Սմբատ Հովհաննիսյան | Յո՞ երթաս. Քաղաքակրթական խցանո՞ւմ, թե՞ «խցանված քաղաքակրթությո՞ւն»

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԽՑԱՆՈ՞ՒՄ, ԹԵ՞ «ԽՑԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈ՞ՒՆ»
կամ մարդը քաղաքակրթության խցան

Վերջերս ավտոբուսով գնում էի աշխատանքի։ Գազանանոցի (Մյասնիկայն պողոտա) տարածքում դեռ հեռվից նկատում եմ, որ մեր առջևից մի ծանր բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար է դանդաղ ընթանում։ Ահավոր դանդաղ։ Վարորդը ևս տեսել է, բայց միևնույն է՝ նույն արագությամբ ընթանում է դեպի այդ մեքենան, մինչդեռ արդեն պետք է վազանցման դիրքավորվեր և երկրորդ գծով սահուն շարունակեր ընթացքը։ Բայց ոչ․ վարորդը համառորեն արագ մոտենում էր առջևից գնացող դանդաղընթաց բեռնատարին․․․ Երբ արդեն 3-4 մետր հեռավորության վրա էր, նոր միայն հասկանում է, որ պետք էր վազանցում անել, բայց արդեն ուշ էր, քանի որ ձախ կողմից ընթացող մեքենաները շատ էին, և հարկավոր էր սպասել հարմար պահի։ Եվ քանի որ ավտոբուսի վարորդի պես մտածողները (ավելի շուտ՝ չմտածողները) շատ էին, աջ գիծն արագ խցանվեց, իսկ մինչ ավտոբուսի վարորդը կկարողանար վազանցումը կազմակերպել, շուրջ 20 րոպե անցավ, բայց նրա ստեղծած խցանումը «ակորդեոնի էֆեկտով» շարունակվում էր․ «կանաչ ալիքի» փոխարեն գերակայող է դառնում «կարմիր ալիքը»։
Ոմանք կարծում են, որ երթևեկության գերբեռնվածությունը կախված է եղանակից, ճանապարհների սխալ նախագծումից, կտրուկ նեղացող կամ ընդմիջարկվող ճանապարհներից, շրջադարձեր կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ գոտիների բացակայությունից, չկարգավորվող խաչմերուկներից, ավտոմեքենաների կայանատեղերի կա՛մ բացակայությունից, կա՛մ թերի վիճակից, տրանսպորտային միջոցների հնությունից ու արդիականությունից, օրվա ժամից և այլն, և այլն․․․ Տարածական և ժամանակային այլևայլ հանգամանքներից․․․ Մարդիկ բողոքում են երթուղային մեքենաների պակասությունից կամ ուշացումներից, վարորդները բողոքում են ճանապարհների պակասից, անորակությունից, անվտանգ չլինելուց, ժամկետանց մեքենաներից․․․ Մի խոսքով՝ լոգիստիկայի գրեթե կատարյալ բացակայություն։ Ի վերջո ո՞րն է խնդիրը․ գուցե այդ ամենը արդյունք է վարորդների, ուղևորների և հետիոտների բնութագրերի․․․
Այդպես է, ցավոք, թե´ մեր կենցաղում, թե´ պետական քաղաքականության մեջ և թե´ քաղաքակրթական հեռանրակում։ Քաղաքակրթական հեռանկարում, քանի որ մարդկային իրադարձությունները տեղի են ունենում ոչ առանց գիտակցության մասնակցության․․․ Ընդ որում՝ կյանքի բարդությունն ու բազմազանությունը ըմբռնելու և կիրառելու կարողությունը բնավ էլ պայմանավորված չէ ամեն ինչ իմանալով, այլ կրթվածությամբ, ինքն իրեն ամբողջի մասն զգալով, ամբողջի հանդեպ պատասխանատվությամբ և հարգանքով։
Իրավիճակը հասկանալու համար կարիք չկա Մսրա Մելիքի պես գնալ-հասնել Ֆարկին, Դիարբեքիր կամ թե Մըսր, քանի որ բավական է թերթել պատմության ցանկացած դասագիրք՝ համոզվելու համար, որ բոլոր խնդիրների հիմքում ընկած է մարդը։ Միջավայրը նախ և առաջ մարդածին է, իսկ քաղաքակրթությունը նախ և առաջ մտածողություն է և մտածողության արդյունք։ Քաղաքակրթությունն այն է, ինչ մարդիկ են մտածում։ Մի խոսքով՝ հայտնի բան է, որ միջավայրի կարգուկանոնի աստիճանը սահմանվում է գերիշխող արժեքների, աշխարհի նկատմամբ վերաբերմունքի, մարդկային գոյության արժեքի և իմաստի մասին պատկերացումների միջոցով: Վերաբերմունք, որը հաճախ լի է չմարսված ու վտանգավոր ապագայով։
Երթևեկության ուղիների վիճակը ոչ միայն կարող է «լակմուսի թուղթ» լինել տվյալ երկրի տեխնոլոգիական, այլև ու հատկապես՝ քաղաքակրթական մակարդակը որոշելու համար։ Այլ կերպ ասած՝ քաղաքները քաղաքակրթությունների առողջության կամ հիվանդության ցուցիչներն են, հետևաբար քաղաքակրթության առողջության կամ հիվանդության մասին կարելի է դատողություններ անել՝ անգամ նայելով, թե տվյալ քաղաքակրթության կրողն ինչպես է կառուցում ճանապարհներ և ինչպես է իրեն պահում ճանապարհներին, ինչպես է իրացնում երթևեկության կանոնները։ Դրանց խախտումների, մասնակի կատարումների պատճառով անհարկի նվազում է կրիտիկական կետերի, այսինքն՝ խաչմերուկների թողունակությունը, և պատրաստ են խցանումներն ու ագրեսիան։ Խցանումներ, որոնք բոլորովին էլ տնտեսական ակտիվության ցուցիչ չեն, և ագրեսիա, որը բոլորովին էլ սպառնալիքի չեզոքացման, հոգեկան ինքնակարգավորման կամ համակեցության նորմերն ու կանոնները վերականգնելու գործիք չէ, ոչ էլ հորմոնտալ տատանումների արդյունք․ խցանման ու ագրեսիայի հետևում կանգնած են սոցիալ-կենցաղային խնդիրներ, որոնք մարդու մեջ խթանում են հիասթափություններն ու տհաճ հույզերը։ Մարդ, որն ամեն ինչին մատների արանքով է նայում, աչքաչափով և չունի ոչ մի պատասխանատվություն, ոչ մի հոգածություն կամ սրտացավություն, ոչ մի հարգանք և ինքնհարգանք․․․
Մի խոսքով՝ այս ամենի հիմքում մարդկային աղետն է, կամ, ինչպես Մամարդաշվիլին է նշում, մարդաբանական աղետը, երբ մարդու մեջ ոչնչանում է մարդը, և այն չի փոխարինվում գոնե մարդու մեկ այլ «գաղափարով», մեկ այլ «երազանքով», որին հարկ է ձգտել և հասնել, բայց հատկապես ձգտել ու վերակերտել։ Հենց մարդաբանական աղետն է մյուս բոլոր աղետների պատճառը՝ էկոլոգիական ճգնաժամ, պատերազմներ, տնտեսական ռեսուրսների անարդար բաշխում, մշակույթի հետընթաց և այլն, և այլն։
Եվ քանի որ յուրաքանչյուր տեխնաբանական հեղափոխություն հանգեցնում է համընդգրկուն փոփոխությունների ոչ միայն հասարակության արտադրողական ուժերի, այլև մարդկանց ողջ կենսակերպում, ապա միշտ անհրաժեշտություն է առաջանում նման հեղափոխություն(ներ)ից հետո վերարժևորել, վերաիմաստավորել և վերահաստատել գոյություն ունեցածը, անգամ հրաժարվել նախկին բազմաթիվ իրողություններից։ Իսկ եթե այդ ամենը տեղի չի ունենում, պատրաստ է քաղաքակրթական խցանումը, երբ ոչ ոք իր տեղում չէ։ Քաղաքակրթական խցանում, ինչպես երթևեկության խցանումները․․․ Ինչպես տրանսպորտի մեջ խցկվելը, քանի որ այլևս ինքդ քեզ վերևից կամ գոնե կողքից տեսնելու ո՛չ միտք ունես, ո՛չ էլ ցանկություն։ Կարգազանցությունը դառնում է օրինաչափություն և աստիճանաբար, աննկատ օրինավորվում։ Կարգազանցություն, երբ «փոխում» ես ինչպես քո սեռը, քո դիրքը, քո տարիքն ու քո ով լինելը, այլև ամենը, ինչ մտքովդ կանցնի։ Բայց այդ փոխակերպությունները բնավ էլ ճկունություն չեն հաղորդում ո´չ կեցությանդ, ո´չ էլ համակեցությանդ, ո´չ անձնական, ո´չ էլ հավաքական մակարդակներում։ Եվ հազարամյա մշակույթն այլևս չի ծածկում քաղաքակրթական մերկությունը․․․
Քաղաքակրթական խցանումից նախ արտամղվում է ժամանակը, քանի որ խցանումը նախ և առաջ խցանում է ժամանակի մեջ։ Հետո քաղաքակրթական խցանումը վերածվում է կրկնության, որտեղ ոչնչանում են բոլոր հնարավորությունները, քանի որ չգիտակցված և չարժևորված կրկնությունը վերածվում է ավերիչ ուժի։ Կրկնություն, որտեղ յուրաքանչյուր հնարավորության խցանում ուժգնացնում է խցանումը․․․
Իսկ հետո գալիս է տարածական խցանումը, որով ամրագրվում է ժամանակի բացակայությունն անշարժացմամբ․․․ Տարածությունը ևս կարող է աստիճանաբար դուրս մղվել, և սկսվում է գաղթը՝ արդեն տարածության և ժամանակի մեջ, միաժամանակ կամ մասնատված․․․ Պատմությունը կարծես մտնում է փակ շրջապտույտի մեջ, կրկնվում է․․․ Սոցիալական հյուսվածքի խորքերում սկսում է հանրույթի քայքայումը, որը հանգեցնում է ներքին պայթյունի, որով հանրույթը «սպառում է ինքնադետերմինացման հատկությունը» (Առնոլդ Թոյնբի)։
Նման իրավիճակում մտածել և գործել հնարավոր չէ, դա հնարավոր է եղածից դուրս․ հարկ է կարողանալ արագորեն հայտնաբերել մանրամասնություններից եկող կարևոր(ագույն) ազդանշանները, զտել աղմուկը և առաջ անցնել պարտադրված իրականությունից՝ օգտագործելով բացվող հնարավորությունները, ուշադրություն դարձնելով ի հայտ եկած և քաղաքակրթական նշանակություն ձեռք բերող մանրամասնությունների վաղ ազդանշաններին՝ նախքան դրանց՝ մեծ խնդիրների վերածվելը: Էլ չեմ ասում՝ ուսումնասիրել դրանք ավելի խորությամբ, քան անում ենք սովորաբար։ Քաղաքակրթությունները, արի ու տես, մանրամասնություններից են կազմված, մանրամասնություններ, որոնք կուտակվելով և իմաստավորվելով պարզապես մանրամասնություններ չեն, այլ քաղաքակրթական թափ ստացած մանրամասնությունների ամբողջություն, որոնք, եթե կառավարում ես, հույժ օգտակար են, իսկ անկառավարելի մնալու դեպքում՝ հույժ վտանգավոր․ մարդը դառնում է քաղաքակրթության խցան և քաղաքակրթական խցան, իսկ քաղաքակրթական խցանումն էլ իր հերթին արդյունք է, որքան էլ պարադոքսալ թվա, հենց քաղաքակրթական ինքնագիտակցության աստիճանական անհետացման․․․ երբ սպառվում է համակարգային ինտեգրումը։
Ի՞նչ անել․․․ Երթևեկության դեպքում՝ կառուցել նոր ճանապարհներ, նոր կամուրջներ կամ նոր թունելներ, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել երթևեկության հոսքի ակտիվացում ցանկալի, կանխատեսելի ուղղությամբ, ստեղծել «խթանող պահանջարկ (induced demand)», շնորհիվ որի հնարավոր կլինի տեղաշարժել գերբեռնվածությունը մեկ այլ ուղղությամբ և դուրս բերել այն քաղաքից․․․ Մի խոսքով՝ գերբեռնվածության տեղաշարժմամբ գերբեռնվածությունը դարձնել կառավարելի և վերածել այն դրական իրողության։ Բայց ցանկացած հնարավորություն կարող է իրականացվել միայն մարդու ինքնազատագրման ու զարգացմանն ուղղված սեփական աշխատանքի և հոգևոր ջանքերի շնորհիվ, որոնցով կստեղծվի և անընդհատ կզարգացվի քաղաքակրթական տեսողությունը։ Քաղաքակրթական տեսողություն, որը, միավորելով քաղաքակրթական նշանակության (երկար տևողության) իրողությունները և մեկնաբանելով ու մշակելով նորանոր ռազմավարություններ, կկարողանա դրանց խորություն և հեռանկար հավելել:
Արդի աշխարհին հակադրվող մտավոր ուժը թուլացնելու, բազմակարծության օրենքների ազդեցության տակ մասնատելու և պատրանքների ու ստի ոլորտ ներքաշելու փոխարեն հարկ է, ընդհակառակը, թույլ տալ կենտրոնանալ առաջնային խնդիրներն առանձնացնելու և դրանք լուծելու վրա. սկզբունքի միասնություն, որը վաղ թե ուշ ձգտելու է նույնանալ հենց ճշմարտության ուժի հետ, որով հնրավոր կլինի տեղաշարժել, կառավարելի դարձնել քաղաքակրթական խցանումը և օգուտ քաղել դրանից։ Ստեղծարարների մի խումբ, որը կկարողանա համակարգված կերպով կատարելագործել պետությանն ու ազգին իսկապես անհրաժեշտ հմտությունները՝ որակյալ վարկածների ձևակերպումներից մինչև սպառնալիքների կամ հնարավորությունների արագ, բայց և զգուշավոր ու մտածված արձագանք: Միայն այդպես կարելի կլինի անգամ սխալները (նաև դիտավորյալ) վերածել «հետազոտական շքամուտքերի» (Ջեյմս Ջոյս)՝ ավելի լայն տարածքներ ուսումնասիրելու և նորանոր փորձառություններ ձեռք բերելու համար, ինչպես նաև կրճատել անորոշությունների ծավալը՝ ապագա ընդգրկումների համար հարթակներ ստեղծելու հաշվարկով։
Ապագա ունենալու միակ հնարավորությունը, և դա նաև մարդ, ազգ, պետություն մնալու հնարավորությունն է, մտածել կարողանալն է և մտածելը հնարավոր դարձնելը․ ստեղծել տրամասութային միջավայր, որտեղ կարող ես հասու լինել սեփական գոյության իմաստին, որպիսությանն ու հնարավորություններին։ Իսկ դա հնարավոր է միայն ու միայն կրթության միջոցով, որը մարդուն ձևավորում է իբրև ինքնություն և իբրև քաղաքացիական արժանիքների (օրինապահություն, խիզախություն, ինքնուրույնություն, վերլուծելու և քննադատելու կարողություն և այլն) և հանձնառությունների (իրավական, բարոյական, սոցիալական, մասնագիտական և այլն) զուգակցություն։ Կրթություն, որն ապահովում է գրագիտություն, թվաբանական և քննադատական մտածողության հմտություններ, ինչպես նաև համատեքստային, այլ մարդկանց տեսակետները հասկանալու և գնահատելու գիտելիքներ (Էմի Գութման): Հարկավ նկատի ունենալով և այն, որ առաքինությունների և ոչ մի խումբ անառարկելի չէ, և կրթությունը պետք է նպաստի նաև գերիշխող ըմբռնումներին մարտահրավերներ նետելու հմտության ձևավորմանը, որպեսզի այդ արժանիքները չվերածվեն ծիսական կամ խորհրդանշական արարողակարգերի կամ ձեռնածությունների։ Եվ այդ ամենը՝ անհատներին ընդհանուր նպատակների շուրջ միավորող համերաշխության զգացողության համատեքստում։ Կրթություն, որը նաև թույլ կտա ակտիվորեն ընդունել վաղ ազդանշանները, կանխատեսել սպառնալիքները կամ հնարավորությունները և գործել առանց վարանելու: Ինչպես նաև շարունակական նորարարություն՝ առավելությունը պահպանելու համար: Քաղաքակրթական խցանման հաղթահարման, թերևս, ամենահուսալի ճանապարհը։
Հայտնի ճշմարտություն է, որ մարդու հոգեկան առողջությունը կախված է ոչ միայն կյանքի լայնամասշտաբ կամ ոչ մասշտաբային իրադարձություններից, այլև թվացյալ աննշան հուզական տպավորություններից, ինչպիսիք են աշխատանքի ընթացքում գործընկերների հետ բախումը, երկար հերթերը կամ խցանումները։ Եվ պատահական չէ, որ հոգեբանները կարծում են, որ ամենօրյա տհաճությունների քրոնիկ բացասական արձագանքները մեծ ազդեցություն ունեն երկարաժամկետ հոգեկան առողջության վրա: Հարց է առաջանում` ինչպե՞ս ապահովել հոգեկան առողջության տևականություն մշտապես կուտակվող մանրամասնությունների կամ մանրուքների նկատմամբ անտարբերության պայմաններում։ Մանրուքներ, որոնք կուտակվելով ավելի ու ավելի անկառավարելի ու վտանգավոր են դառնում, մանավանդ երբ արդեն սկսում են աճել ձնագնդիի էֆեկտով․․․ Հնրավո՞ր է մանրուքների նկատմամբ արհամարհանքը հաղթահարել։ Թերևս այո, բայց դրա համար հարկավոր կլինի վերանայել մեր գիտակցությունը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *