Եթե Գերմանիայում քեզ հետ ինչ-որ բան պատահի, օրինակ, գնացքից ուշանաս, կոտրես ոտքդ, սնանկանաս, ապա այդ դեպքում ասում են` ավելի վատը լինել չէր կարող, այն, ինչ տեղի է ունենում, վատագույնն է: Իռլանդացիների դեպքում դա գրեթե հակառակն է. եթե ոտքդ կոտրես կամ բաց թողնես գնացքը, ասում են` կարող է ավելի վատը լինել: Իսկ այդ ժամանակ կորցնում են հանգստությունը, ինչը չես կարող ասել սնանկանալու դեպքում: Այնտեղ երբեք չեն ասում, որ տեղի ունեցածն ամենավատն է: Չէ՞ որ, եթե մահանում է ձեր սիրելի եւ պաշտելի տատիկը, ապա կարող էր մահանալ նաեւ ձեր սիրելի եւ պաշտելի պապիկը: Եթե ֆերմայում հրդեհ բռնկվի եւ հավերը փրկվեն, ապա հնարավոր է, որ հավերը նույնպես այրվեին: Կարող էր տեղի ունենալ վատագույնը` դու ինքդ մահանայիր: Եթե մեկը մահանում է, ապա ազատվում է բոլոր տագնապներից, որովհետեւ դրախտի դռները բաց են յուրաքանչյուր ապաշխարող մեղավորի համար. հենց դա՛ է ջարդված ոտքերից, բաց թողնված գնացքներից, տարբեր տեսակի սնանկացումներից հետո ծանր երկրային ուխտագնացության նպատակը: Ինձ թվում է, որ մենք ձախողում ենք, երբ մեզ հետ ինչ-որ անսովոր բան է տեղի ունենում: Իռլանդիայում սովորաբար նման դեպքերում գործի են դնում հումորն ու երեւակայությունը: Մեկին, որը ոտքի կոտրվածքի պատճառով ցավ է զգում կամ կաղում է գիպսի մեջ, բացատրելը, որ ամեն ինչ կարող էր ավելի տխուր վերջաբան ունենալ, ոչ միայն մխիթարական է, այլեւ բանաստեղծական տաղանդ պահանջող զբաղմունք է, որը ոչ միշտ է բացառում մեղմ սադիզմը: Երբ պատկերում են արգանդի վզիկի կոտրված ողնաշարի տառապանքը, ցույց տալիս, թե ինչ տեսք ունեն տեղահանված ուսը, ջարդված գանգերը, կոտրված ոտքով կինը մխիթարված հեռանում է`իրեն օրհնված համարելով թեթեւ կոտրվածքի համար:
Այսպիսով, ճակատագիրն ունի սահմանափակ վարկ, եւ տոկոսները վճարվում են կամա եւ նվիրումով. եթե երեխաներդ այնտեղ պառկած են շնչակտուր եւ թշվառ, հոգածության կարիք ունեն, ապա պետք է քեզ բախտավոր համարես, որ դեռեւս կարող ես մեղվի պես աշխատել եւ խնամել նրանց: Այստեղ երեւակայությունը սահմաններ չի ճանաչում:
«Կարող է ավելի վատը լինել»,- սա ամենաշատ գործածվող արտահայտություններից մեկն է, հավանաբար այն պատճառով, որ ամեն ինչ հաճախ դեպի ավելի վատն է փոխվում, եւ այդ դեպքում մեզ մնում է մխիթարությունը:
«Կարող է ավելի վատ լինել»-ի հոմանիշը նույնքան հաճախ գործածվող հետեւյալ արտահայտությունն է` ես չպետք է անհանգստանայի, ես չպետք է անհանգստանամ, եւ դա տարածված է այն ժողովրդի մեջ, որն ունի բոլոր պատճառները թեկուզ մեկ րոպե, օր կամ գիշեր չանհանգստանալու: Հարյուր տարի առաջ, երբ վրա հասավ մեծ սովը, մի քանի տարի ձախողվեց բերքատվությունը, այդ ազգային մեծ աղետը ոչ միայն անմիջապես կործանարար ազդեցություն ունեցավ, այլ այդ ցնցումը փոխանցվեց սերնդեսերունդ մինչ այսօր: Հարյուր տարի առաջ Իռլանդիան հավանաբար ուներ յոթ միլիոն բնակիչ, այնքան քիչ, որքան Լեհաստանն ուներ այն ժամանակ: Լեհաստանն այսօր ունի ավելի քան քսան միլիոն բնակիչ, իսկ Իռլանդիան` չորս միլիոնից քիչ, այն դեպքում, երբ Աստված էլ գիտե, որ Լեհաստանին չեն խնայել իր մեծ հարեւանները: Ծնելիության ավելցուկ ունեցող այս ժողովրդի թվաքանակի նվազումը կարելի է բացատրել միայն արտագաղթի հոսքերով:
Ծնողները, որոնց աչքի առջեւ մեծանում են իրենց վեց (ոչ հազվադեպ` ութ կամ տասը) երեխաները, բավարար պատճառ ունեն օր ու գիշեր անհանգստանալու համար, եւ նրանք ժպիտով կրկնում են նույն ասացվածքը` ես երբեք չէի անհանգստանա եւ չէի հոգա այդ մասին: Նրանք դեռ չգիտեն եւ երբեք էլ ստույգ չեն իմանա, թե իրենց երեխաներից քանիսն են ապրելու Լիվերպուլի, Լոնդոնի, Նյու-Յորքի կամ Սիդնեյի աղքատ թաղամասերում, եւ արդյո՞ք նրանք իրենց երջանիկ կզգան այնտեղ: Ամեն դեպքում մի օր կգա հրաժեշտի ժամանակը` վեցից երկուսի համար, ութից երեքի համար. Շեյլան կամ Շոնն իրենց ստվարաթղթե տուփերով կսպասեն Դուբլինի կամ Կորկի ավտոբուսի կանգառներում, երկաթուղային կայարաններում, նավամատույցներում: Եվ աշնանային անձրեւոտ, մռայլ օրերին, լքված տներում եւ ճահճուտներում ապրողներից ոչ ոք հաստատ չի իմանա, թե արդյոք երբեւէ նորից կտեսնե՞ն Շոնին կամ Շեյլային: Սիդնեյից Դուբլին երկար ճանապարհ է, Նյու-Յորքից հետ չեն գա, իսկ ոմանք նույնիսկ Լոնդոնից տուն չեն վերադառնա: Ո՜վ գիտե, նրանք կամուսնանան, երեխաներ կունենան եւ փող կուղարկեն տուն:
Մինչ եվրոպական գրեթե բոլոր ժողովուրդները վախենում են աշխատուժի նվազումից, իսկ ոմանց համար դրանց հետեւանքները կանխատեսելի են, այստեղ վեցից երկուսը, ութ եղբայրներից երեքը գիտեն, որ ստիպված են լինելու արտագաղթել. սովի ուրվականը սերնդեսերունդ բացահայտում է դրա սարսափելի ազդեցությունը: Երբեմն մարդ կուզենար հավատալ, որ այդ արտագաղթը սովորականի պես մի բան է, ինքնին պարզ մի պատահականություն, որը կախված է տնտեսական հանգամանքներից: Երբ Իռլանդիան 1923թ. հռչակվեց որպես անկախ պետություն, գրեթե մեկ դար այնտեղ զարգացած չէր արդյունաբերությունը, եւ նա ստիպված պետք է համընթաց քայլեր այլ` զարգացած երկրների հետ: Այնտեղ գրեթե չկային քաղաքներ, որոնք կունենային արդյունաբերություն եւ ձկան արտահանման համար շուկա:
Եվ Շոնն ու Շեյլան ստիպված էին լինելու արտագաղթել:
Կորկ- (անգլ.` Cork, իռլանդերեն` Brauchbhaile Chorcai), քաղաք Իռլանդիայի հարավ-արեւմուտքում: Այն իր մեծությամբ երկրորդն է երկրում` մայրաքաղաք Դուբլինից հետո: Հիմնադրվել է 6-րդ դարում:
(«Իռլանդական օրագիր» գրքից )
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի