«Պատերազմի աղոթքը» երգիծաքննադատական տեքստ է, խորը բարոյական մեղադրանք, որը գրվել է 1904–05 թվականներին՝ ամերիկյան ռազմատենչության և կայսերական հավակնությունների աճի շրջանում, հատկապես որպես արձագանք Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմին։ Տվենը, որն ի սկզբանե աջակցում էր ԱՄՆ-ի ծավալման որոշ միտումներին, 19-րդ դարի վերջին տարիներին արմատապես փոխեց իր հայացքները՝ դառնալով Հակակայսերական լիգայի ակնառու անդամը և ամերիկյան արտաքին քաղաքականության կոշտ քննադատը։ Նրա հայացքների շրջադարձը ոչ միայն քաղաքական, այլև խորապես բարոյական էր՝ արմատացած ճշմարտության, արդարության և մարդկային տառապանքի հանդեպ իր ունեցած մտահոգության մեջ։ Բոլոր այս մտմտուքները միահյուսվում են հավաքական ինքնախաբեության մասին այս հզոր առակում։ Տեքստը անգլերենից թարգմանեց Լիլիթ Ղազարյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի «Թարգմանության պրակտիկա» դասընթացի շրջանակում։ Թարգմանությունը բնագրի հետ համեմատեց և խմբագրեց Շուշան Ավագյանը։
*
Երևելի ու խանդավառ հույզերի ժամանակաշրջան էր։ Երկիրը մոլեգնած էր, պատերազմ էր, բոլորի կրծքում այրվում էր հայրենասիրության սուրբ կրակը․ թմբուկները զարկում էին, նվագախմբերը նվագում, խաղալիք ատրճանակները կրակում էին, խրձերով հրավառները սուլում ու պայթում․ ամեն մեկի ձեռքին և դեպի հեռուն տարածվող ու անհետացող տանիքների ու պատշգամբների երկայնքով դրոշների փողփողացող բազմությունը հուրհրում էր արևի ներքո։ Ամեն օր երիտասարդ կամավորներն իրենց նոր համազգեստները հագած ուրախ ու զվարթ երթով իջնում էին քաղաքի մեծ փողոցներով. հպարտ հայրերն ու մայրերը, քույրերն ու սիրելիները բերկրալից հույզով խեղդված ձայներով քաջալերում էին նրանց, երբ համաչափ քայլերով անցնում էին նրանց կողքով։ Գիշերանց, խռնված ամբոխները ծանր հառաչելով, լսում էին ի խորոց սրտի հուզաշարժ հայրենասիրական հռետորաբանությունը, որ փոթորկում էր նրանց սրտերի ամենախորքերը, և որը նրանք շատ կարճ ընդմիջումներով ընդհատում էին մրրկածուփ ծափահարություններով, ու այդ պահին արցունքները հոսում էին նրանց այտերն ի վար։ Եկեղեցիներում հոգևոր հայրերը քարոզում էին հավատարիմ մնալ դրոշին ու հայրենիքին և դիմում էին Ռազմի Աստծուն՝ աղերսելով Նրա բարեգթությունը մեր արդար գործում՝ ջերմ պերճախոսության զեղումների մեջ, որ հուզում էր այնտեղ հավաքվածներից յուրաքանչյուրին։ Հիրավի, զվարթ ու ողորմած ժամանակ էր, և այն կես տասնյակ խենթ ոգիները, որոնք հանդգնել էին մերժել պատերազմն ու կասկածի տակ առնել դրա արդար լինելը, վայրկենապես արժանացել էին այնպիսի դաժան ու խիստ նախատինքի, որ հանուն սեփական անվտանգության շտապ ետ էին քաշվել տեսադաշտից և մարդկանց այլևս չէին վիրավորում այդ կերպ։
Եկավ կիրակի առավոտը—հաջորդ օրը գումարտակները պետք է մեկնեին ռազմաճակատ. եկեղեցին լեփ-լեցուն էր, կամավորներն այնտեղ էին, նրանց մատղաշ դեմքերն այրվում էին մարտական ցնորքներով—դժվար առաջխաղացման, աճող թափի, սրընթաց գրոհի, փայլատակող թրերի, թշնամու փախուստի, խառնաշփոթի, սփռվող ծխի, կատաղի հետապնդման, հանձնման տեսիլքներ։ Հետո՝ պատերազմից տուն, բրոնզացած հերոսներ, դիմավորված, պաշտված, փառքի ոսկե ծովերում ընկղմված։ Կամավորների հետ նստած էին նրանց սիրելիները՝ հպարտ, երջանիկ և նախանձելի հարևանների ու ընկերների կողմից, որոնք չունեին որդիներ ու եղբայրներ՝ հեռու պատվո դաշտ ուղարկելու, որ այնտեղ դրոշի համար հաղթանակեին, ու, թե պարտվեին, նահատակվեին ազնվագույնից ազնվագույն մահով։ Արարողությունը շարունակվում էր. Հին կտակարանից պատերազմական մի գլուխ ընթերցվեց․ առաջին աղոթքն ասվեց, որին հաջորդեց երգեհոնի զեղումը, որը ցնցեց շենքը, և մեկ մղումով ողջ տունը ոտքի ելավ, փայլատակող աչքերով ու բաբախող սրտերով, ու դուրս հորդեց աղոթքն այս սոսկալի․
—Տէ՛ր ամենակալ՝ պակուցիչ: Դո՛ւն, որ Տէր եղեւիր երկնից եւ երկրի. շանթահարեա՛ զսրափողն, եւ փայլատակեա՛ զսուրը։
Հետո եկավ «երկար» աղոթքը։ Ոչ ոք չէր հիշում նման մի բան, որ կրքոտ բարեխոսությամբ և հուզիչ ու գեղեցիկ լեզվով դրան հավասար լիներ: Ու այդ աղերսի ծանրությունն այն էր, որ մեր բոլորի ողորմաշատ ու բարեհաճ Հայրը պետք է աչքը մեր ազնիվ երիտասարդ զինվորների վրա պահեր, օգներ, մխիթարեր, և ոգեշնչեր նրանց՝ իրենց հայրենանվեր գործում, օրհներ նրանց, մարտի օրն ու վտանգի ժամին նրանց վահանը լիներ, պահեր նրանց Իր ամենազոր ձեռքում, ուժեղ ու կտրիճ, անպարտելի դարձներ՝ արյունոտ գրոհներում, օգներ նրանց ջախջախելու թշնամուն, պարգևեր նրանց և նրանց դրոշին ու հայրենիքին անկորնչելի փառք ու պատիվ։
Այդ պահին ալեհեր մի անծանոթ ներս մտավ և դանդաղ ու անաղմուկ քայլեց մարդկանց միջով՝ աչքերը քահանայի վրա հառած, երկար մարմինը պարուրված մինչև ոտքերը հասնող թիկնոցի մեջ. գլուխն անածածկ, ճերմակ մազերը գահավիժում էին ուսերին. նրա անհրապույր դեմքն անբնական գունատ էր, սարսափելիության չափ գունատ։ Ներկաների աչքերի ուղեկցությամբ, որ հետևում էին նրան զարմանքով, անծանոթը կամացուկ անցավ, առանց հապաղելու բարձրացավ քահանայի կողմն ու սպասման մեջ կանգնեց այնտեղ։ Քահանան փակ կոպերով, անտեղյակ նրա ներկայությունից, շարունակում էր իր սրտառուչ աղոթքը և վերջապես ավարտեց այն հետևյալ խոսքերով՝ արտասանված հոգեռանդ կոչով․
—Օրհնի՛ր մեր բազուկներն ու հաղթանա՛կ պարգևիր մեզ, օ՜ Տե՛ր Աստված, Հայր ու Պաշտպան մեր երկրի ու դրոշի։
Անծանոթը դպավ նրա ձեռքին, նշան արեց, որ մի կողմ գնա—ցնցված քահանան այդպես էլ արեց—և զբաղեցրեց նրա տեղը։ Մի քանի վայրկյան նա ուշի ուշով զննեց կախարդված հանդիսատեսին, նրա աչքերում մի գերբնական լույս էր վառվում. հետո խորը ձայնով նա ասաց․
—Ես գալի՛ս եմ Գահից—բերելով Ամենակարող Աստծո ուղերձը։
Տունը ցնցվեց այս խոսքերից․ թե անծանոթն իսկ զգաց դա, ուշադրության չարժանացրեց։
—Նա լսել է Իր ծառայի՝ ձեր հովվի աղոթքը, և կկատարի այն, եթե դա է նաև ձեր ուզածը, այն բանից հետո, երբ ես՝ Նրա ավետաբերը, ձեզ կմեկնեմ դրա նշանակությունը—ասել է թե՝ ողջ իմաստը։ Քանզի այն նման է մարդկանց շատ աղոթքների, որոնցում ավելին է խնդրվում, քան գիտակցում է աղոթողը—եթե միայն դադար չառնի ու չմտածի։
Աստծո ու ձեր ծառան իր աղոթքն է աղոթել։ Արդյո˚ք նա դադար է առել ու միտք արել. սա մե՞կ աղոթք է։ Ո՛չ, երկուսն են—մեկը ասված, մյուսը՝ չասված։ Երկուսն էլ հասել են Նրա ականջին Ով լսում է բոլոր աղոթքները՝ ասված ու չասված։ Մտածե՛ք այս մասին—հիշե՛ք սա։ Թե օրհնություն եք ձեզ համար խնդրելու, զգո՛ւյշ եղեք․ գուցե առանց դիտավորության այդ պահին անիծում եք հարևանին։ Եթե աղոթում եք ձեր բերքի վրա անձրև տեղալու օրհնության համար, որի կարիքն այն ունի, հնարավոր է, որ այդ նույն պահին անիծում եք հարևանի բերքը, որը, գուցե, անձրևի կարիքը չունի և կարող է վնաս կրել դրանից։
Դուք լսել եք ձեր ծառայի աղոթքը՝ արտասանված խոսքերը։ Աստված ինձ պատվիրակել է բարբառել աղոթքի մյուս մասը՝ այն, որ հոգևոր հովիվը—և նաև դուք ձեր սրտերում—ջերմեռանդորեն աղոթում էիք լռելյայն։ Եւ անտեղյակ ու առանց մտածելո՞ւ։ Աստված տա, որ այդպե՛ս է։ Դուք լսեցիք խոսքերը. «Հաղթանակ պարգևիր մեզ, օ՜ Տեր Աստված»։ Այսքանը բավական է. հնչեցված աղոթքի լմանը խտացված է այս բեղմնավոր բառերում։ Բացատրություների կարիք չզգացիք։ Բայց երբ աղոթում եք հաղթանակի համար, աղոթում եք նաև բազում անհիշատակ հետևանքների համար, որոնք հետևում են հաղթանակին—պետք է հետևեն, չեն կարող չհետևել։ Աստծո անսացող ոգու վրա ընկավ նաև աղոթքի չասված մասը։ Նա պատվիրեց ինձ այն բառերով բարբառել։ Լսեցե՛ք ուրեմն։
—Օ՜ Աստված, Հա՛յր մեր, մեր մատաղ հայրենասերները, մեր սրտի կուռքերը, ելել են մարտի—զմոտ նոցա եղիր, Տէ՛ր։ Եղի՛ր նրանց հետ—հոգով—մենք էլ դուրս ենք եկել մեր սիրելի օջախների քաղցր խաղաղությունից՝ թշնամուն շանթելու։ Օ՜ Տեր Աստված, օգնի՛ր մեզ արկերով պատառ-պատառ ու արնաշաղախ անել նրանց զինվորներին, օգնի՛ր մեզ նրանց ժպտացող դաշտերը պատել իրենց հայրենասեր զոհերի դժգույն մարմիններով․ օգնի՛ր մեզ խեղդել հրանոթների որոտը նրանց վիրավորների սուր ճիչերով՝ ցավից գալարվող, օգնի՛ր մեզ ավիրել նրանց անշուք տները կրակի փոթորիկով, օգնի՛ր մեզ ճմլել նրանց չքմեղ այրիների սրտերն անարգ կսկիծով, օգնի՛ր մեզ, որ նրանք փոքր երեխաների հետ անտուն մնան՝ անոք թափառելու իրենց ամայացած երկրի ավերակներում՝ ցնցոտիների, սովի ու ծարավի մեջ՝ ամռան կիզիչ արեւի ու ձմռան սառը քամիների ծաղրուծանակը լինելու, ոգով կոտրված, փորձություններից ուժասպառ, որ աղաչին Քեզ ի պատսպարն գերեզմանի եւ լինեն մերժված—հանուն մեզ, որ պաշտում ենք Քեզ, Տե՛ր, հօդս ցնդեցրո՛ւ նրանց հույսերը, կործանի՛ր նրանց կյանքը, երկարացրո՛ւ նրանց դառը պանդխտությունը, ծանրացրո՛ւ նրանց քայլերը, ջրի՛ր նրանց ճանապարհն իրենց իսկ արցունքներով, ներկի՛ր ճերմակ ձյունը նրանց իսկ վիրավոր ոտքերի արյամբ։ Մենք խնդրում ենք սա՝ սիրասուն ոգով, Նրանից, Ով, սիրո աղբյուրն է, և Ով միշտ հավատարիմ ապավենն ու ընկերն է բոլոր նրանց, ովքեր տառապում են խիստ ու փնտրում Նրա սատարումը՝ հնազանդ ու ապաշխարած սրտերով։ Ամե՜ն։
(Դադար առնելուց հետո).
—Աղօթեցաք զայս. եւ թե սա՛ է դեռ ձեր ուզածը, խոսեցէ՛ք։ Ավետաբերը Բարձրանիստին կսպասէ։
Հետագայում հավատացած էին, որ այս մարդը խելագար էր, քանզի նրա ասածի մեջ իմաստ չկար։
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Ղազարյանի