Զարինե Սառաջյան | Սուրեն Սարումյանի «Աբու Բաքր ալ Բաղդադին՝ Շամի Խալիֆ» վեպը

Զարինե Սառաջյան

Աբու Բաքր

Ղարաբաղյան հակամարտության հետ առնչության մի քանի դրվագներ

Ընթերցողի սեղանին է հետարքիր մի գործ՝ «Աբու բաքր ալ Բաղդադին՝ Շամի խալիֆը» վեպը , որը կարճ ժամկետում հասցրեց հետաքրքրել ընթերցողին:
Նախ՝ խոսելով վեպի կառուցվածքի մասին՝ պետք է նշել, որ թեպետ գրականագետներն ու ընթերցողներն այն անվանում են վեպ, սակայն այն կարելի է դիտարկել նաեւ որպես մեկը մյուսին շարունակող պատմվածքների շարք-խճանկար:
Սուրեն Սարումյանն ընտրել է հետաքրքիր ու արդիական թեմա:Ինչպես գիտենք, այսօր ամբողջ աշխարհին սպառնում է Մերձավոր Արեւելքում ծայր առած Իսլամական պետություն կոչված ահաբեկչական խմբավորումը, որի գլուխ է կագնած Աբու Բաքր ալ Բաղդադին:
Վեպում գործողությունները զարգանում են երկբեւեռ ընթացքով: Մերձավոր Արեւելքի, Իսլամական պետության ձեռնարկած գործողություններին զուգահեռ հեղինակը ձեռքը պահում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում վերջերս տիրող զարգացումների զարկերակին:
Դա առաջին հերթին նշանակում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանային իրադարձությունները ներկայացնել ըթերցող լայն մասսաներին՝ հայ ռազմական փորձագետի հայացքով: Այս առումով գիրքը շահել է , եւ սա կարելի է մեծ ներդրում համարել ղարաբաղա-ադրբեջանական պայքարի քարոզչական դաշտում:
Հեղինակը նուրբ դիտարկումներով ցույց է տալիս, թե ինչպես ադրբեջանի կողմից պարբերաբար ձեռնարկվող դիվերսիոն հարձակումներին իրենց մասնակցությունն են ունենում Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած եւ Իսլամական պետության կազմում ահաբեկչական գործողություններին մասնակցած հատուկ ջոկատայիններ եւ հավաստի փաստերով ու իրական հերոսներով ցույց տալիս հակառակորդի պարտությունները:
Վեպում գործող հերոսները միջազգային հանրության կողմից ճանաչում ունեցող անուններից բացի նաեւ մեր հայրենակիցներն են,մարդիկ, ովքեր այս օրերին իրենց սխրանքով բոլորիս կողմից ճանաչված անուններ են դարձել՝ Նորայր Քամալյան, Միքայել Արզումանյան եւ ուրիշներ:
Գրողի երեւակայությունը կերտել է նաե Ալիեւի, Օբամայի, ադրբեջանական զինված ուժերի պատասխանատուների կերպարները` հոգեբանական վիճակներով ու վերլուծական բնութագրերով:
Հայտնի է, որ ըստ «Ֆրիդոմ հաուս» միջազգային կազմակերպության՝ Ադրբեջանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին: Սուրեն Սարումյանն իր վեպում ցույց է տալիս, թե ինչ բռնություններ են տիրում այդ երկրում, եւ իշխանությունից տարբերվող, ազատ կարծիք արտահայտող նախարարները, քաղաքագետները, բարձրաստիճան զինվորականները, քաղաքական գործիչները հեշտությամբ զրկվում են ազատությունից եւ հայտնվում Գոբուստանի բանտում, որտեղ նրանք դաստիարակվում ու դառնում են հեզաբարո: Այս համատեքստում վկայակոչում է լրագրող Էյնուլա ֆաթուլաեւին, որը համարձակություն էր ունեցել հայերին ոչ թե վատաբանել, այլեւ գրել չեզոք հոդված: Կարճ ժամանակից հետո նրա գրպանում թմրադեղ են հայտնաբերել եւ շտկել նրա թերությունները:
Վեպում խոսվում է նաեւ ադրբեջանական ապատեղեկատվական լծակների մասին:
Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններով կերակրում է ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաեւ սեփական ժողովրդին՝ դիվանագիտորեն թաքցնելով սահմանագծում ունեցած իր զոհերը եւ հակառակը՝ բազմապատկելով հայկական կողմի տված զոհերի թիվը:
Ադրբեջանական բանակի կորուստների թիվը հրապարակելը մեր հարեւան երկրում համարվոմ է հանցագործություն: Իշխանություններին չենթարկվող անհնազանդ լրագրողները հայտնվում են Գոբուստանի բանտախցում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասում է,- «Ադրբեջանական հասարակությունը չի ցանկանում առավոտյան լուրերում ամեն օր տեսնել հերթական շահիդի անունը, իսկ մեր կորուստների թիվը հայերին պարզապես ոգեւորում է»:
Վեպում հեղինակն ընդգծում է հակառակորդի որդեգրած ռազմական քաղաքականությունը՝ վարել հիբրիդային պատերազմ, որն ի տարբերություն դասական պատերազմների, հաջողության գրավականը տարածքներ գրավելը չէ, այլ հակառակորդի հասարակության մեջ բարոյահոգեբանական խուճապ, հուսահատություն առաջացնելը, ուժերը մաս-մաս ջլատելը:
Վեպի «Զորականը» խորագրով գլխում հեղինակը կերտում է արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից մեկի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի կերպարը, որն իր մեջ ամբողջացնում է հայ զորականի, իր հող ու ջրին, զինվորին նվիրված հայ հրամանատարին բնորոշ գծերը:
«Շամի խալիֆի գլխացավը» գլխում Աբու Բաքրը ընթերցում է հայկական զինվորական թերթում հրապարակված «Սպանված դիվերսանտները, վիրտուալ Ադրբեջանն ու գեներալ Աքպերովի հերթական սուտը» հոդվածի թարգմանությունը եւ իրատեսական է նրա կարծիքը հայերիս մասին.
«Հայերը քաջ են կռվում, որովհետեւ պաշտպանում են իրենց հողը,-մտածեց խալիֆը,-անգամ Սիրիայում նրանք լուրջ հակառակորդ են, իսկ թուրքը բնությամբ դաժան է ու վախկոտ, նրա դաժանությունը Ալլահի զայրույթի գործիք մուջահիդի անձնուրաց անողոքությունը չէ քաֆիրի նկատմամբ,այլ բորենու դաժանությունն է վիրավոր առյուծի հանդեպ»:
Հեղինակը գրքում չի բացառում Իսլամական պետության եւ Ադրբեջանի հնարավոր շփումները: Եվ որքան էլ իսլամական պետության կողմից մեր տարածաշրջանին սպառնացող վտանգը հեռու է թվում, այնուամենայնիվ հեղինակը ցույց է տալիս, որ այդ խմբավորման առաջխաղացումը վտանգավոր է նաեւ մեր տարածաշրջանի ու մեր երկրի համար՝ չբացառելով նաեւ ադրբեջանական կողմից գրոհայինների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագոտում տեղի ունեցող իրադարձություններին:
Իսլամական պետության թեման, լինելով արդիական ու պահանջված միջազգային հանրության համար, այս գրքում հանդիսանում է մի յուրահատուկ բանալի` շատերին անհայտ կամ գուցե ադրբեջանական քարոզչամեքենայի արդյունքում ոչ ճիշտ տեղեկացված հանրության համար` բացահայտելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ սահմանագոտում զարգացող իրադարձությունների իրական պատկերը: Գիրքը արժանի է թարգմանել օտար լեզուներով եւ տարածել նաեւ արտասահմանում: Որոհետեւ այն, սքողված լինելով Մերձավոր Արեւելքում զարգացող իրադարձություններով, իրական պատկերացում է տալիս շփման գծում ծավալվող զարգացոմների մասին, ինչը Ադրբեջանը պարբերաբար խեղաթյուրում եւ հօգուտ իր դիվանագիտության ներկայացնում է միջազգային հանրությանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *