Անահիտ Ղազարյան | Եղինջ, դողէրոցք, մամուռ

Էդ նման էր իմ ներսի ջրվեժի դեպի հետ հոսելուն։ Կտրուկ։ Անհրավեր։ Անասելի թափով ջրի տարափ։ Ստամոքսից դեպի գլուխ շառաչ։

Հետ հրեցի հեռախոսը՝ որպես լուռ լրաբեր, որպես խոստումների տրցակ, որպես տեքստ, որ հայտնվում ա էկրանին. սուր որ հատում ա իմ որոշումը։ Փակեցի բռունցքներս։ Միտքս մնաց ափում սեղմված, անշարժ։ Մի՛տք, մի՛ փորձիր հետ գնալ ու մի՛ փորձիր առաջ անցնել։ Կանգ առ։

Եղինջ

դողէրոցք

մամուռ

———–

Ի՞նչ է ընդմիջվող ամրապնդումը (Intermittent Reinforcement)։

———–

Հունվարի 20, երեքշաբթի, 2026

Օրագրումս գրեցի՝

Սիրո մեջ չկա երաշխիք։ Անահիտ։ Չկա։ Սերը չեն գուշակում։ Վազն անցի։

Մի ուզի հասկանալ։ Սերը չեն հասկանում։ Սերը հասկանալուց առաջ ա։

———–

Ընդմիջվող ամրապնդումը տեղի է ունենում, երբ պարգևատրումն ու պատիժը կիրառվում են ոչ թե հետևողականորեն, այլ անկանխատեսելի կերպով։ Հարաբերություններում սա արտահայտվում է այն դեպքում, երբ զուգընկերը հերթագայորեն ցուցաբերում է ջերմություն ու սառնություն, քնքշություն ու անտարբերություն կամ դաժանություն՝ առանց որևէ հասկանալի օրինաչափության։
———–


Շուրջս առարկաներ են։ Առարկաների միջև ինչ-որ լուռ հարաբերություն։ Թեյնիկը պարտավո՞ր ա բաժակին, թե՞ թեյնիկը ուղղակի կա որպես տեղ, ուր կհանգրվանի ջուրը, թե ուզի։ Պատուհանից նայեցի՝ ճանապարհներին, ծառի ճյուղերին ձյուն ա նստում։ Սպիտա՜կ փոշի։ Մոռացի, որ հալվելու է։ Ընդունի, որ մնալու ա, որպես կոշտ մակերես։ Որպես համատարած սպիտակություն։ Որպես համատարած փոշի՜։

———–
Այս գաղափարը ծագում է Բ․ Ֆ․ Սքիների օպերանտ պայմանավորման հետազոտություններից (1956 թ․)։ Հարվարդում անցկացված իր հայտնի փորձերի ընթացքում Սքիները հայտնաբերեց մի հակաինտուիտիվ երևույթ․ այն առնետները, որոնք պարգև էին ստանում անկանխատեսելի ժամանակացույցով, լծակը սեղմելու հանդեպ դառնում էին ավելի մոլեգին, քան նրանք, որոնք պարգևը ստանում էին կանոնավոր կերպով։ Հետագա ուսումնասիրությունները (Ամսել, 1958 թ․) հաստատեցին, որ ոչ կանոնավոր ամրապնդմամբ ձևավորված վարքը չափազանց դժվար է վերացնել։
———–

Տնից դուրս եկա, քայլեցի։ Սպիտակ սպիտակի վրա։ Ես հետքեր եմ թողնում կոշտ մակերեսին։

Ես էդ կոշտ մակերեսն եմ։ Իմ վրա հետքեր են մնում։

Հասա աղբամաններին։ Բազմամթերք… չպլանավորած հանդիպում իրերի, որ կիսում են տունը՝ փոս-աղբաման։

 Իմ տուն, իմ փոս։

Հիշեցի հոգեբանիս ասածը՝ «Եթե երկու կողմերից մեկը ուզում, իսկ մյուսը չի ուզում, միշտ հաղթում ա չուզելը»։

———–
Ի՞նչ է սա նշանակում հարաբերությունների դեպքում։ Երբ զուգընկերոջ սերը դառնում է անկանխատեսելի, մարդը չի հրաժարվում այն որոնելուց, այլ հակառակը՝ ավելի մեծ ջանք է գործադրում։ Նա դառնում է գերզգոն, անընդհատ վերլուծում է զուգընկերոջ տրամադրությունը և փոխում իր վարքը՝ հուսահատորեն փորձելով արժանանալ նրա հավանությանը։
———–

Ծանր թվաց էդ միտքը՝ «միշտ հաղթում ա չուզելը»։ Չուզելը որպես հաստատ ուժ, որպես փակ որոշում, որպես աղյուս մտքի։

Բառերը քյարփինջներ, որ բթացնում են զգոնությունը։ Որտեղի՞ղ կգա վտանգը, եթե վստահ ես, որ վտանգը կա։

Վտանգը կա ու գալիս ա։

———–
Ինչպե՞ս է դա գործում հարաբերություններում։
———–

12 սեպտեմբերի, ուրբաթ, 2025

Կա խաղ ու պայման խաղի, որն ընդունում եմ. խաղի կեսից սկսում եմ կանոնից բողոքել։ Ինչի՞ ինքնակամ ընտրել կասկածով ապրելու ճանապարհը։ Ինչի՞ ինքնաքամվել։ Ընտրել տառապելը։ Փորձել խուսանավել։ Ինքնահամոզել։ Խի՞ Անահիտ։ Ինչի՞ էլի։ 

Մոտիկություն – ոչ մոտիկություն անցումից յանս տանում ա։

Ես դժվարանում եմ տարբերակել։ Մոտիկությունը մոտիկությո՞ւն ա, թե՞ մոտիկության կարոտ։

Ես ընտրեցի նայել դիմագծերիդ քթից քիթ հեռավորությունից։ Մատս սահեցնել դեմքիդ փոսիկներով։ Իմ բիբերը չընտրեցին, ուղղակի քեզ կուլ տվեցին։
Հիմա մի առաջարկի հեռուն որպես ապահով այլընտրանք։ Ու հետո մոտ մի արի։

Որովհետև ես դժվարանում եմ տարբերակել՝ մոտիկությունը մոտիկությո՞ւն ա, թե՞ մոտիկության կարոտ։

Ինչի՞, որոշեցի գնալ էդ անտեր միջոցառմանը. հետո եղավ ներքին ուշաթափություն։ Կամ պետք ա հանրային վայրերում չհանդիպեմ քեզ, որ չփորձառեմ հեռավորություն։ Կամ պետք ա հրաժարվեմ մոտիկությունից, որ հետո հեռավորություն խաղալիս սկոռըստըս կարողանամ փոխել։

———–
Շրջափուլ․ 

Սովորաբար գործում է «տաք–սառը» ռեժիմով․ սկզբում լինում է սիրո և ուշադրության ինտենսիվ դրսևորում (love-bombing), որին հաջորդում է հանկարծակի հեռացում, արժեզրկում կամ հուզական բռնություն։
———–

Սիրո արձակուրդ ձմեռվա մեջ, որ միջնորդավորված ա լռությամբ ու կասկածով։ Եղինջ, դողէրոցք, մամուռ։ Իմ տնից քո տուն ճանապարհը գորշ անկում ա դեպի վստահություն միասին լինելու։ Թունավոր հույս։ 

Ծույլ, երազկոտ միտք. դու այն չես, ինչ ցույց ես տալիս, դու այն չես, ինչ կարող ես լինել։ Ես գուշակում եմ քո սերը։ Մի ծխիր քո քնքշությունը, իմ սրտի գայլ։ Տուր ինձ։ Ինձ տուր։ Իմ սրտի փուշ, ծաղիկ, որ աճել ես իմ տնից քո տուն ճանապարհի գորշության կենտրոնում։ Հույսի բռնկման վայրկյանին գորշը նահանջում, ու մնում ա կարմիրը։ Իմ կարմիր, իմ կարմի՜ր-կարմի՜ր։

———–
Տրավմատիկ կապ (Trauma bonding)։

Բռնության և երբեմն, անկանխատեսելիորեն դրսևորվող բարության խառնուրդը ստեղծում է «տրավմատիկ կապ»։ Տուժողը սկսում է մոլեռանդորեն սպասել հաջորդ «պարգևին» (բարյացակամությանը)՝ հույս ունենալով վերադառնալ հարաբերության սկզբի երջանիկ փուլին։
———–

19 դեկտեմբերի, ուրբաթ, 2025թ.

Տարին դանդաղ ավարտվում ա։ Ես շատ հաճախ եմ գրելու կարիք ունեցել վերջին շաբաթներին։ Երեկ իմ կարմիր բազմոցին նստած խոսում էինք։ Փորձում էի բացատրել՝ ինչ եմ զգում քո հանդեպ։ Ինչ եմ ուզում, ինչի եմ անդադար քեզ վերադառնում։ Նադիան ասեց՝ «ամեն հաջորդ անգամ պակաս ուժեղ ա ցավում, չէ՞»։

Ուժեղի ու պակաս ուժեղի արանքում ցավ բառը ո՞նց տեղավորեմ։ Ամեն հաջորդ անգամը իմ ներսում սար ու ձոր ա աճացնում։ Սարի գագաթին ու ձորի հատակին։
Գագաթն ու հատակը ապրելու տեղե՞ր են։

Իսկ հաջորդ անգամը ժամանա՞կ ա։

Ե՞րբ ա հաջորդ անգամը։

———–
Ուղեղի քիմիա։

Անկանխատեսելի պարգևատրումը ուղեղում առաջացնում է դոպամինի (հաճույքի և մոտիվացիայի հետ կապված քիմիական նյութի) ավելի բարձր մակարդակ, քան մշտական պարգևատրումը, ինչի հետևանքով այդ անկանխատեսելիությունը կարող է «արբեցնող» զգացում առաջացնել։ Ուղեղը սկսում է կախվածություն ձեռք բերել հեռացման «ցածր» փուլից հետո եկող «բարձր» զգացումից։
———–

Քայլում եմ կիլոմետրանոց ձմռան միջով։ Նայում եմ ծառերին ու թույլ տալիս, որ տերևները թափանցեն իմ մեջ։ 

Ինչի՞ քո հետ ունեցած ուրախության ժամերը դառնում են տխրության ամիսներ։

Իմ որոնումն ինձ կուլ ա տալիս։ Ես կուչ եմ եկել – զգացող բզեզ – քո վզի տակ, որպես ապրելու տեղ, որ պաշտպանվեմ քեզնից։

Որպես զգացող բզեզ
Սառել եմ վզիդ տակ,
Որ պաշտպանվեմ քեզնից։

Ինձ բաժին ա հասել թաքնվելը։
Ինձ միշտ բաժին ա հասնում թաքնվելը։


———–
Տարածված մեթոդներ։

Օրինակներից են՝ հանկարծակի անհետանալը (ghosting), որին հաջորդում է ինտենսիվ ուշադրություն, «breadcrumbing»-ը (այնքան ուշադրություն տալը, որ մարդը շարունակի կապված մնալ), ինչպես նաև gaslighting-ը՝ մարդու իրականության ընկալումը կասկածի տակ դնելը։
———–

15 հունվարի, հինգշաբթի, 2026

Ուզում եմ լռվեմ պահի մեջ։ Ուզում եմ քարանամ։ Իմ շարժումներն իմ դեմ են։ Իմ որոնումն իմ թակարդն ա։ Իմ արարքը դառնում ա ներքին դուշման։

Հոխորտացիր՝ դե՜, «Դու ուզեցիր», «Դու գրեցիր», «Դու զանգեցիր», «Դու եկար»։

Եթե «դու»-ն դառնար «ես»։ Եթե լիներ՝ «Ես գրեցի», «Ես զանգեցի», «Ես ուզեցի», «Ես եկա»։

Ես կասեի՝ մնա։

———–
Հոգեբանական հետևանքներ
———–

ԻՆՉԻ՞ հՈւՅՍԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԼԻՆՈւՄ։


ԻՆՉԻ՞ հՈւՅՍԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԼԻՆՈւՄ։


ԻՆՉԻ՞ հՈւՅՍԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԼԻՆՈւՄ։


Իմ հոգեբանն ասում ա՝ չի խաբում բառով, բայց ազնիվ էլ չի։

Վարպետում էինք։ Մարիան ասեց՝ սեքսը ցավազրկում, բայց չի բուժում։

———–
Կախվածությունից հրաժարում։

Տուժողները հաճախ զգում են, թե «կախված» են զուգընկերոջից՝ բաժանման ժամանակ ապրելով ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական ծանր վիճակ, որը նման է թմրանյութից հրաժարվելու ախտանիշներին։
———–

Ես չպիտի ապրեմ քո բառերի մեջ։ Ես վերադարձնում եմ քեզ շաքարը։ Ու պահում եմ ինձ դառնությունը։ Որ ուղեցույց ունենամ։ Ես պարտավոր եմ վերաձևակերպել հիշողությունը։ Քո երազը չպիտի դառնա իմ երազը։ Քո անկարողությունը իմ անկարողությունը չի։ Ես չեմ կարող ընդունել կասկածը քո, ես չեմ կարող քո կասկածը դարձնել իմ կասկածը։ Ես հրաժարվում եմ կասկածել սերը։ Ինձ մի թող քո վախի հետ։ Ես հրաժարվում եմ վախենալ քո վախը։

Սառույցը չի հալվում։ Մի խաղա, խնդրում եմ, մի խաղա, որովհետև դու լավ խաղացող ես ու որովհետև ես հավատում եմ խաղին։

———–
Տագնապ և գերզգոնություն։

Հարաբերության մշտական անկանխատեսելիությունը նյարդային համակարգը պահում է մշտական լարված վիճակում, ինչը հաճախ բերում է տագնապի, դեպրեսիայի և քրոնիկ սթրեսի։
———–

Իմ մուշտակն ընկած ա էդ աթոռակին։ Իմ մարմինը ընկած ա էս ու էն կողմ։ Լույսը չի հասնում։ Վարագույրը կախված ա ապակու ճիշտ դիմաց։ Լույսն առատ ա վարագույրի ու ապակու արանքում։ Ու միայն այդքանը՝ ապակու ու վարագույրի արանքում։

Քո մասին իմ պատկերացումը միշտ հաղթում ա քո ֆիզիկական գոյությանը։ Ես քեզ լավ եմ մտածում։

Թուրքերենի դասի ժամանակ էր, որ իմացա, որ well բառը բացի «լավ»-ից նշանակում ա նաև ջրհոր։

Իմ ներքին ջրհորներից քեզ անդադար հանում եմ ու հորինում։ Ու ինչի՞ չի ցամաքում քո ջրհորը իմ մեջ։
 

———–
Ինքնամեղադրանք։

Տուժողները հաճախ իրենց են մեղադրում՝ հավատալով, որ եթե ավելի «ճիշտ» վարվեն կամ փոխեն իրենց պահվածքը զուգընկերը կրկին կդառնա սիրալիր։
———–

Մի խաբի քեզ, Անահիտ, խնդրում եմ, ազնիվ եղի, մի ձևացի cool, մի արա բաներ, որ քեզ հարմարեցնես, տեղավորես։ Մի բանակցի քո կարիքը։

Ինչքա՞ն կարելի ա նույն ժավել-գետը մտնել։ Քանի՞ տարի շարունակ։ Ո՞նց ա էդ հույսը տենց տոկուն։ Ո՞նց ա սրտի-մտքի տեսողությունը էդքան ինքնախաբող։ Ո՞նց եմ թակարդվում ամեն անգամ։

———–
Ինքնության կորուստ։

Ժամանակի ընթացքում մարդը կարող է կորցնել ինքնության զգացումը, անտեսել սեփական կարիքները և մշտապես զգուշանալ՝ փորձելով խուսափել կոնֆլիկտից։
———–

Նստած էի քո բազմոցին։ Էլի դատապարտված ինքս ինձ բացատրելուն։ Զզվում էի ինձնից, զգում էի, որ մի քանի վայրկյան ու հեսա պետք ա բերանս բացեմ ու ինձնից դուրս բերեմ  ճանճեր՝ էլի տենց սեր մուրացող տեքստեր։ Նորից։ Նորից ու նորից։ 

Հարցրիր՝ «Ի՞նչ անեմ, որ քեզ լավ լինի»։

Շատ վիրավորական հնչեց։

Ասեցի՝ հարցն ինքնին սխալ ա։

Մտածեցի՝ գրողը տանի, հեսա հուզվելու եմ։
Ու որ հուզվեմ, բերանս կծռվի, շուրթերս կդողան, կգեշանամ։
Ասեցի՝ Անահիտ, տիրապետի քեզ, հետ քաշի արցունքներդ։

Ինչպիսի բարեգթություն։ «Ի՞նչ անեմ, որ քեզ լավ լինի»։

«Ի՞նչ անես, որ ինձ լավ լինի»։

Ասեցի՝

մենք շատ պարտավորություններ ունենք էս կյանքում,

ասեցի՝ 

ծնված օրից ներքաշված ենք հարաբերությունների մեջ,
որտեղ «պետք ա-ն նախապայման ա», կոչնակ, պահանջ, ապրելու սկզբունք, լինելու չափանիշ։

Ու սերը։
Իսկ սերը։
Հա, լավ, բա՞ սերը։

Սերը պարտավորից էն կողմ ա։

Մենք պարտավոր չենք սիրել։

Սեր չեն տալիս, որովհետև սեր ուզում են։

Ես—պարտավոր—չեմ—քեզ—սիրել։

Սիրում եմ։

Ու դու պարտավոր չես ինձ ինչ-որ բան տալ։

Ես ո՞վ եմ քեզ համար, դու ո՞վ ես ինձ համար։ Անծանոթ սի՞րտ, փորձառությունների կծի՞կ, իրադարձությունների կուտակո՞ւմ։ Ո՞վ։

«Ի՞նչ անեմ, որ քեզ լավ լինի»։

Սերը ուզելով չի առաջանում։ Սերը չեն ուզում։ Սերը ներսից դուրս հոսք ա։ Անհրավեր։ 

Երբ բացատրում եմ անբացատրելի, ենթադրվող զգայական իրականությունը, ինձ զգում եմ կորած։ Խուլ։ Անհեթեթ։

Իմ սիրած հայտնի տեխնո երաժշտության մեջ կա էս տողը՝
But if you’re not ready for love | How can you be ready for life?

Քարտեզն իմ ձեռքում,
Ես
Մոլորվում եմ։

Կորելը բնազդ ա դարձել։

Իմ մարմինը՝ անհանգիստ շարժիչ։ Իմ մարմինը գերի իմ հույզին։ 


Կենտրոնացի՛ր ներկայի վրա։

Նայի՛ր շուրջդ և անվանի՛ր՝

• 3 բան, որ տեսնում ես
• 2 բան, որ լսում ես
• 1 բան, որ ֆիզիկապես զգում ես

Սա օգնում է դուրս գալ սպասման կամ լարված վիճակից։



Իմ մտքի մեջ
Դիվանը քո
Անդադար սեղմում ա
Մաշկիս։
Դիվանը քո, որ փլվում ու հետ ա հրվում։
Որպես ուղեղային մորմոք։
Սրտի հիվանդություն։
Ֆիկցիա։
Միֆ։

Կավե թեյնիկը՝ սեղանիս։ Ինքնաբավ, անտառապանք։ Զուտ որպես գոյություն, որ կա ու դա հերիք ա։ Ու հնարավոր ա որ չլինի, ու երևի դա էլ ա հերիք։

Ու օրագիրը իմ՝ լի եղինջով։

Դրսում ինչ-որ մեկը գոռում ա՝ «ժավելի՜ սպիրտ»։

MORRISON-ը երգում ա՝
Why does my mind circle around you?

Էսքան սիրո ու հետ/սիրո
Արանքում
Ո՞նց չի կորում
Հավասարակշռությունը
Քո։

Ինչի՞ չես կրվում սիրուն, այլ կրվում ես վախին։

Ինչի՞ ես դու կանգնած, երբ ես ընկած եմ։

All your soft wild promises were words

Birds, endlessly in flight.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *