Առաքել Սեմիրջյան | Կանչ

Նայել, բայց չտեսնել,
Սիրել, բայց չզգալ,
Արտասվել, բայց առանց արցունքի,
Արհամարհել, բայց ցույց չտալ,
Հեռանալ, բայց մնալ տեղում,
Ստել, բայց ճշմարիտ խոսքերով,
Թռնել, բայց գետնին գամված,
Ապրել, բայց անկենդան,
Ժամանակին գալ, բայց ուշացած,
Տիրել, բայց ստրկացած,
Աղոթել, բայց առանց հավատի,
Մեղանչել, բայց անմեղ մնալ,
Խորտակվել, բայց չոր դուրս գալ,
Քնել բայց արթուն մնալ․․․

Իրեն ցավ պատճառած հիշողությունները հերթով ջնջում էր, որպեսզի դրանք այլևս չանհանգստացնեն ու քանի որ հիշողությունների մեծ մասը կապված էին այս կամ այն իրի հետ, սկսեց դրանցից ազատվել։ Սկզբում պատռեց նամակները, հետո` նկարները, հետո անցավ շորերին, հետո` տան իրերին, իսկ ամենավերջում՝ բույսերին, որոնք ինչ-ինչ թրթիռներ էին թերևս առաջացնում։
Լինել ու միաժամանակ չլինել, իրականում սա էր միակ խնդիրը, իսկ «թե»-ն՝ հին աշխարհից եկած հարցադրում էր, որի պատասխանը այս կամ այն կերպ ժամանակի ընթացքում ստացվում է, սակայն ահա լինելու ու միաժամանակ չլինելու պատասխանը որևէ մեկը չգիտի։
Նույնիսկ չնչին հիշողություններ առաջացնող իրերը վերջնականապես ոչնչացնելուց հետո ինչ-որ տեղից հետ էին գալիս ու ստիպում սկսել նորից։
Լինել ու միաժամանակ չլինել, դառնալ անտեսանելի, սակայն տեսանելի լինել ցանկացածի համար, դառնալ աննյութեղեն, սակայն շոշափելիս փշաքաղվել, խմել ու ծարավից չհագենալ, ներել, սակայն վրեժը պահել սրտում, գտնվել, սակայն մնալ կորսված, հեռանալ, սակայն մնալ մոտիկ, գոռալ, սակայն առանց ձայնի, լինել անհասանելի, սակայն մատչելի յուրաքանչյուրի համար ․․․
Ապրել որպես թափանցիկ անմարմին էակ, որպեսզի ցրտաշունչ քամիները չհասնեն ոսկորներիդ, սակայն միաժամանակ այդ մարմնովդ կարողանալ գրկել գգվանքիդ կարիքն ունեցողին։

Ես իսկապես քայքայվում եմ ու չեմ ցանկանում այդ մասին ո´չ լռել, ոչ էլ խոսել։ Մի՞թե չկար մի ձև, որը կապահովեր իրարամերժ վիճակների համետեղելիությունը․․․

Մերժել ու միաժամանակ ձգտել,
Վանել ու միաժամանակ ձգել,
Մոռանալ ու միաժամանակ հիշել,
Վատնել ու միաժամանակ խնայել,
Ջնջել ու միաժամանակ արձանագրել,
Ոչնչացնել ու միաժամանակ պահպանել,
Փակել ու միաժամանակ բացել,
Այրել ու միաժամանակ վերադառնալ նույն կամրջով,
Սառչել ու միաժամանակ տաքանալ,
Վերջացնել ու միաժամանակ սկսել ․․․

Անընդհատ կրկնվող իրավիճակներ, չկրկնվող օրերը, կրկնվող քաղաքներ, չկրկնվող միջատներ, կրկնվող զգացմունքներ, չկրկնվող ակնթարթ․․․

Միառժամանակ սկսել, միառժամանակ վերջացնել, Միառժամանակ շահել, միառժամանակ կորցնել, Միառժամանակ ոգևորվել, միառժամանակ հիասթափվել, Միառժամանակ ուրախանալ, միառժամանակ սգալ, Միառժամանակ հավաքվել, միառժամանակ թափվել․․․

Միաժամանակ կախել և Միառժամանակ կախվել,
Միաժամանակ հոգալ և Միառժամանակ հոգալ,
Միաժամանակ սպասել և Միառժամանակ սպասվել,
Միաժամանակ դադարել և Միառժամանակ դադարել,
Միաժամանակ տարբերել և Միառժամանակ տարբերվել

Ես իսկապես քրքրվում էի, տրոհվում` բաժանվում մասնիկների։ Երրորդ դեմքով առաջին դեմքիս մասին դատողություններ անում` շրջանցելով երկրորդ դեմքին։

Լինել ու միառժամանակ չլինել, պարզապես մի պահ հեռանալ, մի քանի վայրկյանով, մի քանի դարով, մի քանի հազարամյակով, մի քանի երանով, մի քանի էօնով ու հետո կրկին հայտնվել, սակայն այս անգամ չհեռանալու պայմանով ․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *