Երբ նավը դանդաղ մոտեցավ նավահանգստին, մենք ճանաչեցինք ավերակների առջեւ գտնվող նստարանին նստած ծերունուն: Երեք հարյուր տարի առաջ մարդը կարող էր նույնքան հեշտությամբ նստել այդտեղ`ծխելով իր ծխամորճը, եւ նա չէր հրաժարվի այն մտքից, որ ծխամորճը, կրակայրիչը եւ Վուլուորթի գլխարկը հեշտությամբ կարող են տեղափոխվել տասնյոթերորդ դար: Ծերունին իրեն մոտեցրեց ֆիլմը նկարահանող տեսախցիկը, որը Ջորջը խնամքով պահպանել էր նավախելում. հավանաբար հարյուրավոր տարիներ առաջ բարոյականության երգիչները, քարոզիչ վանականները վայրէջք էին կատարել այդ նավահանգստում այնպես, ինչպես մենք կատարեցինք: Ծերունին բարձրացրեց գլխարկը. նրա մազերը ճերմակ էին, շերտավոր ու հաստ: Հետո նա նավակը մոտեցրեց ափին, մենք ցատկեցինք այնտեղ եւ ժպտալով միմյանց հետ հետեւյալ խոսքերը փոխանակեցինք` «չքնաղ օր », «հաճելի օր », «հիասքանչ օր »: Ողջույնը շատ պարզ է այն երկրներում, որտեղ անձրեւի աստվածները սպառնում են փոխել եղանակը, եւ հենց որ մենք ոտք դրեցինք փոքրիկ կղզու հատակը, թվում էր, թե ժամանակը պտտվում էր մեր շուրջը հորձանուտի պես: Անհնար է նկարագրելը, թե որքան խիտ ու հագեցած է ծառերի եւ մարգագետինների կանաչը. նրանք կանաչ ստվերներ են գցում Շանոնի վրա, նրանց կանաչ լույսը կարծես հասնում է դեպի երկինք, որտեղ ամպերը շուրջկալել են արեւը մամռոտ ստվերի պես: Աստղերից թափվող արծաթե դրամների մասին հեքիաթը կարելի էր խաղարկել այստեղ: Կանաչ կամարները սահում են կղզու վրայով, արեւի ճառագայթներն ընկնում են մարգագետինների եւ ծառերի վրա, իսկ հին մանրադրամն ընկնում է ճագարի մեջքի վրայից այն ժամանակ, երբ նա ցատկում է դեպի մարգագետինը:
Ծերունին ութսունութ տարեկան է, նա Սուն Յաթ-Սենի եւ Բուսոնիի ժամանակակիցն է, ծնվել է այն ժամանակ, երբ Ռումինիան վաղուց արդեն թագավորություն չէր: Նա չորս տարեկան էր, երբ Դիկկենսը վախճանվեց, եւ մեկ տարով մեծ էր դինամիտից, ինչը բավական էր ժամանակին նրա թույլ ցանցն ընկնելու համար: Այն ավերակը, որի առջեւ կանգնած էր ծերունին, դարասկզբի գոմի ավերակ էր, սակայն հիսուն քայլ այն կողմ կար վեցերորդ դարից մնացած մեկը, որտեղ սուրբ Կիարան տասնչորս դար առաջ եկեղեցի էր կառուցել: Նրանք, ովքեր չունեն հնագետին հատուկ խորաթափանցություն, չեն կարողանա տարբերակել քսաներորդ դարի պատերը վեցերորդ դարի պատերից, քանի որ դրանք բոլորը փայլփլուն կանաչ են եւ պատված են ոսկեգույն արեւի բծերով: Բոլոր վայրերից շատ Ջորջն այստեղ էր ցանկանում փորձարկել գունավոր ֆիլմի նոր տեխնիկան, եւ ծերունին, որը մեկ տարով մեծ էր դինամիտից, համարվում էր վիճակագիր: Սիգարետով ծխամորճը բերանին`նա պետք է նկարահանվեր Շանոնի ափին, մայրամուտի ժամանակ, իսկ մի քանի օր անց այդ ֆիլմը պետք է ցուցադրվեր ամերիկյան էկրաններին: Իսկ ծերունին կսկսեր կարոտել ԱՄՆ-ի բոլոր իռլանդացիներին եւ արցունքոտ աչքերով կսկսեր երգել: Միլիոնավոր անգամներ կրկնվող, կանաչ լույսով քողարկված, մայրամուտի արեւով լուսավորված կապույտ, շատ կապույտ ծուխը պետք է դուրս գա խողովակից, որպեսզի տեսանելի լինի:
Խոսելու համար, սակայն, նախ եւ առաջ պետք էր թեյ խմել, շատ թեյ, իսկ այցելուները պետք է իրենց տուրքը մատուցեին նորություններին, քանի որ, չնայած ռադիոյի եւ թերթերի գոյությանը, լուրը դուրս էր գալիս այն մարդու բերանից, ում ձեռքը սեղմել ես, ում հետ թեյ ես խմել. իրական քաշ նա ունի: Մենք թեյ խմեցինք լքված առանձնատան բուխարու սենյակում, ծառերի մշտական մուգ կանաչ ստվերը կարծես կանաչավուն էր ներկել պատերը, իսկ Դիկկենսյան ժամանակների կահույքը, թվում է, թե պատել էր կանաչ մահուդով: Անգլիացի պաշտոնաթող գնդապետը, որը մեզ տեղ էր հասցրել իր նավով, երկար, խճճված մազերով եւ մորուքով նմանվում էր Ռոբինզոն Կրուզոյի եւ Մեֆիստոֆելի խառնուրդին, ուղղորդում էր զրույցը, թեեւ, ես, ցավոք, լավ չէի հասկանում նրա անգլերենը: Այդ իսկ պատճառով էլ նա բարեհաճ կերպով փորձում էր խոսել դանդաղ, շատ դանդաղ: Սկզբում ես այդ խոսակցությունից հասկացա ընդամենը երեք բառ`Ռոմել, պատերազմ եւ արդարություն, հասկացա նաեւ, որ Ռոմելի արդարությունը պատերազմում գնդապետի սիրելի թեմաներից մեկն էր: Ինձ շեղեցին նաեւ ծերուկի երեխաները, թոռները, ծոռները, որոնք ճաշասենյակ էին բերում թեյ, ջուր, հաց, թխվածք (հինգ տարեկան երեխան եկավ կես թխվածքաբլիթով եւ այն դրեց սեղանին`որպես իրենց բարեկամության նշան). նրանք`բոլոր երեխաները, թոռները, ծոռներն ունեին սրածայր, եռանկյունաձեւ չարաճճի, գրեթե սրտաձեւ դեմք, որը հաճախ ներքեւից երկրի վրա է նայում այնպես, ինչպես ջրում լող տվողներն են նայում ֆրանսիական տաճարների աշտարակներին:
Ջորջը նստած էր`պատրաստի տեսախցիկը ձեռքին, սպասում էր արեւի մայր մտնելուն, սակայն արեւը հապաղում էր այդ օրը մայր մտնել: Ինձ թվում էր, թե մայրամուտն ուշանում է, եւ գնդապետն իր սիրելի թեմայից անցավ մյուսին: Նա խոսում էր ոմն Հենրիի մասին, որը Ռուսաստանում պատերազմի ժամանակ հերոս էր թվում: Ծերունին երբեմն ապշած նայում էր ինձ կլոր, բաց կապույտ աչքերով, եւ ես գլուխս էի թափահարում: Արդյո՞ք ես պետք է ուրանամ ինձ անծանոթ Հենրիի հերոսությունը, որը նրան էր վերագրել Ռոբինզոն Մեֆիստոն: Վերջապես արեւը պատրաստվում էր մայր մտնել, եւ այն ավելի էր մոտենում հորիզոնին, ավելի էր մերձենում ԱՄՆ-ի հեռուստատեսության սիրահարներին, իսկ մենք դանդաղ վերադառնում էինք Շանոնից: Արեւն արագ մայր էր մտնում, ծերունին հապճեպ լցրեց ծխամորճը, հապճեպ ծխեց, եւ քանի որ արեւը նոր էր հասել հորիզոնի ստորին ծայրին, այդ պատճառով էլ նա դադարեցրեց ծխելը: Ծերունու սիգարետի քսակը նույնպես դատարկ էր, իսկ արեւն արագ սահում էր հորիզոնում: Բայց որքա՜ն մարած է երեւում չծխող ծխամորճը մայրամուտին դեմ-հանդիման կանգնած գյուղացու բերանում. ֆոլկլորային ուրվագիծ, արծաթագույն մազեր`կանաչ լույսի տակ, վարդագույն ճակատ: Ջորջն արագ գրպանից դուրս քաշեց մի զույգ սիգարետ եւ մտցրեց ծխամորճի մեջ: Վառ կապույտ ծուխը բարձրացավ, եւ հենց այդ ժամանակ արեւը կիսով չափ թաքնվեց մոխրագույն հորիզոնի հետեւում: Հաղորդավարուհին, որը նկարվելիս կորցնում էր իր փայլը, ծխեց ծխամորճը, տեսախցիկը ճռռաց, իսկ արծաթագույն մազերը փայլեցին. ողջույններ թանկ հայրենիքից`Ձեր թաց իռլանդական աչքերին: «ԱՄՆ-ում ի հայտ է եկել բացիկի այս նոր ձեւը. «Մենք խաղում ենք Ձեզ հետ» »,- ասաց Ջորջը հիասքանչ մեղեդիով:
Ֆոլկլորը գրեթե միամտության է նման, երբ թվում է, որ այն ունես, իսկ հետո պարզվում է, որ չունես: Ծերունին մի քիչ տխուր կանգնած էր, երբ արեւը մայր մտավ, կապտամոխրագույն մթնշաղը բարձրացրեց կանաչ շղարշները: Մենք գնացինք նրա մոտ, հետո ավելի շատ սիգարետներ բացեցինք եւ լցրեցինք ծխամորճի մեջ: Հանկարծ եղանակը զովացավ, ամեն տեղից սկսեց խոնավություն փչել, եւ կղզին` այդ փոքրիկ թագավորությունը, որը երեք դար բնակեցված էր ծերունու ընտանիքով, ավելի մեծ թվաց, ջրի մեջ կիսով չափ ընկղմված, սպունգի նման կիսով չափ դուրս ցցված, որը խոնավությունը ներծծում է ներքեւից: Ծխնելույզի կրակը մարեց, դյուրավառ կաթսան մթնշաղի մեջ ընկավ մացառուտի վրա, եւ երբ մենք դանդաղ քայլեցինք դեպի փոքրիկ նավահանգիստը, ծերունին մոտեցավ եւ տարօրինակ հայացք նետեց ինձ վրա: Ես շփոթված էի նրա հայացքից, քանի որ թվում էր, թե այն ակնածանք է պարունակում, թեեւ ինձ ամենեւին ակնածանք չներշնչեց: Նախքան իմ`նավ նստելը, նա մտերմիկ, ամաչկոտ եւ անկեղծ հույզերով սեղմեց ձեռքս:
«Ռոմել »,- ասաց նա կամացուկ եւ դանդաղ. նրա ձայնը թվում էր առասպելական:
«Հենրի »,- ասաց նա, եւ այժմ այն ամենն, ինչ նախկինում ասվել էր Հենրիի մասին, հանկարծ ջրի նմուշի պես հառնեց իմ առջեւ, որը տեսանելի է միայն հատուկ լուսավորության ներքո: Ես հասկացա, որ այդ Հենրին ես եմ: Ջորջը ցատկեց կողքիս նավակի մեջ. նա հասցրել էր արագ նկարահանվել սբ. Կիարան մատուռում` մթնշաղի մեջ: Հետո Ջորջը քմծիծաղ տվեց, երբ տեսավ իմ դեմքը: Ես շունչ քաշեցի, խորը շունչ քաշեցի, որպեսզի խմբագրեմ առասպելը: Պատմության համար ազնիվ չէր լինի Ռոմելին, Հենրիին այդպես թողնելը, բայց նավակն արդեն ազատ էր արձակվել, Ռոբինզոն Մեֆիստոն միացրել էր շարժիչը, եւ ես կղզուց աղաղակում էի. «Ռոմելը պատերազմ չէր գնացել, Հենրին հաստատ հերոս չէր, իսկ ծերունին հասկացավ երեք բառ`Ռոմել, Հենրի եւ հերոս »: Հետո ես ցածրաձայն գոռացի մեկ բառ`ո՛չ, ո՛չ, ո՛չ:
Շանոն կոչվող այդ փոքրիկ կղզում, որտեղ օտարը հազվադեպ է ոտք դնում, հիսուն կամ գուցե հարյուր տարի հետո մարդիկ դեռ կպատմեն Ռոմելի, պատերազմի եւ Հենրիի, ինչպես նաեւ`մուգ շիկացած ծխնելույզների մասին: Այսպիսով`այն ամենն, ինչը մենք անվանում ենք պատմություն, թափանցում է մեր ներաշխարհի հեռավոր անկյունները: Ո՛չ Ստալինգրադը, ո՛չ միլիոնավոր սպանվածները, ընկածները, ո՛չ եվրոպական քաղաքների խեղված դեմքերը պատերազմը չեն կոչի Ռոմելի, Հենրիի անուններով եւ այն չեն անվանի արդար: Ով այնտեղ էր անձամբ եւ դուրս էր գտնվում խավարից, բղավեց` ո՛չ, ո՛չ, ո՛չ. մի բառ, որը կարող էր սխալ ընկալվել, հետեւաբարեւ`ցանկալի էր առասպելներ ստեղծելու համար:
Ջորջը ծիծաղելով կանգնեց իմ կողքին: Նա իր տեսախցիկում նույնպես մի առասպել էր ընդգրկել: Դա մթնշաղի մեջ հայտնված սբ. Կիարան մատուռի եւ ալեհեր, երազկոտ ծերունու մասին էր: Մենք դեռ կարող էինք տեսնել նրա ձյունաճերմակ, փայլող, հաստ մազերը`հեռավոր փոքր նավահանգստի պատին: Մի կտոր արծաթ`մթնշաղի թանաքի մեջ: Փոքրիկ կղզին` թագավորությունը, իր բոլոր սխալներով եւ ճշմարտություններով հանդերձ, սուզվեց Շանոնի մեջ, եւ Ռոբինզոն Մեֆիստոն, թիակը բռնած, ինքն իրեն խաղաղ ժպտաց:
«Ռոմել »,- ասաց նա կամացուկ,- «դա հնչում է որպես երդում » :
1. Վուլուորթ- ընդհանուր առեւտրի մանրածախ խանութների նախկին ամերիկյան ցանց, որը վերաճեց բազմազգ կորպորացիայի`չորս մայրցամաքների մասնագիտացված մանրածախ խանութների մեծ հավաքածուով: Դրա կենտրոնակայանը գտնվում էր Նյու Յորք քաղաքում: Ընկերությունը հիմնադրել է Ֆրանկ Ուինֆիլդ Վուլուորթը:
2.Շանոն- ամենամեծ գետն Իռլանդիայում, որը Մեծ եւ Ռոյալ (Արքայական) ջրանցքներով կապվում է Դուբլինի հետ:
3. Սուն Յաթ-Սեն- չինացի հեղափոխական, բժիշկ, փիլիսոփա, ամենահայտնի չինացի քաղաքական գործիչներից մեկը: Սուն Յաթ-Սենը հետմահու ստացել է «ազգի հայր » տիտղոսը:
4. Ֆերուչիո Բուսոնի- իտալացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, խմբագիր, գրող եւ ուսուցիչ:
5. Կիարան- ավանդական իռլանդական անուն: Կիարան մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ականավոր առաջնորդների եւ սրբերի շնորհիվ, որոնցից երկուսը Իռլանդիայի Տասներկու Առաքյալներից են: Սուրբ Կիարան Կրտսերը օգնեց կառուցել մի վանք, որը դարեր շարունակ դարձավ Իռլանդիայի գլխավոր հոգեւոր եւ կրթական կենտրոնը:
«Իռլանդական օրագիր » գրքից
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի