Վիսլավա Շիմբորսկա | Հեղինակային երեկո

Պահ

Քայլում եմ կանաչ բլրի լանջով,
Խոտեր, ծաղիկներ խոտերի մեջ
ինչպես երեխաների համար նկարում,
Երկինքը մշուշված կապույտին է տալիս արդեն,
Մյուս բլուրների վրա բացվում է տեսարանը լռության մեջ։
Կարծես այստեղ չեն եղել կամբրիաներ ու սիլուրներ*,
ժայռեր աղմկող իրար վրա,
շրջված անդունդներ,
և ոչ մի գիշեր կրակներում
ու ոչ մի օր խավարի ամպերի մեջ։
Կարծես հարթավայրերը չեն շարժվել այս ճամփով
չարորակ տենդերի ու
սառցե դողերի միջով։
Կարծես այլ տեղ էին փրփրում ծովերը
և պատառոտում ափերն հորիզոնների։

Տեղական ժամով ինն անց է կես,
Ամենն իր տեղում է՝ ներդաշնակության մեջ,
Հովտում մի փոքրիկ առվակ կա՝ որպես առվակ մի փոքրիկ,
Ճանապարհ կա` որպես ճանապարհ հավերժից դեպ հավերժը,
Անտառ անտառի տեսքով հավիտյանս հավիտենից ամեն,
իսկ բարձրում սավառնող թռչուններ են՝ որպես թռչուններ սավառնող։

Ուր աչքդ կտրի, պահն է տիրում այդտեղ
Մեկը պահերից այն երկրային՝
աղերսված, որ հար ձգվի։

*պալեոզոյան դարաշրջանի ժայռեր

 

Հեղինակային երեկո

Մուսա՛, բռնցքամարտիկ չլինել նշանակում է չլինել բնավ։
Դու ժլատ եղար աղմկող երկրպագուների հանդեպ։
Տասներկու հոգի կա սրահում,
արդեն ժամն է, որ սկսենք։
Կեսը եկել է անձրևի պատճառով,
մյուսները հարազատներ են։ Մուսա՛։

Կանայք պատրաստ են ուշաթափ լինել աշնանային երեկոյին,
կանեն դա, իհարկե, բայց միայն բռնցքամարտի ժամանակ։
Միայն այնտեղ կան դանթեական տեսարաններ։
Եվ դրախտ երկնային։

Լինել ոչ թե բռնցքամարտիկ, այլ պոետ,
դատապարտված լինել ծանր նորվիդների,
մկանային ուժի բացակայության դեպքում ցուցադրել աշխարհին
լավագույն դեպքում ապագա դասը դպրոցականի –
օ Մուսա՜։ Օ պեգաս,
հրեշտակային ձի։

Առաջին շարքում մի ծերուկ քնել է քաղցր,
ու երազում տեսնում է, որ կինն իր հանգուցյալ վեր է կացել գերեզմանից
ու եփել իր համար սալորով թխուկ
կրակի վրա չափավոր, որ չվառվի հանկարծ,
սկսում ենք ընթերցումը։ Մուսա՛։

 

Իմ մասին վատ կարծիքի գովք

Անգղը մեղքի զգացում չունի բնավ։
Խղճի խայթն օտար է սև հովազին,
Պիրանյաները չեն կասկածում ճշմարտացիությանն իրենց արարքների,
Թունավոր օձը հավանություն է տալիս ինքն իրեն անվերապահ։

Ինքնաքննադատ շնագայլ գոյություն չունի,
Մորեխը, կոկորդիլոսը, թելորդն ու ճանճը մակաբույծ
ապրում են ոնց կան և գոհ են դրանից։

Շնաձկան սիրտը կշռում է հարյուր կիլոգրամ,
բայց մյուս կողմից էլ թեթև է այն շատ։

Չկա ոչինչ ավելի կենդանական,
քան խիղճը մաքուր
Արեգակնային համակարգի երրորդ մոլորակի վրա։

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *