2012-ի գլխավոր գրական տեղեկատվական առիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու փաստն էր: Ահա ավարտվեց այդ խոստումնալից տարին և փորձելով ներկայացնել ընդգրկուն արձանագրությունն այն բանի, թե ինչով նշանավորվեց իրադարձությունը հայ իրականության մեջ՝ գրական և քաղաքացիական դաշտում ակտիվ մի շարք գործիչների խնդրեցինք մեկ-երկու նախադասությամբ ձևակերպել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ներկայացնելուն ուղղված ջանքերի իրենց գնահատականը:
Վահրամ Մարտիրոսյան
Գրող, կինոդրամատուրգ
Երևանը որպես գրքի մայրաքաղաք պետք է հռչակվեր բազմահազար գնված գրքերով, գրողների հարյուրավոր հանդիպումներով, հեռուստահաղորդումներով` ոչ միայն հոբելյան, այլև ժամանակակից գրականության տոն: Բայց «միջոցառումային» էր ամբողջը։ Կարծես մենք «անհետացած քաղաքակրթություն» ենք, և ամեն մի լավ բան անցյալում է, իսկ ներկան դատարկ է: Թեև… եթե նման մշակութային քաղաքականությունը, սննդակարգը շարունակվի, իսկապես կանցնենք անհետացած քաղաքակրթությունների շարքը։
Ներսես Աթաբեկյան
Բանաստեղծ, թարգմանիչ
Տոն, որ մեզ հետ չեղավ…
Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքությանը մի ամիս ու մի քիչ մնաց: Տարին անցնում է, բայց տոնն այդպես էլ մերը չեղավ: Խոսքս փառատոնի, շնորհանդեսների, հանդիպումների մասին չէ. լիուլի էին, ու վերաբերումն էլ հաճախ ընդգծված` «…մայրաքաղաքության շրջանակում»: Խոսքս մեր ներսի՛ տոնի մասին է, մեր ներքի՛ն զգացողության, աշխարհի մայրաքաղաքացի լինելու հպարտությա՛ն: Երազանքի թվարկում է, չէ՞` Փարիզ, Հռոմ, Լոնդոն, Բեռլին… Աշխարհի մայրաքաղաքներ են: Հիմա եկել էր պահը` մինչև կեսգիշեր Մոխրոտիկը պարահանդեսի թագուհի էր լինելու, բայց չեղա՜վ… Կամ աշխարհն էր շտապել` Երևանն իրեն մայրաքաղաք հռչակելով, կամ մենք նորից ուշացանք: Չհավատացի՞նք, չհասկացա՞նք, չկարևորեցի՞նք` չգիտեմ: Թող վերլուծաբանները վերլուծեն, քննադատներն էլ քննադատեն` մշակույթի նախարարությանը, ստեղծագործական միություններին, գրողներին, ում կուզեն. փաստը հերթական վրիպումի տխրությունն է: Աշխա՜րհն էր մեզ ընտրել, հասկանո՞ւմ եք, թեկուզև մեկ տարով. մի տարով կայսրն էլ ընդմիշտ մնում է քաղաքակրթության հիշողության մեջ, եթե ԿԱՅՍՐ է: Աշխարհն առաջարկեց, մենք հրաժարվեցինք կայսրությունից` հանրային լուռ համախոհությամբ, որ ինքնադավման պես է…
Չնայած, մենք անսովոր ժողովուրդ ենք, ի տարբերություն մյուսների այդպիսի մի հնարավորություն էլ ունենք` կա՛ հայկական մյուս պետության մայրաքաղաքը, ու երբ Ստեփանակերտը աշխարհի մայրաքաղաք հռչակվի, գուցե արդեն հասունացած լինենք…
Հույս` Աստված…
Վաչագան Ա. Սարգսյան
Գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
Հայի սիրտը միշտ էլ եղել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Ցավոք, փորձ է արվում հայի սրտից հանել գիրքը: Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք կընկալեի, եթե գրախանութներ բացվեին գոնե: Եղած մի քանի գրախանութում հայերեն գիրքը աղքատ ազգականի դերում է. պարզապես վիրավորական է, որ հայ գրքի ցուցադրման համար տեղ չկա, իսկ օտարալեզու գրականությունը ներկայացվում է ամենաճոխ ձևով: Ներքին արտադրողի` գրողի, հրատարակչի վիճակը աննախանձ է այդ առումով` ոչ մի կերպ մարդ ինքն իրեն իր հայրենիքում չի զգում:
Սամվել Մկրտչյան
Գրող, թարգմանիչ
Ինձ համար ավելի հեշտ կլինի պատասխանել, թե Երևանում ինչպես անցկացրինք ամառային համաշխարհային օլիմպիադան:
Կարինե Խոդիկյան
Գրող
Սա երևի այն դեպքն է, երբ կուզենայի, որ Հակոբ Մեղապարտը «Ուրբաթագիրքը» տպագրեր… գոնե տասը տարի հետո: Գուցե 2022 թվականին ինչ-որ բան Հայաստանում փոխված կլինի ու գրախանութները ոչ միայն քանակով, այլև որակով գոնե մի քիչ կհամապատասխանեն 21–րդ դարին: Հրատարակիչները` նույնպես: Ընթերցողները` անպայման: Որովհետև և՛ երեկ, և՛ այսօր կա, նաև հենց այս պահին ստեղծվում է 21–րդ դարին արժանի գրականություն:
Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ
Ես, անկեղծ ասած, մեծ սպասելիքներ ունեի այս տարվանից` հաշվի առնելով այսօր երիտասարդության կողմից գրքի հանդեպ զրոյական հետաքրքրությունը: Ցավոք սրտի, սովետական տարիները հիշեցնող սակավաթիվ միջոցառումներ եմ տեսնում։ Խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք հասարակության լայն շերտերին ներգրավելու համար են անցկացվում։ Տխուր է, եթե մեկ խոսքով…
Միքայել Մկրտչյան
Ճարտարապետ
Որևէ ջանք չեմ նկատել: Երևանը ավելի շուտ կարելի էր հռչակել գրքի հակամայրաքաղաք ու հպարտանալ, որ աշխարհի ամենահաջողներից ենք այդ գործի մեջ: Կա պարադոքս՝ բավականին լավ տեղական գրականություն ու միաժամանակ գրքի մշակույթի նույնքան բացակայություն: Այս ամենի մեջ ավելի համոզվեցի վերջերս տեսնելով գրքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը Բարսելոնում, որ վստահ եմ նույնն է ողջ Եվրոպայում:
Ռազմիկ Ամիրխանյան
Հրատարակչական ձևավորող
Պետական մշակութային հստակ ու հետևողական քաղաքականության բացակայության պայմաններում, պաշտոնական միջոցառումների հերթական հրավառությունները ապացուցեցին, որ դեռ չենք հրաժարվել թվալ-երևալու ցանկությունից, իսկ լինելության կրողների ջանքերը, վստահ եմ, կգտնեն իրենց արձագանքն ու արդյունքները առանց այդպիսի առիթների պահանջը զգալու:
Արա Ասլանյան
Դիզայներ
Գրքի համաշխարհային մայրաքաղաքը նույնքան ծիծաղելի ու ֆիկտիվ է, ինչքան կարող էր լինել Պաղեստինի օրերը Իսրայելում:
Ավելի լավ կլիներ հատկացված բյուջեով կառուցեին Հալաբյան փողոցի մետրոկայանը:
Արգիշտի Կիվիրյան
Լրագրող
Ցավալի է, երբ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում կարելի է մատների վրա հաշվել գործող գրախանութների թիվը, իսկ այնտեղ վաճառվող գրքերի գներն էլ մեծամասամբ հասու չեն ծանր տնտեսական վիճակում գտնվող Հայաստանի շարքային ընթերցողների համար…
Սամվել Հովհաննիսյան
Գրավաճառ
Կարծում եմ, որ Երևանը 2012-ին գրքի մայրաքաղաք ճանաչվելու փաստն արդեն իսկ ոգևորող էր, կարևոր ու հուսադրող: Սակայն կարելի էր ավելի նպատակային օգտագործել նման կարևոր իրադարձության ընձեռած հնարավորությունները: Հատկապես մեծ խոչընդոտ է 2011-ից գրքի հանդեպ կիրառվող հարկային օրենսդրությունը: Բազմաթիվ հարցեր կան գրքի շուկայի, ռազմավարության, գրատպության և իհարկե ընթերցանության ոլորտում: Այս ամենի մեղավորն, ըստ իս, ոչ թե պետությունն է, այլ անտարբեր քաղաքացին:
Համբարձում Համբարձումյան
Գրող
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելը նշանավորվեց ավտոբուսների, շենքերի «դալանների» պատերին նկարված գրողների դիմանկարներով ու գրքերով, գրադարակներով, համերգներով, հրավառությամբ և այլ միջոցառումներով: Գրական տոնը վերածվեց մերձգրական միջոցառումների շարքի, հանդիսանքների, որ պետք է շոյեին հեռուստադիտողի աչքը: Սա լավ առիթ էր, որպեսզի պետությունը նպաստեր գրահրատարակչական բիզնեսի զարգացմանը, բայց դա տեղի չունեցավ: Դրա փոխարեն, կարծում եմ` շատ փող անտեղի մսխվեց և ենթարկվեց «ատկատի»:
Դավիթ Գյուրջինյան
Լեզվաբան
Երևանի գրքի քաղաք չէր, երբ հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Եվ այս տարվա ընթացքում այն ո՛չ գրքի քաղաք դարձավ, ո՛չ էլ առավել ևս համաշխարհային մայրաքաղաք: Հրավառությամբ ուղեկցված մեծ միջոցառումը, փողոցներում բավական ուշացումով հայտնված պաստառներն ու վահանակները և փոխադրամիջոցների վրայի գրությունները չեն կարևոր: Դրանք բոլորը դատարկ բաներ են և արվեցին ձևի համար, որովհետև չարվեց գլխավորը և ամենից կարևորը` չվերացվեց երևանցու և գրքի տարեցտարի խորացող օտարացումը: Երևանի զբոսայգիներում, սրճարաններում, ավտոբուսներում, շատ հաճախ անգամ գրադարաններում ընթերցող մարդկանց չեք տեսնի: Երիտասարդները համալսարան են ավարտում ձեռքները գիրք չբռնելով, բավարարվում են պատճենված թղթերով: Ինչ-որ բան արվեց դպրոցականների շրջանում, բայց դա քիչ էր, շատ քիչ: Ցավոք, գրքի մայրաքաղաք իրականում չդարձանք:
Ներսես Հայրապետյան
Գրադարանավար
Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրի գնահատականը դեռ վաղ է, քանի որ ժամկետի ավարտը 2013-ի ապրիլի 22-ն է: Այնուամենայնիվ, եթե միայն երկու խոսքով ձևակերպեմ, ապա այն ավելի ծառայում է հայ ձեռագիր և տպագիր գրքի հարուստ պատմության ներկայացմանը: Մինչդեռ շատ ավելի կարևորն այսօրվա խնդիրների վերհանումն է և դրանց բաց, հրապարակային քննարկումը: Այս մասով, ես առայժմ պետական և քաղաքացիական կազմակերպությունների միջև համագործակցության պակաս եմ տեսնում: Կցանկանայի, որ մնացած ժամանակամիջոցն օգտագործվեր ավելի ապագային միտված ծրագրեր նախաձեռնելու համար:
Իբրև գրադարանային մասնագետ և ընթերցանության, գրադարանների օգտագործման ջատագով հույս ունեի, որ Գրքի տարին գրադարանային քաղաքականության պատասխանատուների համար (թե՛ պետական իշխանության և թե՛ տեղական ինքնակառավարման մակարդակում), կդառնար մի հարթակ ապահովելու հանրային գրադարանների աշխատանքը նաև երեկոյան ժամերին, ինչպես նաև գրադարանների աշխատանքը շաբաթ օրերին: Բացի Երևանից հանրապետության մարզերում որևէ հանրային գրադարան շաբաթ օրերին չի աշխատում: Առանց այն էլ մարզերում հաճախ գրադարաններն են այն միակ կրթական-մշակութային հաստատությունները, որոնք իրենց ծառայությունները անվճար են մատուցում: Այլապես ուրիշ ինչպե՞ս ենք ծրագրում ընթերցողին վերադարձնել դեպի գիրքը:
Մերի Մուսինյան
Լրագրող
Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանն այսօր մեր աչքի առաջ է իր ողջ թշվառ պերճանքով: Բայց նրա դեռևս չօտարված, աննկատ ու մի տեսակ որբ նրբանցքներում մեր գրողները պատմություններ են գրում մարդկանց ու կյանքի մասին: Այդ նեղլիկ ու մոռացված անկյուններում է ապրում Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք: Մնացյալը՝ գրքի հետ ոչ մի առնչություն չունի:
Զավեն Բոյաջյան
Կինոգետ, թարգմանիչ
Գրքի մայրաքաղաք Երևանը բնավ չի տարբերվում գրքի գավառաքաղաք Երևանից:
Մարինե Պետրոսյան
Բանաստեղծ
«Երևանը որպես գրքի մայրաքաղաք» խորագրի տակ իրականացվող միջոցառումները ունեն հստակ արտահայտված շոու թեքում` միտված են տոնական տրամադրություն ստեղծելուն եւ համարյա ոչ մի ձևով չեն առնչվում ժամանակակից գրականությանն ու ժամանակակից հայ գրողի խնդիրներին: Մեղավորը իհարկե նաև մենք ենք` հայ գրողներս, որ հանդուրժում ենք գրականության անունով ստացված ֆինանսական միջոցների ծախսումը դրանք տնօրինող մարմինների կողմից` գրականությունից հեռու նպատակների համար:
Արմեն Դուլյան
Լրագրող
Չի էլ երևում, որ գրքի մայրաքաղաքն ենք, տարբեր տեղերում տարօրինակ ցուցապաստառ ներ են փակցված, որոնցից չի հասկացվում, թե լավ՝ ինչ և որտեղ է տեղի ունենալու… Անցած տարի Բուենոս Այրեսում, որը գրքի մայրաքաղաքն էր, Բաբելոնյան աշտարակ կառուցվեց աշխարհի բոլոր երկրներից, այդ թվում Հայաստանից ստացված գրքերից… Բա լավ, էդ ամբողջ քաղաքապետարանի խորհրդում, որը նաև մտավորականներից է կազմված, երևակայություն ունեցող մեկը չգտնվե՞ց, որ նման մի բան անեին:
Արմեն Օհանյան
Գրող
Ոչինչ չփոխվեց, մեր մշակութային քաղաքականությունը շարունակում է մնալ մեծարման և հովանավորչության քաղաքականություն: Շուրջ երեք միլիոն դոլար գցեցինք ջուրը մի երկրում, որտեղ սովորական դագաղի գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձը: Նույնիսկ հարցն ամենաբարձր մակարդակով քննարկելուց հետո` գիրքն էդպես էլ ԱԱՀ-ից չհարկազատվեց, իսկ նոր ԱԺ օրակարգում հարցը նույնիսկ չքնարկվեց: Կոմիտասում, մեր տան հարևանությամբ, Երիցյանների հայտնի հանրախանութի պատին զռլամա պաստառ են փակցրել` Քամյուի նկարով ու ծիծաղելի մեջբերմամբ` իբր առանց փողի հնարավոր չէ երջանիկ լինել, չեք հավատում` գնացեք ինքներդ կարդացեք: Սա էլ գրքի իրենց պատկերացրած մայրաքաղաքի ողջ պատկերը:
Արթուր Եղիազարյան
Պահեստային սպա
Անցյալ տարի, լսելով, որ Երևանը 2012 թվականին լինելու է գրքի համաշխարհային մայրաքաղաք, շատ էի ոգևորվել: Գրքի հանդեպ վերաբերմունքի շրջադարձային փոփոխության ակնկալիք ունեի: Բայց, ցավոք, եղավ այն, ինչ եղավ: Այսինքն` ոչինչ էլ չեղավ: Հերթապահ ցուցադրական մի քանի միջոցառումներ: Չզգացվեց նաև համաժողովրդական ոգևորություն: Մի երկու տեղ էլ չվաճառվող գրքերի զեղչված առևտուր տեսա: Այսքանը: Իսկ ես սպասում էի, որ որոշակի օրենսդրական փոփոխություններ կլինեն, որի արդյունքում գրքերը կդադարեին բիզնես ապրանք դիտվել, կմեղմվեր գրատպության հարկային բեռը, որի արդյունքում վաճառվող գրքերը կսկսեին հասանելի դառնալ հասարակ ու իրական ընթերցող մահկանացուներին: Ընթերցասիրությունը խթանելու համար, պետական քաղաքականությունն էլ արժեր վերանայել: Ժամանակն է, որ յուրաքանչյուր գրախանութ (ոնց որ դրանցից դեռ մի քանի հատ կան գրքի «մայրաքաղաքում») իրեն կից նաև ընթերցասրահ ունենար:
Ցավոք, բայց ինձ համար ներկայումս «գրքի մայրաքաղաք» սամանումը պարփակված է Աբովյան փողոցի գետնանցումներից մեկում: Չտեսա գրքի համաշխարհային մայրաքաղաքն այդպես էլ, բայց ամեն օր ականատեսն եմ Գրքի Ստորգետնյա Մայրաքաղաքին… Ժամանակն է գիրքն «ընդհատակից» հանել ու դարձնել Հայաստանի լեգիտիմ բնակիչ:
[Հարցումն անցկացրեց Հասմիկ Հակոբյանը]