Էլիաս Կանետտի | Նոբելյան բանախոսություն

Ձերդ մեծություն, Ձերդ թագավորական վսեմություն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք:
Դուք շատ բան եք պարտական ձեր ծանոթ քաղաքին եւ մեկին, ում ցանկանում եք ճանաչել, եթե երկար ժամանակ ապարդյուն տենչում եք նրան: Գուցե եւ ավելին եք պարտական: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքում կան հատուկ քաղաք-աստվածություններ, որոնց պատկերներն առանձնանում են սպառնալիքների, անսահմանության կամ բանավոր խոսքի միջոցով: Ինձ համար դրանք երեքն էին՝ Վիեննան, Լոնդոնն ու Ցյուրիխը:
Գուցե պատահականությանը վերագրվի, որ դրանք երեքն են, բայց այս համընկնումը դեռ կոչվում է Եվրոպա, եւ որքանո՞վ կարելի է դրա համար կշտամբել Եվրոպային: Այն ամենի վրա, որը չի փոխանցվել այսօրվան, ծանրացած է շնչառության ստվերը, որի ներքո էլ ապրում ենք: Եկե՛ք նախ դողանք Եվրոպայի համար:
Մայրցամաքը, որին այդքան պարտական ենք, ունի նաեւ շատ մեղքեր, եւ նրան ժամանակ է պետք՝ իր մեղքերը հատուցելու համար:
Մենք սրտանց մաղթում ենք նրան մի ժամանակ, երբ մեկը մյուսի բարեգործությունը կարող էր տարածել երկրով մեկ, մի ժամանակ, երբ ցանկալի կլիներ, որ ամբողջ աշխարհում որեւէ մեկը Եվրոպայի անունն անիծելու հիմքեր չունենար: Իմ կյանքում այս ուշացած, յուրահատուկ Եվրոպային պատկանել է չորս մարդ, որոնցից ես չեմ կարող բաժանվել: Առաջինը գերմանալեզու մեծագույն երգիծաբան Կարլ Կրաուսն է: Նա ինձ սովորեցրեց վայելել Վիեննայի հնչյունների անսասան հրապույրը:
Շատ ավելի էական է, որ նա ինձ պատվաստեց պատերազմի դեմ, պատվաստում, որն այն ժամանակ շատերի համար էր անհրաժեշտություն: Արդեն այսօր, սկսած Հիրոսիմայից, յուրաքանչյուրը գիտի, թե որն է մեր միակ հույսը: Երկրորդը Ֆրանց Կաֆկան է, որին մանկուց հնարավորություն տրվեց վերափոխվել եւ այդպիսով խուսափել իշխանությունից: Ես նրա հետ ամբողջ կյանքում մասնակցեցի մի ուսմունքի, որն ամենից անհրաժեշտն էր: Երրորդը եւ չորրորդը Ռոբերտ Մուզիլն ու Հերման Բրոխն են, որոնց ես ճանաչում եմ Վիեննայի ժամանակներից:
Ռոբերտ Մուզիլի ստեղծագործությունը շարունակում է ինձ հրապուրել մինչ օրս, հավանաբար միայն վերջին տարիներին եմ կարողացել լիովին ընկալել այն:
Այն ժամանակ, Վիեննայում, նրա ստեղծագործության միայն մի մասն էր հայտնի, եւ այն, ինչ ես սովորեցի նրանից, ամենաբարդն էր: Հիրավի, համարձակություն է պահանջվում, որպեսզի տասնամյակներ շարունակ ձեռնարկես մի գործ՝ առանց իմանալու, թե արդյոք այն հնարավո՞ր է հասցնել ավարտին: Դա մի համարձակություն է, որը հիմնականում բաղկացած է համբերությունից, եւ որը պահանջում է գրեթե անմարդկային համառություն: Հերման Բրոխի հետ ես մտերմացել էի: Չեմ կարծում, թե նրա ստեղծագործությունն ինձ վրա ազդեցություն էր գործել, բայց նրա հետ շրջագայելիս իմացա այն նվերի մասին, որը նրա ստեղծագործությունն իրականության էր վերածել: Այդ նվերը նրա շնչառական հիշողությունն էր: Այդ ժամանակներից ես շատ եմ մտածել շնչառության մասին եւ տարվել եմ դրանով: Ես անհնար եմ համարում այսօր չմտածել այդ չորս մարդու մասին: Եթե նրանք դեռ ողջ լինեին, նրանցից մեկն իմ տեղում կլիներ:
Մի՛ համարեք մեծամտություն, եթե ես արտասանում եմ մի բան, որի վերաբերյալ պատշաճ որոշման չեմ հանգել:
Ես սրտանց կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ, եւ հավատում եմ, որ դա կարող եմ անել այն դեպքում, եթե նախ եւ առաջ հրապարակայնորեն ընդունեմ իմ մեղքն այս չորսի առջեւ:

1981թ. դեկտեմբերի 10, Ստոկհոլմ:

Գերմաներենից թարգմանեց Թագուհի Հակոբյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *