«Պերգամոնի զոհասեղանի ֆրիզում Գեան մինչև իրանը հողի մեջ է, ձախ ձեռքին առատության եղջյուրը բռնած՝ նա աղաչում է Զևսին գթալ գիգանտներին»։ Սա հին հունական առասպելական աստվածուհի Գեայի մասին է՝ ըստ Վիքիպեդիայի։
Զևսը, որն ինքն էլ դավադրությամբ է փրկվել իր հորից՝ Քրոնոսից, կոտորում է նրանց։ Քրոնոսը լափում էր իր զավակներին, որպեսզի իր իշխանությունը հավերժ լիներ, և զավակները չզբաղեցնեին իր տեղը։ Երբ հերթը հասավ Զևսին, Քրոնոսի երախը մի հսկա քար նետեցին, ու Զևսը փրկվեց…
Բանից պարզվում է՝ այս առասպելն էլ բավականին խորիմաստ է ու այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Այո՛, Քրոնոսը՝ ժամանակը (Քրոնոս, խրոնիկա՝ հենց ժամանակ է նշանակում), խժռում է իր զավակներին, մանավանդ «հեղափոխական» կոչված ժամանակները։
ՏՂԵ՛ՐՔ, ԱՐԵՎՈՐԴԻ՛Ք…
Հեղափոխությունը
գրգռված զանգվածների օրգազմն է,
որ պատմականորեն կարճ է տևում՝
ինչպես ճագարների մոտ…
Ու եթե մի լավ բան ծնում է՝
դա միայն պոետն է՝
հեղափոխական, միամիտ…
Կովկասից Չարենցի նետած դիսկերը
անցնում էին Մայակովսկու գլխավերևով
և գնում, կորչում
Աստծո բարկության սկավառակների մեջ,
որ իջնում են երկնքից՝ ըստ Հովհաննու…
Իսկ ինքը՝ Մայակովսկին,
որքան էլ որ բարձրահասակ,
կկոցած աչքերով մի մղոնից ավելի
հեռուն չտեսավ Futurum-ի մեջ —
մնացյալը մառախուղ էր…
Տղե՛րք, արևորդի՛ք,
էդ ո՞նց խաբվեցիք դուք… —
դուք չտեսա՞ք, որ ամեն հեղափոխություն
Գեայի ամսական արյունատվությունն է,
արտավիժում անպտուղ,
և վաղ թե ուշ նա՝ Գեան,
ուտելու է ձեր գլուխը,
զի վկաներն եք եղել իր շնանալու
փողոցների մութ անկյուններում…
«Բութը» ժողովածու, 2025 թ.
Այո՛, տվյալ դեպքում Գեան Քրոնոսի էգ տեսակն է, ավա՜ղ… Բայց մի ուրիշ խորհուրդ ունի գիգանտների կամ տիտանների՝ ընդդեմ Զևսի ապստամբության հարցը։ Ինչպես որ անկյալ հրեշտակը՝ Լյուցիֆերը, ապստամբեց Եհովայի դեմ՝ իրեն նրան հավասարազոր համարելով ու երկնքից ցած շպրտվեց, այնպես էլ տիտաններն ապստամբեցին՝ Օլիմպոս լեռան լանջերով վեր սողալով, որ գրավեն Զևսի գահը…
Աստվածաշնչի ու առասպելների շատ սյուժեների միջև նմանություն կա։ «Զուգադիպությամբ» Պրոմեթևսի պատժվելն ու ժայռին գամվելը նման է Քրիստոսի խաչելությանը. նրա լյարդի կտցահարումները՝ Քրիստոսի մարմնի խոցումներին՝ հռոմեացի զինվորների աշտեներով։ Պրոմեթևսը երկնային կրակը գողացավ աստվածներից մարդկանց համար, Քրիստոսը հրեղեն Բանը երկիր բերեց, որպեսզի դրանով մկրտի մահկանացուներին, ինչպես նախապես մարգարեացել էր Հովհաննես Մկրտիչը։
Նմանություն կա նաև նրանում, որ, տիտանների նման, առ Աստված վեր սողոսկելու փորձ կա նաև Աստվածաշնչում. այստեղ էլ մարդիկ աշտարակ են կառուցում-բարձրացնում Աստծուն հասնելու համար։ Աստծուն բարձրանալ-հասնելու փորձեր լինում են նաև մի այլ՝ մետաֆիզիկական պլանի վրա. աշխարհի իմաստուններն ու հանճարները՝ փիլիսոփաներ, պոետներ և այլք, երբեմն գայթակղվելով, «Աստծուն հասնելու» փորձեր են անում հոգևորի հարթության վրա և… պատժվում։
Ես այս օրինակը հաճախ եմ բերել՝ Նիցշեի, Հյոլդեռլինի օրինակը, ովքեր այդ «հարթության» վրա պատժվեցին և խելագարվեցին… Իհարկե, սա հանիրավի ագնոստիցիզմի «գովազդ» կարող է համարվել, բայց իրականում անշուշտ այդպես է. հոգևոր պրպտումների մեջ չի կարելի «մարդկային, չափազա՜նց մարդկային» (Նիցշե) նկրտումներով անչափ խորանալ Անասելիի մեջ, որովհետև, նորից ըստ Նիցշեի, այդ վիհին երկար նայելիս… վիհն էլ կարող է քեզ նայել… Այդ մասին ես ակնարկում եմ Չարենցին նվիրված մի բանաստեղծության մեջ.
ՉԱՐԵՆՑ
Արևի խավարումը դիտել
մի տառապած կյանքի
մրոտ ապակու միջով։
Այստեղ աստվածներ մի՛ փնտրիր —
այստեղ միայն կուռքեր են արնածարավ,
ո՛վ զոհդ…
Եվ շուրջը՝ մանրեր, մանրե՜ր,
տիզերի պես խոր մխրճված…
Ու եթե պարզկա մի գիշեր
դու մագլցում ես դեպի Վեր՝
հիշի՛ր, որ ջանքն է դա տիտանի՝
ապարդյուն։
Եղի՛ր պարզապես
գողտրիկ սրինգի մի ծառա
Օլիմպոսի փեշերին։
Նայիր, նայի՛ր վեր, փշերից
արյունոտված ճակատդ բա՛րձր պահիր,
թեև ընդմիշտ կակազելու ես
Անհայտության ահից…
