Սրբուհի Տյուսաբի գրականությունը հայրիշխանության ու մայրիշխանության արանքում
Այս հոդվածում ներկայացվելու է հայ առաջին կին վիպագիր Սրբուհի Տյուսաբի կենսագրության և գրականության սերտ առնչությունը։ Խնդրականացվելու է նրա գրականությունը միայն ֆեմինիստական կամ ազգայնական դիսկուրսների դիտանկյունից քննարկելը։ Ցույց է տրվելու գրողի ընտանեկան մոդելի արտացոլումը նրա վեպերում, ինչպես նաև առաջ է քաշվելու վարկած, որ Սրբուհի Տյուսաբը գրականությամբ փորձել է հաղթահարել ոչ միայն հասարակության հայրիշխանական համակարգը, այլև իր մոր իշխանությունն ու հեղինակությունը։
Նախաբան
Հայ գրականությանը քիչ թե շատ ծանոթ մեկին հայտնի է Սրբուհի Տյուսաբ անունը՝ որպես պոլսահայ հեղինակ, առաջին հայ կին վիպասան, որ թե՛ հրապարակախոսական, թե՛ գեղարվեստական հրապարակումներով հանդես է եկել կնոջ իրավունքների պաշտպանության հարցով։
Սրբուհի Տյուսաբը երեք վեպի հեղինակ է։ Նրա մուտքը գրականություն եղել է 1883 թվականին «Մայտա» վեպով, որին հաջորդել են ևս երկուսը՝ «Սիրանույշ» (1884 թ․) և «Արաքսյա կամ վարժուհին» (1887 թ․)։ «Մայտա»-ի լույսընծայումը մեծ աղմուկ հարուցեց․ այն դուրս եկավ զուտ գրական շրջանակների քննարկման տիրույթից։ Ահա՝ Հրաչեա ծածկանունով հանդես եկող ժամանակի մեկ այլ պոլսահայ գրող, հրապարակախոս Ռեթեոս Պերպերյանը գրում է․ «Արդեն ամենուն բերանն է ան, ու՞ր չխոսվիր նորա վրա, տանց մէջ, ճեմելեաց վրա, շոգենաւուց մէջ օրուան խօսքի առաջին նիւթն է.․․»[1]: Իհարկե, քննադատությունները անդրադառնում էին ոչ այնքան վեպերի գեղարվեստական հատկանիշներին՝ ոճ, լեզու, կերպարակերտում, որքան կենտրոնանում էին այն գաղափարների, արժեքների վրա, որոնք վեպերի միջոցով փորձում էր տարածել Տյուսաբը լայն հանրության մեջ։ Տյուսաբը բարձրացնում էր կնոջ՝ ազատ սիրո հիմքով, այլ ոչ թե ընտանիքի պարտադրանքով կնքված ամուսնության, տնից դուրս աշխատելու ու հասարակական դիրք ունենալու իրավունքի հարցերը։
Երկու թևի էին բաժանվում Տյուսաբի գրականությանը մամուլում անդրադարձողները. նրանք, ովքեր կարևորում էին հայ գրականության մեջ կին գրողի հայտնվելու փաստը, ինչպես նաև պաշտպանում էին կնոջ՝ տղամարդուն իրավահավասար լինելու գաղափարը, և նրանք, ովքեր դեմ էին այդ գաղափարներին՝ օտարամուտ ու անտեղի համարելով դրանք: Ամենաբուռն և հետևողականորեն արձագանքողներից մեկը Գրիգոր Զոհրապը եղավ. նրա՝ «Մայտա» վեպի մասին համանուն գրախոսականը լավագույնս արտացոլում է այն անհանդուրժող վերաբերմունքը, որ կար կնոջ ազատականացման խնդրի վերաբերյալ հայ իրականության մեջ 19-րդ դարում: Ըստ Զոհրապի՝ «..կինն ամուսին եւ մայր լինելէ անդին չ՛ունի դեր մարդկային կենաց մէջ, իւր գոյութիւնն այդ երկու պաշտօններով միայն կարդարանայ, մինչդեռ այր մարդն գերագոյն եւ վեհագոյն կոչում մ՛ունի, բաց ի ամուսին եւ հայր լինելէ, նա յառաջադիմութեան, նա ի կատարելութիւն մերձեցման դրոշակիրն է»[2]: Հետագա շարադրանքի մեջ, պահելով հանդերձ թերահավատ ինտոնացիան, Զոհրապն այնուամենայնիվ «թույլ է տալիս» կնոջը մուտք գործելու այլ ասպարեզներ, բայց միայն այն պայմանով, որ «… անտես չառնե իւր ամուսնական ու մայրական պարտաւորութիւնն»[3]: Զոհրապի մտավախությունն այն է, թե «Լուսավորութեան շաւղին մէջ հազիւ թեւակոխող մեր ազգին համար կը վախենք թէ մի գուցէ չափէն աւելի զորաւօր լոյս մի յանկարծակի վնասէ երկարատեւ մութին վարժուած աչքերու»: Հետաքրքիր է այս քննարկումներում հետևել «ազգ» բառի հաճախականությանը: Եթե Զոհրապի ու նրա համախոհների համար կնոջ ազատականացումը վաղաժամ ու վնասակար երևույթ էր համարվում ազգային կյանքի շահեկանության դիտանկյունից, ապա Տյուսաբի ու նրա համախոհների համար կրկին նույն ազգի շահն էր օրվա հրամայական դարձնում կնոջ ազատականացումը: Եվ խորքի մեջ Տյուսաբի ու Զոհրապի պատկերացրած ՛՛գործող կնոջ՛՛կերպարները խիստ տարբեր չեն: Տյուսաբի հերոսուհիներն էլ երբեք չեն անտեսում ամուսնական ու մայրական պարտավորությունները, ընդհակառակը՝ նույնիսկ չափազանց է շեշտվում մայրության նշանակությունը կնոջ կյանքում: Տյուսաբի գրականության այս առանձնահատկությունը ստացել է որոշակի բացատրություն. նրա թե՛ գրական, թե՛ հասարակական գործունեությունը մշտապես տեղադրվում է ազգայնական գաղափարախոսության դիսկուրսում, որտեղ կարևորվում է կնոջ մայրական ֆունկցիան՝ ազգի համար զավակ ծնող, խնամող ու կրթող: Սրբուհի Տյուսաբի և ընդհանրապես հայկական ֆեմինիզմի՝ 19-րդ դարի հայ ազգայնական շարժմանն ու արդիականացման պրոցեսներին պորտալարով կապված լինելու պատմությունն ու վերլուծությունը լավագույնս տրված է Վիկտորիա Ռոուի «Հայ կին գրողների պատմություն»[4] աշխատության մեջ: Մեր ուսումնասիրության համար արժեքավոր է հատկապես Ռոուի այն դիտարկումը, որ 19-րդ դարակեսի ու 20-ի սկզբի հայ կին գրողների գործերը ի վերջո նույնպես նպաստում են հայ կնոջ այնպիսի կերպարի ձևավորմանը, որում մայրությունը ամենակարևոր կողմն է դառնում: Այս դիտանկյունից Տյուսաբի գրականությունը հսկայական նյութ է տրամադրում. նրա վեպերը լեցուն են մորը, մայրական սերը փառաբանող մտքերով: Սակայն արժևորելով գրականությանը պատմաքաղաքական պրոցեսների պրիզմայով նայելու փորձը ու փաստորեն մի կողմից համաձայնելով Ռոուի հետ, մյուս կողմից՝ խնդրականացնելու եմ նրա ու ընդհանրապես մինչ այժմ Տյուսաբի գրականությանը տրված գնահատականը։ Նրա գրականությունը դիտարկվել է միայն որպես հասարակության հայրիշխանական մոդելը քննադատող ֆեմինիստական ակտ, այսինքն՝ այնպես, ինչպես հեղինակն ինքն է դիրքավորում իրեն։ Բայց քննելով մոր կերպարի կերտման առանձնահատկությունները Տյուսաբի տեքստում` ես այն համոզումն ունեմ, որ այս վեպերը եղել են հեղինակի ենթագիտակցական ձգտումը՝ ազատվելու նաև մայրիշխանությունից կամ մայրական ազդեցությունից։
Որպեսզի այս համոզումս հասկանալի դարձնեմ, պետք է նախ ներկայացնեմ Տյուսաբի հակիրճ կենսագրությունը, ապա դրա տարբեր տարրերի գեղարվեստականացումը իր վեպերում։ Ես վերապատմելու եմ վեպերը՝ ըստ դրանցում կրկնվող որոշ մոտիվների։ Վերջում, ի մի բերելով այդ ամբողջը, կամփոփեմ։
Կենսա-գրություն
Սրբուհի Տյուսաբը (Սրբուհի Վահանյան) ծնվել է 1841 թվականին Կոստանդնուպոլսում։ Հայրը՝Սարգիս Վահանյանը, մահացել է, երբ նա մեկ տարեկան էր։ Սրբուհուն և եղբորը մեծացրել է մայրը՝ Նազլը Վահանը, որը ժամանակի զարգացած ու ամենաազդեցիկ կանանցից է եղել։ Նա մեծ ներդրում է ունեցել 19-րդ դարավերջի արևմտահայ կրթական-լուսավորական շարժման մեջ․ հիմնադրել է «Սուրբ Հռիփսիմյանց» իգական վարժարանը և Աղքատախնամ տիկնանց ընկերությունը, օգնել է նաև որբանոցներին։ Այդ բոլոր գործերի մեջ Նազլը Վահանը միշտ ներգրավել է նաև իր դստերը՝ Սրբուհուն։ Նազլը Վահանը, ունենալով նյութական հնարավորություններ, ոչինչ չի խնայել իր զավակներին կրթության տալու համար։ Սակայն եթե այդ ժամանակ բնական էր համարվում որդուն կրթության տալը, ապա այնքան էլ չէր կարևորվում նույն բանը դստեր համար։ Սրբուհին մինչև 10 տարեկանը սովորել է Միջագյուղի[5] ֆրանսիական մասնավոր դպրոցում, որից հետո նրա դաստիարակությունը ստանձնել է Ֆրանսիայում կրթություն ստացած եղբայրը՝ սովորեցնելով նրան ֆրանսերեն, բնական գիտություններ ու պատմություն։ Սրբուհին հայերեն սովորել է շատ ավելի ուշ տնային ուսուցչի կողմից, ով այդ ժամանակի մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծներից էր՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանը։ Գրականագիտության մեջ հաճախ է շրջանառվում այն պատմությունը, որ ուսուցիչը սիրահարվել է իր աշակերտուհուն, սակայն վերջինս նույն զգացումով չի պատասխանել նրան կամ թաքցրել է իր սերը։ Սրբուհին ամուսնացել է ֆրանսիացի երաժշտագետ Պոլ Տյուսաբի հետ, որը եղել է օսմանյան արքունական երաժշտախմբի ղեկավարը։ Ամուսինը երբեք չի խանգարել, ավելին՝ այս կամ այն չափով օգնել է Սրբուհուն իր հանրօգուտ նախաձեռնությունների և գրողական կարիերայի մեջ։ Սրբուհին և Պոլը ունեցել են մի որդի և մի դուստր։
Սրբուհի Տյուսաբը հասարակական ու գրական ասպարեզ է մտել 1880-ականներին, սակայն կարճ է տևել նրա ակտիվության շրջանը։ 1887 թվականից նա հրաժարվում է գրական գործունեությունից խրոնիկական գլխացավերի պատճառով, իսկ 1891-ին, երբ թոքախտից մահանում է Դորին՝ նրա տասնութամյա դուստրը, նա թողնում է նաև հասարակական ասպարեզը[6]։ Սրբուհի Տյուսաբը մահացել է 1901-ին։ Նրա աճյունը ամփոփվել է Շիշլիի Լատինաց գերեզմանատանը՝ դստեր կողքին։ Հարազատների կողմից նրա գերեզմանին կանգնեցված ֆրանսերեն տապանագիրը հավերժացնում է գրողի հիշատակը՝ շեշտելով նրա դերը որպես «հրաշալի կին և մայր»։[7]
Ծննդոց՝ ըստ Սրբուհի Տյուսաբի
Եթե ընթերցողը փորձի առանձնացնել Տյուսաբի վեպերում հանդես եկող զավակ-կերպարներին, ապա կնկատի մի առանձնահատկություն․ նրանք բոլորը դուստրեր են՝ չհաշված մի բացառությունը։ Թվարկեմ՝ Հուլիանեն, որ դուստրն է Մայտայի, Սիրանույշը, որ դուստրն է Տիկին Հայնուռի, Արաքսյան, որ դուստրն է տիկին Վարսամյանի, Վարդանույշը, որ դուստրն է տիկին Երանյանի, Աղավնին ու Արմինեն, որ դուստրերն են Տիկին Աբգարյանի:
Հոր բացակայությունը
«․․․Ինձ պատասխանեցին, երբ կհարցնեի, թե ու՞ր էր հայրս․ «Քու հայրդ Աստված է»։ Դժբախտությունն իմ ճակատիս վրա՛ ալ դրոշմեց իր աղետանիշ կնիքը»։[8]
Այս հատվածի խորագիրը Սրբուհի Տյուսաբի օրագրից է քաղված։ Հոր նույնականացումը Աստծո հետ խիստ վերացական է դարձնում նրա ներկայությունը դստեր կյանքում։ Հայրը կա որպես ազդեցիկ մեկը, բայց միայն անունով, միայն որպես գաղափար։ Հոր այսպիսի վերացական, անշոշափելի ներկայությունը Տյուսաբի գրականության մեջ իր դրսևորումն է գտնում մի կրկնվող մոտիվի տեսքով, որն է՝ հայր կերպարների զեղչումը կամ նրանց երկրորդական պլան մղելը ։
Այսպես՝ «Մայտա» վեպում գլխավոր հերոսուհիների (Մայտա, Սիրա, Հուլիանե) հայրերը մահացած են։ Եվ նրանց մասին հիշողությունը հերոսուհիների կյանքում շատ թույլ է։ «Արաքսյա կամ վարժուհին» վեպում հերոսուհու հայրը անդամալույծ է, անկարող որևէ կերպով օգնելու իր դստերը։ Արաքսյան փորձում է աշխատանք գտնել, քանի որ ընտանիքը սնանկացել է։ Մայրն ու հայրը դեմ են դրան, քանի որ ամոթ է համարվում կնոջ աշխատանքը։ Բայց հայրը, ի տարբերություն մորը, չի կարողանում ցույց տալ իր հակառակությունը, քանի որ իրեն է մեղավոր համարում ընտանիքի դժբախտության մեջ։ Բացի այդ՝ կինը անդադար հիշեցնում է նրան, որ իր չաշխատելը կամ սնանկանալը մահվանը հավասար մի բան է։ Հայրը դատապարտված է լռելու։
«Արաքսյա կամ վարժուհի» վեպում կա ևս մեկ հոր կերպար։ Դա վեպի մյուս գլխավոր կերպարի՝ Ներսեսի հայրն է։ Նա, ի տարբերություն Արաքսյայի հոր, առողջ է և փորձում է ամեն կերպ աջակցել իր որդուն։ Սակայն վերջինիս չի գոհացնում հոր խնամքը․ նա անդադար հիշում է իր մահացած մորը։ Այսպիսով, հայրը՝ որպես ծնող, ձեռք է բերում երկրորդական նշանակություն, մղվում է հետին պլան։
Հոր բացակայության կամ զավակի կյանքում, համեմատած մորը, թույլ դերակատարում ունենալու մոտիվը կարելի է համարել Տյուսաբի հոր մահվան գեղարվեստականացումը, այսինքն՝ կենսագրական փաստի արտացոլումը նրա գրականության մեջ։
Հայրական դերի փոխանցումը մորը
Մինչ մանկիկ էի հայրս մեռավ, որբ մնացի, սակայն որբություն չճանաչեցի, այնչափ մայրս բոլորովին սեր էր և անձնվիրություն։[9]
Տյուսաբի վեպերում այս կամ այն պատճառով զավակի կյանքից բացակա կամ զեղչված հոր դերը լրացնում է մայրը։ Նա իր վրա է վերցնում երկու ծնողների ֆունկցիաները․ եթե անգամ նրա կողքին հայտնվում է այլ տղամարդ, միևնույնն է, այդ տղամարդը ոչ մի մասնակցություն չի ունենում իր խորթ զավակի կյանքում։ Մայտան (համանուն վեպից) ունի մի դուստր և ամուսնու մահից հետո իր դերը դստեր կյանքում այսպես է ձևակերպում․ «Պաշտոնս ահ կ՛ազդե ինձ, և սակայն ձեռնամուխ ըլլալու եմ, զի մայր եմ և հայր միանգամայն»։[10]
«Սիրանույշ» վեպում հերոսուհու հայրը ներկա է, առողջ, սակայն նա բացասական կերպար է, հաղորդակից չէ դստեր հույզերին, ներքին կյանքին։ Սիրանույշի դաստիարակության մասին խոսելիս հեղինակն ընդհանրապես դեր չի հատկացնում հորը, ահա՝ «Կաճեր ուրեմն Սիրանույշ մայրենի իմաստուն հոգատարության ներքև, մորմեն կխրատվեր ու անկե կառաջնորդվեր» (էջ 156)։ Կարելի՞ է կարծել, թե Տյուսաբը սեռային դերաբաշխում է կատարում ծնողական դաստիարակության մեջ և համարում, որ դստեր համար առավել անհրաժեշտ է հենց իր սեռակից ծնողը՝ մայրը։ Ո՛չ․ քանի որ մոր առավելությունը հոր նկատմամբ շեշտում է նաև տղա զավակի դաստիարակության պարագայում։ Դա է վկայում «Արաքսյա կամ վարժուհի» վեպում Ներսեսի և իր մոր հարաբերությունների նկարագիրը, որ մեջբերեցի վերևում։ Ներսեսը ոչ թե ծնողազուրկ, այլ որբ է զգում իրեն։ Մահացած մոր չափազանց իդեալականացումը կարծես զրոյացնում է կենդանի հոր կարևորությունը։
Հետաքրքիր է, որ եթե միայնակ մոր դեպքում հեղինակը հնարավոր է դարձնում երեխայի երջանիկ լինելը, դրա անհնարինությունն է ցույց տալիս միայնակ հոր պարագայում։ Բերեմ օրինակ․ Մայտայի դուստր Հուլիանեն ընկերանում է մի հիվանդ աղջկա՝ Հրանույշի հետ։ Ինչ-որ առումով Հուլիանեն ու Հրանույշը իրար նման են․ նրանք միակողմանի ծնողազուրկ են։ Հուլիանեն հայր չունի, իսկ Հրանույշը՝ մայր։ Սակայն եթե առաջինի պարագայում երբեք չի տրվում ՛՛որբ՛՛ անվանումը, երկրորդի դեպքում այդպես չէ․ «Պ․ Պետրոս Թ․ յուր հայրը, կենաց անդորրությունները կմատակարարե այդ ախտաբեկ որբին․ բայց ի՞նչ օգուտ քանի որ Հրանույշ զուրկ է մայրենի գորովեն» (էջ 48)։
Մոր մահվան այս նարատիվը, որ տեսնում ենք Տյուսաբի տեքստերում, կարծես իր կյանքի մեկ այլ սցենարի նկարագիրը լինի։ Ի՞նչ կլիներ, եթե իր հոր փոխարեն մահացած լիներ մայրը։ Տյուսաբին անծանոթ է այս տարբերակը, բայց և ակնհայտ է, որ նրա համար դա անհամեմատելիորեն ավելի մեծ ողբերգություն է թվում, քան հոր կորուստը։ Նա, թեև հայր է կորցրել, բայց իր վկայությամբ՝ չի ճանաչել որբությունը։ Այսինքն՝ մայրը կարողացել է լրացնել հոր բացակա տեղը։ Հատկանշական է, որ Տյուսաբի մոր այդ երկդիմությունը արտահայտված է նույնիսկ անվան մեջ՝ Նազլը Վահան, որի միայն առաջին բաղադրիչն է կնոջ անուն, իսկ երկրորդը ամուսնու Վահանյան ազգանվան կրճատ տարբերակն է, որ առանց ”յան” վերջավորության՝ վերածվում է տղամարդու անվան։ Տյուսաբի համար մոր կորուստը կարծես խորհրդանշում է երկու ծնողի՝ հոր և մոր միաժամանակյա կորուստ։ Նրա կյանքում միաձուլված են հոր և մոր կերպարները, ինչը և հետք է թողել իր գրականության մեջ։
Հեղինակությունը՝ մոր դեմքով
Տյուսաբի գրականության մեջ կենտրոնական է այսպես կոչված հոգևոր մոր նարատիվը։ Այսինքն՝ երբ կինը, չլինելով կենսաբանական ծնող, մայր է համարվում որևէ մեկի համար։
Նրա գաղափարական կերպարներից երեքը՝ Սիրան, Սիրանույշը և Արաքսյան, չունեն երեխաներ, սակայն նրանք ինչ-որ պահի հայտնվում են մոր կերպարի մեջ։ Օրինակ՝ Սիրան, որ նամակների միջոցով խորհուրդներ է տալիս ու հոգևոր նեցուկ դառնում Մայտայի համար, բազմիցս մայր է անվանվում վերջինիս կողմից․ ահա մի օրինակ՝ «Սիրելիդ իմ, դու որ իբրև անձնվեր մայր հանդիսացար միշտ ինձ համար, շարունակե՛ առաջնորդելու վեհերոտ և անփորձ քայլերս» (էջ 27): Սիրանույշը իր խնամակալության տակ է վերցնում, հովանավորում երեք որբերի, որոնցից մեկը՝ Մարիամը, ապրում է իր տանը որպես սպասավոր։ Սակայն նրանց հարաբերությունները սպասուհի-տիրուհի հարաբերություններից վերածվում են դուստր-մայր հարաբերությունների․ ահա՝ «Խոստովանե վիշտդ, Մարիա՛մ,-կպնդեր տիկինը,-և ես կխոստանամ օգնելու քեզ, եթե դարմանելի է ցավդ, խոսե՛ աղջիկս, ես մայր մի եմ քեզի համար» (էջ 269)։ Իսկ Արաքսյան, լինելով ուսուցիչ երկու աղջիկների համար, հետագայում վերածվում է նրանց որդեգրող մոր։
Կան նաև կին կերպարներ, որոնք համատեղում են կենսաբանական ու հոգևոր մոր ֆունկցիաները, օրինակ՝ տիկին Հայնուռը, որ մեծահարուստ է, որդեգրել և իր սեփական դստերը հավասար մեծացրել է մի այլ աղջկա՝ Զարուհուն։ Մայտան հոգ է տանում իր դստեր հիվանդ ընկերուհուն, և այս աղջիկը նրան սկսում է մայր անվանել։
Այս բոլոր օրինակներում մոր վերածվող անձը ինչ-որ չափով իշխանություն ունի նրա վրա, ում կողմից որ ընկալվում է որպես մայր։ Նա խորհրդատու է, տիրուհի, դաստիարակող, մեծահարուստ որդեգրող կամ հիվանդապահ։ Իսկ այսպես կոչված «հոգևոր դուստրը» ինչ-որ առումով թույլ կամ կախյալ դիրքում է․ նա մոլորված է, նա աղքատ է, նա սպասուհի է, նա աշակերտ է, նա ծնողազուրկ է, նա հիվանդ է։ Այսպիսով՝ մայրը դառնում է մեկը, ով ուղղորդում է դստեր գործողությունները։ Մայրը և հեղինակությունը շաղկապվում են իրար, մի տեսակ փոխպայմանավորվում միմյանցով։
Ի՞նչ առնչություններ ունի այս մոտիվը հեղինակի կենսագրության հետ։ Շատ հեռու չգնալով վեպերից՝ կարող ենք տեսնել Նազլը-Վահանի՝ դստեր աչքում ունեցած մեծ հեղինակությունը։ «Մայտա» վեպի Հառաջաբանում խոսելով վեպը գրելու հանգամանքների մասին՝ Տյուսաբն ասում է․ «․․․ և մանավանդ քաջալերվեցա մորս զարգացած և լուրջ գաղափարներեն, որոնցմով ինքը կփայլեր շատոնցվընե ի վեր Հայ Ազգին հետադեմ աշխարհին վրա։ Ոչի՛նչ այնչափ զորավոր է, որչափ մայրենի խրախույսը» (էջ 13)։ Իսկ «Սիրանույշ» վեպը ունի առանձին ընծայական՝ ուղղված մորը, որտեղից իմանում ենք, որ հերոսուհու մոր նախատիպը հենց հեղինակի մայրն է։
Տյուսաբի գաղափարակիր հերոսուհիների կյանքում մոր և խորհրդատուի, ուսուցչի, մեծահարուստ աղքատախնամի կամ որբախնամի դերերի զուգահեռումը նմանակումն է հեղինակի մոր՝ Նազլը Վահանի կրթական-հասարակական գործունեության, որի մասին խոսել եմ «Կենսագրություն» հատվածում։
Մա՞յր, թե՞ սիրած էակ
Այս հատվածում պետք է խոսեմ վեպ ժանրի համար խիստ կարևոր սիրո մոտիվի մասին։ Տյուսաբի վեպերում կին-տղամարդ սիրո մոտիվը կենտրոնական է, բայց խորքի մեջ ծառայեցված է մայր-զավակ սիրո մոտիվին։ Նրա գրականության մեջ տարօրինակ կերպով հարաբերությունները սիրած էակի և մոր հետ համեմատվում կամ հակադրվում են իրար։ Սիրահարության պատմությունները այս վեպերում պարունակում են կա՛մ սիրած էակի և մոր նմանեցում, նույնականացում, կա՛մ երկընտրանք սիրած էակի և մոր միջև։
Հիմնականում այդ երկընտրանքը կամ նույնականացումը արվում է ուղղակիորեն, սյուժեի մաս է, բայց երբեմն էլ դա վեպի կառույցի, տրամաբանության մեջ է դրսևորվում։ Օրինակ «Մայտա» վեպում հերոսուհու հարաբերությունները իր մոր և սիրածի հետ համեմատելու է մղում նրանցից յուրաքանչյուրի հետ հերոսուհուն հատկացված խոսքի չափաբաժինը։ Ի՞նչ նկատի ունեմ։ Վեպը գրված է էպիստոլյար ժանրով։ Մայտայի և Սիրայի (որին, հիշենք, մայր է կոչում) միմյանց ուղղված նամակները հավասար կամ նույնիսկ ավելի շատ են, քան Մայտայի ու իր սիրեցյալի միմյանց ուղղածները։ Բացի այդ՝ Մայտայի ու Տիգրանի հարաբերությունները չունեն ինտիմություն, քանի որ հոգևոր մայրը ամեն վայրկյան ներկա է Մայտայի կյանքում, խորհուրդներ է տալիս, թելադրում, թե ինչպես հարաբերվի Տիգրանի հետ։ Իսկ Մայտան էլ նամակներով հայտնում է իր և Տիգրանի հարաբերությունների բոլոր մանրամասները։ Վեպի վերջում, երբ Մայտան մահացած է, Տիգրանն է նամակ գրում Սիրային՝ որպես Մայտայի վերջին պատգամ։ Այս նամակում Տիգրանը ներկայացնում է նույնիսկ Մայտայի՝ վերջին շնչում իրեն ասած սիրո խոսքերը․ տպավորություն է, որ դստեր կյանքից ոչինչ չպետք է գաղտնի մնա մորը։
Մոր և սիրած էակի հետ միանման հարաբերություններ կառուցելու օրինակ կա «Արաքսյա կամ վարժուհի» վեպում։ Ներսեսը սիրահարվում է Արաքսյային, քանի որ նմանեցնում է իր մորը։ Ու ի վերջո Արաքսյան գրավում է Ներսեսի մոր տեղը, քանի որ որդեգրում, երկրորդ մայր է դառնում իր ամուսնու խորթ քրոջ համար։
Մոր և սիրածի միջև երկընտրանքի լավագույն օրինակ է «Սիրանույշ» վեպը, որի գլխավոր հերոսուհին հանուն մոր առողջության հրաժարվում է իր սիրուց․ «Մա՛յր, պիտի ապրիս, որդիական զոհս պիտի փրկե քեզ։ Ապրե՛ ու ես կուխտեմ առաջի երկնից զոհելու քեզ սիրտս ու համայն էությունս, այսինքն զոհելու քեզ Երվանդս, կուխտեմ, մա՛յր, կլսե՞ս» (էջ 191)։ Այս սցենարը՝ որոշակի դետալների փոփոխությամբ, կրկնվում է նույն վեպում։ Սիրանույշի որդեգրած սպասուհին ստիպված է ընտրություն կատարելու իր սիրածի և Սիրանույշի միջև։ Եթե պաշտպանի իր սիրածին, կվտանգի իր տիրուհի-մոր պատիվը, իսկ եթե պաշտպանի տիրուհուն, ապա հնարավոր է, որ վտանգի իր սիրածի կյանքը։ Երկար տատանումներից հետո նա որոշում է կայացնում՝ հօգուտ տիրուհի-մոր։
Օրինակները փաստում են, որ Տյուսաբի գրականության մեջ ձախողված է կին-տղամարդ սիրո մոտիվը։ Սիրահարության սյուժեներում այսպես ասած մրցակցող կողմերից առավելությունը տրվում է մորը։ Եթե հերոսը չի գտնում հաշտեցման եզր, ասենք՝ նույնականացում, ապա զոհաբերվում է տղամարդու հանդեպ սերը՝ հանուն մոր։
Դժվար է գտնել այս մոտիվի սկզբնաղբյուրը Տյուսաբի կենսագրության մեջ, քանի որ Տյուսաբը օրագրերում կամ այլուր գրեթե չի խոսում իր սիրային հույզերից։ Բայց նաև հենց այդ խոսքի բացակայությունն է դառնում որոշակի հիմք՝ մտածելու նրա՝ մոր և ամուսնու հանդեպ ունեցած զգացումների զուգեռման մասին։ Տյուսաբը բազմաթիվ էջեր ունի մոր մասին, սակայն շատ քիչ է խոսում ամուսնուց։ Այդ քիչ խոսքի մի օրինակ է ամուսնու մասին հիշատակումը «Մայտա» վեպի առաջաբանում։ Շնորհակալություն հայտնելով իր ամուսնուն՝ Տյուսաբը նրան նմանեցնում է իր մորը․ «Այսօր հրապարակավ երախտագիտությանս տուրքը կմատուցանեմ Ամուսնույս, հոգվույս պետքը հասկցած, քաջալերած և կերպով մի Մորս ընթացքը շարունակած ըլլալուն համար»։ (էջ 13) Կարծես Տյուսաբը իր կյանքում կրկնում է այն նույն մոդելը, ինչ որ իր վեպի հերոս Ներսեսը, այն է՝ նմանեցնում է ամուսնուն իր մորը։
Հեղինակությունը և Հեղինակը
Ամփոփման փոխարեն
Ողջ հոդվածի ընթացքում ես հետևողականորեն հրաժարվեցի տարբեր տեսություններ գործածելուց, այլ համադրեցի վեպերում կրկնվող մոտիվները գրողի կենսագրական փաստերի հետ։ Բայց մոտենալով հոդվածի ավարտին՝ ուզում եմ հղում անել հոգեբանության դասականներին՝ Զիգմունդ Ֆրոյդին ու Գուստավ Յունգին։ Նրանց եմ հղում ոչ թե դասական լինելու համար, այլ այն պատճառով, որ զարմանալի կերպով Տյուսաբի կյանքի ու ստեղծագործության կապը բացատրություն է ստանում նրանց տեսություններով:
Ըստ Զիգմունդ Ֆրոյդի՝ երեխայի սեռական հասունացման ընթացքի մեջ կա մի կարևոր փուլ, երբ երեխան մեծ կապվածություն է զգում հակառակ սեռի նկատմամբ: Նախապես ուսումնասիրության օբյեկտ ունենալով տղաներին՝ նա այդ փուլն անվանել է էդիպյան բարդույթ՝ գործածելով հունական առասպելի սյուժեն[11]: Հետագայում ուսումնասիրելով կանանց՝ Ֆրոյդն առանձնացրել է նաև նախաէդիպյան փուլ, որտեղ աղջկա համար նույնպես սիրո օբյեկտը մայրն է ՝ իրեն սեռակից ծնողը։ Ու որպեսզի տեղի ունենա սեռական հասունացում, այսինքն՝ որպեսզի աղջիկն էլ հայտնվի էդիպյան փուլի մեջ, նա իր ցանկությունը մորից պետք է փոխադրի դեպի հայր[12]։ Այն, ինչ Ֆրոյդը անվանում է էդիպյան բարդույթ թե՛ աղջկա, թե տղայի համար, Յունգն անվանում է Էլեկտրայի բարդույթ աղջկա համար[13]: Չնայած տերմինների տարբերությանը՝ երկու տեսաբաններն էլ խիստ կարևորում են այդ փուլի առկայությունը աղջկա սեռական հասունացման ընթացքում:
Այն, ինչ անում է Տյուսաբը իր վեպերում՝ հոր չեզոքացում, զավակի ու մոր հիվանդագին աստիճանի կապվածություն, դասական օրինակ կարող է լինել աղջկա նախաէդիպյան բարդույթի չհաղթահարվածության։ Հեղինակի՝ Էլեկտրայի կամ էդիպյան բարդույթը ապրած չլինելու պատճառ կարող է լինել ոչ միայն հոր մահը, այլև մոր չափազանց մեծ հեղինակությունը դստեր համար[14]:
Բայց հետաքրքիր կերպով այդ հեղինակությանը տուրք տվող գրականությունը խորքի մեջ դառնում է Էլեկտրայի բարդույթի դրսևորում՝ մրցակցություն մոր հետ կամ դիմադրություն մորը: Ի վերջո, Սրբուհի Տյուսաբը հեղինակ դառնալով է միայն կարողանում հաղթահարել մոր հեղինակությունն ու համբավը: Եթե մինչև հեղինակ դառնալը նրան ճանաչում են որպես դուստրը Նազլը Վահանի, նրա նախաձեռնությունների օգնականն ու իրականացնողը, ապա իր հեղինակ դառնալով՝ Նազլը-Վահանն է սկսում ընկալվել որպես մայրը Սրբուհի Տյուսաբի:
[1] Հրաչեայ [Ռ. Պերպերյան], Մարդիկ եւ իրք, Երկրագունտ ամսագիր, Կ. Պոլիս, 31 հուլիսի, 1883, էջ 213:
[2] Գրիգոր Զոհրապ, Մայտա [գրախոսություն], Երկրագունտ ամսագիր, Կ. Պոլիս, 1883, հոկտեմբեր, էջ 508:
[3] Տե՛ս ն. տ.:
[4] Victoria Rowe, A History of Armenian Women’s Writing: 1880-1922, London, Cambridge Scholars Press, 2003.
[5] Թաղամաս Կոստանդնուպոլսում։ Այսօրվա Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասը։
[6] Սրբուհի Տյուսաբի մեկուսացած կյանքը երբեմն-երբեմն ընդհատվել է իր գրականությամբ ներշնչված երիտասարդ հայ կին գրողների հետ հանդիպումներով, որոնցից հայտնի են Սիպիլի, ապա Զապել Եսայանի և Արշակուհի Թեոդիկի այցերը նրա տուն։ Տյուսաբի հետ զրույցները, ինչպես այդ հեղինակներն են վկայում, խիստ ոգևորիչ են եղել ու որոշիչ նշանակություն են ունեցել իրենց հետագա գործունեության համար։ Տե՛ս Ալբերտ Շարուրյան, Սրբուհի Տյուսաբ․ Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, 1963, էջ 202-203:
[7] Տապանգրի հայերեն թարգմանությունը՝ ըստ Թեոդիկի «Այստեղ հանգչում է Սրբուհի Տյուսաբը, մեռած 1901-ի հունվարի 16-ին։ Հրաշալի կնոջն ու մորը, նրան, որ ուներ սրտի բոլոր առաքինությունները և մտքի բոլոր շնորհները։ Հավերժ հարգանք և ափսոսանք»։ Տե՛ս Ալբերտ Շարուրյան, էջ 204:
[8] Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, 1923, Կ․ Պոլիս, էջ 77 («Հատվածներ տկն․ Տյուսաբի օրագրէն»)։
[9] Մասիս, 1884, N 3741, էջ 316։
[10] Սրբուհի Տյուսաբ, Երկեր, Երևան, Սովետական գրող, 1981, էջ 24: Քանի որ երեք վեպն էլ այս հրատարակության մեջ են ամփոփված, վեպերից արվող հետագա մեջբերումների էջերը այսուհետ կտրվեն տեքստում՝ փակագծերի մեջ։
[11] Այս տեսությունը Զ․ Ֆրոյդն առաջին անգամ ներկայացրել է 1905 թ․Drei Abhandlungen Zur Sexualtheorie [Երեք էսսե սեքսուալության տեսության մասին] գրքում, ապա հետևողականորեն զարգացրել հաջորդ գրքերում, ինչպես Totem und Tabu [Տոտեմ և տաբու] (1913) կամ Das Ich und das Es [Ես-ը և Այն-ը] (1923) աշխատություններում։
[12] Sigmund Freud, Female Sexuality, The Standard Edition of the Complete Psychological Works of Sigmund Freud, Volume XXI (1927 1931): The Future of an Illusion, Civilization and its Discontents, and Other Works, 221-244.
[13] Այս տերմինը, որ Յունգը առաջարկել է 1915-ին իր The theory of psychoanalysis աշխատությունում, քննադատվել է թե՛ Զ․ Ֆրոյդի, թե՛ ժամանակի ու հետագա այլ հոգեվերլուծաբանների կողմից որպես զուրկ էմպիրիկ հիմքից։
[14] Զիգմունդ Ֆրոյդի և Գուստավ Յունգի տեսությունները անհատի սեռահասունությունն ու սեքսուալ վարքը դիտարկում են զուտ հետերոսեքսուալության դիտանկյունից, ինչը խնդրական է և ուրեմն խնդրական կարող է դարձնել նաև այս հոդվածի մոտեցումը, սակայն դա մեկ այլ հետազոտության առիթ է։

