Յու Սյոուհուա | Մենք միշտ տարբեր ժամանակներում ենք հանդիպում

մենք միշտ տարբեր ժամանակներում ենք հանդիպում

կես կյանք է անցել, դու միայն ասացիր՝ այստեղ եմ
այստեղ ես, ապացուցի՛ր, որ ես էլ այստեղ եմ
երկարատև հակադրություններից, քամուց ցնցվող թեթև որոտների պայթյուններից
և բոցերից հետո դու միշտ ճիշտ ես, բայց չեմ կարող ընդունել
քաղցր ես, բայց չես կարող չեզոքացնել կյանքիս դառնահամը
սեր խոստովանելով չես կարող փարատել աշխարհի հանդեպ կասկածներս

հարցնում ես՝ ի՞նչ անեմ

երկնքից թափվող անձրևաջուրը կաթիլ առ կաթիլ կուլ եմ տվել
բայց միևնույն է, այս գետը անընդհատ հոսում է դեպի Հան, հասնում Յանզցզի
թե ուզեմ հանդիպել քեզ, գետի հոսանքի հետ մինչև վերջ պիտի գամ։ Բայց այդքան հեշտ չեմ կարող
չեմ կարող
մի սիրո համար մի կյանքը շատ կարճ է, կարոտը չի հերիքում
դու ինձ իսկապես մահվան ես հասցնում։ Կյանքս կապ չունի քեզ հետ
ապրել եմ ուզում։ Անհետաձգելի հարց է

այստեղ ես․․․ ինչ լավ է․․․

 

միայն թե ոչ իմ

միայն էսպիսի փոքրությունը կարող է կործանել ինձ, միայն էսպիսի ցավը
չեմ կարող գոռալ
կեսգիշերին ծալի՜ր ծնկներդ ու լսի՜ր մարող ձայները. ոչ միայն մասրենու
հենց գիշերվա, Ծիր Կաթինի
մի տիեզերք
ու ես չգիտեմ ում օգնության կանչեմ
կյանքի ընդմիջում՝ անդադար շարունակվող մակընթացությունը կտրուկ դադարում է
շատ գիշերներ ես այսպես եկել եմ պոկոտելու ծաղիկները
ու ես կասկածում եմ իմ սիրուն ամեն անգամ, երբ այն փոշիացնում է ինձ
կասկածում եմ իմ ի ծնե արատներին․ այս կործանող բնությանը
ոչ մի կերպ չեմ կարողանում Նրա հետ համահունչ լինել
հավատում եմ, որ Նրա և մնացած բոլորի միջև սեր է
միայն թե ոչ իմ

 

դու չես տեսել իմ մութ կողմը

գարնանը ես խոսում եմ ծաղիկների, բոցերի ու ժայռի վրա աճող ծառերի մասին
բայց անձրևի մեջ միայնակ ճիչ կա, որ բութ զենքի պես հարվածում է երեկոյան ամպերին
միշտ ուշացած ես սիրում, բայց այդ սերն արդեն անդառնալի խորն է։ Ես կծում եմ ու արնահոսում անունդ
բայց չեմ բացում մութ կնիքը

այս փոքր բաներն են ինձ ստիպում մնալ․ կաննաներ, սև թիթեռներ, ջրային արտացոլանքներ
ասում եմ՝ բարև, բարև ձեզ, ընդունեք իմ խոնահվող սերը
ես երբեք չեմ շփոթվել, երբեք
անգամ ամենախորը գիշերում գետի պես ես էլ գիտեմ իմ վաղվա ուղղությունը

ես ինձ ի վերջո չեմ կարող ներել, որ քեզ այսքան լիարժեք եմ պահել սրտումս
ավելի լավ է՝ չիմանաս այս պատրանքներիս մասին
որքա՞ն փոշի է պետք ծածկելու կնոջ խեղված, բայց դեռ առկայծող սերը

 

կախված քար

ես դեռ շփոթված էի։ Արցունքներս միանգամից դուրս հորդեցին։
Տրտում գնացի ես, տրտում ետ եկա նորից
այսքան օրեր լռությունը ճնշում է լռությանը
մոխիրներից հավաքած մարմնիս, մայրամուտի հետ լույս տվող սրտիս

որքան վտանգավոր, որքան ծանր է
այս սերը

 

***
պատուհանից այն կողմ անձրև է
բայց էլի նստած եմ չոր տեղում
խմում եմ մի շիշ գինին
բացում եմ շիշը, լցնում, դնում տեղը
նորից փակում
անձրևն անտեսում է ինձ
մի կաթիլը բռնած մյուսին ընկնում է
մի կաթիլը բռնած մյուսին ընկնում է
բայց միացումն էլի կործանում է
կործանումը էլի միացում
ինչքա՞ն ժամանակ է պետք մարդուն,
որ ետ գնա երկինք,
ինչքա՞ն ժամանակ է պետք երկնքում մի կաթիլ անձրևի շրջապտույտին
ծխում եմ մի գլանակ, մեկ ուրիշն է հայտնվում ձեռքիս մեջ
մեկը սիրում է ինձ մահու չափ
մյուսն արդեն իմ մեջ երեխա է դրել
անձրևը նույն տեղում չի ընկնում ու ոչ մի տեղից նույն ձայնը չի գալիս
ոչ մեկը ուրիշից ավելի արագ չի անհետանում
ոչ մեկը ուրիշից ավելի ամբողջական չի տեղ հասնում
ոչ մեկը անձրևի տակ չի
ոչ մեկը չկա, որ անձրևի տակ է

 

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *