Կառլոս Ռուիս Սաֆոն | Գոլորշե կինը

Երբեք ոչ ոքի չեմ խոստովանել, որ իսկական հրաշքով էի բնակարանս ձեռք բերել։ Լաուրան, որն այնպես էր համբուրվում, ասես տանգո էր պարում, անշարժ գույքի գործակալի քարտուղարուհին էր, որի գրասենյակը առաջին հարկի երկրորդ բնակարանում էր։ Ծանոթացել էի նրա հետ մի հուլիսյան գիշեր, երբ երկինքը բոցկլտում էր գոլորշիով և հուսահատությամբ։ Բաց երկնքի տակ՝ հրապարակի նստարաններից մեկի վրա քնած էի, երբ արթնացա ինչ-որ մեկի շուրթերի հպումից։ «Կացարանի կարիք ունե՞ս»։ Լաուրան ուղեկցեց ինձ մինչև շքամուտք։ Շինությունն այն ուղղահայաց դամբարաններից մեկն էր, որոնցով հմայում են հին քաղաքները, նման էր իսկական լաբիրինթոսի՝ գարգուլյաներով և լրացուցիչ կառույցներով, որի վերնաճակատին տարեթիվ էր գրված՝ 1866։ Սանդուղքով բարձրանում էի նրա հետևից՝ գրեթե շոշափելով։ Մեր քայլերից շինությունն այնպես էր ճռճռում, ասես հին նավ լիներ։ Լաուրան աշխատատեղից տեղեկանք կամ հանձնարարական չպահանջեց ինձանից։ Շատ ավելի լավ, քանի որ բանտում ո՛չ մեկն են տալիս, ո՛չ էլ մյուսը։ Ձեղնասենյակը բանատախցիս չափ էր, կղմինդրյա տանիքների կուտակման տակ կախ ընկած փոքրիկ սենյակ էր։ «Մնում եմ, – ասացի ես»։ Ճիշտն ասած, երեք տարի բանտում անցկացնելուց հետո կորցրել էի հոտառությունս, իսկ պատերից այն կողմ լսվող ձայներն այլևս չէին զարմացնում ինձ։ Լաուրան գրեթե ամեն գիշեր բարձրանում էր։ Նրա սառը մաշկն ու գոլորշիախառն շնչառությունը միակ բաներն էին, որ չէին այրում այդ դժոխային ամռանը։ Լուսաբացին Լաուրան կամացուկ իջնում էր սանդուղքով և անհետանում։ Ցերեկը քնում էի։ Սանդղատան հարևաններն օժտված էին այն սիրալիրությամբ, որ սովորեցնում է աղքատությունը։ Իմ հաշվարկով վեց ընտանիք կար՝ երեխաներով և տարեց մարդկանցով, որոնց բոլորի վրայից մրի և փորած հողի հոտ էր փչում։ Ամենից շատ պարոն Ֆլորիանին էի սիրում, որն անմիջապես իմ ներքևում էր ապրում և պատվերով տիկնիկներ էր նկարազարդում։ Շաբաթներով դուրս չէի գալիս այդ շինությունից։ Սարդերն արաբանախշերով էին պատել դուռս։ Երրորդ հարկի տիկին Լուիզան միշտ ուտելու մի բան էր բերում ինձ համար։ Պարոն Ֆլորիանը հին ամսագրեր էր տալիս ինձ և դոմինո խաղալու էր հրավիրում։ Սանդղատան բոլոր երեխաները կանչում էին ինձ, որպեսզի պահմտոցի խաղայի նրանց հետ։ Կյանքում առաջին անգամ ցանկալի, գրեթե սիրելի էի զգում ինձ։ Կեսգիշերին Լաուրան, սպիտակ մետաքսով պարուրված, ինձ էր նվիրում իր տասնիննը տարեկանը՝ այնպես, ասես վերջին անգամ էր տրվում։ Մինչև լուսաբաց սիրում էի նրան՝ լիուլի բավարարվելով նրա մարմնով և այն ամենով, ինչ կյանքը խլել էր ինձանից։ Իսկ հետո սև ու սպիտակ երազներ էի տեսնում, ինչպես շները և անիծված մարդիկ։ Կյանքում նույնիսկ ինձ նման թափթփուկներին աշխարհն իսկական երջանկությունը զգալու հնարավորություն է ընձեռում։ Այդ ամառն իմն էր։ Երբ օգոսոտոսի վերջին եկան քաղաքապետարանի աշխատակիցները, կարծեցի, թե ոստիկաններ էին։ Քանդման գործընթացով զբաղվող ինժեներն ասաց, որ ինքն անձամբ ապօրինի բնակիչների դեմ ոչինչ չուներ, բայց դժբախտաբար շինությունը պայթեցման ենթակա էր։ «Ինչ-որ սխալմունք կա, – ասացի ես»։ Կյանքիս բոլոր գլուխներն այդ խոսքերից էին սկսվում։ Սանդուղքով շտապեցի ներքև՝ անշարժ գույքի գործակալի գրասենյակ՝ Լաուրային փնտրելու։ Այնտեղ միայն մի կախիչ էր և ձեռքի ափի հաստության փոշի։ Բարձրացա պարոն Ֆլորիանի բնակարան։ Հիսուն առանց աչքերի տիկնիկներ փտում էին կիսախավարում։ Ոտքի տակ տվեցի ողջ շինությունը՝ հարևաններից ինչ-որ մեկին գտնելու հույսով։ Բեկորներով լի միջանցքները համակվել էին լռությամբ։ «Այս շենքը 1939 թվականից դատարկ է, երիտասա՛րդ, – ասաց ինձ ինժեները։ – Ռումբը, որ սպանել է բոլոր բնակիչներին, անվերադարձ վնասել է ամբողջ կառույցը»։ Բանավիճեցինք։ Կարծես թե սանդուղքից հրեցի նրան։ Այս անգամ դատավորը ժլատություն չարեց։ Հին ըկներներս պահպանել էին մահճակալս․ «Միևնույն է միշտ վերադառնում ես»։ Էռնանը՝ գրադարանի աշխատակիցը, ռմբակոծության մասին լուրերով կտրածո գտավ ինձ համար։ Լուսանկարների վրա կաղնե դագաղների մեջ դրված դիակները շարված էին մի շարքով՝ բեկորների պատճառով այլանդակված, բայց ճանաչելի։ Արյան սավանը տարածվում էր քառակող սալերի վրայով։ Լաուրան սպիտակ էր հագած՝ ձեռքերը դրված մերկ կրծքին։ Արդեն երկու տարի է անցել, բայց բանտում կա՛մ ապրում ես հիշողություններով, կա՛մ մեռնում ես դրանցից։ Բանտի պահակներին թվում է, թե շատ խելացի են, բայց Լաուրային հաջողվում է հիմարեցնել նրանց։ Կեսգիշերին ինձ արթնացնում են նրա շուրթերը։ Նրա շնորհիվ վերհիշում եմ Ֆլորիանին և մյուսներին։ «Ընդմիշտ սիրելու ես ինձ, չէ՞, – հարցնում է Լաուրան»։ Իսկ ես պատասխանում եմ․ «Այո՛»։

Թարգմանությունն իսպաներենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *