Իտալու Կալվինոն (1923 -1985) 20-րդ դարի ամենայուրօրինակ գրողներից մեկը, Իտալո Կալվինոն, ծնվել է Կուբայում, սակայն իր կյանքի մեծ մասն անց է կացրել իր ծնողների հայրենիքում` Իտալիաում, իր ամբողջ էությամբ լինելով իտալական արեւոտ հողի ներկայացուցիչ, ինչպես ցույց է տալիս նրա անունը: Կալվինոյի արվեստին ծանոթացա Իտալիա մեկնելուցս մոտ մեկ ամիս առաջ, 2010-ի ձմռանը, եւ այդ օրվանից համարյա չեմ դադարել ամեն օր գոնե մի քանի էջ կարդալ նրա ստեղծագործություններից: Երիտասարդ Իտալոն Իտալիայում, մի ինտերնետային գրախանութից, ձեռք բերեցի Կալվինոյի պատկերազարդ կենսագրությունը, Italo Calvino: la vita, le opere, i luoghi (Կյանքը, ստեղծագործություն(ներ)ը, վայրերը – հեղինակներ Պատրիցիո Բարբարո եւ Ֆաբիո Պիերանջելի – (այսուհետեւ La Vita):)
Չափազանց հետաքրքրաշարժ այս գիրքը պատմում է Կալվինոյի ծնողների Կուբա մեկնելու պատճառների մասին, Իտալոյի մանկության մասին այնտեղ, ու այնուհետեւ նրանց Իտալիա վերադարձի եւ գրողի պատանեկության մասին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում: Ծնողները բուսաբաններ են եղել ու ժամանակավորապես Կուբայում են հաստատվել տեղի արեւադարձային բույսերի տեսակները ուսումնասիրելու համար: Ծովափնյա Սանռեմոյի տեսարանները անշուշտ մեծ ազդեցություն են գործել պատանի Իտալոյի վրա` ձեւավորելով նրա պատկերաշխարհը:
Կալվինոն չէր սիրում խոսել իր մասին ու էլ ավելի, ոչ ոք չէր կարող գերազանցել նրան ամաչկոտության մեջ, սակայն նա թողել է բազմաթիվ հետքեր որոնց միջոցով կարող ենք ներթափանցել այս գրողի աշխարհը:
“Ես գիտնականների զավակ եմ՝ հայրս գյուղատնտես էր, մայրս բուսաբան, երկուսն էլ համալսարանի պրոֆեսորներ: Իմ ընտանիքում միայն գիտական ուսումը պատվավոր տեղ ուներ: Մորեղբայրներիցս մեկը քիմիկոս էր, համալսարանի պրոֆեսոր, ամուսնացած էր մի քիմիկոսի, (իրականում ունեցել եմ երկու հոր/մոր-եղբայրներ ամուսնացած երկու քիմիկոսների) եղբայրս երկրաբան է, նույնպես համալսարանի պրոֆեսոր: Միայն ես եմ “սեւ գառը” (la pecora nera) լինելով մեր ընտանիքի միակ գրականագետը:’
“Ծնողներիս գիտելիքների միակ առարկան բույսերի արքայությունն էր, դրանց հրաշալիքներն ու դրանց արժանիքները: Ինձ հրապուրել է ուրիշ տեսակի մի “բուսականություն”՝ գրականը:” Ի.Կ. (La Vita-29,30)
Իտալոյի ծնողները հանդիպում եւ ամուսնանում են Իտալիայում, այնուհետեւ մեկնում են Կուբա, որտեղ ղեկավարում են Հավանայի փորձարարական գյուղատնտեսական կայանները:
“Ծնվել եմ Հավանայի մոտակայքում գտնվող Սանտիագո դե Լաս Վեգաս գյուղում, հոկտեմբերի 15, 1923: Կուբայից դժբախտաբար ոչինչ չեմ հիշում, քանի որ երկու տարեկանից էլ փոքր էի երբ արդեն Սանռեմոյում, Իտալիայում էի, ուր հայրս ու մայրս հետ էին գաղթել տեղի փորձարարական ծաղկամշակման ֆերմաները տնորինելու:’
“Մինչեւ քսան տարեկանս ծնողներիս հետ ապրել եմ Սանռեմոյում, շրջապատված մի այգով, որը լի էր հազվագյուտ ու էկզոտիկ բույսերով, ու Լիգուրիայի նախ-ալպյան անտառներով, հորս հետ` որսորդ որը երբեք չէր հոգնում:” Ի.Կ. (La Vita-30,34)
Ոճ ու՞ նի արդյոք Կալվինոն Բույսեր, այգիներ, անտառներ… որոնք ի վերջո ի հայտ են գալու Կալվինոյի շատ ու շատ գործերի մեջ: Թերեւս դրա ամենացայտուն օրինակը հանդիսանում է “Թափառաշրջիկ բարոնը” (Il Barone Rampante) վեպը, որում հերոսը վճռելով այլեւս չենթարկվել իր չափազանց պահանջկոտ, խիստ ու ավանդապաշտ հորը, ընդմիշտ լքում է կարծր հողն (terra firma-ն) ու ցմահ ապրում է ծառերի վրա, մեկից մյուսը թափառելով: Ի միջի այլոց, վեպի անգլերեն թարգմանությունը հենց այդպես էլ կոչվում է` “Բարոնը ծառերի մեջ”:
Գիտնականի, հետազոտողի վերլուծող միտք … գիտա-ֆանտաստի, փորձարարի համարձակ ու ճկուն մտածելակերպ… կախարդական ռեալիստի գունագեղ վրձին… սյուրռեալիստի, ցնդաբանությանը մոտեցող, արտասանություններ… Փորձեր ու նորաձեւություններ… բազմաոճություն մի վեպի մեջ եւ եզակի մի ոճ բազմավեպի մեջ: Սրանք բոլորն էլ առկա են Կալվինոյի բազմաբեղուն գործերի մեջ:
Ուրեմն ի՞նչ ոճի հեղինակ է Կալվինոն: Նրան հաճախ դասում են որպես հետ-մոդեռնիստական (post-modernist) շարժման կամ ժամանակաշրջանի գրող, սակայն դա չափից դուրս ընդհանրացրած դասակարգում է Կալվինոյի նման լայնածավալ աշխատանք կատարած մարդու համար: Նա մի ֆանտաստիկ պատկերացման ու երեւակայության տեր գրող է եղել` անհամեմատելիորեն ավելի պայծառ մտածողության տեր անձնավորություն քան հետ-մոդեռնիստների 99 տոկոսը, եւ այդ իսկ պատճառով էլ` անդասակարգելի:
Երբ սկսում ես Կալվինոյի գործերը կարդալ, մեկը չվերջացրած ծարավ է առաջանում հաջորդը սկսել: Այնքան հարուստ է նրա լեզվի եւ նկարագրությունների պաշարը, որ պահանջ է առաջանում անհապաղ բացել մյուսն էլ, եւ մյուսն էլ, եւ մյուսն էլ…
Սկզբից ձեռքովս անցավ “Եթե ձմեռվա մի գիշեր ճամփորդը” (Se una notte d’inverno un viaggiatore) կոնցեպտուալ վեպը: Ինչու կոնցեպտուալ, որովհետեւ կարդացողը մի անգամից գիտակցում է, որ հասարակ վեպ չի կարդում: Նախ տեղեկանում ենք որ կարդում ենք Կալվինոյի հերթական վեպը, որը “երկար ու բարակ վարանելուց հետո հավանաբար որոշել ենք գնել”: Այնուհետեւ երկրորդ գլուխում, վեպի մեջ մի ուրիշ վեպ է հայտնվում, որի դեպքերը տեղի են ունենում հորինված մի երկրում որը փոքրինչ հիշեցնում է Լեհաստանը: Երրորդ գլուխը կրկին անդրադառնում է բուն պատմությանը: Այստեղ էլ ժամանակավորապես կանգ առա այս թարմ գրելաոճը մի փոքր “մարսելու” նպատակով ու սկսեցի կարդալ “Անտեսանելի քաղաքները”: Մի գուցե սա առիթ հանդիսանա, որպեսզի սույն բառերի ընթերցողն ինքը վերցնի ու շարունակի կարդալ Եթե ձմեռվա մի գիշեր վեպը… ի վերջո գրախոսության նպատակը “կատուն պարկից բաց թողնելը չէ” այլ ընթերցողի ախորժակը սրելը:
Ֆանտաստիկ աշխարհներ Իհարկե այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես ժամանցի համար ստեղծված, հանրամատչելի գրականության սիրահարներին քաջածանոթ, գիտա-ֆանտաստիկ (science fiction) աշխարհների հետ այլ մետաֆիզիկական տարածություն թեւակոխած երեւակայական գեղարվեստի հետ:
Անտեսանելի քաղաքները (Le Città Invisibili) – Փոքր վինյետներից բաղկացած այս վիպակում, վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն մոնղոլ Կուբլայ Խանին, Չինգիս Խանի թոռանը, նկարագրում է վերջինիս տիրության այն զարմանահրաշ քաղաքները որոնք իր բազում ճանապարհորդությունների ընթացքում այցելել է հանրահայտ վենետիկցին: Հրաշքներով լի, կարծես թե գլխիվայր շուռ եկած, խելահեղ ու պատկերացումից դուրս քաղաքներ: Քաղաքներ, որ ոչ ոք չի տեսել, անուններ, որ ոչ ոք չի լսել, բացի Մարկո Պոլոյի՞ց: Գուցե բացի Կալվինոյից:
