Խնամքով սքանավորված ու հետևողականորեն թվագրված հին լուսանկարների ահռելի թղթապանակները թերթելիս այնպես եմ կարոտում ուրիշների ջահելությունը, որ սիրտս լցվում-ուռում է մի անորսալի բանով, որ նման է խորը աշնանը դեղձենու ծաղկաթերթերով անձրևելու պատրաստվող ամպի։ Կարոտն ասես ոչ թե քո, այլ ուրիշների անցած ջահելության քաղցր և սրտամաշ վերհուշը լինի։
Կարոտում եմ պապիկիս ու տատիկիս ջահելությունը այն սև-սպիտակ լուսանկարից, ուր տատիկը դեռ քսանը չբոլորած նրբիկ աղջնակ է՝ երկու հյուսկեն խոպոպները լանջն ի վար։ Նա պսպղուն խանդավառությամբ ժպտում է՝ մանուշակների բույրով լցված սրտի անհանգիստ թրթռոցը նկարվելու անհրաժեշտության մեջ զսպած էլեգանտ անշարժությամբ, իսկ պապիկը առնական լրջություն է ձևացնում՝ քարեր մաշելու ուժով և պատրաստակամությամբ առլեցուն ուսն աննկատ նրան հպած։ Խնամխոս գնալու առիթով գնված աէրոդրոմ-կեպկան ակնհայտորեն նոր է, ու այն ինչ-որ սիցիլիական կոպպոլայի նմանացնելուց մի տեսակ հաճույք եմ ստանում։ Հա, չգիտեմ, թե ինչու, այս պատկերը միշտ թվացել է ռոմանտիկ ֆլեշբեք իտալական կինոյից, ուր մեծ կտավի դրամատիկ իրադարձությունները մեկնարկում են դեղին շոգով հագեցած հին ու բարի ժամանակների մասին մի համեստ պատմությունով։ Պղնձաձուլական գործարանի թանձր ծխից լերկացած պղնձագույն սարերի արանքում սեղմված այդ քաղաքից մեկնարկող պատմություններն արդյոք դրամատիկ ու էպիկական կլինե՞ն, թե՞ էնքան որ, էական չէ՝ կարոտում եմ։
Հայրիկի ու մայրիկի ջահելությունն եմ կարոտում այն լուսանկարից, ուր ես պետք է որ չորս տարեկան լինեմ։ Հայրիկը լայնօձիք, բարդանախշ վերնաշապիկով է, դեռ առատ, մանրակրկիտ խնամված գանգրագալարներով ու բարակ բեղերով, որի տակ նշմարվում են Օլեգ Բասիլաշվիլին և Կլարկ Գեյբլը միաժամանակ։ Հայրական տունն ու ավանը, պահածոների գործարանում ուրվագծվող սմենի պետի կարիերան թողնելու ու անտերուդուս շրջկենտրոն՝ Կիրովական տեղափոխվելու որոշման խիզախումը նրա դեմքին նուրբ, բայց անթաքույց ինքնահիացում են դրոշմել։ Մայրիկը անդարձ հեռացած այդ ժամանակներից նայում է մեծ քաղաքի առաջադեմ արդյունաբերական իմիջին համապատասխանելու դեռատի ու անվարժ ջանքով, գեղեցկության պահանջած զոհողությամբ նոսրացված թավ հոնքերի ասիմետրիկ ուրվագծերով ու լեդի Դի սանրվածքով։ Շինտրեստի բանվորական հանրակացարանում սեփական սենյակ ունենալու, սեփական սեղան, լուսամուտ, մահճակալ, պահարան, դուռ ու բանալի ունենալու գոհունակությունից երկուսն էլ ավելի հասուն են թվում, քան իրենց տարիքն է։
Ֆոտոթղթի փոփոխության հետ ճանաչում ենք այլ ժամանակների գալը։ Արցախ պուրակի կոդակնոցում տպված 9×13 չափի մանրիկ, գունավոր լուսանկարներում ապրող ընկերներիս ջահելությունն եմ կարոտում։ Հագներիս՝ թուրքական կամ չինական օվերսայզ, ֆեյք ռիբոկներ ու բանան ջինսեր, այդ իրերը հորինած աշխարհից քաջաբար անտեղյակ՝ մենք անխոս երջանիկ էինք։ Մեր հետերկրաշարժյան ֆավելաներից դեպի Արևմուտք՝ հեռու-հեռու մի տեղ ծնված մշակութային շարժման անհասկանալի ու լղոզված այդ արձագանքները մեզ հասան նախ իբրև հագուկապ, հետո՝ իբրև երաժշտություն։ Երազկոտ առաջադեմ, իբր առաջադեմ այդ իմիջն ահա ազնվորեն եզրափակվում է քաղաքային բաղնիքի տակի բազարից գնված սև, կաշվե «դագաղ» կոշիկներով։
Այս լուսանկարներում ամենաշատը հուզում է ոչ թե հետահայաց վինտաժային վայբը, այլ սիրո խճճված պատմությունները, որոնք վերհիշվում են ալբոմ առ ալբոմ։ Անվերջ մեկս մեկիս սիրահարված էինք։ Ահա, այս նկարին նայելով՝ ոչ ոք երբևէ չի իմանա, բայց դու գիտես, նայում ու միանգամից տեսնում ես, որ Եգորի ու երեք հոգի այն կողմ նկարվելու շարքում կանգնած Լուսինեի միջև կա կրքերի ու ապրումների մի խելագար փոթորիկ, ձգողականության մի անողոք ուժ, մարմինների մի անդիմադրելի լարում։ Կիսահայացքներով, հեռահար ակնարկներով, նրբին հպումներով, ձայնի նրբերանգները հոտոտելով սիրել սովորելու այդ փխրուն և փոթորկուն ժամանակները դեռահասության պզուկների պես լինում են՝ այլևս երբեք չկրկնվելու խոստումով։ Էդ ժամանակ չես նկատել, բայց հիմա նայում ու տեսնում ես, թե ինչպես է երկրորդ շարքում կանգնած Ալենը վայելում Հիլմայի՝ իր առաջ նստած լինելու մոգական զուգադիպությունը։ Այդ մասին կիմանաք, երբ հետադարձ թվով կերևակայեք այն կրակը, որ երկու տասնամյակ անց այս տղային կստիպի Ամերիկայից գնալ Հունաստան, գտնել նրան ու բարեհաջող առաջարկություն անել։
Հետո, երբ նկարները դառնում են թվային ու առատ, տարիների հոսքը մանրամասնվում է դեպի ամիսների, շաբաթների ու օրերի ժամանակագրություն։ Բայց այդ հորձանքի մեջ միշտ կան լուսանկարներ, որ ամենից հաճախն են փնտրվում ու գտնվում։ Ապագա կնոջս հետ առաջին հանդիպման լուսանկարը, որ պարբերաբար գտնում ենք մեր դախության աստիճանի վրա հռհռալու համար, ծննդատան նկարները, մեր առաջին տան վարագույրները կախելու լուսանկարը, առաջին անգամ երեխաների հետ ծովամերձ արձակուրդ գնալու լուսանկարները։ Այդ լուսանկարներում՝ մեզնից հեռու-հեռու մնացած այդ թվային ինքնությունների ժամանակը գարուններով էր հաշվվում։ Նրանց մեկնարկային դեմքերին մի տեսակ ճակատագրականության ինքնավստահ կանխազգացում կա, որ միայն գարնանն է լինում․ զվարթ տագնապ ու դեռ լինելիքի կանխավայելում։
Կարոտում եմ նրանց շփոթված ջահելությունն ու թոթովախոս մանկությունը, իսկ ինձ այդ նկարներում չտեսնելու, չճանաչելու եմ տալիս, ինչպես կոյաբզեզը չտեսնելու կտար իր սեփական որդանման թրթուրը, եթե հանդիպելու առիթ ունենար։ Արդեն հեռախոսով արված ֆոտոներում հասունության ընկերներիս ջահելությունն եմ կարոտում, ուր ամենաէրոտիկը ճարպազատ նիհարուկ մարմիններն են՝ ութ կիլոգրամ, տասներկու կիլոգրամ, քսան կիլոգրամ առաջ․․․ Նկարները նշանավորում են լողավազանային փարթիներ, հեղափոխություններ, շնորհանդեսներ, ուռած սելֆիներ, ինտելեկտուալ դեբատներ, ու ամենը հեռու մի տեղ՝ հավանաբար էլի մեզնից դեպի Արևմուտք, արտադրվող ժամանակին տեղական նշանակության օրակարգով համապատասխանելու կայֆարիկ ջանքի մասին է․ բոհեմական ռոմանտիկա՝ խոզի խորովածով։
Կարոտում եմ, շատ եմ կարոտում բոլորի ջահելությունը՝ իմից բացի, քանի որ այն զարմանալիորեն չի ավարտվում, ու մինչ բոլորը ինձնից հեռացել ու շարունակում են անվերադարձ հեռանալ, ես միշտ միամտաբար այստեղ եմ։

