Աֆրիկական արկածները շարունակվում են․․․Բա՛ց չթողնեք։
Իսկական սաֆարի կամ արշավ ուղեկցորդների հետ, որոնք գիտեն Աֆրիկան։
Տուրիստական գովազդ, «Օբզերվեր[1]», Լոնդոն, 27/11/88
Այդ երեկո մեր մայրը գնաց խանութ և չվերադարձավ։ Ի՞նչ էր պատահել։ Չգիտեմ։ Հայրս նույնպես մի օր հեռացավ և այլևս չվերադարձավ, բայց նա կռվում էր պատերազմում։ Մենք նույնպես պատերազմի մասնակից էինք, բայց մենք երեխաներ էինք, մեր տատիկի և պապիկի նման էինք, զենքեր չունեինք։ Մարդիկ՝ բանդիտները[2], ինչպես նրանց անվանում էր կառավարությունը, ում դեմ կռվում էր հայրս, տակով էին անում ողջ տարածքը, և մենք փախչում էինք նրանցից, ասես ճուտիկներ լինեինք, որոնց հետապնդում էին շները։ Չգիտեինք ուր գնալ։ Մեր մայրը գնացել էր խանութ, որովհետև ինչ-որ մեկն ասել էր, թե կարող էր ուտեստներ պատրաստելու համար բուսայուղ ստանալ այնտեղից։ Մենք երջանիկ էինք, որովհետև երկար ժամանակ էր, ինչ բուսայուղի համ չէինք զգացել․ հավանաբար նա վերցրել էր բուսայուղը և մթության մեջ ինչ-որ մեկը հարվածել էր նրան ու խլել բուսայուղը։ Երևի բանդիտներին էր հանդիպել։ Եթե հանդիպեք նրանց, կսպանեն ձեզ։ Երկու անգամ եկան մեր գյուղ, մենք փախանք և թաքնվեցինք թփերում, իսկ երբ հեռացան, վերադարձանք ու տեսանք, որ ամեն ինչ վերցրել էին։ Բայց երբ երրորդ անգամ վերադարձան, վերցնելու ոչինչ չկար՝ ո՛չ բուսայուղ, ո՛չ սնունդ, և նրանք վառեցին ծղոտն ու մեր տների տանիքները փուլ եկան։ Մայրս թիթեղի մի քանի կտոր գտավ, և տան մի մասը փակեցինք դրանցով։ Հենց այդտեղ էլ սպասում էինք նրան այդ գիշեր, բայց նա այդպես էլ չվերադարձավ։
Նույնիսկ կարիք հոգալու համար էինք վախենում փողոց դուրս գալ, որովհետև բանդիտները եկել էին։ Մեր տուն չէին եկել, որն առանց տանիքի հավանաբար այնպիսի տեսք ուներ, ասես այնտեղ ոչ ոք և ոչինչ չկար, այլ գյուղ։ Լսում էինք, թե ինչպես էին մարդիկ ճիչեր արձակում և փախչում։ Մենք վախենում էինք նույնիսկ փախչել, որովհետև մայրիկը չկար, որպեսզի ասեր, թե ուր փախչել։ Ես միջնակն էի՝ աղջիկ, իսկ իմ կրտսեր եղբայրը սեղմվել էր փորիս, ձեռքերով փաթաթվել էր վզիս, իսկ ոտքերով՝ գոտկատեղիս, ինչպես կապիկի ձագուկն է փաթաթվում իր մորը։ Ամբողջ գիշեր ավագ եղբայրս տան հրկիզված փայտե սյուներից մի կտոր էր պահում ձեռքում, որպեսզի փրկվեր, եթե բանդիտները գտնեին նրան։
Ամբողջ օրն այնտեղ մնացինք։ Մայրիկին էինք սպասում։ Չգիտեի, թե ինչ օր էր․ մեր գյուղում այլևս ո՛չ դպրոց կար, ո՛չ եկեղեցի, այնպես որ չէիր իմանում, թե արդյոք կիրակի՞ էր, թե՞ երկուշաբթի։
Երբ արևը մայր էր մտնում, եկան մեր տատիկն ու պապիկը։ Գյուղից ինչ-որ մեկն ասել էր, որ մենք՝ երեխաներս, տանը մենակ էինք, մեր մայրը չէր վերադարձել։ Սկզբում ասում եմ «տատիկը», հետո «պապիկը», որովհետև հենց այդպես էլ կար․ մեր տատիկը խոշոր և ուժեղ կին է, և դեռևս ծեր չէ, իսկ մեր պապիկը այնքան պստլիկ է, որ չի երևում լայն տաբատի միջից, միշտ ժպտում է, թեև չի էլ լսում, թե ինչ ես ասում, իսկ մազերն այնպիսի տեսք ունեն, ասես օճառի փրփուր կա դրանց վրա։ Մեր տատիկը վերցրեց մեզ՝ ինձ, փոքրիկին, ավագ եղբորս, պապիկին, և գնացինք նրա տուն, բայց ճանապարհին հանդիպեցինք բանդիտներին և բոլորս (բացի փոքրիկից, որը քնած էր տատիկի մեջքին կապած) վախեցանք։ Երկար ժամանակ սպասեցինք տատիկի տանը։ Հավանաբար մեկ ամիս։ Սոված էինք։ Մայրիկն այդպես էլ չվերադարձավ։ Մենք սպասում էինք, որ նա կգար ու կտաներ մեզ, իսկ տատիկի տանը սնունդ չկար ո՛չ մեզ համար, ո՛չ պապիկի, ո՛չ իր։ Մի կին կրծքի կաթ էր տալիս կրտսեր եղբորս, թեև մեր տանը նա սովորաբար վարսակի շիլա էր ուտում, ինչպես մենք։ Տատիկի հետ գնում էինք վայրի սպանախ հավաքելու, բայց քանի որ գյուղում բոլորն այդպես էին անում, մի տերև անգամ չկար։
Պապիկը երիտասարդ տղամարդկանց հետ մայրիկին փնտրելու էր գնում, բայց չէր գտնում։ Տատիկը լաց էր լինում ուրիշ կանանց հետ, իսկ ես շարականներ էի երգում նրանց հետ։ Նրանք մի քիչ սնունդ (մի քիչ լոբեղեն) բերեցին, բայց երկու օր հետո նորից ոչինչ չկար։ Պապիկը երեք ոչխար ուներ, կով և բանջարանոց, բայց ոչխարներին և կովին բանդիտները վաղուց վերցրել էին, որովհետև նրանք նույնպես սոված էին, և երբ ցանքի ժամանակը եկավ, պապիկը սերմեր չուներ, որպեսզի ցաներ։
Այդպիսով՝ նրանք որոշեցին (ավելի շուտ տատիկը որոշեց, պապիկը մի փոքր աղմուկ բարձրացրեց ու վրդովված այս ու այն կողմ գնաց-եկավ, բայց տատիկն ուշադրություն չէր դարձնում), որ մենք բոլորս պետք է հեռանայինք։ Մենք՝ երեխաներս, ուրախացանք։ Ուզում էինք հեռանալ այնտեղից, որտեղ չկար մեր մայրիկը, և որտեղ սոված էինք։ Ուզում էինք գնալ այնպիսի մի տեղ, որտեղ չկային բանդիտներ, և կար սնունդ։ Բերկրալի էր մտածել, որ աշխարհում ինչ-որ մի տեղ այդպիսի վայր կար։
Տատիկը իր՝ եկեղեցի գնալու հագուստը փոխանակեց քիչ քանակությամբ չոր եգիպտացորենի հետ, եփեց և հնոտիքի մեջ փաթաթեց այն։ Հեռանալիս եգիպտացորենը մեզ հետ վերցրինք, և տատիկը մտածեց, որ ջուր կարող էինք գետից խմել, բայց այդպես էլ ոչ մի գետ չհանդիպեց մեր ճանապարհին, և մենք այնքան էինք ծարավել, որ ստիպված վերադարձանք։ Ոչ թե տատիկի տուն, այլ մի ուրիշ գյուղ, որտեղ ջրհան կար։ Տատիկը բացեց զամբյուղը, որտեղ մի քանի հագուստ և եգիպտացորեն կար, և վաճառեց իր կոշիկները՝ ջրի մեծ պլաստմասսե տարրա գնելու համար։
-Գոգո[3]՛, – ասացի ես, – ո՞նց ես առանց կոշիկ եկեղեցի գնալու։
Բայց տատիկն ասաց, որ նրանց դեռ երկար ճանապարհ էր սպասում, իսկ բեռն առանց այն էլ ծանր էր։ Այդ գյուղում ուրիշ մարդկանց հանդիպեցինք, որոնք նույնպես վճռել էին հեռանալ։ Մենք միացանք նրանց, որովհետև թվում էր, թե նրանք մեզնից ավելի լավ գիտեին, թե ուր էր պետք գնալ։
Այդ տեղը հասնելու համար պետք է Կրյուգեր պարկի[4] միջով անցնեինք։ Կրյուգեր պարկի մասին գիտեինք։ Այն հսկայական պետության նման մի բան էր, որի բնակիչները բոլոր տեսակ գազաններն էին՝ փղերը, առյուծները, շնագայլերը, բորենիները, գետաձիերը, կոկորդիլոսները։ Մինչև պատերազմը մեր պետությունում նույնպես կային այդ կենդանիներից որոշները (պապիկը հիշում էր, մենք՝ երեխաներս, դեռ չէինք ծնվել), բայց բանդիտները կոտորեցին փղերին և վաճառեցին նրանց ժանիքները, իսկ բոլոր այծքաղներին կերան բանդիտներն ու մեր զինվորները։ Մեր գյուղում մի անոտ տղամարդ կար, կոկորդիլոսը կծել պոկել էր նրա ոտքերը մեր գետի մեջ, բայց և այնպես մեր երկիրը մարդկանց երկիր է, այլ ոչ թե գազանների։ Մենք գիտեինք Կրյուգեր պարկի գոյության մասին, որովհետև մեր գյուղի որոշ տղամարդիկ գնում էին աշխատելու այնտեղ, ուր գալիս էին սպիտակ մարդիկ՝ իջևանելու և կենդանիներին նայելու։
Այդպես շարունակեցինք գնալ։ Մեզ հետ գալիս էին կանայք և ինձ նման ուրիշ երեխաներ, որոնք կրտսերներին տանում էին իրենց մեջքի վրա, երբ կանայք հոգնում էին։ Մի տղամարդ առաջնորդում էր մեզ դեպի Կրյուգեր պարկ։
-Չհասա՞նք, չհասա՞նք, – շարունակ հարցնում էի տատիկիս։
-Դեռ ո՛չ, – ասաց մի տղամարդ, որին ինձ համար հարցրել էր տատիկը։
Նա ասաց մեզ, որ դեռ երկար ճանապարհ պետք է գնայինք, որպեսզի շրջանցեինք ցանկապատնեշը, որը, ինչպես նա բացատրեց, կսպաներ մեզ, կայրեր մեր մաշկը հենց այն պահին, երբ դիպչեինք դրան, ինչպես սյուների վրայի մետաղալարերը, որոնք էլեկտրական լույս էին տալիս մեր գյուղերին։ Առանց աչքեր գլխի և այրված մաշկի կամ մազերի նշանը տեսել էի երկաթե արկղի վրա՝ միսիոներական հիվանդանոցում, որը կար մեր գյուղում, մինչև որ չպայթեցրին այն։
Երբ հաջորդ անգամ հարցրի, ասացին, որ մեկ ժամ էր ինչ քայլում էինք Կրյուգեր պարկով։ Բայց դա իսկ և իսկ այն թփուտի նման էր, որով գնում էինք ամբողջ օրը, և ոչ մի կենդանի էլ չէինք տեսնում՝ բացի կապիկներից և թռչուններից, որոնք մեր տների մոտ էլ կային, և կրիայից, որը բնականաբար չէր կարող փախչել մեզնից։ Ավագ եղբայրս և մյուս տղաներն էին կրիային բերել տղամարդու մոտ, որպեսզի սատկացնեին և ուտելու մի բան պատրաստեին դրանից։ Բայց տղամարդը բաց թողեց կրիային, որովհետև չէինք կարող խարույկ վառել։ Քանի դեռ պարկում էինք, չէինք կարող խարույկ վառել, որովհետև ծուխը ցույց կտար որ այնտեղ էինք։ Ոստիկանությունն ու պահակները կգային և մեզ կուղարկեին այնտեղ, որտեղից եկել էինք։ Նա ասաց, որ պետք է շարժվեինք այնպես, ինչպես գազանները գազանների մեջ՝ հեռու ճանապարհներից և սպիտակ մարդկանց ճամբարներից։ Եվ այդ պահին լսեցի (համոզված եմ, որ ես առաջինն էի, ով լսեց) ճյուղերի շաչյունը և երկու մասի բաժանվող թփերի ձայնը, և քիչ էր մնում, որ ճչայի, որովհետև կարծեցի, թե ոստիկանությունը կամ պահակներն էին, մարդիկ, որոնցից մեզ կարգադրել էին զգուշանալ, որոնք արդեն գտել էին մեզ։ Բայց դա փիղ էր, որի հետևից գալիս էր ևս մեկ փիղ, իսկ վերջինիս հետևից՝ լիքը-լիքը փղեր։ Մուգ գույնի մեծ բծերը դուրս էին գալիս ծառերի արանքներից, որ կողմ էլ որ նայեիր։ Նրանք կնճիթներով օղակում էին Մոպան ծառերի կարմիր տերևներն ու բերանները խցկում դրանք։ Ձագուկները գգվում էին մայրիկներին։ Գրեթե հասուն փղիկները, ինչպես ավագ եղբայրս ու նրա ընկերները, գոտեմարտում էին, բայց ոչ թե ձեռքերով, այլ կնճիթներով։ Այնքան էի տարվել, որ մոռացել էի վախենալ։ Տղամարդն ասաց, որ պետք է անշարժ կանգնեինք և լռեինք, մինչև որ փղերը կանցնեին մեր կողքով։ Փղերը շատ դանդաղ էին անցնում, որովհետև նրանք այնքան մեծ էին, որ որևէ մեկից փախչելու կարիք չունեին։
Այծքաղները փախան մեզնից։ Նրանք այնքան բարձր էին ցատկում, ասես թռչեին։ Կոծիծավոր խոզերը քար կտրեցին, երբ լսեցին մեզ, և մի կողմ փախան այնպես, ինչպես մեր գյուղից մի տղա զիգզագաձև քշում էր հեծանիվ, որ նրան հայրն էր բերել հանքերից։ Հետևելով գազաններին՝ հայտնաբերեցինք այն վայրը, որտեղից նրանք ջուր էին խմում։ Երբ նրանք հեռացան, գնացինք նրանց ջրարբի մոտ։ Մենք երբեք չէինք ծարավում, մինչև որ ջուր չէինք գտնում, բայց գազանները անընդհատ ուտում և ուտում էին։ Ամեն անգամ երբ տեսնում էինք նրանց, խոտ, ծառեր, արմատներ էին ուտում։ Մեզ համար ուտելու ոչինչ չկար։ Եգիպտացորենը վերջացել էր։ Միակ սնունդը, որ կարող էինք ուտել այն էր, ինչ ուտում էին բաբուինները[5], մրջյուններով պատված փոքրիկ, չոր թզեր, որոնք աճում էին գետի կողքի ծառերի վրա։ Կենդանիներին նմանակելը դժվար էր։
Ցերեկվա տապին առյուծները քնած էին լինում։ Նրանց գույնը խոտերի գույնին էր նման, և սկզբում մենք նույնիսկ չէինք նկատել նրանց, բայց տղամարդը նկատեց և հետ տարավ մեզ, ու գնացինք ավելի երկար ճանապարհով, որպեսզի շրջանցեինք այն վայրը, որտեղ քնած էին նրանք։ Ուզում էի առյուծների նման պառկել։ Կրտսեր եղբայրս նիհարում էր, բայց շատ ծանր էր։ Երբ տատիկը փնտրում էր ինձ, որպեսզի մեջքիս դներ նրան, ձևացնում էի, թե չէի տեսնում։ Եղբայրս լռում էր, իսկ երբ հանգստանում էինք, պետք է ցնցեինք նրան, որպեսզի նորից ոտքի կանգներ, ասես այնպիսին էր, ինչպիսին մեր պապիկն էր, չէր կարողանում լսել։ Տեսա, որ տատիկիս դեմքի վրայով ճանճեր էին քայլում, իսկ նա նույնիսկ չէր քշում դրանց։ Վախեցա։ Արմավենու տերև պոկեցի ու սկսեցի որսալ դրանց։
Գնում էինք թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։ Տեսնում էինք խարույկները, որոնք իրենց ճամբարներում վառում էին սպիտակ մարդիկ՝ ուտելիք պատրաստելու համար, և զգում էինք ծխի և մսի հոտը։ Նայում էինք, թե ինչպես էին բորենիները, որոնց մեջքերն այնպես էին կորացած, ասես նրանք ամոթ էին ապրում, թփերի միջով սողոսկում՝ հետևելով այդ հոտին։ Երբ դրանցից մեկը թեքում էր գլուխը, երևում էին դրա մեծ, շագանակագույն, փայլփլուն աչքերը, որոնք հիշեցնում էին մերը, երբ մթության մեջ նայում էինք միմյանց։ Բարաքներից, որտեղ ապրում էին մարդիկ, որոնք աշխատում էին ճամբարներում, քամին մեր մայրենի լեզվով բառեր էր հասցնում մեր ականջներին։ Կանանցից մեկը գիշերն ուզում էր այնտեղ գնալ և օգնություն խնդրել նրանցից։
-Նրանք կարող են գոնե աղբամանների մեջ եղած ուտելիքը տալ մեզ, – ասաց կինն ու սկսեց բարձր լացել, և տատիկն արագությամբ բռնեց նրան և ձեռքով փակեց նրա բերանը։ Տղամարդը, որն ուղեկցում էր մեզ, ասաց, որ պետք է հեռու մնայինք մեր մարդկանցից, որոնք աշխատում էին Կրյուգեր պարկում․ եթե նրանք օգնեին մեզ, կկորցնեին իրենց աշխատանքը։ Եթե տեսնեին մեզ, ամենաշատը կարող էին ձևացնել, թե չէին տեսել մեզ, միայն գազաններ էին տեսել։
Երբեմն գիշերները կանգ էինք առնում՝ մի փոքր քնելու։ Միմյանց փաթաթված էինք քնում։ Չեմ հիշում, թե որ գիշերն էր (որովհետև մենք անընդհատ քայլում ու քայլում էինք), երբ լսեցինք, որ առյուծները մոտակայքում էին։ Բարձր չէին մռնչում այնպես, ինչպես անում էին հեռվից։ Հևում էին, ինչպես մենք ենք հևում վազքից հետո, բայց դա մի ուրիշ տեսակի հևոց էր․ լսվում էր, որ չէին վազում, այլ մոտակայքում ինչ-որ բանի էին սպասում։ Մենք բոլորս ավելի ամուր փաթաթվեցինք միմյանց՝ մեկս մյուսի վրա բարձրանալով, նրանք, ովքեր ծայրին էին, պայքարում էին, որպեսզի մեջտեղում հայտնվեին։ Ես մի կնոջ էի սեղմվել, որից վատ հոտ էր գալիս, որովհետև նա վախենում էր, բայց ես ուրախ էի, որ կարող էի պինդ կառչել նրանից։ Աղոթում էի Աստծուն, որպեսզի առյուծները ծայրից ինչ-որ մեկին վերցնեին ու հեռանային։ Փակեցի աչքերս, որպեսզի չտեսնեի ծառը, որի վրայից առյուծը կարող էր ցատկել հենց մեզ վրա՝ կենտրոնական հատված, որտեղ ես էի։ Տղամարդը, որն ուղեկցում էր մեզ, ոտքի կանգնեց և չոր ճյուղով սկսեց հարվածել ծառին։ Մեզ սովորեցրել էր, որ պետք է անգամ աննշան ձայն չհանեինք, բայց հանկարծ ինքը սկսեց բղավել։ Կանգնել ու բղավում էր առյուծների վրա, ինչպես մեր գյուղի հարբեցողը, որն անհասկանալի էր, թե ում վրա էր բղավում։ Առյուծները հեռացան։ Մենք լսում էինք, թե ինչպես էին նրանք հեռվից մռնչում։
Բոլորս սարսափելի հոգնել էինք։ Երբ գետն անցնելու կարիք էր լինում, ավագ եղբայրս և տղամարդը, որն ուղեկցում էր մեզ, մեր պապիկին բարձրացնելով էին քարից քար տանում։ Մեր տատիկն ուժեղ էր, բայց նրա ոտքերից արյուն էր հոսում։ Այլևս չէինք կարողանում զամբյուղը գլուխներիս դրած տանել, ոչինչ չէինք կարողանում տանել՝ բացի կրտսեր եղբորիցս։ Մեր իրերը թփերի տակ էինք թողել։
-Կարևորը մեր մարմինները տեղ հասնեն, – ասում էր տատիկը։
Այնուհետև ինչ-որ վայրի մրգեր կերանք, որոնք նախկինում տանը երբեք չէինք կերել, և մեզ մոտ փորլուծություն սկսվեց։ Կարիք հոգալու գնում էինք խոտերի մեջ, որոնք կոչվում էին փղերի խոտեր, որովհետև գրեթե փղերի հասակին էին։ Այդ օրը սաստիկ ցավեր ունեինք, պապիկս չէր կարողանում բոլորի առաջ պպզել, ինչպես որ անում էր կրտսեր եղբայրս, և մի փոքր հեռու գնաց։ Չէր կարելի հետ ընկնել։ Տղամարդը, որն ուղեկցում էր մեզ, շարունակ ասում էր, որ հետ չընկնեինք, բայց մենք խնդրեցինք նրան սպասել մեր պապիկին։
Այդպես բոլորը սպասում էին, մինչև որ պապիկը կհասներ մեզ։ Բայց նա այդպես էլ չեկավ։ Կեսօր էր․ միջատները բզզում էին մեր ականջների տակ, և չէինք կարողանում լսել, թե ինչպես էր խոտերի միջով տեղաշարժվում։ Ոչ էլ կարողանում էինք տեսնել նրան, որովհետև խոտերը շատ բարձր էին, իսկ նա՝ շատ կարճահասակ։ Բայց նա այնտեղ մի տեղ պետք է լիներ՝ իր լայն շալվարն ու պատռված վերնաշապիկը հագին, որը տատիկը չէր կարողանում կարկատել, որովհետև կտոր չկար։ Գիտեինք, որ հեռու չէր կարող գնալ, որովհետև թույլ ու դանդաղաշարժ էր։ Բոլորս նրան փնտրելու գնացինք, բայց խմբերով, որպեսզի մենք նույնպես չանհետանայինք խոտերի մեջ։ Խոտը մտնում էր մեր աչքերի և քթի մեջ, մենք ցածրաձայն կանչում էինք նրան, բայց միջատների աղմուկը հավանաբար լցրել էր այն փոքր տարածությունը, որը մնացել էր նրա ականջներում լսողության համար։ Փնտրում ու փնտրում էինք, բայց չէինք կարողանում գտնել։ Գիշերն այդ բարձր խոտերի մեջ անցկացրինք։ Երազում տեսա, իբրև թե գտել էի նրան, նա կուչ եկած քնել էր՝ ինքն իր համար կոխոտելով խոտը, ինչպես անում էին այծքաղներն իրենց ձագուկների համար։
Երբ արթնացա, պապիկը դեռ չկար։ Նորից փնտրեցինք, այնքան էինք գնացել-եկել խոտերի միջով, որ արդեն արահետներ էին բացվել, և նրա համար հեշտ կլիներ գտնել մեզ, եթե մենք չկարողանայինք գտնել նրան։ Ամբողջ այդ օրը նստել ու սպասում էինք։ Թվում է, թե շուրջդ լռություն է, երբ արևը շողում է գլխիդ վերևում, ասես գլխիդ մեջ լինի, նույնիսկ եթե կենդանիների նման ծառի ստվերում ես պառկում։ Ես մեջքի վրա էի պառկել և տեսնում էի, թե ինչպես էին կեռ կտուցներով և փետրահան եղած վզերով այդ անճոռնի թռչունները անվերջ պտտվում մեր գլխավերևում։ Հաճախ էինք անցում նրանց կողքով, երբ նրանք սնվելիս էին լինում սատկած կենդանիների ոսկորներով, այնպես որ մեզ երբեք ուտելու ոչինչ չէր մնում։ Պտտվում ու պտտվում էին, բարձրանում էին, հետո ցածրանում, այնուհետև նորից վեր սլանում։ Տեսնում էի, թե ինչպես էին վզերն այս ու այն կողմ թեքում։ Պտտվում ու պտտվում էին։ Տեսնում էի, որ տատիկը, որը ողջ ժամանակ նստած էր՝ կրտսեր եղբորս գիրկն առած, նույնպես տեսնում էր նրանց։
Երեկոյին մոտ տղամարդը, որն ուղեկցում էր մեզ, եկավ մեր տատիկի մոտ և ասաց, որ մյուսները պետք է շարունակեին ճանապարհը։ Ասաց, որ եթե նրանց երեխաները մոտակա ժամանակ որևէ բան չուտեին, կմահանային։
Տատիկը ոչինչ չասաց։
-Հեռանալուց առաջ ջուր կբերեմ ձեզ համար, – ասաց տղամարդը։
Տատիկը նայում էր մեզ՝ ինձ, ավագ եղբորս և իր ծնկներին պառկած կրտսեր եղբորս։ Մենք հետևում էինք, թե ինչպես էին մյուսները ոտքի կանգնում, որպեսզի հեռանային։ Չէի կարողանում հավատալ, որ մեր շուրջը դատարկվելու էր, երբ նրանք գնային։ Մեն-մենակ էին մնալու այնտեղ՝ Կրյուգեր պարկում, հավանաբար ոստիկանությունը կամ գազանները գտնելու էին մեզ։ Արցունքներն աչքերիցս ու քթիցս ուղիղ ձեռքերիս մեջ հոսեցին, բայց մեր տատիկը ուշադրություն չէր դարձնում։ Նա ոտքի կանգնեց՝ չռելով ոտքերը, ինչպես որ անում էր գյուղում՝ տանը, երբ ուզում էր ցախի կապուկը բարձրացնել, կրտսեր եղբորս մեջքին դրեց և իր հագուստով կապեց նրան․ շրջազգեստի վերևամասը պատռվել էր, և երևում էին նրա փարթամ կրծքերը, բայց փոքրիկի համար այնտեղ ոչինչ չկար։
-Գնացի՛նք, – ասաց նա։
Եվ մենք հեռացանք բարձր խոտերով ծածկված այդ վայրից։ Գնացինք մյուսների և այն տղամարդու հետ, որը մեզ առաջնորդում էր։ Նորից ճանապարհ ընկանք։
***
Հողին ամրացված հսկայական մի վրան, որը և՛ եկեղեցուց, և՛ դպրոցից ավելի մեծ է։ Չգիտեի, որ այդպես էր լինելու, երբ վերջապես հասնեինք այնտեղ։ Նման բան այն ժամանակ էի տեսել, երբ մեր մայրիկի հետ քաղաք էինք գնացել, որովհետև նա լսել էր, թե մեր զինվորներն այնտեղ էին, և ուզում էր հորս գտնվելու մասին հարցուփորձ անել նրանց։ Այդ վրանում մարդիկ աղոթում և երգում էին։ Այս մեկն էլ էր կապույտ և սպիտակ, ինչպես այն մեկը, բայց աղոթելու և երգելու համար չէր, մենք ապրում ենք այստեղ ուրիշ մարդկանց հետ, որոնք եկել են մեր երկրից։ Կլինիկայի բուժքույրն ասում է, որ մեր թիվը երկու հարյուրի է հասնում՝ չհաշված փոքրիկներին, և նրանց թիվն աճում է, մի քանիսը Կրյուգեր պարկի ճանապարհին են ծնվել։
Նույնիսկ եթե դրսում պայծառ արև է, վրանի ներսում մութ է, և այն ասես մի հսկայական գյուղ լինի։ Տների փոխարեն յուրաքանչյուր ընտանիք իր փոքրիկ տեղն ունի՝ ծածկված պարկերով կամ արկղների ստվարաթղթով, այն ամենով, ինչ կարողանում ենք գտնել՝ ուրիշ ընտանիքներին ցույց տալու, որ այդ տեղը մերն է, և նրանք չպետք է մտնեն այնտեղ, նույնիսկ եթե ո՛չ մարդ կա, ո՛չ դռներ, ո՛չ պատուհաններ, ո՛չ էլ ծղոտե տանիք․ այնպես որ եթե կանգնած ես և փոքրիկ երեխա չես, կարող ես տեսնել, թե յուրաքանչյուրի տանն ինչ է կատարվում։ Որոշ մարդիկ նույնիսկ ներկ են ստանում մանրացված քարերից և նախշեր են նկարում պարկերի վրա։
Իհարկե, տանիք կա․ վրանն ինքնին տանիք է՝ հեռավոր և բարձր։ Ասես երկինք լինի։ Ասես լեռ լինի, իսկ մենք դրա ներսում լինենք․ ծերպերի միջով ներքև են ծգվում փոշու արահետները, որոնք այնքան խիտ են, որ թվում է, թե դրանց վրայով կարող ես մագլցել։ Վերևից վրանը պաշտպանում է անձրևներից, բայց ջուրը կողքերից ներս է հոսում՝ մեր տների միջև եղած փոքրիկ փողոցներ (դրանցով կարելի է միայն մի առ մի քայլել), և կրտսեր եղբորս նման փոքրիկ երեխաները ցեխի մեջ են խաղում։ Ստիպված ես լինում նրանց վրայով անցնել։ Կրտսեր եղբայրս չի խաղում։ Ամեն երկուշաբթի տատիկս նրան կլինիկա է տանում, երբ գալիս է բժիշկը։ Բուժքույրն ասում է, որ նա գլխի հետ խնդիր ունի, և կարծում է, թե պատճառն այն է, որ բավականաչափ սնունդ չի ստացել տանը։ Պատերազմի պատճառով։ Այն պատճառով, որ հայրս մեզ հետ չէր։ Եվ նաև այն պատճառով, որ երկար ժամանակ սոված էր մնացել Կրյուգեր պարկում։ Նրան դուր է գալիս ամբողջ օրն ուղղակի պառկել տատիկի ծնկների վրա կամ նրան հենված, և նայում ու նայում է մեզ։ Ուզում է ինչ-որ բան հարցնել, բայց տեսնում ես, որ չի կարողանում։ Եթե խտուտ եմ տալիս նրան, կարող է ուղղակի ժպտալ։ Կլինիկան հատուկ դեղափոշի է տալիս, որպեսզի շիլա պատրաստ ենք նրա համար․ միգուցե մի օր նրա հետ ամեն բան կարգին կլինի։
Երբ այնտեղ եկանք, մենք՝ ես և ավագ եղբայրս, ճիշտ նրա պես էինք։ Գրեթե ոչինչ չեմ հիշում։ Վրանի կողքի գյուղի մարդիկ կլինիկա տարան մեզ։ Այնտեղ պետք է ստորագրեինք՝ հաստատելով, որ եկել էինք, և Կրյուգեր պարկի միջով էինք եկել։ Մենք նստեցինք խոտերին, իսկ հետո ամեն բան գլխումս իրար խառնվեց։ Բուժքույրերից մեկը սիրունիկ էր՝ շտկված մազերով և բարձրակրունկներով, և նա տվեց մեզ այդ դեղափոշին։ Ասաց, որ պետք է այդ դեղափոշին խառնեինք ջրի հետ և դանդաղ խմեինք։ Ատամներով պատռեցինք փոքրիկ փաթեթները և ամբողջը լիզեցինք, այն կպչում էր շրթունքներիս, և ես լպստում էի շրթունքներս ու մատներս։ Մյուս երեխաները, որոնք եկել էին մեզ հետ, փսխեցին։ Բայց ես միայն զգում էի, թե ինչպես էր փորիս մեջ ամեն ինչ սկսում շարժվել, իսկ այդ դեղափոշին սողում էր ներսումս, ասես օձ լիներ, իսկ հետո սկսեցի զկռտալ։ Մեկ ուրիշ բուժքույր կանչեց մեզ, որպեսզի շարք կանգնեինք կլինիկայի պատշգամբում, բայց մենք չէինք կարողանում։ Նստել էինք այնտեղ՝ միմյանց հենված։ Բուժքույրերը օգնում էին մեզ ոտքի կանգնել՝ ձեռքից բռնելով, հետո ասեղ էին մտցնում դրա մեջ։ Հետո ուրիշ ասեղներով արյուն էին վերցնում մեզնից՝ լցնելով պստլիկ շշերի մեջ։ Դա արվում էր նրա համար, որպեսզի չհիվանդանայինք, բայց ես չէի հասկանում․ երբ ամեն անգամ փակում էի աչքերս, ինձ թվում էր, թե քայլում էի, շուրջս բարձր խոտերն ու փղերն էին, չէի գիտակցում, որ արդեն հասել էինք։
Բայց մեր տատիկը շարունակում էր պինդ մնալ, դեռ կարողանում էր ոտքի վրա ամուր կանգնել, նա գրել գիտի և մեր փոխարեն ստորագրեց։ Նա այնպես արեց, որ մեզ վրանի պատերից մեկի մոտ տեղ հատկացրին։ Դա ամենալավ տեղն է, որովհետև երբ անձրևում է, կարելի է բաձրացնել վրանի եզրը, իսկ երբ լավ եղանակ է, իսկ արևը շողշողում է, վրանն օդափոխվում է, և անհետանում են բոլոր վատ հոտերը։ Այստեղի կանանցից մեկը, ում ճանաչում է մեր տատիկը, նրան ցույց տվեց, թե որտեղից կարելի էր լավ խոտ հավաքել՝ քնելու տեղ պատրաստելու համար, և տատիկը խսիրներ պատրաստեց մեզ համար։ Ամիսը մեկ անգամ սնունդով բեռնատար է գալիս կլինիկա։ Տատիկը վերցնում է քարտերից մեկը, որը ստորագրել էր, և այն ծակում են, և մի պարկ եգիպտացորենի ալյուր ենք ստանում։ Միանիվ ձեռնասայլակներ կան, որոնցով կարելի է պարկը տանել վրան․ ավագ եղբայրս է դա անում տատիկի փոխարեն, իսկ հետո նա և նրա ընկերները մրցարշավ են կազմակերպում դատարկ ձեռնասայլակները կլինիկա վերադարձնելու ճանապարհին։ Երբեմն բախտը ժպտում է ավագ եղբորս, և մի տղամարդ, որը գարեջուր է գնել գյուղից, նրան գումար է տալիս, որպեսզի եղբայրս ձեռնասայլակով այն տեղ հասցնի, թեև դա արգելված է, ձեռնասայլակները պետք է միանգամից Բուժքույրերին վերադարձնել։ Նա զովացուցիչ ըմպելիք է առնում և ինձ էլ է հյուրասիրում, եթե հասնում եմ նրա հետևից։ Մեկ ուրիշ օր՝ էլի ամիսը մեկ անգամ, եկեղեցուց մեծ քանակությամբ հին հագուստ են բերում և թողնում կլինիկայի բակում։ Տատիկը մեկ ուրիշ քարտ է բերում, այն ծակում են, և մենք կարողանում ենք ինչ-որ բան ընտրել մեզ համար։ Ես երկու զգեստ ունեմ, երկու տաբատ և սվիտեր, այնպես որ կարող եմ դպրոց գնալ։
Գյուղի մարդիկ թույլատրեցին մեզ իրենց դպրոց հաճախել։ Ես զարմացա, երբ լսեցի, որ նրանք մեր լեզվով են խոսում։
-Դրա համար էլ թույլ են տալիս, որ մնանք իրենց հողի վրա, – ասաց տատիկն ինձ։ – Շատ վաղուց՝ մեր հայրերի օրոք, ցանկապատ չկար, որ միանգամից սպանում էր, և մեր ու նրանց միջև ոչ մի Կրյուգեր պարկ էլ չկար, մենք նույն ազգն էինք, և մեր գյուղից, որը լքել ենք, մինչև այստեղ, ուր եկել ենք, մեզ իշխում էր մեկ ընդհանուր թագավոր։
Այժմ այնքան երկար ժամանակ է անցել, ինչ այս վրանում ենք, որ ես տասնմեկ տարեկան եմ դարձել, իսկ կրտսեր եղբայրս շուտով երեք տարեկան կդառնա, թեև նա շատ փոքրիկ է, միայն գլուխն է մեծ, դեռ քաշ չի հավաքել: Մարդիկ փորել են վրանի շուրջ եղած հողը և լոբի, եգիպտացորեն ու կաղամբ են ցանել։ Ծերուկները ճյուղերից ցանկապատներ են հյուսում իրենց բանջարանոցների համար։ Ոչ ոքի թույլ չեն տալիս աշխատանք փնտրել քաղաքում, բայց կանանցից ոմանք աշխատանք են գտել գյուղում և կարողանում են իրեր գնել։ Քանի որ մեր տատիկը դեռ ուժեղ է, շինարարությունում է աշխատանք գտել․ այդ գյուղում մարդիկ գեղեցիկ տներ են կառուցում աղյուսից ու ցեմենտից, այլ ոչ թե ցեխից, ինչպես որ մեր տներն էին կառուցված։ Մեր տատիկը աղյուսներ է քարշ տալիս այդ մարդկանց համար և քարերով զամբյուղներ է տանում գլխի վրա։ Այնպես որ նա փող ունի, որպեսզի շաքարավազ, թեյ, կաթ և օճառ գնի։ Խանութում օրացույց են տվել նրան, որը նա վրանի՝ մեր եզրին է կախել։ Ես լավ եմ սովորում, և տատիկը հավաքում է գովազդային թռուցիկները, որոնք խանութից դուրս են նետում, և կազմում է դասագրքերս։ Ամեն կեսօր նա ինձ և ավագ եղբորս ստիպում է տնային աշխատանքներն անել մինչև մութն ընկնելը, որովհետև վրանում մեզ հատկացված տեղում կարելի է միայն պառկել՝ միմյանց փաթաթված, ինչպես Կրյուգեր պարկում էինք անում, իսկ մոմերը թանկ են։ Տատիկը եկեղեցի գնալու կոշիկ դեռ չի գնել իր համար, բայց դպրոցական սև կոշիկներ և կոշկաքսուք է գնել ինձ և ավագ եղբորս համար։ Ամեն առավոտ, երբ մարդիկ արթնանում են վրանում, երեխաները լաց են լինում, մարդիկ դրսի ծորակի մոտ հրմշտում են միմյանց, որոշ երեխաներ կաթսաների միջից քերում են նախորդ օրվա շիլայի մնացորդները, իսկ ես և ավագ եղբայրս մաքրում ենք մեր կոշիկները։ Տատիկը ստիպում է մեզ նստել ծղիրների վրա և ուղղել ոտքերն այնպես, որ նա ուշադիր զննի ու համոզվի, որ ճիշտ ենք արել ամեն բան։ Վրանում ուրիշ ոչ մի երեխա իսկական դպրոցական կոշիկներ չունի։ Երբ մենք երեքս նայում ենք դրանց, թվում է թե նորից մեր տանն ենք, չկա պատերազմ, և մեզ հետ ոչինչ չի պատահել։
Երբեմն մի քանի սպիտակ մարդիկ են գալիս՝ լուսանկարելու վրաններում ապրող մեր մարդկանց․ ասում են, թե ինչ-որ ֆիլմ են պատրաստում, երբեք չեմ տեսել, բայց գիտեմ, թե դա ինչ բան է։ Մի սպիտակ կին խցկվելով մոտեցավ մեր տեղին և սկսեց հարցեր ուղղել մեր տատիկին, որոնք մեր լեզվով էր թարգմանում մի մարդ, որը հասկանում էր սպիտակ կանանց լեզուն։
-Որքա՞ն ժամանակ է, որ այսպես եք ապրում։
-Նա նկատի ունի այստե՞ղ, – հարցրեց մեր տատիկը։ – Այս վրանում երկու տարի և մեկ ամիս։
-Ի՞նչ հույսեր ունեք ապագայի հետ կապված։
-Ոչ մի։ Ես այստեղ եմ։
-Իսկ Ձեր երեխաների՞։
-Ուզում եմ, որ նրանք այնքան լավ սովորեն, որ լավ աշխատանք գտնեն և փող աշխատեն։
-Մոզամբիկ՝ Ձեր հայրենիք, վերադառնալու հույս ունե՞ք։
-Ես հետ չեմ վերադառնա։
-Բայց երբ պատերազմն ավարտվի, Ձեզ թույլ չեն տա այստեղ մնալ։ Չե՞ք ցանկանա տուն վերադառնալ։
Ըստ իս՝ մեր տատիկն այլևս չէր ուզում խոսել։ Ըստ իս՝ նա չէր ուզում պատասխանել սպիտակ կնոջ հարցին։ Սպիտակ կինը մի կողմ խոնարհեց գլուխն ու ժպտաց մեզ։
Մեր տատիկը հայացքը հառեց հեռուն և ասաց․
-Վերադառնալու տեղ չկա։ Տուն չկա։
Ինչո՞ւ տատիկն ասաց դա։ Ինչո՞ւ։ Ես վերադառնալու եմ։ Կրյուգեր պարկով հետ եմ գնալու։ Պատերազմը կավարտվի, եթե բանդիտներ այլևս չլինեն, գուցե մայրիկն այնտեղ սպասի մեզ։ Եվ միգուցե երբ թողեցինք մեր պապիկին, նա ուղղակի հետ էր ընկել, հետդարձի ճանապարհը գտել ու Կրյուգեր պարկի միջով դանդաղ քայլելով՝ տուն էր վերադարձել։ Նրանք մեզ տանը սպասում են։ Ես նրանց երբեք չեմ մոռանա։
Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի
[1] Բրիտանական կիրակնօրյա լրագիր։
[2] Հակահեղափոխական ոհմակի անդամ:
[3] (Զուլու՝ աֆրիկյան լեզու, որը տարածված է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում և հարակից որոշ շրջաններում) Տատիկ։
[4] Հարավաֆրիկյան Հանրապետության հնագույն պարկ, որը գտնվում է Աֆրիկայի հարավում և համարվում է 2001 թվականին ստեղծված Կրյուգեր-տու-Քենոնս կենսոլորտային արգելոցի մի մաս։
[5] Դեղին շնակապիկ՝ պավիանների ցեղատեսակի կզակապիկների ընտանիքից։