Յուրաքանչյուրը կանացի անունով, ի՞նչ քաղաքներ են արդյոք սրանք: Շատերն ասում են այն ընդհամենը Վենետիկն է, Մարկոյի հայրենի քաղաքը, նկարագրված մի քանի տասնյակ ձեւերով, տարբեր տեսանկյուններից, տարբեր ֆոկուսների տակ եւ ես կասեյի գուցե տարբեր “ֆոկուսներով” (այսինքն կախարդական հնարքներով): Սակայն այս մեկնաբանությունն այդքան էլ ինձ չի գոհացնում: Լսենք թե ինչ է ասում ինքը հեղինակը`
“Ինչպես որ բնությունը, այն ինչ չի կարելի անտեսել կամ թաքցնել, հանդիսանում է ինձ քաջ ծանոթ ու մայրենի բնապատկերը, այնպես էլ Սանռեմոն շարունակում է հայտնվել իմ գրքերի մեջ տարբեր տեսանկյուններից ու դիտակետերից` հատկապես վերեւից դիտելիս: Եւ այն Marco Polo Kublai Khan հատկապես ներկա է Անտեսանելի քաղաքներ-ում:” Ի.Կ. (La Vita-10) Այո, Վենետիկն էլ իր հերթին իրոք ֆանտաստիկ ու յուրօրինակ քաղաք է, բայց այս “անտեսանելի քաղաքները” ավելին են քան պարզապես միայն մի երկրային քաղաք: Դրանք Կալվինոյի հարուստ երեւակայության ու ֆանտազիայի արտադրանքներն են` քաղաքներ որոնք բաղկացած են մտացածին եւ իրական (այսինքն Կալվինոյի մանկության Սանռեմոյի) բաղադրյալներից: Կարդացողը ի վերջո դրանում կհամոզվի:
Տիեզերգիծանք (Le Cosmicomiche) վեպում, մոլեկուլներն ու քիմիական բանաձեւերը աբստրակտ անուններ են ստանում, վերածվում գրական կերպարների ու ներկայացնում են ողջ տիեզերքի եւ էվոլյուցիայի պատմությունը Մեծ Պայթյունից ի վեր:
Եւ այսպես շարունակ, դեպի նոր, անծանոթ աշհարհներ Իտալո Կալվինոյի ուղեկցությամբ… Եթե մի նոր աշխարհ հայտնաբերվեր հիմա, կիմանայի՞նք արդյոք ինչպես այն տեսնել: Կկարողանայի՞նք մեր մտքից հեռացնել բոլոր այն պատկերները, որոնք մենք ըստ սովորության կապակցել ենք մեր տարբեր մի աշխարհի (օրինակ գիտա-ֆանտաստիկայի) սպասելիքներին, որպեսզի նկատենք այն տարբերությունը որը կներկայանա մեր աչքերին… Ինչպես որ Ամերիկայի առաջին հետազոտողները չգիտեին երբ նրանք կհանդիպեն իրենց ծանոթ պատկերների հաստատման կամ ժխտման, այնպես էլ մենք երբեք չտեսած երեւույթների կողքով կանցնենք առանց գիտակցելու, քանզի մեր աչքերն ու մտքերը սովոր են ընտրելու եւ դասակարգելու միայն այն ինչ դասակարգման ընդհանուր հավանություն է ստացել: Մի գուցե ամեն օր մի նոր աշհարհ է բացվում մեր առջեւ, եւ մենք այն չենք տեսնում:” Ի.Կ. (Di Pace-Jordan, WLT-1992)
Հայկ Սվաճեան 2011
Hayk Svajian 2011
Մատենագրություն – Օգտագործած Գրականություն
– Bibliography
Barbaro, Patrizio; e Pierangeli, Fabio,– Italo Calvino, La Vita, Le Opere, I Luoghi, Edizioni Gribaudo, Milan, Italy, 2009.
Calvino, Italo,– Invisible Cities. Harcourt Brace Jovanovich, New York, 1974.
– The Baron in the Trees, Harcourt Brace Jovanovich, New York, 1959.
– Cosmicomics, Harcourt Brace Jovanovich, New York, 1968.
– If on a winter’s night a traveler, Harcourt Brace Jovanovich, New York, 1981. Di Pace-Jordan, Rosetta,– Italo Calvino’s Legacy: the Constant and Consistent Vision. World Literature Today. Volume: 66-3,1992.