Մահմուդ Դարվիշ | Պաղեստինի կավճե շրջան

I

-Տա՛նկ նվիրիր ծննդյան տարեդարձիս կապակցությամբ, թանկագի՛նս, կամ թնդանո՛թ, կամ էլ ցանկացած ուրիշ զենք։

-Տա՛նկ կնվիրեմ քեզ, սիրելի՛ս, որպեսզի կարողանամ ինչ-որ նոր բան փորձել և քնել քեզ հետ դրա մեջ։

-Ո՛չ, Սուեզի ջրանցքի ափին բաց երկնքի տակ եմ քնելու քեզ հետ։

– Հա՜-հա՜-հա՜։

– Հա՜-հա՜-հա՜։

Քայլում ես փողոցներով, սրճարան ես մտնում, ավտոբուս ես նստում և լռություն ես պահպանում։ Ոչ ոք կարիք չունի անձ հաստատող փաստաթղթումդ նշված տեղեկատվությունը հարցնելու․ լռությունդ ինքնին խոսում է։ Դա միակ վերաբերմունքն է, որ կարող ես ցուցաբերել, երբ լսում ես իսրայելական սիրով զբաղվելու նման տարբերակի մասին։ Քաղցր խոսքերի ժամանակն ավարտվում է։ Ես քեզ կնվիրեմ քաղցր մանրուքներ և լուսին․․․Ո՛չ։

Ի՜նչ հսկայական անդունդ կա անապատում անարգել սավառնող երևակայության ու ժամանակակից տեխնոլոգիաներով և հաղթանակով ձևավորված երևակայության միջև։ Սիրո խոսքերն այժմ ընթացիկ գործերի և նոր զենքի ամենավերջին գյուտերի հետ են միահյուսվել։ Հաճույքն այլևս բնությունից չի ծագում, իսկ Իսրայելում արաբները նույնիսկ սիրով զբաղվելու հարցում են իրենց հետամնաց համարում։ Շատ ժամանակ պահանջվեց, մինչև որ սովորեցին իրենց սերը վարդերի միջոցով արտահայտել։ Դեռ քանի՞ դար է անհրաժեշտ այդ արարածին, որպեսզի վարժվի այս նոր մոտեցմանը։ Թանկագի՛նս․․․տա՛նկ կնվիրեմ քեզ։

***

Ի՞նչ եք մտածում։ Ինչպե՞ս են կարողանալու երեխաներ ծնել տանկերի մեջ։ Ինչպե՞ս են կարողանալու զվարճանալ տանկերի մեջ։

II

            Առավոտյան ժամը 4-ին արթնանում ես դռան զանգից։ Գիտես, թե այցելուն ով է։ Բայց քունն ավելի ուժեղ է, քան ոստիկանությունը։ Ժամը 9-ին գնում ես աշխատանքի, լրագիր կարդալով՝ կամաց-կամաց սուրճ ես կոնծում։ Սովորական այցելուն հայտնվում է և ասում․ «Եկե՛ք ինձ հետ»։ Դու հարցնում ես․ «Կալա՞նք է, թե՞ հարցաքննություն»։ Նա ասում է․ «Չգիտեմ»։ Հարցնում ես, թե արդյոք ատամի խոզանակ, սափրման պարագաներ և փոխնորդ վերցնելու կարիք կա, և նա պատասխանում է․ «Ժամանակ չկա»։

            Նստում ես սպայի դիմաց։ Իսկ նա, Հերցլի[1] դիմանկարի տակ նստած, քաղաքավարի ասում է․

            -Ինձ համար մեծ պատիվ է ձերբակալել Ձեզ։

            Հաճոյախոսությանը հաճոյախոսությամբ ես պատասխանում։

            -Իսկ ինձ համար մեծ պատիվ է Ձեզ պատվելը։ Բայց բարի՛ եղեք, բացատրե՛ք, թե ինչու են ինձ ձերբակալել։

            Նա ասում է․

            -Դուք մեղադրվում եք կրկեսի մուտքի դիմաց ձմերուկ պայթեցնելու և պետության անվտանգությունը վտանգի ենթարկելու մեջ։

            Ձմերուկ, պետություն, կրկես․ ինչպիսի՜ հազվադեպ ներդաշնակություն։

            ***

            Կալանքի տակ պահելու օրինական ժամկետը լրացավ։ Այնտեղ ամե՜ն ինչն է օրինական։ Անհամբեր սպասում ես, թե երբ են քեզ դատարան տանելու, որպեսզի ոստիկանական ավտոմեքենայի վանդակի միջից տեսնես քո գեղեցիկ քաղաքը։ Եվ ինչպես միշտ հույս ես փայփայում, որ ազատ են արձակելու։ «Մի փոքր սպասե՛ք»։ Բողոքում ես՝ խախտելով օրենքը, և նրանք ասում են․ «Կալանքի տակ պահելու ժամկետի լրանալուն պես մեկ ժամ ավել անգամ չենք պահելու Ձեզ։ Ի՞նչ եք կարծում։ Այստեղ մենք խիստ հետևում ենք օրենքներին․․․Սա Իսրայելն է, այլ ոչ թե արաբական աշխարհը»։

            Մի փոքր մտածում ես արաբական աշխարհի մասին, և հարթմնի երազանքները միախառնվում են հեղձուցիչ տառապանքներին․․․Եվ դու սպասում ես։ Ի՞նչ ես սպասում։ Քննիչ սպայի՞ն, թե՞ արաբական աշխարհին։

            Վերջապես նրանք ուրիշ սենյակ են տեղափոխում քեզ։ Այնտեղ սպաներ և մի ծեր կին ես տեսնում։ Սպաներից մեկը հարցնում է․ «Վա՞րժ եք խոսում եբրայերեն»։ Հետո մեղադրանքների ցուցակն է կարդում․ «Դուք Իսրայելի պետության ոչնչացման փորձի մեջ եք մեղադրվում»։ Հարցնում ես․ «Իսրայելի պետությա՞ն, թե՞ ձմերուկի»։

            Տգեղ, ծեր կինն ասում է քեզ․ «Հարգի՛ր դատարանը»։ Զարմանում ես․ «Ո՞ր դատարանը»։ Նա այնպես է բղավում, որ թվում է, թե  ձայնը լճացած ճահճից է դուրս գալիս․ «Սա դատարան է, իսկ ես «դատավոր եմ»»։

            Այդ պահին առաջին անգամ գիտակցում ես, որ նրանք այնքան են հարգում քեզ, որ հանուն քեզ դատարանի նիստը բանտ են տեղափոխել։ Բայց դու մերժում ես այս չտեսնված պատիվն ու պնդում, որ դատարանը բանտ է մնում։ Նիստն ավարտվում է քո վերաձերբակալմամբ։

III

            Վարժ եբրայերենով զրուցում ես վարորդի հետ։ Եվ արտաքին տեսքդ ամենևին չի մատնում ռասայական պատկանելությունդ։ Վարորդը հարցնում է․ «Ո՞ւր ենք ուղևորվում, պարո՛ն»։ Դու ասում ես․ «Մութանաբբի փողոց»։ Ծխախոտ ես վառում քո և վարորդի համար, որովհետև նա քաղաքավարի է։ Հանկարծ նա ասում է․ «Ասե՛ք ինձ, թե որքան է շարունակվելու այս զզվելի իրավիճակը․ մինչև կոկորդներս կուշտ ենք դրանից»։

            Ենթադրում ես, որ նա մինչև կոկորդը կուշտ է ռազմական դրությունից, եկամտահարկի բարձրացումից և կաթի գնի թանկացումից։ Դու ասում ես․ «Այո՛, մենք բոլորս մինչև կոկորդներս կուշտ ենք»։ Նա շարունակում է․ «Մինչև ե՞րբ է մեր պետությունը պահպանելու այդ գարշահոտ արաբական անունները։ Մենք պետք է նրանց և նրանց անունները ջնջենք երկրի երեսից։ Հարցնում ես նրան․ «Ո՞ւմ»։ Իսկ նա կշտամբանքով պատասխանում է․ «Իհարկե արաբներին»։ Հարցնում ես նրան, թե ինչու, իսկ նա ասում է․ «Որովհետև նրանք կեղտոտ են»։

            Առոգանությունից հասկանում ես, որ նա մարոկացի ներգաղթյալ է, և հարցնում ես նրան․ «Ես իսկապե՞ս այդքան կեղտոտ եմ։ Կամ դուք, օրինակ, ինձնից ավելի մաքո՞ւր եք»։ Նա շշմում է քո հարցից․ «Ի՞նչ նկատի ունեք»։ Ասում ես նրան մի փոքր մտածել, բայց նա շարունակում է թերահավատությամբ խոսել․ «Խնդրում եմ, լո՛ւրջ եղեք»։

            Անձը հաստատող փաստաթուղթը նայելուց հետո է միայն համոզվում, որ արաբ ես։ Ասում է․ «Խոսքս քրիստոնյաների մասին չէր․ նկատի ունեի մահմեդականներին»։ Ասում ես, որ դու մահմեդական ես, և նա պատասխանում է․ «Նկատի չունեի բոլոր մահմեդականներին, գյուղաբնակների մասին էի ասում»։ Ասում ես, որ դու շատ հետամնաց գյուղից ես, և որ նրա պետությունը բուլդոզերներով ոչնչացրել է քո գյուղն ու ամբողջությամբ ջնջել քարտեզից։ Նա ասում է․ «Հարգանքներս պետությանը»։

            Դուրս ես գալիս մեքենայից և որոշում ոտքով գնալ տուն։ Ակամա սկսում ես կարդալ փողոցների անվանումները։ Նրանք իսկապես ջնջել են անունները․ Սալադինը Շլոմո է դարձել։ Եվ զարմանում ես, թե Ալ-Մութանաբբի անվանումն ինչու են պահպանել։ Առաջին անգամ եբրայերենով ես կարդում անվանումն ու բացահայտում ես, որ այն «Մաունթ Նեբո»[2] է, այլ ոչ թե Ալ-Մութանաբբի, ինչպես միշտ կարծել ես։

IV

            Քաղաքական անհաջողություններիդ մասին մի պահ մոռանալու համար փորձում ես բացիկ ուղարկել ընկերոջդ։

            Գեղեցիկ բացիկ գտնելու համար ուղևորվում ես Հայֆա՝ քաղաք, որի ոտքերը Միջերկրական ծովի մեջ են, իսկ թագը՝ երկնքում։ Եվ ի՞նչ ես տեսնում։ Ո՛չ գեթ մեկ հատ վարդերի նկար կա, ո՛չ լողափի, ո՛չ էլ թռչունի կամ կնոջ։ Այդ բոլորն անհետացել է՝ տեղ զիջելով տանկերին, թնդանոթներին և օդանավերին․ Լացի պատ, զինագրավված քաղաքներ և Սուեզի ջրանցքի ջրեր։ Եվ երբ հաջողվում է մի ակնթարթ ձիթենու ճյուղ տեսնել, պարզվում է, որ այն ֆրանսիական կործանիչի թևին է նկարված։

            Եվ երբ սիրունիկ աղջիկ ես տեսնում, նա զենքով հարձակման է պատրաստվում․ քաղաքի ֆոնին միշտ դոփում է զինվորի երկարաճիտ կոշիկը։ Սիրտդ գետնին է տապալվում։ Միակ բանը, որ մնում է անել, մարդաշատ փողոցում մի ծակ գտնել ու մտնելն է՝ ճանապարհ զիջելով հազարավոր ագահ ձեռքերին, որոնք ձգվում են դեպի այդ բացիկները․․․որպեսզի աշխարհի բոլոր հրեաներին ուղարկեն պատմական վերածննդի և առասպելական վերադարձի մասին այդ ուղերձը։

            Եվ դու ոչինչ չես ուղարկում քո ընկերներին՝ բացի սրտի լռությունից։ Լռություն, որը երբեք չի հասնում նրանց։

            Հանկարծ փողոցային կառնավալը հասնում է քեզ, և լույսերը գրոհում են քեզ, ինչպես լինում է, երբ լքում ես մութ բանտախուցը։ Եվ զինված երեխա-աղունիկների հորդաներ։ Խաղը զենք է, հաճույքը զենք է։

            Իսկ դո՞ւ։ Քո մանկության և երիտասարդության տարիներին ոչինչ չկար՝ բացի փայտե ձիերից։

V

Վերցնում ես հեռախոսը և խնդրում սպային, որը ոստիկանական բաժանմունքում հասարակական գործերի պատասխանատուն է։ Լավ ես ճանաչում նրան, նորություններն ես հարցնում նրանից և կատակում ես նրա հետ։ Այնուհետև աղաչում ես նրան, որպեսզի մեկօրյա ճամփորդության թույլտվություն տա քեզ։ Նա ասում է քեզ․ «Ձեր դիմումը գրավոր ձևո՛վ ներկայացրեք»։ Լքում ես գրասենյակդ ու դիմում ես ներկայացնում․․․և հետո սպասում ես պատասխանին։ Մեկ օր․․․երկու օր․․․երեք օր։ Դեռ հույս ես փայփայում, որովհետև «ոչ» չեն ասել, ինչպես սովորաբար անում են, և շարունակում ես սպասել, իսկ Երուսաղեմում կայանալիք հանդիպմանդ օրը մոտենում է։ Խնդրում ես նրանց․․․աղերսում ես․․․աղաչում ես որևէ բան ասել քեզ, ասել «ոչ», որպեսզի կարողանաս չեղարկել հանդիպումդ։ Ոչինչ չեն ասում։ Ասում ես, որ ընդամենը մի քանի ժամ է մնացել մինչև հանդիպումդ, իսկ նրանք ասում են․ «Մեկ ժամի՛ց եկեք, որպեսզի իմանաք պատասխանը»։

Գնում ես այնտեղ ու տեսնում, որ գրասենյակը փակ է։ Միամտաբար զարմանում ես, թե ինչու նրանք պետք է ամաչեն պատասխանելուց։ Ինչո՞ւ ուղղակի չեն ասում «ոչ», ինչպես սովորաբար անում են։ Բարկանում ես և որոշում ես (հիմարաբար) Պետական անվտանգության ոստիկանություն դիմել․․․և ճամփորդում ես։

Հաջորդիվ քեզ կանչում են արտակարգ իրավիճակների ռազմական դատարան։ Սպասում ես քո հերթին՝ ֆանտաստիկ հեքիաթներ լսելով․

Մի արաբ կին, ով աշխատում է կիբուցում[3]։ Նրա ելքի թույլտվությունն արգելում է նրան իր երթուղու ընթացքում որևէ կանգառում դուրս գալ, բայց մի անգամ ինչ-որ պատճառով ստիպված է եղել դուրս գալ, և նրան ձերբակալել են։

Որոշ երիտասարդներ, որոնց թույլատրված էր միայն գլխավոր ճանապարհից օգտվել, մի անգամ նրբանցք են մտել, և նրանց ձերբակալել են։ Դատարանը ոչ ոքի արդար չի ճանաչում։ Բանտ և տուգանքներ։ Տուգանքներ և բանտ։ Եվ դու հիշում ես ծերուկի, ավանակի և թույլտվության մասին պատմությունը։

Ծերուկը հերկում էր դաշտում։ Բաճկոնը ծառից էր կախել։ Իսկ թույլտվությունը բաճկոնի գրպանում էր։ Ծերուկը նկատել էր, որ իր ավանակը իր հողերից գնացել է ուրիշի հողեր։ Այդ պատճառով շտապել էր նրա հետևից, կանգնեցվել էր ռազմական ոստիկանության կողմից և ձերբակալվել, որովհետև պետական տարածք էր մտել՝ առանց թույլտվության։ Նա ասել էր․ «Ես թույլտվություն ունեմ, այնտեղ՝ ծառից կախված բաճկոնիս գրպանում»։ Նրան ձերբակալել և դատապարտել էին։

Եվ հիշում ես մահվան թույլտվությունները։ Գյուղացիները պետք է թուղթ ստորագրեին, որով իրենց մահվան պատասխանատվությունն իրենց վրա էին վերցնելու այն դեպքում, եթե պատճառը բանակի զորաշարժերի համար օգտագործվող տարածքներում կատարված պայթյունը լիներ․․․Այդ թղթի կտորը ազատում էր պետությանն ամեն տեսակ պատասխանատվությունից։ Բայց գյուղացիներն ավելի շատ մտածում էին իրենց ամենօրյա մի կտոր հացի մասին, քան ապագա մահվան։ Եվ իսկապես, ով մահացավ, մահացավ, ով ապրեց, ապրեց։ Եվ պետությունը հուսահատության մեջ ընկավ ողջերի ու մահացածների պատճառով և ուղղակի բռնագրավեց հողը։ Հիշում ես նաև փոքրիկ աղջնակին, որը մահացել էր հոր գրկում՝ ռազմական նահանգապետի գրասենյակի առաջ, որովհետև հայրը թույլտվության էր սպասում, որպեսզի կարողանար իր հիվանդ երեխային բուժման տանել։

Եվ այդ պահին շնորհակալ ես, որ քո պատիժն ընդամենը երկու ամսվա ազատազրկումն է։ Իսկ բանտում երգում ես քո երկրի մասին, նամակներ ես գրում ընկերուհուդ և ժողովրդավարության մասին ես կարդում։ Եվ հեքիաթներ ես կարդում ազատության կամ մահվան մասին․․․բայց ո՛չ ազատվում ես․․․ո՛չ էլ մահանում։

VI

Լրագրի մեջ հայտարարություններ ես կարդում և շտապում սրճարանի հեռախոսի մոտ․ «Տիկի՛ն․․․Ձեր բնակարանի մասին հայտարարության մեջ եմ կարդացել, կարո՞ղ եմ տեսնել այն»։ Եվ նրա ծիծաղը հեռախոսալարերով քեզ է հասնում, իսկ նրա եռանդը հույս է ներշնչում․ «Հրաշալի բնակարան է, պարո՛ն, Կարմել լեռան վրա․ վարձավճարն ընդամենը երկու հարյուր ֆունտ է։ Հիասքանչ հնարավորություն է, եկե՛ք և անմիջապես ամրագրե՛ք»։

Շտապելու պատճառով մոռանում ես վճարել հեռախոսազանգի համար։ Տիկինը հավանում է քեզ, ցույց է տալիս բնակարանը, ու պայմանավորվում եք վճարման պայմանների և ամսաթվի մասին, թե երբ կարող ես տեղափոխվել։ Իսկ երբ նստում եք՝ պայմանագիրը ստորագրելու, կինն ասես շանթահարվում է․ «Ի՞նչ։ Արա՞բ։ Ներեցե՛ք, պարո՛ն․․․Վա՛ղը զանգահարեք ինձ»։ Շաբաթից շաբաթ նույն պատմությունն է, և հասկանում ես, որ երկու բան կա, որից գլուխ ես հանում՝ լրագրությունն ու բնակարանների որոնումը․ և ամեն անգամ հիասթափված տուն ես վերադառնում՝ ուսումնասիրելով տների պատշգամբները․․․կարդալով նրանց պատմությունը․․․հարցուփորձ անելով արտագաղթի և աքսորի պատճառով քշված բացակա սեփականատերերի մասին։ Քանի՞ մարդ է տուն կառուցել, որում նրանց թույլատրված չէր ապրել։ Այդ տների սեփականատերերը դեռ շարունակում են իրենց գրպաններում և սրտերում պահել մուտքի դռների բանալիները՝ վերադարձի սպասելով։ Վերադարձ ո՞ւր։ Եթե նրանցից որևէ մեկը երբևիցե վերադառնա իր տուն, նրան թույլ կտա՞ն իր բանալիով բացել դուռը։ Թե՞ ստիպված է լինելու ընդամենը մի սենյակ վարձել իր սեփական տան մեջ։

Եվ նրանք ասում են, որ սիոնիզմը հանցանք չի գործել․ միակ բանը, որ այն արեց, առանց պետության ժողովրդին առանց ժողովուրդ պետություն բերելն էր։ Եվ դու հարցնում ես նրանց․ ո՞վ է կառուցել այս տները, ի՞նչ առասպելական արարածներ են կառուցել այս տները, ո՞ր առասպելներում։ Այդ պահին նրանք մեջքով են դառնում քեզ և շարունակում են երեխաներ ծնել, որոնք ապրելու են գողացված տներում։

 

VII

Անձնագիր ես խնդրում և պարզում ես, որ քաղաքացի չես․․․որովհետև քո հայրը կամ բարեկամներիցդ ինչ-որ մեկը անվտանգ տեղ էր փախել քեզ հետ պաղեստինյան պատերազմի տարիներին (1948 թվականին), երբ դու երեխա էիր։ Եվ պարզում ես, որ արաբները, որոնք լքել են իրենց երկիրն այդ շրջանում և հետո թաքուն վերադարձել են, կորցրել են քաղաքացիության իրավունքը։ Հուսահատվում ես անձնագիր ստանալու հարցում և անցաթուղթ ես խնդրում։ Եվ պարզում ես, որ դու Իսրայելի բնակիչ չես, քանի որ մշտական կացության կարգավիճակ չունես։ Ինչ-որ կատակ է թվում դա քեզ, այդ պատճառով գնում և այդ պատմությունը փաստաբան ընկերոջդ ես պատմում․ «Ո՛չ քաղաքացի եմ, ո՛չ մշտական բնակիչ։ Այդ դեպքում որտե՞ղ եմ ես, և ո՞վ եմ ես»։

Ապշում ես, երբ լսում ես, որ օրենքը նրանց կողմից է, և որ դու պետք է ապացուցես, որ գոյություն ունես։ Եվ այդ ժամանակ հասկանում ես, որ դու կարող ես գոյություն ունենալ մետաֆիզիկորեն, բայց ոչ իրավաբանորեն։

Օրենքի մասին ես մտորում։ Սարսափելի միամիտ ենք, երբ կարծում ենք, թե օրենքն արդարության և ճշմարտության գործիք է։ Այստեղ օրենքը կառավարության կամքն իրականացնելու համար գոյություն ունի և երկրի տիրակալների պահանջներին է հարմարեցված։

Եվ ես գոյություն եմ ունեցել այս երկրում մինչև այն պետության գալը, որը ժխտո՜ւմ է իմ գոյությունը։ Եվս մեկ անգամ համոզվում ես, որ ճշմարտությունը երևակայություն է դառնում, եթե դրան նեցուկ չի լինում ուժը, և այդ ուժն այս երևակայությունն իրականության է վերածում, և դու ժպտում ես օրենքին, որն աշխարհում ցանկացած հրեայի մեքենայաբար Իսրայելի քաղաքացիություն ստանալու իրավունք է տալիս։

Եվ ամեն բան նորից ես փորձում․․․Աստծո և օրենքի պատասխանատվությանն ես հանձնում քեզ։ Քեզ հաջողվում է հավաստագիր ստանալ, որը հաստատում է քո գոյությունը, և անցաթուղթ ես ստանում։ Բայց որտեղի՞ց ես անցնում։ Հայֆայի բնակիչ ես, իսկ օդանավակայանը Թել Ավիվի մոտակայքում է։ Հայֆայից օդանավակայան հասնելու թույլտվություն ես խնդրում ոստիկանությունից, և մերժում ես ստանում։ Փաստաբանն ու խորհրդարանի անդամներն են միջամտում, բայց ոստիկանությունը շարունակում է մերժել։ Այնուհետև սկսում ես երևակայել, թե դու նրանցից խորամանկ և խելացի ես, և փոխում ես երթուղիդ՝ որոշելով շարժվել Հայֆայի նավահանգստից՝ հիմք ընդունելով այն, որ նավահանգիստ մուտք գործելու իրավունք ունես, և շատ գոհ ես լինում քեզնից։ Տոմս ես գնում, անցնում ես առողջական, անձնագրային և մաքսային հսկողությունը, և ոչ ոք քեզ չի կանգնեցնում։

Նավի մոտ ձերբակալում են քեզ և տանում դատարան։ Շարունակում ես պնդել, որ օրենքն այս անգամ քո կողմից է։ Հետո պարզում ես, որ Հայֆայի նավահանգիստը Իսրայելի պետության մի մասն է, այլ ոչ թե Հայֆա քաղաքի, և նրանք հիշեցնում են, որ դու Հայֆայից դուրս Իսրայելի որևէ հատված գնալու թույլտվություն չունես։ Իսկ նավահանգիստը (օրենքի համաձայն) Հայֆայից դուրս է, և դու դատապարտված ես․․․

Ասում ես նրանց․ «Այժմ, երբ հասկացել եմ օրենքը, մի կարևոր բան եմ ուզում խոստովանել, պարոնա՛յք։ Ամեն օր լող եմ տալիս ծովում, իսկ ծովը Իսրայել պետությանն է պատկանում, այլ ոչ թե Հայֆային։ Եվ օդ շնչելու թույլտվություն նույնպես չունեմ ինձ մոտ։ Եվ երկինքը, որը տեսնում եմ Հայֆայի վերևում, նույնպես չի պատկանում Հայֆային, և ամառային զեփյուռի միջով զբոսնելու թույլտվությո՜ւն ևս չունեմ․․․»։

Եվ նրանք ժպտում են։

VIII

Տոնական միջոցառումնե՜ր։ Պատմությունը դաժանորեն գրոհում է քեզ։ Պարտություն, պարտություն և պարտություն․ և արաբները տոնում են բոլոր իրենց օրերը։ Կցանկանայիր ծնված լինել փետրվարի 29-ին, որպեսզի չորս տարին մեկ անգամ նշեիր ծննդյանդ օրը։ Եվ մտորում ես․ մեր օրերն են ջնջում մեր օրերը, որովհետև չափից ավելի շատ առիթներ ու ամսաթվեր կան։ Օրացույցում ոչ մի ազատ օր չի մնում հաղթանակի համար։ Բոլոր օրերը բաշխագրված են, և հենց դա է մեր անընդմեջ շարունակվող պարտության պատճառը․ երբ օրացույցի մեջ մեկ օր ազատ մնա, այդ ժամանակ հաղթանակած կլինենք։

Բայց այսօր քո ծննդյան օրն է, և ուզում ես մի փոքր հաճույք կորզել, որպեսզի մոռանաս ամենօրյա անհաջողությունները։ Ընկերներիդ ես հրավիրում․․․խմիչքի, մի քիչ երաժշտության և սուր կատակների միջոցով դավադրություն եք կազմակերպում տխրության դեմ։ Երաժշտության ձայնը բարձրանում է․․․Պարում ես․․․աղջիկների ծիծաղի ձայնը հաևանների պատուհաններին է հասնում։ Կեսգիշերին գալիս է ոստիկանությունը, պարզում է ներկա գտնվողների ով լինելը և սպառնում ձերբակալությամբ․ «Քաղաքավարի՛ եղեք։ Վայրենիների պես մի՛ պահեք ձեզ»։ Հարցնում ես պատճառը, իսկ ոստիկանն ասում է, որ հարևաններն են կանչել նրան՝ լռությունը վերականգնելու։ Ասում ենք նրան, որ ծննդյան տարեդարձ ենք նշում։ Նա ասում է․ «Դա իմ գործ չէ»։

«Օ՜, բարի՛ հարևաններ։ Ինչո՞ւ չեք նախազգուշացրել, որ իմ երջանկությունը վնաս է հասցնում ձեզ։ Իսկ ինչո՞ւ ե՛ս չեմ բողոքում, երբ ամեն գիշեր ձեր երաժշտության ձայներն եմ լսում․ ե՞րբ եք հանգիստ թողնելու ինձ, օ՜, իմ հարևաննե՛ր»։ Բայց մինչև քնելը համոզվում ես, որ հարևաններն իրավացի էին։ Առավոտյան ներողություն ես խնդրում նրանցից ասելով․ «Ներե՛ք ինձ, որպեսզի ես նույնպես կարողանամ ինքս ինձ ներել։ Ես տոնելու իրավունք չունեմ, քանի դեռ դուք իմ հարևաններն եք»։

Թարգմանությունն անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

[1] Ազգությամբ հրեա ավստրո-հունգարացի լրագրող, հասարակական և քաղաքական գործիչ, ժամանակակից քաղաքական սիոնականության հիմնադիր, Իսրայելի պետության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկը, Համաշխարհային սիոնական կազմակերպության հիմնադիր։

[2] Նեբո լեռ՝ ծովի մակերևույթից մոտավորապես 710 մետր բարձրություն ունեցող սար Հորդանանում, որը Աստվածաշնչի հայերեն թարգմանությունում հիշատակված է Նաբավ լեռ անվանումով։

[3] Կոլեկտիվ համայնք Իսրայելում, որն սովորաբար հիմնված էր գյուղատնտեսության վրա։ Կիբուցները ստեղծվել էին որպես ուտոպիական համայնքներ, որպես սոցիալիզմի և սիոնիզմի համադրություն։

Share Button

1 Կարծիք

  • Vehanoush Tekian says:

    Լեզուի հմտութեան կողքին՝ տաղա՛նդ կը պահանջէ թարգմանելու փորձը։ Ալ ո՛ւր մնաց թտգմանուած գործէ մը թարգմանելը։. Արդար չէ հեղինակին համար։. Իր շունչը կը կորսուի։ իր ոճի երանգներն ալ կ՚աղօտին։ Միայն կը մնայ խօսքին արձագանգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *