Հերման Հեսսե | Եթե պատերազմը շարունակվի եւս հինգ տարի


«Կառավարության տեղեկագրում»` միակ թերթում, որը դեռ լույս էր տեսնում Սաքսոնիայի թագավորությունում 1925թ. (շաբաթը մեկ անգամ), 1925թ. աշնանը հետեւյալ կարճ հոդվածն էր զետեղված ` փոքր-ինչ փնտրված վերնագրով.
«Նոր Կասպար Հաուզերը»

Ֆոգթլենդում, Ռոննեբուրգի տարածքում, վերջերս մի բացահայտում է արվել, որը որքան առեղծվածային է, նույնքան էլ` կասկածելի, մի բացահայտում, որը դեռ ցույց կտա` զվարճալի՞ դեպք է, թե՞ կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել: «Քաղաքացիական ծառայության համար ոչ պիտանի բնակչության պաշտոնական չեզոքացումը», չնայած անխուսափելի դժվարություններին, մեր երկրում իրականացվեց լավ կազմակերպված եւ մարդասիրական մղումներով, մինչդեռ Ռոննեբուրգի տարածքում հանդիպեցինք մի դեպքի, երբ մասնավոր անձը, որն ապացուցել էր պետությանը եւ համայնքին որեւէ օգուտ տալու իր անկարողությունը, էականորեն գերազանցեց իր ծառայության ժամկետը: Քաղաքացի Ֆիլիպ Գասները, որն ապրում է գյուղի մերձակայքում գտնվող փոքրիկ, մեկուսացած ամառանոցում, մեկ տարի առաջ, տարիքային ստուգման ժամանակ, արդեն ճանաչվել էր ծառայության համար ոչ պիտանի, եւ նրան, որպես հպատակ, հիշեցրել էին իր պարտականությունների մասին`չափաբաժինների աստիճանական կրճատմամբ: Երբ վերջին նշանակումից հետո նրա ժամկետի ավարտի մասին չէին տեղեկացրել, եւ շրջանային քլորոֆորմի գրասենյակը չէին օգտագործել նրա համար, սերժանտ Քիլը տեղամասի հրամանատարության անունից գնաց Գասների բնակարան` սահմանված կարգով եւ պատժի սպառնալիքով նրան հիշեցնելու, որ կատարի իր քաղաքացիական պարտքը:
Թեեւ այս նախազգուշացումն արվել է օրենքին համապատասխան, եւ անվճար օգնության առաջարկը չի անտեսվել, սակայն Գասները, որը մոտ յոթանասուն տարեկան էր, չափազանց հուզվել է եւ համառորեն հրաժարվել է հետեւել օրենքի տառին: Սերժանտն իզուր ցույց տվեց նրան, որ հայրենասիրական ոգու կարիք ունի, եւ որքան ճնշող էր, որ քաղաքացիական պատվի արժանացած ալեհեր ծերունին հրաժարվեց անհրաժեշտ զոհաբերությունից, որին ռազմաճակատի երիտասարդների ողջ հուսավառ խումբը պատրաստ էր ամեն օր դիմել: Գասները նույնիսկ ֆիզիկապես դիմադրել է, երբ նրան պատրաստվել են տանել: Ենթասպան, որն արդեն նկատել էր մեկ տարի նվազող չափաբաժիններով սնվող տղամարդու ուշագրավ ֆիզիկական ուժը, սկսեց տունը խուզարկել: Եվ հետո տեղի ունեցավ անհավատալին. այգուն նայող առաջին հարկի սենյակում հայտնաբերվեց մի երիտասարդ, որին ծերունին տարիներ շարունակ թաքցրել էր:
Քսանվեց տարեկան եւ կատարյալ առողջ երիտասարդը, պարզվեց, Ալոիս Գասներն է` տան տիրոջ որդին: Թե ինչպես է խորամանկ ծերունուն հաջողվել տարիներ շարունակ օգնել որդուն` խուսափելու զինծառայությունից եւ թաքցնել նրան, մնում է պարզել. սա, հավանաբար, կլինի հանցավոր կեղծիք: Շատ բան է բացահայտում տան առանձնացված դիրքը, հոր ունեցվածքը եւ մեծ ու շատ խնամքով մշակված այգին, որի եկամուտներից հիմնականում օգտվում էին երկուսով:
Մեզ այստեղ հետաքրքրում է ոչ այնքան հարկերից խուսափելու եւ պարտականությունները չկատարելու արտասովոր դեպքը, որքան` հոգեբանական առանձնահատկությունը, որն ի հայտ եկավ եւ քննության արժանացավ փորձագետների կողմից: Դժվար է հավատալը, բայց մինչ այժմ առկա զեկույցները կասկածի չեն ենթարկվում: Լսե՛ք:
Բոլոր փորձագետների միաձայն կարծիքով` Ալոիս Գասները հոգեպես լիովին առողջ է թվում: Նա ոչ միայն սահուն գրում, կարդում եւ հաշվարկում է, այլեւ բարձր ինտելեկտի շնորհիվ եւ բավականին լավ մասնավոր գրադարանի օգնությամբ իրեն նվիրել է փիլիսոփայության ուսումնասիրությանը: Նա գրել է մի շարք աշխատություններ փիլիսոփայության պատմության եւ իմացաբանության տեսության մասին, ինչպես նաեւ ունի բանաստեղծություններ եւ գրական-գեղարվեստական փորձեր, որոնք բոլորն էլ ցույց են տալիս նրա հստակ մտածողությունը եւ ոգեղենությունը:
Բայց տարօրինակ կերպով թաքնված այդ մարդը ցույց է տալիս իր մտավոր եւ հոգեւոր կյանքի դատարկությունը. նա ոչինչ չգիտի պատերազմի մասին: Նա այս տարիների ընթացքում ապրել է մեզ բոլորիս շրջապատող աշխարհից դուրս: Ինչպես որ նա, որպես քաղաքացի էր իրեն աշխարհից դուրս դրել, այնպես էլ հոգեւոր առումով էր ապրում մեր ժամանակներից ու աշխարհից դուրս, հավանաբար միակ չափահասն էր Եվրոպայում, որը լինելով պատասխանատու, իր ժամանակի, համաշխարհային պատերազմի, այս տասը տարիների իրադարձությունների եւ ցնցումների մասին ոչինչ չիմացավ:
Այսպիսով, մենք կցանկանայինք համեմատել այս յուրօրինակ փիլիսոփային Կասպար Հաուզերի հետ, որը մի ժամանակ իր ողջ երիտասարդությունն անցկացրել է մարդկային աշխարհից դուրս եւ ամեն օր միայնակ ապրել է մթնշաղի մեջ:
Հայր Գ-ի համեմատաբար պարզ գործն, ըստ ամենայնի, երկար սպասեցնել չի տա հանգուցալուծելու եւ դատելու համար: Նա լուրջ իրավախախտում է գործել եւ ստիպված է լինելու կրել դրա հետեւանքները: Այնուամենայնիվ, որդու մեղավորության կամ մեղսակցության մասին կարծիքները միմյանցից շատ էին տարբերվում: Նա այժմ հետազոտության նպատակով գտնվում է առողջարանում: Այն նվազագույնը, որը նա մինչ այժմ սովորել է այնտեղ աշխարհի ընթացքի, պետության եւ իր քաղաքացիական պարտականությունների մասին, սկզբում նրա մեջ միայն մանկական եւ ինչ-որ չափով մտահոգ զարմանք է առաջացրել: Ակնհայտ է, որ նա միայն մասամբ է լուրջ վերաբերում իրեն այս համատեքստերին ծանոթացնելու փորձերին. թվում է, որ նա դրանք համարում է հորինվածքներ, որոնք նախատեսված են իր հոգեկան վիճակը ստուգելու համար: Յուրաքանչյուր երեխային ծանոթ ամենատարածված քաղաքական կարգախոսներով հարցերն ու միավորման փորձերը մնում են առանց արդյունքի:
Ինչպես տեղեկացանք վերջին պահին, Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը հենց նոր է ձեռնամուխ եղել այդ գործին: Այնտեղ պետք է քննություն հանձնեն Գասների ուսումնասիրություններն ու աշխատանքները: Բայց նույնիսկ այդ աշխատանքների` արժեքավոր կամ անարժեք լինելուց զատ, ֆակուլտետը մեծ նշանակություն է տալիս մարդուն ճանաչելուն եւ նույնիսկ ինչ-որ չափով նվաճելուն` որպես երկրագնդի վրա այլեւս գոյություն չունեցող մարդկային տեսակի եզակի օրինակ: Այս «նախապատերազմյան մարդը» պետք է ենթարկվի մանրազնին ուսումնասիրության, եւ, հնարավորության դեպքում, պահպանվի գիտության համար:
(1918)
Կասպար Հաուզեր- գերմանացի երիտասարդ, որը պնդում էր, որ մեծացել է մութ խցում` լիակատար մեկուսացման մեջ:

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *