Աոկո Մացուդայի «Որտեղ վայրի կանայք են» պատմվածքների ժողովածուն, որը վերջերս է թարգմանվել հայերեն («Գրանիշ», 2025թ.), չափազանց ինքնատիպ, թեթև և միևնույն ժամանակ խորիմաստ գիրք է։ Այն իրար փոխկապակցված պատմվածքների շարք է, որտեղ հեղինակը հմտորեն միահյուսում է ճապոնական հնագույն դիցաբանությունը (յոկայներին և ուրվականներին) ժամանակակից իրականության հետ:
Հին լեգենդների ժամանակակից կերպարանափոխությունը
Մացուդան հիմնվում է ճապոնական ավանդական «կայդանների» (ուրվականների մասին պատմություններ) և «յոկայների» (առասպելական արարածներ) վրա՝ դրանք տեղափոխելով 21-րդ դարի քաղաքային առօրյա։ Նրա հերոսուհիները ոչ թե սարսափեցնող էակներ են, այլ կանայք, որոնք «ուրվականացել» են հասարակական կարծրատիպերի, անտեսանելի աշխատանքային շահագործման կամ անձնական ողբերգությունների հետևանքով։
Գրքում տեղ գտած պատմվածքները միմյանց կապված են անտեսանելի թելերով. հերոսները հայտնվում են մեկը մյուսի կյանքում՝ ստեղծելով մի յուրօրինակ համայնք, որտեղ «վայրի» լինելը ոչ թե թերություն է, այլ ազատության միակ հնարավոր ձևը։
Զսպված կրքերից մինչև արդարացի ցասում. լեգենդների արդիական ձայնը
Գրքի ամենաազդեցիկ կողմերից մեկը ճապոնական հայտնի լեգենդների վերաիմաստավորումն է, որոնց միջոցով Մացուդան բացահայտում է կնոջ զսպված հույզերի հսկայական էներգիան։ «Կատարելագործվելով» պատմվածքում հեղինակն անդրադառնում է Դոջո տաճարի հայտնի լեգենդին։ Ավանդական առասպելում դավաճանված կինը՝ Կիյոհիմեն, զայրույթից վերածվում է հսկայական խանդոտ օձի, հետապնդում իր սիրեցյալին և այրում նրան տաճարի զանգի մեջ: Մացուդան կաբուկի թատրոնում հաճախ բեմադրվող այս դասական պատմությունը բերում է մեր օրեր՝ հակադրելով այն ժամանակակից հասարակության կանոններին. այսօր կինը, դավաճանություն վերապրելիս, ոչ թե ազատություն է տալիս իր արդարացի զայրույթին ու «օձ դառնում», այլ գնում է էսթետիկայի սրահներ, լուռ տառապում՝ փորձելով կատարելագործել սեփական մարմինն ու տեղավորվել ընդունված ստանդարտների մեջ։ Այս հերոսուհիների միջոցով Մացուդան հորդորում է վերադարձնել այդ մոռացված, անզուսպ «Կիյոհիմեին»՝ թույլ տալով զգացմունքներին դուրս ժայթքել և վերջապես ընդունել սեփական բնական վայրիությունը։
Նույնպիսի ներքին պայթյունավտանգ ուժ է թաքնված նաև Յաոյա Օշիչիի լեգենդի մշակման մեջ («Սիրտս վառվում է» պատմվածքում)։ Եթե ավանդազրույցում Օշիչին հանուն իր սիրո հրդեհում էր մի ամբողջ քաղաք, ապա Մացուդայի հերոսուհին՝ տաճարում աշխատող գեղագիրը, այդ կրակը տեղափոխում է արվեստի հարթություն։ Նրա անզուսպ հույզերը չեն դրսևորվում ավերիչ գործողություններով, այլ թաքնվում են վրձնի յուրաքանչյուր հարվածի և ձեռագրի նրբագծերի մեջ։ Սա հզոր մետաֆոր է այն մասին, թե ինչպես է ժամանակակից միջավայրը ստիպում կնոջը քողարկել իր «այրվող» կիրքը՝ ենթարկելով այն սուբլիմացիայի։
Եվ եթե նախորդ գործերում կանացի կիրքն ու զայրույթը լռեցվում են կամ փոխակերպվում արվեստի, ապա «Խանդոտը» պատմվածքում այդ զգացմունքները դուրս են հորդում ողջ ուժգնությամբ։ Առաջին հայացքից պատմվածքի հերոսուհին անչափ խանդոտ է ու իր պոռթկումների մեջ՝ անգամ խելահեղ։ Սակայն ընթացքում պարզ է դառնում, որ այդ խանդն ամենևին էլ դատապարտելի չէ, և որ դավաճանող ամուսնու հետ գուցե ամենաճիշտը հենց այդպե՛ս վարվելն է։ Խանդն այստեղ դիտարկվում է որպես կանացի ներքին զսպված էներգիայի պոռթկում՝ այն նույն «վայրիության» վառ ապացույցը, որը թևածում է ողջ գրքում։
Նուրբ թեմաներ. քանդվող հյուրանոցից մինչև ապրումակցում
Աոկո Մացուդայի արձակը զարմանալիորեն ապրումակցող է և «էկոլոգիական»՝ իր ամենալայն ու խորը իմաստով։ Հեղինակը բացառիկ ուշադրություն է տածում միջավայրի և մարդու անքակտելի կապին՝ արձանագրելով այն նուրբ թրթիռները, որոնք անհետանում են ժամանակակից քաղաքային կյանքի աղմուկում։ («Վերջին հրաժեշտ»)։ Նրա պատմվածքներում հին կառույցների կորուստը կամ միջավայրի փոփոխությունը պարզապես ֆիզիկական ոչնչացում չէ. դա մի ամբողջ դարաշրջանի, կոլեկտիվ հիշողությունների և հոգատարության այն հազվագյուտ ապաստանների կորուստն է, որոնք տարիներ շարունակ ջերմություն են հաղորդել մարդկային հարաբերություններին։
Հեղինակը ցավով և մեծ նրբանկատությամբ է փաստում, թե ինչպես է ժամանակակից աշխարհը հանուն «նպատակահարմարության» և սառը տրամաբանության հետևողականորեն քանդում այն հոգևոր անկյունները, որտեղ մարդն իրեն պաշտպանված ու սիրված էր զգում։ Մացուդայի համար էթիկան հենց այդ անտեսված ու «ոչ ձեռնտու» ջերմությունը պահպանելու մեջ է։
Հոգատարությունն ու ապրումակցումը՝ որպես կանացի ուժի աղբյուր
Գրքի մյուս կարևոր շերտը հոգատարությունն ու ապրումակցումն է, որոնք Մացուդայի արձակում վերածվում են հզոր, կենսատու էներգիայի: Այս գաղափարը հատկապես ցայտուն է արտահայտվում «Ես քեզ սիրում էի» և «Հանգստյան օր» պատմվածքներում, որտեղ հեղինակը հուզիչ նրբանկատությամբ ցույց է տալիս, թե ինչպես կարող են անկեղծ սերն ու կարեկցանքն օգնել մարդկանց վերապրելու ցավը: «Ես քեզ սիրում էի» պատմվածքում սերը հաղթահարում է անգամ տեսակների միջև եղած սահմանն ու մահը: Երբ հերոսուհին հնարավորություն է ստանում կապ հաստատել անդրշիրիմյան աշխարհի հետ, պարզվում է, որ նրա ամենամեծ կարոտն իր սիրելի կենդանու հանդեպ է: Սերն ու ապրումակցումը ներկայացվում են որպես տիեզերական, դարմանող ուժ, որը խտրականություն չի դնում:
Թարգմանչական նրբանկատություն. Աստղիկ Հովհաննիսյանի աշխատանքը
Ճապոներենից թարգմանելը միշտ մարտահրավեր է, իսկ Մացուդա թարգմանելը պահանջում է առանձնակի զգայունություն։ Աստղիկ Հովհաննիսյանի կատարած աշխատանքն արժանի է բարձր գնահատականի։ Նրան հաջողվել է հայերենում պահպանել Մացուդայի լեզվի թեթևությունը, որի տակ թերթ առ թերթ բացվում է ծանր ու խորը իմաստային շերտ։ Թարգմանիչը վարպետորեն փոխանցել է ճապոնական ֆոլկլորային նրբերանգները՝ դրանք դարձնելով օրգանական ու ընկալելի հայ ընթերցողի համար, միաժամանակ չկորցնելով բնօրինակի էկզոտիկ ու մոգական շունչը։
Ինչո՞ւ է այս գիրքը կարևոր այսօր
«Որտեղ վայրի կանայք են» ժողովածուն ինքնատիպ ֆեմինիստական հայտ է։ Այն մեղմ, հեգնական ձայնով պատմում է կանանց իրավունքների, մարմնի ընկալման, մայրության, միայնության և հասարակական անարդարության մասին՝ վարպետորեն օգտագործելով մոգական ռեալիզմի լեզուն։
Սա գիրք է նրանց համար, ովքեր.
- Փնտրում են ժամանակակից ճապոնական գրականության թարմ շունչ։
- Հետաքրքրված են ֆեմինիստական գրականությամբ, որը խուսափում է կլիշեներից և կարծրատիպերից։
- Գնահատում են բարձրակարգ թարգմանությունը և լեզվական էսթետիկան։
Աոկո Մացուդան իր հերոսուհիների միջոցով մեզ հիշեցնում է խիստ կարևոր մի ճշմարտություն. երբեմն պետք է դառնալ «վայրի», որպեսզի չկորցնես քո իսկական, կենդանի մարդկային դեմքը։

