Ալեքսեյ Վարլամով | Հրեուհին

Հայրը նրան Մարիաննա էր անվանում, պապը՝ Մարյա, մայրը Մարինա, իսկ տատը՝ Մարյանա կամ Յանա։ Այդպես էլ տարբեր անուններով ապրում էր։ Մանուկ ժամանակ զվարթ, թմբլիկ աղջնակ էր։ Հետո երբ մեծացավ, նայում էր մանկական լուսանկարներին և չէր հասկանում, թե ուր էր այդ ամենն անհետացել, ինչու էին վարսերն ուղիղացել և մգացել, և ինչպես էր թմբլիկ, կարմրաթուշ երեխան վերածվել նիհար աղջկա՝ երկարավուն դեմքով և հենց ճակատից սկիզբ առնող առանց որևէ քթարմատի երկար քթով։ Քիթը նրա դեմքի ամենաակնառու դիմագիծն էր, իսկական հրեական քիթ, ըստ որի՝ անսխալ կերպով կարելի էր կանխորոշել, թե ինչ էր թաքնված նրա անձնագրում «ռուս» բառի տակ։ Այդ «ռուսը» կիսով չափ էր ճշմարիտ։ Հավանաբար եթե կարելի լիներ գրել «ռուս հրեուհի» կամ «հրեուհի ռուս», հենց այդպես էլ կաներ, բայց երբ վրա էր հասել ընտրելու պահը, պապն էր նրա փոխարեն ընտրել, իսկ նա չէր հակառակվել։

Պապը բանաստեղծ էր։ Նրա բանաստեղծությունները տպագրվում էին «Մայրենի լեզվի» բոլոր դասագրքերում, և միլիոնավոր երեխաներ՝ Չոպից մինչև Չուկոտկա, հեշտությամբ անգիր էին անում դրանք։ Հսկայական պետությունն այդ բանաստեղծությունների հիման վրա երգեր էր գրում, և պապու՝ Պերեդելկինոյի հյուրընկալ տունը դրանցով էր գոյությունը պահպանում և հյուրեր ընդունում։ Հյուրերը կուշտ փորով ուտում էին, կոնյակ կամ օղի խմում, բաժակ էին բարձրացնում տան տերերի համար, իսկ բանաստեղծը հյուրասենյակ էր բերում փոքրիկ Մարյային։ Առանց ամաչելու անծանոթ մարդկանցից լետկա-ենկա էր պարում և իսկական դերասանուհու նման գլուխ էր տալիս, երբ ծափահարություններ էին հնչում։

Իսկ Մարիաննան երբեք այդ տանը չէր լինում։ Մարիաննան ապրում էր Մոսկվայի ծայրամասում գտնվող գործարանային թաղամասի հանրակացարանի փոքրիկ սենյակում, որտեղ նրան անչար կերպով ջհուդ աղջիկ էին անվանում, իսկ հորը՝ ջհուդ, և միայն մորը՝ լռակյաց, հիվանդոտ կնոջը, ոչ մի կերպ չէին անվանում։ Սկզբում Մարիաննան չէր հասկանում, թե ինչու էին իրեն գոնջ անվանում, իսկ երբ մեծացավ և գանգատվեց հորը, հայրը պատասխանեց, որ պետք է վեր լիներ դժբախտ, կյանքից ծեծված մարդկանցից, որոնք ուրիշների հիմարություններն էին կրկնում և չէին էլ հասկանում, թե ինչ էին ասում։

— Իսկ ինչո՞ւ չենք կարող պապիկի և տատիկի հետ ապրել։
— Որովհետև նրանք այդպես էլ չկարողացան ներել մորդ, որ հրեայի է սիրել, — ասաց նա՝ սեղմելով շրթունքները։
— Բայց չէ՞ որ դու լավն ես։ Ինչո՞ւ չեն ներել քեզ։
— Այդ ե՛ս չեմ ներել, — ուղղվելով ասաց նա։
— Իսկ ինչո՞ւ, — ձգձգվել էր Մարիաննայի այն տարիքը, երբ երեխաները անընդհատ հարցնում են «ինչու»։
— Որովհետև նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են ասում։ Եվ նրանց ներել չի կարելի։

Մեծի նման էր խոսում դստեր հետ, և դա դուր էր գալիս Մարիաննային, թեև այն, ինչի մասին խոսում էր, տխուր էր և միևնույն ժամանակ ոչ այնքան հասկանալի։

— Այսինքն՝ հրեաներ լինելը վա՞տ է։ Ուրեմն արի չլինենք, — հեշտությամբ առաջարկեց Մարիաննան։
— Ո՛չ, շատ լավ է հրեա լինելը, — համառորեն առարկեց հայրը։ — Հրեաները շնորհալի և խելացի մարդիկ են, և նրանք ունեն իրենց հայրենիքը, ուր շատ շուտով կմեկնենք, և այնտեղ այլևս ոչ ոք չի համարձակվի մեզ վիրավորել։

Մարիաննան փակում էր աչքերը և հեռավոր, տաքուկ երկիր էր պատկերացնում, որը չար հարևանների հետ էր պատերազմում, ասես ինքն էլ էր մեծ հանրակացարանում գտնվում։ Ուզում էր այդ երկրի և դրա հաղթանակների մասին պատմել և պարծենալ գեր, իրեն բարկացնող երեխաների մոտ, բայց հայրը հրամայել էր լռել, վիրավորանքներն անպատասխան թողնել և պահել իբրև գաղտնիք, որը միմիայն իրեն էին վստահել։

Մեկ տարի հետո իսկապես մեկնեցին, բայց ոչ թե Իզրայել, այլ Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաք, որտեղ հորն աշխատանք և բնակարան էին առաջարկել։ Քաղաքը դեռ շատ փոքր էր, անտառի մեջտեղում մի քանի նորակառույց շենքեր էին, օդը մաքուր էր, փողոցներում դայլայլում էին թռչունները, և Մարիաննայի համար այնտեղ ամեն բան միանգամից սիրելի դարձավ։ Ըստ գիտական աստիճանի էին բնակարաններ տրամադրում։ Գիտությունների թեկնածուներին՝ երկսենյականոց, դոկտորներին՝ երեքսենյականոց, իսկ ակադեմիկոսներին՝ առանձնատներ։ Այստեղ հորը ոչ ոք չէր խանգարում պաշտպանելու սկզբում առաջին դիսերտացիան, հետո երկրորդը, ոչ ոք չէր արտասանում «ջհուդ» բառը, իսկ եթե նույնիսկ ինչ-որ մեկը արտասաներ, բոլորը երես կթեքեին այդ մարդուց և նույնիսկ ձեռք չէին մեկնի նրան։

Բարեկեցիկ և երջանիկ ապրում էին, քաղաքը մեծանում էր, քաղաքի հետ մեծանում էր նաև Մարիաննան, սիրում էր իր դպրոցը, արձակուրդներին սկսել էր ավելի ու ավելի հազվադեպ մեկնել Մոսկվա, իսկ հետո ընդհանրապես դադարեց․ թվում էր, թե ողջ կյանքը Սիբիրում էր ապրել՝ հաղթանդամ և բարի մարդկանց մեջ, և այլևս երբեք չէր լքելու այն։ Շատ մտերիմ էր հոր հետ, նրան էր վստահում ամենանվիրականն ու նրբանկատ այն բաները, որոնք նրա տարիքի աղջիկները սովորաբար միայն մորը կարող էին պատմել, և հայրը կարծում էր, որ դուստրը ցանկացած իրավիճակում կհասկանար նրան։ Մի անգամ, երբ Մարիաննան դարձավ տասնչորս տարեկան, հայրը հարցրեց նրան, թե ինչ կասեր նրա հետ հյուր գնալուն։

— Ո՞ւմ մոտ։
— Մի փոքրիկ տղայի և նրա մոր։
— Ի՞նչ տղայի։
— Քո կրտսեր եղբոր։

Միանգամից գլխի չընկավ, թե ինչ նկատի ուներ հայրը, իսկ երբ հասկացավ անտանելի ամոթ ապրեց։ Այնպես էր ամաչում, որ քիչ էր մնում խեղդվեր, զգաց, որ ամբողջ մարմինը սկսում էր կարմրել, և վազելով հեռացավ, միայն թե այլևս չլսեր այդ փաղաքշական, ստահոդ ձայնը։ Նրա վիշտն ուղղակի մեծ չէր, սարսափելի էր և անմխիթար, և որքան էլ որ հայրը փորձում էր բացատրվել նրա հետ, ոչ մի բառ չասաց։

Մեկ ամիս անց մոր հետ Մոսկվա մեկնեցին և բնակություն հաստատեցին գրողների տանը՝ Տրետյակովյան պատկերասրահի դիմաց՝ պապի քաղաքային բնակարանում։ Մարիաննան դժվար վարժվեց Մոսկվային։ Բոլոր ընկերները, ընկերուհիները և ողջ երջանկությունը մնացել էին ակադեմիական քաղաքում, բայց որքան էլ որ կարոտում էր այն, մտքի ծայրով անգամ չէր անցկացնում վերադառնալ այնտեղ, իսկ երբ հայրը զանգում էր, չէր մոտենում հեռախոսին և արհամարհում էր մորը այն բանի համար, որ վերջինս պատրաստ էր ներել ամուսնուն։

— Շատերն են այդպես ապրում․․․ — անտարբեր կերպով ասում էր մայրը։ — Մարիաննա, դու կարծո՞ւմ ես, որ քո պապը․․․

Բայց Մարիաննան չէր լսում նրան և փորձում էր հնարավորինս հազվադեպ նրա հետ առանձնանալ։ Հանգստյան օրերին Պերեդելկինո էր գնում։ Այնտեղ ոչինչ չէր փոխվել․ առաջվա նման հավաքվում էին մորուքավոր և անմորուք մարդիկ, ծերացած և երիտասարդ, օղի էին խմում, հաճախակի ծխում էին, հայհոյում էին հրեաներին և գովաբանում բանաստեղծին, բայց այժմ լսելով բոլոր այդ խոսակցությունները՝ Մարիաննայի հոգու խորքում ոչ թե վախ ու տհաճություն էր ծնվում, այլ ինչ-որ նոր, վրեժխնդիր զգացում։ Դավաճան հոր դեմ էր ուղղված այն, թե ռուսական արյան կանչն էր, չգիտեր, բայց փորձում էր գլուխ հանել և հասկանալ, արդյոք ճշմարտությունն էր ասում հայրը, որ միայն նախանձ, փոքր մարդիկ են վախենում հրեաներից։

— Պա՛պ, իսկ ինչո՞ւ եք այդքան ատում հրեաներին, — մի անգամ հարցրեց նա։
— Որովհետև նրանք չարիք են բերում։
— Իմ հայրը չար մարդ չէ,— կամացուկ ասաց նա։
— Անհատապես կարող է բարի լինել, բայց չար կամք կատարել։
— Նշանակում է, ես էլ եմ ուզում չարիք բերել։
— Դո՛ւ, ո՛չ։
— Ինչո՞ւ։ Ես հրեուհի եմ,— առարկեց նա։
— Դո՛ւ ռո՛ւս ես, Մա՛շա, իսկ հորդ մասին մոռացի՛ր։
— Քթի՛ս նայիր, պա՛պ։ Եվ հարցրո՛ւ ընկերներիդ, թե ինչ են իմ մասին մտածում, թե ինչպես են խղճում քեզ, որ նման դժբախտություն է քեզ վրա հասել, և ինչպես են հանուն քեզ հանդուրժում ինձ այս շենքում,— ասում էր նա՝ ձայնը բարձրացնելով, իսկ պապը խոնարհում էր գլուխը, և չէր առարկում, որովհետև Մարիաննան իրավացի էր։ Բայց այն, որ պապը սիրում էր նրան այնպիսին, ինչպիսին որ կար, հաշտեցնում էր նրանց և մխիթարում։ Հասկանում էր, որ այն ինչ լսել էր հորից, ոչ մի նման բան պապից երբեք չէր լսելու, և շնորհակալ էր, որ գումարները, որոնք ամեն ամիս գալիս էին Սիբիրից, նա հետ էր ուղարկում։

Տասերորդ դասարանում Մարիաննան սկսեց պատրաստվել ընդունելության քննություններին։ Մասնավոր խմբում վեց աղջիկներով էին․ ուսուցչուհու մոտ էին գնում կիրակի առավոտյան, մեծ սենյակում տեղավորվում էին բազկաթոռներին ու բազմոցին և վեցից յոթ ժամ պարապում, իսկ հետո հեռանում էին, բայց ոչ բոլորով, այլ մեկ-մեկ, որպեսզի ակադեմիական մեծ շենքում ոչ ոք չիմանար, որ պրոֆեսորը լրացուցիչ գումար էր աշխատում պարապմունքներով։ Բավականին մեծ գումարներ էին վճարում պարապմունքների համար, և տատիկը՝ առաջվա պես խնամված և ջահելադեմ, ասես ժամանակը կանգ էր առել նրա համար, վրդովվում էր, որ պրոֆեսորները չափից ավելի մեծ գումարն էին պահանջում, և շրթունքները սեղմելով՝ նայում էր պապին։

Բայց Մարիաննային դուր էին գալիս այդ պարապմունքները։ Ուսուցչուհին շատ ուշադիր էր նրա հանդեպ, առանձնացնում էր նրան, գովաբանում նրա շարադրությունները, և շատ հաճախ Մարիաննան որսում էր մյուս աղջիկների՝ նախանձով լի հայացքները, և նրանց հետ դեռ պետք է համալսարան ընդունվեր։ Երբեմն թվում էր, թե գեղեցիկ աղջկական շուրթերից լսելու էր այն նույն խոսքերը, ինչ տուշինյան մանկության ժամանակ։ Բայց դա ո՛չ վիրավորում, ո՛չ էլ վախեցնում էր նրան, այլ ստիպում էր է՛լ ավելի լավ գրել՝ նախանձին ու չարությանը հակառակ, և նորից իրեն հրեուհի էր զգում ու հասկանում, որ ընտրյալ լինելը, խելքը և ունակությունները ոչ թե մարդուն տրված շնորհ են, այլ փորձություն։

Հաճախ էր այդ մասին խոսում Յուլիա Նիկոլաևնայի հետ և ամենավերջում էր հեռանում Լենինի պողոտայի պրոֆեսորական հսկայական շենքից։ Յուլիան կանացի իդեալ էր թվում նրան։ Վերջինս իր աշակերտուհուն պատմում էր արգելված գրողների մասին, բանաստեղծությունների չհրատարակված կամ շատ հազվադեպ հանդիպող ժողովածուներ էր տալիս, Մարիաննան մոլագարի նման կարդում էր դրանք և անգիր սովորում տողերը, որոնք չկային ո՛չ դպրոցական ծրագրում, ո՛չ էլ համալսարանական։ Ագահաբար յուրացնում էր, մտապահում, սրընթացորեն մեծանում և սկսում հասկանալ, որ իր հայտնի պապը վատ բանաստեղծություններ էր գրում, որոնցում ո՛չ միտք կար, ո՛չ զգացմունք, այլ միայն ճարպկություն, բայց երբ մի անգամ այդ մասին ասաց Յուլիա Նիկոլաևնային, վերջինս տարուբերեց գլուխը․

— Լավ բանաստեղծություններ ունեցել է։ Բայց հետո ինչ-որ բան եղավ նրա հետ։ Շատ դժբախտ է։
— Պա՞պս,— զարմացած հարցրեց Մարիաննան։

«Հետաքրքիր է, հերուհի՞ է նա, թե՞ ոչ», — մտորում էր տան ճանապարհին Մարիաննան, սակայն ամաչում էր հարցնել այդ մասին, ինչպես որ ամաչում էր հարցնել, թե ինչու նման գրավիչ կինն ամուսին և երեխաներ չուներ, արդյոք տխո՞ւր չէր մենակ ապրել հազարավոր գրքերի մեջ, և արդյոք վախենալու չէր այդքան խելացի լինելը։

Համարյա տասնյոթ տարեկանում Մարիաննան գեղեցիկ, ձևավորված աղջիկ էր, սեր էր ուզում, բայց չկար որևէ մեկը, որին կկարողանար սիրել։ Իրեն հավասար չէր համարում ոչ ոքի, տառապում էր, երբեմն թախծում, փորձում էր բանաստեղծություններ գրել և սարսափում էր, թե ինչ էր դրանից դուրս գալիս։

Ձմեռվա վերջ տղա եկավ նրանց խումբ։ Մեծ մոխրագույն աչքեր ուներ, հաղթանդամ էր և ուժեղ, այդպիսի տղաների վերջին անգամ Սիբիրում էր հանդիպել, գուցե հենց դրա համար էլ հավանեց նրան։ Այնքան էլ հմտորեն չէր խոսում, հաճախակի սխալներ էր անում, խմբի աղջիկները թեթևակի ծիծաղում էին նրա վրա, և Մարիաննան նույն վրդովմունքն էր զգում, ինչպես, եթե իր վրա ծիծաղեին։

Գարնանային արձակուրդներին բոլորով գնացին պոդմոսկովյան հանգստյան տուն, և Յուլիա Նիկոլաևնան խնդրեց Մարիաննային մի փոքր պարապել նրա հետ։ Դատարկ սրահում Մարիաննան պատմում էր նրան գրականական տարբեր ժանրերի մասին, իսկ հետո վարագույրի հետևում թաքնվելով՝ այնքան երկար համբուրվեցին, որ հաջորդ օրը Մարիաննայի շրթունքներն այտուցվել էին։ Թքած ուներ՝ կնկատեն մյուս աղջիկները, թե ոչ, բայց այն միտքը, որ Յուլիա Նիկոլաևնան գլխի էր ընկել ամեն ինչի մասին և դիտավորյալ էր խնդրել նրան օգնել Պավլին, տհաճորեն ապշեցրեց նրան։ Մարիաննան սկսեց չշփվել նրա հետ, չուզելով էր պատասխանում նրա հարցերին և առաջինն էր հեռանում դասից։ Իսկ Յուլիա Նիկոլաևնան ամեն ինչ հասկացել էր և չէր նեղանում, Մարիաննային ավելի հեշտ կլիներ, եթե նեղանար։

Գրեթե ողջ ազատ ժամանակը Պավլի հետ էր անցկացնում, հաճախ մենակ էին լինում Լավրուշինսկի խաչմերուկի մեծ, ամայի բնակարանում․ երբեմն գրեթե հագուստ չէր մնում նրանց հագին, բայց հարաբերությունների վերջին սահմանը չէին անցնում։ Մարիաննան գիտեր, որ իր հասակակիցներից շատերն արդեն վաղուց անցել էին այդ սահմանը, առանց ամաչելու պատմում էին իրենց սիրեկանների մասին և հաշիվ էին պահում։ Վերևից էին նայում հրեա առաքինի կույսին, սակայն Մարիաննան զգացում ուներ, որ այն ամենը, ինչ թույլատրված էր նրանց, իր համար անկարելի էր, և նա պետք է իրեն պահպաներ։ Ոչ ոք երբեք չի սովորեցրել այդ ամենը նրան, բայց անկոչ միտքը գլուխ էր բարձրացնում ենթագիտակցության խորքից, Մարիաննան հակառակվում էր դրան, ըմբոստանում էր, ուժասպառ էր լինում այդ պայքարում, տանջվում էր և Պավլին էր տանջում՝ կատաղության հասցնելով թե՛ ինքն իրեն, թե՛ Պավլին, իսկ երբ մենակ էր մնում, անդադար լաց էր լինում և վատ էր քնում։ Համոզված էր, որ Պավլն իր համար ավելի զիջող և հասարակ աղջիկ էր գտնելու, և նախապես վրեժխնդիր էր լինում, այնուհետև խղճում էր, քնքուշ էր դառնում, իսկ հետո նորից սառում էր։ Այդպես շարունակվում էր ողջ պայծառ, տաք հունիսը, երբ գիշերները թափառում էին ամառային Մոսկվայով, խելագարվելու աստիճան համբուրվում էին բակերում և լուսաբացին մոտ նոր վերադառնում էին տուն՝ հոգնած, բայց միմյանցից չհագեցած։

