Երեկ Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվեց իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Այո»-ն։ 2023 թ. հոկտեմբերի 7-ին Համասի կողմից ահաբեկչությանը հաջորդում է հերոսի մարմնի, հոգու և արվեստի առևտրայնացումը, ում պատերազմի գովազդատուները պատվիրում են հակասեմիտիզմի դեմ պայքարի միակ հնարավոր տարբերակը՝ Նոր Իսրայելի նացիստական հիմնը։
Լապիդն իր դեկադենտ հերոսին փորձում է հակադրել իրեն ու մեզ՝ բարոյական, ճշմարիտ ընտրություններով շարժվող դիտորդներիս, ովքեր բնականաբար ընդվզում են պատերազմի, պոռնկության և այլ անբարո բաների դեմ։ Ովքեր կարծում են, որ պատերազմը վատ է, իսկ խաղաղությունը՝ լավ։ Հեղինակի միակ ձախողված այլընտրանքը պատերազմից խաղաղասեր Եվրոպա փախչելն է, որն, ինչպես պարզվում է, Լապիդի համար սեփական ինքնության ներքին երկփեղկումներից ոչ միայն չի ազատագրում, այլև այսուհետ երկու կողմից է փակում փրկության դարպասները՝ բոլորիս թողնելով պատերազմից անմասնակից մնալու մեր պատրանքի գերին։
Երեկ հատկանշական կինոդիտում էր։ Այն վերածվել էր ֆիլմի մեջ ֆիլմի, կամ ավելի ճիշտ՝ ֆիլմի ֆիլմից դուրս. հերթական պատերազմը մարսելու մետափորձառությունը բառացիորեն դուրս եկավ էկրանից՝ հատուկենտ ներկաներիս ևս մեկ անգամ հիշեցնելու, որ երկրի համար մեկ կինոթատրոնում անխափան ֆիլմ դիտելու արտոնությանը դեռ պետք է արժանանալ։
The Good Things
Եռագլուխ «Այո»-ն սկսվում ու ավարտվում է նույն կերպ։ Կինը՝ Յասմինը (Էֆրատ Դոր), փրկում է տղամարդուն՝ Յուդին (Արիել Բրոնզ) ինքնաբացարկումից։ Կինը մարմնեղ պոռնկոտ պարուհին է, տղամարդը հոգևոր դեգերումներում կորած արվեստագետը։ Կյանքում նրանք իրենց վրա դրված դերերն իհարկե խաղում են հակառակ։ Բացվող խնջույքին չկան երիտասարդներ, միջին ու ծեր պարակույտն ինքնամոռաց պարում է արևմտյան ծեծված փոփի ու ռոքնռոլի տակ, թեպետ մեր հերոսը՝ Յուդին, ջազմեն է։ Սա Լալալենդն է՝ Գազայի սահմանին, որտեղ դաշնակահարի դերակատարը չի էլ փորձում նվագող ձևանալ։ Նա իր որդուն աշխարհն է սովորեցնում, ինչպես ամեն լավ ծնող՝ սկզբում լավ ու վատի մեջ միանշանակ լավ բաները ցույց տալով։
«Սա լավ փողոց է։ Սա լավ սկուտեռ է։ Սա լավ զինվոր է»։
Մինչդեռ Յուդին իրեն տանջող երազի միջի երեխային իրերը սովորեցնում է գոյություն չունեցող լեզվով, քանի որ գոյություն չունի պատերազմի լեզու, քանի որ «մեծանալը ավտոմատ ոճրագործություն է», քանի որ լինելու միակ ձևը ծովին հանձնվելն է։ «Հանձնվիր ծովին։ Հանձնվիր, որդիս։ Որքան շուտ, այնքան լավ»։
Սա իրերի բնույթը տեսնելն է առանց լավ ու վատի հորդորի, սա ծովից չնեղանալն է, մակընթացությունն ու տեղատվությունն անձնական դրամա չսարքելը։
Ֆիլմում հենց հասար ինչ-որ հանգրվանի՝ երկար չես մնում եզրակացությունների դաշտում։ Իսրայելի անկախության օրվա առիթով Յուդին իշխանավորների նավի մեջ է՝ մի բադ դրած ուսին։ Նորից բոլորը պարում են, և այս կիսամյուզիքլը արդեն հոգնեցուցիչ է, սիմվոլիզմը ծուլորեն դեմքիդ է շպրտվում՝ բաց ու միանշանակ, ինչպես հենց սկզբում սևեռումը ռեալիզմի հայր Հենրիկ Իբսենի «Հասարակության սյուները» (Pillars of Society) գրքի վրա։ Նույն Իբսենի «Վայրի բադ»-ին (նորվ. Vildanden) հղվելով՝ արտիստի ուսին թառած բադը իդեալիստների, պացֆիստների անպատասխանատվության ու վտանգի հիշեցումն է։ Գիրք, որտեղ ճշմարտության ու պատրանքի բարդույթով տառապող մարդիկ ընդամենը ուզում էին տեսանելի լինել։ Երկու գործերում էլ մարդն ուզում է ճանաչելի լինել իր ճշմարտացիության մեջ, մինչդեռ բառացիորեն կույր է իր ու դիմացինի իրական «ես»-ի, դրա մարդկայնության, մարդկայնության վայրագության ու վայրագության անխուսափելիության հանդեպ։
Էսպես, օրինակ, պատերազմի մամլո խոսնակը, պատերազմ բրենդավորողը՝ Ավինոամը (ում անունը նշանակում է «աստվածային բարօրության հայր»), հեռարձակում է պատերազմը Իսրայելի կողմից։ Պարտադրում է նայել։ Ավելի ատելու և ատելության նոր ու հին ձևերը արդարացնելու, դաժանությունն ի վերջո լեգիտիմացնելու համար։ Էսպես արտիստը ռազմական երգ է սկսում մտմտալ նինձյա-կրիաների մասին, ու լսվում են երգեր, որոնք հիշեցնում էին ադրբեջանական և հայկական մեդիադաշտում արցախյան պատերազմի ժամանակ հնչող՝ ցավալիորեն իրար նման երգերը։ Աստծո ողորմածության համար շնորհակալությանը կտրուկ հաջորդում է Ավինոամի քամակից կոկային քաշելը, դե որովհետև ռազմահայրենասիրական երգն «աստվածային բարորության» հետույքից կոկային քաշելու նման մի բան է։
The Path
Յուդին վերջապես Թելոնիուս Մոնք է լսում՝ որպես կարճ հուշում, որ նա երբևէ եղել է երաժիշտ։ Բայց աչքերին արդեն դրված են պատերազմի մամուլի խոսնակի ակնոցները։ Նա թողել է ներկան՝ իր ընտանիքը, ու գնում է դեպի անցյալը՝ դեպի հին սիրեցյալը։ Գազայի սահմանանին նա էքսին պահանջում է պատմել իրեն պատերազմը՝ երկար, արխիվային ճշգրտությամբ անվանել Իսրայելին հասցրած ահասարսուռ ցավերը մեկ առ մեկ։ Ոչ թե դրանք սգալու, այլ այնքան ատելություն սինթեզելու, որն անհրաժեշտ է նոր հիմնը հնչյունային կատարզիսով պոռալու համար։ Նոր Իսրայելի հիմնը խոստանում է Գազային տալ վերջնական լուծում (final solution)։ «Կործանել Գազան։ Բնաջնջել մի ողջ ժողովուրդ։ Ու հետո խաղաղ վերադառնալ տուն՝ վարելու սևահողը»։
Ու դրանից հետո հնչում է.
«Այն իսրայելցիները, ովքեր կհարցնեն՝ “Ինչպես է հնարավոր շարունակել ապրել այսքան մահվանից ու կորստից հետո”, կդառնան այդ հարցի պատասխանը»։
Յուդն այս հարցի պատասխանն է։ Նա վերադառնում է տուն։ Բայց միայն անցյալից քմծիծաղ տվող սիրուց մերժում ստանալուց հետո։ Վերադառնում է կիսաքանդ ու հույսով, որ եթե կնոջն ասի, թե հիմնը գրել է հանուն ընտանիքի, գուցե դեռ փրկվի։ Բայց կինը որոշում է բաժանվել։ Մինչ այս՝ եթե տղամարդը խորտակվում էր ներսից, ապա սրանից հետո սկսվում է տղամարդու վերջնական կազմաքանդումը։
Night
Մթություն էկրանին։ Ֆիլմի երրորդ մասը վերնագրված է «Գիշեր»։ Այն սկսվում է մութ էկրանով։ Շարունակական գիշեր։ Երկար ու ձգվող արվեստային քայլ։ Հինգ րոպե մթություն՝ Մոսկվա կինոթատրոնում։ Հանկարծ կինոթատրոնի խորքից լսվում է ռուսական ուժեղ ակցենտով․
«Fuck Israel 3000 times»։
Մի պահ կարելի կլիներ մտածել, որ ֆիլմը դուրս է եկել դահլիճ։ Սրան հաջորդեց հապաղում, ապա՝ «Ժողովուրդ, լույսերը տարել են» ու մի քանի զուսպ ծիծաղ։ Սրանից հետո արդեն ավելի ինքնավստահ հնչեց «Fuck Israel»՝ նույն սլավոնական անգլերենով։
Մութը ձգվեց որոշ ժամանակ։ Մարդիկ սկսեցին դուրս գալ կինոթատրոնից։ Մի քանիսը կազմակերպիչներին դիմեցին՝ «Իսկ երբ կտան լույսերը», ու չստանալով որևէ հստակ պատասխան՝ ավելացրին՝ «կարող ա սկսենք աղոթել»։
Մտածում եմ՝ հետաքրքիր է, որ Հանրապետության առաջին կինոթատրոնում չկա երկրորդ գեներատոր։ Հետո հանկարծ հիշում եմ, որ օրեր առաջ մայրս Երևանի բարվոք հիվանդանոցներից մեկում գլխուղեղի ՄՌՏ անելիս ստիպված էր գործը կիսատ թողնել. հիվանդանոցում լույսերը տարել էին։ Կանչել էին հաջորդ օրը։ Հետո մոռացել էին գրանցած կանչը և խնդրել երրորդ անգամ գալ, որի ժամանակ նորից տեխնիկական խնդիրներ էին եղել։ Այս ամենը այդքան էլ ահավոր չէր լինի երևի, եթե մայրս թթվածնի բալոններով չապրեր և տեղաշարժվելն այդքան վտանգավոր չլիներ։ Էլեկտրական անջատումների «ցուրտ ու մութ»-ական հղումները մերոնց տանն արդեն վաղուց թարմացվել են։ Հիմա լույսերի գնալու վախը բառացիորեն կապված է մորս թթվածնի գնալու հետ, ինչի համար որոշ ժամանակ անց մեր տանը լուծում հայտնվեց։ Մեր տանը այն կա, բայց հիվանդանոցում չկա։ Կինոթատրոնում էլ չկա։
Հանկարծ չափազանց հստակ ձևակերպվեց վախի նման մի բան, որից նույնիսկ մարդ ամաչում է՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցողը, թեպետ հենց աշխարհում տեղի ունեցողն է հուշում նման միջադեպից վախենալը։ Այն երկար սպասեցնել չտվեց, որովհետև լույսերը եկան, դրա հետ եկավ Գազային կրակ բերելու սպառնալիքը, հիմա արդեն Ալեքսեյ Սերեբրյակովի մարմնավորած ռուս Պուտինյան քավության նոխազի տեսքով։ Սա էր մարդկային «չարիքի» ընկալումը՝ մի մարդու մեջ զետեղելու Լապիդյան լուծումը, final boss-ը, ում մեջ խտանում են մեր ամենաատելի կողմերը՝ ապահով կերպով մեզնից հնարավորինս օտարված։
Հետո այլևս ուշադրությունս չհերիքեց, որովհետև ֆիլմի ընթացքում տեղի ունեցած գերֆիլմային փորձառությունն առաջնաբեմից այլևս չհեռացավ։ Եղան մատղաշ աղջիկներ, ովքեր երգեցին արյունով սրբագործված սիրո մասին հիմնը, որը լսել ենք հարյուր անգամ՝ բոլոր հիմներում։ Եղավ Յասմինի որոշումը՝ ռեժիսորի սեփական որոշման հայելին, փրկել մեջիդ երեխային ապահով Եվրոպայում, «որտեղ նա կմոռանա Իսրայելը»՝ փրկությունը պայմանավորելով սեփական ինքնության մերժումով։
Արտիստն այլևս կորցնելու ոչինչ չունի. ամբողջությամբ կլանվում է իր իսկ անկման մեջ։ Սկսում է լպստել ռուս իշխանավորի կոշիկը։ Նույնիսկ Ավինոամն է զարհուրում և վճարում իր զարմանքի համար՝ պարտադրվելով լպստել պոռնիկների ու սպասարկուների կոշիկները։ Էսպես բոլորն ինքնամոռաց լպստվում են, մինչ Ջոյսյան արվեստագետի դարավոր դիմանկարը նորից նույն սխալն է գործում՝ Եվրոպայում խաղաղ ապրելու մեջ՝ սեփական ժամանակից դուրս չտեսնելու տալով Եվրոպայի (այստեղ կարող է լինել կամայական կայսրություն) խաղաղության սոսկալի գինը։
Խաղաղություն ընտրող տղամարդն ու կինը խաղաղությունը կարող ենք գտնել միայն այնտեղ, որտեղ ժամանակին և պարբերաբար վճարվել է խաղաղության գինը՝ ուրիշների արյամբ սրբագործվելով։
Նադավ Լապիդի «Այո»-ն ևս մեկ անգամ ցուցադրվելու է նաև վաղը՝ հուլիսի 20-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։

