Կամո Աղբալյան | Արևելահայության ազգային կյանքի և մտածելակերպի ավանդական մոդելի քննադատությունը Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում

«Երիր Նաիրի» վեպը ընթերցելիս հասկանում ես, որ մեկ դար հետո, վեպում քննարկվող թեմաները դեռ արդիական են, կամ այլ համատեքստում ակամայից արդի են դարձել։ Հատկապես 2020թ-ի 44-օրյա Արցախյան պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջանում վերլուծել վեպը՝ համեմատելով այն անկախ Հայաստանի ներկայիս սոցիալ-քաղաքական իրավիճակի հետ։ Նաիրյան այդ միջավայրն ու առօրյան նմանեցնում ես քո քաղաքի կամ բակի առօրյային։ Սա դեռ միայն առաջին հատվածում, բայց, շարունակելով կարդալ, հասկանում ես, որ բացի առօրեական հարցերի նմանությունից, ուրիշ էլ ավելի խորը մտածելակերպի նմանություններ կան նաիրցիների ու ներկայիս հայ հասարակության միջև։ Իմ այս աշխատության շրջանակներում կներկայացնեմ նաիրյան երկրում ապրող ժողովրդի ապրելակերպը, մտածելակերպը, նպատակներն ու տեսլականը՝ զուգահեռներ տանելով արդի հասարակության հետ։ Կպարզենք, թե արդյոք այն «արատներ»-ը, որ Չարենցը նկատել էր նաիրցիների մեջ, դեռ կան և խանգարում են հայ հասարակությանը առողջ մտածել։

Երկիր Նաիրի վեպի բաժինները

Վեպը բաժանված է երեք մասի. «Քաղաքը և բնակիչները», «Դեպի Նաիրի» և «Երկիրը Նաիրի»։ Առաջին հատվածում հեղինակը նկարագրում է այդ անհայտ երկրի մի քաղաքում ապրող ժողովրդի կենսակերպը։ Երկրորդ հատվածում նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները։ Դրան զուգընթաց Չարենցը փորձում է ընթերցողին տեղեկացնել, թե որն էր Նաիրին ըստ նաիրցիների։ Երրորդ հատվածում հեղինակն արդեն ինքն է փորձում հասկանալ, թե ի վերջո ո՞րն էր երկիրն այդ Նաիրի։ 

Չարենցը քննադատորեն է մոտեցել վեպում քննարկվող թեմային՝ օգտագործելով ծաղրի ու հեգնանքի միջոցները։ Այդուհանդերձ, Երկիր Նաիրին երգիծավեպ չէ։ Վեպն ունի և՛ լրջություն և՛ իրոնիա, պատմողն ինքը նաիրցի է և պատմում է ներսից իր տեսածը։ Երկիր Նաիրին վեպ է գաղափարի մասին։ Վեպի բովանդակությունը և աշխարհայացքը կոնկրետ իրականության վրա է հիմնված։ Չարենցը բազմիցս նշում է, որ վեպում հերոսներ չկան։ Այդ հերոսը, որը վեպի ընթացքում տանում է պատմության շավիղը, հենց հեղինակն է, որ վեճ է վարում հայ հասարակության հուզող նյութի շուրջ։ Վեպում հենց ողբերգական իրադարձություններն են լիրիկական ձևով նրկայացվում։ Ըստ Հրանտ Թամրազյանի՝ «Երկիր Նաիրին» հայության նոր շրջանի կյանքը պատկերող առաջին ազգային վեպն է։ 

«Նա հյուսում է քաղաքական բազմակերպ անցքերի ու հոսանքների գեղարվեստական պատմությունը: «Երկիր Նաիրին» երգիծական բազմաթեմա վեպ է, ուր կենցաղային ու  սոցիալական երգիծանքի հետ միասին բարձրանում և հատկապես ընդգծվում է քաղաքականը»։

Վեպի ընթերցման հանգրվանները

Սկսենք բուն համատեքստից, որն էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բոլշևիկյան հեղափոխությունը։ Դրա արդյունքում փշրվում են նաիրցիների պապենական Երկիր հասնելու և ազատագրելու նպատակները։ 1918թ հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքում են պատերազմի ժամանակ գրաված տարածքները։ Թուրքերը օգտվելով այդ առիթից՝ հարձակում են սկսում, գրավում այդ տարածքները, այդ թվում և Կարսը։

Մինչև այդ, Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Ռուսաստանն արդեն ընդունել էր Կարսի անցումը Թուրքիային։ 1921թ մարտին արդեն կնքվում է Մոսկվայի պայմանագիրը, որով Կարսը և էլի այլ շրջաններ հանձնվում էին Թուրքիային։ Իսկ Կարսի պայմանագրով հաստատվում են Մոսկվայի պայմանագրի դրույթները, և Կարսը վերջնականապես անցնում է Թուրքիայի կազմի մեջ։ 

1920-ական թթ-ին ընթերցողը գնահատում էր վեպի մշակութային և քաղաքական համատեքստը։ Այսպիսով, ընթերցման առաջին շրջանը վերաբերվում էր վեպի բուն թեմային։ Ընթերցման երկրորդ փուլը 1960-ից 80-ական թվականների խորհրդահայ գրականագիտության կայացման շրջանն էր։ Մի կողմում Չարենցի մահվան հանգամանքն էր, մյուս կողմում մտավորականության՝ ազգային հարցերով մտահոգությունը։ Վեպի ընթերցման մյուս հանգրվանը 1999-2000-ական թթ. են, անկախ Հայաստանի  ազգային-քաղաքական խնդիրները ըմբռնելու նպատակով վեպի ազգային մտածողության յուրահատկությունների ընկալումը: Եվ ներկայիս ընթերցման հանգրվանը, որին և հանգել եմ ես, 2020թ-ի արցախյան երկրորդ պատերազմից հետո վեպի վերաիմաստավորումն է։ Հատկապես արդիական է դառնում այն հարցը, թե «Նաիրի էր արդյոք Շուշին»…

Նաիրյան արևելահայ կերպարները 

Ինչպես արդեն նշել էի այս աշխատության սկզբում, նաիրյան այդ քաղաքի անցուդարձը իր նմանություններն ունի ներկայիս Հայաստանի որևէ տարածաշրջանում ապրող հայերի կենսակերպին։ Այդ նաիրյան մականունների նման անուններ կարող ենք փնտրել որևէ համայնքում որոշ հեղինակություն ունեցող  մարդկանց մեջ։ Օրինակ կարող եմ բերել հենց մեր Տավուշի մարզի Իջևանի շրջանի ինձ ծանոթ մարդկանց անուններ. Ցուցրուկանց Արման, Մոյկի Մարատ, Պատվականի Սուրիկ, Դարչոյի Վաչո, Գաղթականի Արտակ, Դենդրոպարկի Մեխակ կամ Ախպար Մարիա։ Վստահ եմ՝ նման անուններով ծանոթներ կամ հարազատներ ունի ցանկացած հայ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հետևություն կարող ենք անել, որ դեռ պահպանվել է սովորույթը, մականունը կապելու աշխատանքի հետ կամ ուղղակի նրան բնութագրող գործառույթի հետ։ Ինչպես օրինակ Մազութի Համոն, որ նավթի գործ էր անում, կամ Տելեֆոն Սեթոն, որ ամեն ինչից տեղեկացված էր։ Օսեփ Նարիմանովի, Բիթլիսցի Արշակ կամ Կլուբի Մեյմունի կողքին եթե դնեինք վերոնշյալ անուններից մի քանիսը, դժվար թե տարբերություն զգացվեր։

…Տներ, կառքեր բյուր, օթո ու ձի,

Հոգաբարձու ու վարձու տերտեր։

Դառնում են շուրջը վարժապետներ,

Որ ըստ տեղի ու ժամանակի՝

Թե՛ փաստաբան են, գրող են թե՛,

Թե՛ խմբապետ են, թե՛ խմբագիր։

Նրանք են ուղը, աղը կյանքի,

Նրանք են փայլը աշխարհի այն,

Ուր արևում է վերից մի «հայ»

Կիսաչարչի ու կիսաբանկիր… 

(Չարենց, Էլեգիա գրված Վենետիկում, հատված հայերի «նաիրցիների» մասին)

Նաիրցիները հիմնականում զբաղվում էին մանր առևտրով, նրանց որոշներն էլ գավառական քաղաքի ուսուցիչներն էին։

Հին և նոր հրաշալիքները

Նաիրյան այդ քաղաքում տեղանքները բաժանվում էին երկու մասի՝ հին և նոր հրաշալիքների։ Հին հրաշալիքներն էին Բերդը, Վարդանի կամուրջն ու Առաքելոց եկեղեցին։

Այդպիսի մի պատմական հրաշալիք է օրինակ Իջևանի շրջանի Ակնաղբյուր գյուղի (կամ տեղացիներին հայտնի ներքին-քաչալ Աղդան) Վարդանի տնկած ծառը, որտեղ մինչ  օրս էլ մատաղ են մատուցում և պարտադիր 7 շրջան պտտվում արդեն տապալված ծառի շուրջը։

Նոր հրաշալիքներն արդեն նոր ժամանակում կառուցված շինություններն էին, որոնք իրենց մեջ պարունակում էին եվրոպական և ռուսական տարրեր։ Դրանք էին.

    • Երկաթուղին
    • Հինգհարկանի շենքը (կամ «Դառնության կենտրոն»-ը)
    • Մոմավաճառքի խանութը
    • «Լույս» նավթարդյունաբերական կենտրոնը 
    • Магазин “Охота” Ншан Маранкозян որսորդական խանութը
  • Ղահվե չայ ճաշարան Սեթրակ Ֆալիան 
    • A Bon Marche հագուստի խանութը
    • Մանուֆակտուրան 
  • Մանրուքի խանութ Պողոս Կոլոպոտյան
  • Գինի արաղ կոնյակ Համբարձումով Նիկոլայ
  • Դագաղագործ ընդունում եմ պատվերնեե Ենոք Կարալետյան
  • Դեղատուն Ժգենտի

Ահա ամբողջ Լորիս-Մելիքյան փողոցի երկայնքով մինչև մեյդան գյոլ իրար կողք կողքի շարված էին այս նոր հրաշալիքները։ Ամեն մի տեղանք ուներ իր գործառույթը։ «Լույս» նավթարդյունաբերական կենտրոնում օրինակ հավաքվում էին քաղաքի մեծամեծերը և ինչ-որ հարցեր քննարկում, իսկ սրճարաններում հիմնականում հավաքում էր միջին խավը թուղթ խաղալու։  

Յուրաքանչյուր նոր հրաշալիք ուներ իր մշտական հաճախորդները։ Օրինակ պ. Մարուքեն ամեն առավոտ Վասիլի վարսավիրանոց էր գնում սափրվելու։ Նաև առանձնահատուկ էին այս թե՜ հին թե՜ նոր Հրաշալիքները իրենց հետ կապված պատմություններով։ Օրինակ վարսավիր Վասիլիը որ բռի ձևով քիչ էր մնում պ. Մարուքեի բերանը մտներ, այնքան մոտ էր կանգնում նրա երեսը սափրելիս։ Կամ այդ հինգ-հարկանի շենքը, որտեղ ասում են մի փոքրիկ սենյակ կա՝ «Մութ տեղը», որտեղ մտնողի աչքերը մթնում էին սարսափից։ Սրանք էին նաիրյան այդ քաղաքի հրաշալիքները։ Անվանումներն էլ հենց այնպես չէին ընտրված։ Աբոմարշը օրինակ կարծես պահպանողականությունն էր քննադատում թե՛ իր անվանմամբ և թե՛ գունավոր հագուստ վաճառելով, որը գրեթե ոչ ոք չէր գնում։ Ըստ Չարենցի à bon marché նշանակում է «բարի գալուստ», սակայն իրականում այն նշանակում է «էժան»։

Պահպանողակա՞ն թե՞ լիբերալիստական հասարակություն

Աբոնմարշի նման մեկ այլ օրինակ էր օրիորդ Նվարդի կարճ մազերը, որ ծաղրի առարկա էր և հասարակության կողմից անընդունելի։

Իրավապաշտպան Նվարդ Մարգարյանը Թագուհի Ղազարյանի հետ իր զրույցում ուշադրություն է դարձնում նաիրցիների իրավունքների ոտնահարման վրա, և հատկապես կանգ առնում կանանց իրավունքների պաշտպանության թեմայի վրա։ Նախ, կանայք միայն սպասարկման ոլորտում էին գործունեություն ծավալում, որևէ պաշտոն կամ կարևոր գործառույթով  չէին զբաղվում։ Շատերը ծաղրի առարկա էին դառնում, որը փաստում է նրանց մականունները օրինակ շիկահեր Դդումը։ Միայն վերջում օրիորդ Սաթոն կարծես մտնում է քաղաքական ասպարեզ, բայց նորից նրան ուղղակի համարում են սուտ լուրեր տարածող։ Մազութի Համոյի աղջիկ Սևաչյա Պրիմադոնան է ասպարեզ գալիս, բայց նորից ոչ մի լուրջ բան չի անում, ուղղակի օգնությունն է հավաքում կամավորների համար, որ ֆրոնտ ուղարկեն։ Այսինքն Նաիրյան այս քաղաքում կանաց դերը մեծ չէր։

Մեկ այլ հանգամանք էր նաիրյան այս քաղաքում հասարակության անհավասարակշիռ երկբևեռությունը։ Մազութի Համոն իր համախոհներով մի կողմում, որ գերակշիռ մեծամասնություն էր կազմում, պ Մարուքեն, Կարո Դարայանի և օր. Սաթոն մի կողմում։ Վերջիններս, եթե ժողովների ժամանակ մի բան հակառակվեին, ամբողջ հավաքվածները մանկամտություն և  դավաճանություն կորակեին նրանց մտքերը։ Քիչ կմնար, թե վրա հասնեն և մի լավ դաս տան նաիրյան մտածելակերպին հակառակվողներին։ Նման մի իրավիճակ էր, երբ Մազութի Համոն ժողովներից մեկի ժամանակ նշեց մի փաստաթղթի մասին, որով կայսրությունը մեծ պլաններ էր կապում Նաիրիի հետ։ Երբ Կարո Դարայանը խնդրեց ցույց տալ այդ փասթաթուղթը, բոլորը կարծես ապշեցին, թե ինչպես կարելի է չհավատալ Մազութի Համոյի ասածին։ Ինչպես կարող է չլինել Ցարի փաստաթուղթը։ Այսինքն ունենք միակենտրոն հասարակություն, որտեղ երկրորդ կարծիք գոյություն ունենալ չի կարող և չի ընդունվի ոչ մեկի կողմից։ Ոչ ոք չէր կարող Մազութի Համոյի խոսքը կասկածի տակ դնել։ Բոլորը առանց որևէ ներքին կասկածանքի լսում էին նրան։ Այսինքն անձի շուրջ էր ձևավորված հասարակությունը, բոլորը հալած յուղի տեղ ընդունում էին նրա ասածները։ Բոլորին դուր էր գալիս հաճելի մտքեր լսելը՝ թեկուզ անիրական և սուտ։

Այս հասարակությանը դարձել էր շատ անտարբեր։ Եթե նույնիսկ լսում էին լուրերը որ թշնամին հասել է իրենց դարպասներին, միևնույն է՝ ոչինչ չէր փոխում։ Նրանք այդ մասին չէին խոսում իրենց գործը չէր, չէին խառնվում ներքին գործերին։ Լսում էին հայտարարություններին, որում ասում էին խուճապի մի մատնվեք։ 

Բամբասանքները

Նաիրյան այդ քաղաքում ներքին ընտանեկան և քաղաքական բամբասանքները հիմնականում նշվում են վեպի սկզբնական հատվածում։ Դրանցից են. բժշկի կնոջ ինքնասպանությունը, Մազութի Համոյի ընտանեկան բարդ պատմությունները, հետագայում Կարո Դարայանի սպանությունը։ Նման տարբեր առեղծվածեր են պտտվում քաղաքի խոսակցություններում, սակայն, կարծես, մի որոշ ժամանակ, ոչ մի հին կամ նոր ներքին թեմա չի արծածվում։ Մինչև օր. Սաթոյի կողմից տարածված իբրև զինվորական բանտից գավառապետի ուղարկած նամակը Մազութի Համոյին, որտեղ տրվում է բոլոր այդ հին առեղծվածների պատասխանները։ Հետաքրքիր է Մազութի Համոյի դեպքը, որ առերեսվում է երկու իրողության. մի կողմից կնոջ դավաճանությունը սպայի հետ, մյուս կողմից՝ ազատագրական գաղափարները։ Երկրորդը այնքան է տանում Համոյի միտքը, որ նա աչք է փակում ականատես եղած այլասերության վրա։ Կարևոր կետն այստեղ այդ ընտանեկան և քաղաքական գորշ վիճակների միաձուլումն է Մազութի Համոյի մտքերի շուրջ։ Այնպես ինչպես Մազութի Համոն իր քթի տակ եղած հայրեիքը նաիրյան չէր համարում (Նաիրին հեռվում էր` Էրզրումում), նույն կերպ էլ աչք էր փակում ընտանեկան անախորժության վրա։ 

․․․Այո՛: Ո՞րն էր- «Նաիրին»…

Նա այնտեղ էր- Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջյուրներին… ներողություն՝ պոզերին նստած. սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե»․․․

Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին- ընտանեկան ամենասովորական… պոզերի

․․․չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար. ուղեղում տիեզերականն էր, նաիրյանը․․․

Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը. ուղեղում, հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեն- երկրայինը.- կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները- գաղթականներ… Բասեն:

Համոյի ճառերը

Մազութի Համոն բազմիցս հանդես է գալիս նաիրյան հասարակությանը իր ճառերով։ Ճառերի ընթացքում նա մանրամասն ներկայացնում է, որ հասունացել է ազատագրական պայքարի պահը։ Պատերազմը հարմար առիթ էր Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթներն ազատագրելու համար։ Համոյի բոլոր ճառերի հետապնդող նպատակը մեկն էր՝ Նաիրիի ազատագրելը, բայց որտե՞ղ էր Նաիրին։ Ո՛չ, Նաիրին այդ քաղաքը չէր, այդ երկաթուղու սկզբնակետը չէր։ Նաիրին սահմանից այն կողմ էր։ Նաիրին այն տեղն է, որտեղ երբևէ արարել է հայը։ Մազութի Համոն իր ճառի մեջ առաջ է քաշում  երկիր + լեզու = ազգ (Ոսկանյան,  2012) կոնցեպտը։ Օրինակ բերելով «Վերք Հայաստան»-ի Հառաջաբանի Կրեսոսի պատմությունը՝ ցույց է տալիս լեզվի կարևորությունը։ Ասում է, թե Ասորեստանի ու Բաբելոնի նման տերություններն են եղել մեր ոսոխը, որ հիմա չկան։ Եվ երբ հասնում է այն հատվածին, որ ասում է հանդիսատեսին, թե որն է Նաիրին մինչ օրս, ասում է. «Նաիրին ես էի, դուք էիք…»  (Եվ այդ մեկը դու ես, և այդ մեկը դու ես…)։ 

Չարենցը հեգնանքով նշում է, թե երևի Վահան Տերյանը հենց Մազութի Համոյից է վերցրել այս  տողերը.

«Եգիպտական բուրգերը փոշի կդառնան,

Արևի պես, երկիր իմ, կվառվես վառման»։

Հակոբ Մովսեսը «Երկիր Նաիրի» մասին հազրցազրույցում նշում է.

Համոյի նման ճառ ասողները շատ են, բայց մնացին պատմության գնացքի տակ։ Նա հայրենասիրական ճառեր էր ասում, բայց մազութ ծախում թուրքին։

Հայրենասիրության պաթոսն ու ճոռոմաբանությունը կործանեց հայրենիքը։

Եթե չես ուզում վերացական վերլուծություններ անել կեղծ հերոսական էջերի ոգեկոչման մեջ, պետք է դիահերձի պես մոտենալ. փորոտիքից մինչև ուղեղ հերձել նոր պատմական օրգանիզմի մասին դատողություններ անել։

Մազութի Համոյի համեմատությունը Հիսուսի հետ

Հայերը Հիսուս Քրիստոսին վերաբերվել են այնպես, ինչպես Չարենցը Մազութի Համոյին։ Հայ քրիստոնեական ընկալման մեջ իշխում է կրկին առասպելաբանությունը։ Երևի նրանից է գալիս, որ հայերը Քրիստոսին ընդունեցին կերպար, որը կապված է հրաշքների հետ և անընդհատ պահանջում են, որ Աստված նրանց պահի պահպանի և երբեք չեն մտածում որ նրանք էլ իրենց Աստծուն պետք է պաշտմանեն։ Այդ պատճառով Մազութի Համոն դարձավ Երկիր Նաիրիի Հիսուս Նազովրեցի (նշում է Հակոբ Մովսեսը)։

Պատերազմ

Երկրորդ գլխից սկսած վեպի առաջին հատվածում պատկերված առօրյա կյանքը գրողը թեքում է դեպի քաղաքական-գաղափարական դաշտ։ Երբ լսում են պատերազմի գույժի մասին, խառնաշփոթ է տիրում քաղաքում։ Ոմանց համար այդ թվում նաև Մազութի Համոյի, այն արագ վերածվում է առևտրով զբաղվելու առիթի։ Նույն Մազութի Համոն այն ազատագրական պայքար սկսելու սկիզբ է համարում։ Քաղաքի հոգևոր առաջնորդը՝ Խաչագողը, այդ պայմաններում մի ելույթ է ունենում, որտեղ Նաիրիի պատմության մեջ եղած բոլոր անհաջողությունները բարդում է դավաճանների՝ վասակների վրա։ Նրանք են եղել մեր տունը քանդողը։ Եվ նշում է, որ սա մի նոր Ավարայր է, մի նոր Վարդանանաց պատերազմ (…սա մի նոր Սարդարապատ է…)։ Եվ երբ նույնիսկ գիտեին, որ (Hanibal ad portas) թշնամին մոտենում է մեր դարպասներին, խուճապ չառաջացնելու նպատակով ասում էին, թե միևնույն է թշնամին պարտվել է։

Անկախ տեղական կոմիտեի հայտարարություններից և հրամաններից քաղաքը նոսրանում էր։ Եվ ահա, եթե նախկինում թշնամուն էին թերագնահատում, հիմա նաիրյան բանակներն են սարսափահար նախիրների նման փախչում։ 

Կենտրոնի ժողովուրդը վաղուց լքել էր Լոռիս-Մելիքյան փողոցը։ Առաջինը Մազութի Համոյի ընտանիքն է լքում քաղաքը։ Նաիրցիները հեռանալուց առաջ այրում էին իրենց տները։ Քաղաքում ծայր էին առել հրդեհներ, այրում էին տներն ու խանութները, որ ոսոխին չմնա։ Նաիրցիներն անում էին այն, ինչ նաիրասիրական բարձր զգացմունքն էր դրդում։ Տեղական կոմիտեն քայլեր է ձեռնակրկում.

  1. Գերագույն միջոցները ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար,
  2. Վերջ տալ հրդեհներին,
  3. Արգելել քաղաքից հեռանալը,
  4. Արգելել գնացքների երթևեկությունը։

Հեգնանք

Չարենցը շատ է օգտագործում հեգնանքը վեպում։ Նախ ոչ մի տեղ չես հանդիպի հայ կամ Հայաստան բառերը, փոխարենը չափից շատ տեղի ու անտեղի օգագրծվում է հենց նաիրի բառը։ 

  • նաիրյան օղի 
  • նաիրյան քիթ 
  • նաիրյան ոգի
  • նաիրյան կնիք 

Տարբեր առարկաներ, երևույթներ, ու տերմիններ Չարենցն անվանում է նաիրյան։ Այսպես նա խուսափում է առարկանների «հայկականացումից» իսկ տարածքային առումով իրական և պատմական «Հայաստանների» եզրույթից։

Ի՞նչ կամ ու՞ր էր ի վերջո այդ Նաիրին

Երրորդ մասում Չարենցը փորձում է փնտրել, հասկանալ, թե որն է այդ Նաիրին։ Բառի քերականական վերլուծություն անելուց ասում է, թե գոյական չէ Նաիրին, մազութի-համոյական է։

Նաիրցիները ուզում էին միանգամից ազատագրել Մեծ Հայքը և անկախանալ ու ստեղծել ապագա Նաիրին։ Այդ ազատ անկախ Նաիրին, այնտեղ էր սահմանից այն կողմ ներկայիս տարածքը ոչինչ էր։ Հեռվում է ՆԱԻՐԻՆ, «… ապագա ազատ ու անկախ անկաշկանդ Նաիրին… » ասում էր Մազութի Համոն։ Հնամյա Նաիրին, որ «… Գերության տիրաններում տառապում էր դեռ … »։ Նաիրցիների աչքերին հեռուն էր նրանք չէին տեսնում, չէին նկատում իրենց առօրյան՝ Լոռիս-Մելիքյանի փողոցը։ Մոռանում այն ամենն ինչն իրենց քթի տակ էր գտնվում։ Սահմանից այն կողմ էր Նաիրին, այս կողմը ջնջված էր։ Գալիս է 1914-ի դեկտեմբերը։ Թշնամուն կոչում էին Զառամյալ, Հավիտենական Հիվանդ, Մահամերձ, Թափթփուկ .. Սոխը պիտի մեզ օգներ, բայց դավաճանեց։ Հույսը դնում են առասպելների կամ սոխի (ռուսի վրա)։ Դեռ մի հատ էլ զարմանում են, թե ինչու ռուսը չէր անհանգստանում, չէր մտածում Նաիրի երկրի մասին։ Ահա մեծախոս էր ազգը, մտքի ծերով էլ չէր անցնում, որ կգա 1918 փետրվարյան հեղափոխությունը, և բոլոր նաիրյան երազանքները հօդս կցնդեն։ 

Ի վերջո գալիս ենք այն ցավոտ մտքին , թե արդյոք Շուշին Նաիրի էր, արդյոք դեռ նաիրյան հոգին է մեր մեջ, դեռ դասեր չենք քաղում անցյալից ու շարունակում ենք մեր նաիրյան կյանքը, նաիրյան երազանքներն ու նպատակները։ Չենք կարողանում ռեալ գնահատական տալ իրականությանը, պատրաստվել վատագույնին, փորձել պահել եղածը, գոնե ժամանակվոր սպանել մեր միջի նաիրցուն։ (Համեմատելուց ևս մեկ անգամ հիշենք որ այն ժամանակ անկախություն չկար և մենք կայսրության մի մասն էինք կազմում)։

Ի՞նչ է Նաիրին ըստ հեղինակի (ամփոփում)

Այսպիսով նաիրյան քաղաքի բնակիչների կյանքը, նրանց մտածելակերպն ու սովորույթները քննարկելով հասկացանք, թե ինչ հիմնական խնդիր կար և միգուցե դեռ կա հայության մեջ, որը ցավոք հայրենասիրական այդ մտքերին հակադիր տանում է կործանման։ Նաիրցիներից և ոչ ոք չէր ուզում առերեսվել ճշմարտությանը, մտածել և գործել սթափ՝ հաշվի առնելով իսկությունը, հետևանքները և սպասելով վատագույնին։ Չէին մտածում պահել եղածը մտածում էին եղածը թողած այն աներևական, անտեսանելի հայրենիքի մասին։ Գրավելու և հետ բերելու կորցրածը, եղածը դե կա ու կա։

Բայց ինչ ենք ստանում արդյունքում՝ ընկնելով ականջին հաճելի մտքերի հետևից, անտեսելով իրականությունը, հաշվի չառնելով հետևանքները, փշրվեցին թե՛ անիրատեսական երազները և թե՛ ունեցածն ու եղածը։

Եվ իրոք, Նաիրին ուղեղային մորմոք է, սրտի հիվանդություն։ Հենց սա նկատի ունենալով է Չարենցը, ըստ իս, նման հատկանիշներ վերագրում  Նաիրիին։

Դժվարանում է Չարենցը պատասխանել թե ի վերջո ինչ է այդ Նաիրին կամ որտեղ է։ Գալիս է այն եզրահանգման, որ Նաիրին Մազութի Համոյի ուղեղային մշուշն է … Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքը, ուր են վերջապես այդ կերպարներն ու տեղանքները ինչպես օրինակ Առաքելոց եկեղեցին.  չկան մշուշ են դարձել, ցնդել։ Նաիրցին նա է, ով ապրում է երազելով երբեմնի պապական հողերի մասին, նա, ով այդքան չի մտածում իր ունեցածը շենացնելու, պաշտպանելու և պահպանելու մասին, որքան Սասուն, Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան հասնելու մասին։ Երազները մի կողմ պետք է թողնել։ Միևնույն է եթե նույնիսկ երազները չդադարեն տանջել գոնե հետ գալ դրանց միայն այն ժամանակ, երբ հիրավի շենացրել ես ունեցածդ (մնացածը), կարողացել ես պահպանել, հզորացնել և պատրաստ ես մարտահրավերների։


Աղբյուրներ

  1. Չարենց, Ե․ (1924) «Երկիր Նաիրի», Վերնատուն (2022), 

      2. Դվոյան, Ս․ (2021)  «Երկիր Նաիրին կենցաղի և քաղաքականության միջև», Ա. Հովհաննիսյանի անվան հումանիտար հետ. ինստիտուտ

      3. Ոսկանյան, Ա. (2012) «Չարենցի ժամանակը», «Արտերիա»

     4․ Ղազարյան, Թ։  (2022) «Երկիր Նաիրի» շարք Վերցված  2023թ․ մայիսի 15-ին 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *