(Մաս 3)
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՊԸ
Աբսուրդի նոսր օդով ապրող այս բոլոր կյանքերը չէին կարող հարատևել, եթե որևէ խոր ու հաստատուն միտք խթան չհանդիսանար։ Տվյալ դեպքում խոսքը հավատարմության յուրօրինակ զգացողության մասին է։ Եղել են ողջամիտ մարդիկ, որոնք ամեն ու անհեթեթ պատերազմների ժամանակ կատարել են իրենց պարտքը և չեն էլ մտածել, որ իրենք իրենց հակասում են։ Կարևորը նրանց համար եղել է պարտականություններից չխուսափելը։ Ճիշտ այդպես աշխարհի աբսուրդության հավաստումը դառնում է յուրօրինակ մետաֆիզիկական երջանկություն։ Նվաճումն ու խաղը, անթիվ-անհամար սերերը, աբսուրդ ընդվզումը այն մարտերի ընթացքում դրսևորված մարդկային արժանապատվության արտահայտություններն են, ուր տվյալ անձը նախօրոք դատապարտված է պարտության։
Պարզապես պետք է չխախտել մարտի կանոնները։ Այս միտքը ներքին ինքնավստահության ներշնչելու համար բավական է՝ դրա վրա են հենվել ու հենվում բազմաթիվ քաղաքակրթություններ։ Պատերազմն անհնար է ժխտել։ Պատերազմի ժամանակ կամ մեռնում են, կամ կենդանի մնում։ Այդպես Էլ աբսուրդը՝ պետք է շնչել նրանով, յուրացնել դասերը, միս ու արյուն դարձնել։ Այս իմաստով ստեղծագործությունն ամենամեծ աբսուրդ երջանկությունն է։
«Արվեստը, միայն արվեստը,— ասում է Նիցշեն,— արվեստը մեզ տրված է ճշմարտությունից չմեռնելու համար»։
Փորձառությունը, որ ես ուզում եմ նկարագրել, ներկայացնել տարբեր տեսանկյուններից, անառարկելիորեն վկայում է, որ հենց ավարտվում է հերթական տառապանքը, սկսվում է նորը։ Մոռացության միամիտ փնտրտուքները, եղածով բավարարվելու կոչերն անարձագանք են մնում։ Աշխարհին հակադրվելու մշտական լարվածությունը, ամեն ինչ ընդունելու օրինականացված անհեթեթությունը մարդուն նետում են մի այլ տենդի մեջ։ Նման մթնոլորտում ստեղծագործելը դառնում է սեփական գիտակցությունը հիմնավորելու, արկածախնդրությունը արդարացնելու միակ միջոցը։ Ստեղծագործել նշանակում է երկու անգամ ապրել։ Պրուստյան անվստահ ու տագնապալի պրպտումները, ծաղիկների, գարդակարերի մանրակրկիտ հավաքածուները, տագնապները հենց դա են նշանակում։ Ամեն դեպքում նման որոնումներն ավելի մեծ իմաստ չունեն, քան այն անվերջանալի երկունքը, որին իրենց ողջ կյանքում տրվում են դերասանը, նվաճողն ու բոլոր աբսուրդ մարդիկ։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է նմանակել, պատկերել, վերստեղծել իր ապրած իրականությունը։ Ի վերջո մենք ընդունում ենք մեր ճշմարտությունների կերպարանքը։ Հավերժությունից երես թեքած մարդու համար գոյությունը՝ աբսուրդի դիմակով կատարվող անվերջանալի մնջախաղ է։ Ստեղծագործելը ինքնին մնջախաղի հոյակապ ներկայացում է։
Աբսուրդ մարդիկ նախօրոք գիտեն դա, այդ պատճառով ամեն ջանք թափում են ուսումնասիրելու, յուրացնելու, զարդարելու համար անապագա կղզին, ուր հենց նոր ափ են ելել։ Այո՛, նախ իմացություն է պետք, որովհետև աբսուրդի բացահայտումը համընկնում է ժամանակի այն դադարին, ուր գալիք կրքերը բորբոքվում և արդարացում են ստանում: Նույնիսկ Ավետարանը չընդունող անձինք ունեն իրենց Ձիթենյաց լեռը, որի վրա սակայն նույնպես չի կարելի անվրդով ննջել։ Աբսուրդ մարդու խնդիրը ոչ թե բացատրություն և վճիռ գտնելն է, այլ զգալն ու զգացածը նկարագրելը։ Ամեն ինչ սկսվում է հեռատես անտարբերությունից։
Աբսուրդ մտածողության ամենամեծ հնարավորությանը նկարագրելն է։ Նույնիսկ գիտությունը բախվելով իր իսկ հակասությունների շղթային, դադարում է ինչ-որ բան առաջադրելուց և գոհանում է երևույթների նախաստեղծ բնույթը ներկայացնելով ու հիանալով։ Այդ ժամանակ է սիր-տը գզում, որ աշխարհի հարուցած զանազան ապրումները ոչ թե աշխարհի ենթադրվող խորության, այլ բազմազանության արդյունք են։ Մեկնաբանությունն անիմաստ է դառնում, զգացողությունը մնում է, հետը՝ աշխարհի անսպառ, անթիվ կանչերը։ Այսպես է հասկանալի դառնում արվեստի ստեղծագործության տեղը։
Յուրաքանչյուր երկ իրենից ներկայացնում է որոշակի փորձառության մահն ու բազմապատկումը։ Այն ասես աշխարհի գործիքավորած թեմաների միապաղաղ ու զգացմունքային կրկնությունը լինի։ Օրինակ՝ տաճարների վերնամասերում անընդհատ հանդիպող մարմնի, ձևերի ու գույների, թվերի ու տառապանքի թեմաները։ Վերջապես անհետաքրքիր չէ այս էսսէի հիմնական թեմաներին հանդիպել ստեղծագործողի գրավիչ ու պարզունակ աշխարհում։ Սխալ է, իհարկե, արվեստի գործը խորհրդանիշ համարելն ու կարծելը, որ այնտեղ կարելի է աբսուրդից ապաստան գտնել։ Այն ինքնին աբսուրդի արգասիք, է խնդիրը լոկ նկարագրությունն է։ Ստեղծագործականը մեր մտավոր տառապանքին ելք չի կարող առաջադրել։ Ընդհակառակը, այն մարդկային մտածողության վրա իր կնիքը թողնող տառապանքի արտահայտություններից մեկն է։
Բայց արվեստի երկն առաջին անգամ մտածողությանն ստիպում է դուրս գալ իր սահմաններից, դնում ուրիշ մարդկանց առաջ ոչ թե շփոթ ստեղծելու, այլ ճշգրիտ ցույց տալու համար անելանելի ճանապարհը, որով մենք բոլորս ընթանում ենք։ Աբսուրդ տրամաբանության դեպքում ստեղծագործական երկունքը դառնում է անկողմնակալ և ի ցույց դնում դա, նշում կետը, որտեղից սկիզբ են առնում աբսուրդ զգացմունքներն ու դադարում խորհրդածությունները։ Դրանով է արդարանում աբսուրդ ստեղծագործության տեղն այս էսսեում։
Բավական է ստեղծագործողի և մտածողի համար մի քանի ընդհանուր թեմաներ բացահայտել, որպեսզի արվեստի ստեղծագործության մեջ գտնենք աբսուրդ մտածողության բոլոր հակասությունները։ Իրոք, նրանց մերձեցնում է ոչ այնքան եզրահանգումների նմանությունը, որքան հակասությունների ընդհանրությունը։ Սա վերաբերում է մտածողությանը, և թե ստեղծագործությանը։ Հազիվ թե հարկ լինի նշելու, որ այս երկուսին էլ մարդուն մղում են միևնույն նախնական տվայտանքները։ Ահա թե ինչու խմորման շրջանում խոհական ու ստեղծագործական երևույթները համընկնում են։ Բայց աբսուրդից սերվող մտածողություններից շատ քչերն են մինչև վերջ իրենց սահմանների մեջ մնում, և հենց այդ շեղումներից ու անհետևողականությունից էլ ես եզրակացնում եմ, թե ինչն է, իրոք, միայն աբսուրդին առնչվում։ Միաժամանակ հարց է ծագում՝ արսուրդ ստեղծագործություն կարո՞ղ է լինել։
Հարկ է նշել, որ արվեստի ու փիլիսոփայության հին հակասությունը բավական կամայական է։ Ճշգրիտ իմաստով՝ նույնիսկ սխալ։ Եթե դրանով ուզում են շեշտել, որ մարդկային մտավոր գործունեության այս երկու ձևերից յուրաքանչյուրն իր յուրահատկություններն ունի, թերևս, ճիշտ է, բայց անորոշ։ Միակ ընդունելի փաստարկը իր ուսմունքի մեջ ներամփոփված փիլիսոփայի և իր ստեղծագործության դիմաց կանգնած արվեստագետի հակասությունը գտնելն է: Բայց սա վերաբերում է արվեստի ու փիլիսոփայության որոշ տարատեսակներին, որ մենք երկրորդական ենք համարում։ Արվեստն արվեստագետից տարանջատելու գաղափարը ոչ միայն հին է, այլև՝ սխալ։ Սովորաբար նշում են, որ ի տարբերության արվեստագետի, փիլիսոփան համակարգ չի ստեղծում։ Բայց դա ճիշտ է այն չափով միայն, ինչ չափով ճիշտ է, որ ամեն արվեստագետ տարբեր ձևերով միշտ նույնն է պատկերում։ Արվեստի անդադար կատարելագործումը, մշտական նորացման անհրաժեշտությունը ճիշտ են լոկ որպես նախապաշարում։ ՉԷ՞ որ արվեստի գործը նույնպես յուրօրինակ կառուցվածք է, և յուրաքանչյուրին հայտնի է, թե մեծ ստեղծագործողները որքան միանման են։ Մտածողի պես արվեստագետն էլ իրեն դնում է իր ստեղծագործության մեջ, վերամարմնավորվում։ Այս փոխներգործությունից է առաջանում գեղագիտության էական դրույթներից մեկը։ Բացի այդ, բոլորն էլ գիտեն, թե մտածողության միասնականության ձգտման տեսակետից որքան անիմաստ է մեթոդների ու օբյեկտների տարանջատումը։ Ոչ մի սահման չկա այն հասկացությունների ընկալման միջև, որ մարդն ստեղծում է իմացության ու սիրո համար։ Դրանք փոխներթափանցված են, համակված նույն տագնապով։
Սա անհրաժեշտ է հենց սկզբից ասել։ Որպեսզի հնարավոր լինի աբսուրդ գործ ստեղծել, անհրաժեշտ է կիրառել մտածողության ամենապարզ տեսակը։ Բայց միաժամանակ անհրաժեշտ է, որ այն հանդես գա բացառապես մտքի թելադրած սկզբունքով։ Նման միտումը հենց աբսուրդով է բացատրվում։ Արվեստի երկը ծնվում է մտածողության՝ կոնկրետից վերանալու հատկությունից։ Յուրաքանչյուր երկ հանդիսանում է մարմնականի հաղթանակը։ Մտածողության պարզությունն է արվեստի գործ հղանում ու հենց դրանով ինքն իրեն ժխտում։ Նման մտածողությունը չի տարվում նկարագրությանը որևէ խոր միտք հաղորդելու գայթակղությամբ, այն համարում է անիմաստ։ Արվեստի երկը մարմնավորում է մտածողության դրաման, բայց դա անուղղակի է արտահայտվում։ Անհրաժեշտ է, որ աբսուրդ երկի հեղինակը ճշգրիտ իմանա իր և այն արվեստի սահմանները, ուր կոնկրետն իրենից բացի ոչ մի այլ բովանդակություն չունի։ Արվեստի գործը չի կարող կյանքի նպատակ, իմաստ ու մխիթարություն լինել։ Ստեղծագործելը կամ չստեղծագործելը ոչինչ չի փոխում։ Աբսուրդ հե-ղինակն առանձնապես չի դողում իր ստեղծածի վրա, կարող է հեշտությամբ հրաժարվել, հաճախ այդպես էլ անում է։ Նա ունի իր Հաբեշստանը ։
Հենց սա կարելի է համարել գեղագիտության կանոններից մեկը։ Արվեստի իսկական ստեղծագործությունը միշտ էլ մատչելի է մարդուն, չնայած ավելի քիչ ասում, քան ենթադրվում է։ Որոշակի կապ գոյություն ունի արվեստագետի ընդհանուր փորձառության և այդ փորձի արտահայտությունը հանդիսացող ստեղծագործության, օրինակ, Գյոթեի հասունության և «Վիլհելմ Մեյստեր»-ի միջև: Այդ կապը կեղծ է, երբ արտահայտվում է ձևավորված անձեռոցիկի՝ այսինքն բացատրական գրականության միջոցով։ Եվ, ընդհակառակը, եթե ստեղծագործությունը անձնական կենսափորձի մի հավաստի բեկորն է, ուր ադամանդի նման անվերջ շողարձակվում են ներքին փայլատակումները, կապը դառնում է ճշմարիտ։ Առաջին դեպքում ստեղծագործությունը գերծանրաբեռնված է և ունի հավերժության հավակնություն, երկրորդ դեպքում՝ արգասավոր, որովհետև կենսափորձը, որի հարստության մասին մենք գլխի ենք ընկնում լոկ, ենթատեքստային է։ Աբսուրդ ստեղծագործողի խնդիրն ապրելու կարողությամբ գրելու կարողությունը գերազանցելն է։ Այս առումով մեծ արվեստագետը միշտ մեծ կյանքով ապրող անձնավորություն է, եթե նկատի ունենանք, որ ապրել տվյալ դեպքում նշանակում է ոչ միայն խորհրդածել, այլև զգալ։ Հետևաբար յուրաքանչյուր ստեղծագործության մարմնավորում է մտավոր դրամա։ Աբսուրդ ստեղծագործությունը հավաստումն է այն բանի, որ մտածողությունը հրաժարվում է իր առաջնայնությունից, մնում սոսկ բնական ուժ, որը ներկայացնում է միայն երևույթների արտաքին կողմն ու կերպավորում անիմաստությունները։ Եթե աշխարհում ամեն ինչ պարզ լիներ, արվեստը կարող էր գոյություն չունենալ։
Էլ չեմ խոսում պլաստիկ ձևերի կամ գույների արվեստի մասին, ուր գերիշխողն իր չափավորությամբ հիացմունք պատճառող նկարագրողականությունն էԺԷ։ Արտահայտչականությունն սկսում է այնտեղ, որտեղ ավարտվում է մտածողությունը։ Տաճարներն ու թանգարանները լցրած պարապ աչքերով դեռահասների դիմանկարներն ու դիմաքանդակներն իրենց ողջ փիլիսոփայությունն արտահայտում են կեցվածքով։ Աբսուրդ մարդու համար այն ավելի ուսուցողական է, քան լեփլեցուն գրադարանները։ Յուրովի, բայց գրեթե նույնությամբ սա վերաբերում է նաև երաժշտությանը։ Երաժշտությունն արվեստի հենց այն տեսակն է, որը բացարձակապես զերծ է ուսուցանելու միտումից։ Եվ այնքան մոտ է մաթեմատիկային, որ չի կարող փոխ չառնել նրա պայմանականությունները։ Պայմանական ու կարգավորված կանոններով ոգու այդ խաղն ինքն իր հետ տեղի է ունենում մեր լսողության սահմաններում, որից այն կողմ թրթիռները բախվում են տիեզերական պարապությանը։ Ավելի պարզ զգացողություն չի կարող լինել։ Օրի-նակները շատ են։ Աբսուրդ մարդն իրենն է համարում այս ներդաշնակությունն ու ձևերը։
Սակայն ես կուզեի խոսել այն ստեղծագործությունների մասին, ուր բացատրելու գայթակղությունը չափազանց մեծ է, պատրանքայնությունն ինքնին հասկանալի, ուր եզրահանգումները գրեթե անխուսափելի են։ Ես նկատի ունեմ վիպասանությունը։ Տեսնենք կարո՞ղ է աբսուրդն այնտեղ իր համար հուսալի անկյուն գտնել։
Մտածել, ամենից առաջ նշանակում է ցանկանալ ինչ-որ աշխարհ ստեղծել (կամ որ նույնն է՝ սահմանազատել սեփական աշխարհը)։ Այլ կերպ ասած, ելնել մարդուն իր կենսափորձի անջրպետող հիմնարար հակասությունից՝ գտնելու համար սեփական ձգտումներին համապատաս-խանող նրանց համատեղության հենարանը՝ բանական պատճառներով սահմանափակված կամ համանմանությամբ մատչելի դարձած մի աշխարհ, ուր հնարավոր լինի հաղթահարել այդ անհանդուրժելի երկպառակությունը։ Փիլիսոփան, եթե անգամ Կանտ է, հանդես է գալիս որպես ստեղծագործող, ունի իր կերպարները, խորհրդանշանները, հնարանքները։ Նույնիսկ լուծումները։ Դրան հակառակ, չնայած արտաքին երևույթներին, վեպը պոեզիայի և էսսեի համեմատությամբ ներկայացնում է արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանը։ Իհարկե, խոսքը միայն ու միայն նշանակալից վեպերի մասին է։ Ժանրի կարևորության ու բեղունության մասին հաճախ են դատում երկրորդական գործերով։ Վատ վեպերը առկայության պատճառով չի կարելի մոռանալ լավագույնների արժանիքները։ Իրոք, սրանցից յուրաքանչյուրը մի աշխարհ է պարփակում։ Վեպն ունի իր տրամաբանությունը դատողության ձևը, ներըմբռնումն ու կանխադրույթները Նաև պարզության միտումըԺԸ։
Դասական հակադրությունը, որի մասին հիշատակվեց վերևում, այս դեպքում ավելի քիչ է արդարանում և արժեք ուներ միայն այն ժամանակ, երբ շատ հեշտ էր փիլիսոփայական ուսմունքն իր հեղինակից զատելը։ Իսկ այժմ, երբ մտածողությունը համապարփակության հավակնություն չունի, երբ նրա լավագույն պատմությունը մեղանչումների պատմությունը կլիներ, մեզ հայտնի է, որ ցանկացած լուրջ ուսմունք իր հեղինակից անբաժանելի է։ Ինչ-որ տեղ «էթիկան» նույնիսկ երկար ու հետևողական խոստովանություն է։ Վերացական մտածողությունը վերջապես միավորվել է իր մարմնական հենարանին։ Ճիշտ այդպես էլ մարմնի և զգացմունքի վիպական խաղերը ավելի ու ավելի են ենթարկվում ընկալման այս կամ այն պահանջին։ Հիմա գրողներն այլևս «պատմություններ» չեն պատմում, ստեղծում են իրենց մոլորակը։ Ի հակադրություն այս կամ այն գաղափարը միտումնավոր շարադրանքով պաշտպանողների, ամենամեծ վիպասանները փիլիսոփավիպասաններն են, ինչպես Բալզակը, Սադը, Մելվիլը, Ստենդալը, Դոստոևսկին, Պրուստը, Մալրոն, Կաֆկան, էլի մի քանիսը։
Ու հենց դատողականի փոխարեն նկարագրական գրելաձևին նախապատվություն տալը ընդհանուր է դարձնում նրանցից յուրաքանչյուրի այն համոզմունքը, որ բացատրական սկզբունքներով առաջնորդվելն անիմաստ է, հետևություն, որ բխում է երևույթների արտաքին զգացական գրգիռներից։ Նրանք բոլորը ստեղծագործությանը դիտում են որպես ամեն ինչի ավարտ և սկիզբը։ Այն դառնում է ուղղակի չարտահայտված փիլիսոփայության արդյունքը, շոշափելի լուսաբանությանն ու ընդհանրացումը, չնայած երկը կատարյալ է թվում հենց ենթատեքստային փիլիսոփայության շնորհիվ։ Այսպես հաստատվում է այն հին ճշմարտությունը, ըստ որի, եթե ստերջ միտքը հեռանում է իրականությունից, բեղունն, ընդհակառակը, մոտենում է։ Ի վիճակի չլինելով կյանքը իմաստավորել, մտածողությունը բավարարվում է նկարագրելով։ Վեպը, որի մասին խոսվում է, միաժամանակ հարաբերականի ու անսպառելիի իմացության միջոց է և այս առումով նման է սիրուն։ Սիրո նման վիպական երկունքն օժտված է նախնական հիացմունքով ու խորհրդածությունների բեղուն հորձանքով։
Մի խոսքով, հենց սկզբից ես ընդունում եմ վեպի այս առավելությունները, ընդունում նաև հանձին ճնշված մտածողության այն տիրակալների, որոնց փիլիսոփայական ինքնասպանությունը վայելելու եմ ավելի ուշ։ Ինձ հետաքրքրում են միայն այն ուժերի բացահայտումն ու նկարագրությունը, որոնք նրանց տանում են պատրանքների ընդհանուր ճանապարհը։ Այդ նույն մեթոդն ինձ այս դեպքում էլ կօգնի։ Ու քանի որ ես այն արդեն կիրառել եմ, կարող եմ խորհրդածություններս սահմանափակել և միայն մեկ ճշգրիտ օրինակը բավարար համարելով, գոհանալ համառոտ շարադրանքով։ Կուզեի իմանալ՝ եթե մարդը համաձայնվում է ապրել առանց վերին միջամտության, կարո՞ղ է առանց վերին միջամտության էլ աշխատել ու ստեղծագործել և ի՞նչ ճանապարհով է հնարավոր հասնել այդ ազատությանը։ Ես ուզում եմ իմ տիեզերքն ազատել ուրվականներից և բնակեցնել այնպիսի հավաստի ճշմարտություններով, որոնց գոյությունն անհնար է ժխտել։ Ես կարող եմ աբսուրդ գործ գրել, նախապատվությունը ստեղծագործական այդ մեթոդին տալ։ Բայց որպեսզի աբսուրդ մեթոդը չխեղաթյուրվի, պետք է հավատարիմ մնա իր աննպատակայնության գաղափարին։ Նույնը և արվեստի բնագավառում։ Եթե աբսուրդի սկզբունքները չեն պահպանվում, եթե արվեստի գործը պառակտում ու ընդվզում չի արտահայտում, եթե զոհ է դնում պատրանքների ու հույս առաջացնում, ուրեմն՝ աննպատակ չէ։ Ես այլևս չեմ կարող այս ամենից ձերբազատվել, իմ կյանքն այս ամենի մեջ իմաստ է գտնում, իսկ դա խաբկանք է։ Ստեղծագործությունը դադարում է օտարացման և զգացմունքների արտահայտությունը լինելուց, որոնցով մարդկային կյանքի իմաստն ու անօգտակարությունը հանգում են իրենց ավարտին։
Ինչպե՞ս հաղթահարել այն ստեղծագործությունների բացատրելու գայթակղությունը, որոնց մեջ նման միտումն առանձնապես զգալի է։ Մտացածին աշխարհում, ուր իրականության զգացողությանը շատ ուժեղ է, առանց վերջնական եզրահանգումներ կատարելու ցանկությամբ տարվելու, կարո՞ղ եմ ես հավատարիմ մնալ աբսուրդին։ Մի վերջին ճիգ կատարենք գտնելու համար այս հարցերի պատասխանը, որոնց իմաստը, թվում է, հասկանալի է։ Այդպես է արտահայտվում ուղեղի վերջին տվայտանքը, որը հանուն պատրանքի չի ուզում հրաժարվել դժվարությամբ ձեռք բերած նախնական պատվիրաններից։ Այն, ինչ ընդունելի է աբսուրդը համոզմունք դարձրած մարդու բազմաթիվ դրսևորումներից մեկը հանդիսացող ստեղծագործության կապակցությամբ, ընդունելի է մարդուն մատչելի բոլոր կենսաձևերում։ Բռնակալն ու դերասանը, ստեղծագործողն ու Դոն Ժուանը կարող են մոռանալ, որ առանց կյանքի անհեթեթությունը գիտակցելու, անհնար է ապրել։ Ամեն ինչի շատ շուտ են վարժվում։ Ինչ-որ մեկը երջանիկ ապրելու համար որոշում է շատ փող աշխատել է ողջ ջանքերը, կյանքի լավագույն մասը զոհում է այդ նպատակի համար։ Այդպես մոռացվում է երջանկությունը, միջոցը դառնում է նպատակ։ Նույնը կարելի է ասել բռնակալի մասին, որը դառնում է սեփական փառամոլության գերին, փառամոլություն, որն սկզբում լոկ դեպի ավելի համապարփակ նպատակ տանող միջոց էր։ Դոն Ժուանն էլ իր հերթին հաշտվում է ճակատագրի հետ, գոհանում այն գոյությամբ, որն իմաստավորվում էր լոկ ընդվզմամբ։ Առաջին դեպքում մենք գործ ունենք իմացականության, երկրորդ դեպքում ըմբոստության հետ, բայց երկու դեպքում էլ աբսուրդը վերանում է։ Մարդկային հոգիներում այնքա՜ն համառող հույս կա: Նույնիսկ ամենապատրանազուրկ մարդիկ երբեմն վերջիվերջո տարվում են ցնորքներով։ Հոգեկան խաղաղասիրությունից առաջացած նման հաշտվողականությունն էկզիստենցիալիստական աշխարհընկալման ներքին կրկնորդն է։ Մի խոսքով, գոյություն ունեն լույսի աստվածներ ու ցեխի կուռքեր, չնայած մեր որոնած մարդկային կերպարանքներին մեզ տանում է միջին ճանապարհը։
Մինչ այժմ մենք աբսուրդի դրսևորումներին ծանոթացանք հիմնականում շեղումների միջոցով։ Ճիշտ այդպես էլ վիպական ստեղծագործությունը ընկալելու համար բավական է հիշել, որ վեպը որոշ փիլիսոփայական ուսմունքների նման կարող է երկակի իմաստ ունենալ։ Հետևաբար, որպես օրինակ, ես կարող եմ ընտրել այնպիսի երկ, ուր ի մի բեըված լինեն աբսուրդ մտածողության բոլոր հատկանիշները՝ սկսած նախնական պարզությունից և ողջ իրադրության մատչելիությունից։ Հետևությունները ուսուցողական նշանակություն ունեն և ցույց են տալիս, որ եթե աբսուրդի պահանջները չեն պահպանվում, ինչ կողմնակի ճանապարհով են պատրանքները ներթափանցում։ Բավական է պարզել միայն, թե որքանով են ճիշտ ընտրված օրինակն ու թեման, և ընդհանրապես վիպասանը հավատարի՞մ է ինքն իրեն։ Խոսքը այն նույն վերլուծության մասին է, որ մի անգամ մենք արել ենք ավելի հանգամանորեն։
Կուզեի դիտարկել Դոստոևսկու նախասիրած թեմաներից մեկը, չնայած նույն հաջողությամբ կարելի Էր այլ երկեր ընտրելԺԹ: Բայց Դոստոևսկին խնդիրը քննում է ուղղակի, լայն ընդգրկումով ու զգացմունքով, ինչպես հատուկ էկզիստենցիալիստական մտածողությանը, որի մասին վերևում խոսք եղավ։ Այդ զուզահեռն էլ հենց կդառնա իմ նոր քննարկման օբյեկտը։
ԿԻՐԻԼՈՎ
Դոստոևսկու բոլոր հերոսներին հետաքրքրում է կյանքի իմաստը։ Հենց սրանով են նրանք արդիական և ծիծաղելի թվալուց չեն վախենում։ Ժամանակակից զգացողականությունը դասականից տարբերվում է նրանով, որ առաջինը սնվում է մետաֆիզիկական, երկրորդը՝ բարոյական սկզբունքներով։ Դոստոևսկու վեպերում հարցերն այնպիսի սրությամբ են դրվում, որ ենթադրում են միայն ծայրահեղ լուծումներ։ Գոյությունը սուտ է կամ հավերժական։ Եթե Դոստոևսկին բավարարվեր այս հարցի քննությամբ, փիլիսոփա կլիներ, բայց քանի որ նկարագրում է, թե մտքի նման խազերը մարդկային կյանքում ինչ հետևանքներ կարող են ունենալ, գեղագետ է։ Հետևանքներից նրան առանձնապես հետաքրքրում է այն, որին ինքը «Գրողի օրագրում» կոչում է տրամաբանության ինքնասպանության։ 1876 թվականի դեկտեմբերյան գրառումներում նա ներկայացնում է նույնիսկ «տրամաբանության ինքնասպանի» դատողությունները։ Համոզված, որ մարդկային գոյությունը կատարյալ աբսուրդ է նրա համար, ով չի հավատում հոգու անմահությանը, ինքնասպանը հանգում է հետևյալ եզրակացություններին.
«Քանի որ երջանկության վերաբերյալ իմ հարցերին ես իմ գիտակցության միջոցով պատասխան եմ ստանում, որ երջանիկ կարող եմ լինել միայն ընդհանուրի հետ ներդաշնակվելով, որը չեմ հասկանում և ինձ համար ակնհայտ է, որ երբեք ի վիճակի չեմ լինի հասկանալու…
Վերջապես քանի որ նման պայմաններում ես ինձ վրա եմ վերցնում միաժամանակ հայցվորի ու պատասխանողի, դատվողի ու դատավորի դերերը և բնության նման խաղը համարում եմ անհեթեթ, իսկ իմ մասնակցությունը անգամ նվաստացուցիչ…
Որպես հայցվոր ու պատասխանող, դատվող ու դատավոր բնությանը, որը նման անպատկառությամբ ու անամոթությամբ ինձ աշխարհ է բերել տանջվելու համար, ինձ հետ միասին դատապարտում եմ ոչնչացման» :
Այս կեցվածքի մեջ, իհարկե, ծիծաղաշարժ ինչ-որ բան կա։ Տվյալ անձնավորությունն ինքնասպան է լինում, որովհետև մետաֆիզիկական առումով վիրավորված է: Որոշակի իմաստով նա վրեժ է լուծում, ապացուցում, որ «հետը կատակ անել չի կարելի»։ Հայտնի Է՝ այս նույն գաղափարն ավելի խոր ընդգրկումով արծարծում է Կիրիլովը՝ «Դևերի» հերոսներից մեկը, որ նույնպես տրամաբանության ինքնասպանության ջատագով է։ Ճարտարագետ Կիրիլովը մի առիթով հայտարարում է, որ ուզում է վերջ տալ կյանքին՝ «մտքով այդպիսի գաղափար է անցել»։ Այս արտահայտությունը պետք է ուղղակի հասկանալ՝ նա հանուն գաղափարի է պատրաստվում մեռնել։ Դա ինքնաավանության բարձրագույն ձևն է։ Աստիճանաբար, տեսարանից տեսարան, ճարտարագետի կերպարը որոշակիանում է ու բացահայտվում նրան խանդավառած մահվան գաղափարը։ Կիրիլովը, իրոք, կրկնում է «Օրագրի» խորհրդածությունները։ Նա զգում է, որ Աստված անհրաժեշտություն է և պետք է որ գոյություն ունենա։ Բայց Կիրիլովը գիտի, որ Աստված չկա ու չի կարող լինել։ «Ինչպե՞ս չես հասկանում,— բացականչում է նա,— հենց միայն դրա համար կարելի է ինքնասպան լինել»։ Այս մտայնությունը նրան հանգեցնում է մի քանի աբսուրդ հետևությունների։ Նա անտարբերությամբ թույլ է տալիս իր ինքնասպանությունն օգտագործել այնպիսի նպատակի համար, որ ինքն արհամարհում է։ «Այս գիշեր զգացի՝ ինձ համար միևնույն է»։ Վերջին հաշվով նա վճռական քայլի դիմում է ընդվզման և ազատության միախառնված զգացումով։ «Ես անձնասպան եմ լինում, որպեսզի ցույց տամ իմ անհնազանդությունն ու նոր, սարսափելի ազատությունը»։ Սա արդեն ոչ թե վրեժխնդրություն է, այլ ընդվզում, հետևաբար Կիրիլովն աբսուրդ կերպար է, այն էական տարբերությամբ միայն, որ ինքնասպանության է գործում։ Բայց հենց ինքն էլ բացատրում է հակասությունը, այն էլ այնպես, որ լիովին բացահայտվում է աբսուրդի գաղտնիքը։ Կիրիլովն իր մահվան տրամաբանությանը այնպիսի անսովոր հավակնոտություն է հաղորդում, որ նպատակը միանգամից պարզվում է՝ նա ուզում է անձնասպան լինել, որ Աստված դառնա։
Եզրահանգումը դասական պարզություն ունի։ Եթե Աստված չկա, Կիրիլովն աստված է։ Եթե Աստված չկա, Կիրիլովը պետք է ինքնասպան լինի։ Ուրեմն, Կիրիլովը պետք է ինքնասպան լինի, որ Աստված դառնա։ Սա աբսուրդ, բայց տվյալ դեպքում անհրաժեշտ դատողություն է։ հետաքրքիր է, սակայն, երկիր իջեցված այս աստվածության իմաստը գտնելը, այսինքն՝ դեռևս բավական մութ մնացած «Եթե Աստված չկա, ուրեմն աստված եմ» նախադրույթը լուսաբանելը։ Անհրաժեշտ է նշել, որ նման անհեթեթ հավակնություններ ունեցող մարդը ա՛յս աշխարհից է։ Նա առողջությունը պահպանելու համար առավոտները լիցքային վարժություն է անում, կիսում է կնոջը գտած Շատովի ուրախությունը։ Թղթի կտորի վրա, որ հայտնաբերվելու է իր մահից հետո, ուզում է նկարել «նրանց» լեզու ցույց տվող մռութ։ Կիրիլովը երեխայի նման միամիտ է ու բարկացկոտ, հախուռն, հետևողական ու զգայուն։ Նա միայն իր տրամաբանությամբ ու սևեռուն գաղափարով է գերմարդ, մնացած բոլոր դեպքերում շատ սովորական է։ Այնուամենայնիվ հանգիստ է խոսում իր աստվածության մասին։ Կիրիլովը խենթ չէ, հակառակ դեպքում պետք է, որ Դոստոևսկին խենթ լիներ, ոչ էլ տառապում է մեծամտության մարմաջով։ Եվ տվյալ դեպքում ծիծաղելի է նրա խոսքերն ուղղակի հասկանալը։
Կիրիլովն ինքն է մեզ օգնում իրեն ընկալել։ Ստավրոգինի հարցին պատասխանելով, ճշտում է, որ ինքը մարդ-աստծո նկատի չունի։ Կարելի է կարծել նույնիսկ, որ այդպես ասում է Քրիստոսից տարբերվելու համար, այնինչ իրականում ձգտում է նույնանալ նրա հետ։ Կիրիլովը մի պահ պատկերացնում է նույնիսկ, թե ինչպես մահից հետս Հիսուսը դրախտ չի ընկել ու հասկանում՝ բոլոր տանջանքներն ավելորդ են եղել։ «Բնության օրենքները,— ասում է ճարտարագետը,— Քրիստոսին ստիպեցին ապրել ստի մեջ, մեռնել ստի համար»։ Միայն այս իմաստով է Հիսուսը մարմնավորում մարդկային ողջ դրաման։ Նա մարդ-կատարելություն է, որին բաժին է ընկել ամենաաբսուրդ ճակատագիրը։ Քրիստոսը ոչ թե Աստված-մարդ է, այլ մարդ-աստված։ Նրա նման ամեն ոք կարող է խաչվել ու խաբվել, ինչ-որ տեղ նույն բախտին արժանանալ։
Ուրեմն, աստվածությունը, որի մասին խոսվում է այստեղ, ամբողջությամբ երկրային է։ «Երեք տարի անընդհատ, ասում է Կիրիլովը, ես փնտրում էի իմ աստվածության վկայությունը և գտա։ Իմ աստվածության վկայությունը անկախությունն է»։ Հիմա արդեն հասկանալի է դառնում կիրիլովյան կանխադրույթը. «Եթե Աստված չկա, ես աստված եմ»։ Աստված դառնալ նշանակում է ազատ լինել այս աշխարհում, չծառայել ոչ մի անմահ էակի և մանավանդ այդ տանջալից անկախությունից կատարել բոլոր հետևությունները։ Եթե Աստված կա, ամեն ինչ կախված է նրանից, մենք նրա կամքին հակառակ ոչինչ չենք կարող անել, իսկ եթե չկա, ամեն ինչ մեզնից է կախված։ Կիրիլովի, ինչպես նաև Նիցշեի համար Աստծուն սպանել, նշանակում է աստված դառնալ, այս աշխարհում իրականություն դարձնել Ավետարանի հավիտենական կյանքըԻ։
Բայց եթե այս մետաֆիզիկական ոճիրը բավական է ինքնահաստատման համար, անձնասպանությունն ի՞նչ դեր է խաղում։ Ազատությունը ձեռք բերելուց հետո ի՞նչ միտք ունի կյանքին վերջ տալը, այս աշխարհից հեռանալը։ Սա, ինչ խոսք, հակասություն է։ Կիրիլովը շատ լավ գիտե այդ, դրա համար ավելացնում է. «Եթե դա գիտակցես, ուրեմն ցար ես և ոչ թե քեզ կսպանես, այլ կապրես փառքի գագաթին»։ Բայց մարդիկ չգիտեն, «դա» չեն զգում՝ Պրոմեթևսի ժամանակների նման իրենք իրենց կույր հույսեր են փայփայումԻԱ։ Նրանք ուզում են, որ իրենց ցույց տան ճանապարհը, առանց քարոզի չեն կարողանում ապրել։ Հետևաբար, Կիրիլովը մարդկության հանդեպ ունեցած սիրուց պիտի ինքնասպանություն գործի։ Նա իր եղբայրներին ցույց է տալու այն արքայական ու դժվարին ճանապարհը, որի առաջին ուղևորն է լինելու։ Սա ուսուցողական ինքնասպանություն է, Կիրիլովն ինքնազոհողություն է կատարում։ Բայց եթե նա անգամ խաչվում է, չի խաբվում, մնում է մարդ-աստված և համոզվելով, որ մահից հետո ոչ մի հեռանկար չկա, խորասուզվում է ավետարանական թախծի մեջ։ «Ես դժբախտ եմ,— ասում է նա,— որովհետև պարտավոր եմ ինձ անկախ հռչակել»։ Բայց նրա մահից հետո մարդիկ ի վերջո գիտակցության կգան, աշխարհը կբնակեցվի ցարերով ու մարդկային փառքով կպսակվի։ Կիրիլովի ատրճանակի կրակոցը ամենավերջին հեղափոխության ազդանշանը կդառնա։ Այսպիսով, նրան մահվան է մղում ոչ թե հուսահատությունը, այլ անշահախնդիր սերը մերձավորի նկատմամբ։
Այս աննախադեպ մտավոր արկածը արյան մեջ ավարտելուց առաջ Կիրիլովը մի բան է ասում միայն, որը հին է, որքան մարդկային տառապանքն է հին. «Ամեն ինչ լավ է»։
Հետևաբար ինքնասպանությունը Դոստոևսկու երկերում դառնում է աբսուրդ թեմա։ Շարունակելուց առաջ նկատենք միայն, որ Կիրիլովը վերամարմնավորվում է այլ կերպարների մեջ, որոնք այլ աբսուրդ թեմաներ են արծարծում։ Ստավրոգինը և Իվան Կարամազովը առօրյա կյանքում դիմում են աբսուրդ ճշմարտությունների։ Կիրիլովի մահը հենց նրանց է ազատագրում։ Նրանք վարձում են ցար դառնալ։ Ստավրոգինը բոլորին հայտնի է, թե ինչպիսի՝ «անլուրջ» կյանք է վարում։ Բոլորը նրան ատում են։ Այնուամենայնիվ կերպարի բանալին գտնվում է հրաժեշտի նամակում. «Ես ոչինչ չկարողացա ատել»։ Նա անտարբերության ցար է։ Նույնն է Իվանը, որն իր հերթին չի ուզում հրաժարվել բանականության արքայական իշխանությունից։ Բոլոր նրանց, ովքեր իր եղբոր նման սեփական կյանքով ապացուցում են, որ հավատալու համար պետք է հնազանդ լինել, Իվանը կարող է պատասխանել՝ դա ամոթալի պայման է։ Իր բառ-բանալին՝ «Ամեն ինչ կարելի է»-ն, ունի տխրության որոշակի երանգ։ Հասկանալի է, ինչպես Նիցշեն՝ Աստծո ամենահռչակավոր ահաբեկիչը, նա էլ ի վերջո խելագարվում է։ Բայց նման ճանապարհ անցնելը մեծ համարձակության հետ է կապված, ողբերգական ավարտից առաջ աբսուրդ մտածողության գլխավոր մտահոգությունը հետևյալն է. «Ի՞նչ է հաստատում այս ամենը»։
Ուրեմն, ինչպես վեպերը, այնպես էլ «Օրագիրը», առաջ են քաշում աբսուրդի հարցը։ Նրանք հաստատում են մինչև մահ տանող տրամաբանությունը, հիացմունքը, «սարսափելի ազատությունը», ցարերի՝ մարդկանցը դարձած փառքը։ Ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարելի է, չարժե որևէ բան ատել՝ սրանք աբսուրդ դատողություններ են։ Ուրեմն ինչ ահռելի ուժ ունի գրողի ստեղծագործությունը, որ մեզ հարազատ է դարձնում կրակե ու սառցե այս էակներին։ Նրանց սրտերում փոթորկվող անտարբերությամբ պարուրված աշխարհը մեզ արտառոց չի թվում։ Մենք այդ աշխարհում գտնում ենք մեր առօրյա տագնապները։ Անշուշտ, ոչ ոք Դոստոևսկու նման չի կարողացել հաղորդել աբսուրդ աշխարհի ծանոթ ու տանջալից հմայքը։
Այնուամենայնիվ, ո՞րն է նրա եզրահանգումը։ Երկու մեջբերում ցույց կտան մետաֆիզիկական ողջ շրջադարձը, որը գրողին հանգեցրել է այլ հայտնությունների։ Քանի որ տրամաբանության ինքնասպանի մտայնությունն առաջացրել էր քննադատների դժգոհությունը, «Օրագրի» հաջորդ պրակներում Դոստոևսկին զարգացնում է իր միտքն ու եզրակացնում. «Եթե անմահության հավատը այնքան անհրաժեշտ է մարդուն, որ առանց դրա նա ինքնասպանություն է գործում, ուրեմն այդ հավատը մարդկության բնականոն վիճակն է։ Եթե այդպես է, հոգու անմահություն անկասկած գոյության ունի»։ Մյուս կողմից էլ Դոստոևսկու վերջին վեպի վերջին էջերում, որպես Աստծո հետ մղած տիտանական պայքարի ավարտ, երեխաներն Ալյոշային հարցնում են. «Կարամազով, իսկապե՞ս ճիշտ է ասում կրոնը, որ մենք բոլորս հարություն կառնենք մեռյալներից ու կվերակենդանանանք, նորից կտեսնենք իրար»։ Ալյոշան պատասխանում է. «Անպայման կտեսնենք և ուրախությամբ, ցնծությամբ կպատմենք իրար ամեն ինչ, որ եղել Է.» ։
Այսպիսով, Կիրիլովը, Ստավրոգինը և Իվանը պարտվում են։ «Կարամազովները» պատասխանում է «Դևերին»։ Խոսքն, իհարկե, վերջնական եզրահանգման մասին է։ Ալյոշայի պարագան այնքան երկդիմի չէ, ինչպես իշխան Միշկինինը։ Այս վերջինը, որ հիվանդ է, ապրում է ժպիտներով ու անտարբերությամբ պարուրված մշտնջենական ներկայով։ Նման երանելի վիճակը կարող է հենց այն հավիտենական կյանքը լինել, որի մասին խոսում է իշխանը։ Ալյոշան, ընդհակառակը, որոշակի ասում է. «Անպայման կտեսնենք իրար»։ Ինքնասպանության կամ խելագարության մասին այլևս խոսք չկա։ Պե՞տք են դրանք այն մարդուն, ով վստահ է անմահությանն ու նրա պատճառած ուրախություններին։ Մարդն իր աստվածությունը փոխում է երջանկությամբ։ «Եվ ուրախությամբ, ցնծությամբ կպատմենք իրար ամեն ինչ, որ եղել է»։ Այսպիսով, չնայած Կիրիլովի ատրճանակը ճայթել է ինչ-որ տեղ Ռուսաստանում, աշխարհը շարունակել է ապրել սին հույսերով։ Մարդիկ չեն հասկացել «դա»։
Ուրեմն, մենք գործ ունենք ոչ թե աբսուրդ, այլ էկզիստենցիալիստ վիպասանի հետ։ Այստեղ էլ ցատկը տպավորիչ է, գրողին ոգեշնչված արվեստին վեհություն է հաղորդում։ Սա հուզիչ, կասկածներով ու անորոշությամբ հագեցած հախոտն հնազանդություն է։ «Կարամազովների» մասին Դոստոևսկին գրել է. «Գլխավոր հարցը, որին հետամուտ պիտի լինենք այս գրքի բոլոր գլուխներում, որը գիտակցաբար կամ անգիտակցաբար ինձ տանջել է ողջ կյանքում՝ Աստծո գոյությունն է»։ Իհարկե, դժվար է հավատալ, որ մի վեպը կկարողանար երջանիկ ինքնավստահության փոխել կյանքի ողջ տառապանքը։ Մեկնաբաններից մեկըԻԲ իրավացիորեն նկատել է, որ Դոստոևսկին հաճախ նույնանում է Իվանի հետ, որ եթե «Կարամազով եղբայրների»՝ Աստծո գոյությունը հաստատող գլուխները երեք ամսվա համառ ջանքեր են խլել, այն, ինչ ինքը կոչում է «աստվածանարգություն», գրել է երեք շաբաթում՝ մի շնչում։ Չկա այնպիսի կերպար, որի մարմնի մեջ խրված չլինի այս փուշը, որը հիվանդացած չլինի ու բուժում չփնտրի զգացմունքների կամ անբարոյականության մեջԻԳ։
Բոլոր դեպքերում այս կասկածների կողքից անտարբեր չի կարելի անցնել։ Սա մի ստեղծագործություն է, որի կիսաստվերում մարդու պայքարը սեփական հույսերի հետ ավելի ցայտուն է երևում, քան օրվա լույսով։ Ի վերջո գրողն
իր կերպարներին հակառակ դիրք է գրավում։ Այս հակասությունը մեզ հնարավորության է տալիս մի անգամ ևս ճշտելու, որ տվյալ դեպքում մենք ոչ թե աբսուրդ, այլ աբսուրդ խնդիրներ քննարկող երկի հետ գործ ունենք։
Դոստոևսկու պատասխանը նվաստացումն է, ըստ Ստավրոգինի՝ «ամոթը»։ Աբսուրդ ստեղծագործությունն, ընդհակառակը, պատասխան չի պարունակում։ Ահա՞ տարբերությունը։ Վերջում նշենք, որ գրողի երկերում աբսուրդին հակադրվում է ոչ թե քրիստոնեությունը, այլ ապագա կյանքի հավատը։ Կարելի է լինել քրիստոնյա և աբսուրդ մարդ։ Կան քրիստոնյաներ, որոնք չեն հավատում հանդերձյալ կյանքին։ Արվեստի գործի վերաբերյալ ուրեմն կարելի է կիրառել աբսուրդ վերլուծության ուղղություններից մեկը, որին անդրադարձանք արդեն նախորդ էջերում։ Այդ ուղղությունը մեզ կհասցնի մինչև «Ավետարանի աբսուրդության» հարցադրումը և լույս կսփռի իր հետևություններով բեղուն այն մտքի վրա, ըստ որի համոզմունքների կայունությունը անհավատությանը չի խանգարում։ Ընդհակառակը, մենք տեսանք, որ «Դևերի» հեղինակը, որին լավ ծանոթ են այդ ուղիներն, ի վերջո բոլորովին այլ ճանապարհ է ընտրում։ Գրողի զարմանալի պատասխանը իր կերպարներին, Դոստոևսկունը՝ Կիրիլովին, ըստ էության կարելի է ձևակերպել այսպես՝ Գոյությունը սուտ է և հավերժական։
ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ուրեմն, ես զգում եմ, որ անհնար է մեկընդմիշտ բացառել հույսը, որը կարող է համակել նույնիսկ այնպիսի մարդկանց, ովքեր ձգտում են ձերբազատվել նրանից։
Դրանով են հետաքրքիր այն երկերը, որոնց մասին խոսք եղավ մինչ այժմ։ Իհարկե, գեղարվեստական գրականության մասին խոսելիս, ես կարող էի թվարկել ոչ քիչ իրոք աբսուրդ ստեղծագործություններԻԴ։ Բայց ամեն ինչ պետք է իր սկզբունքն ունենա։ Իմ այս ուսումնասիրության նյութը յուրօրինակ հավատարմությունն է։ Եկեղեցին այդքան դաժան էր հերետիկոսների նկատմամբ, որովհետև համոզված էր, որ մոլորված զավակից վատ թշնամի չկա։ Բայց գնոստիկական խիզախումների ու մանիքեական հոսանքների հետևողականությունն ավելի նպաստեց ուղղափառ դրույթների ստեղծմանը, քան ամեն տեսակ աղոթքները։ Ընդունելով հանդերձ բոլոր տարբերությունները, նույնը կարելի է պնդել աբսուրդի վերաբերյալ։ Աբսուրդի ուղին գտնելու համար պետք է այն ճանապարհներն հետազոտել, որոնք նրանից հեռացնում են։ Հասնելով աբսուրդ մտահանգման, գտնվելով աբսուրդ մտայնության ոլորտում, մենք անտարբերությամբ չէ, որ դիմավորում ենք իր ամենախանդավառ դեմքերից մեկով մեզ ընդառաջ եկող հույսը։ Սա ցույց է տալիս աբսուրդ մտածելաձևի բարդությունը և մանավանդ այն, որ այս էսսեի տրամաբանությանը հետևող մտածողությանը որքան անհրաժեշտ է ինքնատիրապետումը։
Բայց եթե առայժմ աբսուրդ երկերը թվարկելու հարկ չկա, կարելի է գոնե աբսուրդ կեցությունը ընդհանրացնող մտածողության դրույթներից մեկի մասին եզրակացություններ անել։ Նման բարի ծառայություն մշակույթին կարող է մատուցել միայն բացասական մտածողությունը, որի նպատակամղված ու չափավոր ընթացքը նշանավոր երկերի ընկալման համար նույնքան անհրաժեշտ է, որքան սև գույնը՝ սպիտակի։ Աբսուրդ մտածողությունն է միայն ի վիճակի «հանուն ոչ մի բանի» տքնել և ստեղծագործել, իմանալով հանդերձ, որ արվեստի գործն ապագա չունի՝ մի օր փոշիանալու է, կավով քանդակ անել, անկախ այն ներքին համոզմունքից, որ դարերով ապրող ու մի ակնթարթում ոչնչացող արձանի միջև ոչ մի տարբերություն չկա։ Աբսուրդ ստեղծագործողը պայքարում է երկու ճակատով՝ մի կողմից ժխտում է, մյուս կողմից՝ հաստատում։ Նա պարտավոր է գանտզարդել դատարկությունը։
Սա հանգեցնում է արվեստի ստեղծագործության յուրօրինակ ըմբռնման։ Շատ հաճախ արվեստագետի գործը դիտվում է մեկը մյուսից անջատ, որպես մեկուսացած վկայություններ՝ այսինքն նկարչին շփոթում են գրողի հետ։ Խորազգա միտքը միանալով կենսափորձին, որոշակիանալով նրա ոլորտներում, անընդհատ խմորվում է։ Այդպես էլ անհատի ամբողջական ստեղծագործությունը ձևավորվում է բազմազան ու իրար հաջորդող այն տարրերով, որոնք առանձին երկեր են։ Սրանք լրացնում են իրար, ուղղում, ճշգրտում, հակասում նույնիսկ։ Եվ եթե ինչ-որ բան ավարտում է այս ստեղծագործական ընթացքը, ոչ թե պատրանքներից կուրացած արվեստագետի՝ «Ես ամեն ինչ ասացի» հաղթական ճիչն է, այլ մահը, որը վերջակետում է թե՛ նրա փորձառությունը և թե՛ հանճարը։
Պարտադիր չէ, որ ընթերցողը նկատի հեղինակի տքնանքը, գերմարդկային խորաթափանցությունը։ Ստեղծագործությունն իրականում գաղտնիք չունի։ Հրաշքը տեղի է ունենում կամքի շնորհիվ, չնայած իսկական ստեղծագործությունը չի կարող առեղծված չունենալ։ Ինչ խոսք, մի շարք ստեղծագործություններ հնարավոր է, որ նույն մտածողության մոտավոր տարբերակումները լինեն։ Բայց կարելի է պատկերացնել նաև այլ բնույթի ստեղծագործողներ, որոնք ավելի հակված են դեպի զուգորդումը։ Առաջին հայացքից կարող է թվալ նույնիսկ, որ նման ստեղծագործություններն իրար հետ կապ չունեն, ինչ-որ տեղ անգամ հակասում են։ Բայց եթե հաջորդականությունը ճշտենք, ներքին կապը կվերականգնվի։ Ստեղծագործություններն այսպիսով իրենց վերջնական իմաստը ստանում են հեղինակի մահից հետո միայն։ Փաստորեն հեղինակի կյանքն է լույս սփռում նրանց վրա։ Մահվան պահին բոլոր Երկերը միասին ձախողումների հավաքածու են թվում։ Բայց եթե այդ ձախողումները ունեն միևնույն արձագանքը, նշանակում է հեղինակը կարողացել է անընդհատ կրկնել սեփական ճակատագրի բանաձևը, շեփորել, տարածել այն ամուլ գաղտնիքը, որի միակ պահապանն էր։
Այստեղ ակնբախ է իշխելու ձգտումը։ Բայց մարդկային միտքն ավելիին է ընդունակ։ Սովորաբար այն ներկայացնում է ստեղծագործության միայն կամային սկզբունքը։ Մի այլ տեղ ես արդեն ասել եմ, որ մարդկային կամքի միակ խնդիրը գիտակցությանը սատար լինելն է, որը, սակայն, առանց որոշակի կարգուկանոնի անհնար է։ Համբերատարության և ողջախոհության բոլոր դպրոցներից ամենաարդյունավետը ստեղծագործելն է։ Այն միաժամանակ մարդկային առաքինության ցնցող վկայությունն է, որն արտահայտվում է ճակատագրին չհամակերպվելու համառ ընդվզմամբ, ջանքերի ամուլ հետևողականությամբ։ Ստեղծագործությունը պահանջում է ամենօրյա տքնանք, ինքնատիրապետում, հնարավորությունների ճշգրտում, կարողություններ և ուժ։ Այն յուրօրինակ մտածելակերպ է։ Եվ այս ամենը «հանուն ոչ մի բանի»՝ անընդհատ նույնը կրկնելու, տեղում դոփելու համար։ Բայց գուցե արվեստի վավերական ստեղծագործությունը արժեքավոր է ոչ թե ինքնին, այլ մարդուն փորձելու կարողությամբ և տեսիլքները հաղթահարել տալու, չգունազարդած իրականությանը մի քիչ ավելի մոտեցնելու հնարավորությամբ։
Գեղագիտության հարցում չսխալվենք։ Խոսքն այստեղ ամենևին էլ համբերատար հաղորդվող տեղեկությունների, ինչ-որ տեսակետների, անընդհատ ու անարդյունք նկարագրության մասին չէ։ Եթե կարողացա հասկանալի լինել՝ ճիշտ հակառակը։ Վեպ-տեսակետը, ինչ-որ բան ապացուցող երկը՝ ստեղծագործություններից ամենատհաճը, շատ հաճախ հանդիսանում է ինքնագոհ մտածողության արդյունք։ Հենց որ հեղինակներին թվում է, թե որևէ ճշմարտության են հասու եղել, իսկույն իրենց գրածը հրապարակում են։ Բայց այդ ժամանակ ի հայտ են գալիս գաղափարներ, որոնք դատողության հետ որոշակի հակասության մեջ են մտնում։ Նրանց հեղինակները անամոթ փիլիսոփաներն են, իսկ նրանք, որոնց մասին խոսում կամ ստեղծում եմ իմ երևակայությամբ, ճիշտ հակառակը՝ պայծառամիտ մտածողներ։ Այն պահին, երբ միտքը վերադառնում է իր սկիզբը, նրանք ստեղծում են իրենց երկերի կերպարները, որպես սահմանափակ, մահկանացու, ընդվզող մտքի որո-շակի խորհրդանիշներ։
Թերևս այդ կերպարներն ինչ-որ բան հաստատում են։ Բայց վիպասանները նման հաստատումներով ոչ այնքան ընթերցողին են ինչ-որ բան ապացուցում, որքան իրենք իրենց։ Կարևորը, և դա՛ է նրանց մեծությունը, իրենք հաղթանակում են կոնկրետությամբ։ Այս խորապես մարմնական հաղթանակը նախապատրաստում է մտածողությունը, որի վերացարկող կարողությունները ուշադրության չեն էլ արժանանում: Նման անտեսումից հետո մարմնականն իսկույն ևեթ ձգտում է, որ ստեղծագործությանը լուսավորվի իր ողջ աբսուրդ փայլով։ Ամենահախուռն ստեղծագործությունների հեղինակները կատակասեր փիլիսոփաներն են։
Միասնականությունը ժխտող ամեն միտք, բնական է, փառաբանում է բազմազանությանը, որն ինքնին արվեստի խթան է։ Միտքն ազատագրող միակ մտածողությունն այն է, որը նրան մենակ է թողնում սեփական սահմանների և առաջիկա մահվան անխուսափելիության գիտակցության հետ։ Այլևս ոչ մի ուսմունք չի կարող գայթակղել նրան։ Միտքն սպասում է ստեղծագործության ու կյանքի հասունացմանը։ Անջատվելով նրանից, ստեղծագործությունը մի անգամ ես լսելի է դարձնում ընդմիշտ հույսից ձերբազատված հոգու փոքր-ինչ խլացած ձայնը։ Կամ թերևս ոչինչ էլ լսելի չդարձնի, եթե ստեղծագործողը, հոգնած այս ամենից, որոշի այլ զբաղմունք գտնել։ Այսինքն սա նույն բանն է։
Այսպիսով, ես աբսուրդ ստեղծագործությունից սպասում եմ այն, ինչ պահանջել եմ մտածողությունից՝ ընդվզում, ազատագրություն և բազմազանություն։ Դրանից հետո միայն ի հայտ կգա նրա բովանդակ անօգտակարությունը։ Ամենօրյա այս ջանքերով, որոնց շնորհիվ միտքն ու զգացմունքը միախառնվում են, միմյանց նեցուկ լինում, աբսուրդ մարդը հայտնագործում է մի ուսմունք, որը դառնում է իր գլխավոր ուժը։ Դրա համար անհրաժեշտ ջանքերը, համառությունն ու հեռատեսությունը համազոր են նվաճողի դրույթներին։ Ստեղծագործել նշանակում է սեփական ճակատագրին ձև տալ։ Գեղարվեստական երկն իր հերոսներին բնորոշում է գոնե այնքան, որքան նրանք են իրեն բնորոշում։ Դերասանը մեզ սովորեցրել է, որ ձևացնելու և լինելու միջև սահման գոյություն չունի։
Ուրեմն, կրկնենք։ Այս ամենից ոչ մեկը իրական իմաստ չունի։ Ազատության այս ճանապարհով դեռ կարելի է առաջ ընթանալ։ Ստեղծագործողի և նվաճողի՝ երկու շատ նման ուղեղների վերջին ջանքերն ուղղված են բոլոր գործերից ձերբազատվելուն, ընդունելուն, որ իրենց ձեռք բերածը՝ բռնազավթած տարածք լինի, սեր, թե ստեղծագործություն կարող էր և չլինել։ Այսպիսով, նրանք հասնում են անհատի գոյության բացարձակ անօգտակարության գաղափարին։ Բայց հենց այս եզրահանգումը նպաստում է, որ նրանք ավելի հեշտ իրականացնեն իրենց հղացումները, ինչպես կյանքի աբսուրդության բացահայտումը հնարավորություն է տալիս ողջ էությամբ մխրճվել նրա խորքերը։
Մնում է լոկ ճակատագիրը, որի ավարտը կանխորոշված է։ Բացի այս միակ անխուսափելիությունից՝ մահից, մնացած ամեն ինչը՝ ուրախություն լինի, թե երջանկություն-ազատագրում է։ Աշխարհը, որի միակ տերը մարդն է, մնում է։ Մի ժամանակ մարդուն կաշկանդում էր այլ աշխարհի պատրանքը։ Մտածողության խնդիրը այլևս ոչ թե ինքնահրաժարումն է, այլ խորհրդանիշերով փոխհագենալը։ Մտածողությունը գործում է, ստեղծում առասպելներ, բայց այնպիսի առասպելներ, որոնք ոչ մի խորություն չունեն, բացի իր՝ մտածողության նման անկանգ մարդկային տառապանքից։ Ո՛չ, դա զվարճացնող, շլացնող աստվածային առակը չէ, այլ երկրային դեմքերը, շարժումներն ու դրաման, ուր ի մի են բերվում անհեռանկար տվայտանքներ ու մի դժվարին իմաստնություն։
ՍԻԶԻՓՈՍԻ ԱՌԱՍՊԵԼԸ
Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին անընդհատ լեռան գագաթը բարձրացնել մի ժայռաբեկոր, որտեղից այն ետ էր գլորվում սեփական ծանրության պատճառով։ Աստվածները հիմք ունեին կարծելու, որ անօգուտ և անհույս աշխատանքից ծանր պատիժ չի կարող լինել։
Եթե հավատալու լինենք Հոմերոսին, Սիզիփոսը մահկանացուների մեջ ամենաիմաստունն ու հեռատեսն էր։ Ըստ մի այլ ավանդության, ընդհակառակը, ավազակային կյանքի հակում ուներ։ Ես այստեղ հակասություն չեմ տեսնում։ Պարզապես տարբեր կարծիքներ կան այն պատճառների շուրջը, որոնք նրան դժոխքի անօգտակար աշխատավոր դարձրին։ Սկզբում նրան մեղադրում էին աստվածների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունենալու համար։ Իբր տարածել էր նրանց գաղտնիքը։ Յուպիտերը փախցրել էր Էգինային՝ Ասոպոսի դստերը։ Հայրն անակնկալի եկավ այդ անհայտացումից, բողոքեց Սիզիփոսին։ Վերջինս, որ գիտեր առևանգման մասին, խոստացավ Ասոպոսին ամեն կերպ օգնել այն պայմանով, որ նա ջուր տա Կորնթոսի ամրոցին։ Սիզիփոսը ջրի օրհնությունը նախընտրեց երկնային շանթերից, դրա համար էլ դատապարտվեց դժոխային տանջանքների։ Հոմերոսը պատմում է նաև, թե ինչպես էր Սիզիփոսը շղթայել Մահը։ Պլուտոնը չկարողացավ հանդուրժել իր տիրակալության ամայությունն ու լռությունը, ուղարկեց պատերազմի աստծուն, որը Մահվանը խլեց հաղթողի ձեռքից։
Պատմում են մինչև անգամ, որ մոտալուտ մահն զգալով, Սիզիփոսը անխոհեմաբար ուզեց փորձել կնոջ սերը և հրամայեց մահից հետո իր մարմինը առանց թաղման արարողության շպրտել քաղաքային հրապարակը։ Շուտով նա հայտնվեց դժոխքում։ Եվ այնտեղ, վրդովված կնոջ՝ մարդասիրությանն այնքան խորթ հնազանդությունից, կողակցին պատժելու համար Պլուտոնից երկիր վերադառնալու թույլտվություն ստացավ։ Բայց երբ նորից տեսավ այս աշխարհը, վայելեց ջուրն ու արևը, քարերի տաքությունն ու ծովը, չուզեց մտնել ստորգետնյա խավարի դժոխքը։ Աստվածների հիշեցումները, զայրույթը, նախազգուշացումները, ոչինչ չօգնեց։ Դեռ երկար տարիներ նա ապրեց ծովածոցի ափին՝ ալիքների խշշոցի, հողի ժպիտների մեջ։ Աստվածներն ստիպված էին վճռական միջոցների դիմել։ Հերմեսը եկավ, բռնեց այդ անհնազանդի օձիքից ու երջանկության գրկից խլելով, քարշ տվեց դժոխք, ուր քարն արդեն պատրաստ էր։
Այսքանը բավական է, որպեսզի հասկանալի դառնա՝ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդպիսին է նա թե՛ իր ուրախությունների և թե՛ տառապանքների մեջ։ Աստվածներին արհամարհելու, մահը ատելու, կյանքը կրքոտ սիրով սիրելու համար նա դատապարտվեց ահավոր տանջանքների՝ ստիպված եղավ զբաղվել մի գործով, որը վերջ չունի։ Ահա՛ երկրային վայելքները սիրելու գինը։ Մեզ հայտնի չեն Սիզիփոսի՝ դժոխային կյանքի մանրամասները։ Առասպելները ստեղծվում են, որպեսզի բորբոքվեն մեր երևակայությամբ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սիզիփոսին, մենք կարող ենք պատկերացնել միայն, թե ինչպես էր մինչև վերջ պրկում մարմինը, որպեսզի բարձրացնի ահռելի քարը, գլորի լեռն ի վեր և հարյուրերորդ անգամ հաղթահարի նույն վերելքը։ Մենք անգամ տեսնում ենք նրա ջղաձգված դեմքը, ժայռին հպված այտը, ցեխոտ ծանրությունը պահող ուսը, սայթաքող ոտքը, փոշոտ ափերն ու երկու թևերի խիստ մարդկային ինքնավստահությունը։ Այս երկար տառա-պանքը, որ կարող է չափվել միայն աներկինք անսահմանությամբ ու անսկիզբ-անվերջ ժամանակով, պսակվում է հաջողությամբ։ Նա հասնում է իր նպատակին ու տեսնում, թե ինչպես է քարը հաշվված վայրկյաններում գլորվում խորխորատ, որտեղից նորից գագաթ պետք է բարձրացնել։ Սիզիփոսը հովիտ է իջնում։
Հենց այս վերադարձի, դադարի պահին է Սիզիփոսը հետաքրքրում ինձ։ Քար հրելուց պրկված դեմքը քարացել է արդեն։ Ես տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը ծանր, հավասար քայլերով վերադառնում դեպի իր տառապանքը, որը վերջ չունի։ Ահա այդ՝ թեթևացած շունչ քաշելու պահը, որը կրկնվելու է, ինչպես իր տառապանքը, ինքնագիտակցության պահն է։ Լեռան գագաթից աստվածների բնակատեղին իջնելու յուրաքանչյուր ակնթարթին նա վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա իր ժայռից ավելի կարծր է։
Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ հերոսը խելամիտ է։ Իրոք, ինչ իմաստ կունենար նրա պատիժը, եթե հաջողության հույսից ամեն քայլին գոտեպնդվեր։ Մեր օրերի բանվորը ողջ կյանքում աշխատում է նման լարվածությամբ, և նրա ճակատագիրը նվազ աբսուրդ չէ։ Բայց ողբերգական է դառնում միայն այն պահերին, երբ ինքը գիտակցում է դա։ Սիզիփոսը՝ անզոր ու ըմբոստ, աստվածների պրոլետարը, գիտի իր ծանր վիճակի անելանելիությունը. այդ մասին է նա մտածում ցած իջնելիս։ Ողջամտությունը, որ նրան պիտի տառապանք պատճառեր, հաղթանակի է վերափոխվում։ Չկա այնպիսի ճակատագիր, որը հնարավոր չլինի հաղթահարել արհամարհանքով։
Եվ այսպես, եթե հովիտ իջնելիս որոշ օրեր նա տխրում Է, որոշ օրեր էլ կարող է ուրախ լինել։ Սա չափազանցություն չէ։ Ես նորից պատկերացնում եմ, թե ինչպես է մոտենում ժայռաբեկորին Սիզիփոսը և ինչ մեծ վիշտ է ապրում։ Սակայն երբ երկրային հիշատակները պարուրում են նրան, երբ երջանկության պահանջը անհաղթահարելի է դառնում, պատահում է, որ թախիծը չքանում է մարդու հոգուց, իսկ դա արդեն ժայռի հաղթանակն է, մարդը՝ ինքը ժայռ է։ Խորունկ վիշտը դժվար է տանել։ Դրանք մեր Գեթսեմանիի գիշերներն են։ Բայց մեզ ճնշող ճշմարտությունները հայտնի դառնալուն պես տարրալուծվում են։ Այդպես Էդիպը ինքն էլ չիմանալով սկզբում, համակերպվում էր ճակատագրին։ Դժբախտությունն սկսվում է այն պահից, երբ նա հասկանում է դա։ Բայց այդ նույն պահին կուրացած ու հուսահատ Էդիպը իմանում է նաև, որ իրեն աշխարհին կապող միակ կապը աղջկա նուրբ ձեռքն է։ Հնչում են նրա պաթետիկ բառերը. «Չնայած այդքան փորձություններին, իմ առաջացած տարիքն ու մեծահոգությունն ինձ ստիպում են խոստովանել, որ ամեն ինչ լավ է»։ Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ստեղծում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ իմաստնությունը միանում է ժամանակակից հերոսականությանը։
Աբսուրդի բացահայտումը միշտ զուգակցվում է երջանկության ձեռնարկ գրելու գայթակղությանը։ «Ի՞նչ, այդքան նեղ արահետ ընտրել…»։ Բայց չէ՞ որ միայն մի աշխարհ կա։ Երջանկությունն ու աբսուրդը նույն մայր հողի երկու զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, պնդել, թե երջանկությունն առաջանում է աբսուրդի հայտնությունից։ Պատահում է, որ աբսուրդի զգացողությունն է երջանկությունից ծնվում։ «Ինձ թվում է՝ ամեն ինչ լավ է»,— ասում է Էդիպը։ Իրոք սուրբ բառեր են, արձագանքում են մարդկային դաժան ու ինքնամփոփ տիեզերքում։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ վերջացած չէ, վերջացած չէր։ Նրանք այս աշխարհից վռնդում են Աստծուն, որն իր հետ բերել էր անբավարարվածության և անիմաստ տառապանքի զգացում։ Այդ բառերը ճակատագրի ղեկը հանձնում են մարդուն, նրան ստիպում տնօրինել։
Սիզիփոսի լուռ երջանկության պատճառը հենց դա է։ Իր ճակատագիրն իրեն է պատկանում։ Իր գործն իր քարն է։ Ճիշտ այդպես աբսուրդ մարդը մտասևեռվելով իր տառապանքների վրա, բոլոր կուռքերին ստիպում է սսկվել։ Եվ ահա, տիեզերքում, ուր անսպասելիորեն լռություն էր հաստատվել, լսվում են հազարավոր նուրբ, հիասքանչ երկրային ձայներ։ Այս տարերային և խորհրդավոր կանչերը, բոլոր հրահրող դեմքերը հակառակ իմաստ ունեն և հաղթանակի արժեք են ստանում։ Առանց ստվերի արև չկա, գիշերվա գոյությունն Էլ պետք է ընդունել։ Աբսուրդ մարդն ասում Է՝ այո՛, և նրա եռանդն անսպառ է դառնում։ Գոյություն ունի անձնական և ոչ թե ի վերուստ կառավարվող ճակատագիր, կամ ծայրահեղ դեպքում կա միայն մի ճակատագիր, որը աբսուրդ մարդը համարում է անհուսալի ու արհամարհելի։ Մնացած բոլոր դեպքերում նա զգում է, որ ինքն է իր օրերի տերը։ Ահա այդ ակնթարթային պահերին, երբ մարդը հետադարձ հայացք է նետում ապրած կյանքի վրա, Սիզիփոսը վերադառնալով դեպի իր քարը՝ տարվում է ճակատագիր դարձած անկապ դեպքերի հաջորդականությամբ, որ ինքն է ստեղծել, ի մի բերել հիշողությամբ, ամրապնդել մոտակա մահով։ Եվ այսպես, ընդունելով այն ամենի մարդկային լինելը, ինչը մարդկային ծագում ունի, տեսնել ուզող և գիշերվա անվերջ լինելն իմացող կույրը՝ Սիզիփոսը, շարունակում է քայլել։ Ժայռը դեռ գլորվում է։
Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ ունի իր ժայռը։ Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում։ Նրան նույնպես թվում է, թե ամեն ինչ լավ է։ Այս, առանց գերագույն տիրոջ մնացած տիեզերքը նրան չի թվում ո՛չ ամուլ, ո՛չ էլ ճղճիմ։ Քարի յուրաքանչյուր փշուրը, կեսգիշերային լեռան վրա փայլատակող յուրաքանչյուր հանքաբեկորը ինքնին աշխարհներ են ստեղծում։ Հենց միայն գագաթներ նվաճելու համար թափված ջանքերը բավական են, որ լցնեն մարդու սիրտը։ Սիզիփոսին պետք էպատկերացնելերջանիկ։
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Գրիգոր Ջանիկյանի