Վանո Եղիազարյան | Ակամա պատասխան մարտնչող անանուն տգետին

Գրիչ

Վանո Եղիազարյանի այս հոդվածը գրվել է իբրև պատասխան Երվանդ Տեր-Խաչատրյանի՝ «Ազգի» մշակութային հավելվածում տպագրված «Ակամա պատասխան ընտանիքին առանձնապես նվիրվածներին»  հոդվածի: Այն նույնպես ինչ-ինչ պատճառներով չի տպագրվել «Ազգում»՝ մեզ հասած տեղեկություններով ծավալի մեծության պատճառով: «Գրանիշը» հրապարակում է Վանո Եղիազարյանի պատասխան-հոդվածը՝ առանց խմբագրական միջամտությունների և կրճատումների՝ կրկին  բանավեճի ամբողջական պատկեր ներկայացնելու համար:

«Ազգ» շաբաթաթերթում «Ակամա պատասխան ընտանիքին առանձնապես նվիրվածներին» վերնագրով հոդվածում («Ազգ», 23.10.2015, 30.10.2015) Երվանդ Տեր-Խաչատրյանը, խախտելով գիտական բանավեճի մշակույթը, անձնական վիրավորանք է հասցեագրել ինչպես Վարդան Դևրիկյանին, այնպես էլ տողերիս հեղինակին, այն դեպքում, երբ մեր գրախոսությունների մեջ վիրավորական մեկ բառ անգամ չի գործածվել նրա անձի մասին: «Բարեկիրթ գիտնականը» իրեն թույլ է տվել պարոն Վարդան Դևրիկյանին անվանելու «շուկայի միջնորդ», «ստրկամիտ», «պիոներ», իսկ ինձ` «անամոթ ստախոս», «անազնիվ» և այլն: Ոճը մարդն է. Երվանդ Տեր-Խաչատրյանի ոճը իր մարդկային բնութագիրն է, ուստի մեզ հասցեագրված վիրավորանքները բումերանգի պես վերադարձնում ենք դրանց իսկական հասցեատիրոջը:

Ինձ իբր վիրավորելու համար անվանում է գյուղացի, Արցախում բնակվող Վ. Աթանեսյանին աուլի բնակիչ` չգիտակցելով մեր առավելությունը քաղքենու` երվանդացած իր տեսակից:

«Եվ ի~նչ անամոթ ստեր, հերյուրանքներ, ստոր բամբասանքներ էին տարածում մարդիկ իբր թե Գրականության ինստիտուտ հասնող խանձած խոզերի, մեղրի եւ գյուղապետական մառանի այլ բարիքների հարահոսի մասին: Այն մասին, որ գիտության դոկտորը, ճիշտ է, այն ժամանակ դեռեւս ապագա դոկտոր, իրենց գյուղում ակադեմիկոսի համար իր սեփական ծախքով առանձնատուն է կառուցել եւ այլն, եւ այլն», – գրում է «ազնիվ գիտնականը» («Ազգ», 30.10.2015): Նախ` ես գիտության դոկտոր եմ դարձել 2007 թ. հոկտեմբերին, երբ գիտխորհրդի նախագահը եղել է իսկապես հայտնի անկաշառ Ազատ Եղիազարյանը, երկրորդ` Սերգեյ Սարինյանն իմ գյուղում առանձնատուն չունի: Իմ դոկտոր դառնալուց մոտ 3 տարի անց, երբ դեռ ես գյուղապետ էի, Սարինյանի փեսան` Ա. Ասատրյանը, 13.04.2010 թ. գնել է տնամերձ հողամաս և իր միջոցներով կառուցել մի կիսակառույց առանձնատուն, որը Ձեզ նման բամբասասերների կողմից ստորապատումի տեսքով դրվել է շրջանառության մեջ: Կարող եք ստուգել փաստերը. կան ասածս հաստատող բոլոր փաստաթղթերը, որոնք կարող եք պահանջել ազգային արխիվից և գյուղապետարանից: Նենգաբար գրում եք. «Հանգիստ եղեք, ձեր խոսքը վստահաբար տեղ է հասել, ձեր պաշտոնին ոչ մի վտանգ չի սպառնում: Ով գիտի, գուցե եւ ավելի բարձր պաշտոն ստանաք» («Ազգ», 30.10.2015): Ստում եք նաև այստեղ. այժմ Ձեր ասած պաշտոնը չունեմ, որ այն բարձրանա, կամ նրան վտանգ սպառնա, նույնիսկ հրաժարվել եմ ՎՊՀ պրոռեկտորի պաշտոնից, որ վարում էի գյուղապետի պաշտոնից հետո: Անկեղծ ասած, հոդվածի` ինձ հասցեագրված մասում չգտա որևէ գիտական հարցադրում, որի պատասխանը պիտի տայի. այն ամբողջությամբ հայհոյախառն մի ողորմելի շարադրանք է` կենցաղային բամբասանքների յուրօրինակ ստորապատում, ինչին պատասխանելն անիմաստ է և անհարիր գիտությանը:

Բնականաբար, ես չեմ իջնելու այդ ստորին ոճին, որ որդեգրել է Երվանդ Տեր-Խաչատրյանը, սակայն որոշ գիտական հարցեր իսկապես անդրադարձի կարիք ունեն: Նա կարծում է, թե իր հոդվածին չենք պատասխանել, այլ անարգելու բացահայտ միտում ենք ունեցել: Նշեմ, որ ինքն իր տեսանկյունից է մեկնաբանում հարցը, քանի որ իր նպատակն ակնհայտ է` անարգել ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին, ով և արժանիորեն պատասխանել է «Երվանդացած Յուրա Խաչատրյանին»` «Մի նմուշ բացառիկ տգետի օրագրից» հոդվածում («Գրանիշ», 09.10.2015):

Դիմելով ինձ` գրում է. «Ես ձեզ մի վերջին հարց եմ տալիս. ինչո՞ւ եք կառչել մի պարբերությունից եւ խորամանկ հրեայի պես շրջանցում եք այն ամենը, ինչ ես մատնացույց եմ արել թերթի երեք էջում» («Ազգ», 30.10.2015): Որպեսզի պարոնն այլևս չմտածի, թե իրեն չեմ պատասխանել, հիշեցնեմ, որ իմ խնդիրը եղել է Մանուկ Աբեղյանի տեսությունը խեղաթյուրողին զգաստության կոչելը, սակայն, ինչպես պարզվում է պատասխան հոդվածից, նա անուղղա է և իսկապես տգետ: Շեշտեմ նաև, որ նախորդ հոդվածում, խնայելով իր անձը, ընդամենն անդրադարձել էինք աբեղյանական տեսության խեղաթյուրմանը, սակայն նա ստիպեց, որ այստեղ տանք բանավեճի արդյունքում իրեն մութ մնացած հարցերի պատասխանները և ի ցույց դնենք նաև իր մասնագիտական տգիտությունը:

Սարինյանն իրավացիորեն այն կարծիքին է, որ աշուղական երգարվեստը չի կարելի ենթարկել գրական որևէ ուղղության, ինչը չի հասկանում պարոն Ե. Տեր-Խաչատրյանը և փորձում է Սայաթ-Նովային համարել դադաիստ` գրելով. «Սայաթ-Նովան ակնհայտ դադաիստ է: Մարդը ինքը իր ձեռքով գրել է, չէ՞…

Դադա պիտի թարիփդ ասէ… » («Ազգ», 11.09.2015):

Ո´չ, հարգելի պարոն, այդպես չէ. այստեղ Դուք հանդես եք բերում մասնագիտական ակնհայտ տգիտություն (նկատի ունեցեք, որ նախորդ հոդվածում տգիտությունն անիմացություն էի անվանել` փորձելով մեղմել այն): Սայաթ-Նովայի մոտ դադա բառը նշանակում է «մեծ վարպետ», «իմաստուն» (տե´ս Հենրիկ Բախչինյան, Սայաթ-Նովա, Խաղեր, Ե., էջ 503, տե´ս նաև «Գանձարան հայ հին բանաստեղծության», աշխատասիրությամբ Պողոս Խաչատրյանի, Ե., 2000, էջ 951), մինչդեռ դադաիզմ բառը ծագել է ֆրանսերեն dada բառից, որը նշանակում է «ձիուկ, փայտե քուռակ», փոխաբերական իմաստով` «մանկական անկապ թոթովանք» (տե´ս Մ. Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., 2006, էջ 42): Ուրիշ տեղ Սայաթ-Նովան նաև գրում է. «Յար, քիզ ինչո՞վ թարիփ անիմ` աշխարումըս բա´ն չըմընաց». թարիփ նշանակում է «գովք»: Երբ Սայաթ-Նովան գրում է, թե «Դադա պիտի թարիփդ ասէ», դիմում է իր սիրածին, թե «մեծ վարպետ է պետք, որ քո գովքն անի»: Սա Ձեր տգիտության վառ ապացույցն է, երբ սայաթնովյան դադա բառը կապում եք դադաիզմի հետ, որքան էլ փորձեք պնդել, թե դա հեգնանքով եք ասել:

Ի՞նչ կապ ունի Սայաթ-Նովայի սիրած էակի գովքն անող մեծ վարպետը դադաիզմի գրական ուղղության հետ. դադաիզմը 1916-22 թթ. Շվեյցարիայում սկզբնավորված ավանգարդիստական գրական ուղղություն է. դադաիստների ստեղծագործությունները դրսևորվում են բառերի և հնչյունների անիմաստ զուգորդումներով, խզբզոցներով, կեղծ սխեմաներով (ավելի շուտ Ձեր հոդվածներն են դադաիզմի նմուշներ, քան Սայաթ-Նովայի երգերը): Իսկ աշուղական երգարվեստը չի կարող ենթարկվել գրական որևէ ուղղության, առավել ևս դադաիզմին: Աշուղությունն ունի իր յուրահատուկ տիպաբանական առանձնահատկությունները (այս մասին մանրամասն տե´ս Գարեգին Լևոնյան, Երկեր, Ե., 1963, 50-284): Ի դեպ, եթե ծանոթ լինեիք Գ. Լևոնյանի գրքին, կիմանայիք, որ ոչ միայն Սերգեյ Սարինյանը, այլև նրանից առաջ նաև Գարեգին Լևոնյանը Պաղտասար Դպիրի «Ի ննջմանէդ արքայական» տաղը սիրո երգ է համարում (տե´ս նույն տեղում, էջ 299-300): Թեև դրանից հետո Շ. Նազարյանը, ապա նաև Աս. Մնացականյանը, 25-ամյա երիտասարդի կողմից 1708 թ. գրված այս տաղը համարել են հայրենասիրական այլաբանական երգ, սակայն վերջիններս Դպիրին համարել են նաև սիրո երգիչ, ինչը հետագայում ընդհանրապես չի ընդունում Հ. Բախչինյանը (այս մասին տե´ս Պաղտասար Դպիր, Տաղեր, աշխ. Հենրիկ Բախչինյանի, Ե., 2007, էջ 59-66): Նկատենք, որ Պաղտասար Դպիրի այս տաղի հայրենասիրական բնույթի մասին կարծիքը վերջերս հանդիպել է նաև առարկության. «Հայրենասիրական համարելով, սակայն, Շ. Նազարյանը այս երկու բանաստեղծություններն էլ զետեղել է սիրո երգերի շարքում և ճիշտ է վարվել: Այդ դեպքում ուր մնաց պարզ տրամաբանությունը: Այս երկու տաղերն էլ իրենց բնույթով, բովանդակությամբ և պատկերային համակարգով սիրային են, բայց քրիստոնեական ոգով տոգորված» (տե´ս Դ. Գասպարյան, Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն, Ե., 2009, էջ 829): Ապա Դ. Գասպարյանը գրում է, թե այս տաղի գովելին «Տիրամոր խորհրդանշանով մարմնավորված կինն է` որպես քրիստոնեական սիրո բարձրագույն արտահայտություն» (նույն տեղում, էջ 830): Իսկ Դուք մեղադրում եք Վարդան Դևրիկյանին, ով ընդամենը ներկայացրել է այս հարցի շուրջ եղած այլ կարծիքներ, բայց քանի որ չի նշել կարծիքի հեղինակներին, Ձեզ անտեղյակությամբ թվացել է, թե ինքն է առաջ քաշել Տիրամոր վարկածը: Ուստի ոգևորված գրում եք. «Բանասիրութան հարգարժան դոկտոր Վ. Դեւրիկյանը կարո՞ղ է համաշխարհային ողջ գրականությունից գոնե մեկ օրինակ բերել, որի մեջ պատկերված լինի քնած Տիրամայրը, եւ գալիս է մեկը եւ նրան ասում է` զարթնիր: Ո՞վ է գալիս` Հովսե՞փը, Գաբրիել հրեշտա՞կը, ո՞վ… Թող գրի ու մատնացույց անի» («Ազգ», 23.10.2015):

Իսկ ինչ վերաբերում է այն պնդմանը, թե գրականության այդ պատմության մեջ պետք է գրվեր խնդրո առարկա տարաբնույթ կարծիքների մասին, թույլ տվեք չհամաձայնել, քանի որ Պաղտասար Դպիրին առանձին գլուխ չի հատկացվել, այլ «Գրականության նորոգությունը 17-18-րդ դարերում» գլխում հպանցիկ ակնարկ է կատարվել Պաղտասար Դպիրին, Պետրոս Ղափանցուն, Հարություն Ալամդարյանին:

Դուք պարզապես փայլում եք անտեղյակության ու տգիտության ասպարեզում: Եվ դա այն դեպքում, երբ գրում եք. «Ես զզվանք ու հակակրանք ունեմ տգիտության, տխմարության, անգրագիտության և նման բաների հանդեպ, և մանավանդ, մանավանդ մանր քծնանքի, շողոքորթության, պնակալեզության, սեփական մանր շահը հետապնդող զանազան չարանենգ և խարդախամիտ պատեհապաշտների հանդեպ» («Ազգ», 23.10.2015): Զզվեք Ձեզնից ինչքան ուզում եք, նաև նրա համար, որ հարգալից բանավիճային հոդվածն անվանել եք հարձակում և վիրավորել նաև իմ անձը:

Պարոն Ե. Տեր-Խաչատրյան, իմ դավանանքը գրականությանն ու գրականագիտությանը ծառայելն է, ոչ թե որևէ ընտանիքի կամ խմբավորման, իսկ Դուք օրը ցերեկով խեղաթյուրում եք Մանուկ Աբեղյանին և, ցավալի է, որ համառորեն շարունակում եք նույնը նաև Ձեր պատասխան հոդվածում, այն դեպքում, երբ մենք արդեն ուղղակիորեն մեջբերել ենք այն հատվածը, որտեղ Աբեղյանը շատ հստակ գրում է. «…մեր նոր գրականությունն սկսվում է 17-րդ դարում» (Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Դ. Երևան, 1970, էջ 547): Սա մի կողմ թողած` կրկին շարունակում եք անիմաստ տեղապտույտը. առանց հղման մեջբերում եք անում Աբեղյանից, երբ Ձեր մեջբերման կողքին նման մի նշում պետք է լիներ` Մանուկ Աբեղյան, Երկեր, հ. Դ. Երևան, 1970, էջ 549 (դա գիտական շարադրանքի համար պարտադիր է, մինչդեռ Դուք այդ մասին կարծես մոռացել եք), որպեսզի ընթերցողը տեսնի, որ Ձեր ասածը գտնվում է «Բանաստեղծության վիճակը 19-րդ դարու առաջին երեսնամյակում» գլխում և ամենևին չի ժխտում 2 էջ առաջ Աբեղյանի արած հստակ դիտարկումը, թե մեր նոր գրականությունը սկսվում է 17-րդ դարում: Ապա շարունակում եք պնդել, թե Աբովյանն է մեր նոր գրականության հիմնադիրը: Եվ դա փորձում եք հիմնավորել այս անգամ էլ Վահան Տերյանի խոսքով: Պարոն «գրականագետ», Վահան Տերյանը մեծ բանաստեղծ է, ոչ թե գիտնական, իսկ խոսքն այստեղ գիտության մասին է: Վ. Դևրիկյանին դիմելով` Դուք եք գրում` խոսքն այստեղ «գիտության և իմացության մասին է»: Նկատի ունեցեք, որ գիտնականին բանաստեղծի խոսքով հերքելը գիտության հետ կապ չունի, ավելին` հակագիտական մեթոդ է:

Այժմ Ձեզ առավել քան հուզող Ռայնգոլդի, նաև ռապսոդների, տրուբադուրների` ժողովրդական արվեստի ուղղության մասին:

«Հին Հունաստանում` ռապսոդները, Արևելքում` աշըղները, Գերմանիայում` մինեզինգերներն ու մեյստերզինգերները, Ֆրանսիայում` տրուբադուրները, տրուվերները և տուլերները, Հունգարիայում` տրուտատորները, Գալլիայում` բարդերը, Անգլիայում` սկոպները, Իռլանդիայում` ֆիլերը, Սկանդինավիայում` հին սկապենները, սկոյլդները, սլավոն ազգերի մեջ` բայաները, գուսլյարները, բանդուրիստները, կոբզարները, կալիկները, իսկ մեզանում գուսաններն ու վարձակները դարերով կատարել են բացառիկ դեր ժողովրդի հոգևոր զարգացման գործում` հանդես գալով որպես բանաստեղծ, երաժիշտ, երգիչ, դերասան» (Վ. Եղիազարյան, Հայ հին գրականության պատմություն, Ե., 2014, էջ 24): Ահա մի հատված իմ գրքից, որը խմբագրել է ակադեմիկոս Սարինյանը, իսկ Դուք պնդում եք, թե «Ակադեմիկոսը գրում է, որ ռապսոդն ու տրուբադուրը ժողովրդական արվեստի ուղղություններ են» («Ազգ», 23.10.2015): Նույն Սարինյանը դեռևս «Հայկական ռոմանտիզմը» գրքում թվարկել է գրական ուղղությունները` կլասիցիզմ, ռոմանտիզմ, սենտիմենտալիզմ, ռեալիզմ, նատուրալիզմ, սիմվոլիզմ, իմպրեսիոնիզմ և այլն, բայց Ձեր հիշատակած «ուղղությունները» չի նշել: Երբ Սարինյանը գրում է, թե «Աշուղական պոեզիայի և Սայաթ-Նովայի համեմատական դրվածքով ընդհանրություններ են նշմարվում եվրոպական ժողովրդական արվեստի ուղղությունների հետ` հունական ռապսոդներ, ֆրանսիական տրուբադուրներ, գերմանական մինեզինգերներ և այլն», Դուք մի´ կարծեք, թե խոսքը գրական ուղղության մասին է, այլ փորձեք ուղղություն բառն ընկալել այլ իմաստով, քանի որ այն բազմիմաստ բառ է, նշանակում է նաև «կերպ, եղանակ»: Այս դեպքում, բնականաբար, խոսքն այն մասին է, որ ընդհանրություններ ունեն ռապսոդների, տրուբադուրների և Սայաթ-Նովայի երգերը` որպես ժողովրդական արվեստի տեսակներ, ինչի մասին գրել է նաև Պարույր Սևակը (տե´ս Պարույր Սևակ, Սայաթ-Նովա, Ե., 1987, էջ 105): Ընկալե´ք այսպես, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց քանի որ Դուք շատ եք ուզում, որ Սարինյանը սխալ բան ասած լինի, ընկալեք` ինչպես ուզում եք: Դա Ձեր խնդիրն է:

Դուք իսկապես բառիմաստի ընկալման հետ ևս խնդիր ունեք, քանի որ գրում եք. «Ես, պարոն Վ. Եղիազարյան, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի դեմ երբևիցե որևէ տող չեմ գրել» (քիչ մնաց հավատայի), ապա քիչ անց շարունակում եք. «Ես ՄԵԿ, ՄԻԱՅՆ ՄԵԿ գրախոսություն եմ գրել 2006 թվականին, ինը տարի առաջ, Սարինյանի «Ի հեճուկս» խորագրով գրքի մասին: Ինը տարի հետո ես գրախոսել եմ Գրականության ինստիտուտի հրատարակած հատորը: Սա «պարբերաբար» Սարինյանի դեմ գրե՞լ է: Եթե տղամարդ եք և ստախոս չեք, գրիչ վերցրեք և ցույց տվեք ձեր ասած պարբերականությունը: Չեք կարող, որովհետեւ նման բան չկա» («Ազգ», 30.10.2015): Պարզվում է, այս պարոնը երկրորդ անգամ էլ գրախոսել է Գրականության ինստիտուտի հրատարակած հատորը, սակայն, չգիտես ինչու, կենտրոնացել է Սարինյանի «Լևոն Շանթ» մենագրության «վրիպումների» վրա:

Հարգելի պարոն, ահա պարբերաբար բառի բառարանային իմաստը` «պարբերական կերպով», այն է` «ժամանակի որոշակի ընդմիջումներով լույս ընծայվող»: Սակայն պարզվում է, որ Դուք նույնիսկ առաջին անգամ էլ չեք գրել Սարինյանի դեմ, էլ ուր մնաց` երկրորդ անգամ: Պարզվում է` Դուք գրել եք Ձեր ասած Գյուլնազ տատի դեմ, իսկ Սարինյանը պատասխանել է Ձեզ: Նույնիսկ այս հոդված կոչվածի վերջում էլ ակնարկել եք, որ հաջորդ հայհոյանքն ուղղված է լինելու կրկին Սարինյանին` «Ջերմ բարովագիրս ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին` առաջիկայում» («Ազգ», 30.10.2015): Հիմա երևի հասկացաք` ինչ է պարբերականությունը: Ի դեպ, պարոն Յուրա-Երվանդ, Ձեր պարբերաբար ինքնադրսևորվելու մասին առավել քան դիպուկ է գրել Սարինյանը. «Ավա՜ղ, փոխեց անունը, բայց անփոփոխ մնաց վարձկանի սոցիալական վիճակը։ Անփոփոխ մնաց նաև «քննադատի» իր ոճը, որ ուղղակի տառադարձությամբ կոչվում է «ստորապատում»» («Գրանիշ», 09.10.2015):

Եվ քանի որ հենց Դուք եք գրել, թե «Ամեն մարդու գիրը նախ իր մասին է» («Ազգ», 30.10.2015), ուստի տղամարդու պես այս ամենից հետո պիտի ասեմ, որ Դուք «ձեր «պարբերաբար»-ը տարեք ձեր տուն և, եթե գրավոր խոսք չլիներ, կասեի, թե ինչ անեք, ինչպես գործածեք» («Ազգ», 30.10.2015): Իսկ ինձ մնում է, որ կրկին ետ նվիրեմ Ձեր մաղթանքը Ձեզ. «…մնում է, որ երբևիցե նաև գրականագետ ու բանասեր դառնաք: Վախենամ, որ այդ «երբևիցեն» այդպես էլ մնա «երբևիցե», որովհետեւ գրականության պարագային մի քիչ, գոնե մի աննշան չափով ազնվությունն ու բարոյականությունը ուղղակի պարտադիր են և անհրաժեշտ…» («Ազգ», 30.10.2015): Իսկ Դուք անազնվորեն գրում եք, թե իբր ես ընդունում եմ, որ գրախոսվող հատորը խոտան է, երբ ես նման կարծիք չեմ հայտնել:

Քննարկում եք «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորը, սակայն, չգիտես ինչու, մեջբերում եք Ս. Սարինյանի՝ 1991 թ. տպագրված «Լևոն Շանթ» մենագրության մեջ տեղ գտած Ռայնգոլդի մասին Ձեր նկատած «վրիպումը»: Վստահ եղեք, որ եթե նույնիսկ այդ «վրիպումը» լինի «Լևոն Շանթ» մենագրության մեջ, ապա դրանից չի արժեզրկվում 2015 թ. տպագրված «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորը: Իսկ Ռայնգոլդին շփոթելու մասին ասեմ, որ դա նույնն է, թե, ասենք, Սարինյանը գրի, որ Յուրա Խաչատրյանի մարդկային կերպարի ձևավորման վրա մեծապես ազդել են Ընկեր Փանջունին, Պարոնյանը, Օտյանը, Լեռ Կամսարը, իսկ գրախոս Ե. Տեր-Խաչատրյանը պնդի, թե Սարինյանը Ընկեր Փանջունուն շփոթել է հայ երգիծաբանների հետ:

Ինչ անուն տաս այն երևույթին, երբ գրախոսն անողոք ու համառ շարունակում է քննադատել հայոց գրականություն եզրույթը, սակայն ինքն իսկ մոռանում է իր առաջադրած սկզբունքի մասին և իր վերջին հոդվածում գրում. «Գրականության ինստիտուտի հրատարակած այս գրքում հայոց նոր գրականության նորոգությունը (ընդգծ. իմն է՝ Վ. Ե.) տեսնում են 16-17-րդ դարերում և հայ նոր գրականության սկիզբը համարում են 17-րդ դարը» («Ազգ», 23.10.2015): Այստեղ կրկին տեղին է հիշել Սարինյանի խոսքը. «Այսպիսին է մինի քննադատ Երվանդի, նույն ինքը Յուրա Խաչատրյանի դիմանկարի էսքիզը» («Գրանիշ», 09.10.2015):

Քննադատում եք այլոց վրիպումները, սակայն Ձեր շարադրանքը ևս զերծ չէ սխալներից. բերեմ ընդամենը մեկ օրինակ` «նախորդ սերունդի գիտնականներ» («Ազգ», 23.10.2015): Ավելորդ չէ ասել, որ անտեսել եք շեշտափոխական հնչյունափոխության կանոնը. պետք է լինի սերնդի, ոչ թե` սերունդի: Ուստի Վ. Դևրիկյանին ուղղված Ձեր խոսքը ետ եմ նվիրում Ձեզ. «Դա դպրոցական երեխան անգամ գիտի» («Ազգ», 23.10.2015):

«Համակարգչային աշխատանք է, ամեն բան կպատահի» («Ազգ», 30.10.2015),- կգրեք Դուք, երբ Վ. Աթանեսյանը ի ցույց կդնի Ձեր տառասխալները: Պարզվում է` Ձեզ կարելի է, իսկ մյուսները վրիպելու իրավունք չունեն:

Պարոն Երվանդ Տեր-Խաչատրյան, երբ հերոսական կեցվածք ընդունած այլոց մանրանդամ եք անվանում կամ զարմանում եք, որ Վ. Եղիազարյանը դոկտոր, պրոֆեսոր է, երբևէ մտածե՞լ եք` ո՞վ եք Դուք, ի՞նչ եք արել գիտության մեջ, թեև պատկառելի տարիք ունեք: Գիտական միջավայրում Ձեզ ճանաչում են իբրև Միքայել Նալբանդյանի արձանի շրջակայքում շրջագայողի, ում գործը գործ անողներին վատաբանելն է. Դուք այդպես եք մնալու պատմության մեջ: Իսկ ի հեճուկս Ձեզ` Սարինյանի անունը մնալու է հայ գրականագիտության մեծերի շարքում: Այդքանով նաև Սարինյանի կերպարը անմատչելի և անհաճո է Ձեզ: Անսխալականության բարդույթն ինքնին մեծ սխալ է, ինչով, ցավոք, տառապում եք: Մի´ կարծեք, թե Դուք կամ ես անսխալ ենք: Սարինյանին քննադատելու փոխարեն գրականության պատմության այդպիսի մի հատոր էլ Դուք ստեղծեք. եթե սխալներ կամ թերություն ունենա, մենք կներենք, քանի որ անթերի բան չկա այս աշխարհում: Եթե Դուք մի հոդվածում այսքան մասնագիտական անտեղյակություն եք դրսևորում, ինչ բարոյականությամբ եք քննադատում այլոց «վրիպումները»:

Մի խոսքով, անիմաստ է երկար բանավիճել մարտնչող տգիտության հետ: Կարելի է նաև լուռ հետևել տգիտության մենապայքարին:

Մինչև Դուք չստեղծեք գրականության պատմություն նման մի գիրք, ես դնում եմ Ձեր բաժին վերջակետը:

Սա էլ ոչ գիտական պատասխանը ոչ գիտական իր ոճով

ՅՈՒՐԻԿԻ ՄԱՍԱԼՆԵՐԸ ՊՈՒՇԿԻՆԻ ՀԵՏ

կամ

«Երվանդ Տեր-Խաչատրյանն ընդդեմ… Երվանդ Տեր-Խաչատրյանի»…

Իմ անունը Յուրի Խաչատրյան է, բայց ինձ փոքր ժամանակ Յուրիկ էին ասում, երբ սկսեցի դպրոց հաճախել ու տառերը սովորեցի, պայմանավորվեցինք Պուշկինի հետ, որ ես միայն իր կողքին եմ նստելու, և ինքն ինձ կարող է Յուրա կոչել: Ես սիրում եմ անունների բազմազանություն, ուստի տարիներ անց մի գաղտնի անուն էլ ինձ տվեցին, որը, ներող եղեք, ձեզ ասել չեմ կարող, քանի որ դա ծառայողական գաղտնիք է:

Երբ մի օր հասկացա, որ Յուրի անունս արդեն բավականին ապականել եմ, որոշեցի ապագա ուսումնասիրողներին մոլորեցնելու համար դառնալ Երվանդ և այն էլ` Տեր-Խաչատրյան: Ավա՜ղ, փոխվեց անունս, բայց անփոփոխ մնաց վարձկանի սոցիալական իմ վիճակը։ Անփոփոխ մնաց նաև «քննադատի» իմ ոճը, որ ուղղակի տառադարձությամբ կոչվում է «ստորապատում»։

Անուններ փոխելուց բացի` մի սովորույթ էլ ունեմ. ես ամեն երեկո օրվա լուրերի մասին զրուցում եմ Պուշկինի հետ: Ուրեմն, ամեն երեկո մեր տուն է գալիս Պուշկինը: Պատկերացնո՞ւմ եք, չե՞ք պատկերացնում Պուշկինը, ուրեմն, Ալեքսանդրը, ով հրաշք,- բանաստեղծ,- ու գալիս է մեր տուն, իսկ ես, անկոչում ու անաստիճան, աննշան մեկը: Պատկերացնո՞ւմ եք, չե՞ք պատկերացնում… Գալիս է, որ ինձնից բաներ իմանա… Նա էլ է հավատում, որ ես «Համբուրգյան հաշվի» գիտնական եմ: Երբ լսում է ինձ, զարմանքից, սքանչացումից, հիացումից ու հպարտությունից քիչ է մնում շնչահեղձ լինի: «Այ մարդ,- ասում է,- երբ կարդալ սովորեցիր և իմ գրածները արդեն կարդում էիր, այդ օրվանից ինձ թվում էր` դու միայն իմ գրքերն ես կարդալու, բայց պարզվում է, որ կարդացել ես նաև Դ հատորը»:

«Ո՞ւմ Դ հատորը»,- զարմացած հարցնում եմ ես:

«Մանուկ Աբեղյանի»,- ասում է նա` հասկացնելով, որ տեղյակ է իմ հերթական չարաբաստիկ բանավեճին:

«Երեք անգամ կարդացել եմ», – ասում եմ հպարտությամբ:

«Աստված իմ, ի՜նչ բախտ է, ի՜նչ բախտ: Ամեն մեկին չի վիճակվում նման բախտ: Ուրեմն դո՞ւ ամբողջությամբ կարդացել ես Մանուկ Աբեղյանի հատորը… հա՞ստը, թե՞ նիհարը», – հարցնում է զարմացած Պուշկինը:

««Հաստն ու նիհարը», – կարդացած մարդու տպավորություն թողնելու համար ասում եմ ես, – չե՞ս հավատում… գնա, հարցրու մեր բակի հավիկին, նա էլ է իմ պես կարդացվոր»,- ասացի մանկամիտ պարզամտությամբ:

«Ես որկրամոլ հավիկին չեմ հավատում, կհարցնեմ այն խոհուն գիսավորին, ով իր նման երկարամազ մի չոբան գործակից ունի Լոռվա սարերում, իսկ ես վաղուց այդ կողմերով անցել եմ, պարզապես քեզ չեմ ասել այդ մասին, այնտեղ նույնիսկ իմ անունով լեռնացք կա»,- ասաց Պուշկինը:

«Բա որտեղի՞ց ես իմացել այդ հատորի մասին»,- շարունակեց հարցաքննությունը:

«Այ, երբ համալսարանում ուսանում էի, ինձ կես խոսքով գլխի գցեց Մկրյանը, որ կարդամ մանավանդ Դ հատորը,- ես, ազնիվ խոսք, անպայման կարդացել եմ, ճիշտ է, միգուցե նաև ձեր չափ չեմ հասկացել: Ու եթե հասկացած լինեի, այսօր այսպես ամոթով չէի մնա ոչ ընթերցողների մոտ, ոչ մանավանդ մեր ԱԶԳ-ի առջև: Հա, մոտս գրեմ, չմոռանամ, որ նորից կարդամ: Ուրեմն` մանավանդ Դ հատորը»,- կարկամում եմ ես:

«Ուրեմն, մեծատաղանդ գրականագետն ու հմուտ,- հմուտն էն խոսքը չի,- բանասերը, ում բացառիկ ուսումնասիրությունները, գրքերն ու աշխատությունները հայ գրականագիտության վավերական հպարտությունն են, հզոր ինտելեկտի և հարուստ էրուդիցիայի արդյունք, ում ամեն մի գրությունը փայլում է ոճով, խոսքով, շարադրանքով, ո՞նց է կարդացվել քեզ պես անգետի կողմից: Եվ մանավանդ, մանավանդ դրանից հետո անփոխարինելի, անգնահատելի դասեր ես տալու ուրիշներին»,- հանդիմանեց ինձ:

Ուղղակի կարկամեցի ու քարացա: Մի խոսքով` պահը ցնցող էր, ամեհի ու սահմռկեցուցիչ: Ես հասկացա, որ բռնվել եմ ստի մեջ:

«Կարդացի: Հենց հիմա նորից կարդացի: Ի՜նչ գրություն է, ի՜նչ գրություն: Եվ ո՜նց է շարադրված, գրականագիտական ի՜նչ խորքով և բանասիրական ի՜նչ հմտությամբ, ի՜նչ հարուստ ու գեղեցիկ բառապաշարով, և մանավանդ ի՜նչ տրամաբանությամբ: Օրենքով այսպիսի գրքերը առնվազն օրը երկու-երեք անգամ պիտի կարդամ, որ գոնե հատորի վերնագրի Դ տառը հիշեմ», – արդարացա ես:

Երբ զգացի, որ սկսեց հավատալ, շունչս կտրվեց հպարտությունից և սկսեցի անկեղծանալ. «Ոչինչ, որ իմ խելքի բանը չի, միևնույն է, շապիկը պահելու եմ, տանելու եմ մեր շենքի բակ և գլուխ գովելով բոլորին ցույց եմ տալու: Ով գիտի, միգուցե նաև շրջանակի մեջ առնեմ և գլխիս վերևը կախեմ:

Եվ ի~նչ անամոթ ստեր, հերյուրանքներ, ստոր բամբասանքներ էին տարածում մեր հարևան կանայք իբր թե ես Գրականության ինստիտուտ խանձած խոզեր, մեղր և դասախոսական կաշառքից այլ բարիքներ եմ տարել Աբեղյանի համար: Այն դեպքում, որ ես գիտության դոկտոր չեմ, ճիշտն ասած, չեմ էլ կարող դառնալ, բայց եթե դառնայի, Աբեղյանի համար իմ սեփական ծախքով առանձնատուն կկառուցեի քաղաքի կենտրոնական հրապարակի ուղիղ կենտրոնում, քանի որ Աբեղյանի ծննդավայրում` Նախիջևանի Աստապատ գյուղում իմ իսկական բարեկամները մշակում են բոլոր հողերը»:

«Բայց ես գիտեմ, որ քո բարեկամները զավթել են այդ հողերը»,- մեղադրեց ինձ Պուշկինը:

«Սուտ, ճիվաղային, հակագիտական, կարելի է ասել նույնիսկ ազգադավ և հակապետական սուտ, նողկալի հերյուրանք: Միայն այս փայլուն ու շողշողուն գրությունը բավական է, որ հերքվի այդ ստոր, գարշելի, ուղղակի անմարդակային սուտը,- բարկացա ես` ցույց տալով ԱԶԳ-ի համարի իմ հոդվածը, – ապացուցելով, որ հայը հայոց չի նշանակում. մանավանդ դա ես իմ անձի օրինակով գիտեմ»:

Այդ պահին զգացի, որ ինձ կօգնի նաև իմ տրամաբանությունը:

«Ճիշտ է, 1876 թ. Կ.Պոլսի Սամաթիա թաղամասում ծնվել է լեզվաբան Հրաչյա Աճառյանը, բայց դա չի կարող նշանակել, թե Նախիջևանի Աստապատ գյուղը հայկական է: Սա է իմ տրամաբանությունը», – գործի դրեցի իմ անտրամաբան տրամաբանությունը:

Ես այդ պահին զգացի, որ Պուշկինն իմ մասին ներքին խորհրդածության մեջ է և ոչ ավել, ոչ պակաս մտածում է. «Կես աշխարհը ման արի, այդ տեսակ հույժ մաթեմատիկական, հույժ փիլիսոփայական, հույժ մարդկային ու հույժ էլ չգիտեմ ինչական տրամաբանություն չես ճարի: Դա նույնն է, թե տնաբույս քաղքենին, ինչ է թե շենքի բակի աղբակույտի գարշահոտն է շնչում, ասենք` Արցախ գնալիս մտածի, թե արանք-արանք պիտի «թուրքերեն» խառնի: Ընտիր տրամաբանություն է»:

Սակայն Պուշկինը, անակնկալ դիմեց ինձ. «Գրում եք` «վերջին քսան տարում երկու հարյուրից ավելի մարդ դարձել է գրականության թեկնածու և դոկտոր: Դրանց մեծ մասը իր թեզը պաշտպանել է Գրականության ինստիտուտում, որտեղ գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անփոփոխ և մանավանդ անփոխարինելի նախագահն է եղել հարգարժան ակադեմիկոսը: Նրանք գիտական աստիճան են ստացել` գիտենք, թե ինչ ճոռոմ ու վերամբարձ գովաբանություններով, միաձայն կամ թե ձայների ճնշող մեծամասնությամբ: Իսկ ո՞ւր են դրանք: Միգուցե այդ թեզերը, մեղմ ասած, այնքան էլ գիտական չէին: Իրողությունն այն է,- իսկ դա անժխտելի փաստ է,- այսօր հանրապետությունում մի պրոֆեսիոնալ գրախոսություն անգամ գրող չկա: Մինչդեռ բոլորդ փայլուն ձևակերպումներով թուղթ ու տեղեկանք եք ստացել, որ գիտնական եք ու չգիտեմ էլ ինչ եք»:

Այդ դեպքում մի շատ տրամաբանական հարց տամ: Չէ՞ որ քո տղան ևս դրանց շարքում է, դա նրա՞ն էլ է վերաբերում, թե՞ նա քեզ նման երջանիկ բացառություն է:

Ի դեպ, դու ասում ես, թե մի ընդարձակ հոդված ես գրելու, որը կտպագրես առաջիկայում, գրականության ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանված թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների սեղմագրերից առնված ֆանտաստիկ ու մանավանդ խիստ զավեշտական քաղվածքներով: Կարծում եմ` ընթերցողները, նախ, լավ կզվարճանան և, համոզված եմ, հետո կդառնանան ու շատ օրինական հարց կտան. լավ, եթե սա այդպես է, ուրեմն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով է քո այդ տղան դարձել թեկնածու»:

«Իմ տղան… նա… նա ինձ հետ չի ապրում, ես ամուսնալուծվել եմ: Ես տղամարդ չեմ, չե՞ք հավատում, կարդացեք ակադեմիկոսի խոսքը, ով գրել է, թե ես իմ խոսքը «ըստ վարժապետական պատկերացումների շղարշում եմ զգացմունքի կնավարի զեղումներով», եթե ակադեմիկոսին չեք հավատում, կարդացեք ԱԶԳ-ի համարներից մեկում ես ԱԿԱՄԱ փնտրում եմ գյուղացի իսկական ՏՂԱՄԱՐԴ, որ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ գա Երևան», – փորձում էի մոլորեցնել Պուշկինին, սակայն նրա հայացքից հասկացա, որ նա ամեն ինչ գիտի և ազնվորեն շարունակեցի. «Տղայիս պաշտպանության օրը ես նույնիսկ մտածում էի, թե գիտխորհրդի նախագահը կհասկանա, որ տղայիս դիսերտացիայի հետ ինչ-որ բան այն չէ, բայց նա, երևի չուզեցավ ինձ նենգաբար պատասխանել, քանի որ ես նրա դեմ ստորություն էի արել: Ես նույնիսկ նվաստացա նրա առաջ` հանուն տղայիս. այն ժամանակ մենք միասին էինք ապրում, այն ժամանակ դեռ կինս չէր թքել իմ երեսին համալսարանում` մարդկանց ներկայությամբ: Էհ, ես էլ հայր եմ, մարդ եմ, լսեցի կնոջս խորհուրդն ու այնուամենայնիվ գնացի տղայիս պաշտպանությանը: Գիտխորհրդի կազմում էր նաև բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը: Ես քծնանքով ժպտացի նրան, հիշեցրի, որ տարիներ առաջ տպագրել եմ իր մի հոդվածը, այդ պահին ես պատրաստ էի նաև երգել, քանի որ ես լավ գիտեմ, թե երբ և ում կենացին եմ երգում ու ինչ եմ երգում ու ինչ եմ գեղգեղում, երբ ինձ քվե է պետք: Արդեն ուզում էի երգել.

Պիոներական գործով մեր փայլուն

   Պիոներական մեր վաշտն է քայլում

Բայց նա ինձ զրպարտելով սաստեց. «…Ե. Տեր-Խաչատրյան, Ձեր «նեղ մասնագիտությունը» Սարինյանի դեմ պարբերաբար գրելն է»: Ասացի. «Ես… ես պարոն Վ. Եղիազարյան, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի դեմ երբևիցե որևէ տող չեմ գրել: Դուք խորունկ, ինտելեկտուալ և էրուդիտ այն անձերն եք, որոնց ձայնից կախված է իմ տղայի ճակատագիրը: Հավատացեք, ես Սարինյանի դեմ ՄԵԿ, ՄԻԱՅՆ ՄԵԿ գրախոսություն եմ գրել 2006 թվականին, ինը տարի առաջ, Սարինյանի «Ի հեճուկս» խորագրով գրքի մասին: Ինը տարի հետո ես գրախոսել եմ Գրականության ինստիտուտի հրատարակած հատորը»:

Բայց ինձ չհավատացին: Պաշտպանության ժամանակ ես անգամ ամոթից ներս չէի մտել դահլիճ, կանգնել էի միջանցքում, դռան տակ և սպասում էի, որ վրեժխնդիր են լինելու իմ ստորությունների դիմաց, համ էլ, մեր մեջ ասած, վախենում էի, որ չդիմանամ ու ասեմ ճշմարտությունը տղայիս դիսերտացիայի մասին: Բայց երբ հայտարարվեց, որ տղաս արդեն գիտության թեկնածու է, առաջին զգացողությունը, որ ունեցա, այս էր. «Բայց մեկնումեկը պե՞տք է պատասխան տա գրականագիտության ու բանասիրության այս արժեզրկման համար: Շրջվեք ու մի լավ նայեք ձեր գիտխորհրդին ու իր պանծալի նախագահին»: Հետո խորամանկ հրեայի նման հասկացա, որ այդ պահին այդպես չի կարելի, մի նենգ ու կեղծավոր ժպիտ դեմքիս, հաշվենկատ, նպատակադիր ու նպատակամետ, ուղղակի խանութպանային գրականագետի դեմքով մոտեցա ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին, խոնարհվեցի մինչև ուր ինքը կուզեր, շնորհակալություն հայտնեցի:

Բայց նա ոչինչ էլ չուզեց, արհամարհական ու սառը հայացքով անցավ իմ կողքով, ու ես հասկացա, որ ստոր եմ, ստրկամիտ, անամոթ ու անազնիվ, թերուս մի դիլետանտ, տգետ մուլտի քննադատ, էժանագին կաֆեների մտավորական կոչված վտարանդիների ընտանիքի անդամ, պարզունակ, հասարակամիտ և տարրական իմացությունից զուրկ հավակնոտ մի Մուղդուսի, բացահայտ հասկացա, որ ոչ թե Պարույր Սևակն է եղել ՆԿՎԴ-Չեկայի լրտես-գործակալ, այլ Յուրի Խաչատրյանս, դրա համար էլ ակադեմիկոսը դեմըս դրեց` գրելով. «Թե «գաղափարական այլ ժամանակներում» ինչ գործերով է զբաղված եղել Յուրա Խաչատրյանը, հայտնի է բոլորին»:

«Եթե ձեզ ճանաչող հարյուր մարդ պատմեին ձեր մասին, այնքան բան չէին ասի ձեր մասին, ինչքան դուք եք ասում հիմա: Ամեն մարդ նախ ինքը գիտի իր մասին: Եվ դուք լրիվ տեսանելի եք ու հասկանալի: Ասում եք, որ ձեր հավատարմությունը և բացարձակ նվիրվածությունը ապացուցեք: Հանգիստ եղեք, ձեր խոսքը վստահաբար տեղ է հասել, ձեր պաշտոնին ոչ մի վտանգ չի սպառնում: Ով գիտի, գուցե և ավելի բարձր պաշտոն ստանաք»,- հանգիստ ասաց Պուշկինը, ով ոչ թե բանաստեղծ Ալեքսանդրն էր, այլ գիտությունն սպասարկող գաղտնի ծառայության աշխատակիցը, ով ամեն երեկո հյուր է գալիս երվանդացած Յուրիկիս:

Հ. Գ. Էհ, ես էլ գյուղացի պարզամիտ մարդ եմ, լսեցի մուսայիս ձայնը ու այնուամենայնիվ այս երկու տողը գրեցի. «Որ էն գլխից ՆԿՎԴ-Չեկայի լրտես-գործակալ եք եղել, այդ բոլորը գիտեն, մնում է, որ երբևիցե նաև գրականագետ ու բանասեր դառնաք: Վախենամ, որ այդ «երբևիցեն» այդպես էլ մնա «երբևիցե», որովհետև գրականության պարագային մի քիչ, գոնե մի աննշան չափով ազնվությունն ու բարոյականությունը ուղղակի պարտադիր են և անհրաժեշտ…»:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *