Ադամ Զագաևսկին (1945-2021) լեհ բանաստեղծ է, թարգմանիչ և էսսեիստ։ Յուլիան Կորնհաուզերի հետ եղել է «Նոր ալիքի» կարևորագույն ներկայացուցիչներից մեկը։ Զագաևսկին պոեզիան անվանում էր մտքերի մշակման և դասավորության արվեստ։ Նա հեռացել էր թե՛ մարքսիզմի կանոններից, թե՛ ավելի ու ավելի գերիշխող պոստմոդեռնիզմից՝ ընդունելով, որ բանաստեղծության ամենակարևոր հատկանիշը իմաստն է, ոչ թե լեզվի ձևավորումը: Ահա թե ինչու Ադամ Զագաևսկու պոեզիայում դժվար է գտնել նորաբանություններ, բառային փորձարկումներ։ Պոետի համար հիմնարար դեր են խաղում առեղծվածը, որը մշտապես առկա է նոր ժամանակների փորձառության մեջ և հոգևոր կյանքը, որը կապված է երևակայության և հիշողության հետ։ Գրողը հաճախ է անդրադարձել նաև իրականության առասպելականացմանը։
Նամակ ընթերցողից
Չափից շատ է մահվան մասին
ու ստվերների։
Գրիր կյանքի մասին,
սովորական օրվա,
ներդաշնակության ծարավի մասին։
Դպրոցական զանգը
կարող է օրինակ լինել
չափավորության,
անգամ բանիմացության։
Չափազանց շատ մահ,
չափից շատ
սև շողարձակում:
Նայիր, մարդիկ ամբոխված
նեղ դաշտերում
երգում են ատելության հիմներ։
Չափից շատ երաժշտություն
շատ քիչ համերաշխություն, անդորր,
բանականություն։
Գրիր պահերի մասին, երբ բարեկամության կամուրջները
ավելի դիմացկուն են
քան հուսահատությունը։
Գրիր սիրո մասին,
երկար երեկոների,
լուսաբացի,
ծառերի,
չավարտվող համբերության մասին
լույսի։
Երաժշտությունը, որ լսում էինք իրար հետ
Երաժշտությունը, որ լսում էի քեզ հետ, ավելին էր
քան երաժշտությունը։
Կոնրադ Այկեն
Երաժշտությունը, որ լսում էինք իրար հետ,
հավետ կմնա մեզ հետ,
Լրջմիտ Բրամս և հոգեպարար Շուբերտ,
որոշ երգեր, Շոպենի չորրորդ բալլադը,
մի քանի ակորդ տանջալի
սրտի զարկերի (Բեթհովեն, ադաջիո),
և թախիծը Շոստակովիչի, որ
չէր ուզում մեռնել։
Մեծ երգչախմբեր Բախի կրքերով տարված, որ
կարծես կանչում էին մեզ
ու թախանձում մեզնից հրճվանք,
մաքուր ու անշահ,
հրճվանք, որի մեջ հավատը
տարր է ակնհայտ։
Որոշ դրվագներ Լուտոսլավսկուց՝
անցողիկ այնպես ինչպես մեր մտքերը։
Սևամորթ կնոջ բլյուզը
որ խոցեց մեզ պողպատի պես փայլուն –
հասնելով մեզ փողոցում
փոշոտ, կեղտոտ քաղաքի։
Անվերջանալի քայլերգերը Մալերի,
շեփորի ձայնը, որ բացում է Հինգերորդ սիմֆոնիան
և առաջին մասը Իններորդի
(դու այն երբեմն կոչում ես «մալհեր»)։
Մոցարտի անհուսությունը Ռեքվիեմում,
դաշնամուրի կոնցերտները նրա զվարթ,
որ դնդնում էիր ինձնից էլ լավ –
ու դա լավ գիտենք երկուսս էլ։
Երաժշտությունը, որ լսում էինք իրար հետ,
կլռի, սիրելիս, հենց մեզ հետ։
Հիշողություններ
Մենակ չթողնես հիշողություններիդ
Նրանց համար կտավից ծածկոցներ կարիր։
Բացիր պատուհանները, թող օդափոխվեն
Եղիր սիրալիր նրանց հետ և երբեք
թույլ մի տուր, որ նրանք քեզնից հետո կյանք առնեն:
Քոնն են հուշերդ,
Մտածիր այդ մասին, երբ լողում ես
Սարգասյան ծովում հիշողության
և բերանդ լցվում է ջրիմուռներով:
Դրանք քո հիշողություններն են, որոնց
չես մոռանալու մինչ կյանքիդ վերջը:
Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի