Օրագրություններ
Օգոստոս (1937)
Փարիզի ճանապարհին. այս տենդը, որ բաբախում է քունքերում, աշխարհի և մարդկանց անսովոր ու հանկարծական լքումը: Պայքարել սեփական մարմնի դեմ։ Իմ նստարանին, քամու տակ, ներսից դատարկ ու ակոսված, ես ամբողջ ժամանակ մտածում էի Ք. Մանսֆելդի [1] մասին, հիվանդության դեմ պայքարի այդ տևական նուրբ ու վշտալի պատմության մասին։ Այն, ինչ ինձ սպասում է Ալպերում, մենության և այն մտքի հետ, որ ես այնտեղ կլինեմ ինքս ինձ բուժելու համար, իմ հիվանդության գիտակցումն է։
Գնալ մինչև վերջ՝ նշանակում է ոչ միայն դիմադրել, այլև ինքնահոսի թողնել: Ես պետք է զգամ իմ անձը այնքանով, որքանով դա զգացումն է այն բանի, ինչը գերազանցում է ինձ: Ես երբեմն պետք է գրեմ այնպիսի բաներ, որոնք մասամբ խույս են տալիս ինձանից, բայց և որոնք հենց ապացուցում են այն, ինչ իմ մեջ ավելի ուժեղ է, քան ես:
Օգոստոս։
Փարիզի քնքշանքն ու հուզմունքը։ Կատուները, երեխաները, ժողովրդի լքվածությունը։ Մոխրագույն երանգները, երկինքը, քարի և ջրի մեծ շքերթը։
*
Առլ։
*
Օգոստոս, 37:
Ամեն օր նա հեռանում էր լեռները և վերադառնում համր՝ խոտով լի մազերով և ամբողջ օրվա քերծվածքներով ծածկված։ Եվ ամեն անգամ նույն նվաճումն էր՝ գրավչությունից զուրկ։ Նա կամաց-կամաց ճկում էր այս թշնամական երկրի դիմադրությունը։ Սկսում էր նմանվել այն կլոր և սպիտակ ամպերին, որոնք տեսանելի էին միայնակ սոճու թիկունքում, որն առանձնանում էր լեռնագագթին, նման այդ խամրած վարդագույն թորթոջների (épilobes), արոսենիների ու զանգակածաղիկների դաշտերին։ Միաձուլվում էր այդ բույրերով ու քարերով լեցուն աշխարհին։ Երբ հասնում էր հեռավոր գագաթին՝ հանկարծական բացված հսկայական բնապատկերի առջև, նրա մեջ ծնվում էր ոչ թե սիրո հանդարտությունը, այլ մի տեսակ ներքին դաշինք, որը նա կնքում էր այդ օտար բնության հետ, զինադադար, որը հաստատվում էր երկու կոպիտ և վայրենի դեմքերի միջև, [ավելի շուտ] երկու ախոյանների մտերմություն, քան թե երկու ընկերների անձնատրություն։
*
Սավուայի մեղմությունը։
*
Օգոստոս, 37:
Մարդ, որը փնտրել է կյանքն այնտեղ, որտեղ այն սովորաբար զետեղում են (ամուսնություն, դիրք և այլն), և որը հանկարծակի գիտակցում է նորաձևության կատալոգ կարդալիս, թե որքան օտար է եղել իր իսկ կյանքին [2] (կյանքն այնպես, ինչպես այն դիտարկվում է նորաձևության կատալոգներում):
I° Մաս – Նրա կյանքը մինչ այդ:
II° Մաս – Խաղը:
III° Մաս – Փոխզիջումներից հրաժարումը և ճշմարտությունը բնության մեջ:
*
Օգոստոս, 37:
Վերջին գլո՞ւխ: Փարիզ–Մարսել։ Վայրէջք դեպի Միջերկրածովք:
Եվ նա մտավ ջրի մեջ և իր մաշկից լվաց սև ու ծամածռված պատկերները, որոնք աշխարհն էր թողել: Հանկարծ նրա մկանների խաղի մեջ վերածնվեց իր իսկ մաշկի հոտը: Գուցե երբեք նա այդպես չէր զգացել իր ներդաշնությունն աշխարհի հետ, իր ընթացքը՝ արևին համընթաց: Այս ժամին, երբ գիշերը լեփլեցուն էր աստղերով, նրա շարժումներն ուրվագծվում էին երկնքի մեծ ու համր դեմքին: Եթե շարժի իր բազուկը, նա կարող է ուրվագծել տարածությունը, որը բաժանում է այս պայծառ աստղը նրանից, որը կարծես մերթ ընդ մերթ անհետանում է՝ իր հետ տանելով աստղերի խրձեր, ամպերի փեշեր: Արդ, երկնքի ջուրը, որ ծփում էր նրա բազկի զարկերից, և քաղաքը, որ տարածվում էր նրա շուրջ հանց փայլող խեցիների թիկնոց:
*
Երկու կերպարը։ Մեկի ինքնասպանությո՞ւնը։
*
Օգոստոս, 37:
Խաղացողը.
— Դժվար է լինելու, շատ դժվար: Բայց դա պատճառ չէ [չանելու համար]:
— Իհարկե,- ասաց Կատրինը՝ աչքերը բարձրացնելով դեպի արևը։
*
Խաղացողը:
Տիկին X-ը, ի դեպ մի կատարյալ ծեր վարձու կին, ուներ երաժշտական գեղեցիկ տաղանդ:
Վեպի համար:
I-ին մաս․ Շրջիկ թատրոն: Կինո: Մեծ Սիրո պատմություն (Սենտ-Շանտալ քոլեջ):
*
Օգոստոս, 37:
Ծրագրի նախագիծ: Համակցել խաղը և կյանքը [3]։
Մաս I:
Ա – Փախուստ ինքն իրենից:
Բ – Մ. և աղքատություն: (Ամենը ներկայով)։
Ա շարքի գլուխները նկարագրում են խաղացողին: Բ շարքինը՝ կյանքը մինչև մոր մահը (Մարգարիտի մահը – Տարբեր արհեստներ՝ միջնորդական ծառայություններ, ավտոմեքենայի պահեստամասեր, նահանգապետարան (préfecture) և այլն) [4]:
Վերջին գլուխ՝ Էջք առ արև և մահ (ինքնասպանություն – բնական մահ):
Մաս II:
Հակառակը: A-ն ներկայում՝ Խնդության վերահայտնագործում:
Տուն Աշխարհի դիմաց:
Սիրային կապ Կատրինի հետ:
B-ն անցյալում: Խաղով տարված: Սեռական խանդ: Փախուստ:
Մաս III։
Ամեն ինչ ներկայով: Սեր և արև: Ոչ, – ասում է տղան [5] ։
*
Օգոստոս, 37:
Ամեն անգամ, երբ լսում եմ քաղաքական ելույթ կամ կարդում մեր ղեկավարներին, տարիներ շարունակ սարսափած եմ, որ չեմ լսում ոչինչ, որը մարդկային ձայն ունենա: Միշտ նույն բառերն են, որոնք նույն ստերն են ասում: Եվ որ մարդիկ հարմարվում են դրան, որ ժողովրդի զայրույթը դեռ չի ոչնչացրել այդ խամաճիկներին, ինձ համար ապացույց է, որ մարդիկ ոչ մի նշանակություն չեն տալիս իրենց կառավարությանը, և որ նրանք խաղում են, իսկապես, այո, խաղում են իրենց կյանքի մի ամբողջ մասի և այսպես կոչված կենսական շահերի հետ:
*
A2 կամ A5 I մասից:
Այն, ինչն ինձ վշտացնում է, այն կարևորությունն է, որ տրվում է հոգեվիճակներին: Եթե դուք մելանխոլիկ եք, ապա կյանքը երկուսով դառնում է անհնար: Քանի որ եթե ազնվազարմ է ձեր սիրտը, դուք չեք դիմանա ձեզ ուղղված բազմաթիվ հարցերին: Մինչդեռ դա կարող է գրեթե նույնքան կարևոր լինել, որքան ախորժակ ունենալը կամ ցանկանալը…
*
Օգոստոս, 37։
Ուրվագիծ։ 3 մասեր։
1-ին մաս․ Ա-ն ներկայում
Բ-ն՝ անցյալում։
Գլ․ Ա1 – Պրն Մերսոյի օրը՝ հայացք դրսից։
Գլ․ Բ1 – Փարիզի աղքատ թաղամաս։ Ձիու մսի խանութ: Պատրիսը և նրա ընտանիքը: Համրը: Տատիկը:
Գլ. Ա2 – Զրույց և հարակարծություններ (paradoxes): Ձեղնահարկ: Կինո:
Գլ. Բ2 – Պատրիսի հիվանդությունը: Բժիշկը: «Այս ծայրահեղ ծակոցը…»
Գլ. Ա3 – Շրջիկ թատրոնի մեկ ամիս:
Գլ. Բ3 – Արհեստները (միջնորդական ծառայություններ, ավտոմեքենայի պահեստամասեր, նահանգապետարան):
Գլ. Ա4 – Մեծ սիրո պատմությունը
«Դուք այլևս երբեք դա չե՞ք զգացել: – Այո, տիկին, ձեր ներկայությամբ»:
Ատրճանակի թեման:
Գլ. Բ4 – Մոր մահը:
Գլ. Ա5 – Հանդիպում Ռայմոնդի հետ:
*
կամ՝
I Ա – Սեռական խանդ:
Բ – Աղքատ թաղամաս – մայր:
II Ա – Տուն՝ աշխարհի դիմաց – աստղեր:
Բ – Եռացող կյանք:
III Փախուստ – Կատրինը, որին նա չի սիրում:
*
Համառոտել և խտացնել: Սեռական խանդի պատմություն, որը հանգեցնում է օտարացման (dépaysement): Վերադարձ դեպի կյանք:
«Դասը, որը նա գնացել էր որոնելու այդքան հեռու, այո, այն պահպանում էր իր ամբողջ արժեքը, բայց միայն շնորհիվ այն բանի, որ հետ էր բերվել լույս աշխարհ»:
*
Ժամանում Պրահա – մինչև մեկնում – հիվանդություն:
Բացատրություն – Լյուսիլ – Փախուստ:
*
Օգոստոս։
Իսպանական փիլիսոփաների բացակայություն։
*
Վեպ – մարդը, որը հասկացել է, որ ապրելու համար պետք է հարուստ լինել, որն ամբողջովին տրվում է գումարի ձեռբերմանը, հաջողության է հասնում, ապրում է և մեռնում երջանիկ [6]:
(Շարունակելի)
Ծանոթագրություններ
[1] Քեթրին Մենսֆիլդ (1888-1923) – նորզելանդացի անվանի արձակագիր և գրական նորարար: Համարվում է XX դարի կարճ պատմվածքի ժանրի նշանավոր վարպետներից մեկը: Մենսֆիլդը, ինչպես հետագայում Կամյուն, տառապել է թոքախտով, որն անժամանակ խլել է նրա կյանքը: Իր գրառումներում Կամյուն, մեծ հավանականությամբ, անդրադառնում է նրա մահից հետո՝ 1927 թվականին լույս տեսած «Օրագրին», որտեղ Մենսֆիլդը պատկերավոր կերպով նկարագրել է հիվանդության դեմ իր անձնական և հոգեկան պայքարը: Այս օրագրային գրառումները խոր արձագանք են գտել Կամյուի մոտ, քանի որ նա ևս մաքառում էր հիվանդության դեմ և ձգտում էր գտնել հոգեկան հավասարակշռություն՝ դիմակայելով մարմնական տառապանքին:
[2] Կամյուն Ռոժե Քվիլոտին (ֆրանսիացի հայտնի գրականագետ և Կամյուի ստեղծագործությունների առաջին հրատարակիչներից մեկը) հաստատել է, որ այս գրառումն իրականում արտացոլում է «Օտարը» վեպի թեմայի իր առաջին գիտակցված ձևակերպումը: Այս երկու գրառումները, որոնցից երկրորդն ուրվագծում է «Երջանիկ մահ»-ի հավանական թեմատիկ կառույցը, բացահայտում են Կամյուի ստեղծագործական լաբորատորիան և ցույց տալիս, թե ինչպես են այս երկու նշանակալից գրքերը միաժամանակ հասունացել գրողի մտքում՝ փոխադարձաբար ազդելով միմյանց վրա:
Հատկանշական է, որ այս նախնական նշումները վկայում են, որ Կամյուի սկզբնական մտահղացմամբ Մյորսոյի կերպարը պետք է ներկայացվեր որպես մի մարդ, որն արդեն անցել էր աբսուրդի փորձառության միջով մինչև վեպի սյուժետային գործողությունների սկիզբը: Այս հայեցակարգային մոտեցումը հետագայում էական փոփոխություններ կրեց «Օտար»-ի վերջնական տարբերակում, որտեղ Մյորսոյի կողմից աբսուրդի գիտակցումը աստիճանաբար է բացահայտվում ընթերցողին:
Կամյուի ստեղծագործական մտածողության այս կարևոր փուլի մասին մանրամասն վերլուծություն է ներկայացնում Ֆիլիպ Թոդին իր հեղինակավոր «Ալբեր Կամյու 1913-1960» մենագրության մեջ (Philip Thody, Albert Camus 1913-1960, Hamish Hamilton, 1961, էջ 37-38), որտեղ նա փաստարկված ցույց է տալիս, թե ինչպես են «Երջանիկ մահ»-ի այս նախնական գաղափարները հետագայում վերաիմաստավորվել և վերակառուցվել՝ վերջապես ձևավորելով «Օտար»-ի համաշխարհային ճանաչում ստացած կառույցն ու փիլիսոփայությունը:
[3] «Երջանիկ մահ» վեպի ստեղծագործական ծրագրի նախնական ուրվագիծն է: Մ.-ը նշանակում է Մերսո, որն այդ վեպի գլխավոր կերպարն է: Հետագայում Մերսո անունը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Կամյուի ամենանշանավոր վեպի՝ «Օտար»-ի շնորհիվ, թեև երկու կերպարների միջև առկա են էական գաղափարական և բնութագրական տարբերություններ:
[4] Թվարկված բոլոր աշխատանքային ոլորտներում Կամյուն անձամբ աշխատանքային փորձառություն է ունեցել իր կյանքի տարբեր շրջաններում: «Բնական մահ» (ֆրանսերեն՝ la mort naturelle) ձևակերպումը հղում է Կամյուի «Երջանիկ մահը» (La Mort Heureuse) վեպի առաջին մասի վերնագրին: Այս մանրամասնը կարևոր է, քանի որ ցույց է տալիս, թե որքան սերտորեն է Կամյուն իր կենսափորձը և գրական մտահղացումները միահյուսել՝ ստեղծելով ինքնակենսագրական տարրեր պարունակող գեղարվեստական աշխարհ:
[5] Տետրի ձեռագիրը պարունակում է լրացուցիչ նշումներ. «Կին, որն ինքնասպանություն է գործում»՝ այսպիսով ուրվագծելով «Թյուրիմացություն» (Le Malentendu) պիեսի ավարտը, որը Կամյուն գրել է 1942–1943 թվականներին։
[6] Սա մասամբ «Երջանիկ մահ»-ի սյուժեն է, որտեղ Մերսոն սպանում է հանուն փողի և մահանում է երջանիկ:
Թարգմանությունը ֆրանսերենից և ծանոթագրությունները՝ ԹՈՆԴՐԱԿԻ

