Թասը ոսկի, ա՜խ, ջարդված է, հոգին թռել ու չի գալիս,
Զա՜նգն է հնչում, Ստիքսի գետում ոգի է սուրբ լող տալիս,
Եվ դու, Գայ Դե Վիր, ու՞ր է աչքդ լիր, այսօր է ողբի օրը,
Տե՛ս, դագաղում՝ դժգույն, անձիր, սերն է քո՝ Լինորը։
Թաղման ծեսն է դեռ էլի, թաղման երգը երգվի թող,
Հիմնը դշխո մեռելի, որ այդքան վաղ դարձավ հող,
Հոգեհանգիստը երկմեռելի. նա այդքա՛ն վաղ դարձավ հող։
Թշվառնե՜ր։ Ասում էիք՝ հպարտ է կինը, բայց փողը նրա սիրեցիք,
Ու երբ մարեց տկար մարմինը, մահն այդժամ դուք օրհնեցիք,
Էլ ծեսն ինչպե՞ս կարդանք, ասեք, ինչպե՞ս երգենք հիմնն անթող,
Դուք եք, հենց դուք, չար աչքը ձեր, լեզուն է դա ձեր ծակող,
Որ մահ բերին անմեղ հոգուն, որ այդքան վաղ դարձավ հող։
Peccavimus , արդ մի զառանցեք, թողեք, որ սուրբ մեղեդին
Հառնի Աստծուն, հանդիսավոր, խոցի անգամ մեռելին,
Լինորն անուշ, մեռավ անհուշ, Հույսն էլ թռավ հետն իր վեր,
Դու էլ ավեր առ հոգին անվեր, որ հարսը քո պիտի լիներ,
Նրան նայիր՝ գեղագեղին ու անմեղին, որ ցած է արդ պառկում,
Կյանք կա, դու տես, վարսերում դեղին, բայց բացակա աչքերում,
Կյանք կա այնտեղ՝ վարսերում, մահն է սառել աչքերում։
Կորե՛ք, այս գիշեր սիրտս է հիշել։ Ոչ մի սուգ էլ չկապելով,
Հրեշտակին կուղարկեմ վեր՝ հին օրերի պեանով։
Լռե՛ք, զանգեր, հոգին անմեռ, ժամին անպիղծ ցնծանքի
Ձայներ չառնի, երբ սավառնի ի վեր Երկիր-նզովանքի։
Չարքերից վեր, բարքեր դեպի, ուրվականի ժամն է բախտի,
Դժոխքից դեպ բարձրաբերձ, բարձունք դեպի Դրախտի,
Վիշտ-մորմոքից գահը ոսկե՝ կողքն Արքայի Դրախտի։
Թարգմանությունը անգլերենից՝ Յուրի Սարգսյանի