ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ / Ստեղծագործելը ճակատագիրս է

Ռաֆայել Նահապետյանը ժամանակակից հայ արձակի տաղանդավոր դեմքերից է: Պատմվածքներն ու վիպակները բարձր գնահատականի են արժանացել և´  ընթերցողների, և´  քննադատների շրջանում: Ցավոք, վերջերս, 64 տարեկանում, կյանքից հեռացավ Ռաֆայել Նահապետյանը, որը, չնայած կյանքի վերջին շրջանում քիչ ստեղծագործություններ էր հրամցնում ընթերցողին, սակայն անընդհատ ստեղծագործական պրպտումների մեջ էր:
Այդ պրպտումների լարվածության մեջ էր նաև 2009-ի հունվարին, երբ Ծաղկաձորի  գրողների ստեղծագործական տանը աշխատում էր նոր վիպակի վրա: Այդ շրջանում Աշոտ Գաբրիելյանը նրա հետ հարցրազրույց է անցկացրել, որը տպագրվել է «Ազատամտություն» թերթի 2009-ի 18-րդ համարում: Սա Ռաֆայել Նահապետյանի վերջին հարցազրույցներից է, որը Գրանիշը ներկայացնում է ստորև:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼԸ ՃԱԿԱՏԱԳԻՐՍ Է

-Պարոն Նահապետյան, Ձեր վերջին գիրքը` «…Եվ ծագեց խավարը», լույս է տեսել 2003-ին: Դրանից հետո Ձեր պատմվածքները հազվադեպ են երևում գրական մամուլում: Չե՞ք ստեղծագործում, թե՞…

-Թե: Միայն` «թե», քանի որ ստեղծագործելը ճակատագիրս է: Պարզապես երկու ձեռագիր վիպակ ունեմ, որոնք զարմանալիորեն արագ գրվեցին (դժվար եմ գրում), բայց արդեն երեք-չորս տարի է` դրանց վրա աշխատում եմ ու աշխատում: Ավարտուն ոչ մի տարբերակ ինձ ձեռ չի տալիս` չնայած երկուսից էլ, իբրև առանձին գործեր, հատվածներ եմ տպագրել ու իմ կողմից հարգված-վստահելի ընթերցողներից, քննադատներից ջերմ կարծիքներ եմ լսել, բայց նրանց հետ զրույցների ընթացքում պարզից-պարզ գիտակցել եմ, որ ասելիքս, գաղափարս ճիշտ չեն գիտակցվի: Ուստի շարունակում եմ աշխատել ու աշխատել: Այս տարի հաստատ որոշել եմ` մեկը վերջնականորեն ավարտել, կամ վերջնականորեն դեն նետել: Եթե մի բան չի ստացվում` չի ստացվում: Ես հավերժ համառողներից չեմ: Այս պատճառով է, որ պատմվածքներ համարյա չեմ գրում: Չնայած պետք է ասեմ, որ 2004-ին ու 2005-ին տպագրել եմ «Անջո հեծանիվը» և «Անջո ֆուտբոլի գնդակը» մանկական պատմվածքները, որոնք բացառիկ ընդունելություն գտան (այս տարի տպագրում եմ այդ շարքի երրորդ գործը` «Անջո ոստիկանության սերժանտը»), և գրքի ներկայացուցչական խոսքում «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը գրեց. «Հայ մանկական գրականության մեջ սրանք նորույթ են»: Իսկ Անուշ վարդանյանը գիտի, թե ինչ է ասում:

– Ձեր պատմվածքներում վերնագրերն ինքնատիպ կառուցվածք ունեն. «Մեղեդի երևակայական ջութակի համար», «Գունատ հարսնացու` կարևոր ու երկրորդական մանրամասնություններով», «Շեքսպիրյան ընթերցումներ` անիմանալի ավարտով» և այլն: Այսինքն` ընդգծում եք մի երևույթ, ապա առանձնացնում մի բնորոշ կողմ: Ինչպես են ծնվում այս վերնագրերը: Սկզբում վերնագի՞ր, ապա պատմվա՞ծք, թե՞ հակառակը:

– Ինքնատիպ են ոչ միայն պատմվածքներիս վերնագրերը, այլ հենց պատմվածքներս: Գործն այնպիսին պետք է լինի, որ անկախ այն բանից` կա՞ հեղինակի անուն ազգանունը, թե` չկա, ընթերցողը անմիջապես կռահի, թե ում գործն է կարդում: Սա համոզմունքս է ու ձգտումս: Վերնագրերը դնում եմ վերջում, և ծիծաղելի է այն, որ եղել են դեպքեր, երբ պատմվածքիս վրա ավելի քիչ ժամանակ եմ ծախսել, քան ինձ բավարարող վերնագիր գտնելու:

– Ձեր կարծիքով  ի՞նչն է փոխվել գրող-ընթերցող հարաբերություններում: Ինչպե՞ս է ներկայանում այն Ձեզ հիմա: Ինչպե՞ս եք պատկերացնում գրականության դերը հասարակության մեջ:

– Գրող-ընթերցող հարաբերություններում ՀԻՄԱ փոխվել է ամեն ինչ: Կտրականապես: Եկել են մարդկային միանգամայն նոր փոխհարաբերությունների որժեքների վերարժևորման ժամանակները: Սա բնական, իմաստավորված ու հոգեբանորեն պատճառաբանված-հիմնավորված գործընաց է, և ծիծաղելի է, երբ այն ընդունվում է, կամ չի ընդունվում, անխնա քննադատվում է, կամ մոլեռանդ պաշտպանվում: Այս գործընթացը ժամանակի թելադրանքն է, գոյավիճակը` մեր կամքից-ցանկությունից անկախ: Մարդիկ անկեղծ համոզվածությամբ, կամ ժամանակակից ձևանալու` թույլին հատուկ մոլուցքով սկսել են քամահրանքով վերաբերվել ԳՐՔԻՆ (գրականությանը), իսկ գրողներն էլ, հաշվի չառնելով իրական աշխարհում տեղի ունեցած ու ունեցող ահռելի տեղաշարժերը` շարունակում են պարտադրել իրենց կողմից անկասկած համարվող ճշմարտությունները, արժեքները: Ու սա երկուստեք անվստահության, օտարման պատճառ է դարձել: Իմ կարծիքով, սրանում ամոթալի, սխալ կամ անբնական ոչինչ չկա: Պետք է այդպես լիներ (իբրև հետևանք) ու լինում է: Բանն այն է, որ անհիշելի ժամանակներից ԳԻՐՔԸ  մրցակցությունից դուրս է եղել: ԳԻՐՔԸ և´  ճաշակի, և´  բարոյական նորմերի, և´  հոգևոր արժեքների միակ թելադրողն էր ու կարգադրիչը: Սակայն անսպասելիորեն ու արագ ամեն ինչ փոխվեց: Հրապարակի վրա հայտնվեցին հեռատեսիլը, համակարգիչը, բջջային հեռախոսը` անընդհատ ավելացող ու ամեն բնագավառ ընդգրկող զորությամբ: Եվ ստեղծվեց մի վիճակ, երբ ընթերցողը ընթերցելու ժամանակ չի կարողանում գտնել: Բայց եթե մարդկության ու քաղաքակրթության առաջընթացը անհնարին է պատկերացնել առանց այս բաների (հեռատեսիլ, համարգիչ, բջջային հեռախոս, ընդ որում` սրանք դեռ շատանալու են), ապա մարդկության ու քաղաքակրթության այդ նուն առաջընթացու հնարավոր չէ պատկերացնել և առանց ԳՐՔԻ: Պարզապես երկու կողմերն էլ միմյանց պետք է անկեղծ հարգանքով ու սիրով մոտենան և ոչ թե` արհեստական մրցություն մեջտեղ նետելով կամ անլիարժեքության կոմպլեքսից թելադրված չարությամբ ու թշնամանքով: ԺԱՄԱՆԱԿԸ` միակ որոշողն ու դատավորը, ամեն ինչ տեղը կդնի` ԳՐՈՂԸ` կգրի, ԸՆԹԵՐՑՈՂԸ` կընթերցի: Ի՞նչ վերաբերում է. «Ինչպե՞ս եք պատկերացնում գրականության դերը հասարակության մեջ» կետին, այսքանը կասեմ` այն ինձ պատկերանում է խոստովանահայր-ճշմարիտ հավատացյալ փոխկապակցությամբ: Միտքս պարզելու համար ահռելի ժամանակ ու ջանքեր են պետք, ուստի այսքանով կբավարարվեմ` հավատացած լինելով, որ ով ականջ ունի` կլսի:

– Հետևու՞մ եք մեր գրականության նորօրյա զարգացումներին, հատկապես` երիտասարդներին:

– Մի ժամանակ շատ ուշադիր էի հետևում, հիմա` չէ: Սակայն անկախ այն բանից կհետևեմ ես, կամ ուրիշները նորերի բերածին` նրանք գալիս են ու գալու են և հաստատում են իրենց ու հաստատելու են: Միայն թե կուզենայի, որ ինքնահաստատվելը ոչ թե նախորդների ջարդուփշուր անելուց սկսեն, այլ համաշխարհային գրականության մեծերին ծանոթանալուց, յուրացնելուց:

– Ո՞վ է Ձեր վստահելի ու խստագույն ընթերցողը:

– Տղաս` Հայկարամ Նահապետյանը:

Հարցազրույցը` Աշոտ Գաբրիելյանի

Share Button

4 Կարծիք

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Իրոք, հրաշալի արձակագիր կորցրինք, ով իր ներուժն ամբողջովին չէր բացահայտել: Սա, ի դեպ, Ռաֆոյի վերջին հարցազրույցն է, որ Աշոտը վարեց Ծաղկաձորում, երբ իր հետ հանգստանում էինք Գրողների հանգստյան տանը: Վիպակի վրա էր մեծ ջանադրությամբ աշխատում ու այդպես էլ չիմացանք, ավարտեց, թե չէ…

  • Աշոտ says:

    Արք ջան, ասեմ նաև, որ այս հարցազրույցը որքան իմն է, այնքան էլ քոնը, քանի որ հարցերի ձևակերպմանը ավելի շատ մասնակցություն դու ունեցար, պարզապես իմ անունը գրվեց, որովհետև այդ թերթում ես էի աշխատում:

  • Նառա Վարդանյան says:

    Տխրեցի..

  • Մի մարդ says:

    Աստված հոգիդ լուսավորի, Ռաֆայել Նահապետյան ջան… Ռաֆո ջան…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *