Հալինա Պոշվիատովսկա | Ծով միայնության

գալիս է իմ տուն
սառած արագիլի պես
հարցնում եմ պոեզիա ինչ է եղել քեզ

իսկ նա ասում է
որ ընտելացել է արդեն
ու որ մի կաթիլ կաթ է խնդրում

բայց չեմ կերակրում նրան
չեմ կերակրում երքեք այնքան որ հագենա
ես չեմ հավատում նրա թևերին խոնարհ

որովհետև գիտեմ որ կծաղկեն
ինչպես երկիրն է ծաղկում գարնանը
ու կտանեն նրան իմ տնից

 

***

կա մի ամբողջ աշխարհ միայնության
և կա միայն մի հյուլե քո ժպիտից

կա մի ամբողջ ծով միայնության
և քնքշանքդ ծովի վրա մի մոլորված թռչուն ասես

կա մի ամբողջ երկինք միայնության
եվ կա միայն մի հրեշտակ այնտեղ
բառերիդ պես թեթև իր թևերով

 

խավարի միջով
սիրածիս հետ հանդիպման

չեմ վախենում ոչ օձերից
ոչ գիշերից

շատ եմ վախենում

թե չլինեին աչքերը քո
որ հիշում եմ
թե չլինեին ձեռքերը քո
որ հիշում եմ

կփախչեի
վախից հաղթված

մթին գիշեր
օձերը ծառերից կախված են ազատ

օձերի ու խավարի միջով
գնում եմ

հիշում եմ
նրա ձեռքերը
աչքերը նրա

 

***
լաքով պատեցի եղունգներս
ու փայլում են մատները իմ
տեր իմ ողորմած եղիր
մտքերիս հանդեպ

մուգ մատիտով ներկեցի կոպերս
ու երկինքը աստղալի արտացոլվում է աչքերիս մեջ
տեր իմ ողորմած եղիր
տենչերիս հանդեպ

ողջունեցի քեզ համբույրով
մի պարզ
տեր իմ ողորմած եղիր
իմ սիրո հանդեպ

 

***
կտրում եմ նարինջը ցավի
ցավի կեսով կերակրում քեզ
քաղցածներն այդպես են կիսում հացը
ծարավները ջուրը

աղքատ եմ ես – միայն մարմին ունեմ
շուրթերս պրկված են կարոտից
ձեռքերս – աշնան տերևներ
չվելուն սպասող

կտրում եմ նարինջը ցավի
ճիշտ երկու կես
դառը սերմերով կերակրում եմ քեզ

 

***

տերև
ծածկիր ինձ կանաչով
աշնան մերկ ծառ եմ
դողում եմ ցրտից

ջուր
հագեցրու ինձ
ավազ եմ
վառվող չոր անապատի
քամին է սուրում իմ միջով

դու որ արև ես
ջերմացրու ինձ
քո առջև կանգնած եմ
բառերով ծածկված ինչպես ծառերի ստվերում
վազող աղբյուր

Թարգմանությունը լեհերենից՝ Տաթև Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *