Հարգելի մասնակիցներ: «Մյունխենի ընկերություն 1926»-ի նախապատրաստական աշխատանքային հանձնաժողովի տարածած ջերմ եւ ուրախությամբ արտահայտված կոչում նշվում է, որ մյունխենցի լինել չի նշանակում ծնված լինել Մյունխենում, այլ «մյունխենցիները բոլոր նրանք են, որոնք կապված են Մյունխենի հետ կյանքի եւ գործունեության բերումով, նրանք, որոնք հոգ են տանում քաղաքի հեղինակության եւ համբավի համար»: Եթե դուք համամիտ եք այդ տեսակետին, իսկ ես կարծում եմ, որ ձեզնից շատերը դրա համար ունեն իրենց հիմնավորումը (Մյունխենում միշտ այդպես է եղել), ապա դուք չեք վիրավորվի այն փաստից, որ ես ոչ թե խոզ եմ, այլ իսկական հյուսիսային գերմանացի, եւ օգտվելով այդ առիթից, կխոսեմ մեր նոր հիմնադրամի` «Մյունխենի ընկերություն-1926»-ի մկրտության նշանաբանով: Համենայնդեպս, ինձ վստահեցին այդ գործը, թեեւ ես հակված չէի ինձ առաջ մղել, այլ հավատում էի, եթե կուզեք, պատկերացնում էի, որ Դուք ինձ թույլ չեք տա հրաժարվել դրանից: Ինչպե՞ս կարող էի ես, որի կյանքն ու համեստ աշխատանքը կապված են Մյունխենի հետ` սկսած մեկ սերնդից, որը շուրջ երեսուն տարի շնչել է Մյունխենի օդը եւ ապրել այդ քաղաքի ճակատագրով, անտեսել նրա համբավն ու հոգ չտանել նրա մասին:
Սիրելի ունկնդիրներ: Եղել են տարիներ, եւ դրանք դեռեւս անցյալ չեն, նոր-նոր են սկսում անցյալ դառնալ, երբ Մյունխենի հետ այդ կերպ հարաբերվողները չէին կարող իրենց հարմարավետ զգալ քաղաքի ոգեղենությունը քննարկելիս. նրանք ստիպված էին խոնարհել աչքերը եւ հարց ուղղել իրենց` արդյո՞ք իրենք կարող են ավելի երկար ապրել այստեղ: Մյունխենի մշակութային կյանքին վերաբերող քննարկման մասին, որը վերջերս ներկայացվում էր շատ բարձր մակարդակով, երբեմն կարդում էին տեղական թերթում (դա «Münchner Neuesten Nachrichten»-ը չէր, դա սոցիալ-դեմոկրատական թերթ էր, բայց այդպիսի թերթերը երբեմն հաճելիորեն հայտնվում են սանս-կուլոտների` «առանց վարտիքի» դիրքում եւ թույլ են տալիս արտահայտել ճշմարտություններ, որոնք բուրժուական մամուլը թույլ չի տալիս կամ էլ հավանաբար անտեսում է): Ինչ-որ մեկը կարդաց մի նախադասություն, որն ամոթալի կլիներ Մյունխենի ամեն մի բարեկամի համար. «Մյունխենը մինչեւ պատերազմը եվրոպական կենտրոն էր, իսկ այժմ գտնվում է գավառական քաղաք դառնալու փուլում»:
Սիրելի ունկնդիրներ, տխուր կլիներ այս նախադասությունը հասկանալ որպես վերջնական եւ անփոփոխ արձանագրում: Այնտեղ արտահայտված վտանգը ճանաչվում է ճշգրիտ զգացողությամբ, բայց այդ վտանգը ճանաչելու ուժը գրեթե նույնական է այն վանելու ուժին: Եվ դա այդպես է, քանի որ գերմանական այդ մայրաքաղաքի անսասան երջանիկ, անսասան բնական պայմաններն օգնության էին հասնում կախարդող կամքին: Եթե Մյունխենը կորցրել է իր հետաքրքրությունն ու կարեւորությունը, ապա դա կարող էր լինել միայն նրա դեմքի այլանդակման եւ աղավաղման պատճառով, տառապանքի, վշտի, նվաստացման, շփոթության եւ հոգեկան տվայտանքի հետեւանքով, ինչն ազդել է ոչ միայն Մյունխենի, այլեւ` ողջ Գերմանիայի վրա. չէ՞ որ ողջ Եվրոպան քիչ թե շատ ներգրավված էր այդ ամենում: Մենք հավատում ենք, որ Գերմանիայի եւ աշխարհի դանդաղ վերականգնումը, ի թիվս այլոց, առաջին հերթին կհանգեցնի նրան, որ Մյունխենը կվերագտնի իրեն եւ կվերականգնի իր կարեւորությունը Գերմանիայի եւ աշխարհի համար:
Հիշենք, թե նախկինում ինչ մթնոլորտ էր տիրում Մյունխենում, որն այդքան բնորոշ էր Բեռլինի մթնոլորտին: Դա մարդասիրության, անհատականության նկատմամբ հանդուժողականության, այսպես կոչված, զվարթ զգայականության, արտիստիզմի մթնոլորտ էր. դա ընկերասիրության, երիտասարդության, հանրաճանաչության մթնոլորտ էր, որի նպաստավոր պայմաններում, ժողովրդականության առողջ, կոպիտ հողի վրա երբեմն կարող էին ծաղկել յուրօրինակ, ամենաքնքուշ, ամենահամարձակ, էկզոտիկ բույսերը: Հյուսիսի`Բեռլինի նկատմամբ հավերժական, փոքրիշատե հումորով ուղեկցվող հակադրությունը բոլորովին այլ նշանակություն ուներ, քան` այսօր: Այստեղ այն ժողովրդավարական էր, այնտեղ` ֆեոդալական-ռազմատենչ: Այստեղ մարդիկ վայելում էին կենսախինդ մարդասիրությունը, մինչդեռ հյուսիսային կոսմոպոլիտ քաղաքի դաժան օդը զերծ չէր որոշակի մարդատյացությունից:
Ի՞նչ պետք է տեղի ունենար, որպեսզի ողջ իրադրությունը փոխվեր: Մենք չենք ցանկանում խորանալ այդ շրջադարձին վերաբերող ամոթալի մանրամասների մեջ. մենք բոլորս այդ ամենի մասին շատ լավ գիտենք: Մենք ամաչում ենք այն համառ հոռետեսությունից, որով Մյունխենը հակադարձեց Բեռլինի քաղաքական պատկերացումներին եւ մի ողջ աշխարհի քաղաքական հավակնություններին: Մենք ցավով նկատեցինք, որ նրա առողջ ու զվարթ արյունը թունավորվել է հակասեմական ազգայնականությամբ, եւ, Աստված գիտի, թե ինչ մութ հիմարություններով: Մենք պետք է նկատի ունենայինք, որ Մյունխենը բավականաչափ տեղյակ չէր մի կարեւոր փաստի մասին, մի փաստի, որի հետ կապված առանձնահատուկ հույսերն ու հնարավորությունները կնվազեին հատկապես Մյունխենի համար, եթե նա դա հասկանար: Փաստ է, որ Գերմանիայի հզորությունն այսօր հիմնվում է ամենից առաջ հոգեւորի եւ միմիայն հոգեւորի վրա, որ ապագայի հետ կապված նրա բոլոր հույսերը աղերսվում են պատվին եւ հոգեւոր ձեռքբերումներին: Փաստը, որից Մյունխենը կարող է իր համար առանձնահատուկ առավելություններ քաղել, որոնք կարող էին իր համար գերակայություններ երաշխավորել Գերմանիայում եւ աշխարհում, վերջին տարիներին թվում էր, թե քիչ է հիշվում, ավելի քիչ է հիշվում, քան` Բեռլինը, չնայած Մյունխենն առաջ անցավ կայսերական մայրաքաղաքից` հիմնելով «Գերմանական ակադեմիա»-ն:
Մյունխենի գերմանական ակադեմիան, որի խորհրդում բազմաթիվ պրոֆեսորների, զինվորական սպաների եւ խոշոր արդյունաբերողների կողքին նստելու պատիվ ունեն նաեւ երկու գերմանացի գրողներ, ինչպես կոչվում է նրա հիմնական անվանումը` «գերմանականության ուսումնասիրության ընկերություն», բավականին հետամնաց է. կարծում եմ, այն պատմականորեն ստեղծված ինստիտուտ է: Պրուսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությունը` պոեզիայի բաժին բացելու Պրուսիայի արվեստների ակադեմիայում, որն, ինչպես գիտեք, վերջերս հիմնվել է ժամանակավոր լրացուցիչ ընտրությունների միջոցով, վկայում է, որ հիմա արվեստներն ավելի մեծ պահանջարկ ունեն, քան` մինչեւ դրա հիմնադրումը: Կարծում եմ եւ հուսով եմ, որ այն գերմանական ակադեմիայում ժամանակի ընթացքում կարող է ձեռք բերել իրական մշակութային հեղինակություն, պայմանով, որ բանաստեղծական տարրը կներառի նաեւ քննադատական-փորձարարական, պատմամշակութային, փիլիսոփայական տարրեր, ինչը, համոզված եմ, անհրաժեշտություն է: Եթե Մաքս Վեբերը դեռ ողջ լիներ, անհեթեթ կլիներ նրան գրական ակադեմիայից դուրս թողնելը. այնպիսի գործիչներ, ինչպիսիք են` Գյունդոլֆը, Էռնստ Բերտրամը, նաեւ` Ալֆրեդ Քերը, անկասկած, երկարաժամկետ հեռանկարում պատկանում են դրան: Միայն համր բանաստեղծի տեսակով չենք ընկալում նրան: Գեղարվեստականն ու հոգեւորը, պլաստիկն ու քննադատականն այսօր այլեւս չեն կարող տարանջատվել միմյանցից. փաստ, որը սերտորեն առնչվում է Մյունխենին: Մյունխենը միայն Գերմանիայում եւ աշխարհում կմնա գագաթներին կամ կվերադառնա գագաթներ, քանի որ այն ոչ միայն զգայական քաղաք է, այլեւ` ինտելեկտուալ, հոգեհարազատ, ոգեղեն, ոչ միայն գեղարվեստական քաղաք է, այլեւ` գրական:
Ամենից առաջ նա ցանկանում է լինել գերմանական քաղաք, եւ ո՜վ չի հայտնագործի այդ հավատարիմ եւ գեղեցիկ քաղաքը: Սակայն երբ մենք խոսում ենք գերմանականության մասին, այստեղ եւ այսօր արժե վստահորեն հիշել, որ ոչ մի կոպտություն, ոգու եւ մշակույթի նկատմամբ ատելություն չի հավակնել ստվերելու գերմանական անունը, այդ անունը նշանակում է ոգու եւ մշակույթի նկատմամբ ամենայն բարեպաշտության մարմնացում:
Հարգելի ունկնդիրներ: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որի քամահրալից զվարճությունը երբեմն ազդում է մեր նյարդերի վրա, իրական ջազ խմբի կերպարների ժամանակաշրջանում, որի հերոսներն են մրցանակակիրը եւ կինոաստղը, եւ որտեղ կոպտությունն ու գռեհկությունն անհավանական օրգիաներ են տոնում: Զվարճալի օրգիաներ: Ես ընդունում եմ, որ դրանք հիանալի օրգիաներ են: Ընդունում եմ նաեւ, որ պետք էր բողոքել փարիսեցիական եւ մանր բուրժուական նոր ժամանակների դեմ: Սակայն ինձ չի թվում, որ այն ժամանակվա անմիտ հրաշքների դեմ բողոքը, որն առանձնահատուկ գերմանական է, բխում էր որոշակի ինտելեկտուալ եւ մշակութային բարեպաշտությունից, ավելի մաքուր, ավելի բարձր ու ազնիվ ձգտումներից: Այդ կարոտը, այդ մշակութային բարեպաշտությունն, անկասկած, տարածված է Մյունխենում: Մենք դա շատ արագ զգացինք պատերազմից հետո, «Գրքի շաբաթ»-ում հրավիրված միջոցառումների ժամանակ, երբ բազմություն էր հավաքվում, եւ որն իսկապես հուզիչ բան ուներ իր մեջ: Գրքի առեւտրից մեծ օգուտ չկար, տնտեսական հանգամանքները շատ էին խոչընդոտում դրան, բայց որպես կարոտի ախտանիշ, նկատելի էր հանրության ոգեւորությունը, որը հատկապես վերջին շրջանում կրքոտ պահանջ ուներ: Որտեղ եւ երբ հայտարարվում է գրական, ինտելեկտուալ, կրթական ներկայացման, գրքի բանավոր ստուգատեսի կամ դասախոսության մասին, դահլիճները միշտ լեփ-լեցուն են լինում: Հիշում եմ եղբորս` Վեդեքինդի դասախոսությունը, երբ հարյուրավոր մարդիկ ստիպված էին հեռանալ դրամարկղի մոտից, քանի որ դահլիճը չէր ընդունում նրանց: Սրանք բոլորը ժամանակի նշաններ են, կարիքի եւ բարի կամքի ցայտուն նշաններ, քաղաքի հոգում տեղի ունեցող փոփոխության նշաններ, մի քաղաքի, որն ի սեր մեր անսահման գոհունակության, կարծես ինքն իրեն նորոգելու շեմին է:
Այդպիսի նշան է նաեւ նրա հիմնադրումը, որի առիթը մենք այսօր նշում ենք այստեղ: Դա ոչ թե քմահաճույքի եւ չնախատեսված ձեռնարկի, այլ պահի հստակ գիտակցման եւ կամքի արդյունք է: Նա ցանկանում է համախմբել եւ կազմակերպել մի շարժում, որը կընդգրկի հոծ զանգվածներին, այդ պատճառով էլ ցանկալի է, որ այն հաստատուն հիմքեր ունենա: Այդ շարժման նպատակը արյան դետօքսիկացումն է, բարձրացումը, ազատագրումը, ոգուց ոգի ապաքինումը: Աջակցելով այս շարժմանը, որն իր սկզբնաղբյուրն է, մաղթում եմ, որ «Մյունխենի ընկերություն-1926»-ը ապրի, ծաղկի եւ բարգավաճի:
Սանս-կուլոտները (ֆրանս.) «առանց վարտիքի»- 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի ստորին խավի հասարակ ժողովուրդն էր. նրանցից շատերը դարձան ֆրանսիական հեղափոխության արմատական եւ ռազմատենչ պարտիզանները` ի պատասխան հին ռեժիմի ներքո իրենց վատ որակի կյանքի:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

