Էմմա Միքայելյան | Գիշերվա և լռության խորհուրդը

Գիշերվա և լռության խորհուրդը Վահան Տերյանի ‹‹Երկիր Նաիրի›› շարքում և դրա համատեքստային դրսևորումները

Լեզվախոսքային իրողությունների բացահայտումը իրականացվում է համապատասխան   խոսքաշարային միջավայրում, իսկ որպես խոսքային միջավայր առանձնացվում է գրական տեքստը, մասնավորապես՝ բանաստեղծության տեքստը՝ իր առավել հոգեբանական կողմնորոշմամբ: Լեզվախոսքային իրողությունները և ճանաչողական-մտածողական գործընթացը փոխկապակցված են, և այդ կապը նախ և առաջ շոշափելի է դառնում տեքստային այն հատվածներում, որտեղ կան լեզվական կամ խոսքային միջավայր ներկայացնող հասկացություններ՝ լեզու, խոսք, բառ, գիշեր, մութ, լռություն և նույն տեքստում վերջին նշած բառերի հետ հոմանշային և հականշային իմաստներ ձեռք բերող զույգեր, որոնք գեղարվեստական տեքստում ներկայանում են որոշ կերպայնացումներով և խորհրդանշայնացումներով:

Նախ և առաջ մենք ծանոթ ենք բառային (սիրուն-գեղեցիկ), ձևաբանական (պայուսակում-պայուսակի մեջ), շարահյուսական (սիրել-սիրվել), դարձվածքային (կյանքի աշուն-կյանքի մայրամուտ) հոմանիշների: Այս հոմանշային զույգերը քերականական իրողություններ են:

Սակայն, լեզվական հոմանիշներից բացի՝ պետք է տարբերակել նաև լեզվամտածողական հոմանշությունը[1]: Սա նույնպես ստեղծվում է բառերի միջև, սակայն, եթե բառային հոմանշության դեպքում բառերը ուղղակիորեն ունեն նույն կամ նման իմաստ արտահայտող մեկ կամ մեկից ավելի բառեր, ապա լեզվամտածողական հոմանշության դեպքում բառերի ուղիղ իմաստները այդքան էլ կապ չունեն միմյանց հետ. բառերը հոմանիշներ են ձեռք բերում գեղարվեստական տեքստում՝ իրենց խորհրդանշային իմաստներով:

Լեզվամտածողական հոմանշությունը, փաստորեն, ոչ թե քերականական, այլ տեքստային իրողություն է, որովհետև ոչ թե ի հայտ է գալիս լեզվի լեզվական-քերականական մակարդակում,        այլ տեքստի խորքային իմաստները բացահայտելու ժամանակ:

Այս դեպքում արդեն հնարավորություն է ստեղծվում բառի կիրառության ուղիղ իմաստից փոխաբերականի անցման համար, և այդ անցման արդյունքն է դառնում գեղարվեստական գրականությունը՝ տեքստը:

Այս իմաստով կարող ենք ասել, որ գրականությունը տեքստի միջոցով կարող է ստեղծվել լեզվի կառուցվածքի վրա, փոխել նրա իմաստային սահմանները, որովհետև գրականությունը, որպես տեքստ, լեզվական միավորներն անընդհատ զրկում է իրենց նախնական իմաստներից՝ դրանց հաղորդելով ոչ հիմնական իմաստներ:

Հայոց լեզվի հոմանշային բառարաններից մի քանիսը, թերևս ամենահինը[2] գիշեր բառի համար տալիս է հետևյալ հոմանիշները՝ ցայգ, խաւար, մթութիւն, աղջամուղջ:

Ա. Սուքիասյանի հոմանիշեների բառարանում կտեսնենք գիշերվա տարբեր ժամերի անվանումները[3]. 1-ին ժամը՝ Խավարակի: 2-րդ ժամը՝ Աղջամուջ: 3-րդ ժամը՝ Մթացյալ: 4-րդ ժամը՝ Շաղավոր: 5-րդ ժամը՝ Կամավուտ: 6-րդ ժամը՝ Բավական: 7-րդ ժամը՝ Խոթացյալ: 8-րդ ժամը՝ Գիզակ: Փաստորեն, Հին Հայաստանում հայերը օրվա մասերը՝ այս դեպքում գիշերը,  բաժանել են հավասար մասերի՝ ժամերի, և դրանց տվել հատուկ անուններ: Այսպիսով՝ երևույթից, հասարակ անունից օրվա յուրաքանչյուր մասը հնագույն մտածողության մեջ դառնում է որպես հատուկ անուն:

Մթնել իմաստի արտահայտման համար կան որոշ դարձվածքային միավորներ՝ գիշերը գալ, գիշերը ընկնել, գիշերը կոխել, գիշերը հասնել, գիշերը չոգել, գիշերը պատել, գիշերը վրա հասնել:

Այժմ տեսնենք, թե գեղարվեստական տեքստում՝ այս դեպքում Վ. Տերյանի բանաստեղծական շարքում, գիշեր բառը, ընդհանուր համատեքստից ելնելով, լեզվամտածողական ինչ հոմանշային և հականշային իմաստներ է ձեռք բերել:

Հետաքրքիր է, որ բանաստեղծական շարքը ի սկզբանե ունեցել է այլ վերնագիր. ‹‹Սարսափի գիշեր››, ինքնագրում՝ ‹‹Հսկումի գիշեր››, որը մատիտով ջնջել է, ապա ‹‹Գիշեր և հուշեր››: Հետաքրքիր է, որ ընտրված երեք վերնագրերում էլ գերիշխող է գիշեր բառը, որն անմիջականորեն կապ ունի բանաստեղծական շարքի յուրաքանչյուր բանաստեղծության և ընդհանուր տրամադրության հետ: Այս տեսանկյանից նաև պատահական չէ գիշերով հուշերին, հիշողությանը տրվելու մոտիվը: Շարքում կան բանաստեղծություններ, որոնք հենց վերնագրված են այսպես. ‹‹Գիշեր է և լռություն››, ‹‹Գիշեր››, ‹‹Հուշեր›: Շարքի բոլոր բանաստեղծությունները փոխկապակցված են թե՛ հոգեբանական և թե՛ լեզվամտածողական իմաստային կողմերից. դա ընդհանուրն է: Իսկ շարքի առանձին բանաստեղծություններին կոնկրետ վերնագիր տալը՝ ընդհանուրից անցումը մասնավորին:

Վ. Տերյանի լեզվամտածողական ատաղձում, գեղարվեստական ենթագիտակցությունում հետաքրքիր լեզվական-մտածողական հոշանիշներ են ի հայտ գալիս: Այս դեպքում բառը դադարում է գործածվել իր ուղիղ և հիմնական իմաստով և այդպիսով ձեռք է բերում փոխաբերական, խորհրդանշային իմաստ:

Գիշեր է իջել, լռել են  բոլոր

Աղմուկները չար, խոսքերը պատիր…

Հանգչում է վաղուց, անտուն ու մոլոր,

Թափառականը մեն ու տարագիր: (Շարքի 7-րդ բանաստեղծությունը՝ ‹‹Ինքնօրոր››)

Վ. Տերյանի լեզվամտածողության մեջ գիշեր և լռություն բառերը կապվում են լեզվամտածողական հոմանշությամբ,  և երկուսն էլ հոմանշության մյուս եզրով կապվում են մահ բառին:

Կրկին համընդհանուրից մասնավորին անցման ճանապարհին է  Վ. Տերյանը, երբ մահվան, գիշերվա ամբողջական տրամադրությունների, լեզվամտածողական հոմանշային շարքերը լրացնելուց հետո բանաստեղծական շարքի թվով 17-րդ բանաստեղծությունը վերնագրում է ‹‹Մահ››:

Լռությունգիշերմութմահ բառերի կողքին գեղարվեստական տեքստը տալիս է հականշային մյուս շարքը՝ կյանքձայներգ: Եթե լռություն է, գիշեր է, մահ, ապա կյանք չկա, ձայն չկա: ‹‹Հայերենի համատեքստում ձայնը կենդանության, լինելիության և գոյության պայման է, նշան, սակայն ոչ բոլոր ձայներն են, որ քաղաքակրթական գոյության պայման են: Ինչ է ասել քաղաքակրթական գոյություն: Երբ ձայնը լսվում է, ընկալվում է, վերածվում է խոսքի (խոսք դարձած ձայնը, որը լսում են):  Խոսքը դառնում է ձայնի քաղաքակրթության աստիճանը››[4]:

Գիշերմահլռություն լեզվամտածողական հոմանիշներն էլ ունեն իրենց ձայները: Ինչպես վերևում տեսանք, աղմուկները չար արտահայտությունն է, իսկ մյուս բանաստեղծության մեջ.

…Մարդոց ժխորը թողնեմ հեռանամ,

Լիք-լցված սրտով նստեմ միայնակ… (Շարքի 15-րդ բանաստեղծությունը)

‹‹Թվում է, թե հայերենի համատեքստում աղմուկ/ժխորն էլ է ձայնի մի տեսակ, սակայն կարևոր հագնամանք. աղմուկը դուրս է կյանքի, լինելության քաղաքակրթության նախանշող ձայնի ոլորտից. պատճառն այն է, որ աղմուկի դեպքում բացակայում է լսողը և չի կազմավորվում քաղաքակրթական (ասածը լսելու) միջավայրը, քանի որ խոսք գոյություն ունի միայն այն դեպքում, երբ ասողին լսող կա››[5]: Այս դեպքում էլ պատահական չեն մեն ու տարագիր, միայնակ բառերի և ապա նաև հոգեվիճակի արտահայտումը:

Անվերջ գիշերի մռայլ վիհերում

Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում.

Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում,

Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում:

… ինչու՞ է շուրջս աշխարհը լռում,

Ո՞վ է իմ հոգու լույսերը մարել: (Շարքի 8-րդ բանաստեղծությունը)

Գիշերմութխավարմահ լեզվամտածողական հոմանիշների հակառակ բևեռն է լույսը: Լույսի կյանքի խորհրդանիշն է ինքնին: Վերը նշվեց, որ ձայնն էլ է կյանքի ու լինելության նախապայմանը: Այստեղ պատահական չեն մենակ և  ճչալ, ապա նաև կանչել բայի ժխտական կիրառումը: Ըստ երևույթին՝ աղմուկի նման ճչալը նույնպես չի ձևավորում քաղաքակրթական լինելության պայմանը. լսողը բացակայում է. այդ է վկայում հերոսի մենակ լինելը, և կանչել բայի ժխտումը վերստին հաստատում է հերոսի մենակությունը:

Այս դեպքում էլ կարծես լեզվամտածողական հոմանիշների շարքը ընդլայնվում է մեկ բառով ևս. գիշերմութխավարմահմենակություն:

Չգիտեմ՝ որտեղի՛ց է գալիս

Ջութակի հեկեկանքը տրտում

Եվ լալիս է անվերջ ու լալիս

Եվ անվերջ ծավալվում իմ սրտում:

Անհույս է այդ երգը, որպես մութ

Գիշերըս, գիշերըս աշունքվա.-

Կարծես՝ սուգ են անում և անգութ

Եվ դառը լալիս են իմ վրա…(Շարքի 13-րդ բանաստեղծությունը)

Ինչպես աղմուկը, ճիչը, այնպես էլ լացն է ձայնի մի տեսակ: Սակայն ոչ թե կյանքի, լինելիության, այլ հենց մահվան: Հետաքրքիր է, որ հեկեկալու, լացելու կողքին Վ. Տերյանը բերում է ձևաբանական մեկ այլ հոմանիշ՝ սուգ են անում:  Հետաքրքիր է, որ բանաստեղծական շարքում կարմիր թելի նման անցնում է լացելու, հեկեկալու, լացելով տառապելու  մոտիվը: Սա պատահական չէ. եթե ամբողջ բանաստեղծական շարքը կազմված է  գիշեր-լռություն-մահ/ կյանքի չգոյություն մոտիվով, ապա լացելը, որպես ձայնի մի տեսակ, լրացնում է այդ չգոյությունը և ապա նաև լեզվամտածողական հոմանշության շարքերը.

Հետաքրքիր և պատահական չէ աշուն բառի, երևույթի, մոտիվի առկայությունը.

Այս ցուրտ հյուսիսի թախծալի աշնան

Անրձևոտ օրվա մութ երկնքի տակ,

Ամայի դաշտում նստեմ միայնակ,

Մեռնող հուշերըս փայփայեմ ու լամ… (Շարքի 15-րդ բանաստեղծությունը)

Աշնան տխրահեծ անձրևի նըման,

Անձրևի նըման լալիս են անվերջ… (Շարքի 6-րդ բանաստեղծությունը)

Աշունը լեզվում իր փոխաբերական իմաստով գործածվում է որպես կյանքի ավարտի իմաստով. կյանքի աշուն: Այս իմաստով հետաքրքիր է տերյանական աշունքվա գիշեր արտահայտությունը: Այս քառատողում կոնկրետ աշնանային տրամադրություններ են՝ թախիծ, անձրևոտ օր, մութ գիշեր, միայնության զգացում:

Փաստորեն, այսքան փոխկապակցված տեքստային հոմանիշներից, տրամադրություններից հետո նույն տրամադրություններին համապատասխանող գունաշարը/գունային գամման այլևս պատահական չէ. մահը, կյանքի բացակայությունը ունեն իրենց գույները տերյանական մտածողությունում. սրտի դատարկը անգույն, դալուկ վարդեր, գունատ դեմք, մշուշոտ լույս, ցուրտ բոց, սառն աչքեր, սև գիշեր, սև ճանապարհ, սև երկինք, սև խոսքեր, մութ ուղի, մութ գիշեր:

Այսպիսով՝ տեքստի հոգեբանությունը, համատեքստը և ճանաչողական լեզվաբանությունը հնարավորություն են ընձեռնում գեղարվեստական տեքստում գտնել լեզվաճանաչողական հոմանշային-հականշային շարքեր՝ այդպիսով ավելի խորը վերլուծելով գեղարվեստական տեքստը և հեղինակային բանաստեղծական տիրույթը:

[1] Եզրույթը բ.գ.թ., դոցենտ Թադևոս Տոնոյանինն է:

[2] http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=10

[3]http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=25&dt=HY_HY&query=%D5%A3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80

[4] Թ. Տոնոյան, Հայերենի տեքստը և լեզվամտածողական արժեհամակարգը, Վաչագան Բարեպաշտ հրատարակչություն, 2016, էջ 236:

[5] Նշվ. աշխ., էջ 219:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *