Սմբատ Հովհաննիսյան | «Քարի դարի» պատանդները․ գաղութացված ինքնությունը՝ որպես ինքնաուրացման նախագիծ

«[Նրանք] խոսում են առաջընթացի, «ձեռքբերումների», բուժված հիվանդությունների և իրենցից վեր բարձրացված կենսամակարդակների մասին։

Իսկ ես խոսում եմ իրենց էությունից դատարկված հասարակությունների, ոտնատակ արված մշակույթների, խարխլված հաստատությունների, բռնագրավված հողերի, սպանված կրոնների, ոչնչացված արվեստի սքանչելիքների ու վերացված արտակարգ հնարավորությունների մասին։

Իմ գլխին են նետում փաստեր, վիճակագրություն, ճանապարհների, ջրանցքների ու երկաթգծերի կիլոմետրեր։ […]

Ես խոսում եմ միլիոնավոր մարդկանց մասին, որոնց մեջ հմտորեն ներարկել են վախ, թերարժեքության բարդույթ, սարսափ, ծնկի գալու պատրաստակամություն, հուսահատություն և ծառայամտություն»։

Էմե Սեզեր, Տրամասություն գաղութատիրության մասին (1950)

 

Սեզերի նկարագրած այս համապարփակ դատարկումը սոսկ ֆիզիկական բռնություն չէ, այլ խորապես հոգեբանական գործողություն։ Կայսրությունը չի բավարարվում միայն հողի բռնազավթմամբ. այն թիրախավորում է գաղութացվածի աշխարհընկալման համակարգը՝ նպատակ ունենալով ներքնացնել ստորադասության զգացումը։

Այդ «մշակութային ռումբի» գործարկման ամենացայտուն վկայություններից մեկը քենիացի գրող և հետգաղութային մտածող Նգուգի վա Թիոնգոն վերհիշում է իր «Մտքի ապագաղութացումը» (1986) աշխատության մեջ։ Երբ 1952 թվականին բրիտանական գաղութային ռեժիմը գրավեց տեղական դպրոցները, մայրենի լեզվով (գիկույու) խոսելը վերածվեց ամոթալի և պարսավելի արարքի:

Այդ ամոթի զգացումն արմատավորելու համար գաղութային ռեժիմը կիրառում էր նվաստացման հատուկ մեթոդաբանություն։ Մայրենիով խոսելիս բռնված աշակերտը ենթարկվում էր մարմնական պատժի կամ պարտավոր էր վզից կախել մետաղյա ցուցանակ՝ ինքնաստորացուցիչ «Ես հիմար եմ» կամ «Ես էշ եմ» գրությամբ։ Բայց Կայսրության գլխավոր հարվածը սա էլ չէր. ուսուցիչները երեխաներից մեկին տալիս էին հատուկ կոճակ, որը նա պետք է փոխանցեր մայրենիով խոսող հաջորդ աշակերտին: Օրվա վերջում կոճակն ունեցողը մատնում էր նրան, ումից ստացել էր այն, և այդպես բացահայտվում էր «մեղավորների» ողջ շղթան: Ինչպես գրում է Նգուգին, այս դպրոցական ծեսի միջոցով «երեխաները վերածվում էին վհուկների որսորդների, և այդ գործընթացում նրանց սովորեցնում էին սեփական համայնքի հանդեպ դավաճան լինելու շահութաբերությունը»:

Այս դրվագը պարզապես բառերի արգելք չէր․ այն գործադրում էր իմացաբանական և խորհրդանշական բռնություն։ Իմացաբանական մակարդակում կայսրությունը բռնազավթում է աշխարհն ինքնուրույն ճանաչելու և մեկնաբանելու գործիքակազմը՝ համոզելով գաղութացվածին, որ իր ներաշխարհը թերի է, իսկ սեփական պատմությունը՝ ամուլ անապատ։ Սակայն գլխավոր հարվածը խորհրդանշականն է. այն ստիպում է հպատակին դառնալ սեփական ինքնաոչնչացման մեղսակիցը։ Կայսրությունը վերջնական հաղթանակ է տոնում ոչ թե հողը զավթելիս, այլ այն պահին, երբ զոհն արդեն խորապես ներքնացրել է իր ստորադասությունը․ երբ նա իր իսկ ձեռքով վերցնում է ստորացման ցուցանակը, ինքնակամ կախում սեփական վզից, իսկ հետո, հանուն կայսերական խրախուսանքի, մատնում իր եղբորը։

Այս ինքնաուրացումը (կամ՝ ինքնագաղութացումը) մերօրյա՝ հետխորհրդային հայաստանյան քաղաքական դիսկուրսում դրսևորվում է հիմնական չորս կարծրատիպերի միջոցով, որոնք գործում են որպես կայսերական ենթակայության վերարտադրման միասնական մեխանիզմ։

Այս մեխանիզմի առաջին թիրախը հավաքական հիշողության վերահսկողությունն է. անցյալը մեկնաբանվում է բացառապես «փրկչական շանտաժի» տրամաբանությամբ: Երբ հասարակությունը փորձում է արտաբերել ազատագրման միտքը, առաջին արձագանքը սովորաբար ագրեսիվ երախտագիտության պարտադրանքն է. «Ինչի՞ց եք կամենում ազատագրվել. չէ՞ որ կայսրությունը ձեզ փրկեց ֆիզիկական ոչնչացումից… այլապես ընդմիշտ կմնայիք պատմության լուսանցքում»:

Սակայն այս առասպելը սոսկ պատմության չիմացություն չէ, այլ՝ հիշողության նպատակաուղղված սպանություն: Այն վերոնշյալ «մշակութային ռումբի» ուղիղ հետևանքն է, քանի որ կայսրությունը զրկում է գաղութացվածին սեփական անցյալն ինքնուրույն մեկնաբանելու և իմաստավորելու իրավունքից։ Երբ պատմությունը սկսում է ընթերցվել բացառապես գաղութարարի թելադրած պատումներով և օտարի հայացքով, սուբյեկտային անցյալն ինքնին ապամոնտաժվում է։ Հիշողության գաղութացման այս նախագիծը արհեստականորեն կառուցված մեխանիզմ է… որպեսզի հասարակությունը սարսափի կայսրությունից դուրս որևէ այլ իրականություն պատկերացնելուց։

Եթե առաջին կարծրատիպի միջոցով վերահսկվում է պատմական հիշողությունը, ապա երկրորդով կասեցվում է երևակայությունը. այն հարվածում է ապագային՝ փորձելով ի սկզբանե արժեզրկել ինքնիշխանության գաղափարն ինքնին։ Ապագաղութացման ձգտողներին հաճախ ուղղվում է հետևյալ հեգնական հարցադրումը. «Ձեր այդ ապագաղութացումով ի՞նչ ապագա եք խոստանում, երբ ողջ պատմության ընթացքում գրեթե միշտ գաղութացված եք եղել…»։ Սա կայսերական դիսկուրսի առանցքային գործիքներից է: Նպատակն է հանրությանը համոզել, թե ինքնիշխանության բացակայությունը պատմական օրինաչափություն է, նորմա, իսկ անկախ պետություն ունենալը՝ վտանգավոր աննորմալություն: Տրամաբանությունը հետևյալն է. եթե հասարակությունը մշտապես գոյատևել է ենթակայության պայմաններում, ուրեմն խնդիրը ոչ թե այդ համակարգից դուրս գալն է, այլ նոր կենտրոն ընտրելը:

Այս դիսկուրսի միջոցով կայսրությունը հասնում է իր գլխավոր նպատակին՝ «գաղութայնության նորմալացմանը»։ Այն ստիպում է հասարակությանը հավատալ պատմական դետերմինիզմին, որտեղ հպատակությունը դիտվում է որպես անփոփոխ ազգային ճակատագիր, իսկ ինքնիշխանությունը՝ որպես ինքնաոչնչացման տանող շեղում։ Ինչպես նկատում է Ֆրանց Ֆանոնը, կայսերական հայացքի ներքո գաղութացվածը «չունի գոյաբանական դիմադրողականություն (résistance ontologique)». գաղութացման ամենախոր վերքը ոչ թե տարածքի բռնազավթումն է, այլ ապագա կերտելու և սեփական ճակատագիրը տնօրինելու երևակայության կաթվածահարությունը։ Դա այն հոգեբանական փակուղին է, որտեղ հպատակն արգելափակվում է ներկայի մեջ և դադարում իրեն ընկալել որպես ինքնիշխան գործող սուբյեկտ, քանի որ գաղութային իրականության մեջ բացառապես «գաղութարարն է կերտում պատմությունը (fait l’histoire)»։ Արդյունքում հպատակությունը վերածվում է գոյության անփոփոխ (ինվարիանտ) նորմայի, որն ապահովում է ծանոթ ու կանխատեսելի վիճակ, իսկ ինքնիշխան պետություն կառուցելու ցանկացած փորձ պիտակավորվում է որպես աղետաբեր և անվտանգությունը խաթարող շեղում (վարիանտ)։ Ներքնացնելով այս անկարողությունը՝ հասարակությունը սովորում է վախենալ ոչ թե ստրկությունից, այլ ազատությունից:

Քաղաքական ինքնիշխանության անհնարինության մասին այս թեզն ամրապնդելու համար կայսերական դիսկուրսը գործի է դնում մշակութային ստորադասման գործիքը։ Երրորդ կարծրատիպն ասպարեզ է իջնում ապացուցելու համար, որ գաղութացվածը զուրկ է ոչ միայն անկախ գոյատևելու ներուժից, այլև սեփական քաղաքակրթական դիմագծից։ Այստեղ շահարկվում է մշակութային փոխառությունների փաստը. «Մենք միշտ էլ օտար քաղաքակրթություններով ենք քաղաքակրթվել»։ Գաղութային արդարացումների զինանոցում սա կարելի է անվանել «անվերջ հանման» կամ բացարձակ մաքրության պարադոքս, որը հենվում է ազդեցության և գաղութացման միտումնավոր նույնացման վրա՝ նպատակ ունենալով արժեզրկել սուբյեկտայնության վերականգնման ցանկացած փորձ։ Այսպես գործադրվում է քաղաքակրթական շանտաժի այն մեխանիզմը, որը զարգացումը ներկայացնում է որպես բացառապես օտարից ստացված «նվիրատվություն»՝ սպառնալով, թե կայսերական շերտերի թոթափումը հավասարազոր է պատմական ինքնասպանության և անխուսափելի նահանջի դեպի նախնադարյան անդունդ։ Այս ծուղակի տրամաբանությամբ հասարակությանը պարտադրվում է կեղծ մի հարցադրում.  «Իսկ որտե՞ղ կանգ առնել։ Եթե մերժենք ռուսականը, պետք է մերժենք պարսկականը, ապա՝ արաբականը, բյուզանդականը․․․ այդպես գուցե հասնենք մինչև Քարի դար»։

Սակայն այս մոլորության հիմքում ընկած է երկու տարբեր հիմնարար հասկացությունների ճակատագրական նույնացումը.

  • Ազդեցությունը հիմնականում հորիզոնական է և փոխադարձ։ Ազգերը շփվում են, փոխանակում բառեր, ճարտարապետական լուծումներ, տեխնոլոգիաներ և գաղափարներ։ Անգամ եթե մի մշակույթն ավելի հզոր է, ազդեցությունն ինքնին չի ենթադրում քաղաքական ստորադասություն կամ Սպիվակի բնորոշած իմացաբանական այն գերիշխանությունը, երբ կայսրությունն է մենաշնորհում քո իսկ մասին գիտելիք ստեղծելու և քո ինքնությունը սահմանելու բացառիկ իրավունքը։ Ազդեցության դեպքում ազգը պահպանում է իր սուբյեկտայնությունը և զտելու ունակությունը։ Օրինակ, երբ ճապոնացիները 19-րդ դարում՝ Մեյձիի հեղափոխության ժամանակ, վերցրին արևմտյան տեխնոլոգիաները, դա վիթխարի ազդեցություն էր, բայց նրանք դա արեցին որպես սուբյեկտ՝ իրենց իսկ պետությունն ուժեղացնելու նպատակով: Նրանք չդարձան գաղութ։
  • Գաղութացումը, ընդհակառակը, խիստ ուղղահայաց է և պարտադրող։ Դա ոչ թե գաղափարների փոխանակում է, այլ իշխանական աստիճանակարգի հաստատում, որտեղ կենտրոնը որոշում է՝ ինչն է ճիշտ, իսկ ծայրամասը պարտավոր է հնազանդվել։ Կայսրությունը գալիս և ասում է. «Դուք անկարող եք որոշել ձեր ճակատագիրը, ես ձեր փոխարեն կգրեմ ձեր օրենքները և կորոշեմ, թե ով եք դուք»։ Գաղութացվածը վերածվում է իրի, օբյեկտի: Եթե ազդեցության արդյունքում մշակույթը հարստանում է, ապա գաղութացման գլխավոր նպատակը համապարփակ կախվածության (dependency) ապահովումն է։

Սակայն այս ձեռնածությունը փլուզվում է մի պարզ հարցից՝ ով է որոշում, թե որ ազդեցություններն են «էութենական», իսկ որոնք՝ «օտար», «վայրենի» կամ «բարբարոսական»։ Երբ կայսրությունն ասում է, թե ձեր լեզուն կամ տեսակը քաղաքակրթված չէ, դրանց արժևորման և իմաստավորման չափորոշիչը միշտ կախված է այն իշխանությունից, որը տիրապետում է «քաղաքակրթության» սահմանման մենաշնորհին։ Ուստի հարցը ոչ թե պատմական դատարկությունն ու առասպելական մաքրությունն են, այլ այն, թե ո՞վ ունի իրավունք որոշելու տվյալ հանրության արժեքն ու տեղը պատմության մեջ։

Պատմական հիշողության, ապագայի և մշակութային ինքնության համակարգված ապամոնտաժումն ամբողջացվում է չորրորդ կարծրատիպով, որն ապահովում է ենթակայության հաստատութային անձեռնմխելիությունը։ Կանխատեսելով նախորդ արգելքների հաղթահարման հավանականությունը՝ կայսերական դիսկուրսը թիրախավորում և արժեզրկում է հետգաղութային տեսություններն ու ամբողջ ապագաղութային նախագիծը: Ըստ այս պարզունակացնող (ռեդուկցիոնիստական) տրամաբանության՝ ինքնիշխանությանն ուղղված ձգտումը լոկ քողածածկույթ է հին տիրոջը նորով փոխարինելու կամ ներքին ավտորիտարիզմն արդարացնելու համար: Շահարկելով ազատագրման գործընթացի հնարավոր ռիսկերը՝ գերիշխող դիսկուրսը հասարակությանը պարտադրում է ստատուս քվոյի պահպանումը։ Այսպես կասեցվում է սեփական պատմությունը վերաիմաստավորելու ընթացքը, իսկ քաղաքական այլընտրանք ձևավորելու իրավունքը զոհաբերվում է հանուն պատրանքային կայունության։ Այս վտանգներն, անշուշտ, իրական են, սակայն շահարկման հավանականությունը չի արժեզրկում ազատագրման անհրաժեշտությունը: Ինչպես նկատել է Ֆրանց Ֆանոնը, տեղական էլիտաների կողմից ազատագրական հռետորաբանության կիրառումը՝ կառավարման հին աստիճանակարգերը (հիերարխիաները) պահպանելով, ընդամենը «կեղծ ապագաղութացում» (pseudo-decolonization) է:

Էդվարդ Սաիդը զգուշացնում էր, որ ազատագրումը չպետք է վերածվի «հակադարձ էսենցիալիզմի», որտեղ «ազգային անվտանգության» վահանի տակ ճնշվում է քննադատությունն ու արդարացվում նոր բացառիկությունը: Հետևաբար, իրական ապագաղութացումը պահանջում է համաժամանակյա վերաիմաստավորում: Արտաքին դաշտում այն ազատագրումն է կայսերական պարտադրանքից՝ սեփական օրակարգը սահմանելու և իրականությունն ինքնուրույն իմաստավորելու իրավունքի վերականգնումը: Ներքին դաշտում այն պահանջում է քննադատական կեցվածք սեփական իշխանությունների նկատմամբ՝ թույլ չտալով, որ նոր վարչակարգերը (ռեժիմները) վերածվեն «անքննելի ճշմարտության» մենաշնորհատերերի: Միայն այս համադրությունն է ապահովում սուբյեկտայնության վերականգնումը. առանց առաջինի դա շարունակվող հպատակություն է, առանց երկրորդի՝ նոր տիրակալություն։

Կայսերական լծից ազատագրվելու դիսկուրսը չի ենթադրում էթնիկ կամ մշակութային վակուումի որոնում: Ազատագրումը չի ենթադրում պատմական «կեղտերից» (ազդեցություններից) զերծ, անխառն ու մաքուր իրականության պաշտպանություն, որովհետև նման անաղարտությունը ոչ այլ ինչ է, քան պատմագրական պատրանք: Էդվարդ Սաիդի դիպուկ ձևակերպմամբ՝ «բոլոր մշակույթները փոխներթափանցված են. դրանցից ոչ մեկը եզակի ու անաղարտ չէ»։ Դրանք բոլորն էլ բազմաշերտ են և տարասեռ: Վտանգը այսպես կոչված «բնիկության (նատիվիզմի)»՝ առասպելական արմատներին վերադառնալու պատրանքն է։ Սա մի ինքնամեկուսացում է, որը հաճախ խրախուսվում է հենց գաղութարարի կողմից։ Չէ՞ որ մաքրության պատրանքների մեջ խարխափող և արտաքին աշխարհից կտրված հասարակությանը շատ ավելի հեշտ է ծաղրել, պիտակավորել որպես հետամնաց հնություն և վերջնականապես լուսանցքային դարձնել նրա ազատագրական դիսկուրսը։ Հրաչ Բայադյանն այս երևույթը բնորոշում է որպես «բնիկության էսենցիալացում», որի դեպքում ինքնության ֆետիշացումը հասարակությանը զրկում է սեփական փորձառությունը քննադատաբար իմաստավորելու հնարավորությունից՝ ազգային լանդշաֆտը կենդանի տարածքից վերածելով անշարժ ու էկզոտիկ «հուշարձանի»։

Խնդիրը ոչ թե ազդեցություններից ձերբազատվելն է կամ մաքրվելը, այլ խուսափելը այն հոգեբանական ծուղակից, երբ «ժամանակակից Արևելքը սկսում է մասնակցել սեփական արևելականացմանը» (Սաիդ)՝ ինքնակամ հագնելով կայսրության կողմից իր համար կարված «օգնության կարիք ունեցող բարբարոսի» պատմուճանը։ Պատմական ազդեցություններից հրաժարումն անհնարին է. բոլոր փոխառությունները կերտվող ինքնության հարստությունն են։ Հետգաղութային տեսաբան Հոմի Բհաբհայի պնդմամբ՝ ժամանակակից ինքնություններն անխուսափելիորեն «հիբրիդային» են (hybrid), և հենց այդ հիբրիդայնության մեջ է թաքնված դիմադրության ու ստեղծարարության ներուժը։ Մաքուր, ապակու տակ դրված և արտաքին աշխարհից մեկուսացված ինքնությունը մեռած ինքնություն է։ Իրականում կայսրության համար ամենավտանգավորը ոչ թե լեռներ քաշված ու «մաքրամաքուր» նախնադարյան ցեղն է (որին չափազանց հեշտ է լուսանցքային դարձնել ու ծաղրել), այլ համաշխարհային մշակույթը յուրացրած, բայց ինքնիշխան մտածող և սեփական շահը գիտակցող սուբյեկտը։

Բայց երբ արտաքին ազդեցությունը մատուցվում է որպես սեփական գոյության միակ արդարացում, դա վերածվում է ինքնագաղութացման հանրային նախագծի։ Այս փուլում վտանգն արդեն ներքին է. կայսերական գաղութացումը լրացվում է տեղական էլիտաների կողմից այդ կախվածության ներքնացմամբ։ Արդյունքում հպատակն իր ինքնությունը սկսում է սահմանել բացառապես կայսրության հետ հարաբերության միջոցով՝ օտարի գերիշխանությունը վերածելով սեփական ներքին «ճշմարտության» և կամովին հրաժարվելով պատմական սուբյեկտ լինելու հավակնությունից։ Հենց սա էլ թույլ է տալիս վերարտադրել հպատակության տրամաբանությունը՝ արդեն հասարակության ներսից։

Կայսերական դիսկուրսը գործի է դնում հասկացութային շահարկման գործիքակազմը. այն ստեղծում է կեղծ երկընտրանքներ, որտեղ «ազատագրումը» միտումնավոր նույնացվում է «մշակութային անաղարտության», իսկ «սուբյեկտայնությունը»՝ վտանգավոր «մեկուսացման» հետ։ Ապագաղութացումը բնավ էլ «պատմության սոխը» մինչև լիակատար դատարկություն շերտազատումը չէ։ Այն ոչ էլ անցյալի մեխանիկական մերժումն է, այլ սեփական ներկան իմաստավորելու, ինքնակա մտածողություն ձևավորելու և սեփական օրակարգը սահմանելու ներուժը՝ գործորդությունը (agency)։

Ապագաղութացումը հրաժարումն է այն հաստատութային վախից, թե ինքնիշխան գոյությունն անկենսունակ է առանց հեգեմոնի (կամ կայսերական կենտրոնի) օրինավորման (լեգիտիմացման)։ Ուստի գերխնդիրը ոչ թե ազդեցություններից զտված և անաղարտ անցյալ կերտելն է, այլ սեփական բազմաշերտ պատմության նկատմամբ «հեղինակային իրավունքը» վերականգնելը․ այն որպես ազատ սուբյեկտ վերայուրացնելու և տնօրինելու քաղաքական կամքի հաստատումը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *