ՄԱՀ
1953 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 16-ին Մունեսը, կտուրին կանգնած, նայում էր փողոցին: Արդեն 56 ժամ էր, ինչ մի վայրկյան անգամ աչք չէր կպցրել: Ամիր խանն ասել էր՝ պետք է դուրս չգաս տնից:
Վերևից նայում էր փողոցին: Ներքևում խառնաշփոթ էր: Մեկ աջ կողմից էր մի խումբ վազելով գալիս, մեկ՝ ձախ: Երբ հայտնվում էր մի խումբը, մյուսը փախչում էր: Հետո անցան մարդկանցով լի բեռնատարներ և մի քանի տանկ: Հեռվից լսվում էր գնդացրի ձայնը:
Մունեսը մտածում էր՝ քսանութ տարի պատուհանից նայել է պարտեզին՝ կուսաթաղանթի մասին իր պատկերացումներն ունենալով: Ութ տարեկանում նրան իրականում ասել էին՝ Աստված երբեք չի ներում կուսությունը կորցրած աղջկան: Հիմա արդեն երեք օր, երկու գիշեր է՝ գիտի՝ կուսաթաղանթ չէ, այլ անցք է: Ինչ-որ բան կոտրվել էր ներսում: Մի պաղ ցասում էր պատել մարմինը: Այդ օրերին անդադար հիշել էր մանկությունը, երբ նախանձով էր նայել ծառերին՝ երազելով, որ գեթ մի օր, գեթ մեկ անգամ կմագլցի դրանցից մեկը, բայց երբեք չէր համարձակվել՝ կուսությունը կորցնելու ահից: Ինքն էլ չգիտեր՝ ինչու, բայց մինչև ծնկները սառույցի պես սառն էր: Մրմնջաց.
-Ես վրեժ կլուծեմ:
Մի մարդ հայտնվեց փողոցում: Ձեռքը փորին էր դրել. ճոճվում էր: Մի քանի քայլ առաջ եկավ և գլխիվայր ընկավ առվեզրին: Առուն չէր երևում, և Մունեսն այլևս չէր տեսնում տղամարդու գլուխը, բայց երևում էին առվից դուրս մնացած ոտքերը:
Մունեսը փակեց աչքերը և ձգվեց առաջ: Հինգ վայրկյան անց նրա դին արդեն փողոցում էր: Իհարկե, աչքերը բաց էին և նայում էին երկնի կապույտին:
ՄՈՒՆԵՍ
(մաս II)
ԾՆՈՒՆԴ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՄԱՀ
Սկզբում Մունեսը մահացել էր: Գուցե մտածում էր, որ մահացել է: Որոշ ժամանակ հենց այդպես՝ աչքերը բաց, մեջքի վրա փռված էր ասֆալտին: Կամաց-կամաց երկնի կապույտը սևացավ, և Մունեսի աչքերից արցունքներ գլորվեցին: Ապա բարձրացրեց աջ ձեռքն ու տրորեց աչքերը: Այնուհետև վեր կացավ: Սաստիկ թուլության ու ջախջախվածության զգացողությունը պատել էին մարմինը: Տղամարդն ընկած էր փողոցի մյուս կողմում՝ առվի մեջ. ոտքերը դուրս էին առվից, աչքերը բաց էին: Մունեսը հարցրեց.
-Լա՞վ եք:
-Ես մեռած եմ,-պատասխանեց տղամարդը:
-Կարո՞ղ եմ որևէ բանով օգնել,- շարունակեց Մունեսը:
-Լավագույն օգնությունն այն կլինի, որ հեռանաք այստեղից: Թե չէ փորձանքի մեջ կընկնեք:
-Ինչո՞ւ,- զարմացավ Մունեսը:
-Աղմուկը չե՞ք լսում: Հավանաբար, հաշվեհարդար են տեսնում,- ասաց տղամարդը:
-Բա Դո՞ւք էստեղ ինչ եք անում:
-Սիրելի՛ս, արդեն ասացի՝ մեռել եմ:
Մունեսը հարցրեց.
-Հիմա եթե ես Ձեզ բժշկեմ ու խնամեմ, հնարավո՞ր է՝ կրկին լավ զգաք:
-Չէ՛, չէ՛: Չեմ կարծում: Արդեն բանը բանից անցել է: Մի ֆրանսիացի կինոսցենար է գրել՝ «Բանը բանից անցել է» վերնագրով: Հիմա ես հենց այդ փուլում եմ, և բանը բանից անցել է:
Մունեսը չափազանց ազդված էր: Ասաց.
-Այնուամենայնիվ, գուցե…
Տղամարդն իսկապես բարկացավ:
-Ասացի՝ հեռացի՛ր: Տարօրինակ ժամանակներ են:
Հետո Մունեսը գնաց և մոտ մեկ ամիս շրջեց փողոցներում: Առաջին երկու օրերին փողոցներում խառնաշփոթ էր, մարդիկ զբաղված էին ծեծուջարդով և միմյանց սպանելով: Կամաց-կամաց փողոցները խաղաղվեցին, մարդիկ քաշվեցին իրենց տները. մտածում էին ու ափսոսում: Ոմանք հայտնվեցին բանտում: Ոմանք ուրախ էին, հավաքույթներին բավականին օղի ու գինի էին կոնծում և ծիծաղում: Երիտասարդության շեմը հատող աղջիկը, իհարկե, հավաքույթներին չէր մասնակցում, բայց փողոցներում շրջելիս անցնում էր այդ տների պատուհանների տակով և լսում էր մարդկանց հռհռոցը: Գիշերները տնից ոչ ոք դուրս չէր գալիս, քանի որ ոստիկանները հարցնում էին գաղտնաբառը: Ի վերջո, Մունեսը հայտնվեց համալսարանի դիմացի գրադարաններում: Առաջին մի քանի օրը ամոթխած կանգնեց ու գրքերին նայեց. իրեն թույլ չտվեց կարդալ դրանց վերնագրերը: Ապա աստիճանաբար թոթափեց վախը և սկսեց ընթերցել վերնագրերը: Վերջապես մի օր նրա ուշադրությունը գրավեց ոչ թե գրախանութների, այլ պատահական մի կրպակի ցուցափեղկին դրված գիրքը՝ «Սեռական բավարարվածության գաղտնիքները, կամ ճանաչենք մեր մարմինը» վերնագրով:
Մունեսը տասներկու օր անընդմեջ անցնում էր գրավաճառի կրպակի առջևով և թռուցիկ հայացք նետում գրքի կազմին: Տասներեքերորդ օրը վերջապես համարձակվեց և մոտեցավ կրպակին:
-Ի՞նչ արժե:
-Հինգ թուման:
Մունեսը գնեց գիրքը: Պատսպարվեց մի խուլ փողոցում և ծառի ստվերում նստելով՝ ընթերցեց: Սկսեց առաջին գլխից, հասավ վերջին: Կարդաց կրկին և երրորդ անգամ: Անցել էր երեք օր:
Երրորդ օրը բարձրացրեց գլուխը: Այժմ արդեն ծառերը, արևը, փողոցը այլ իմաստավորում ունեին: Զարգացել էր:
Գիրքը նետեց առուն և ճամփա ընկավ: Գնում էր իրենց տան կողմը: Իրիկնամուտին արդեն տանն էր: Ալիյեն բացեց դուռը: Տեսնելով Մունեսին՝ ճչաց և փռվեց գետնին: Պառաված օրիորդը նրան բարձրացրեց՝ հարցնելով.
-Ալի՛յե ջան, ի՞նչ է պատահել:
Կինը, կամաց-կամաց ուշքի գալով, ասաց.
-Խանո՛ւմ ջան, Դուք եք մեզ էս օրը գցել: Մի ամիս է՝ հայրդ, մայրդ, եղբայրդ ոտքի տակ են տվել դաշտ ու քաղաք, սար ու ձոր և ամեն իրիկուն արյուն-արցունք են թափել: Ախր, խանո՛ւմ ջան, որտե՞ղ էիք, ի՞նչ էիք անում:
Մունեսն անմիջապես չպատասխանեց: Միայն տմբտմբացնում էր գլուխը և փիլիսոփայորեն ժպտում:
-Ալի՛յե ջան, ես այլևս այն հին Մունեսը չեմ: Արդեն շատ բան գիտեմ,-ասաց, վեհ ու հանգիստ գնաց հյուրասենյակ, մի անկյունում նստեց ու սուզվեց մտքերի մեջ: Քառորդ ժամ անց Ամիր խանը սփրթնած կանգնած էր շեմին:
-Է՜յ, անամո՛թ, որտե՞ղ էիր,- հարցրեց նա:
Պառաված օրիորդը քնքուշ ժպտում էր: Եղբոր բարկության պատճառ չէր հասկանում: Բարկություն չէր, զարմանք էլ չէր:
Ամիր խանն ասաց.
-Մեր ընտանիքի պատիվը գետնով ես տվել: Բոլորը գիտեն, որ կորել էիր:
-Ես միայն քո թույլտվությամբ մի քիչ զբոսնել եմ,- պատասխանեց Մունեսը:
-Ես քեզ ասել էի, որ էդ խառը ժամանակում տնից չպիտի դուրս գայիր, անպատկա՛ռ,- գոռաց Ամիր խանը, արձակեց գոտին ու հարձակվեց Մունեսի վրա: Իհարկե, աղջիկը չէր հասկանում՝ ինչու է ծեծվում: Որոշ ժամանակ ծեծվեց, զարմացավ ու ի վերջո հարցրեց.
-Ամի՛ր խան, ինչո՞ւ ես խփում, խելքդ թռցրե՞լ ես:
Ամիր խանը դա լսեց թե չէ, արյունը խփեց գլխին: Մրգի դանակը վերցրեց ճաշասեղանից և ուժգին խրեց Մունեսի սրտի մեջ:
Աղջիկը կարճ հառաչանքով երկրորդ անգամ հրաժեշտ տվեց կյանքին:
ՄՈՒՆԵՍ
(մաս III)
ԿՐԿՆԱԿԻ ԾՆՈՒՆԴ
Լսելով աղմուկ-աղաղակ՝ Ալիյեն մտավ սենյակ: Տեսնելով Մունեսի արնաշաղախ մարմինն ու Ամիր խանի աջ ձեռքի արյունոտ դանակը՝ ճչաց և ուշագնաց փռվեց գետնին: Ամիր խանը մոլորվել էր, քիչ-քիչ ահը սողոսկում էր սիրտը: Որոշ ժամանակ շշկլված նայեց դանակին, ապա այն դրեց սեղանի եզրին: Հետո փոշմանեց: Վերցրեց դանակը, մաքրեց կոթի մատնահետքերը թաշկինակով, որ գրպանից էր հանել, և կրկին տեղը դրեց դանակը: Հենց այդ պահին հնչեց դռան զանգը: Ամիր խանը մոտեցավ, բացեց դուռը: Ծնողներին էին:
-Ոստիկանական երեք բաժանմունք գնացինք: Դեռ չեն գտել,- ասացին՝ մտնելով հյուրասենյակ:
Նախ տեսան Ալիյեին, հետո՝ Մունեսին: Մի ակնթարթ անքթիթ իրար նայեցին, ապա երկուսն էլ ճչացին և ուշաթափվեցին: Սենյակում մնաց Ամիր խանը՝ չորս անշունչ մարմնի հետ: Մրմնջաց.
-Աստվա՛ծ իմ, ի՞նչ անեմ:
Նստեց աթոռի եզրին՝ հայացքը հառելով ահարկու տեսարանին: Ի վերջո կորցրեց ինքնատիրապետումը և սկսեց հեկեկալ: Որոշ ժամանակ արցունք թափելուց հետո թաշկինակով սրբեց երեսն ու սարսափով նկատեց՝ կտորն արյունոտ է: Դեմքը ողողվել էր արյան մեջ: Սարսուռով, որ պատել էր ողջ մարմինը, նետեց թաշկինակը սեղանին, և ահաբեկված հայացքը գամեց դիերին: Նրանցից ոչ մեկը գիտակցության գալու նշաններ չուներ: Ողջ պատասխանատվությունն Ամիր խանի վզին էր:
Դռան զանգն էր:
Ամիր խանի սիրտը պատի ժամանցույցի նման դնգդնգում էր: Վեր կացավ՝ մրմնջալով.
-Տե՛ր Աստված, օգնի՛ր:
Այս ու այն ոստիկանական բաժանմունքում Մունեսի անհետանալու վերաբերյալ այնքան էին հայտարարություն տվել, որ օրական առնվազն հինգ ոստիկան էր այցելում իրենց: Ամիր խանը մոտեցավ դռանն ու կտրուկ բացեց, որպեսզի միանգամից վերջ տա մտատանջությանը: Ֆաեզեն էր: Ամիր խանի դեմքն սկզբում մթության մեջ էր: Ոչինչ չնկատելով՝ Ֆաեզեն ասաց՝ բարև՛, ապա տեսնելով նրա դեմքը՝ գոռաց՝ սո՛ւրբ Աբաս, և հենվեց պատին:
-Աստվա՛ծ սիրես, դու էլ չուշաթափվես,- ասաց Ամիրը:
Ֆաեզեն, սարսափահար նայելով Ամիրի դեմքին, կմկմաց.
-Եկել էի՝ Մունեսի մասին հարցուփորձ անեի:
Ամիր խանն աջ ձեռքի ցուցամատն ուղղեց հյուրասենյակի կողմը: Աղջիկը մոտեցավ, բացեց սենյակի դուռը: Ամիր խանը շարունակում էր կանգնած մնալ միջանցքում: Ֆաեզեն սփրթնած դուրս թռավ սենյակից՝ հարցնելով.
-Չորսին էլ սպանե՞լ ես:
-Միայն Մունեսին:
-Ի՞նչ պիտի անես:
-Չգիտեմ,- պատասխանեց, կիսամեռ խավարասերի նման կուչ եկավ պատի տակ ու հեկեկաց:
Այդ ակնթարթին Ֆաեզեն հասկացավ, որ վերջապես ճակատագիրն իրեն նվեր է արել: Հանեց գլխաշորը, ճմռթեց, մի անկյուն շպրտեց, ապա ծնկի իջավ Ամիր խանի առջև:
– Ա՛յ մարդ, ամո՛թ է, ինչի՞ ես լացում: Որ լավ եղբայր ես, թասիբ ունես ու սպանե՞լ ես: Շատ էլ լավ ես արել: Իսկ ինչի՞ պիտի չսպանեիր: Մի աղջիկ, որից մի ամիս ձեն-ծպտուն չկա, մեռած է էլի: Լավ աղջիկը նման բան չի անում: Շա՛տ լավ ես արել: Ապրե՛ս: Ես էլ քո տեղը լինեի, ես էլ էդպես կանեի: Հալալ լինի քո կերած կաթը,- ճառելով՝ կրծքերի արանքից հանեց թաշկինակը և դրեց Ամիր խանի ձեռքի մեջ, որպեսզի արցունքները մաքրի:
Ամիր խանը հանգստացել էր: Խնչեց թաշկինակի մեջ: Սփոփանքի էր սպասում, և ահա՝ որպես հրեշտակ այն եկավ: Միևնույն ժամանակ մտքով անցավ՝ որքան տգեղ է գետնին ծնկած, կրծքերի արանքից թաշկինակ հանող կինը: Աղջիկն այնպես էր նստել, որ երևում էր վարտիքը: Ամիր խանը մտածեց՝ եթե սա էլ իր քույրը լիներ, սրան էլ կսպաներ ու խիղճը կմաքրեր: Բայց իր քույրը չէր, ոչ էլ իր հետ կապ ուներ: Բացի դա, իր կողքին էր վճռորոշ պահին: Ի վերջո, տղամարդը հոգոց հանեց ու հարցրեց.
-Հիմա քո կարծիքով ի՞նչ պիտի անենք:
-Բան չկա անելու, ընկե՛ր ջան: Աղջիկը մի ամիս է՝ կորել էր, չէ՞:
-Հա՛:
-Շա՛տ լավ: Կթաղենք այգում: Ոչ մեկն էլ գլխի չի ընկնի: Հիմա շատերն են կորել, հետաքննիչների գլուխն էլ խառն է: Ոչ ոք չի գալու ձեր տունը խուզարկի:
Այդ ամենը Ամիր խանին խելքին մոտ թվաց: Գլխի շարժումով հավանություն տվեց նրա ասածին, և երկուսով դուրս եկան բակ. մթության մեջ բահ ու քլունգով ջանասիրաբար փորեցին հողը և յոթանասունհինգ սանտիմետրանոց խորը փոս բացեցին: Ապա վերադարձան սենյակ: Հայրը, մայրը, Ալիյեն դեռևս ուշակորույս ընկած էին: Կինն ու տղամարդը բռնեցին Մունեսի ձեռք ու ոտքից, նրան քարշ տվեցին այգի, գցեցին փոսը, հողը լցրին վրան, բահով թմփթմփացրին, որ հողն ամբողջովին հարթվի ու պնդանա: Այնուհետև վերադարձան սենյակ, սկսեցին լվանալ արյունն ու ոչնչացնել հետքերը:
Երբ ավարտել էին գործը, ծնողներն ու Ալիյեն կամաց-կամաց ուշքի եկան: Ուժեղ հարվածի պատճառով երեքն էլ վերջին երկու-երեք ժամվա իրադարձությունները մոռացել էին: Միայն Ալիյեն էր աղոտ հիշում, որ դի է տեսել: Բայց քանի որ անգրագետ սպասավոր էր, չհամարձակվեց այդ մասին բարձրաձայնել: Բացի դա՝ հայտնի էր, որ նա լուսնոտ է: Բոլոր հարևանները տեսել էին, թե ինչպես է վերջինս կեսգիշերներին քայլում տանիքի եզրով, հետաքրքրությամբ մի կողմ քաշում միջատապաշտպան շղարշները և հետևում քնած, կիսարթուն ու արթուն մարդկանց: Նաև դա էր պատճառը, որ սսկվեց ու ոչինչ չասաց:
Ամիր խանի մայրը, տեսնելով Ֆաեզեին, փթթեց ինչպես ծաղիկը և ասաց.
-Օ՜, խանո՛ւմ, ինչպե՞ս ես: Անցյալ տարի բարեկամ էիր, այսօր արդեն ծանոթ: Չես երևում:
-Ճիշտ եք: Պարզապես չեմ ուզում անհանգստացնել:
-Ի՞նչ ես ասում, ցավդ տանեմ:
-Եկել էի՝ Մունեսի մասին հարցնեի, իմանայի՝ գտնվե՞ց, չգտնվե՞ց:
Ամիր խանի մայրը հառաչեց, ասաց.
-Է՜հ, բա՛լա: Դեռ չի գտնվել խեղճ երեխաս: Երանի գտնեին:
-Վերքիդ աղ լցրի: Աստված Ձեզ հետ: Լա՛վ մնացեք: Եթե հայտնվի, ինձ անպայման տեղյակ պահեք:
-Էս ո՞ւր: Ո՞վ է թողնում, որ դու գնաս: Պիտի ընթրես մեզ հետ: Ալիյե՛, խոհանոց գնա՛:
-Չէ՛, տիկի՛ն, Ձեր թույլտվությամբ ես գնամ, Ձեզ նեղություն եմ տալիս:
-Չէ՛, չէ՛: Անհնա՛ր է:
Ֆաեզեն մնաց: Ալիյեն գնաց խոհանոց: Սովորության համաձայն ճաշ եփելիս նրա շուրթերից լոռերեն քառյակներ էին ծորում: Քառյակների միջոցով ողբագին պատմում էր, որ եթե տառաճանաչ լիներ, կվերցներ գրիչն ու մի նամակ կգրեր իր սիրեցյալին, որ շատ հեռու էր: Նամակում կպատմեր այն ամենի մասին, որ տեսել, բայց չէր կարողացել բարձրաձայնել:
Ի վերջո ընթրեցին: Ընթրիքից հետո Ամիր խանն ինքնակամ առաջարկեց Ֆաեզեին տուն ուղեկցել: Ճանապարհին Ամիր խանը լուռ էր ու մոլորված: Աղջիկը համարձակվեց բռնել նրա ձեռքը, շոյել ու սփոփանքի խոսքեր ասել: Վերջիվերջո հավաքեց համարձակությունն ու ասաց.
-Էս ամենից հետո հնարավորինս շուտ պիտի ամուսնանաս, որ կարողանաս Մունեսին մտքիցդ հանել: Մանավանդ, որ դու էլ կարիք ունես կողակցի, որը նաև կյանքի լավ ընկեր կլինի ու քեզ կմխիթարի:
-Ճիշտ ես ասում:
Մի քանի օր անց Ամիր խանը դիմեց մորը.
-Մա՛մ:
-Հա՛ ջան,-պատասխանեց մայրը:
Ամիր խանը նստել էր աթոռի եզրին և փոքր-ինչ հուզված էր երևում:
-Մա՛մ ջան, իհարկե ինձ չպիտի թույլ տայի էդ մասին քեզ հետ խոսել, բայց երկար եմ մտածել և որոշել եմ մեկին ընտրել, որը նաև կյանքիս ընկերը կլինի ու ինձ կմխիթարի: Ուզում եմ ամուսնանալ:
-Պա՛հ-պա՛հ, ի՜նչ լավ է: Հա՛, քրոջդ չենք գտել, ինչքան լավ կլիներ՝ ինքն էլ մասնակցեր հարսանիքիդ: Ինչ արած: Ամեն դեպքում գովելի է, որ ամուսնանալու մտադրություն ունես: Հարսանիքը որտե՞ղ եք անելու:
Ամիր խանը շիկնելով մաքրեց կոկորդը և ասաց.
-Նախ պիտի գնանք աղջիկ ուզելու:
Մայրը զարմացավ: Հարցրեց.
-Ֆաեզեի հետ չե՞ս ամուսնանում:
-Չէ՛, չէ՛, մա՛մ ջան: Ես հաջի Մոհամմադ Սորխչեհրեի աղջկան եմ ուզում: Տասնութ տարեկան է: Գեղեցկուհի է, հեզ, հլու, ամաչկոտ, սիրալիր, խոնարհ, խելոք, նամուսով, անկեղծ, համեստ, մաքուր, միշտ գլխաշորով է, քայլելիս՝ գլուխը կախ, միշտ՝ շիկնած: Խնդրո՛ւմ եմ, գնացեք նրան ուզելու:
-Ամի՛ր ջան, լուսահոգի քրոջիցդ դու երկու տարի մեծ ես, և քառասուն քաղցր տարիներն արդեն հետևում են: Էսքան ժամանակ չես ամուսնացել, որ քրոջդ պաշտպանես ու հոգ տանես: Հիմա ինչո՞ւ ես ուզում տասնութ տարեկանի հետ ամուսնանալ: Չե՞ս լսել, որ ասում են՝ մարդը ջահել կին մենակ հարևանի համար է ուզում: Գիտես չէ՞, էդպես հնարավոր է խայտառակվես:
Ամիր խանը մի փոքր մտածելուց հետո ասաց.
-Մա՛մ ջան, գիտե՛ս, ասում են՝ կինը հասավ քսանին, պիտի լացես նրա հալին: Ես ճար չունեմ: Միակ հնարը քսան տարեկանից փոքրի հետ ամուսնանալն է: Բացի դա նրա դեմքից երևում է, որ նամուսով է: Արի էսօր պատրաստվենք ու գնանք նրան ուզելու:
Նույն օրը երեկոյան մայրը հագավ իր լավագույն զգեստը, չադրան գցեց գլխին և Ամիր խանի ուղեկցությամբ՝ գնաց հարսնախոսության:
Իրար ողջունեցին, բարև-բարի երեկո ասացին: Աղջիկը՝ գլխաշորը կապած, հաստ գուլպաներով, ամոթխած, թեյ հյուրասիրեց:
Մայրը հարսին հավանեց, հարսը՝ սկեսուրին: Փեսայի ընտանիքին դուր եկավ հարսի ընտանիքը, հարսի ընտանիքին՝ փեսայի ընտանիքը: Հարսանիքը նշանակեցին գալիք չորեքշաբթի, քանի որ մոտ էին սգո ծիսական օրերը. այլապես հարսանիքը երկու ամսով կհետաձգվեր:
Որոշեցին կալիմի չափը՝ տասնհինգ հազար թուման: Ամիր խանը բերելու էր մոմակալն ու հայելին, հարսանիքն անելու էին հաջիի բակում, որն ավելի ընդարձակ էր ու մեծ: Մայր ու տղա ուրախ ու երջանիկ վերադարձան տուն և եղելությունը պատմեցին Ալիյեին: Ալիյեն խելոք տմբտմբացրեց գլուխը, փիլիսոփայորեն ժպտաց և առաջին իսկ պատեհ պահին չադրան քաշեց գլխին, գնաց Ֆաեզեենց տուն ու պատմեց եղածը: Աղջիկը որոշ ժամանակ գլուխը խփեց պատերին, ապա բռունցքներով՝ լուսամուտին: Ապակին ջարդուփշուր եղավ՝ վնասելով ձեռքը: Հետո Ալիյեի հորդորով չադրան գլխին գցեց, և միասին գնացին Շահ Աբդուլազիմ[2]: Տասներկու մոմ վառեցին, մի պարարտ գառ զոհաբերեցին, որ հարսանիքը գլուխ չգա: Ապա գնացին Դավազդա Ղառ՝ միրզա Մոնաղեբիի մոտ և սերը ոչնչացնող մի հուռութք առան: Այնուհետև հասան Էվին թաղամաս՝ Բաջի խանումի մոտ: Բաջի խանումը մաքուր հոգի ուներ և մի հին գիրք, որի միջոցով բախտ էր բացում: Նա ոտքից գլուխ չափեց Ֆաեզեին և ասաց.
-Բախտիդ տերը մեկն է, որ միջահասակ է, ո՛չ գեր է, ո՛չ նիհար, թուխ, քառակուսի դեմքով, մանր աչքերով, ալ շուրթերով:
Ֆաեզեն պայծառացավ, որովհետև գրքում ամեն ինչ ճիշտ էր գրված: Բաջի խանումն ասաց.
-Ցավ ունես սրտումդ: Ցավիդ պատճառը սերն է: Աստված քեզ քո սիրուն բաշխի:
Ֆաեզեն ոգևորված տմբտմբացրեց գլուխը: Այդ պահին իսկապես մոր չափ սիրում էր Բաջի խանումին: Պառավը մանրամասն բացատրեց.
-Այդ սիրուն հասնելու հաղթական ճանապարհն այն է, որ դու յոթ գիշեր յոթ անգամ բոբիկ յոթ քայլ անես դեպի Մեքքայի կողմը և յոթ անգամ յոթ քայլ՝ հակառակ կողմը, և ամեն քայլափոխին պիտի կրկնես՝ ո՛վ տեր, ինձ ազատիր սատանայի գայթակղություններից ու փորձանքից: Հետո կլվանաս ոտքերդ, քնելուց էլ ոտքերդ վերմակով չծածկես:
Ֆաեզեն ասաց.
-Խանո՛ւմ ջան, ես սիրահարված եմ և ուզում եմ իմ սիրուն հասնել: Թալիսմանի նման մի բան տուր, որ էդ տղամարդը ինձնով գերվի:
Բաջի խանումը շատ ծեր էր: Հռհռաց, ասաց.
-Աղջի՛կ ջան, ոչ մի բան զոռով չի լինում, նկատի ունեցիր: Պիտի պայքարես այդ սիրո համար: Լա՜վ են ասել.
Ի՜նչ լավ է, երբ սերը ծագում է երկուսի գլխում,
Երբ մեկի գլխում է, այն գլխացավանք է…
Ֆաեզեն բարկացած վեր կացավ և միայն մի հինգ ռիալանոց նետեց գորգի վրա: Երբ աղջիկը դուրս եկավ, Բաջի խանումը ծիծաղեց: Վեր կացավ, թղթադրամը վերցրեց և գցեց կավե գանձատուփի մեջ: Որոշել էր թոռան օժիտի համար փող հավաքել:
Ֆաեզեն յոթ օր, յոթ գիշեր քայլեց, աղաղակեց ու լաց եղավ: Մտածեց՝ գնա ոստիկանատուն ու մատնի Ամիր խանին: Կամ սպանի նրան, ինչպես ինքն էր Մունեսին սպանել: Մտքով հազար ու մի բան անցավ, բայց ոչ մեկն էլ խելքին մոտ չէր: Ի վերջո որոշեց հարսանիքի գիշերը գնա, հուռութքը Մունեսի ոտքերի տակ թաղի, որ նրա արյունն ու հուռութքի չարաբաստիկությունը միասին կառչեն Ամիր խանի օձիքից:
Հենց հարսանիքի գիշերը Ֆաեզեն գնաց Ամիրենց տուն: Դա կատարեց Ալիյեի աջակցությամբ: Նա գլխի էր ընկել, որ աղջկան սպանել են, բայց, իհարկե, ցույց չէր տալիս: Հաջիենց տուն գնալուց առաջ, Ալիյեն ներս թողեց Ֆաեզեին: Վերջինս ուղիղ այգի գնաց և սկսեց փորել հողը, որպեսզի հուռութքն այնտեղ թաղի, երբ մի ձայն ցնցեց նրան: Ձայնը Մունեսինն էր. կանչում էր՝ Ֆաեզե՜ ջան:
Կարծես ջրհորի հատակից էր խոսում: Աղջիկը մի կերպ կուլ տվեց թուքը, ձեռքը սեղմեց սրտին, որ այն կրծքավանդակից դուրս չթռչի, ապա մի փոքր ուշքի եկավ: Ձայնը կրկնեց.
-Ֆաեզե՜ ջան, չեմ կարողանում շնչել:
Ֆաեզեն շարունակում էր լուռ մնալ:
-Շատ սոված եմ: Ծարավից մեռնում եմ: Ինչքան ժամանակ է՝ ո՛չ մի կաթիլ ջուր եմ խմել, ո՛չ մի հատիկ բերանս դրել:
Ֆաեզեն ինքնաբերաբեր, առանց մտածելու ճանկերով սկսեց փորել հողը: Փորեց, փորեց, մինչև աղջկա կլոր երեսը երևաց հողի տակից: Նա, դանդաղ բացելով աչքերը, ասաց.
-Սիրելի՛ս, քույրի՛կս, մի քիչ ջուր տուր ինձ:
Ֆաեզեն գնաց, ջրավազանից մի բուռ ջուր բերեց, լցրեց Մունեսի երեսին: Հետո սկսեց արագ-արագ փորել հողը: Փորեց, փորեց, մինչև աղջիկն ազատվեց: Այնքան թույլ էր, որ չէր կարողանում շարժվել: Ֆաեզեն բարձրացրեց նրան, թափ տվեց հողը նրա վրայից: Մունեսը ճոճվելով գնաց խոհանոց: Ֆաեզեն նոր միայն սկսեց վախենալ: Չգիտեր՝ ինչպես ընկալի այս տարօրինակ եղելությունը: Հուշիկ քայլերով զգուշորեն մոտեցավ խոհանոցին: Տեսավ հողի ու ցեխի մեջ կորած աղջիկը սառնարանից հանել է կաթսան ու հենց այդպես՝ ցեխոտ ու կեղտոտ մատներով, բուռ-բուռ վերցնում է ուտելիքն ու բերանը լցնում: Թույլ մռնչում էր, աչքերը՝ ակնախոռոչներում պտտեցնում: Պտտեցնում էր ու սարսափազդու ժպտում:
Նա ուտում էր ու մռնչում էգ առյուծի նման, որը հեռու էր իր ձագերից և ժամանակ առ ժամանակ վայում էր: Ի վերջո կերավ կաթսայի կեսն ու հագեցրեց քաղցը: Կրկին վեր կացավ ու ճոճվելով դուրս եկավ բակ: Մոտեցավ ջրի պոմպին և մի դույլ դրեց տակը: Ջրով դույլը՝ լի ջրամբարի ավլախոտով, մի շնչում քաշեց գլուխը: Մի պահ մնաց անշարժ, ապա մռնչալով հանեց շորերը, մերկացավ, մտավ ջրավազանն ու սկսեց լվանալ իրեն:
Ֆաեզեն գնաց ուղիղ աղջկա սենյակը, որը մնացել էր այնպես, ինչպես կար: Բացեց դարակները, վերցրեց ներքնաշորեր, շորեր, սրբիչ և վերադարձավ: Նա վերցրեց սրբիչը ու ոլորելով՝ չորացրեց մարմինը: Հետո հենց բակում էլ հագնվեց, ապա ուղղվեց դեպի հյուրասենյակ և նստեց իր մշտական տեղում՝ ռադիոյի կողքին: Ֆաեզեն վախվխելով ներս մտավ և նրա դիմացի անկյունում կուչ եկավ:
Մունեսն սկսեց խոսել: Ասաց.
-Փաստորեն, եղբորս օգնում ես, որ ինձ սպանի՞: Ո՛վ անամոթ, անպատկա՛ռ:
Ֆաեզեն կմկմալով փորձեց բացատրություն տալ, բայց կարծես քարին պատմեր: Ազդեցություն չեղավ:
Մունեսը շարունակեց.
– Մի ամբողջ կյանք կարծել ես, որ եթե կլորերես եմ, ուրեմն էշ եմ, հիմար եմ: Չէ՞:
-Ի՞նչ ես ասում: Էդ ինչե՞ր ես մտածում:
-Ա՛յ անիծվես դու:
– Սրբի անունով եմ երդվում, ես նման բան չեմ մտածել:
-Հիմարն ինքդ ես: Ես հիմա բոլորի մտքերը կարդում եմ: Դու ոչ միայն մտածում էիր, որ եթե դեմքս կլոր է, ուրեմն ես հիմար եմ, այլև ուզում էիր օգտվել այդ հիմարությունից և դառնալ եղբորս կինը: Էդպես չէ՞:
-Երդվում եմ…
-Սսկվի՛ր: Սուտ երդումներ մի՛ տուր:
Ֆաեզեն լռեց: Մունեսը շարունակեց.
-Հիմա ուշադի՛ր նայիր: Դեմքս ոչ միայն կլոր չէ, այլ շատ էլ երկար է:
Ֆաեզեն սարսափահար նրան էր նայում: Իսկապես, Ֆաեզեի դեմքը ձիու դեմքի նման երկարել էր: Ֆաեզեն հոգեկան ցնցում էր ապրում: Նրան թվում էր՝ ջերմություն ունի: Մտածում էր՝ որքան լավ կլիներ՝ կաթված ստանար, խլանար, կուրանար, որ այս ամենը չտեսներ, չլսեր:
-Եվ ոչ միայն դեմքս է երկար, այլև բիբերս,-ավելացրեց Մունեսը:
Ֆաեզեն նայեց: Աղջիկը ճիշտ էր ասում: Բիբերն էլ էին սրվել:
-Եվ բիբերս ոչ միայն երկար են, այլև կարմիր:
Ֆաեզեն տեսավ՝ Մունեսը ճիշտ է ասում: Բիբերը և՛ երկարավուն էին, և՛ կարմիր: Մտածեց՝ գուցե ոտքերն էլ կճղակավոր են:
-Չէ՛, կճղակավոր չեմ,- ասաց նա ու սատանայի նման քրքջաց:
Քիչ էր մնում՝ Ֆաեզեն ուշաթափվի, բայց նա չէր թողնում:
-Իզուր ձևեր մի՛ թափիր: Քո էության մեջ մի կեղտոտ բան կա: Բայց ես որոշել եմ քեզ հետ ապրել և այս տնից հեռանալ: Ուզում եմ հիմնել մի կազմակերպություն՝ ընդդեմ եղբայրների, որ այլևս ոչ մեկի քույրը չսպանվի: Բայց ես իրականում այդքան էլ վատը չեմ: Միայն իմացիր, որ կարդալու եմ յուրաքանչյուր կեղտոտ միտք, որ ծագելու է էդ փոքր ուղեղումդ: Հասկացա՞ր:
-Իհարկե՛, իհարկե՛,- պատասխանեց Ֆաեզեն:
-Լուսահոգի տատս ուներ մի կատու, որ քսանչորս ժամ շարունակ կուչ եկած մնաց անկողնու մեջ: Երբ դուրս եկավ, գրքի պես բարակ էր ու երկար: Այդ ժամանակ այնքան կերավ, որ ուռեց ու սատկեց: Երբ հողի տակից դուրս եկա, սկզբում այդ կատվին էի նման և մտածեցի, որ այդ պահին խեղճ կատվի հոգին մարմնիս մեջ մտավ:
-Անշուշտ, Դուք իրավացի եք: Ձեր աչքերը նմանվել են կատվի աչքերի: Բայց Ձեր դեմքը, եթե կհաճեք իմանալ, ձիու երեսի է նման:
-Ինչո՞ւ ես գեղարվեստորեն խոսում: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք ընկերներ էինք: Թեև դու կարծում էիր, որ ես հիմար եմ, բայց, այնուամենայնիվ, ընկերություն էինք անում: Մարդավարի խոսիր:
-Լա՛վ:
-Ես նաև գիրք եմ կարդացել տղամարդու ու կնոջ մասին: Սրանից հետո չես կարող ասել, թե ինձնից շատ բան գիտես: Հասկացա՞ր:
-Հա՛:
-Իմիջիայլոց, իմացի՛ր, Փարվինն ավելի լավ խոհարար է, քան դու: Դա իմ կարծիքն է: Հասկացա՞ր:
-Հա՛,- պատասխանեց Ֆաեզեն, բայց մաղձը կոկորդով իջավ, հասավ սրտին, որ այնտեղ բնավորվի:
Մունեսը, որի դեմքը, ի վերջո, մի օր կլոր էր եղել, և ինքն էլ պարզ ու բարի աղջիկ էր, ասաց.
-Իհարկե, դու էլ վատ չես պատրաստում: Բայց նա ավելի լավ է կարողանում:
Ֆաեզեն հարցրեց.
-Հիմա ի՞նչ անենք:
-Էսպես կնստենք, մինչև հարսն ու փեսան կժամանեն:
Մի քանի ժամ անց վերադարձան տնեցիները՝ հարսի ծնողների և մի քանի հարազատների ուղեկցությամբ: Ուրախ բացականչություններով, գովաբանություններով նորապսակների սենյակ տարան հարսին: Եվ փեսային, որ հարբած էր, այնքան էր հարբած, որ ոտքի վրա չէր կարողանում կանգնել, նույնպես մտցրին սենյակ: Ալիյեն բղավեց և ուշակորույս փռվեց գետնին, քանի որ նկատել էր Մունեսին: Պառաված օրիորդը կանգնած էր միջանցքում և նայում էր հավաքվածներին: Հաջի Սորխչեհրեն հարցրեց.
-Այս աղջիկն ո՞վ է:
-Մունե՜ս, աղջի՛կս,- վախեցած բացականչեց մայրը:
Մունեսը, սակայն, ծպտուն չհանեց: Ճեղքեց ներկաների շարքն ու մոտեցավ նորապսակների սենյակին: Հրեց դուռը, և չնայած այն ներսից կողպած էր, կրնկի վրա բացվեց, ինչպես հանդիսասրահի դուռը: Մունեսը ներս մտավ: Ամիր խանը ճոճվելով զգեստափոխվում էր: Աղջիկը երեսը շրջել էր դեպի պատը և ամոթխած հանում էր շորերը: Դռան շրխկոցից երկուսն էլ շրջվեցին՝ մեկը զարմանքով, մյուսը՝ սփրթնած, գրեթե մեռած և ուշակորույս. այդ պահին էր, որ Մունեսը սրեց դեմքը և բիբերը նույնպես:
-Օյինբազություններ մի՛ արա և մարդավարի արի առաջ,- ասաց Մունեսը:
Ամիր խանը գառան նման հնազանդվեց: Մունեսը հարցրեց.
-Թշվա՛ռ, ինչո՞ւ ես այդքան խմել:
-Ի՜նչ ասեմ:
-Գնացել, տասնութ տարեկանին ես առել, որ հեզ ու մաքո՞ւր լինի:
-Հա՛:
Մունեսը շրջվեց դեպի հարսը.
-Դու անցյալ տարի չե՞ս հղիացել քեռուդ տղայից ու չե՞ս ընկել տիկին Ֆաթեմիի դանակի տակ:
Աղջիկն ուզում էր բղավել ու ուշաթափվել, երբ Մունեսն առաջն առավ:
-Իզուր ձևեր մի՛ թափիր: Հենց Ֆաթեմիի հորդորով էլ տխմար եղբորս հարբեցրել ես,- ասաց, հետո դարձավ Ամիրին և շարունակեց,- իսկ դու, շանորդի՛, ստիպված ես էս կնոջ հետ ապրել: Եթե նրա վրա ձեռք բարձրացնես ու մի վնաս տաս, կգամ ու միանգամից քեզ կթաղեմ: Հասկացա՞ր:
Ամիրը քոռ այծի նման տմբտմբացնում էր գլուխը: Ահաբեկված հարսն ու փեսան կանգնած էին Մունեսի առաջ: Մունեսն ասաց.
-Ես գնում եմ Ֆաեզեի հետ ապրելու: Ճիշտ է, էս անճարը մի քիչ շատ էր ղալմաղալ անում, բայց իսկապես կույս է, իսկ էս մյուսը՝ չէ, և տխմար մարդու բաժինը սա է: Բայց քեզ արդեն ասացի՝ եթե նրան նեղացնես, էնպիսի օյին կդնեմ գլխիդ, որ մինչև կյանքիդ վերջը չես մոռանա:
Այնուհետև Մունեսը դուրս եկավ սենյակից: Ամիր խանը մոլորված ու ջախջախված նայում էր իր ջահել հարսնացուին, հետո նստեց մահճակալին ու սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Ասում էր.
-Ի՜նչ բախտ էր, ի՜նչ դառը ճակատագիր:
Ասում էր ու ողբում: Երիտասարդ հարսը դարձյալ կողպել էր ննջասենյակի դուռը:
Մունեսը քայլեց դեպի հյուրասենյակ: Ալիյեն գիտակցության էր եկել և սահեց նրանց հետևից: Մայրն ու մնացած հյուրերը ևս: Հաջի Սորխչեհրեն ուզում էր հասկանալ, թե ինչո՞ւ փեսայի քույրը հարսանիքին ներկա չէր, իսկ մայրը չէր կարող ուրիշների ներկայությամբ հարցաքննել աղջկան: Բացի դա աղջկա նկատմամբ լցվել էր անորոշ երկյուղով:
Մունեսը Ֆաեզեին ասաց.
-Քո՛ւյր, վե՛ր կաց: Վեր կաց, գնանք Քարաջ:
Ալիյեն գոռաց.
-Աստված սիրե՛ք, ի՛նձ էլ տարեք:
-Հետո, հետո,- պատասխանեց Մունեսը:
Մարդիկ լուռ ու մոլորված կանգնել էին: Աղջիկներն անցան նրանց միջով: Բացեցին դուռն ու անհետացան գիշերվա խավարի մեջ:
Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի
[1] «Կանայք առանց տղամարդկանց» գրքի երրորդ մասն է:
[2] Ուխտատեղի: