն այնտեղ են: Որոշում եմ քեռի Հոմայունին տեսնելուց հետո այցելել մորաքույր Զիբայի տուն:
Քեռի Հոմայունի բնակարանը շենքի երկրորդ հարկում է: Զանգն եմ տալիս և փորձում արցունքներս զսպել: Ալեհեր ու սպիտակամորուս մի հարգարժան պարոն բաց է անում դուռը: Աչքերս լի են արտասուքով. նրա դեմքին ուշադիր չեմ նայում: Քեռիի մահճակալը հյուրասենյակում է: Թևերը մինչև բազուկները դուրս են վերմակից: Երկար ու ճերմակ վարսերը գխավերևում են հավաքված: Խիտ մորուքն էլ ամբողջությամբ սպիտակ է: Ձեն-բուդդիստների իմաստուններին է նմանվել: Աչքերը փակ են, բայց զգացվում է՝ գիտակցությունը տեղն է: Գլուխը հանդարտ իրար է տալիս: Գլխի է ընկնում: Հարցնում եմ.
–  Քե՛ռ, ինձ լսո՞ւմ ես,- այնքան լռելյայն ու խաղաղ էր, որ կմտածեիր՝ հեռացել է այս աշխարհից:
Հայացք եմ գցում շուրջս: Սենյակը կիսով չափ դատարկ է: Պատի տակ արդուկի սեղանն է, վրան՝ մի կույտ սավաններ ու հագուստներ:
Հարգարժան պարոնը հարցնում է.
– Թեյ կցանկանա՞ք:
– Ներեցեք, չեմ ուզում: Ինչպե՞ս եք ծանոթացել քեռիի հետ,- հարցնում եմ և այս անգամ նայում դեմքին: Նրա դեմքը ծանոթ է: Զգում է իմ հայացքը ու գլուխը կախում: Շիկնում է:
– Երկար պատմություն է, մի փոքր տարօրինակ:
– Ես սովոր եմ տարօրինակ պատմություններին: Խնդրում եմ՝ շարունակեք:
– Պատմելն ինձ համար ծանր է. ամաչում եմ: Եթե կհիշեք, մի գիշեր ձեր տուն եկա գողության:
Այնպես է անհանգստանում, որ սկսում է հազալ: Քրտնում է: Իր համար մի փոքր ջուր է լցնում: Աչքիս առաջ է հայտնվում նրա հին դեմքը: Ես էլ իմ չափով եմ տեղում քարացել: Ձեռքս դնում եմ քեռիի ձեռքին: Ասես օգնության կարիք ունեմ:
Հարգարժան պարոնը շարունակում է.
– Վերցրել էի Ձեր մայրիկի պայուսակը: Այնտեղից իմ կարիքների չափով որոշ գումար էի հանել:
– Այո՛, գիտեմ:
– Կինս հղի էր: Պետք է վիրահատեին, այլապես երեխան կմահանար: Այդ գումարով կնոջս կեսարյան հատումն իրականացրի: Բայց ուշք ու միտքս գումարի մնացածը տիրոջը հանձնելն էր: Հենց հաջորդ օրվանից գործի անցա: Տանն ուսուցչություն էի անում, երեխաների հետ հանրահաշիվ, երկրաչափություն պարապում: Օրվա կեսից էլ՝ մինչև երեկո, լվացքատանն էի աշխատում:
– Քեռի Հոմայունի հետ ինչպե՞ս ծանոթացաք:
Հարգարժան գողի անհանգստությունը պակասել է: Ասաց.
– Մի օր Հաջիին տեսա: Պատերից բռնվելով՝ քայլում էր: Ջիմիին էր կանչում. շանն էր փնտրում: Աֆղան մի բանվոր ինձ ասաց, որ ամեն օր գալիս է այս կողմերը ու շանն է կանչում: Խոսեցի նրա հետ, անմիջապես հարցրեց. «Պարո՛ն, շանս չե՞ք տեսել»: Օգնեցի՝ տուն վերադառնա: Ձեր քեռին տան հասցեն գրել էր և գնդասեղով ամրացրել Հաջիի կոստյումի օձիքին: Գիտեր, որ կկորչի: Տունդարձի ժամանակ ինձ ասաց, որ տատիկը հոգին Աստծուն է հանձնել, իսկ Դուք և Ձեր մայրիկը մեկնել եք Կանադա: Գնացինք տուն: Պարոն Հոմայունը գիրք էր կարդում: Սիրով ինձ նայեց: Ասաց՝ նստեմ: Ամեն ինչ նրան պատմեցի: Որոշեց՝ երեկոյան՝ լվացքաատն փակվելուց հետո, գամ և աշխատեմ իրենց համար: Աշխատանքս նրա հուշերը գրի առնելն էր, քանի որ ձեռքերը դողում էին: Ասաց, որ սա փոխհատուցումն է իմ պատքի:
– Ինչպե՞ս ես ժամանակ գտնում և քեռիին խնամում:
– Հաջիի մահից հետո որոշվեց, որ կինս գա և տան գործերն անի: Լվացքատունը ժամը յոթին փակվում է:  Ես գալիս եմ և գիշերում եմ այստեղ: Երբեմն քրոջս աղջիկը կամ եղբորորդիս են օգնում: Մեր ողջ ընտանիքը շատ է սիրում պարոն Հոմայունին: Այսօր իրեն լավ չէր զգում, ավելի շուտ եկա: Մեկ ժամից պետք է վերադառնամ: Եղբորորդիս կգա, մի՛ անհանգստացեք: Մենք մի ընտանիք ենք դարձել:
«Մի ընտանիք»: Երանի ես էլ այս ընտանիքի անդամը լինեի: Երանի նրանց…
– Այս հագուստներն ու սավանները դուք ե՞ք արդուկում:
– Երբեմն՝ ես, մեկ-մեկ էլ՝ կինս:
Քեռիի ճաշի ժամն է: Հարգարժան պարոնը՝ նախկին գողը (չգիտեմ էլ՝ նրան ինչպես անվանել), ինձ բացատրում է, որ քեռին կերակրվում է ստամոքսին միացված խողովակով: Նրա կերակուրը խնձորի ու գազարի հյութն է:
– Երբ հիվանդանոցում էր, բուժքույրերից մեկն ինձ սովորեցրեց: Այժմ ես եմ նրան կերակրում:
Չեմ կարողանում նայել: Դեմքով հպվում եմ քեռիի ձեռքին: Մի վայրկյան նրան եմ նայում: Ոտքերս առաջ չեն գնում, որ գնամ: Գիտեմ՝ իմ հետևից շուտով մի հավերժական դուռ էլ անվերադարձ կփակվի:
– Հանգիստ եղեք: Ես Ձեր քեռիի կողքից չեմ հեռանում: Ողջ կյանքովս եմ նրան պարտական: Տեսեք՝ կյանքը նման է մաթեմատիկայի. բոլոր իրադարձությունները շղթայված են իրար:
Գիտեմ, որ Իսլամական Հանրապետությունում օտար տղամարդուն համբուրելը հանցանք է: Ենթագիտակցորեն առաջ տարած դեմքս հետ եմ քաշում: Բայց նրա ճերմակ վերնաշապիկի բույրը հպվում է քթիս: Բուրում է այն ժամանակների քեռի Հոմայունի բույրով, խնկի ու Հնդկաստան կատարած ճամփորդությունների բույրով, աչքերով լսող Հաջիի և ծիծաղել սովորած Ջիմիի բույրով:

Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի

[1] Կա այսպիսի սովորություն, որ հոգիներին և չար ուժերին քշելու համար երկու կողում փչում են:

[2] Հինդոիզմի երեք գլխավոր աստվածներից մեկն է:

[3] Կանադայի պետական հետազոտական ինստիտուտն է, գտնվում է Մոնրեալում:

[4] Իրանում իսլամական հեղափոխության առաջնորդը: Նրա անունով է Թեհրանի միջազգային օդանավակայանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *