Նիկոլաս Գիլյեն | Իմանալ հանկարծ

Չգիտեմ: Ես չգիտեմ:
Չեմ հիշում ամբողջ ժամանակը, որ քայլեցի
առանց նրան կրկին հանդիպելու:
Գուցե մի ամբողջ դա՞ր: Գուցե:
Գուցե փոքր-ինչ պակաս` իննսունինը տարի:
Կամ մեկ ամի՞ս: Գուցե: Բայց և այնպես,
մի ամբողջ հավերժություն թվաց:
Ի վերջո, բացված վարդի պես
դողացի հանկարծ
լուրից:
Իմանալ հանկարծ,
որ նորից տեսնելու էի նրան, որ կողքիս էր լինելու,
մոտ, քնքուշ, իրական, ինչպես երազներում:
Ի՜նչ պայթյուն կուտակված:
Ի՜նչ խուլ ամպրոպ,
որ անցնելով երակներովս՝
այնտեղ վերևում պայթեց հանկարծ,
գիշերվա փոթորկի հետ
խառնվեց արյանս:
Բայց արդյոք միանգամից գտա՞ նրան: Եվ այդ մեր ձևը
միմյանց ողջունելու, ձևն այն,
որ ոչ ոք չհասկանա,
որ ձևն այդ մերն է միայն, մեզ բնորոշ:
Գրեթե աննշան մի հպում, էլեկտրական շփում,
ներշնչանքի հպում, մի հայացք,
սրտի թակոց,
բղավելով, մռնչալով լուռ ձայնով:

 

Հետո

(արդեն տասնհինգ տարի գիտես)՝
բանտված խոսքերի այդ հոսքը.
ներքև նայող աչքերի խոսքեր
մեղավոր
թշնամի վկաների միջև:
Դեռ
կա սերը, որն ասում է` սիրում եմ նրան,
ձեզ, ում ուզեք,
բայց անհնար է… Մենք չենք կարող,
չէ, պետք է լա՜վ մտածել…
Մեր սերն այսպիսին է,
գարնան հողից ծնված
սիրալիր, ջերմ, երջանիկ, ճակատագրական:
Հետո՝ հրաժեշտ
սովորական,
խռնված ընկերների մեջ:
Տեսնել նրան, թե ինչպես է գնում, և սիրել նրան, ինչպես երբեք,
հետևել նրան աչքերով,
իսկ հետո հեռվից առանց տեսնելու
այնտեղ` հեռվում, շատ հեռվում
ու շատ հեռվից,
երբ արդեն գիշեր է,-
խայթոց, համբույր, անքնություն,
թույն, էքստազ, ժայթքում,
հառաչ, արյուն, մահ…
Դրանցից,
ծանոթ այս բաղադրությունից
աստղերն ենք հունցում:

Թարգմանությունը իսպաներենից` Ռուզաննա Պետրոսյանի
Խմբ.` Է. Հարենց

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *