
«Գերմանացի ունկնդիրներ». սա Թոմաս Մանի հիսունհինգ ռադիոուղերձներից բաղկացած շարքի վերնագիրն է, որը BBC-ի գերմանական ծրագիրը հեռարձակել է պարբերաբար` ամիսը մեկ անգամ, 1940 թվականի հոկտեմբերից մինչեւ 1945 թվականի մայիսը: Սրանից զատ, եղել են նաեւ առանձին հատուկ հաղորդումներ եւ նրա վերջին ամանորյա ուղերձը` 1946 թվականին:
Սրանք հինգից ութ րոպե տեւողությամբ, հստակ ձեւակերպված ելույթներ էին, որոնցում հեղինակն անդրադառնում էր նացիստական ժամանակաշրջանում Գերմանիայում ստեղծված իրավիճակին, մեկնաբանում էր պատերազմական իրադրությունը եւ նախազգուշացնում իր հայրենակիցներին: Քսանհինգ հաղորդումներից բաղկացած առաջին ժողովածուն հրատարակվել է 1942 թվականին, իսկ երկրորդ ժողովածուն ներառում է հիսունհինգ տեքստ:
Թոմաս Մանը (1875-1955)` գերմանացի նշանավոր գրողներից մեկը եւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրը (1929թ.), նացիոնալ-սոցիալիզմի վճռական եւ բացահայտ հակառակորդ էր: Թեեւ 1933 թվականին, գրքերի այրման ժամանակ, Մանի ստեղծագործությունները չոչնչացան, նրա եղբայր Հայնրիխը եւ որդին` Կլաուսը, տուժեցին: 1938 թվականին, քանիցս արտերկիր մեկնելուց հետո, նա իր ընտանիքի հետ արտագաղթեց ԱՄՆ: Սկսած 1940 թվականից` նա սկսեց ամեն ամիս ռադիոուղերձներ ձայնագրել այնտեղ` «Գերմանացի ունկնդիրներին» վերտառությամբ: ԱՄՆ-ում հինգից ութ րոպեանոց ձայնասկավառակները ձայնագրելուց հետո ուղարկվել են Լոնդոնի BBC ռադիոկայան, որն էլ, ի վերջո, դրանք հեռարձակել է Գերմանիայի երկարալիք կապուղիներով: Այսպիսով, Մանի ուղերձները դարձան դաշնակիցների բարոյալքման մարտավարության մի մասը: Գերմանիայում մշտական ունկնդիրների թիվը գնահատվում էր բավականին ցածր, հատկապես այն պատճառով, որ արտասահմանյան ռադիոկայաններ լսելը խստորեն պատժվում էր որպես «հեռարձակման հանցագործություն»: Այնուամենայնիվ, Հիտլերն արձագանքեց իր հայտնի քննադատի հարձակումներին` իր ելույթներում անվանական դատափետելով նրան:
1942 թվականի հուլիսի ռադիոուղերձը, որը վերատպված է այստեղ, թվագրվում է այն ժամանակաշրջանին, երբ Մանը գերմանացիներին դեռեւս համարում էր Հիտլերի բռնապետության զոհեր` այդ կերպ բացատրելով բնակչության շրջանում դիմադրության բացակայությունը: Նա նաեւ ենթադրում էր, որ գերմանացիների համար նույնքան ցանկալի էր Հիտլերի պարտությունը, որքան` իր: Սակայն պատերազմի վերջում Մանը վերանայել էր իր տեսակետը եւ ընդունել կոլեկտիվ մեղքի տեսությունը, ինչն անհնար էր դարձրել պատերազմից հետո գերմանացիների հետ իսկապես հաշտվելը:
Ես լավ գիտեմ, որ հիմա, երբ Հիտլերը կրկին հաղթել է եւ նվաճել Ռոստովը` Դոնի վրա գտնվող այդ քաղաքը, որն արդեն մի անգամ նվաճել էր, կարիք չկա ձեզ զգուշացնելու ամբարտավանության մասին: Հայտնի է, որ ամբարտավանությունը ձեզ գետնին չի տապալում, որ ռադիոյով հնչող աղմուկը ձեզ զզվանք է պատճառում, եւ որ դա ձեզ բացարձակ չի ուրախացնում: Հաղթանակի արբեցումից դուք չեք կարող խլանալ. ձեզ մխիթարություն է պետք: Մենք այստեղ չենք եկել մխիթարության համար, երբ պատերազմական իրավիճակն է հիմա այդպիսին: Գիտե՞ք, թե որքան վստահ ենք մենք մեր գործում, որը նախ եւ առաջ, եւ որպես մնացած ամեն ինչի նախապայման, Հիտլերի անկման պատճառն է: Դա հաղթանակ է, հավատացե’ք ինձ եւ մի’ վախեցեք: Դա համաշխարհային անհրաժեշտություն է, լիովին անխուսափելի, եւ դա կիրականանա այս կամ այն կերպ: Այն փաստը, որ դա անխուսափելի է, այդ թշվառականի հաղթանակը դարձնում է պարզապես արյունալի աբսուրդ: Դուք անհանգստացած եւ հուսահատված եք: Դուք մտածո՞ւմ եք` ի վերջո, նա պե՞տք է հաղթանակ տոնի: Եվ մենք երբեք չե՞նք ազատվի նրանից: Աշխարհը պե՞տք է դառնա գերմանական այնպես, ինչպես որ մենք հիմա գերմանացի ենք: Մխիթարվե’ք: Հիտլերի հաղթանակը դատարկ խոսք է. նման բան գոյություն չունի, այն գտնվում է ընդունելիի, թույլատրելիի, երախտագիտության տիրույթից դուրս: Այն կկանխվի, կկանխի դժբախտ չարագործը, իր ձեռքով, իր դատարկ էությամբ, իր անհույս ձախողված ծրագրի անհնարինության միջոցով, քանի որ նա կարող էր մտածել, ցանկանալ եւ անել միայն այն, ինչը կեղծ է, խաբուսիկ եւ նախապես դատապարտված:
Մարդիկ խոսում են խաբված սատանայի մասին: Բայց սատանան չի խաբվում. նա սատանա է իր էությամբ եւ ի սկզբանե: Այդ հիմարը դժոխք չի գնա Ֆաուստի հոգու, մարդկության հոգու հետ, այլ` մենակ:
Ես ասում եմ` մի’ հուսահատվեք: Կարծո՞ւմ եք, որ նա կհասցնի Կովկասին տիրանալ իր աշխարհը նվաճող գլանակով: Եվ եթե նա դա անի, ռուսներն էլ կկանգնեն Ուրալի հետեւում. ի՞նչ է հաջորդելու դրան: Միայն` առաջ: Ամեն ինչ կարող է շարունակվել միայն ավելի ու ավելի խորունկ գիշերվա, խելագարության եւ մահվան դեպքերում. նրա համար վերջ չկա, տեսանլի է միայն նրա’ վերջը: Ռուսները խաղաղություն չեն կնքում. ձեզնից ոչ ոք դրան չի հավատում: Նացիստական կեղծ հեղափոխությունը հայտնվել է իրական եւ անկեղծ հեղափոխությանը դեմ-հանդիման, որի վճռական մաքրագործումից դուք` գերմանացիներդ, մեծ շահույթ կստանաք, երբ ձեր ժամը գա: Եվ այս ռուսական հեղափոխությունը կապված է մարդկության համար երկարաժամկետ, հստակ մտածողությամբ եւ պատմական պայմանագրերով հաստատված անգլոսաքսոնական ժողովրդավարության հետ, որը նույնպես հեղափոխության հասունացման փուլում է, եւ պայքարով պայմանավորված, հետաքրքրված է սոցիալական պարտավորություններով, եւ որին Հիտլերն` իր «Նոր կարգ»-ի դիվային աղբով չի կարող հաղթել: Եվրոպայի հնազանդ, թալանված, նահատկված, կիսասպանված ժողովուրդները հայացքը հառել են այս դաշինքին, որում անդադար խառնվում եւ խմորվում է դեռեւս անզոր, բայց միշտ վայրի, իր գործողությունների մեջ ազատ, բայց անամոթ ճնշողի ատելությունը, եւ նրանք միայն սպասում են այն պահին, երբ հզոր ապստամբությամբ կարող են թոթափել ամենազզվելի լուծը, որը պարտադրվել է ժողովուրդներին. սա այն է, ինչին նրանք սպասում են, ինչպես դուք` գերմանացիներդ:
Ոչ ոք չպետք է ձեզ հորդորի ապստամբել, ոչ ոք չպետք է ձեզ հարցնի` ե՞րբ եք վերջապես վռնդելու այդ դժոխային չարագործին, որն այդ կերպ է վարվում ձեզ հետ եւ գերմանական դեմքը վերածել է Մեդուզայի դեմքի: Ե՞րբ եք հանձնվելու բանականությանը: Այդ կերպ ճնշելն ու հարցնելն անիմաստ է. մենք բոլորս դա գիտակցում ենք, որովհետեւ դա չէիք կարող վարվել: Հիմա 1918 թվականը չէ, երբ Գերմանիան փլուզվեց: Ժողովրդի մարմինը, որը կապկպված է եւ մասնատված ահաբեկչության երկաթների մեջ, ինչպես ձերը, չի փլուզվում, այլ ուղիղ է կանգնած, եթե նույնիսկ այդ երկաթի տակ ամեն ինչ փտել է: Արժե՞ ասել, թե որքան փտած տեսք ունեն այդ իրերը այն զրահի տակ, որը ձեզ ոտքի վրա է պահում: Դուք մեզնից լավ գիտեք այդ ամենը, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ձեզնից այնքան սարսափել, որքան դուք ինքներդ: Դուք շուտով կդառնաք այն ծվատված ուրվականը, որն, ի վերջո, պետք է չքանա, եւ դա կլինի մարդկային ցեղի, ձեր վերածննդի պահը: Մի՞թե անցյալ ձմռանն արդեն չէին եղել ապստամբ զորքերի զանգվածային գնդակահարություններ: Շուտով դրանք ավելի ու ավելի կշատանան: Ուժասպառության մատնված ժողովրդական բանակի հարվածը, բոլոր տվյալներով, դուք կվերածեք փլուզման եւ ապստամբության պոռթկման:
Ամեն ինչ ավարտվում է, գերմանացինե’ր, հավատացե’ք ինձ եւ մխիթարվե’ք: Ես սա ձեզ ասում եմ հենց այս պահին, երբ ամեն ինչ երեւում է որպես հաջողություն, հաղթանակ եւ նվաճում: Ավարտվում է ո’չ ձեզ հետ, ո’չ էլ Գերմանիայի հետ: Գերմանիայի, այսպես կոչված, վերացումը նույնքան դատարկ խոսակցություն է, նույնքան աբսուրդ, որքան` Հիտլերի հաղթանակը: Բայց այն ավարտվում է, կավարտվի շուտով` նողկալի համակարգով, նացիոնալ-սոցիալիզմին բնորոշ կողոպուտով, սպանությամբ եւ կեղծիքով: Այն կավարտվի աղբի եւ ամոթի փիլիսոփայությամբ, դրանից բխող աղբով եւ ամոթալի արարքներով: Ավերիչ հաշվեհարդար կլինի նրա ազդեցիկ դեմքերի, ազդեցիկ անձանց, նրա ծառաների եւ շահառուների, նրա գեներալների, դիվանագետների եւ գեստապոյի բորենիների հետ: Հաշվեհարդար կտեսնեն նաեւ հոգեւոր սպասավորների, վահանակիրների, նրանց հաճկատար լրագրողների եւ փիլիսոփաներ, աշխարհաքաղաքագետների, ռազմական աշխարհագրագետների, պաշտպանության եւ ռասայի ոլորտների պրոֆեսորների հետ: Գերմանիան կմաքրվի այն ամենից, ինչը կապված է եղել հիտլերյան աղբի հետ, եւ ինչը հնարավոր է դարձրել դրա տարածումը: Գերմանիայում եւ աշխարհում կհաստատվի ազատություն, որին ես հավատում եմ, որը հարգում է իրեն, գիտի, թե ինչպես պետք է պաշտպանի իրեն, որը ոչ միայն գործում է, այլեւ միտք է հղանում` մարդուն Աստծո հետ միավորող գաղափարները կարգ ու կանոնի մեջ դնելով:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