Ընդունելության քննությունների մոտենալուն զուգահեռ մեծանում էր անհանգստությունը։ Մարիաննան թողել էր պարապմունքները․ չէր ուզում տեսնել Յուլիա Նիկոլաևնային՝ իր խորաթափանց, կարեկցական հայացքներով, և խմբի՝ նյարդային, անհանգստությունից խելագարված աղջիկներին, որոնք պնդում էին, որ ոչինչ չգիտեին, և լարված ուշադրությամբ նայում էին ուսուցչուհու աչքերի մեջ՝ անխոս հարցով, թե արդյոք վերջինս չէր կարող օգնել նրանց, արդյոք նախապես չէր ասելու կամ հուշելու, թե ինչ թեմաներով էին լինելու շարադրությունները, թեև Յուլիա Նիկոլաևնան հենց ամենասկզբից ասել էր, որ ոչ մի թեմա չգիտեր, և չէր պատրաստվում որևէ մեկին օգնել․ այդ ամենը Մարիաննան այլևս տեսնել չէր կարողանում։ Պավելը մռայլ էր, բոլորից շատ նա էր վախենում շարադրությունից, և բոլորից վատ էր պատրաստվել դրան, և նրա վհատ տեսքը Մարիաննային ստիպում էր մտածել, որ նա բավականաչափ չէր սիրում վերջինիս և ուղղակի փորձում էր օգտագործել նրան։ Չէր ուզում հավատալ դրան։ Մարիաննան վերհիշում էր նրա ձեռքերը, շուրթերը, և բանականության ձայնը լռում էր։

Քննության նախօրեին նրան զանգեց Յուլիա Նիկոլաևնան։

— Գո՛գոլ վերընթերցիր։ Միայն թե խնդրում եմ, ոչ ոքի ոչինչ չասես։

Առավոտյան հայտարարեցին թեման՝ «Մեռած հոգիներ»։ Մարիաննան գրում էր՝ գրիչը թեթև և արագ սահեցնելով դրոշմված թղթերի վրայով։ Նրա դիմաց՝ երկու սեղան այն կողմ, նստած էր Պավելը։ Տեսնում էր նրա՝ կորացած ուսերով լայն թիկունքը, քրտինքից մգացած թևատակերը, խուզած ծոծրակը, թվում էր, թե զգում էր նրա բույրը, և հոգում ծնվում էր այն նույն տանջալի անհանգստությունը, որի պատճառով ժամանակին լքել էր Սիբիրը։ Աչքերը փակվում էին, հեռանում էր իրականությունից և նորից էր վերապրում նախորդ գիշերը, իսկ հետո վերադառնում էր գրոտված սեղաններով մեծ լսարան, որտեղ արդեն կին էր նստած, այլ ոչ թե աղջնակ։ Եթե ինչ-որ մեկն ասեր, որ իր առաջին սիրային գիշերը պետք է հերթագայեր Չիչիկովի մասին խոսակցություններով, կկարծեր, թե դառը ծաղր էր, գոնե Օնեգինը կամ Պեչորինը, բայց գռեհիկ ռուս խաբեբան ողջ գիշեր կանգնած էր այն մահճի գլխավերևում, որի վրա Մարիաննան կորցրեց հրեական կուսությունը, և վախենում էր, որ ողջ կյանքի ընթացքում ուղեկցելու էր նրան։

Առանց հետ նայելու Պավելը գրում էր՝ սպիտակ թղթին փոխանցելով այն բոլոր խոսքերը, որոնք գիշերը համբույրների միջակայքերում Մարիաննան թելադրել էր նրան, հսկայական լսարանում բացի նրանից գրեթե տղաներ չկային, նա ուշադրություն էր գրավում, ու քննության, բարձրահասակ ասպիրանտների, որոնք կանացի բանտի հսկիչների նման քայլում էին շարքերի միջով և հետևում էին շրջանավարտներին, շրջանավարտների և նրանց անհանգստության ու ջանասիրության հանդեպ զզվանքը նույնքան անտանելի էր, որքան պապի բանաստեղծությունները և նրա հասցեին հնչող կենացները, որքան քրտինքի և հոտազերծիչի հոտը, որքան հոր գռեհիկ խոստովանությունն այն մասին, որ նա ուրիշ ընտանիք ուներ, որքան խելացի Յուլիա Նիկոլաևնայի շուրթերի հազիվ նկատելի ժպիտը, տատիկի ժլատությունը և մոր ողորմելիությունը։ Ինքնամոռաց և ցանկանալով ազատվել այդ գռեհկությունից՝ Մարիաննան ոտքի կանգնեց և արագ, թեթև քայլով դուրս եկավ լսարանից՝ շարադրությունը ձեռքին։ Ամառային զգեստներով երկու ասպիրանտները զարմացած նայում էին նրա հետևից, ինչ-որ բան բղավում և ձեռքերով ինչ-որ բաներ էին ցույց տալիս, իսկ նա ասես խուլուհամր լիներ։ Մարիաննան հետ նայեց, ոչ ոք լսարանից դուրս չեկավ նրա հետևից, միայն մի քանի հարյուր ձանձրացած ծնողներ էին թափառում համալսարանի շուրջը։ Նրանք դեպի Մարիաննան նետվեցին և սկսեցին հարցնել, թե ինչ թեմաներ էին, բայց վերջինս վրդովված հրեց նրանց և արագ-արագ հեռացավ։

Երեկոյան Յուլիա Նիկոլաևնան զանգահարեց նրան։

— Նման բան չէի սպասում քեզանից։ Սովորական կնիկական քմահաճո՜ւյք, — նյարդայնացած ասաց նա։ — Սիրելիի զգացմունքները նման ձևով ստուգելը դաժանություն է։ Կարծում էիր, թե վազելո՞ւ էր հետևիցդ։

Մարիաննան լռում էր։

— Ոչնչով չեմ կարող քեզ օգնել։ Ավելի լավ էր երկուսի գրեիր։
— Ես Ձեր օգնության կարիքը չունեմ,— կամացուկ ասաց Մարիաննան։
— Ասե՞լ էիր նրան թեման։
— Իսկ Դուք իբր չգիտեի՞ք, որ ասելու էի։
— Դա այնքան էլ չօգնեց նրան,— խայթիչ կերպով ասաց Յուլիա Նիկոլաևնան։ — Եթե միայն ես չստուգեի նրա շարադրությունը․․․ Ես կարծում էի, թե դու ավելի խելացի ես։ Եթե ցանկանաս հաջորդ տարի ընդունվել, զանգի՛ր։ Կամ ուղղակի զանգի՛ր։ Միշտ ուրախ կլինեմ լսել քեզ։

— Կինը պոեզիայի նման մի բան է, մի փոքր հիմարավուն պետք է լինի, — ասաց Մարիաննան՝ ինքն իրեն հայելու մեջ նայելով, և երջանիկ ծիծաղեց։ — Իսկ ես մի քիչ հիմար եմ։ Հետո մտածեց, որ Յուլիա Նիկոլաևնան ուղղակի նախանձել էր նրան, որովհետև ինքը երբեք այդպես չէր կարողանա վարվել։ Տեսաբանել, ինչքան ուզես, իսկ հեռանալ՝ երբեք, թեև վաղուցվանից գիտեր, որ պետք էր հեռանալ։ Եվ այդ միտքը այնպիսի երջանկությամբ լցրեց նրա հոգին, որ նույնիսկ Պավելն ինչ-որ տեղ կորավ, և երբ վերջինս երեկոյան զանգեց նրան, (և անկասկած Յուլիա Նիկոլաևնան էր ասել, որպեսզի զանգեր), Մարիաննան սկսեց ծիծաղել և ասաց, որ բաց էր թողնում նրան, ցանկանում էր լավ սովորել, երջանիկ լինել, իսկ աղջիկների հետ՝ ավելի համառ։

— Ի՞նչ, — շփոթված հարցրեց նա։
— Ոչի՛նչ, Պավլուշա, ոչի՛նչ։

Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *