Եվ պտտվում է այդ պատմության ժապավենը:
Ռ. Ֆիլյան «Անծանոթ ինքնակենսագրություն»
Նախաբան P/F-ի մասին
Պաչյանի բոլոր գրքերի մեջ P/F-ն առանձնանում է նրանով, որ գրքի գրեթե յուրաքանչյուր էջը մի առանձին պատմություն է՝ մի նախադասությունից մինչև մի քանի պարբերություն երկարությամբ: Պատմություններն իրար հետ չեն շաղկապվում, առաջին հայացքից, թերևս, այդպես է թվում, բայց մի քանի էջ կարդալուց հետո, եթե վերանանք տեքստի՝ տեքստ լինելուց, այն կարող ենք ժապավեն անվանել:
Վերհուշի ժապավենը
Ընթերցողի համար վաղուց արդեն գաղտնիք չէ փաստը, որ հեղինակը մեծ նշանակություն է տալիս այն ամենին, ինչը դադարում է գոյություն ունենալուց: Վառ օրինակներից մեկը Գետառ գետն է (էջ 16), որին առանձին անդրադարձեր ևս շատ են եղել: Պաչյանը զգացմունքայնորեն, թախիծով ու անսահման մեծ կարոտով է փոխանցում իր հիշողությունները ոչ միայն Գետառի, այլ նաև տրամվայների վերանալու, քանդված շենքերի, փոխված փողոցների մասին: Գրքի որոշ հատվածներ թեև չեն մատնանշում ինչ-որ իրերի կամ վայրերի փոփոխության մասին, ընթերցողին կռահել են տալիս: Օրինակ՝ 2015 թվականին սարյան-պուշկին խաչմերուկի ռոզա կրպակը շատ հավանական է, որ հինգ (նկատի ունենալով գրքի տպագրման տարեթիվը) տարի անց այլևս այնտեղ չէր լինելու՝ հաշվի առնելով վերջին տարիներին Երևան քաղաքի ուրբանիզացման և փոքր կրպակների անհրաժեշտության կորուստի մեծ արագությունը։ Պաչյանի գրածները կարդալով անգամ այն մարդիկ են կարոտ զգում, ովքեր ծնվել են քիչ թե շատ ժամանակակից Երևանում, որտեղ ո’չ Գետառը, ո՛չ տրամվայները տեղ չունեն: Նման գրվածքները կարծես միտում ունեն վավերագրելու նախկին իրերն ու դեպքերը՝ փորձ անելով դրանք պահել բոլորիս հիշողության մեջ, փոխանցել մյուս սերնդին կարոտախտի միջոցով, անգամ եթե այդ հինը չեն տեսել ու չեն ճանաչել: Հավանական է նաև, որ անցյալի մասին խոսելը, բացի անցյալը մոռացվելուց փրկելու միտումից, նաև փորձ է, բողոք-հորդոր-կոչ նրա որոշ մասնիկները հետ բերելու համար. խնդրում եմ վերադարձրեք տրամվայը Երևանին(էջ 98)։ Այսպիսով, առաջին ժապավենը նվիրվում է Վերհուշին՝ որպես առանձին գործող անձ, որպես ֆոտոնկարահանվելու և ալբոմներում պահվելու արժանի եզրույթ:
Երևանի ժապավենը
Ինչի՞ մասին են բոլոր վերոնշյալ վերհուշները, եթե ոչ Երևանի ու և այն ամենի, ինչ տեղի է ունեցել Երևանում ու Երևանի հետ? Այս գրքի մեջ գրեթե բոլոր պատումներն ու հերոսները տեղայնացված են, նրանք Երևանից են, երևանցի են, Երևանն ու Երևանի մի մասն են: Բայրոն փողոցում երկարաճիտ կոշիկներ են ճտքավորում(էջ 26), իսկ Բաբայան փողոցում 90-ականներին կատու էին վառում (էջ 43): Հետո շան մասին պատումին ենք հանդիպում, որը պատահել է Նալբանդյան փողոցում (էջ 28): Դեպքերը, որոնք իրարից խիստ տարբեր են ոչ միայն ժամանակային առումով, այլ նաև տեղային, ձգվում են Երևանի ողջ տարածքով մեկ՝ սքուերուանից մինչև Վերնիսաժ, մեծ ու փոքր փողոցներով՝ Աբովյան, Տերյան, Տպագրիչների, Ալավերդյան. Գուցե այսքանից հետո գիրքը կարելի է նաև Երևանի քարտեզագրման փո՞րձ անվանել: Ընդ որում, այս քարտեզում ոչ թե կոնկրետ կառույցներ, այլ կոնկրետ դեպքեր, զգացմունքներ ու հիշողություններ են ձգվում, որոնք երբեմն դժվար է տարբերել` իրակա՞ն են, թե՞ մտացածին, որովհետև դրանք հաճախ անհավատալի նկարագրություններ են ունենում: Գուցե որովհետև Երևա՞նն էլ ինքնին հրաշապատումների ու իրականի արանքում մեխված-մնացած քաղաք է:
Հայրիկի ժապավենը
Մինչդեռ հայ գրականության ընթերցողներս առավել սովոր ենք կարդալ մոր մասին ձոներգություններ, Պաչյանը դեռ շատ տարիներ առաջ իր գրականությամբ առաջ բերեց հոր կերպարը ու այնպիսի լուսաբանմամբ, որին դրանից առաջ հաճախ չէինք հանդիպի: Նրա բերած հակասական նկարագրությունները դեռ այն ժամանակ բուռն քննարկումների տեղիք տվեցին, որոնք էլ ի վերջո Պաչյանի համար ճանապարհ հարթեցին դեպի գրականության դասագրքեր: Տարիներն անցան, բայց Պաչյանը շարունակեց գրել հոր մասին նաև P/F-ում՝ լավ ու վատ պատումների միջոցով իր անկեղծությունն ու հիշողությունները մեզ փոխանցելով, որովհետև այստեղ այդ բոլոր գրվածքները ևս կապվում են վերհուշի ու կարոտի հետ քո հանդեպ հայրիկիդ հավատն ահռելի էր: ոչ ոք ինքնամոռաց չէր հավատացել քեզ (էջ 74): Պաչյանը գնալով ավելի ու ավելի շատ տեղ է հատկացնում հորը ժապավենների վրա: Եվ հիմա արդեն տպավորություն է, որ լուսանկարչական ապարատի դիտակետից նայելիս նա առավել ներողամիտ է, և կորել է ցանկությունը` վավերագրելու հոր բոլոր սխալները, հիմա նրան պարզապես պատկերելն արդեն հերիք է:
Արամը, Սև-ն ու Ֆիլը
Արամ Պաչյանը նույն ինքը Սևակ Թամամյանը (թող ների մեզ հեղինակը նման ճակատային մեջբերման համար, բայց այլընտրանք չգտնվեց), հաճախ է ինքն իր մասին գրում երրորդ դեմքով: Շատ հաճախ ընթերցողին դժվար է տարբերել, թե ով է Սևը, ով է Արամը: Այստեղ էլ որոշ պատումներում հեղինակը խոսում է երբեմն Սևի, երբեմն Արամի մասին:
սևը շատ ուրախացավ, որ էլի ստում է: (էջ 12)
հարգանքներով՝ սև կամ ուղղակի՝ արամ (էջ 98)
Ահա այս գրքում է, որ Արամին ու Սևին միանալու գալիս է նաև Ֆիլը, որին մի քանի էջերում հանդիպում ենք տարբեր դրվագներով:
սևը, որ չգիտեր ինքը հիմա սևն է, թե ֆիլը: ուրեմն սևը, որ չգիտեր՝ հիմա ինքը սևն է, թե ֆիլը՝ ուրեմն ֆիլը, որովհետև շատ էր ուզում ֆիլը լինել, թեև անվան տակ ստորագրում էր pach/fil և ոչ թե սև ֆիլ: (էջ 83)
Այս հատվածով կարծես թե բացվում է նաև գրքի վերնագրի գաղտնիքը: Փաստորեն, հեղինակը, ով առանց այդ էլ գտնվում էր իր իսկ երկու անձերի միջև, գտնում է իր երրորդ անձնավորմանը` առաջ բերելով մի հետաքրքիր եռանձնային համակարգ, որտեղ երրորդ անձնավորումը գտել է ոչ թե ինքն իր, այլ ուրիշ հեղինակի մեջ, ում գործերը պիտի որ շատ տպավորիչ եղած լինեն Պաչյանի համար՝ հաշվի առնելով թողած նման մեծ ազդեցությունը ու սերը, որը կարծես ինչ-որ անավարտ փնտրտուք դարձած լինի. փնտրտուք մի բանի, որը մնացել է անցյալում, անցյալում, որը իրենը չի եղել, եղել է Ռուբեն Ֆիլյանինը, բայց այդ անցյալի վերհուշն ապրելու թախիծը բաժին է հասել Արամ Պաչյանին:
ռուբենի ծննդյան օրը: ֆիլը արև շատ էր սիրում: (էջ 127): Ցավոք, ժապավենային ֆոտոապարատով սելֆի անելը հեշտ գործ չէ, այդ է գուցե պատճառը, որ մենք այդպես էլ չենք հասկանում՝ ով էր գլխավոր գործող անձը այս սուրբերրորդական համակարգում։
Եթե բոլոր ժապավենները միացնենք իրար
2003 թվականից Երևանում անց է կացվում «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնը, որին մասնակցում են մեկ րոպե տևողությամբ ֆիլմեր, որոնք նկարահանվել են մեկ կադրով: Եթե վերցնենք P/F-ը, վերցնենք մի տեսախցիկ ու հայտնվենք Երևանում, կինոփառատոնին մասնակցելու տարբեր ֆիլմեր կկարողանանք նկարել, իհարկե եթե Պաչյանը հեղինակային իրավունք տա մեզ՝ օգտագործել գրքի պատումները ֆիլմերի համար: P/F-ը կարճ ու ամփոփ ֆիլմերի շարք է, որոնք պատկերների պես դաջվել են հատ-հատ բոլոր էջերին, որոնք կենդանի ապրում են ամեն էջի վրա, ու որոնցից ամեն մեկն այնքան ամփոփ է, որ կարող է առանձին ֆիլմ դառնալ կամ գուցե առանձին վեպ: Ու ինչքան էլ որ դրանք առանձին պատումներ լինեն, ժապավենները, որոնցից մի քանիսը փորձեցինք նշել, այնքան շատ են ու այնքան սահուն են ձգվում գրքի միջով, որ հնարավոր չէ գիրքը վեպ չհամարելը:
1983 թվականին Վանաձորում ծնվել է Սևակ Թամամյանը՝ նույն ինքը Արամ Պաչյանը: Եթե նա օրագիր գրած լիներ մինչև գիրքը գրելու օրերը, ապա կարող էր վերցնել այդ օրագիրը, հանել էջերից տարեթիվ-ամսաթվերը ու անվանել այն վեպ, որովհետև P/F-ը ոչ այլ ինչ է, քան վեպ-օրագիր-հուշագրում-ֆոտոալբոմ-վավերագրում ևայլն, որտեղ գլխավոր հերոսը հենց ինքը՝ հեղինակն է, ով իր տարբեր անձնավորումների մեջ դեգերելով անցնում է ժամանակի ու տարածքի չափումներով, նայում ու տեսնում դեպքերը, իրերը, մարդկանց, զգացումները, որոնք եղել են ինչ-որ հստակ պահերի, ինչ-որ հստակ վայրերում, ինչ-որ հստակ մարդկանց հետ. որովհետև ամեն ինչ անցողիկ է, հիշողությունները վաղ թե ուշ մոռացվում են, իսկ հուշագրությունները ֆիքսում են բաներ, որոնք կարևոր են, որոնք երևի թե լավ կլինի չմոռանալ:
P/F-ը վեպ է՝ առանց տողատակերի ու հեղինակային պարտադրանքների, որովհետև էջերի վրա այնքան սպիտակ տեղ կա թողնված, որ կարելի է սեփական պատումներով ծածկել այն, ու անգամ ստանալ տողատակեր:
2025
