Խորխե Լուիս Բորխես | Ժամանակը հիշում է

 

***
Ժամանակը հիշում է
սրերը և նավերը,
և կայսրությունների փոշին,
և հնչերանգը հեկզամետրի,
և ահեղ մարտական ձիերը,
և աղաղակները և տողերը Շեքսպիրի։

Իսկ ես ուզում եմ հիշել այն համբույրը,
որ նվիրել ես ինձ Իսլանդիայում։

 

Գետերը

Մենք ժամանակն ենք, գաղտնի իմաստը
Մթին Հերակլիտոսի հայտնի խոսքի:
Մենք ջուրն ենք, ոչ կարծր ալմաստը,
Ոչ թե մնայունը, այլ կորուստը հոսքի:
Մենք գետն ենք և այն հույնը, որ տեսնում է իր պատկերը գետում: Նրա արտացոլանքը
այլակերպվում է ջրի հարափոխ հայելում
և բյուրեղում, որ երերուն է ինչպես կրակը:
Մենք նախորաշած գետն ենք, որ հոսում է առ ծով,
գետը ունայն՝ պատված ստվերներով:
Ամեն ինչ հրաժեշտ է տվել, հեռանում է:
Հիշողությունը այլևս մետաղադրամներ չի հատում:
Եվ սակայն ինչ-որ բան մնում է:
Եվ սակայն ինչ-որ բան մորմոքում է:

 

Inferno, V, 129

Նրանք նետում են գիրքը, քանզի գիտեն,
որ իրենք – գրքի կերպարներն են։
(Ինչպես լինելու են մի ուրիշ` հանճարեղ գրքի,
նրանց համար անիմանալի)։
Այժմ նրանք Պաոլոն և Ֆրանչեսկան են,
ոչ թե երկու ընկեր,
որ կիսում են համը վեպի։
Անիրական հիացմունք է նրանց հայացքներում։
Ձեռքերը չեն հպվում։
Նրանք հայտնաբերել են միակ գանձը։
Նրանք գտել են միմյանց։
Եվ չեն դավաճանել Մալատեստային,
զի դավաճանության համար անհրաժեշտ է երրորդը,
իսկ աշխարհում միայն երկուսն են`
Պաոլոն և Ֆրանչեսկան, ինչպես նաև Գվինևրան
և նրա սիրեցյալը և բոլոր սիրահարները,
որ ապրել են այն ժամանակներից,
երբ Ադամն ու Եվան կիսել են Դրախտի այգին,
բայց միայն երազը և գիրքը բացահայտեցին,
Որ նրանք մասն են այն երազի,
որ երազվել է հողում բրետանական։
Եվս մի գիրք և մարդկանց երազներում
թափառելու են Պաոլոն և Ֆրանչեսկան։

 

Կախարդան թելը

Այդ թելը Արիադնան իր ձեռամբ դրեց Թեսևսի ձեռքը ( մյուս ձեռում սուրն էր), որպեսզի նա մտներ լաբիրինթոսը, գտներ նրա կենտրոնը, ցլի գլխով մարդուն, կամ ինչպես Դանթեին է պատկերացել մարդու գլխով ցլին, սպաներ նրան, իսկ սխրանքից հետո արձակեր քարե կապանքները և վերդառնար սիրելիի մոտ:

Այդպես էլ եղավ: Թեսևսը անկարող էր իմանալ, որ լաբիրինթոսից այն կողմ` ժամանակի լաբիրինթոսն է, որտեղ նրան սպասում է Մեդեան:
Այնուհետև թելը անհետացավ, լաբիրինթոսն էլ: Եվ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ է մեր շուրջը – լաբիրինթո՞ս, խորհրդավոր տիեզե՞րք, թե կործանարար քաոս:

Մեր ճակատագիրն է երևակայել, կարծես թե թելը և լաբիրինթոսը գոյություն ունեն: Մենք երբեք թել չենք պահել մեր ձեռքերում: Գուցեև, մենք գտնում ենք այն և կորցնում հայտնության պահին, երաժշտական հնչյուններում, երազում, բառերում, որ անվանում ենք փիլիսոփայություն կամ էլ պարզ, անկեղծ երջանկության մեջ։

 

Հատվածներ կավե սալիկից` վերծանված Էդմունդ Բիշոպի կողմից 1867թ.

Ժամանակն առանց ստվերի: Օրվա բարձունքից Մելկարթ աստվածը տիրում է Կարթագենյան ծովին: Հանիբալլը` Մելկարթի սուրն է:

Երեք արկղ ոսկե մատանիներ ` զարդերը Ապուլիայում ընկած վեց հազար հռոմեացիների` հասան նավակայան:

Երբ խաղողի ողկույզը աշնանանա, ես կթելադրեմ վերջին բանաստեղծությունը:

Փա՛ռք Բահաղին, որ երկինքների աստվածն է, փառք Թինիթին, որ Բահաղի հայացքն է: Նրանք հաղթանակ շնորհեցին Կարթագենին և նվիրեցին նախնիների ժառանգությունը` անսպառ պունիկյան լեզուն, որին վիճակված է լինել աշխարհի լեզուն և որի խորհրդանիշները թալիսմաններ են:

Ես չեմ զոհվել պատերազմում, ինչպես իմ որդիները, որ առաջնոդում էին ճակատամարտը: Ինձ տրված չէր նրանց հողին հանձնել, բայց երկար գիշերներ ես երգեր եմ դարբնել երկու պատերազմների և ցնծության մասին:

Ծովն այժմ մերն է: Ի ՞նչ գիտեն հռոմեացիները ծովի մասին: Հռոմի մարմարները դոում են, նրանք լսել են մեր մարտական փղերի երթը:

Խախտված պայմանագրերից և սուտ խոսքերից հետո մենք անցել ենք սրի լեզվին:

Հռոմեացի’, հիմա քոնն է սուրը և այն քո կրծքում է:

Ես երգել եմ քաղքամայր Տյուրոսի ծիրանին: Ես երգել եմ նրանց գործերը, ովքեր հայտնագործել են այբուբենը և նավարկել ծովերում: Ես երգել եմ թագուհու խարույկը:
Ես երգել եմ թիակները, կայմերը և մոլեգին փոթորիկները…

 

Անծանոթը

Սուրը տաճարում է։
Ես մեկն եմ տաճարի քրմերից, որ այն երբեք չի տեսել։
Այլ համայնքներ երկրպագում են բրոնզե հայելիներ
կամ քարեր։
Մհածում եմ` վաղեմի ժամանակներում ընտրում էին հազագյուտ իրեր։
Անկեղծորեն ասում եմ. սինտոիզմը ամենաազատ պաշտամունքն է։
Ամենաազատը և ամենահինը։
Մենք ունենք հին գրություններ, որ այլևս անընթեռնելի են:
Սինտոիզմ դավանել կարող են եղջերուները և ցողի կաթիլները։
Այն բարերարություն է ուսուցանում,
բայց չի սահմանում բարոյականություն:
Եվ չի պնդում, որ յուրաքանչյուրը հյուսում է իր կարման։
Այն չի սարսափեցնում հատուցմամբ և կաշառում ընծաներով։
Նրա հետևորդները կարող են աշակերտել
Բուդդային կամ Հիսուսին։
Այն պատվում է կայսիրն և մեռյալներին։
Հավատում է, որ մահից հետո մարդը աստվածանում է
և պահպանում իր ժողովրդին։
Հավատում է, որ մահից հետո ծառը աստվածանում է
և պահպանում ծառերին։
Հավատում է, որ աղը, ջուրը և երաժշտությունը մաքրագործում են։
Հավատում է, որ աստվածությունները անթվելի են։
Արշալույսին մեզ այցելեց մի ծեր բանաստեղծ`
կույր պերուացի:
Սրահում նստած մենք կիսում էինք այգու քամին,
խոնավ հողի բույրը և երգը թևավոր աստվածների։
Թարգմանչի միջոցով ես մեկնել եմ մեր հավատը։
Չգիտեմ, թե նա ինչ է հասկացել
Արևմտյան դեմքերը ` դիմակներ են,
Որ անհնար է վերծանել։
Նա խոստացել է Պերու վերադառնալով`
հիշել մեր զրույցը բանաստեղծությամբ։
Չգիտեմ, թե ինչ է եղել։
Չգիտեմ` կհանդիպե՞մ նրան։

Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *