ես մի հանճարի հանդիպեցի գնացքում
էսօր
մոտ վեց տարեկան
նստել էր կողքս
ու մինչ գնացքը
սլանում էր ափով
ու մոտեցանք օվկիանոսին
երկուսս էլ դուրս նայեցինք լուսամուտից
օվկիանոսի մոտ
հետո նա նայեց ինձ
ու ասաց
«հեչ էլ սիրուն չէ»:
կյանքում առաջին անգամ
ես գիտակցեցի
դա:
բորոդինի կյանքը
հաջորդ անգամ երբ Բորոդին լսեք
հիշեք որ նա պարզապես դեղագործ էր
որ երաժշտություն էր գրում լիցքաթափվելու համար:
նրա տունը միշտ լիքն էր մարդկանցով.
ուսանողներ, նկարիչներ, հարբեցողներ, շրջիկներ,
իսկ նա «չէ» ասել չգիտեր:
հաջորդ անգամ երբ Բորոդին լսեք
հիշեք՝ նրա կինն ստեղծագործություններն օգտագործում էր
կատվի արկղերի մեջ դնելու կամ
կաթնաշոռի սափորները ծածկելու համար.
կինն ասթմա ուներ ու անքնություն,
ամուսնուն թերխաշ ձվով էր կերակրում,
իսկ երբ ամուսինն ուզում էր ծածկել գլուխը
տան աղմուկը չլսելու համար
կինը միայն սավանն էր թույլ տալիս օգտագործել:
համ էլ՝ ամուսնու մահճակալի վրա միշտ
ինչ-որ մեկը կար
(նրանք առանձին էին քնում եթե քնում էին
առհասարակ)
ու քանի որ բոլոր
աթոռները միշտ զբաղված էին
նա հաճախ քնում էր աստիճաններին՝
մի հին շալով փաթաթված.
կինն էր նրան ասում՝ երբ կտրեր եղունգները,
չերգեր ու չսուլեր
կամ շատ լիմոն չգցեր թեյի մեջ
13ու գդալով չսեղմեր:
Սիմֆոնիա հմ. 2 սի մինոր
Իշխան Իգորը
Կենտրոնաան Ասիայի տափաստաններում
նա կարողանում էր քնել միայն երբ
սև լաթով ծածկում էր աչքերը:
1887-ին նա Բժշկական ակադեմիայի
պարահանդեսին ներկայացավ
տոնական ազգային տարազով:
վերջապես մի կարգին ուրախացավ
իսկ երբ տապալվեց հատակին
բոլորը կարծում էին՝ ծաղրածվություն է անում:
հաջորդ անգամ երբ Բորոդին լսեք՝
հիշեք:
մաքուր բիձա
ահա շուտով
55 կլինեմ
մի շաբաթից:
էլ ինչի՞ մասին
նստեմ ու գրեմ
երբ առավոտյան
այլևս
չի կանգնում:
քննադատներիս
շատ դուր կգա
երբ խաղահրապարակս լինի
էսքան անձուկ.
կրիաներ ու
աստղախեցիներ:
գուցե նույնիսկ
իմ մասին
չքնաղ բաներ
ասեն:
կարծես թե
վերջնականապես
ուշքի եմ
եկել:
գժերը միշտ սիրել են ինձ
նաև խեղվածները:
տարրականում
միջնակարգում
բարձրագույնում
քոլեջում
անցանկալիներից
պրծում
չունեի.
կռնատ տղերք
լեզվական արատով տղերք
ներվային տղերք
միաչքանի
տղերք
վախկոտներ
մարդատյացներ
մարդասպաններ
ծիկրակող բճեր
ու գողեր:
գործարանում կամ թե
պարապ թրև գալիս
ես
միշտ ձգել եմ
անցանկալիներին: գտնում էին ինձ
անմիջապես ու անվերջ
կպչում: հիմի էլ
պոկ չեն գալիս:
էս թաղում էլ պրծում չկա,
մեկն ինձ
գտավ:
անպետք իրերով լցված
մի սել է քարշ
տալիս.
ջարդված եղեգ, կոշկակապ,
չիփսի դատարկ տոպրակ,
կաթի թղթե տուփ, լրագիր, գրչաման…
«հեյ, ախպեր, ի՞նչ կա-չկա»
կանգ եմ առնում ու մի քիչ
խոսում ենք:
հետո հրաժեշտ եմ տալիս
բայց նա հետևում է
ինձ
գարեջրի սրահների ու
սիրո սրահների
կողքով…
«անպայման ինձ իմաց կանես,
ախպեր, իմաց կանես.
ես պիտի իմանամ թե
ինչ կա-չկա»:
սա է նոր ընկերս:
չեմ տեսել որ խոսի
մեկ ուրիշի
հետ:
սելը մի քիչ
ճռճռում է
իմ ետևից
հետո ինչ-որ բան
ընկնում է:
նա կանգ է առնում
որ վերցնի:
մինչ վերցնում է
ես ներս եմ մտնում
անկյունի
կանաչ հյուրանոցի
գլխավոր մուտքից
անցնում եմ
սրահը
ու մոտենում
ետնադռանը,
էնտեղ մի կատու
կղկղում է.
դեմքին՝ լիակատար հիացմունք,
նայում է ինձ
քմծիծաղով:
ծերուկս
16 տարեկանում
դեպրեսիայի տարիներին
տուն էի գալիս հարբած
ու բոլոր շորերս –
շալվար, վերնաշապիկ, գուլպա –
ճամպրուկս, կարճ պատմվածքներիս
էջերը
շպրտած էի գտնում բակով
ու փողոցով
մեկ:
մայրս սպասելիս էր լինում
ծառի հետևում.
«Հենրի, Հենրի, ներս
չգնաս… կսպանի
քեզ. կարդացել է
պատմվածքներդ»
«Կարամ դրա
կաշին քերթեմ…»
«Հենրի, խնդրում եմ,
վերցրու սա… գնա
մի սենյակ վարձի»:
բայց ծերուկս վախենում էր
որ չեմ ավարտի
միջնակարգը
ու ես տուն էի
վերադառնում:
մի իրիկուն նա մտավ իմ սենյակը
ինչ-որ պատմվածքի
էջերը ձեռքին
(երբեք գրածներս նրան
չէի տալիս կարդալու)
ու ասաց. «էս մեկը
հրաշալի պատմվածք է»:
«էղավ»,- ասի.
ինձ տվեց պատմվածքը
ու սկսեցի կարդալ:
ինչ-որ պատմություն էր
մի հարուստ մարդու մասին
որ կռվել էր իր
կնկա հետ,
գիշերով դուրս էր եկել
մի գավաթ սուրճ խմելու,
իր համար զննել էր
մատուցողուհուն, գդալները,
պատառաքաղները,
աղամանն ու պղպեղամանը,
լուսամուտի
նեոնային ցուցանակը,
հետո վերադարձել էր
իր ձիանոցը
հպվելու իր
սիրած ձիուն
որը քացի էր տվել
սրա գլխին
ու էդպես սպանել:
ինչ-որ տեղ նա
իմաստ էր գտել
պատմվածքի մեջ
թեև
գրելիս
գաղափար անգամ չունեի
թե ինչի մասին եմ
գրում:
ու ասի նրան.
«էղավ, ծերուկ, քեզ եմ տալիս»:
վերցրեց էջերը,
դուրս եկավ
ու ծածկեց դուռը:
դրանից ավելի մոտ
մենք իրար
երբևէ չեղանք
ոչ ևս
միշտ ուզեցել եմ տալ
Հենրի Միլըրին, ասավ էդ կինը,
բայց մինչև տեղ հասա
արդեն ուշ էր:
վայ քու, ասի, դուք կնանիք
միշտ ուշ եք տեղ հասնում:
էսօր երկու անգամ արդեն
ձեռնաշարժել եմ:
իր համար՝ հեչ,
ասաց: ի դեպ,
ինչի՞ց է որ էդքան շատ ես
քեզ-քեզ թափում:
տարածությունն է պատճառը, ասի,
բանաստեղծությունների ու
պատմվածքների արանքի տարածությունը,
անտանելի է:
սպասել է պետք, ասավ,
շատ ես անհամբեր:
Սելինի մասին ի՞նչ կասես,
հարցրի:
Նրան էլ կտայի:
ոչ ևս է, ասի:
ոչ ևս, ասավ:
մի քիչ երաժշտություն
կլսե՞ս, հարցրի:
կարելի է, ասավ:
Այվս դրեցի:
ուրիշ բան չէր մնացել
էդ իրիկուն:
սիրային բանաստեղծություն
բոլոր կանայք
նրանց համբույրներն ու
սիրելու խոսելու ցանկանալու
տարբեր եղանակները:
նրանց ականջները, բոլորն ունեն
ականջներ
կոկորդ զգեստ
կոշիկ
ավտո ու նախկին
ամուսին:
հիմնականում կանայք շատ
ջերմ են, ինձ հիշեցնում են
բոված հաց ու կարագ
կարագը՝
ներծծված:
մի տեսակ են
նայում. նրանց վերցրել են
նրանց հիմարացրել
են: չգիտեմ ինչ անեմ
նրանց
համար:
ես
լավ խոհարար եմ, գիտեմ
լսել
բայց երբեք չսովորեցի
պարել. էն ժամանակ ավելի
մեծ բաներով էի զբաղված:
բայց սիրով վայելել եմ նրանց տարբեր
անկողինները
միասին ծխել
նայել
առաստաղին: ոչ քինոտ եմ եղել ոչ
անարդար. ընդամենը՝
աշակերտ:
գիտեմ որ բոլորն ունեն
ոտքեր, ոտաբոբիկ քայլում են սենյակում իսկ ես
նայում եմ նրանց ամաչկոտ հետույքներին
մթության մեջ: գիտեմ որ հավանում են ինձ, ոմանք նույնիսկ
սիրում են
բայց ես քչերին եմ
սիրում:
ոմանք ինձ նարինջ են տալիս ու վիտամինի հաբեր
ոմանք հանգիստ խոսում են
մանկության, հայրերի ու բնապատկերների
մասին. ոմանք համարյա
գիժ են բայց ոչ մեկը անիմաստ չէ.
ոմանք գիտեն
սիրել, ոմանք՝ էնքան էլ
չէ. անկողնում լավագույնները միշտ չէ որ
լավ են
այլուր. ամեն մեկն իր սահմաններն ունի ինչպես ես ունեմ
իմ սահմանները ու մենք
շատ շուտ ենք իրար
սովորում:
բոլոր կանայք, բոլոր
իմ կանայք, բոլոր
մահճակալները
կարպետները
լուսանկարները
վարագույրները ոնց որ
եկեղեցի լինեն մենակ թե
մեկ-մեկ նաև
ծիծաղում ենք:
էդ ականջները, էդ
ձեռքերը, էդ
արմունկները, էդ նայող
աչքերը, սիրահարվածությունը
ու ցանկությունը որ պահել է
ինձ պահել է
ինձ
Րոբինսըն Ջեֆըրսը և սերը
5 ժամ կանգնել էի հայելու առաջ
ածելին ձեռքիս, մտածում էի անեմ որովհետև
մեր մեծ սերը պրծած էր, բայց լավ է՝ չարեցի
որովհետև հենց հաջորդ օրը նորից միասին էինք:
նա Ջեֆըրսի գլուխն էր քանդակել
իմ նվիրած գրքի լուսանկարներից…
«Րոբինսըն Ջեֆըրսի նամակները (ընտրանի)»:
կավե գլխից քաշեց լաթն ու
ասաց.
«տես երեկ ինչ եմ արել.
Րոբիի գլխին մազ եմ աճեցրել»:
քանդակագործ կին եմ ասել:
Քարսըն ՄքՔալըրս
նա մեռավ հարբեցողությունից
ծածկոցով փաթաթված
տախտակամածի աթոռին
օվկիանոսային
շոգենավում:
նրանից
մնացին միայն
սարսափելի մենության մասին
բոլոր գրքերը
անսեր սիրո
դաժանության մասին
բոլոր գրքերը:
զբոսնող մեկը
գտավ նրա մարմինը
հայտնեց նավապետին
ու նրան անմիջապես
տեղափոխեցին
մեկ ուրիշ նավ
ու ամեն ինչ
շարունակվեց այնպես
ինչպես
ինքն էր գրել
Թարգմանությունը անգլերենից` Սամվել Մկրտչյանի